Ահմադ Հասանզադեհ | Բիծը


Հենց որ երեխան ոտք դրեց բակ, նավթի բիծը տեսավ: Սրտում ասաց. «Կո՜ւպր»: Կարծեց կտուրի կուպրն է, տաքությունից հալվել է, հորդել ջրհորդանի մեջ ու եկել-լցվել բակ: Հայրիկի կոշիկների կտորով մաքրեց: Բակի լայնքով անցավ: Բակի դուռը բացեց: Նայեց փողոցին: Փողոցը թեքություն ուներ: Վերջում կորություն էր ստանում ու հիմնական պողոտան չեր երևում: Փողոցը լուռ ու հանդարտ էր: Դուռը փակեց: Վերադարձավ ու մի հայացք գցեց իր քայլակին, որ բակի մեջտեղում ցիրուցան էր: Գիշերը մոտենում էր: Մինչև մթնելը բակում մնաց: Գլխի հետևը քորեց ու գնաց տուն, նախասենյակի դուռը հետևից փակեց:
Գիշերը քնելու ժամանակ, որոշել էր: Ուզում էր իր քայլակը նորոգեր: Այս անգամ պետք է մյուս երեխաներից ավելի շուտ փողոցի թեքությունն իջներ:
Առավոտյան, երբ ոտքը բակ դրեց, նորից սև բիծը տեսավ: Նայեց կտուրին ու ջրհորդանին: Ոչ մի հետք սև կուպրից չտեսավ: Ինքն իր սրտում ասաց. «Նավթ»: Ավտոտնակից հայրիկի փոշոտ մեքենայից կեղտոտ լաթը վերցրեց: Եկավ բծի գլխավերևում կանգնեց ու ապշած նայում էր: Մի պահ հետո հայրիկի նվվոցի ձայնը ականջին հասավ խոհանոցից: Մի քանի կտոր-կտոր, չոր հուսահատող հազ. բիծը սալիկի վրայից մաքրեց: Ճարպոտ բծի սև հետքը իր տեղն էր թողել: Բայց բիծը այլևս չկար: Նորից հայրիկի հազալու ձայնը լսեց: Հազալու ձայնը հայրիկի բերանից էր դուրս գալիս: Հետո անցնում էր խոհանոցի թունելանման հատվածը, հյուրասենյակն առջևից սահելով՝ հասնում նախասենյակի դռան հետև: Մի քիչ սպասում էր, մի բացվածք էր փնտրում: Դժվարությամբ իրեն դուրս էր քաշում ու կամաց տղայի ականջների մեջ էր թափվում: Տղան հայրիկի հազալու ձայնը միշտ այսպես է տեսնում. սիրում էր հետևել այս ընթացքին:
Քայլակը զննեց: Փայտե եռաշերտ տախտակ նստատեղիի լայնքով և չորս հատ մետաղե անիվ բոլբրինգներով անիվների փորի մեջ: Տախտակե մակերեսը հղկաքար քաշեց: Մի պատառոտած սավանի կտոր մեխեց նրան ու նստեց քայլակի վրա: Հիմա նստատեղը հարթ էր՝ առանց հանգույցի ու փափկել էր: Բայց անիվների շարժումը դեռ դանդաղ էր, բարձրաձայն ու խորդուբորդ:
Հաջորդ օրը, երբ ավտոտնակի իրերի մեջ բոլբրինգ էր փնտրում, մի այլ սև բիծ տեսավ: Նախկին բծի եռապատը: Տհաճ աչք էր զարնում: Լաթը վերցրեց ու բիծը մաքրեց: Այս անգամ արդեն յուղալի սահանքի հետքը չտեսավ: Միայն զուտ սպիտակություն էր տեղում երևում: Հախճասալի գծերից հետք չեր մնացել: Միայն սպիտակ բիծն էր մնացել՝ մանր, սրճագույն, քառակուսի-քառակուսի: Հաջորդ օրը նախ հայրիկի կտրված-կտրված չոր հազերի ձայնը լսեց: Հետո մայրիկի բաժակների շփման ձայնը լսեց, այս ձայնը ևս իրեն դուր էր գալիս, նման քայլակի անիվների ձայնին ասֆալտապատ մակերեսի վրա: Մայրիկը իր առավոտյան առաջին թեյն էր խմում: Հետո եկավ բակ: Իր դիմաց՝ այն պատի վրա, որի հետևում հյուրասենյակն էր, երեք-չորս թզաչափ ուրիշ բծեր տեսավ: Ծոծրակը քորեց: Հետո շուռ եկավ ու նայեց ճնճղուկներին, որ էլեկտրական լարերի վրա կտուց-կտուցի նստել էին: Լուռ էին, բայց երեխան նրանց հարայ-հրոցը լսեց: Այս ձայնն էլ էր իրեն դուր գալիս: Բարձրությունը, որի վրա էր գտնվում բիծը արդեն բավականին շատ էր: Վերադարձավ ավտոտնակ: Դժվարությամբ ծանր աթոռակը քաշեց բծի տակ, աթոռակից բարձրացավ և հիմա բիծը աչքերի առջև ալիքվում էր: Ինքն իր սրտում ասաց. «Օձաձկան նման»: Լաթը գրպանից հանեց ու քաշեց բծի վրա, այս անգամ շատ դժվարությամբ և ուժով կարողացավ բիծը պատի վրայից մաքրել:
Երբ գործը վերջացրեց, բծի մակերեսի չափ պատի վրա անցք էր առաջացել: Սրտի մեջ ասաց. «Նման է սուփրա ձկան»: Անցքի մյուս մասում հյուրասենյակի պատն էր և նախասենյակի պատից մի կտոր: Նկարի շրջանակը դիմացից էր տեսնում՝ ճիշտ իր աչքերի ուղղությամբ: Նախքան այդ միշտ ներքևից էր տեսել: Շրջանակի նկարի մեջ հայրիկը լոռի թաղիքե գլխարկ ուներ գլխին: Մեջքին շալ էր կապել ու ուսերին կապա էր գցել և ունքերը իրար մեջ կապ էին ընկել: Բայց ժպտում էր, և հարսի ձեռքը իր ձեռքում էր: Մայրիկն էլ համեստ ամոթխածությամբ գլուխը կախել էր, անհայտ՝ բան էր որոնում գետնի վրա:
Հաջորդ օրը բծերը մեծ ու ավելի մեծ էին դարձել: Մի ուրիշ բիծ էլ լաթով մաքրեց, մյուսների համար տրամադրություն չուներ: Գնաց բակ: Ոտքը դրավ քայլակի վրա ու շարժեց: Դժվարությամբ էր առաջ գնում: Դեռ անիվները սահուն չէին: Այսպես պարտվող կլիներ: Մյուս երեխաներից ավելի ուշ զառիվայրի վերջին կհասներ: Վերադարձավ ավտոտնակ, պտուտակի ու մանեկի սնդուկի տակից տավութի տուփը դուրս քաշեց:
Երբ ավտոտնակից դուրս եկավ, նկատեց նախասենյակի պատը այլևս չկա: Կարծես պատը ջուր էր դարձել ու գետնի մեջ մտել: Սենյակի պատն էլ մինչ կես ջուր էր մտել: Կարողանում էր իր անկողինը սենյակի անկյունում տեսնել: Մաթեմատիկայի ու գիտությունների գրքերը գետնին ցիր ու ցան էին: Մի պահ ծոծրակը քորեց ու անթարթ նայեց անհետացած պատերին: Քիչ հետո ուշադրություն շեղեց: Գնաց դեպի իր քայլակը ու անիվներին տավոտ շփեց:
Առավոտյան արթնացավ ուղի աչքերի վրա ընկնող արևի լույսից: Հայրիկի հազերի ձայնը նախորդ օրվանից ավելի թեթև էր: Մայրիկի բաժակ-պնակի շփումը ևս հանդարտ էր ականջի հասնում: Կարիք չկար սենյակի դռնից դուրս պրծնել, նախասենյակ մտնել, և դեպի դուռը գնալ ու այնտեղից բակ մտնել, բակը ուղիղ աչքի առաջ էր: Գնաց դեպի իր քայլակը: Ծալապատիկ նստեց հարթ տախտակի վրա, ձեռքերը երկու կողմից կպցրեց գետնին ու դեպի հետ հրեց: Քայլակը մեկ-երկու մետր առաջ գնաց, ղըժ-ղժոցի ընկավ ու կանգ առավ: Երեսն ի վայր հենեց պատին ու նայեց տանը: Բիծը տան առջևի պատի ամբողջ մակերեսը ծածկել էր: Աթոռակը դրեց ոտքի տակ ու սկսեց մեծ բիծը մաքրել: Մաքրելը մինչև երեկո տևեց:
Գիշերը քնելու ժամանակ, երկնքին նայեց: Աստղերի բազմությունը գիշերը խատուտիկներ էին դարձել: Սրտում ասաց. «Նման է վագրակատվի»: Աշխատեց մի քանի իրար մոտ աստղերի միջև կապ ստեղծել ու պատկեր ստեղծել: Հետո սկսեց աստղերը հաշվել: Այնքան շատ էին, որ չհասկացավ, երբ քնեց:
Արեգակը ուղիղ ճառագայթում էր: Ինչպես միշտ անձրևից ոչ մի լուր չկար: Երբ դուրս եկավ, քայլակը վերցրեց ու աչքերը հառեց խոհանոցի պատին: Հայրիկի չոր հազալու ձայնը ու մայրիկի բաժակ-պնակի ձայնը լսեց: Նայեց ավտոտնակին, բիծը ավելի մեծ ու ավելի սև էր նախկինից, ամբողջ ավտոտնակի մակերեսը, խոհանոցն ու շտեմարանը ծածկել էր: Քայլակը դրեց ոտքի տակ ու ծալապատիկ նստեց: Ղըժ-ղըժ ձայն տվեց և նախկինից ավելի դանդաղ շարժվեց: Գնաց դեպի ավտոտնակ: Նորից տավութի տուփը դուրս քաշեց ու վերադարձավ բակ և տուփը դրեց քայլակի վրա: Հետո լաթը գետնից վերցրեց ու սկսեց տարածված բիծը ավտոտնակից մաքրել: Գիշերը ավելի շուտ քնեց: Առավոտյան օդը մի քիչ ավելի հով էր նախորդ օրվանից: Շեկը տրորեց ու գնաց զուգարան: Երբ վերադարձավ՝ նայեց տանը, ոչ մի հետք չկար: Մաքուր-մաքուր: Ոչ իր սենյակը, ոչ խոհանոցը և ոչ ավտոտնակը: Իր սրտում ասաց. «Ծովի նման»: Այն վերջավորությունում, այնտեղ, որ նախկինում չէր երևում, հիմա կարող էր նավթի հորերի կրակը տեսնել ու կրակի տոթի ջերմությունը զգալ: Սրտում ասաց. «Ընձուղտի վզի նման է»: Ծոծրակը քորեց ու գնաց դեպի քայլակը: Անիվները մի անգամ էլ տավութով շփեց: Նստեց ու ձեռքերով գետնին սեղմեց: Քայլակը, դանդաղ ու հոսող և առանց բթանալու կամ ձայն հանելու, քանի մետր առաջ գնաց: Նորից նայեց տանը: Ոչ մի հետք չկար: Եղունգով ծոծրակը քորեց և հետո էլեկտրոլարին նայեց: Ճնճղուկները լուռ շարքով նստել էին: Երեխան նրանց ծվծվոցի ձայնը լսեց: Այս ձայնն էլ էր նրան դուր գալիս: Նորից տանը նայեց, ոչինչ չտեսավ: Մի պահ հայրիկի նվվոցի և կտոր-կտոր ու չոր հազալու ձայնը լսեց և մայրիկի բաժակ-պնակների իրար քսվելու ձայնը: Աչքերը չռվեց, քանի պահ սևեռած տան դատարկ մնացած տեղին նայեց: Անօգուտ էր: Նվազագույն հետք նախկինից գոյություն չուներ: Ծոծրակը քորեց: Կռացավ, քայլակը վերցրեց և տանից դուրս պրծավ: Ինքն իրեն ասաց. «Այս անգամ ավելի հանգիստ մտքով փողոցի զառիվայրից ներքև կգնամ և մյուս երեխաներին հետևում կթողնեմ»: Բակի դռնից դուրս եկավ և պողոտային նայեց: Թեքության վրա ձեռքի ափի չափ մի բիծ տեսավ: Մի քանի վայրկյան ակնբախ նայեց: Ծոծրակը ամեն անգամվանից ավելի երկար քորեց: Հետո քայլակը գետին դրեց: Վերադարձավ բակ, որ լաթը բերի ու բիծը մաքրի:

Թարգմանությունը պարսկերենից՝ Անի Հովսեփյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *