Երբ կարիճի շուրջը կրակե շրջանակ ես գծում, խուճապի չի մատնվում, անմիջապես բարձրացնում է երկարուկ պոչն ու խայթում ինքն իրեն, մարդկային լեզվով ասած՝ ինքնասպան լինում: Բարեբախտաբար, լինում են բացառություններ, երբ կրակի լեզվակը հպվելով սառն ու խոնավ խոտի խորթ մակերեսին, նահանջում է ու ճանապարհ հարթում բնության պատվիրանները մերժած կարիճի համար, որի պոչն այս անգամ, չգիտես ինչու բարձրացել, բայց մի պահ կարկամել ու քարացել է գլխավերևում: Այնպես որ պետք չէ հուսահատվել, որքան էլ շրջափակված լինես անգութ թշնամու զորքերով, առանց մի նշույլ փրկության հույսի: Գուցե անձրև կգա ու կսրբի կտանի այն ամենը, ինչը սպառնում է կտրել հրաշալիորեն ձգվող ու երկարող թելը, որի վրա արդեն քանի տարի թռվռում են պատերազմի անտեսանելի լարախաղացները: Մի պահ ոտքդ կախ գցիր, գուցե անձրևից հետո արև դուրս կգա, ծիածան կկամարվի ու դու, շլացուցիչ գույներից կուրանալով կկկոցես աչքերդ, փորձելով բնության պարգևած ակնթարթի մեջ գեթ մի իմաստ որսալ: Պետք չէ տանջվել ու ամեն երազի մեջ իմաստ փնտրել, ուղղակի կոպերդ բաց:
– Բեգո, աչքերդ լավ բաց, դու քաղաքում ես, վերադարձել ես կռվից, ողջ-առողջ,- հռհռում ենք ես ու ընկերս՝ Մրոն, որ հարբած գնացել ենք Բեգոյին տեսակցության, իբր պատերազմից վերադառնալու առթիվ:
Բեգոն բացում է աչքերը, վախեցած զննում սև վերարկուներով ու գլխարկներով պարուրված, իր գլխին կանգնած ու բերանները մինչև ականջները բացած ընկերների արտասովոր կերպարանքը ու նորից խուփ անում, այնպես պինդ է խուփ անում, ասես ինչ-որ մեկը փորձելու է ուժով բացել դրանք: Ես ու Մրոն ավելի բարձր ենք հռհռում, երևի բնազդաբար ուրախանալով, որ մեր ընկերը հաղթել է թշնամուն ու ողջ-առողջ վերադարձել պատերազմից: Եթե հարբած չլինեինք ու բնազդաբար չզգայինք այդ հասարակ բանը, երբեք չէինք գտնի Բեգոյենց տունը, հաջորդ օրն էլ գլուխ չէինք կոտրի հանելուկը լուծելու համար: Ու քանի որ մենք ընտրել էինք Բեգոյենց տուն գնալու մի ճանապարհ, որն անցնում էր գերեզմանատան միջով ու հարցուփորձ արված շիրմաքարերն էլ բարեբախտաբար չէին ճանաչել Բեգոյին, ստիպված էինք լինելու զոռ տալ մեր երևակայությանը: Եթե Մրոն չասեր, որ մի անգամ լսել է, թե որ կողմերում է ապրում Բեգոն, ես էլ չենթադրեի, որ երևի այդ կողմերի բարձրահարկերում է ապրում, Մրոն էլ, համադրելով բարձրահարկերի ճարտարապետական ավանդույթները Բեգոյենց ընտանեկան կազմի ու կարգավիճակի հետ, զարմանահրաշ ձևով չգուշակեր հարկը, դժվար թե գնայինք ու առաջին փորձից թակեինք ճիշտ դուռը: Հայրն էլ դժվար թե մեզ ուղեկցեր ննջասենյակ ու ցույց տար քառասունյոթ համարի զինվորական սապոգները հագին քնած մեր ընկերոջը: Բեգոն չի ցնդել, կոնտուզիա չի ստացել, ու միանգամայն իրավունք ունի չհավատալու, որ գլխին կանգնած ու սև վերարկուներով ու գլխարկներով պարուրված ընկերները, որ հռհռում են իր ողջ ու առողջ վերադառնալու առիթով, իրականություն չեն, պարզապես արկերի հարատև պայթյունների հետևանքով մթագնած մտքի սևեռումներ են, բժշկական ախտորոշմամբ՝ հալյուցինացիաներ:
– Բեգո, աչքերդ նորից բաց, սապոգներդ էլ հանի, ոչ ոք չի պատրաստվում գողանալ,- արդեն ոչ թե հռհռում, այլ ղժժում ենք մենք:
– Եթե ութերորդ դասարանից հանեին-տանեին տեխնիկում, ոտքն այսքան չէր մեծանա, ու փորձանք չէր բերի գլխին,- քանդվում ենք մենք:
Հայրն ասաց, որ վերադարձել է քննություններ հանձնելու համար ու առանց սապոգները հանելու գնացել ննջարան, ասես արդարացնելով որդու արարքը: Վերադարձել է իր իսկ կամքով, կհանձնի քննությունները ու նորից կմեկնի: Իսկ պատերազմ Բեգոն գնաց մեր մեղքով, ավելի ճիշտ՝ երեխան չդիմացավ կատակին, ինչպես ասում են: Բանն այն է, որ այն տարիներին քառասունյոթ համարի կոշիկ դժվար էր ճարվում, նույնիսկ հսկաների խանութում տակից էին վաճառում: Մեկ տարի առաջ ընկերներով Բեգոյի հետ մի քանի օր շարունակ խանութից-խանութ դեգերելուց հետո վերջապես ճարել էինք նարնջագույն կոշիկները, որ գնեցինք նույնիսկ առանց փորձելու, քանի որ միակ քառասունյոթ համարի կոշիկն էր ամբողջ հանրապետությունում: Այդ կոշիկները զվարճասեր ուսանողության սուր աչքից չվրիպեցին ու անմիջապես որակավորվեցին որպես «գազարի կաշվից կոշիկներ»՝ դառնալով ծաղրուծանակի երևակայական սահմանները չափչփելու մի յուրօրինակ փորձաքար ու Բեգոյին մշտապես պահելով ծաղրածուի վերածվելու դառը հեռանկարի դեմ հանդիման: Ծաղրածուի ուրվականը օդում կախված էլ կմնար, եթե մի օր սահման մեկնող ջոկատների հետ կապեր ունեցող աչքաբաց տղաներից մեկը քմծիծաղը հազիվ զսպելով չիրազեկեր, որ ստացել են քառասունյոթ համարի զինվորական կոշիկներ ու իբր մարդ են փնտրում, որ այդ կոշիկները հագցնեն: Այս լուրը լրիվ ալեկոծել էր Բեգոյի հոգին, այնպես էր ալեկոծել, որ անվերադարձ մի կողմ էր շպրտել գազարագույն կոշիկները ու հաջորդ օրն իսկ մեկնել ճակատ: «Նախախնամություն է»,- ասել էր։
– Չի կարող պատահել, որ կոշիկների դարդից մարդ մեկնի պատերազմ, կոշիկը պարզապես պատրվակ է եղել իր հայրենաբաղձական թաքցրած նկրտումները վերջապես կյանքի կոչելու համար,- սա էր ուսանողական խորհրդի քննարկումների արդյունքում գերիշխող կարծիքի կարգավիճակ ստացած վերջնական եզրակացությունը:
– Ես կասեի՝ ծավալապաշտական նկրտումները, – կջրիկանա կատակասեր ուսանողներյց մեկը,-որ պատեհ, անպատեհ նմանակում էր դիվանագիտության պատմության դասախոսին:
Ինչևէ, կոշիկը պատրվակ էր, թե պատրվակ չէր, թողնում ենք Բեգոյի խղճին: Ամեն դեպքում, գիշերային խորհրդավոր այցի հաջորդ օրը Բեգոն պատմել է հորը տարօրինակ երազի ու սև սքեմներով ու վեղարներով իրեն այցելած ու ծաղրուծանակի ենթարկած ընկերների մասին, հայրն էլ ինչ-ինչ մտավախությամբ չի բացել գաղտնիքը: Նման բաները ավելի լավ է գաղտնի պահել, երեխային հոգեբանական ապրումներից զերծ պահելու համար: Ես ու Մրոն էլ համակարծիք ենք այդ տեսակետին: Թող Բեգոն ոգևորությամբ մեզ պատմի երազի մասին, մենք էլ կթփթփացնենք ուսին ու կասենք «կարևորը ողջ ես մնացել ախպեր ջան, մի քիչ էլ թող երազում ընկերներդ ծիծաղեն վրադ ու հետո քիչ ավելի լկտիանալով կավելացնենք, թե՝ այնքան տուն չես հրավիրում, որ ստիպված երազում ենք գալիս ուխտագնացության, այն էլ սքեմներով ու վեղարներով»:
– Չէիք ծիծաղում էէէէ, ղժժում էիք, ղժժում,- ուղղում է Բեգոն:
– Եկել էինք հոգեդարձ անելու,- կասենք մենք,- թե չէ՝ գնում էիր։
Պատմում էին, որ շրջափակման մեջ հայտնված Բեգոն մենակ չի եղել, հետը եղել են Աշոտն ու Լորիսը, երկուսն էլ պատերազմում հայտնված, մեղմ ասած, տարօրինակ հանգամանքների բերումով: Ասում են, Լորիսը իրենց գյուղում փայտ կոտրատելիս կացինով վնասել է ոտքը, հետո այն վիրակապած եկել համալսարան քննություն հանձնելու ու դասախոսի հարցին ի պատասխան բերանից թռցրել է, թե թշնամու գնդակն է փշրել կոճը: Դե գիտեք, ճարահատյալ դասախոսը ինչպես պետք է տարբերակի կացնի ու հրացանի հասցրած վերքերի նրբերանգները, ուղղակի որոշել է վերքի վրա աղ չցանել ու նշանակել է բաղձալի գնահատականը՝ «կարևորը սահմանները ամուր լինեն»: Ասում են, որ Լորիսը այս դեպքից հետո կորցրել է քունն ու դադարը, խիղճը այնպես է տանջել, որ վերքը հազիվ ապաքինված էլ երկար-բարակ չի մտածել, առավոտյան ներկայացել է կամավորականների միություն ու մեկնել սահման, չգիտես ինչու հետը վերցնելով նաև չարաբաստիկ կացինը:
Լրիվ այլ է եղել Աշոտի բանը: Նա աշխատելիս է եղել խմբագրությունում, որպես համակարգչային մասնագետ, երբ մի օր տեղի է ունեցել շրջադարձային դեպքը. խմբագրությունում է վայրեջք կատարել հերթական ավարը: Խմբագրության աշխատակազմն ավարի մասին լուրը սկզբում ընդունել է հանգիստ, առանց էական հույզերի: Առաջին անգամ հո չէր, միշտ էլ ինչ-որ մեկը պատերազմի դաշտից կամ ավելի հեռուներից ինչ-որ բան ուղարկում էր: Տարբեր բաներ էին գալիս՝ ամեն-չաման, գորգ-մորգ, խանչալ-մանչալ, նույնիսկ չորացրած հացից հունցած թզբեհներ: Բայց այս անգամ ուրիշ էր. հարյուր լիտրանոց սպիրտի տակառը ատոմային ռումբի նման պայթել էր խմբագրության ամենամեծ սենյակում ու ակնթարթորեն վերածվել մի փեթակի, որի վրա անմիջապես հավաքվել էին շրջակա խմբագրությունների բոլոր ժրաջան մեղուները: Այդ կողմերում բնակվող մարդիկ պատմում են, որ մեղուների բզզոցը յոթ օր ու գիշեր չի դադարել, ու հազիվ թե երբևէ դադարեր, եթե հնարամիտ խմբագիրը իրադրությունը փրկելու նպատակով սուտ չխոսեր ու բոլորին չավետեր, թե վերևից հրաման են իջեցրել խմբագրությունից երեք հոգի ընտրելու ու սահման գործուղելու վերաբերյալ, կամավոր սկզբունքով, իհարկե: Մտածելու համար բաշխված մեկ օրը բավական է եղել փեթակը ցամաքեցնելու համար, հատկապես հեռու են չքվել առ հայրենիքի տածած անսահման սիրո մասին առավել ժրաջանորեն բզզացող մեղուները: Առավոտյան էլ պարզվել է, որ գլուխը համակարգչի էկրանից դուրս չհանող ու պարապ ժամերին էլ շարիկ գլորող այն ակնոցավոր երկիտասարդը միակ կամավորն է: Խմբագիրը որքան էլ փորձել է համոզել Աշոտին, որ կատակ է արել, որ նման մասնագետները փողոցում թափված չեն, որ տանը մնացած նորածին տղային ում հույսին է թողնելու և նման այլ բաներ, մեկ է՝ ակնոցավոր երիտասարդը անդրդվելի է մնացել: Խմբագրությունը խմբագրություն, հայրենիքը՝ հայրենիք, ձեր սուտը ձեզ լինի, ինձ իմ ճիշտն է պետք: Ասել ու հենց խմբագրությունից սլացել է սահման, ծանրանալով անակնկալի եկած խմբագրի խղճին։
Ճակատագրապաշտերն հավաստիացնում են, որ դիպվածը լոկ Աստծո կողմից մտածված միջոց է ճակատագիրը կերտելու համար։ Ամեն դեպքում, մեկն իր կոշիկի, երկրորդն իր կացինի, երրորդն էլ իր հնարամիտ խմբագրի ձեռը կրակն ընկած էս տղերքը հայտնվում են թշնամու ծուղակում, առանց փրկության մի նշույլ հույսի:
– Մինչև առավոտ մեզ անխուսափելիորեն կհայտնաբերեն,- ասել էր Բեգոն, -այնպես որ եկեք անկեղծանանք ու պատմենք, թե ինչպես հայտնվեցինք այս անտեր պատերազմում, գուցե մեզանից մեկը պատահմամբ կենդանի մնա ու պատմի ճշմարտությունը։
Տղերքին թողնեմ ճշմարտության փնտրտուքի կես ճամփին ու ընկնեմ հիշողողությունների գիրկը։ Առավոտյան բացեմ աչքերս ու խումհարը հաղթահարելու յուրօրինակ ճանապարհ մոգոնեմ, այդպես էլ չկողմնորոշվելով՝ գնալ թե՞րթ առնելու, թե՞ հաց: Երկուսն էլ հավասարաչափ կարևոր են, երկուսի համար էլ անծայրածիր հերթ է գոյանում։ Զարմանալին այն է, որ հացի հերթում մարդիկ համեմատաբար հանգիստ են, կլինի՝ կուտենք, չի լինի՝ չենք ուտի: Այլ է թերթի բանը: Եթե չիմանաս, թե ինչ է կատարվում քո երկրի սահմանին, ամբողջ օրը կմատնվես հոգեկան տվայտանքների, այնքան՝ մինչև լրիվ կհյուծվես, հոգու կորովը կլքի քեզ ու կգնաս խմելու կամ հիվանդանոց: Խումհարի մեջ կառկայծի մի միտք, թե կարելի էր հացը փաթեթավորել թերթով ու բաժանել կամ վաճառել ժողովրդին, համ կուտեին, համ էլ կկարդային: Բայց կհասկանաս, որ միտքը մեզ համար չէ, այդ դեպքում կյանքը, կամ ինչպես ասում են՝ ծառայությունը մեղր կթվա, ինչը չի համապատասխանի չարամիտ իշխանությունների ազգային ծրագրերին։
– Քսաներորդ դար, գիպս, ահա վարչապետի ծաղրանկարը, – կասի բաղձալի նպատակին հասած ու իր բաժին հոգևոր հացը ճանկած աշխույժ մարդուկը և նկարը ցույց տալով մյուսներին ցինիկաբար կհռհռա:
– Ինձ տվեք Ազգ, Երկիր և Հանրապետություն, -կգոռա մի սառցակալած տղամարդ։
– Ոչ Ազգ կա, ոչ Երկիր, ոչ էլ Հանրապետություն,- իբր կսրամտի կրպակավաճառը,- ամենը լափել են, մազութի հետ։ Միայն Երազահան կարող եմ առաջարկել։ Բայց երեկ երկուշաբթի էր, երազն էլ՝ սուտ, այնպես որ դա էլ չի օգնի։
Եթե երեկ երկուշաբթի էր, ու երազն էլ սուտ, մոռացիր երազը ու գնա հացի հերթ կանգնելու, գուցե այնտեղ բախտդ բերի։ Հացի հերթը կպատկերանա որպես դեպի երկնային դատաստանի դուռը ձգվող մարդկանց շարան, թե հացը հասնի՝ կգնաս դրախտ, թե չհասնի՝ դժոխք: Կամ հակառակը՝ եթե պիտի դրախտ գնաս, հացը կհասնի, այլապես կմնաս դատարկաձեռն։ Հերթի մեջ կանգնած մարդիկ մեկմեկու կպատմեն սեփական դարդն ու ցավը, առավել թշվառները կարեկցանք կհայցեն, ուժեղները կոգեշնչեն տկարներին: Թերթերն էլ համարյա ամեն օր կգրեն նույն բանը․ գնդակոծվել է հարավ-արևելյան սահմանի այսինչ կամ այնինչ գյուղը, ու եթե հավատանք թերթերին՝ այդ այսինչ կամ այնինչ գյուղը պետք է վաղուց գետնի տակ անցած լիներ, իսկ թշնամու այսինչ կամ այնինչ կրակակետն էլ՝ վաղուց լռեցված, լրագրային բառապաշարով ասած։
Երևի գլխի ընկաք, որ Հաղթանակի տարիներն էին, որ ժողովրդի կողմից անվանվեցին ցուրտումութ տարիներ: Գուցե հարյուր կամ հազար տարի հետո այդ տարիները վերագտնեն իրենց անունը, գուցե ոչ: Համենայնդեպս ցրտի ու մթի մասին գրելու բան չի մնա, ու երբ գրելու բան չմնա, հավանաբար մի օր, երբ բոլորը կուշտ կլինեն ու երջանիկ, այդ անունը կխորթանա մարդկանց ունկերին: Ու երբ խորթանա, կսկսեն գրել Հաղթանակի մասին։ Կգրեն բոլորը, ահել ու ջահել, ուժեղ և թույլ, հիվանդ ու առողջ, մի խոսքով հաղթանակի դափնիներին տեր կանգնելու մորմոքով համակված բոլոր գրողները, գրչակներն ու գրագրերը: Ամեն դեպքում, մեր հաղթանակն է ու այդ մասին պետք է գրել հեքիաթի նման, ով էլ որ գրի:
Եվ այսպես, լինում են չեն լինում մութ ու ցուրտ տարիներ են լինում: Այդ մութ ու ցուրտ տարիները հենց այնպես, օդի մեջ չեն լինում, այլ լինում են աշխարհի ծայրին ծվարած մի երկրի շուրջը, եթե ժամանակն ընդհանրապես կարող է փաթաթվել աշխարհագրորեն սահմանված ինչ-որ տարածքի շուրջը: Այդ աշխարհի ծայրին ծվարած երկրում պատերազմ է սկսվում, ու մարդիկ գնում են իրենց երազի հետևից․․․
– Այ ջահել, հերիք է երազես, ինչ գործ ունես քաղաքում, երբ պատերազմ է,- կասի զինկոմիսարիատի ներկայացուցիչը և կհրավիրի ինձ ավտոմեքենան,- չե՞ս լսել, եռամսյա հավաքներ են:
– Այդ ու՞ր եք տանում երեխաներին,- կգոռա մի կին, -իսկական Երազը հենց ձեր մեքենան է։
– Տասնչորսամյա մի տղա անցել է թշնամու թիկունք, պայթեցրել թշնամուն ու բերել տանկը,- կասի զինկոմիսարիատի ներկայացուցիչը:
– Տասնչորսամյա տղան իր տանն է, ու տանկը բերելը սենյակից մեկ այլ սենյակ տանելու պես մի բան է,- կասի մեկ ուրիշը:
– Մի կին, որ հինգ տղա էր կորցրել, հեռուստատեսությամբ պնդում էր, որ եթե վեցերորդ տղան ունենար, նրան էլ կճանապարհեր կռվելու ու թերևս զոհվելու հայրենիքի համար, գոնե այդ կնոջից ամաչեք,- կասի զինկոմիսարիատի ներկայացուցիչը:
Ես կտեղափոխվեմ զինկոմիսարիատի հեղձուցիչ սենյակը ու կսպասեմ իմ հերթին: Եթե ցույց տամ գրպանումս պահած ուսանողական տոմսը, կազատվեմ եռամսյա հավաքներից ու կարող եմ հանգիստ սեր բացատրել մեր ժողովրդի պատմության դասը իր պապիկի հետ սերտած ու քննության ժամանակ սրտիս խորքը թափանցած աղջկան։ Իսկ ի՞նչ կասեն հինգ տղա կորցրած կինը, թշնամու թիկունքում տանկ գրաված տասնչորսամյա տղան։ Իսկ ի՞նչ պիտի անեմ, եթե աղջիկն էլ ինձ չների տոմսը ցույց տալու համար։
– Ինձ տարեք այն գյուղը, որն ամեն օր ռմբակոծում են, – կգոռամ ես:
Պատերազմը ամեն տեղ պատերազմ է, ու ամեն մի պատերազմի ժամանակ էլ եղել է դեպք, երբ երեք ընկեր հայտնվել են շրջափակման մեջ ու մինչև մեռնելը ստիպված են եղել մտքում, թե բարձրաձայն մտածել ճշմարտության մասին։ Պետք չէ ամեն երազի մեջ ճշմարտություն փնտրել, մանավանդ, ասում են, կարիճի պատմությունը սուտ է, սխալ մեկնաբանության հետևանք: Այդ վարկածի ջատագովները պնդում են, որ ինքնասպանություն գործելու համար հարկավոր է խելք, հետևանքները գնահատելու գիտակցություն, այնինչ կենդանիների մոտ առկա է միայն ինքնապահպանության բնազդ, ուրիշ ոչինչ: Գիտականորեն ապացուցում են նաև, որ կարիճի զրահը անխոցելի է, նույնիսկ իր իսկ պոչուկի հանդիման։
Չգիտենք ինչպես է պատահել, Լորիսի պատերազմ տարած կացինն է վերջին պահին պետք եկել, Աշոտի համակարգչային խաղերից մնացած հնարանքը, Բեգոյի քառասունյոթ համարի սապոգը, թե՞ մենք ենք մեր ծիծաղով տղերքին հոգեդարձ արել։ Առեղծվածը մնում է չբացահայտված։ Գուցե ուսանողական տոմսը գրպանում պահած երիտասարդն է վերջին պահին հասել օգնության։ Համենայնդեպս, ծուղակը ճեղքված է: Պատերազմի անտեսանելի լարախաղացներն ինչքան ուզում են թող թռվռան հրաշալիորեն ձգվող ու երկարող թելի վրա, այսպես, թե այնպես, վերջում ցած են իջնելու։ Մեղուներն էլ կարող են հանգիստ բզզալ խմբագրությունում:
Մոռացիր երազը, ուղղակի աչքերդ բաց․
– Բեգո ջան, արի գնանք խմելու, բան պիտի ասեմ. ամեն երազ չէ, որ երազ է: