«Ահմադ Նուրիզադեն աշխարհում միակ օտարազգի հայագիր բանաստեղծն է, որն իր իսկ հայրենիքում` Իրանում, քարոզում է հայ մշակույթն ու գրականությունը»,- նշեց Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հոկտեմբերի 6-ին պարսիկ բանաստեղծ եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադեի «100 տարի հայ բանաստեղծություն», «Բարեւ ձեզ հայեր» եւ «Մենության գիշեր ու երազանքներ» գրքերի շնորհանդեսին:Վերջին երկու գրքերում ներկայացված են Նուրիզադեի հայերեն լեզվով գրված բանաստեղծությունները:
Լ. Անանյանը նշեց, որ Նուրիզադեի թարգմանությունները հայերենից պարսկերեն տասնյակ հատորներ են կազմում: Ըստ նրա, իրանական մամուլի էջերը եւս ողողված են Նուրիզադեի հետ հարցազրույցներով, եւ բոլոր հրապարակումների առանցքում հայ մշակույթն է, հայ ժողովուրդը եւ երկու երկրների դարավոր բարեկամությունը:
«Հայերն ու պարսիկներն ունեն գրեթե նույն սովորույթները եւ կարեւորում են ազգային ավանդույթների պահպանումը: Նուրիզադեն փորձում է հայկական ազգային արժեքները մատուցել իր ժողովրդին եւ դրանով իսկ ջնջում է այն սահմանները, որ կան երկու երկրների միջեւ»,- նշեց Լ. Անանյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ շուտով կհրատարակվի պարսիկ գրողի հայերենով գրված բանաստեղծությունների երրորդ հատորը:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Ռեզա Աթուֆիի խոսքերով, հայկական եւ իրանական մշակույթները գալիս են դարերի խորքից, եւ նույնիսկ որոշ չափով ազդեցություն են ունեցել աշխարհի այլ քաղաքակրթությունների վրա: Ռ. Աթուֆին գտնում է, որ չնայած երկու երկրների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի, այդուհանդերձ, հայ-իրանական համագործակցության շրջանակները պետք է էլ ավելի ընդլայնել:
Սիրիայի մէջ կայ նաեւ այլ օտարազգի հայագիր բանաստեղծ մը, որուն անունը Նիզար Խալիլի է: Ան նաեւ Հայերէնէ Արաբերէնի թարգմանած է զանազան հայ գրողներու ստղծագործութիւններ, որոնց ամէնա յայտնին «Նարեկ» մատեանն է: