Արամ Պաչյան | Աբովի դանակը՝ ապագայի բկին

 

Երևան, 6 հունիսի, 1922 թ., «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրվում է երեքի հռչակավոր դեկլարացիան. անցյալի ու նոր բանարվեստի ճակատին` տողեր-կրակոցները.

«Մենք հանդես ենք գալիս որպես ախտահանողներ։

Մենք բերում ենք մեզ հետ մաքուր օդ եւ երկաթե առողջություն։

Քաղքենի նացիոնալիզմին մենք հակադրում ենք պրոլետարական ինտերնացիոնալիզմը։

«Անբիծ սիրուն» մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազդը։

Մեզ համար «Անապատներ» դարձել են բազմաժխոր քաղաքներ:

…Այդ նպատակներին հասնելու համար բանաստեղծության մեջ պետք է կիրառել՝

1) Ռիթմը որպես շարժում.

2) Պատկերը (образ) որպես կենցաղի բնորոշում.

3) Ոճը եւ լեզուն որպես նյութի եւ խառնվածքի արտահայտություն…

Հեղինակներ՝ Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով:

Հայ գրականությունը, այսպես ասած, ուշքի բերելու, զարթեցնելու ֆուտուրիստասեր այս փորձի երկու հեղինակները մշտապես կապվում են Չարենցի անվանը: Պատճառները հայտնի են: Վշտունին և Աբովը դատապարտված են գոյության բացակայությամբ: Անշուշտ, Չարենցի ողբերգական ճակատագիրը կաշկանդում է նրանց, հեգնելով տապալում անցյալում ու գալիքում՝ «…բանաստեղծ լինելու, բանաստեղծ փորձվելու հնարավորությունը»:

Այսօր էլ կուլիսային, արտակուլիսային զրույցներում՝ Վշտունին, Աբովը, այլոք, դեռևս …այդ մութ ուրիշներն են, հայ գրականության բեկումնային օրերին` ստալինականի ջատագովնները – կործանման հեսանաքարին այդ դանակ սրողները:

Աբովը ծնվել է 1897 թվականին, Թիֆլիսում, սովորել է Ներսիսյան դպրոցում, ղեկավարել է Երևանի առաջին պետական թատրոն, մի շրջան՝ Մատենադարանը: Գրել է բանաստեղծություններ, ակնարկներ, մենագրություններ: Վախճանվել է 1965-ին։

«Դանակը բկին» բանաստեղծական գիրքը լույս է տեսել Մոսկվայում՝ 1923 թվականին, շապիկը ձևավորել է ականավոր ճարտարապետ՝ Միքայել Մազմանյանը:

«Դանակի…»  բովանդակությունը, ասես պոեմ է՝ կոտորակված բառ-ակնարկներով.

                                   Մեկնիչ

                                   Ոմանց

                                   Իմաստը

                                   Տերյանին

                                   Ինքս

                                   Հակադրություն

                                   Յերեկ

                                   Պլակատ

                                   Եգուց

                                Վերջ առաջին մասի

Այս շարանը վայրկենապես պարզում է Աբովի նոր, ֆուտուրիստական բանաստեղծության խաղաոճը: Գրքի մեկնարկում Աբովն անմիջապես մերժում է Տերյանին, նրա` վճիտացող հայերենի բանաստեղծականը – և մերժմամբ – մերժման լեզվով՝ սահմանում իրենը: Աբովը Տերյանի՝ «ցնորքների դիցուհուն», «աստեղային քրոջը» հակադրում է՝ 1919-ին տպագրած իր «Միայն կինը», որ՝ «…կենդանի ու մի շնչող գոյություն» է: Հակատերյանական իր մուտքում Աբովը գրում է`

«Այս հանդգնութինը հայ մեշչանի համար անտանելի եր, ուստի նա «Միայն կինը» ցուցակեց «պոռնոգրաֆիա» բառով: Իսկ այդ «պոռնոգրաֆիան» Տերյանի ստատիկ ու ածականներով մշուշվող լեզվին հակադրեց կոնկրետ յեվ չոր լեզու, բերեց հատու ռիթմ, մեր բանաստեղծութեանը տւեց կենդանի խոսակցական տեմպ, վոչնչացրեց համարեա բոլոր ածականները, բանաստեղծությունը բացառապես կառուցեց բայերով ու գոյականներով, բանաստեղծութեան մեջ մտցրեց ոտար ու հայ խոսակցական բառեր, մեր եստետներին մեծ դժգոհութիւն պատճառեց իր «վոչ բանաստեղծական ֆորմայով»»:

Այսպես, ուրեմն՝ իմաստների ու թախիծների աշխարհը, լեզվի տերյականական ցնորքը. Տերյանի՝ իրականության ու լեզվի ծուռ հայելուն պարտադրած անաղարտությունը՝ տրոհվելու է Աբովի որդեգրած բանաստեղծական մի նոր սկզբունքի մեջ. դրա վայրի ջրերում.

Աբովն եր՝ ով եր,

Վոր ձեզ հերքեց-

յերգեց գռ-

ռաք,

կռ-

ռակ:

Տասնիննը թվին եր դեռ՝

տպեց իր «կինը»

Բերում եր ռումբ ու պրոպե՛լլեր,

Բերում եր գռռաք, կռռակ,

Բերում եր

«գ»-եր,

«կ»- եր

«կիներ», «կոնք» ու կառք։

 

 

Գրիգոր Պըլտեանի «Հայկական ֆուտուրիզմ» գրքից՝

«Աբով, ինչպես Չարենց, ինչպես քիչ մը անդին Վշտունի, լեզուի հնչիւնային եզրը կը դարձնեն ցայտուն, շնորհիւ գրեթե միայն բաղաձայնոյթներու (Աբովի մօտ կատակի աստիճանին կը հասնին ռ-երը, գ-երը, ճ-երը, շչները) կամ մօտիկ յանգերու առատ գործածութեան, ռիթմային միաւորներու կտրատումներուն: Նոյն ատեն՝ պատգամ մը հաղորդելու տենչը տողերը կը վերածէ ռեկլամներու, որոնք նոյնքան յաջող չեն որքան Մոսսլպրոմին համար գրած Մայակովսկիի յայտերը (այլ հարց՝ որ այդ պատգամը ինքն իր պատգամն է շատ յաճախ): Այլ խոսքով Աբովը անկարող է հաշտեցնելու երկու եզրերը, որոնք կարծէք կը կենակցին առանձին-առանձին» (էջ 368-369):

Մի պահ, եթե վերացարկվենք Աբովի հակատերյանական մանիֆեստից. առհասարակ դրա բնույթից, կտեսնենք – որ նրա պոետական առաջին ու մնացյալ տողերը պարզապես հումորեսկներ են. մի տեսակ տոքսիկ շուլուխներ –  փողոցին, քուչեքին հատուկ, բանաստեղծական պառնասի պարիսպների ետևում բնակվող դեռահասի բոցեր:

Միայն, երբ հիշում ենք Աբովի ձևակերպած սկզբունքները` հանկարծ հումորն ու զվարճախաղը գնալով ուժատվում են, թվում՝ նոր բանաստեղծության կեսճամփին ջարդուխուրդ եղած միավորներ:

Բայց կա դանակը, որ իջնում է Տերյանի բկին.

Հիշում եմ-

Տերյան ծերուկը

իր ժանգոտ ծիծն եր

տալիս՝

ծծեք դուք

Առաջին պոետն եմ հայ

վոր հանգը,

վանկը

փոխեցի ռիթմի

Խրոխտ պոետ եմ՝

ռիթմը

փոխել եմ ռումբի:

Ու դանակահարությունը շարունակվում է.

Թող կռվեմ քո դեմ՝

ովքեր պաշտել են քեզ,

իսկ ինձ համար

դու մի

պատմական արժեք ես

Վազում են փողոցում

սունկեր սեվապիջակ-

այս մռռուն իրերի մեջ

ինչի՞ն կպչեր աչքդ,

վոր չճչար:

 

Որպես օծյալ ասպետ, ով նետը դրել, մեկեն ռումբն է վերցրել. ինքն իրեն Դանտե հռչակած Աբովը՝ մի քանի րոպեանոց գրքում, ասես ջանում է տեղավորել ահեղ դարափոխի, նոր աշխարհի, հետևաբար ուրիշ բանաստեղծության կարոտ, այլ կարիքներ ունեցող նոր մարդկանց լարումները – ամբողջը: Եվ ողջունվում են, փառքով պսակվում՝ էլեկտրականությունը, քաղաքը, երկաթը, գիտությունը, կինը.

– Հիմի

ամեն մի կին

մի գին ունի:

– Կարո՞ղ ես

իր բկին

սղմիր դեղին գինի:

– Կարո՞ղ ե,

Թող երգի մաժոր-

Խոշոր բացի աչքերն իր:

– Յեղել ե,

Կա,

Ու կլինի

վոսկին՝ ծիծաղը կնոջ:

Աբովը գուցե նաև բանաստեղծ-ապագայագետը՝ «Դանակը բկին» գրքի «Եգուց» բաժնում դիմում է մի գիտնականի՝ կլոնավորման խնդրանքով.

Ռադիո հայտարարություններ

(Պրոֆեսսորը սարքում ե մարդիկ նո՛ւյնպես,

Ինչպես հավաբույծը՝ հավ)

– Բալտիկ ծովի մոտ

Գոտ

Պրոֆեսսորը

Այսոր սարքեց մի քննարան:

– Նրան տարեք ձեր սերմը

– Առեք պրոֆեսսոր սերմս,

պատրաստեք շտապ:

Վստահ եմ կխառնեք

ամենալավ ձվին-

ուզում եմ, վոր լինի

ջլաբազուկ վորդի.

թե վոր գտաք

անպետք ե՝

դեն ձգեք:

Ուրիշները

– Պրոֆեսսոր, վո՛տքս փոխեք:

– Պրոֆեսսոր, սի՛րտս փոխեք:

– Կտրեք իմ գլուխը պրոֆեսսոր,

– Դրեք մի ուրիշը:

Դոլի կլոնավորված ոչխարը, հավանաբար, ժամանակակից գիտության ակնառու նվաճումներից է – առջևում՝ մարդն է:

Կլոնավորվելու, փոխակերպվելու «երազանքով» վառվող Աբովի այս միակ, կենսաշունչ բանաստեղծության հույսը՝ գիտությունն է, որը կյանքի է կոչելու գրողի փափագը` հեղեղի պես սրբել-տանելով վերջին գործի հուշը ու ժամանակների բովում վերջին գործի հրամայականը: Եվ որպեսզի թրծվի գրականության կավը՝ պիտի կրակին տալ ճորտացնող անցյալը, պատմության կանոնը, գրարվեստում խնկարկվող աստվածների դիցարանը, Արտեմիսի անեծքը – այնուհետև հայելու համար կավից շրջանակ պատրաստել, խիզախորեն նայել հայելու մեջ և որպես սոսկ միջոց`տեսնել գալիք-անցյալի նույն, աներեր հայացքը, և հայելու մեջ ուսումնասիրել վերադարձնողին – իրեն:

Բայց դեռ կա դանակի վերջին հարվածը.  հանկարծ` տերյանական թախիծով՝

Որերը նույնպես ենք թերթել,

ինչպես դուք՝ Հովնաթան, Քուչակ-

մեր գիրքը կեանքն եր աղմկոտ,

մեր տունը պլոշչադն ու քուչան։

 

 Շնորհալություն Գրականության և արվեստի պատմության թանգարանին՝ լուսանկարներ տրամադրելու համար:
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *