Նոյեմբերի 16-ին (17-ի՞ն) գրողի հետ վարեցի երկու հարցազրույց ձայնագրիչով: Ծանր հիվանդ էր, բայց խոսում էր աշխույժով, և ինձ ու իր մերձավորներին թվում էր, թե նա այս անգամ էլ կհաղթահարի հիվանդությունը (վերջին երեք տարում այս էլ արդեն քանիերորդ անգամ): Բայց դրանք եղան գրողի վերջին հարցազրույցները: Այս զրույցը այդ վերջին երկուսից մեկն է:
Հովհաննես Այվազյան
Հովհաննես Այվազյան.– Ո՞վ է գրողը։ Ի՞նչ է անում։ Ո՞րն է նրա առաքելությունը. փրկի՞չ է, մարգարե՞ է, առաջնո՞րդ է, հոգևոր բժի՞շկ է…
Աղասի Այվազյան.– Գրողը գեղարվեստական խառնվածք է։ Ես միշտ օրինակ եմ բերում Պավլովին` ակադեմիկոս Պավլովին (չգիտեմ, գուցե նախորդ անգամ էլ հարցազրույցում ասել եմ). մարդկային վաթսուն տեսակ կա. (չհասկացվող բառ), ուրեմն, խոլերիկ, ասթենիկ… Եվ վաթսուներորդ` վերջին տեսակը գեղարվեստական խառնվածքն է։ Այս գեղարվեստական խառնվածքը գրողն է։ Գրող ասելով` հասկանում ենք գեղարվեստական խառնվածք, ոչ թե մարդ, որը զբաղվում է գրականությամբ։ Սրանք (այս վերջինները) շատ են, զբաղվում են, և սրանց ստեղծում են կառավարությունն ասեմ, թե համալսարաններն են ստեղծում։ Իսկ գրողին ստեղծում է Աստված։ Դժբախտաբար: Գրողն ամենադժբախտ երևույթն է։ Գրո՛ղը։ Կարող եմ ասել, որ քաղաքակրթությունը գրողների արգասիքն է։ Եթե գրողները չլինեին… Գրող ասելով` գեղարվեստական խառնվածքը նկատի ունեմ, ոչ միայն գրող, այլև նկարիչ, երաժիշտ… Գեղարվեստական խառնվածքը քաղաքակրթության հիմքն է։ Ընդ որում, ես քեզ մի զարմանալի բան կարող եմ ասել. գեղարվեստական խառնվածք էր Քրիստոսը։ Տես, քաղաքակրթության նոր փուլ ստեղծեց Քրիստոսը: Այսինքն` մենք ապրում ենք քրիստոնեական երկրում, որտեղ ամբողջ մշակույթը քրիստոնեական է։ Մինչև Քրիստոսը ուրիշ մշակույթ էր։ Ամբողջ մշակույթը, Վերածնունդը մեծագույն երևույթ է։ Ասացի գեղարվեստական խառնվածք է նա` Աստծու ստեղծած։ Երբեմն մտածում ես, թե Աստծու ստեղծածն է և սատանան, սատանան խանգարում է: Թե՞ այդ դժբախտությունը սատանայի ստեղծածն է։ Եվ այդ ժամանակ, ուրեմն, սկսում ես կասկածել, թե ինչո՞ւ մարդիկ, ուրեմն, գեղեցիկն ու բարին են գովերգում, մարդկության ապագան են, ուրեմն, ուզում ստեղծել։ Ստեղծե՛լ։ Չէ, բայց դա իրենց ուժերից վեր է` Աստծու փոխարեն ինչ-որ բաներ անելը։ Եվ հանկարծ` այսպիսի դժբախտություն։ Որովհետև մեկ-մեկ ում անուններն ուզում ես տուր` բոլոր մեծ գրողները, հանճարեղ գրողները դժբախտ են։ Չկա՛ երջանիկ գրող։
Հ.Ա.– Այդ առումո՞վ էիր ասում. թե գուցե սատանան է ստեղծել գրողին, ոչ թե Աստված։
Ա.Ա.– Այդ ե՛ս եմ ասում։
Հ.Ա.– Իսկ ի՞նչ է գրականությունը` պրիմիտիվ հարց… Երբ Փարաջանովին լուրջ-լուրջ ասացի` մի դժվար հարց պիտի տամ` ի՞նչ է կինոն, հռհռաց, փորը վերուվար անելով հռհռաց (իբր դժվար հարց գտար, էլի) ու պատասխանեց. «Кино-это последнее пристанище всех авантюристов»:
Ա.Ա.– Ճիշտ է։
Հ.Ա.– Իսկ գրականությո՞ւնը։
Ա.Ա.– Գրականությունը սրբերի տեղն է։ Ընդ որում, ոնց ասեմ, սրբեր, որոնք մեղավոր են նաև։ Ես քեզ ուրիշ բան կասեմ նաև. որովհետև ցինիկ չեն` տառապում են իրենց մեղքից։ Մարդու մեղքից: Որովհետև մարդը չի կարող մեղսակիր չլինել…
Հ.Ա.– Սուրբը կարո՞ղ է մեղք ունենալ, մեղք գործել։
Ա.Ա.– Այո։
Հ.Ա.– Սո՛ւրբը…
Ա.Ա.– Այո։ Այո… Կյանքը քո ցանկությունը չի, դու քեզ չես կարողանում ստեղծել։ Դու այդ խառնվածքը ունես։ Դու «սուրբ» ես։ («Սուրբ» բառը չակերտների մեջ եմ առնում, որովհետև «գեղարվեստական խառնվածք» ասացի. սա է ամենաճշգրիտ բնորոշումը)։ Եվ դժբախտ է։ Այդ դժբախտությունը մեղքից է. մեղասկիր է։ Այո։ Որովհետև այդ մեղքը գալիս է… Ինքը մեղքի դեմ է կռվում։
Հ.Ա.– Գրականությունը ի՞նչ է։ Ի՞նչ բան է գրականությունը։ Ինչո՞ւ մարդկությունը հորինեց գրականությունը։
Ա.Ա.– Է, անհնար է։ Առանց գրականության աշխարհը չի կարող լինել։ Իսկ գրականությունը ո՞րն է։ Հոմերոսը գրականություն է։ Հին հույները գրականություն էին։ Այսինքն` աշխարհը գրականություն է։ Գրականությունը մարդու չափանիշն է գուցե, մարդ լինելու։ Առանց գրականության մարդը անասուն է դառնում։
Հ.Ա.- Եթե դառնանք քեզ` ինչո՞ւ ես գրում. այսպիսի ճակատային մի հիմար հարց։
Ա.Ա.– Ինձ ոչ ոք չի ասել, որ ես գրեմ։ Գրել սկսել եմ 5-6 տարեկանից։ Գրել, նկարել, ու բոլորը միասին։ Ես կյանք էլ սիրում էի` լողում էի, ուրեմն, թատրոններ, կինոներ, շատ բաներ։ Բայց գրելը սկսել եմ… Ինձ ոչ ոք չէր ասել։ Ոչ էլ դաստիարակում էին ընտանիքում։ Ինձ ոչ ոք չէր ասում` գրիր։ Չգիտեի, բայց պիտի գրեի։ Այսինքն` կերպարային մտածողություն։ Աշխարհն ընկալելու, աշխարհ մտնելու միջոց է գրականությունը` գեղարվեստական խառնվածքի համար։ Շատերն են, ուրեմն, գրականության միջոցով մտնում աշխարհ, թե ինչ եմ ես, ի՞նչ անեմ, որ լավ լինեմ, որտե՞ղ է երջանկությունը, ո՞ր ճանապարհով գնամ։ Դա` երբ որ երիտասարդ ես, փոքր ես։ Մեծանում ես, ուրեմն, հոգնում ես դրանից։ Մե՜ծ հարցականով ես հեռանում աշխարհից։ Եվ թվում է, թե ոչինչ չհասկացար։ Սա գեղարվեստական խառնվածքին բնորոշ հատկություն է, ասեմ, թե կենսաբանություն։
Հ.Ա.– Ինչպե՞ս է ծնվում գործը։ Գործի մտահղացումը` պատմվածքի, վիպակի, ինչպե՞ս է ծնվում այդ մտահղացումը։
Ա.Ա.– Ես…
Հ.Ա.– Ինչպե՞ս ես զգում, որ եկել է գրելու պահը։ Մտահղացումը կա, հասունացել է, գրել է պետք։
Ա.Ա.– Ուրեմն, առանց տառապանքի ոչինչ չի լինում։ Ես, ասենք, տառապանք ունեմ, դե ինչ ասեմ… Ասենք, սապատավոր եմ, դրա` սապատի տառապանքը ունեմ։ Բայց դրա տառապանքը փոխակերպում եմ գեղարվեստականի։ Յուրաքանչյուր տառապանք… Տես, Դոստոևսկին տառապանք ուներ, ուրեմն, Հեմինգուեյը տառապանք ուներ։
Հ.Ա.– Նրանք ֆիզիկական չունեին։ Նրանք հոգևոր տառապանք ունեին։
Ա.Ա.– Հա՜։ Հոգևոր, հա…
Հ.Ա.– Սապատը, որ ասիր…
Ա.Ա.– Սապատը` կոպիտ, որ պատկերավոր լինի։ Հոգեկա՛ն տառապանք, ոչ թե… Հոգեկան որ ասում ես, բա ինչո՞ւ ես տառապում. գեղեցիկ մարդ, ուժեղ մարդ… Ուզում են ուժեղ լինել, չեն կարող։ Այս ցանկությունը, գոնե Հեմինգուեյի մոտ` հաստատ էր, և ինքնասպանությունը պատահական չէր։ Ամբողջ իր գրականությունը, ուրեմն, ստեղծեց ուժեղ լինելու համար։ Այսինքն` ուժ էր փնտրում և ուժեղ էր ուզում լինել։
Հ.Ա.– Եվ իր հերոսներն էլ ուժեղ մարդիկ են` Ջորդանը` Ծերունին…
Ա.Ա.– Չէ։ Ուժեղը ո՞րն է… Օրինակ, Թոմաս Մանը, հետո պարզվեց, որ շատ հիվանդ է եղել։ Հիվանդ չի եղել, կենսաբանորեն թերի է եղել։ Հասկանո՛ւմ ես։ Հանճարեղ բան։ Այդ ձևը, ֆորման շատ դժվար է բացատրել, որովհետև կերպար զգալը, ֆորման զգալը, դնել բանի մեջ` հատկություն է, որ գեղարվեստական խառնվածքներին է բնորոշ։ Եվ այդտեղ գրադացիա կա. հանճարներ կան և կան գեղարվեստական խառնվածքներ, որ քիչ են արել, քիչ են անում։ Բայց սա նույն երևույթն է։
Հ.Ա.– Ինչպես է, այնուամենայնիվ, ծնվում մտահղացումը։ Ահա մտահղացումը կա, թուղթը քաշում ես, գրիչը վերցնում…
Ա.Ա.– Դժվար է բացատրել դա, որովհետև մտահղացումը… Հնարում ես։ Երբ որ գրում են, ուրեմն նկարագրում են, փաստագրական նյութ է դառնում, դա գրականության մեջ շատ տարածված երևույթ է։ Այդտեղ մտահղացում չկա։ Տեսնում ես առարկաները և…
Հ.Ա.– Երբեմն ասում են` մեկից լսած որևէ բան, արտահայտություն, մի տերևի շրշյուն…
Ա.Ա.– Ոչ։
Հ.Ա.– … Մի պատկեր, մի պատահական հայացք։
Ա.Ա.– Ոչ։
Հ.Ա.– … Թե վաղուց տանջող մի միտք, ասենք։
Ա.Ա.– Ոչ։ Այդ բոլորը ներսից են գալիս։ Դրսից եկող բաներով գրականություն չես ստեղծի։ Ուրիշ բան է քո ներսից եկողը, դու ամեն ինչ տեսնում ես. ապագա ես տեսնում, մարդկային կերպար ես տեսնում, վերլուծում ես, շուտ էլ հասկանում ես մարդուն։ Երբ դու այդ ամբողջը ունես, հետո կարող ես առարկաները հարմարեցնել։ Օրինակ, մեծագույն տառապանքից, ի՛մ տառապանքից, հոգեկան տառապանքից ես ստեղծեցի «Աղի կոմսը»։ «Աղի կոմսը», որտեղ կերպարներն իմ միջից են դուրս եկել։ Չկա՛ն այդ մարդիկ։ Ոչ մեկը գոյություն չունի։
Հ.Ա.– Նախատիպեր չկան։
Ա.Ա.– Ոչ մի նախատիպ։ Ես ծնեցի նրանց։ Ծնեցի ամբողջը։ Ծնեցի Աստրախանը։ Ծնեցի Պուգաչովին։ Պուգաչովին ես գիտեմ, չէ՞, Պուգաչովին։ Բայց իմ վերաբերմունքն է այնտեղ։ Եթե ես Ռուսաստանում ռուս գրող լինեի, պիտի հարձակվեին այնտեղ։ Պուգաչովի մասին Պուշկինն էլ երկու տեսակ ուներ…
Հ.Ա.– Երկու տարբեր վերաբերմունք։
Ա.Ա.– Տարբեր վերաբերմունք։ Մեկը «Կապիտանի աղջիկն» է, մյուսը` «Պուգաչովը»։ Մարդու անալիզի առումով ես ավելի ճշգրիտ եմ, քան թե մինչ այդ եղածը։ Հասկանո՞ւմ ես։ Դեկաբրիստներին եմ ուսումնասիրել ես սարսափելի։ Հարցազրույցները, օրինակ, հրատարակել են, հետո՞… Դեկաբրիստները շատ են եղել։ Գլխավորներից բացի` մի քանի հարյուր հոգի։ Շատերը ծախել են, հրաժարվել են։ Տես` մարդու հոգեբանությունը։ Այսինքն` հիմնականը մարդն է։ Բայց մարդը ծնվում է ինձանից։
Հ.Ա.– Դրա համա՞ր ես նկարներում քո փորում, որովայնում տեղավորում պատկերներ, դեմքեր։
Ա.Ա.– Այո… Այո…
Հ.Ա.– Ի՞նչ է տաղանդը։ Ֆոլքների մի միտքն եմ հիշում, վերարտադրեմ մոտավորապես. տաղանդը 99 տոկոս աշխատասիրություն է, 99 տոկոս կազմակերպվածություն, 99 տոկոս նպատակասլացություն։
Ա.Ա.– Հիմա ասեմ։ Սա իմ վերաբերմունքը կլինի։ Աշխատասիրություն պետք է, բայց ոչ թե աշխատասիրությամբ հասնել ինչ-որ բանի, մակարդակի։ Կան մարդիկ աշխատողներ և կան չաշխատողներ։ Ուրեմն, աշխատանքը բոլորովին կապ չունի… Ես հիմա զարմանալի բան եմ ասում, մինչև հիմա ուրիշ բան էի ասում… Բոլորովին կապ չունի աշխատանքի հետ։ Դա աշխատանք չէ։
Հ.Ա.– Տաղանդը։
Ա.Ա.– Այո։ Տաղանդը աշխատանք չէ։ Տաղանդը քո ներսում դրած ծրագիրն է, որ դուրս ես հանում։ Ծանր բեռ է։ Ծանր բեռ։ Տես, Մաքսիմ Գորկին կրթություն չուներ, բայց ամենակրթված գրողն էր, Էրենբուրգը չորրորդ դասարան էր ավարտել…
Հ.Ա.– Չորրորդ էլ Թումանյանն էր։
Ա.Ա.– Թումանյանն էր։ Ուրեմն, ի՜նչ բեռ էր դա, որ կրում էին և հանեցին իրենց միջից։ Աշխատանք չկա… (կիսաարհամարհական տոնով է ասում.– Հ.Ա.)… Որովհետև ես չգիտեմ` երբ եմ գրել, ոնց եմ գրել, ոտքի վրա, նստած, բանով։ Հանկարծ գրել եմ և չեմ աշխատել։ Վիլյամ Սարոյանն իր ոչ մի պատմվածք չի խմբագրում։ Ինչ որ գրեց` միանգամից գնում է։ Դրա համար աշխատանքով գրականություն ստեղծելը, իմ հաշվով իմ տեսակի համար, աշխատանք է, դա գրականություն չի։ Դա… Գիտի, լավ լեզու ունի… մեծ մասամբ այդպես գրում են, չէ՞։ Գրագետ են, համալսարաններ են վերջադրել… Բայց, տես, մեծ գրողներ եմ ասում` ոչ մեկը բարձրագույն կրթություն չունի։ Վերջերս նաև իմացա երգչի մասին (որին ես կարող եմ անվանել գեղարվեստական խառնվածք), նոտաները չգիտեր…
Հ.Ա.– Պավարոտի՞ն…
Ա.Ա.– Այո։ Երաժշտական կրթություն չի ունեցել։ Առաջին երգիչն էր։ Եվ ինքը դասատու էր, ուսուցիչն էր շատ երգիչների։
Հ.Ա.– Թուղթը քաշեցիր առաջդ` մաքուր։ Ինչպե՞ս ես սկսում։ Միանգամի՞ց, թե սկզբի վրա երկար ես տառապում։ Մի երկու նախադասություն գրեցիր, ջնջեցիր, ասացիր` լավ սկիզբ չեղավ…
Ա.Ա.– Չէ։ Շատ քիչ եմ ես ջնջում։ Ուրեմն, ամբողջը միանգամից գալիս է։ Նույնիսկ վեպը միանգամից կոմպոզիցիայով, այ, այս կոմպոզիցիայով, այսպես դուրս է գալիս։ Ոչ թե պիտի մտածեմ` հետո ինչ է լինում, արդեն ամբողջը մեջս կա։ Դա` մեծ գործերը։ Փոքր գործերը ասես շնչառություն լինեն։ Օրինակ, պարադոքսալ ֆազա. դժբախտության ծայրը երջանկությունն է։ Այս դժբախտությունից հանկարծ այնպիսի պոռթկում ունես երջանկության լուսավոր։ Ես թիֆլիսյան պատմվածքներ ունեմ, որ տառապանքից են եկել և լուսավոր են։ Գրելու ժամանակ ես չգիտեմ… հեկեկում էի… «Կռվարարները», օրինակ, հումորով է արված, զարմացել էին, որ դժբախտության մասին կարելի է նաև այդպես գրել։ Դժբախտության պարադոքսալ պայմանը դա է` ուրախություն և չգիտեմ ինչ։ Շատ բարդ է հոգեվիճակը գրողի, չի կարելի այսպես ռենտգենի տակ նայել։ Անցնում է ժամանակ, գրածդ կարդում ես և չես հավատում, որ դու ես գրել։ Այդ վիճակը չունես արդեն։ Իսկ գրելու ժամանակ ոչինչ չես հավանում։ Չես հավանում, բայց ասում ես` էն է, գրում եմ, թող մնա։
Հ.Ա.– Այդ պահին` գրելու պահին, երբ գրածդ չես հավանում, մտածո՞ւմ ես, որ, ոչինչ, հետո կխմբագրես։
Ա.Ա.– Անպայման, որովհետև շտապում ես։ Խեղդում է քեզ։ Շուտ վերջացնեմ, հետո կնայեմ։ Հետո նայում ես, բանից պարզվում է, շատ լավ է։ Դրա համար միշտ օրինակ եմ բերում Հենրիխ Մանի խոսքերը, որ ասում է` մի երկրպագեք գրողին, նրա մարմինը, որովհետև նա հիմա խրտվիլակ է, գրելու ժամանակ ուրիշ մարդ էր։ Չեք կարող երկրպագել իրեն, գործը կարող եք երկրպագել։ Ինքը չկա արդեն։
Հ.Ա.– Այս հարցս, ներողություն, կարող է մի քիչ կոպիտ հնչել. իսկ գրելու ժամանակ ունենո՞ւմ ես մեղավորության զգացում` սա ինչ գրեցի, թուղթը լավ էր էլի, մաքուր էր, թող մաքուր էլ մնար…
Ա.Ա. –Չէ։ Վերջ։
Հ.Ա.– Չէ՞։
Ա.Ա.– Չէ, իհարկե։ Ընդ որում, վերջերս արդեն ես համակարգչով էի աշխատում, շատ հարմար է խմբագրելու համար, որովհետև թղթի վրա տառապանք էր, էլի… Չէ՛։
Հ.Ա.– Նստում ես գրելու, ասացիր, և ստեղծագործությունը ամբողջովին պատրաստ գալիս է։ Իսկ չի՞ պատահում, որ կառուցվի գրելու ընթացքում, փոփոխվի, նոր իրադրություններ ու նոր հերոսներ հայտնվեն։ Որոշ գրողներ ասում են, օրինակ` գործն սկսելիս չգիտեմ նա իր ետևից ուր կտանի ինձ, որտեղ կհասցնի։
Ա.Ա.– Եվ այդպես է լինում։ Երկու ձևով էլ լինում է։ Օրինակ, «Եռանկյունին» որ գրում էի, գիտեի` ինչ եմ ուզում, գիտեի` ինչի մասին եմ գրում. մեր կյանքն էր` դարբինների, դարբնոցի, բայց, ուրեմն, այնպես մտա մեջը, որ չգիտեի… Գլխավոր բաները գիտեի, որ 37 թվին վարպետ Մկրտչին պիտի տանեն, պիտի սպանեն։ Հետո վերադառնում է ինքը։ Խոսքը վիպակի մասին է, որովհետև կինոն մի քիչ ուրիշ կողմ գնաց։ Բայց երբ մտա մեջը, ես արդեն գերի էի, մասնակիցն էի, որ վերջացավ` տխրեցի, դատարկվեցի, այսպես։ Շատ արագ եմ արել, մի շաբաթում գրել եմ։ Դուրս եկա, հիմա ինչ անեմ, ուր գնամ… Նոր զգացի` Մկրտիչները չկան։ Կողքս էին, մեջս էին։ Այսպիսի վիճակ եմ ապրել։ Իսկ մեծամասամբ լինում է այսպես. արդեն պատրաստի կոմպոզիցիայով դուրս է գալիս։ Աշխատանքի ժամանակ ինչ-որ ոգևորություն կա, ինչ-որ բաներ են փոխվում, բայց հիմնականը եթե չունեցա, չեմ գրում դա։ Ներսից պատրաստի դուրս է գալիս։ Վերնագրով: Շատ անգամ տառապում եմ. եթե վերնագիրը չունեմ` չեմ կարողանում գրել։ Վերնագիրը պիտի անպայման լինի, հավաքի։ Չեմ կարողանում պայմանական վերնագիր դնել։ Որովհետև չի գրվում պայմանականով, իսկականը պիտի լինի, ինքը։ Շատ անգամ վերնագիրն ինձ հուշում է, թե ինչ պիտի գրեմ։ Որովհետև վերնագիրը ինչ է, գիտե՞ս… շատախոսություն ես չեմ սիրում։ Իսկ վերնագիրը համարյա ինչ-որ եղանակ է ստեղծում, մտնում ես պատմվածքի մեջ արդեն։
Հ.Ա.– Գրում ես արա՞գ, մի շնչո՞վ, թե՞ երկար տառապում ես, արտագրում ես…
Ա.Ա.– Արտագրում եմ, որ մաքուր լինի։ Բայց որևէ փոփոխություն չեմ մտցնում։
Հ.Ա.– Էական բան չի փոխվում։
Ա.Ա.– Ոչի՛նչ։ Առաջինը ամենաուժեղն է։ Երկրորդը, որ գալիս է, արդեն տեխնիկական կողմն է, նախադասության մեջ կարող է ստորակետ է պակաս, կամ ենթական ետ ես տանում, ստորոգյալը բերում ես առաջ… Այդպիսի բաներ են պատահում։ Էությամբ ոչինչ չի փոխվում։ Դա աշխատանքի, մի քիչ կրթվածության, լեզվի վրա աշխատելու պահ է։ Օրինակ, ես շատ տեղեր ազատ եմ լեզվի հարցում, բայց նույնիսկ Հրանտ Մաթևոսյանը «Աղի կոմսը» կարդալուց հետո ասել է, որ լեզվական ինչ-որ բաներ կան։ Ես զգացի, որ արել եմ այդ. վիճակն այնպիսին էր, որ լեզուն, լեզվական այդ բանը շատ ավելի կատարյալ էին…
Հ.Ա.– Բառամթե՞րքը…
Ա.Ա.– Բառամթերք չասեմ, նաև…
Հ.Ա.– Լեզվական կուլտուրա՞ն…
Ա.Ա.– Ե՛վ լեզվական կուլտուրան, և… Որովհետև նյութը գալիս էր։ Լեզուն, շարահյուսությունը կապված են ճշգրտության հետ։ Իսկ ճշգրտությունը նշանակում է շատ փոքր տարածքի մեջ տեղավորել մեծ բաներ։ Ուրեմն, արվեստը, գրականությունը ճշգրտության արտահայտություն է։ Տես, երկու բան այնտեղ էլի ասում էի։ Նկարչության մեջ, երաժշտության մեջ, գրականության մեջ բառը, խոսքը։ Իրար կողքի երկու բառ կարող են լինել, երրորդը որտե՞ղ կարող է լինել։ Շատ բարդ բան է, որ, ուրեմն, աշխատանքով չես կարող անել, սա պիտի արդեն ներսից զգաս։ Լեզվի զգացողությունը ամենակարևորն է։
Հ.Ա.– Այստեղ ենթահարցի պես մի բան եկավ` ի՞նչ է նշանակում բառի, պատկերի վրա աշխատել։
Ա.Ա.– Բառերը, բառերը… Լինում է` բառը… Ոչ մի բառ… բանը… այսպես… Հերթապահ բառեր են, ծեծված բառեր են, գռեհիկ բառեր են։ Բառը գտնելը ճշգրտության հարց է։ Օրինակ, գնում է այսպես… Եթե գրում ես, ներսից հանում ես, շատ ճշգրիտ է ամեն ինչ։ Հանկարծ մի բառ, տեսնում ես, չես կարող գտնել։ Այդ բառը պիտի կամ հնարես կամ պիտի փնտրես (գոնե ես այդպես եմ արել) բոլոր բառարանների մեջ, որտեղ ասես։ Նույնիսկ ես օգտագործել եմ արևմտահայերենը, ինչո՞ւ պիտի չօգտագործեի։ Բայց հասկանալի են, որովհետև միտքդ է հասկանալի, պարզ։ Ճշգրտություն, պարզություն, սա է, ուրեմն։
Հ.Ա.– Օրինակ, երբ դու գրում ես` կինը եկավ, իր դրսևորություներով… (Քո բառն է` դրսևորույթներով)։ Այդ մի բառը բավարար է, որ ընթերցողն զգա քո հերոսուհու գեղեցկությունը, գրավչությունը։ Այդ մի բառով ցույց տվեցիր։
Ա.Ա. (Գոհ ծիծաղում է) – Դա է։
Հ.Ա.– Գրեցիր, վերջացրիր։ Պատմվածքը, ենթադրենք։ Ներսումդ ուրախության ալիք է բարձրանում` ախ, այս ինչ գեղեցիկ պատմվածք ստացվեց, ախ, այս ինչ լավն է…
Ա.Ա.– Անպայման։ Բոլոր պատմվածքներիս որակը ես գիտեմ։ Այնպես որ, քննադատ ինձ պետք չէ դրսից։ Ես ինքս եմ տեսնում վատը և լավը և թափում եմ դեն, կիսատ են մնում… Ունեմ այդպիսի պատմվածքներ առանց վերջավորության։ Չգիտեմ ոնց է ստացվել, որ ես դրանք գրել եմ։ Մի բան է եկել, գրել եմ, չեմ հավանել։ Ճշգրիտ եմ այս հարցում ես։ Այսինքն` կարողանում եմ (սթափ գնահատել)։ Գուցե նրանից է, որ նկարում եմ։ Նկարչության մեջ և՛ պորտրետիստ եմ, և՛ պեյզաժիստ եմ, և՛ ծաղրանկարիչ եմ։ Սա հազվադեպ բան է. ոչ մի նկարիչ այդպես չէ։ Ինստիտուտում ծաղրանկար մենակ ես էի անում։ Տեսնելն է, կերպար տեսնելն է, կերպարային մտածողությունը։ Ամբողջ գործը կերպար է, բաները կերպար են (մարդկային կերպարի մասին էլ չեմ խոսում) և կոմպոզիցիայով, բանով պիտի կերպար լինի։ Եթե գործը կերպար չի` գործ չի դառնում։ Հասկանո՞ւմ ես։
Հ.Ա.– Գիտեմ, որ համակարգչով ես աշխատում։ Արդեն քանի տարի։ Յո՞թ-ո՞ւթ։ Յոթանասունհինգ տարեկանում համակարգչին տիրապետելն ինձ այնքան էլ հեշտ գործ չի թվում։ Ուղղակի հարգանքի արժանի հանդգնություն դրսևորեցիր նոր տեխնիկային տիրապետելու հարցում (ես, օրինակ, մինչև հիմա վախենում եմ այդ ամենազոր արկղից և գրիչով եմ գրում)։
Ա.Ա. (ժպտալով) – Շատ հեշտ բան է։
Հ.Ա.– Բայց մյուս կողմից` նույն բա՞նն են գրիչով աշխատելն ու համակարգչով աշխատելը։ Համակարգիչը ոգեշնչվածության տեղ թողնո՞ւմ է։
Ա.Ա.– Ոգևորությունը` հա, իհարկե, ավելի է լինում։
Հ.Ա.– Բայց տեխնիկա է, թխկթխկացնում ես, գրիչի նման ռոմանտիկ չէ։
Ա.Ա.– Չէ։ (Գրա)մեքենայով չկարողացա: «Գրական թերթից» եմ առել այս մեքենան, բայց չկարողացա, որովհետև չի լինում։ Զարմանում եմ, որ ուրիշները մեքենայով գրում են։ Սարոյանն էլ էր գրում։ Չկարողացա, է։ Մատիտով եմ գրել, գրիչով եմ գրել, բլոկնոտների մեջ գրում էի, հետո հավաքում էի։ Իսկ համակարգիչը ամեն ինչի փոխարինում է։ Գրում եմ, խմբագրում եմ, տողը մնում է, վերադարձնել կարող եմ։ Շատ հեշտ է։ Հեշտ է գրվում։ Ռոմանտիկան չի կորում։ Դրանք սուտ բաներ են։
Հ.Ա.– Պատմվածքը գրեցիր, վերջացրիր։ Դրիր դարակդ կամ գրասեղանիդ մնաց։ Ի՞նչ ես անում։ Ասում ես` մի օր, երկու օր թող անցնի, մի անգամ էլ նայեմ։ Թե՞ ինչպես:
Ա.Ա.– Չէ։ Գործեր կան, որ… Օրինակ, մի գործ կար, որ շատ սիրուն էր, և շատ վաղուց եմ արել «Գրական թերթում» (Ղազախստանում հատուկ ընդգծել են այդ պատմվածքը` «Կիրակոսը»): Խմբագիրը մեզ ասաց` պատմվածք գրեք, մրցույթի պես անենք` Նոր տարուն տպելու համար։ Գիշերը նստեցի, գրեցի։ Հա, բայց մեջը ես ամբողջս կամ իմ վերաբերմունքը կա։ Բայց գիշերը նստեցի, գրեցի։ Առավոտյան տարա, տպագրեցին, և շատ, էսպես լավ ընդունելություն գտավ։ Նույն ձևով գրել եմ «Կռվարարները»։ Մի շնչով։ Խմբագրությունում։ «Կիրակոսին» նկար էլ արեցի։ Կան, գործեր ունեմ, որ մի շնչով են գրված։ Վայ թե էլի եմ ասել, որ դա պատվերով է արված։
Հ.Ա.– Պատվերո՛վ։ Իսկ հաճույքո՞վ է գրվում պատվերով։ Պատվերը չի՞ կապանքում։
Ա.Ա.– Երբ ասում են` գրիր, ավելի բան է գալիս մեջս, հասկանո՞ւմ ես…
Հ.Ա.– Խթան։
Ա.Ա.– Հա, խթան։ Կուտակված բաներ կան մեջս, որ դուրս են գալիս։
Հ.Ա.– Սա այսպես։ Բայց հիմնականում ինչպե՞ս է. երբ գրում-ավարտում ես, շտապո՞ւմ ես տպագրության հանձնել, թե երկար ժամանակ դարակում ես պահում։
Ա.Ա.– Ոչինչ չեմ պահել ես։
Հ.Ա.– Անմիջապես տալիս ես տպագրության։
Ա.Ա.– Անմիջապես տալիս եմ։
Հ.Ա.– Գրողների գիտեմ, որոնք ասում են` թող մնա, մնա, մնա, էլի, դարակումս թող մնա, դարակիս պարունակությունը չպակասի։ Դժվար են բաժանվում իրենց ձեռագրից։
Ա.Ա.– Եղել են, շատ քիչ դեպքեր, երբ կասկածել եմ, մի կողմ եմ դրել, ասել եմ` կարդամ, տեսնեմ, կարող է… Ափսոսում ես արածդ։ Այդպես պատահում է։ Բայց հիմնականում իմ բոլոր գործերը թանաքը չչորացած ես տվել եմ տպագրելու։ Նույնիսկ սցենար գրեցի` «Խաթաբալան», իմ լավագույն սցենարն է, որ չնկարահանվեց… Նկարահանվեց, ուրիշ բան եղավ, մի խոսքով։ Որովհետև կինոյում դու չես հեղինակը, 30-40 հոգի հեղինակներ են, կեսից ավելին` ապաշնորհ։ Այնքան բաներ էի գրել, առաջին ձեռագիրս էր, չհասցրեցի արտագրել։ Եվ այդպես ինստիտուտից տարել էին համալսարան, կարդում էին։ Շատ էին ոգևորվել սցենարով։ Շատ լավ սցենար էր։ Վերջերս մի երկու էջ ձեռքս ընկավ (կորել է թղթերիս մեջ), մի երկու էջ ձեռքս ընկավ, չէի կարող կարդալ` այնքան, որ անփույթ էր գրված, տողը տողի վրա, անփույթ, էլի։
Հ.Ա.– Հաջորդ փուլը. տպագրվեց։ Կարդում են։ Կարծիքներ են լինում, բնականաբար։ Ընկերների, ընթերցողների։ Այդ կարծիքները կարևո՞ր են քեզ համար։
Ա.Ա.– Ո՛չ։
Հ.Ա.– Դրականը, բացասականը…
Ա.Ա.– Ո՛չ։ Ես գիտեմ` ինչ եմ արել։ Երբեք ես չեմ, ուրեմն… Խուսափում եմ ես։ Լսելուց։ Եթե թերթում է լինում` կարդալուց։ Թեպետ, իմ նկատմամբ շատ… այսպես…
Հ.Ա.– Բարեհաճ են եղել։
Ա.Ա.– Զգույշ էին շատ։ Այսինքն` գովասանքից բացի ուրիշ բան չեմ լսել։ Որովհետև մեջս թշնամանք չկար։ Մի անգամ, առաջին պատմվածքներիցս մեկի` «Հեքիաթի» տպագրվելու ժամանակ (որը դժվարությամբ տպվեց. առաջին անգամ` ռուսերեն), մատնագիր էին գրել Մոսկվա։ Մոսկվայից նախարար էր եկել։ «Լիտերատուրնայա գազետայում» ջախջախիչ հոդված գրեցին, սարքած էր։ Համեմատել էին Կաֆկայի հետ։ Բոլորովին կապ չունեի։ Կաֆկա չէի էլ կարդացել այդ ժամանակ։ Դա գրել էի 59 թվին։ Այդ հոդվածը տպելու բան չէր, էլի։ Տվեցի երկու պատմվածք «Լիտերատուրնայա Արմենիային»։ Ուզեցին «Թիֆլիս» պատմվածքը։ Ասացի` սա տպելու բան չէ։ Ես որպես խմբագիր ասացի վտանգն զգացել է.– Հ.Ա.)։ Մյուս օրը եկան, ասացին, տպելու բան սա է։ Ու տպեցին։ Խմբագիրը Գևորգ Էմինն էր, հանեցին գործից։ Ռուսերենից թարգմանեցին լեհերին։ Լեհական մեծ ամսագրերում էին տպել, Իտալիայում էին տպել։
…Կարծիքներին ուշադրություն չեմ դարձնում ես, որովհետև գիտեմ` ինչ եմ արել։ Ես գիտեմ բացասական կողմերը, գիտեմ լավ կողմերը, որ շատ անգամ ուրիշները չեն նկատում։ Օրինակ, մի պատմվածք ունեմ` «Սատանայի օգնությունը». դրա վերջավորությունը ես մինչև հիմա կարող եմ կարդալ ու լաց լինել։ Այդ վիճակը… Ասում եմ` ոնց եմ արել… Լավ պատմվածք է, ամեն ինչ տեղն է, բայց ֆինալը.. Պատկերացրու` կինտոն, որը մեռնել չի ուզում, չլինել չի ուզում, լինել է ուզում։ Սա արդեն նկարչական կերպար է. պատշգամբը` թիֆլիսյան պատշգամբը Քռի վրա կախված։ Կինտոն դամբը գցում է ձուկ բռնելու, ձկները քաշում են դամբը, պատշգամբն իջնում է Քուռը, գոնդոլի պես գնում է, կինտոն էլ մեջը նստած։ Քռի ափերին նվագում են Սայաթ-Նովա, չգիտեմ թե ինչ. սա կինո է։ Ինչ-որ Փարաջանովն է անում։ Ֆանտաստիկ բան է։ Շատ լավ է գրված, գեղեցիկ։ Սա եկավ պատմվածքի վերջում։ Սկզբում ես չէի մտածել։ Որովհետև անհնար է նման պատկեր կազմակերպել։ Եվ այդպիսի բաներ ես շատ ունեմ։ Գրելու ժամանակ դրվագներ են գալիս, պատկերներ են գալիս։ Արդեն վիճակի մեջ ես դու։ Այսինքն, քո ներքինն է խոսում, դու չկաս։
Հ.Ա.– Կարելի՞ է ասել, որ միտքը գալիս է գրիչի հետ: Երբ մարդ համակարգչի կոճակի վրա է` նոր է գալիս միտքը, երբ չէ` չի գալիս։
Ա.Ա.– Չէ։
Հ.Ա.– Մեջդ եղածը գրիչը իր հետ բերում է։ Միտքը չէ` այդ դրվագները, պատկերները…
Ա.Ա.– Չէ։ Ես գիտեմ` ինչ եմ գրելու։ Դրվագները, վիճակը… Երբ սկսում ես գրել` մտնում ես ուրիշ բանի մեջ… Ոնց ասեմ… Ուրիշ տեղ ես, երկնքում ես, ինչ ես։ Պոկվում ես գետնից։ Այսինքն, ուրիշ բան է աշխատում քո մեջ, դու չես։ Դրա համար ես ուզում եմ ասել, որ սա մի ուժ է ստեղծում, որն ինձ հետ կապ չունի։ Ֆիզիկական, առարկայական, ինձ հետ կապ չունեցող ուժ է այս վիճակը, որի մեջ երբեմն աչքեր եմ տեսնում, ժպիտ եմ տեսնում։ Այսինքն, մի բան է, որին երկրորդ ես չասեմ, մի ուրիշ բան է, մարդկային մի ուրիշ կերպար` իմ մեջ։ Այսինքն, մի ուրիշ Աղասի։ Հասկանո՞ւմ ես։ Եվ զգում ես դա. եկավ, մեկ էլ գնաց։ Մուսա են ասում, բայց չեմ հավատում, թևերով-մևերով կին-մին։ Մուսա չի դա։ Քո ներքինն է դա։ Մեր ներսում շատ բան կա, դժբախտաբար, մենք ոչ ամեն ինչ ենք անում։ Գեղարվեստական խառնվածք պիտի լինես, որ դրանք հեշտ անես, որովհետև եթե դու ատլետ ես, երբեք չես կարողանա անել։ Ոչ մի սպորտսմեն գրող չի դարձել։ Ոչ մի սպորտսմեն գրող չի՛ դարձել։ Ոչ մի գրող սպորտսմեն չի կարողացել դառնալ։ Բոքսով էր զբաղվում Ջեկ Լոնդոնը, թքեց, հեռացավ։ Հեմինգուեյը բոքսով էր զբաղվում, թքեց, հեռացավ։ Բոքսով էր զբաղվում, որովհետև ուզում էր ուժեղ զգալ իրեն։ Գրածները տես` առյուծներ, Աֆրիկա… Ամբողջն այդ ցանկությունն է։ Ես մի փոքրիկ էսսե ունեմ, տպել եմ գրքում` «Հեմինգուեյ, Մայակովսկի, Ջեկ Լոնդոն` ամաչկոտ տղամարդիկ»։ Մայակովսկին ինչո՞ւ էր գոռում… Իսկ ինքը ամաչկոտ էր, կանացի խաղալիք էր, հասկանո՞ւմ ես, և ինչ ուզում` անում էին։ Թույլ էր ինքը։ Բայց ֆիզիկապես ուժեղ էր, մեծ էր։ Իմիջիայլոց, ինքն էլ էր կիսագրագետ, ոչինչ չի վերջացրել, գիմնազիայում էր սովորել ինչ-որ կիսատ-պռատ, հետո նկարչական… Եսենինը իմ ասածի օրինակն է, էլի… Գյուղացի տղա… Կրթությունը երբեմն խանգարում է։ Հիտլերն է ասել, չէ՞. ես, ասում է, շնորհակալ եմ, որ ինձ վռնդեցին նկարչական ակադեմիայից։ Լավ նկարիչ էր ինքը, իմիջիայլոց։ Այն, որ ասում են, թե նկարիչ չի, ներկարար է` սուտ բան է։ Գործերը վերջերս տպագրել էին Ամերիկայում, և կարդացի, որ հոյակապ նկարներ են։ Էն էլ առաջին կուրսի ուսանողի։ Արդեն նկարիչ էր, էլի։
Հ.Ա.– Եվ ահա ամեն ինչ ավարտված է։ Պատմվածքդ գրվել է, նայել, վերանայել, խմբագրել, տպագրել ես։ Ի՞նչ է տեղի ունենում քեզ հետ. տխրո՞ւմ ես, ափսոսո՞ւմ ես սյուժեից, հերոսներից բաժանվելուդ համար, դատարկության զգացո՞ւմ ես ունենում։
Ա.Ա.– Չէ։ Բոլորովին չէ։ Իմ կյանքի շարունակությունն է։ Դատարկություն չեմ զգում։ Շարունակություն է։ 15 տարեկան եմ։ Իմ վիճակի արտահայտությունն է, հասկանո՞ւմ ես։
Հ.Ա.– Նոր կուտակում է լինում…
Ա.Ա.– Կուտակում, անպայման, էլի։ Այսինքն, կուտակումը ո՞րն է։ Կուտակը կա արդեն։ Դա արեցիր, երկրորդի ցանկությունը կա։ Հունի մեջ ես մտնում։ Կարելի է խմել, գեղեցիկ կանանցով զբաղվել, եսիմ, ուրիշ բաներով զբաղվել և զբաղմունքի մեջ էլի ստեղծագործել։ Այստեղից է գալիս ամեն ինչ (ձեռքը որովայնից բարձրացնում է դեպի կոկորդը.– Հ.Ա.) Չկա որևէ գործ, որ ես ապրած չլինեմ, տառապած չլինեմ։ Ասացի` հնարել եմ, չէ՞… Ոչ մի կերպար հնարած չի, բոլորը իմ մեջ կան։ Բոլորի տառապանքը ես ապրել եմ, հասկանո՞ւմ ես։ Այ, շան մասին պատմվածք ունեմ` «Չիխլի»։ Այդ շունը ես եմ։ Զորայր Խալափյանը եկավ խմբագրություն, ասաց` ինչ լավ պատմվածք ես գրել, բայց չնեղանաս, շունը դու ես։ Ասացի` հա՜, շունը ես եմ, եթե հեռախոսի մասին գրեմ` հեռախոսն էլ եմ ես, հասկանո՞ւմ ես։ Չկա նկարագրություն։ Գրականության մեջ պիտի նկարագրություն չլինի։ Այս ամբողջ թուլությունը, որ կոչվում է «գրականություն», նկարագրությունից է գալիս։
Հ.Ա.– Դասականները, հին դասականները էջերով բնության պատկերներ են նկարագրում…
Ա.Ա.– Նկարագրություն չի։ Հոմերոսը, որին շատ եմ սիրում, ոչինչ չունի (նկարագրություն)։ Հետո ասում ենք գրել, չէ՞։ Նա չի գրել։
Հ.Ա.– Բալզակը էջերով մի հերոսուհու սենյակ ու հագուստ-հարդարանք է նկարագրում։
Ա.Ա.– Տոլստոյն էլ է նկարագրում։
Հ.Ա.– Տոլստոյն էլ։
Ա.Ա.– Հա, բայց այդ սենյակը ինքն է հնարել, ինքն է սենյակի մեջ։ Բալզակը շատ էր սիրում անտիկվարիատ։ Վերջին կոպեկները տալիս անտիկվար էր առնում, որովհետև ինքը միջավայր էր ստեղծում իր համար (նույնը ինքը` աղասի Այվազյանն է.– Հ.Ա.)։ Եթե որևէ բան նկարագրելու էր` այդ միջավայրն էր ստեղծում։ Այդ նկարագրությունն ուրիշ է, ուրեմն։ Ճշգրտության հարց կա։ Ասում եմ, էլի, արվեստի հիմնական բանաձևը ճշգրտությունն է։ Հետաքրքիր բան կա… Ռուսական մամուլում էր տպված, վաղուց եմ կարդացել։ Պերեդելկինոյում երկու ռուս գրող աշխատում են։ Գալիս են երեկոյան տուն, մեկն ասում է, թե չորս-հինգ էջ գրել է, շատ հաջող օր էր։ Մյուսն ասում է` իմն էլ հաջող օր էր։ «Ի՞նչ ես արել»։ «Մի բառ գտա»։ «Հա, կեցցե՛ս»։ Այդ բառը ռումբի բան ունի, ուժ ու արժեք։ Համոն (Սահյանը) մի անգամ մի լավ բան պատմեց։ Կարծեմ, Կոնստանտին Սիմոնովի հետ էր եղել։ Մոսկվայում, հյուրանոցում, Մոսկվայում, թե որտեղ Սիմոնովը նստած գրում է բանաստեղծություններ։ Համոն էլ նստած ծխում է։ Սիմոնովն ասում է. «Ты что, не работаешь». «Как не работаю, работаю, курю»,– պատասխանում է Համոն:
Հ.Ա. (ծիծաղով) – Հա, էլի…
Ա.Ա.– «Kурю»-ն ո՞րն է… բանաստեղծություն է գրում (ծիծաղում է)։ Այսինքն, գրողը, բանաստեղծը, նկարիչը չունի վայրկյան, որ չստեղծագործի։ Ամբողջ իր կառուցվածքը, ինքը ստեղծված է ստեղծագործությունից։ Իր կազմվածքը, իր անատոմիան ստեղծագործություն է։ Եվ մեծագույն դժբախտությունն է սա իրենց համար և փրկությունն է մարդկության, որովհետև քաղաքակրթությունը ստեղծել են գեղարվեստական խառնվածքները` նկարիչները, գրողները, երաժիշտները։ Քաղաքակրթությունը նրանց արգասիքն է։ Ասացի` Քրիստոսն ինձ համար… Կարդում ես իր բաները… ինչո՞վ բանաստեղծ չի, ինչո՞վ կոմպոզիցիա չունի, ինչո՞վ այլաբանական չի։ Գրականության մեջ ամենաուժեղ այլաբանությունն է։
Հ.Ա.– Կարդում ես, ասացիր… Ի՞նչը… «Ավետարա՞նը»…
Ա.Ա.– Հա, Քրիստոսի պատմությունը։
Հ.Ա.– Եկանք, ցիկլը ամփոփեցինք։ Գեղարվեստական գործը մտածեցինք, գրեցինք, մշակեցինք, տպեցինք, հանձնեցինք ընթերցողին, գնաց։ Հիմա ի՞նչ է սկսվում դրանից հետո։ Այ, այդ զրո կետից ի՞նչ բան է սկիզբ առնում։
Ա.Ա.– Ապրում եմ։ Ապրում եմ էլի նույն միջավայրում։ Մի նոր բան է գալիս, սա եմ գրում։ Էլի քո տառապանքն է, քո վերաբերմունքը։ Բաներ կան, որ, ասենք, եսիմ… մեղսակիրություն, մեղքը ինչ-որ մի տեղ։ Որովհետև միշտ քո մեջ կա բանը, որ այ սա պիտի չանես, բայց անում ես։ Ով է դրդում` չգիտեմ։ Ուրեմն, այդպիսի մի պատմվածք ունեմ, որը ինձ տանջում էր։ Մեր ազգականներից մեկը շատ լավն էր, բայց մենք տանը վատ էինք վերաբերվում նրան, հասկանո՞ւմ ես։ Այ սրանից ծնվեց մի պատմվածք, որը կոչվում է «Մեր տխրությունը Գիքոյի շուրջ»։ Հա, բայց այդ տառապանքը ես ապրել եմ, երեսուն-քառասուն տարի մեջս էր դա։ Թե ոնց դուրս եկավ` չգիտեմ։ Պարտքս կարծես տվեցի։ Գրականությունը կենդանի մարդու կյանքի արտահայտությունն է։ Կոնկրետ։ Ում ուզում ես վերցրու` Դոստոևսկուն, Տոլստոյին։ Գուցե շատ անգամ գռեհիկ դրվագներ կան, այդ գռեհիկ դրվագները դառնում են, ինչ ասեմ, ուղղորդող… ուղղորդող դրվագներ։ Հասկանո՞ւմ ես… Մարդասպանների մասին մեռան հաղորդելով. ցինի՛կ են։ Վաթսուն հոգու սպանել է… Գրողը չի կարող մարդ սպանել։ Գրողը չի կարող։ Գրողը մարդ է ստեղծում։
Հ.Ա. (Կատակով) – Գրողն էլ իր գրքում է մարդ սպանում։ Դու քո շատ գործերում սպանում ես, չթվարկեմ։
Ա.Ա.– Հա… Գրողն իր գրքում ինքը չի սպանում։
Հ.Ա.– Ո՞վ է սպանում։
Ա.Ա.– Սպանում են։
Հ.Ա.– Գրիչն իր ձեռքում չի՞… Գրեց, ասաց, որ սա մեռավ։ Այնքա՜ն մարդ ես սպանել…
Ա.Ա. (Ծիծաղում է) – Բնական է, էլի։ Դա բնական է։ Բայց ես կարեկցում եմ, չէ՞, այդ մարդուն։
Հ.Ա.– Մարկեսի մի պատմությունը շատ եմ սիրում, հաճախ եմ մեջ բերում։ Ինքն իր մասին պատմում է հարցազրույցներից մեկում։ Երբ ավարտում է «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակը, աստիճաններով ուժասպառ բարձրանում է երկրորդ հարկ, փլվում թախտին ու կնոջ ներկայությամբ հոնգուր-հոնգուր լաց լինում։ Կինը հասկանում է` ինչն է բանը։ «Գնդապետին սպանեցի՞ր»,– ասում է։ «Հա»,– պատասխանում է Մարկեսը։
Ա.Ա.– Դա… Լավ է… Այդպես է… Գրողները ստեղծում են… Այստեղ ուրիշ բան է։ Երբ հերոսը մեռնում է, կամ հերոսին սպանում են` սա կյանքն է, սյուժեն է։ Բայց որ ինքը սպանության դեմ է, հա։ Ինքը մարդ է ստեղծում, աշխարհ է ստեղծում, ապագա է ստեղծում։ Իր համար։ Ինչ որ անում ենք, մենք անում ենք մեզ համար։ Ես ինձ համար եմ ստեղծում իմ աշխարհը։ Բարի եմ ու շատ բարի, հրեշտակ մարդ եմ ուզում ինձ համար, որ ես կարողանամ ապրել։ Դժվար եմ ապրում։ Ոչ մեկը գրողի… չգիտեմ… Տառապանք ուներ Չարենցը։ Մեր գրականության մեջ… Շիրվանզադեն տառապող չէր։ Գրող են ասում, չէ՞։ Դասական է հաշվվում։ Բայց նա տառապանք չուներ։ Կերած-խմած…
Հ.Ա.– Ինչպե՞ս թե… Շահագործվող մարդու համար տառապում էր, սիրահար մարդու համար տառապում էր, պատվի համար…
Ա.Ա.– Չէր տառապում։ Հիմար պիես է «Պատվի համարը»։ Ուղղակի նկարագրում էր։ Գիտեր` սա բարի է, սա չար է։ Դնում էր իր դեմը, ինքը պիտի բարու կողմը լիներ, մարդիկ կարդան։ Իր տառապանքը չկա։ Ոչ մի
գործում չունի ինքը տառապանք։ Գեղեցիկ նկարագրություն է։ Տեղեր ունի, որ ուղղակի արտագրել է։ Զոլայից։ Դրա համար ես գնում-գալիս կանգնում եմ մի քանի գրողների վրա։ Օրինակ, Չարենցը։ Չարենցից հետո մենք լուրջ բան չենք արել։ Մնացած անունները բան են` գեղեցիկ են, լավն են, բայց գրադարանային գրականություն է։ Այն, որ ինքը իմ դեմը կա, դա Չարենցն էր։ Ավելի դժբախտ մարդ ես չգիտեմ։
Հ.Ա. (շփոթված) – Հիմա, հա… Հրանտ Մաթևոսյանը գրադարանայի՞ն է։
Ա.Ա. (վճռական) – Չէ, Հրանտ Մաթևոսյանը ժամանակին հայտնվեց։ Ինքը` Հրանտ Մաթևոսյանը սովետական գրող էր։
Հ.Ա.– Սովետի դեմ էր։
Ա.Ա.– Սովետի դեմ չէր։
Հ.Ա.– Ամբողջ գրականության տակը սովետի դեմ էր: Տա՛կը։
Ա.Ա.– Ամբողջ գրականության տակ սովետին խմբագրում էր, եթե այսպես լինի, լավ կլինի։ Նա սիստեմի, համակարգի դեմ չէր։ Նույնիսկ` հակառակը, երբ այս հեղափոխությունը եղավ, Հայաստանը անկախացավ, տխրել էր։ Մի տեղ գրած ունի։ Եղբայր, ասում է, իմ սահմանները Վլադիվոստոկ էին, հիմա սահմանները դարձան այսքան (Աղասին բութն ու ցուցամատը կլորացնում է), այդ սահմանների մեջ Հրանտը գոյություն դժվար էր ունենալու։ Ռուսաստանը ստեղծեց իրեն։ Այդ տարածքը, մե՜ծ տարածությունը ստեղծեց իրեն, հասկանո՞ւմ ես…
Հ.Ա.– Գրելուց ունենո՞ւմ ես այնպիսի զգացողություն, որ աշխարհը մի քիչ գեղեցկացրիր, նույնիսկ ավելին ասեմ` աշխարհը վերափոխեցիր քո գրած պատմվածքով։
Ա.Ա.– Չէ: Վերամբարձ բաներ են դրանք։ Վերամբարձ խոսքեր են` աշխարհը փոխեցի… Այսօր գեղեցիկ բան ես ստեղծել` նույն րոպեին զգում ես։ Օրինակ, իմ մի պատմվածքը հինգ-վեց հոգի թարգմանեցին։ Ասում եմ` դա թարգմանված է։ Չէ, ասում են, ես հավանում եմ։ Նորից թարգմանեցին, հասկանո՞ւմ ես… Դա բան է։ Տպում էին մի քանի անգամ։ Տեսնում ես, որ մարդկանց պետք է։
Հ.Ա.– Ռուսերե՞ն։
Ա.Ա.– Ռուսերեն, հա։ Եվրոպական լեզուներով էլ շատ տպեցին։ Մարդկանց պետք էր, էլի։ Գիտե՞ս, ինչ է. ես այսպիսի զգացողություն ունեմ։ Ինձ թվում է, օրինակ, որ եթե Ամերիկայում ծնվեի, Սարոյանից պակաս չէի գրի։ Ոչ թե պակաս։ Պակաս գրելու մասին խոսք չկա։ Համբավը կլիներ իմ այդքան։ Ռուսաստանում ծնվեի, ես չգիտեմ ինչքան… Ռուս գրողները որո՞նք են։ Այդ համբավը կունենայի…
Հ.Ա.– Ռասպուտին, Բելով…
Ա.Ա.– Հա… Չեմ հավանում։ Սրանց այնքան էլ չէ, ավելի լավը կունենայի…
Հ.Ա.– Այթմատով, չէ, Շուկշին…
Ա.Ա.– Ավելի լավ կանեի։ Ես համոզված եմ։ Դասականների… Օրինակ, ասենք` Բունին, Չեխով։ Այս մակարդակի վրա։ Համոզված եմ, որ այս մակարդակի, որովհետև իմ շրջապատհը… Ես ուրիշ միջավայրի մեջ եմ։ Հիմա այստեղ ես դժգոհ չեմ ինձանից մի բանի համար. որ ես պետք եմ։ Պետք եմ Հայաստանին։ Եվ սրանից գալիս է նաև, որ Հայաստանը ինձ պետք է։ Պիտի լինի՛ Հայաստանը, և ես Հայաստանին պետք եմ։ Այս զգացողությունը գալիս է, որովհետև ես այստեղ էլ պետք եմ։ Այսօր քիչ են խոսում, քիչ են ասում, մեռնելուց հետո ես պիտի պետք լինեմ։ Պիտի բեմադրեն, պիտի կարդան, պիտի դասավանդեն, հասկանո՞ւմ ես։ Ահա այս բանում ես համոզված եմ։ Պետք լինելու… Եվ հայրենիքին պետք լինեմ։ Պետք չեմ, դեն են գցում, պրծավ… Ինչքան գրողներ կային, անուններ ասեմ` զարմանաս, ոչ էլ լսել ես դու, ժամանակին վեպեր էին տպում Թիֆլիսում, Երևանում, Մարիշյան, էսպես վեպ ուներ…
Հ.Ա.– Ինչյա՞ն։
Ա.Ա.– Մարիշյան։ Ո՞վ է, ի՞նչ է, ոչ ոք չգիտի։ Հասկանո՞ւմ ես` պետք չի։ Չարենցին ոչնչացրին, չէ՞։ Պե՞տք է։ Այսինքն, քո երկրի մարդն էր։ Երկրի մարդն էր, որ դու աղյուսի պես դնում ես երկրի մարնի մեջ ինչ-որ տեղ։ Եթե դա արեցիր` պետք եկար… Դրա համար գրողը պիտի մեռած լինի։ Ինքը չմասնակցի, ինքը չշինի իրեն։ Մեր գրողներից շատերը, անուններ չտամ, իրենք իրենց շինեցին, շինում են։ Բայց դե, կքանդվի դա։
Հ.Ա.– Քո գրվածքները տարիներ հետո ընթերցո՞ւմ ես… Ասենք, գրողներ կան, որ խոստովանում են, թե մեծ հաճույք են զգում…
Ա.Ա.– Մի բան ասեմ` չզարմանաս. գրել չեմ սիրում։
Հ.Ա.– Ի՞նչ է նշանակում` գրել չես սիրում։
Ա.Ա.– Գրել չեմ սիրում։ Ես ոչ մի նամակ չեմ գրել։ Նամակներ եմ ստացել քրոջիցս… Ո՛չ մի նամակ։ Մարդիկ կան, տես, «Նամականի» ունեն, գրողները։ Առանձին հատորներով։ Կյանքումս ոչ մի նամակ չեմ գրել ոչ մի տեղ…
Հ.Ա.– Չէ, «գրել չեմ սիրումը» ուրիշ բան է հասկացվում… Գրողը գրել չի՞ սիրում։
Ա.Ա.– Գրող եմ և գրել չեմ սիրում։
Հ.Ա.– Ինչպե՞ս հասկանամ։
Ա.Ա.– Շտապում եմ։ Եթե մի բան արեցի, արագ պիտի անեմ։ Չէ։ Հետո էլի պիտի կուտակվի… Արա՛գ։ Չէ։ Որ նստեմ, աշխատեմ, գրե՜մ… Զարմանում եմ, օրինակ, «Պատերազմ և խաղաղությունը» ես մի անգամ հազիվ կարդացել եմ։ Տոլստոյը քառասուն անգամ արտագրել է։ Ես մի պատմվածքը երկու անգամ չեմ կարող արտագրել… Ես հիմա ինչ-որ ասացի, կարող է պաթետիկ լինել. որովհետև ոչ մի գրող չի ասի, որ ինքը գրել չի սիրում… Չե՛մ սիրում գրել։
Հ.Ա.– Բա ի՞նչն է ստիպում…
Ա.Ա.– Համմե՞…
Հ.Ա.– Եթե չես սիրում գրել, ի՞նչն է ստիպում, որ գրես։
Ա.Ա.– Վիճա՛կը։ Տառապա՛նքը։ Կուտակո՛ւմը։ Ներսից դուրս է գալիս։ Եսիմ, նկարում եմ, ինչի՞… Օրինակ, նկարելը ավելի եմ սիրում։ Կինո բեմադրեմ։ Թատրոնում բեմադրեմ։ Պիես եմ անում։ Ոչ թե պիեսը գրում եմ։ Ես պիեսը տեսնում եմ, բեմի վրա խաղացնում եմ որպես ռեժիսոր։ Ապրում եմ ես, հասկանո՞ւմ ես։ Գրելն էլ… Գրելը մի քիչ տեխնիկական կողմ ունի, որը չեմ սիրում, երկար պիտի նստես-գրես։ Պատահական չէ, որ ես կարճ պատմվածքներ եմ գրում։ Հայաստանում ամենակարճ պատմվածք գրողը ես եմ։ Ամենակարճ վիպակը ես եմ գրել։ Ամենակարճ վեպը ես եմ գրել։ Եթե կարդաս նախադասությունները` ամենախտացրած նախադասությունները ես եմ գրել։ Իսկ սա որտեղի՞ց է գալիս։ Ես մի նախադասությունը կարող եմ բացել, դարձնել 4 էջ։ Մի՛ նախադասության մեջ եմ տեղավորում։ Շտապում եմ։ Հետո, ոչ միայն շտապում եմ. արժեքը դրա այսքա՛ն պիտի լինի։ Երկա՜ր գրում են… Չեմ կարողանում կարդալ նույնիսկ… Բարդություններ կան գրականության մեջ, և բազմա… բազմակողմ, բազմադեմ երևույթ է։ Տես, մի գծով ուզում ես բացատրել։ Անհնար է։ Որովհետև շատ անգամ ես էլ չգիտեմ` ես ի՞նչ եմ, ինչո՞ւ եմ այսպես…
Հ.Ա.– Ինձ համար էլ հետաքրքիր է հարցեր տալը, որ բացվի` տեսնենք դա ինչ է, ինչպես է։
Ա.Ա.– Դու կարող ես մի անգամ մի տրամադրությամբ ինձ բացել, բայց վաղը չէ, մյուս օրը կարող է ուրիշ լինել։ Գիտե՞ս, ինչ է կատարվում… Եթե ես ուրիշ խառնվածք ունենայի, չէի գրի։ Թուլուզ Լոթրեքը եթե չմնար փոքր, չէր նկարի նա։
Հ.Ա.– Հա, բայց իդեալական կազմվածք ես ունեցել, սպորտսմեն ես եղել։
Ա.Ա.– Չէ՜…
Հ.Ա. –… Հոգիդ առողջ է եղել, ուտող-խմող մարդ ես եղել։ Դու չես ունեցել այդ թերարժեքության զգացումը։
Ա.Ա.– Ոչինչ կապ չունի դրանց հետ։ Որովհետև դա ներաշխարհ է։ Ներաշխարհ, որի տերը ես չեմ։ Որի տերը իմ նախնիներն են։ Տես, դու Այվազյան ես, ես էլ եմ Այվազյան։ Բայց մեր բանը (սկիզբը) որտեղի՞ց է գալիս։ Հետո փոխվում է։ Դու մնացել ես Այվազյան, ես էլ եմ մնացել, բայց Մեսչյան կա` Արթուր Մեսչյանը. բանից պարզվեց` իմ ազգականն է…
Հ.Ա.– Նա՞ էլ է Այվազյան եղել։
Ա.Ա.– Այվազյան չի։ Պապիս քրոջ թոռն է։ Քույր, եղբոր շառավիղներ ենք։ Ամբողջ Հայաստանը այդպես է։ Հիմա այս ծրագիրը մեջս քանի՞ միլիոն (մարդու տված է): Ես տեղյակ չեմ, հասկանո՞ւմ ես։ Ես դա եմ տառապում. ինչե՞ր է կատարվել, մարդասպաններ կան մեջը…
Հ.Ա.– Ինչի՞ մեջ…
Ա.Ա. Համմե՞…
Հ.Ա.– Ինչի մեջ կան մարդասպաններ։
Ա.Ա.– Իմ մեջ։ Իմ նախնիների մեջ կան մարդասպաններ։ Կան դավաճաններ։ Կան հերոսներ։ Այս բոլորը մեջս են։ Ես շատ զգայուն եմ, դուրս են գալիս։ Հասկանո՞ւմ ես: Ժամանակի բանով արդեն հարմարեցնում եմ ինչ-որ կերպարի` Պուգաչով է, ինչ է. ո՞նց եմ հասկանում մարդու ստոր լինելը, նպատակը, ո՞ւր էր նպատակամղված Պուգաչովը։
Հ.Ա.– Տարօրինակ բան եմ նկատել, երբ խոսում ես ստեղծագործական հարցերի մասին, ձեռքով փորիդ, ստամոքսիդ մասն ես ցույց տալիս, ոչ թե սրտիդ, ուղեղիդ, գլխիդ։ Ի՞նչ է նշանակում։
Ա.Ա.– Սա (ծիծաղում է)… Փորոտիք ենք ասում, չէ՞…
Հ.Ա.– Հա։
Ա.Ա.– Ուղեղդ ցույց տաս` չի լինի… Ամբողջն է։ Բջիջները։ Մատներս, տես, շարժում եմ։ Որտեղի՞ց է գալիս։ Բջիջները խելոք են։ Բջիջները խելք ունեն, ծրագիր։ Յուրաքանչյուր բջիջ իր ծրագիրն ունի։ Մարդը շատ բարդ է։ Ի տարբերություն կենդանու` մտածող է և գնալով ավելի է կուտակում։ Այսինքն, հազար տարի առաջ ինչքան մարդ կար մեջդ։ Տես, ծնվում ես, հայր ու մայր ունես, հայրդ ունի հայր ու մայր, մայրդ ունի հայր ու մայր, նրա մայրն ու հայրն էլ ունեն հայր ու մայր։ Մեկը երեխա է ունենում, ասում է` ես մնացի։ Չէ, եղբայր, դու դու չես, է՜ս մարդկությունն է քո մեջ։ Իսկ կոնկրետ, ուրեմն, ազգն է քո մեջ։ Այս խնդիրը կա, ուրեմն։ Դրա համար այս կուտակումը… Հետաքրքիրն ինչն է, գիտես։ Օրինակ, նկարիչը (դեմքը պայծառանում է, ձայնը` աշխուժանում), չէ՞… Սովորես, չսովորես… Ես, օրինակ, երկու տարի եմ սովորել, բայց նկարում եմ հինգ տարեկանից։ 50 տարի չնկարեցի, 40 տարի։ Հետո նկարեցի, տեսա, որ ավելի լավ եմ նկատում, քան եթե ակադեմիայի 50 րդ կուրսում լինեի։ Հասկանո՞ւմ ես։ Դու ուսում ես առնում քո մեջ։ Այսինքն, մեջդ զարգանում է։ Ինքն իրեն։ Ուրիշ բան, որ ինֆորմացիա կարող է չունենաս, չիմանաս Միքելանջելոն ով է, կամ այնտեղ իտալացի նկարիչներ կան շատ… Միքելանջելոն կիմանաս, որովհետև շատ հայտնի է։
Հ.Ա.– Պերուջինո, ասենք։
Ա.Ա.– Պերուջինո էլ գիտենք։ Այնտեղ անուններ կան, որ… Շատ են։ Հազարավոր նկարիչներ ունի Իտալիան։ Բայց դա ինֆորմացիան է։ Մեր ինստիտուտները ինչ են տալիս. ինֆորմացիա։ Բայց այս բան հանելը (նորից է ձեռքը որովայնից դեպի վեր շարժում. – Հ.Ա.)… ինքն իրեն հանում է։ Պատահական չէ, տես Ռուդոլֆ Խաչատրյանը չէր վերջացրել ոչինչ։ Հոյակապ նկարիչ էր։ Ոչ մի հայ նկարիչ այդպիսի ռիսունոկ (գծանկար) չունի, ոնց որ ինքն ուներ… Մարտիրոս Սարյա՛ն։ Երկու, թե երեք տարի է սովորել։ Ավելի մեծ երևույթ նկարչության մեջ չեմ պատկերացնում։ Հասկանո՞ւմ ես, ինչ է։ Դրա համար (եմ ասում), ամեն ինչ մեջդ կա, ինքն իրեն հասունանում-հասունանում… Ուրիշ բան` տեխնիկայի հարց կա։ Մի շաբաթում (կարելի է տիրապետել): Ես կինոյի հետ գործ չունեի, բայց 5-6 տարեկանից կինո էի ուզում նկարել, ֆիլմ։ Հենրիկին (Մալյան) դրդում էի միշտ։ Հենրիկին պատմում էի, թե ինչեր եմ նկարահանում։ Ուղեղիս մեջ նկարահանում էի… Ուրեմն, եկա, կինոստուդիա գնացի։ Թե ո՞նց` գրող է, սցենա՞ր պիտի նկարահանի։ Ու կարողացա, հաղթահարեցի դիմադրություններն ու նկարեցի ֆիլմ։ Ֆիլմը նկարում եմ, քառասուն հոգի աշխատող ունեմ։ Կինեմատոգրաֆիայի ինստիտուտն են վերջացրել, բարձրագույն ռեժիսորական, եղբայր, ոչինչ չեն կարող անել։ Այդ ինչպե՞ս է` մոնտաժի սեղանի մոտ նստել են, մոնտաժ չեն կարող անել։ Չգիտեն, էլի, ոնց է։ Որովհետև մտածողություն չունեն կինոյի։ Սրանք տարբեր բաներ են։
Հ.Ա.– Գրականություն, նկարչություն, կինո…
Ա.Ա.– … Թատրոն։
Հ.Ա.– Թատրոն։ Որտեղ ձեռքդ խփեցիր` հաջողություն եղավ, համընդհանուր ընդունելություն։ Էլ տպագրություն, էլ կինո թողարկել, էլ ցուցահանդես։ Ամեն տեղ հաջողություն։ Էլ մրցանակներ տեղական, էլ մրցանակներ միութենական, էլ մրցանակներ միջազգային։ Արվեստի այս բոլոր ճյուղերում հաղթանակներդ ինչո՞վ ես բացատրում։
Ա.Ա.– Ես ասացի` գեղարվեստական խառնվածք։ Ճիշտն ասած, դիապազոնի խնդիր է։ Այ, դու ասացիր… Ես ինքս եմ զարմանում երբեմն։ Որ նայում եմ հայելիին` սովորական հայի սֆաթ ունեմ, հասկանո՞ւմ ես կերպարս, բան… Թե որտեղի՞ց այսքան բան իմ մեջ` չգիտեմ, ես չեմ տերը դրա։ Գեղարվեստական խառնվածք է, դիապազոն։ Տես, ռուս գրողների մեջ Գոգոլը մեծ դիապազոն ունի. մարդ, որը գրել է «Записки сумашедшего», գրել է նաև «Жанитьба», «Ревизор», մարդ, որը գրել է «Невский проспект», գրել է «Мертвые души», մարդ, որը գրել է «Тарас Бульба», գրել է, էսպես, մանր-մունր բաներ։ Դիապազոնը մեծ էր։ Դոստոևսկու դիապազոնը նեղ էր։ Սա մեծության հետ կապ չունի։ Հանճարեղ էր, բայց շատ միագույն` մի միտք, մի տեսակ։ Ժանրային էլ` մի տեսակ։ Տոլստոյն էլ… Դիապազոնը փոքր էր Տոլստոյի։ Իր տեսակը ուներ, գնում էր… Չարենցի դիապազոնը մեծ էր։ Մեծ էր, և չկայացավ ինքը մինչև վերջ։ Որովհետև իր լավագույն գործերը (Ռեգինայի (Ղազարյան) պահած գործերն են) 40 տարեկանում է գրել։ Մեծագույն երևույթ են բանաստեղծության մեջ. շատ բաներ չեն մնացել, փտել էին։
Հ.Ա.– Հիմա, եթե վերադառնանք քո դիապազոնին…
Ա.Ա.– Դա է, էլի, զարմանում եմ ինքս։ Այդ հարցը, որ դու տվեցիր, ես ինքս եմ տալիս։ Տալիս եմ, բայց պատասխան չունեմ։ Հեշտ նկարում եմ ես, հեշտ։ Համոզված եմ, որ չկա որևէ նկարիչ, որից լավ չնկարեմ։ Քիչ եմ նկարել, չէ՞… (Հայացքը սահեցնում է սենյակի պատերին կիպ կպած իր նկարների վրայով. մի անգամ հաշվել եմ` մոտ 50 կտավ մեծ ու փոքր, գծանկարներ.– Հ.Ա.)։ Հապճեպ արված բաներ են։ Օր ու գիշեր նկարել եմ ես։ Ոնց եմ նկարել. ես տեսնում եմ։ Կարող եմ։ Հասկանո՞ւմ ես… Թատրոնը…
Հ.Ա.– Տիրապետելուց բացի, տեսնելուց, զգալուց, կարողանալուց բացի, մեջդ կուտակվածը ասելուց բացի, նաև տեխնիկա է պետք. վրձին բանեցնել, գիծը քաշել…
Ա.Ա.– Հեչ բան է տեխնիկան։ Շատ անգամ տեխնիկան ինքդ հնարում ես։ Ոնց է զարգացել գեղանկարչությունը… Լեսիրովկա էին անում (թափանցաներկում.– Հ.Ա.) Լեոնարդոն, Միքելանջելոն հատուկ իրենք էին պատրաստում… Իմիջիայլոց, Լեոնարդոն էլ կրթություն չուներ։ Միքելանջելոն էլ չուներ։ Արվեստանոց էր, նկարչի մոտ աշխատում էին, դա էր։ Ինֆորմացիա չունեին իրենք։ Այստեղից գալիս էր (ձեռքը նորից ստամոքսից դեպի վեր է բարձրացնում.– Հ.Ա.), տաղանդ էին, էլի… Ի՞նչ էի ասում… Հա՛։ Լեսիրովկա էին անում… Հետո եկավ մի ժամանակ, որ մազոկներով էին աշխատում։ Ես ակադեմիայում որ սովորում էի, մազոկ էի դնում, մազոկ էի քսում, ներկը ներկի մեջ չէի մտցնում. այ այստեղ այս գույնն է պետք։ Սարյանի մոտ դա շատ զգացվում է։ Ռեալիստ նկարիչները` Ռեպինը, ուրիշները, այդպես էին… դնում ես սա, այստեղ ես դնում, վերջ։ Սա տեխնիկան է։ Մեկ էլ դուրդ չի գալիս, մատներով ես անում, վերջերս փչում են արդեն բերանով։ Տեխնիկան քո արտահայտությունն է։ Մի բան ես անում` ստացվում է, որ նորություն է գեղանկարչության մեջ։ Պուանտելիստները որտեղի՞ց հայտնվեցին։ Ֆրանսիայում սկսեցին կետերով անել։ Այսինքն, հարյուր կետը մի գույն էր տալիս։ Խնդրեմ, այդ նկարիչը առաջին անգամ արեց։ Պուանտելիզմ։ Վրացիները նույնիսկ ուղղություն ստեղծեցին` ուշացած, երկու հարյուր տարի հետո, պուանտելիզմ։
Հ.Ա.– Մեկ-մեկ ասում ես` ես ավելի լավ նկարիչ եմ, քան գրող , մեկ-մեկ ասում ես` ամենալավը ռեժիսորություն կանեի, կինո կնկարեի… Հիմա, ո՞ր բնագավառում ես քեզ ամենաուժեղը համարում։
Ա.Ա.– Տեսնո՞ւմ ես… Չէ։
Հ.Ա.– Պահ առ պահ քո մեջ հաղթում է մեկը կամ մյո՞ւսը…
Ա.Ա.– Չէ։ Բոլորն էլ հեշտ են ինձ համար։ Հեշտ եմ անում ես շատ։ Ֆիլմ էինք նկարում։ Ռեժիսորը չէր կարողանում։ Նկարահանման հրապարակում յոթ դրվագ միանգամից ստեղծում էի, որ հարմարեցնեմ ռեժիսորին… Ծերանում եմ արդեն, շատ բան պիտի կորցնեմ երևի։ Թեպետ, չէ՜… Գիրք եմ գրել, հրես գիրքը տվել եմ քեզ (վերջին` «Խորքի խորությունը» գրքի մասին է խոսքը.– Հ.Ա.)։ Զուսպ եմ հիմա մի քիչ, հետո` հիվանդությունն է, ընկճվածություն կա, բան կա…
Հ.Ա.– Վերջին երկու-երեք տարին հիվանդ ես, զգում եմ, մի քիչ ընկճվածություն, այո, ունես… Բայց երկու տարում մի գիրք գրեցիր, հանձնեցիր ինձ, ես էլ տարել եմ, որ տպագրեմ։
Ա.Ա.– Երկրորդ գիրքն է դա։
Հ.Ա.– Հիվանդությանդ հաղթում ես, դա քեզ չի խանգարում։
Ա.Ա.– Չէ… Իհարկե, խանգարում է։ Խանգարում է։ Օրինակ, ընկճախտ կա. ահավոր բան է դա։ Ուրեմն այդ ընկճախտը։ Այն վիճակում էի, որ չէի կարողանում ինձ տիրապետել։ Ֆիզիկականը։ Չէի կարող համակարգչին մոտենալ։ Կամ գրչին չէի կարողանում մոտենալ։ Կարդալ չէի կարողանում։ Քիչ եմ կարդում, չեմ կարողանում։ Ֆիզիկապես չեմ կարողանում։ Համակարգչի մոտ նստում էի, մեջքս ջարդվում էր, կուչ էի գալիս, էն է, ընկնում էի համարյա… Քեզ տված գրքում մի պատմվածք ունեմ։ Անկեղծ, թափանցող վիճակ, թափանցող գործ։ Մահվան օրհասի մեջ մտել եմ։ Մի էջուկես բան է` «Օրհաս»…
16-17 նոյեմբեր, 2007