Նավահանգիստը մրափում էր սովորական կյանքով: Ծովային փարոսը երեկոյան թույլ առկայծումներ էր տալիս, երեխաները հորանջում էին քնի պակասից: Օրվա ավարտին կամրջաձև ամբարձիչները կանգ էին առնում: Ծովափը դատարկվում էր, լսվում էին ալիքների խելակորույս աղաղակները: Մթնշաղին աղջիկը նստում էր ալեբեկիչ քարերից մեկի վրա ու ոտնաթաթերով խաղում ալիքների հետ:
Հանկարծակի մի ալիք պայթեց ծովափին, ու ծովի հատակից դուրս նետվեցին մեռյալների հոգիները, որ թանձր ստվերների նման ավազի վրա թավալգլոր էին գալիս ու նետվում դեպի ափամերձ բնակավայրը: Նրանցից ամենաճարպիկը մագլցում է մոտակա էլեկտրասյան վրա ու անջատում հոսանքը: Նավահանգիստը թաղվում է մթության մեջ:
Մարդիկ միմյանց էին շշնջում հին մոռացված զրույցը՝ խորտակվելու վախից նավերը լքել են նավահանգիստը: Այստեղ բնակվող ամեն սերունդ կյանքում մեկ անգամ ականատես է լինում իններորդ ալիքի ցասմանը՝ երջանկության որոնումներում հատվելով մահվան հետ: Իսկ նավը խորտակվել է մթության մեջ, ու նավաբեկյալների հոգիները մինչ այժմ չեն գտնում իրենց անդորրը ծովի հատակում:
Իններորդը՝ մոլեգին ալիքը, խորտակել էր նավը ու պատժել խրախճասեր նավաբեկյալներին. նրանք պարում էին. խելահեղ շարժումները մերկացնում էին կանանց ազդրերը: Կոնքերի անընդմեջ ճոճքից հետո գրկախառնվում էին՝ ծիծաղը խեղդելով շամպայնի փրփուրի մեջ: Բարձրակրունկ կոշիկները քերծում էին ներկված հատակը: Քրտնած կանայք դուրս էին գալիս, ցողվում օծանելիքով ու կրկին ներխուժում պարահրապարակ: Պարի ավարտին ուժասպառ զույգերը փլվում էին աթոռին: Արևելք շարժվող նավի ուղևորները կառչել էին հույսի կայմից, հնչում էր ջութակի մաղձոտ մեղեդին, կարծես խրախուսելով նրանց, ովքեր հաշտվել էին կործանման մտքի հետ:
Տե՛ս, հայրի՛կ, ալիքը խենթացել է այն աղջկա պես, որ քայլում է դեպի ավազուտը՝ գտնելու կորսված ժամանակը: Ալիքների աղաղակներից հայրիկը բռնում է գլուխը, ինքն իրեն ասում՝ մենք բոլորս գնալու ենք, ու դու մնալու ես մենակ՝ վախենալով բացել խելակորույս ալիքի մինչ օրս չփշրած պատուհանը:
Երեխաների մուտքն արգելվո˚ւմ է, հարցնում է հայրիկը թատրոնի աշխատակցին: Սովորույթի համաձայն նստում է առաջին շարքում և, նախքան առաջնախաղը, հասցնում է սրբել ակնոցը: Հոգիները բարձրացնում են վարագույրը, տիկնիկների ներկայացումը սկսվում է:
Դատավորի գլխարկով տիկնիկը բացում է աչքերը, հայրիկին հրավիրում է բեմ՝ նստելու թափուր գահին: Նախքան նստելը նա ստուգում է փայտի որակը: Համոզվելով, որ բարձրորակ կաղնուց է, համաձայնվում է նստել: Գահի վերին հատվածում շեղատառերով նշված է նրա անուն ազգանունը «հայրիկ թագավոր» մակագրությամբ:
– Դուք ընդունում եք մեղքը,- հարցնում է դատավորը:
– Ո˚ր մեղքը:
– Այն մեղքը, որ կատարել է հանցագործը:
– Ես ընդունում եմ մեղքը, որ կարող է կատարել հանցագործը:
– Դուք մեղավոր եք:
Տիկնիկները նրան են հանձնում երդվյալ ատենակալի ծանուցումը: Հայրիկն ասում է՝ ստորագրությունը կեղծված է: Տիկնիկները մատնացույց են անում հանդիսատես-վկաներին: Բեմ է մտնում պլաստմասե նավակով տիկնիկը և հայտնում, որ մեծ ալեկոծություն է սպասվում, բոլորը պետք է թաքնվեն: Հայրիկը չի ցանկանում գահը զիջել որևէ մեկին, բարձր-բարձր սկսում է ծիծաղել: Խոնարհվում է հանդիսատեսի առջև: Ալիքը մտնում է բեմ ու տանում հայրիկին: Հոգիներն իջեցնում են վարագույրը: Խոնավ դահլիճում հնչում են հոտնկայս ծափահարություններ:
Ծափ-ծափ: Տիկնիկագործը միմյանց է հարվածում տիկնիկի թաթիկները և փնտրում ազատ հոգի նրան կենդանացնելու համար: Մեղմ ալեկոծության օրերին նա կարթով ջրասույզ հոգիներ է որսում և մտածում ոսկեթել ցանց հյուսել հոգեորսությունը խթանելու համար: Կիրակնօրյա տոնավաճառներին մետաղյա տաղավարի առաստաղից ճոճվում են անդեմ տիկնիկները: Տիկնիկագործը դիմում է հաճախորդներին՝ գնեք իմ պատրաստած տիկնիկները և հոգին կստանաք անվճար: Անպտուղ կինը գգվում է իր ամուսնուն և ասում՝ ուզում եմ երեխա ունենալ: Ամուսինները ջրասույզ մանկան հոգով տիկնիկ են գնում, որպեսզի պահեն-պահպանեն ու սովորեցնեն լաց լինել մոր կարոտից:
Կարոտով լի հայացք ձգելով ծովին՝ արևելքի հյուղակում ապրող մի բժիշկ ամեն օր նամակով շիշը գցում է ծովը, որ ալիքները հասցնեն աղջկան: Սակայն ծովը ափ չի նետում շշի տարաները ու նամակները մնում են անպատասխան: Նամակներից մեկում գրված է՝ ես վիրահատում եմ երեխաների վթարված դեմքերը՝ նրանց ուրախություն պարգևելով: Փոխում եմ աչքերի նեղ սրածայր ձևը, դարձնում եմ կլորավուն, որ լայն բացեն աչուկները ու ժպտան տիկնիկի գեղեցկությամբ:
Աղջիկը գնում է ծովափ գտնելու անհետ կորած հորը: Նա ավազի վրա թարմ ոտնահետքեր է նկատում ու, հետևելով դրանց, հայտնվում է խարույկի մոտ: Նա տեսնում է՝ ինչպես են հոգիները պար բռնում խարույկի շուրջը, իսկ նրանցից ամենատարեցը ավազաթմբին նստած շյուղերով գուլպա է գործում մահապարտ տղաների համար: Ծեր հոգին մոտենում է աղջկան ու համբուրում ճակատը, ինչպես երազում՝ աղջիկը փորձում է գրկել ծեր կնոջը, սակայն հոգին մի կողմ է հրում նրան ու հեռանում: Չարաճճի հոգիները գլուխկոնծի են տալիս՝ ավազ ցանելով մեկը մյուսի վրա: Նրանք բռնում են աղջկան ու սկսում ծաղրել: Հոգիները վազում են շնչասպառ լինող աղջկա ետևից: Նա բերանքսիվայր ընկնում է ավազաթմբին, փորսող տվող կենդանու նման ուզում է փորել ավազը, խորանալ ներս, թաքնվել հոգիներից: Հոգիները ոտքերից բռնած ետ են քաշում, փորձում են մերկացնել, աղջիկն իրեն նետում է ծովը: Ալիքը ետ է շպրտում աղջկան՝ դեռ ժամանակը չէ, աղաղակում է ալիքը: Երեկո է: Թաց գիշերանոցով աղջիկը, կյանքի ավարտից սարսափած, խմում է ալիքի փրփուրը: Նա ծալապատիկ նստում է ավազին, գվվոցով ինչ-որ երգ է մրմնջում՝ օրորվելով ետ ու առաջ:
Ծովափին երևում են սևամորթ կանայք, նրանք մայր-կենգուրուի նման ծաղկավոր փաթաթանով ծածկում են իրենց մերկությունը: Երամ-երամ շարժվում են դեպի ծովափ՝ երեխաներին լողացնելու՝ խուսանավելով հարաբերվել տեղացիների հետ: Սևամորթ կանայք երեխաներին կրծքով կերակրում են հենց ծովափին, մինչև երեխաները կշտանում են ու քնում մոր գրկում:
Աղջիկը ժպտում է: Նա մանկության տարիներին գեղեցիկ օրորոց ուներ: Մի օր այնքան մեծացավ, որ ոտքերը դուրս եկան օրորոցից, սակայն ծնողները դեն չնետեցին առաջնեկի մահճակալը, թուլ տվեցին, որ աղջիկը խաղալիքի փոխարեն ճոճի դատարկ օրորոցը, մինչև հաջորդ զավակի ծնունդը: Եթե փոքրիկ աղջիկը հրաժարվում էր ուտել, ծնողները պնդում էին՝ դու մեր տիկնիկ – աղջիկն ես, բացիր բերանդ ու կեր բլիթը:
Աղջիկը որոշում է վերադառնալ տուն ու գիշերն անցկացնել հարազատ անկողնում: Առավոտյան նա բացում է պատուհանը ծովափով հիանալու համար. հզոր ալիքը դատարկում է ընդերքը: Հոգիները դուրս են ընկնում ափ ու սկսում թպրտալ: Ակնթարթորեն ալիքը լցվում է պատուհանից ներս, արմատախիլ է անում տնակը ու աղջկան առնելով իր գիրկը, տանում է ծովի խորքերը: Աղջիկը փակում է աչքերը. նա ափի մեջ պահում է հոր վերնաշապիկի կոճակը, որ կտրվել էր օձիքից: Ձեռքի մկանները թուլանում են, կոճակը սահում է ափի միջից ու սուզվում ծովի հատակը: Նա վերջին անգամ խոր շունչ է քաշում և հանձնվում ալիքներին՝ դու ինձ թողել ես ծովի ողորմածությանը, անձրև ես տեղում մերկերի վրա, թրջում ես անտուններին, խորտակում մանուկների ճակատագրերը, որ ավելի բարձր դիմեն քեզ, ու շոյվես քո մեծությունից: Տո’ւր ինձ, քո դեմ ըմբոստանալու ուժ, որ երկարացնեմ կյանքի ժամանակը ու վերադառնամ տուն:
Երկնքից բարձր ծիծաղի ձայն է լսվում, Փրկիչը նետվում է ծովը՝ հանդարտեցնելով սանձարձակ ալիքները:
Նավահանգիստը վերադառնում է իր բնականոն կյանքին: Հողմահարված գիշերանոցով աղջիկը աղաղակող ալիքների ձայնի ներքո պարում է ծովափին: Նա գլուխը տարուբերում է, ծափ է տալիս, թռչկոտում մի ոտքի վրա՝ պտույտ գործելով մարած կրակի շուրջը: Ձեռքերով ալիքներ է անում: Ցատկում է ավազաթմբին, ոտքերն ուժգին խփում է ավազին ու կոնքերի անընդմեջ ճոճքից քամին մերկացնում է ազդրերը: Հանկարծ կանգ է առնում ու նայում ծովին, սուր ճիչ է արձակում: Անհայտության միջից ահագնանում, աղջկան է մոտենում իններորդ ալիքը: Երջանկության ու մահվան հատման պահն է: Հնչում են կեսգիշերային տասներկու ահեղ կոչնակները: Արդեն ո˚ւշ է: Թերևս ոչ:
2019 թ.