Ահմադ Դեհղանն իրանական նորագույն շրջանի արձակի նշանավոր ներկայացուցիչներից է։ Ծնվել է 1966թ. Իրանի Քարաջ քաղաքում։ Մասնակցել է Իրան-իրաքյան պատերազմին (1980-1988թթ․), և նրա ստեղծագործությունները գերազանցապես գրվել են պատերազմի թեմատիկայով։ «Փակուղի» պատմվածքը տեղ է գտել հեղինակի «Ես եմ Ձեր որդու դահիճը» խորագրով պատմվածաշարում։
Հարգելի՛ պարոն քննիչ, ես իմ ողջ ասելիքը նախապես ասել եմ, ցուցմունքներում էլ վկայված է։ Այն ամենը, ինչ կապված է այդ երկու ինքնասպանությունների հետ, գրել եմ։ Խոբ[1], Ամիր Հոսեյնն ու Մարիամն իմ թոռներն էին։ Այն գիշեր ես տանը չեմ եղել, երբ դա տեղի է ունեցել։ Գնացել էի իհյա։[2] 21-րդ գիշերն էր։ Հենց այն մզկիթը, որ ամեն գիշեր գնում եմ նամազի։
Խոբ, այո՛, նրանք երկուսն էլ ծոմի մեջ էին։ Ծոմը բացեցինք, դրանից հետո ես գնացի։ Ժամը չեմ հիշում՝ քանիսն էր, երբ վերադարձա ու տեսա՝ երկուսն էլ սենյակի մեջտեղում ընկած են։ Գազի միջոցով ինքնասպան էին եղել։ Թե որտեղից էին սովորել, Աստված գիտի։ Նրանցից լսել էի, որ նախկինում մեկն էլ է այդպես իրեն սպանել, համա քաղաքական գործիչ էր, թե գրող, չեմ հիշում։ Սիրտ էլ չի մնացել՝ անունները մտաբերելու։
Այո՛, սկզբից պատմեմ։ Որտե՞ղից սկսեմ։ Ինչ հարց ուզում եք՝ տվե՛ք, կպատասխանեմ։ Ուզո՞ւմ եք հենց այն տարիներից սկսեմ, երբ այս խոլերան ընկավ մեր տուն։ Իրարանցումների ժամանակներն էին, կինս մահացավ։ Նոր էի թոշակի անցել և եկել Թեհրան. հենց նույն «Փակուղի» փողոցում, որ հիմա ապրում եմ, տուն գնեցի։ Ասացի, որ զինվորական եմ եղել, ժանդարմերիայի սպա և երեսուն տարի պատվով ծառայել եմ հայրենիքիս։ Այո՛, Սպահանում, Շահր-է Քորդում, Յասուջում և Խուժաստանում ոստիկանական բաժանմունքի պետն եմ եղել։ Այո՛, այո՛, շարունակեմ. իրարանցումների ժամանակահատվածում կինս մահացավ։ Շահրիվարի 17-ին[3] գնացել էր ցույցի, դրա մասին հաստատ լսած կլինեք։ Իհարկե, կարծում եմ, երիտասարդ եք և անձամբ չեք հիշի: Ժալեի հրապարակի հայտնի սպանությունների ժամանակ այնտեղ է եղել։ Հենց ինքն ասաց՝ ժողովրդի մեջ էի։ Գիշերը կաթվածահար եղավ և մահացավ։
Այո՛, ինքս էլ լսել եմ՝ հիմա էլ ոմանք ասում են՝ Սամի ու Նարիմանի մայրն էլ է ինքնասպան եղել, ինչը ոտքից գլուխ սուտ է։
Ո՛չ, պարո՛ն, ընդհանրապես, ես այդ ժամանակ թոշակառու էի դարձել և վերադարձել այստեղ։ Ո՛չ, պարո՛ն քննիչ, գիշերը քնեց և առավոտյան չարթնացավ։ Բժիշկներն էլ էին ասում՝ սրտի կաթված է ստացել։
Խոբ, այդ ժամանակ երկու երեխաներս էլ մեծ էին։ Միայն երկու տղա ունեի։ Սամը երեք-չորս տարով Նարիմանից մեծ էր։ Հենց այդ ժամանակներից տարված էր հեղափոխական քամիներով։ Ամեն օր ցույցերի մեջ էր։ Նույնիսկ, երբ մայրը ինֆարկտ խփեց, չդադարեցրեց։ Հետո հրացանը ձեռքը վերցրեց ու փողոցում հսկողություն էր իրականացնում։ Խոբ, ի՞նչ եմ իմանում, պարոն ջան, այդ տեղերից Միթրային գտավ։ Ես ընդհանրապես համաձայն չէի։ Եկավ, ասաց՝ մի բարեպաշտ քույրիկ կա, որի հետ ուզում է ամուսնանալ։ Ես էլ վրա պրծա, թե որդի՛ ջան, ախր, մարդն իր քրոջ հետ հո չի ամուսնանում։
Ասածներս չլսեց ու չլսեց։ Երկու ոտքը մի կոշիկի մեջ էր դրել, թե նրան եմ սիրում։ Երբ համակերպվեցի, ասաց, որ ուզում է հարսանյաց արարողությունը մզկիթում անել։ Ասացի՝ ախր, ա՛յ խելոք, մզկիթը սգո արարողությունների վայր է, ոչ` հարսանիքի։ Չընդունեց ու չընդունեց։
Ընկերներին հրավիրել էր, հարազատներից ոչ ոք չեկավ։ Հավատացե՛ք, հարգելի պարո՛ն քննիչ, ի սկզբանե, հարազատներն այս թեմայով երբեմն կշտամբում էին ինձ։
Ասացի, որ նրա ընկերներից մի քանիսը եկել էին։ Իր խոսքերով ասած՝ քույրերն ու եղբայրները։ Նրանք երկուսն էլ այն ալաֆռանգի հագուստներից էին հագել, և ձեռքների հրացանը մեկ էր։ Ո՛չ, նրանց բոլոր նկարները պատռել եմ։ Միթրայի մահից հետո չէի ուզում նկարներն աչքովս ընկնեն։
Նրանց բերեցի իմ տուն։ Այո, հենց այն տունը, որ դուք էիք եկել։ Հենց այն դռան առջևի սենյակը դատարկեցի, տվեցի։ Այն զինվորական ներքնակներից փռեցին հատակին և չորս հատ գրքով ու երկու ձեռք հագուստով սկսեցին իրենց կյանքը։ Ես ընդհանրապես նրանց հետ չէի առնչվում։ Ասես, մի տնից չլինեինք։ Ձեզանից ինչ թաքցնեմ, նույնիսկ այդ աղջկա՝ Միթրայի բարևին չէի արձագանքում։ Նարիմանը Սամի հակապատկերն էր։ Ո՛չ, պարո՛ն, բացարձակ այս ամենի հետ կապ չուներ։ Սամը շատ էր ուզում նրան էլ իր ետևից տանել, բայց չգնաց։ Տարված էր գիր ու գրականությամբ։ Սամի հետ էլ այդքան շփում չուներ։
Պատերազմը երբ սկսվեց, Սամը մեկնեց ռազմաճակատ։ Վերադարձավ, ապա նորից գնաց։ Ամիր Հոսեյնն այդ ընթացքում ծնվեց։ Հիմա օրն ու ամիսը ստույգ չեմ հիշում։ Կարող ենք նրա անձնագրում նայել։ Սամը մարտի դաշտում էր, երբ նա ծնվեց։ Որ ճիշտն ասեմ, նույնիսկ չէի ուզում այդ աղջկան՝ Միթրային հիվանդանոց հասցնել։ Սամը, որ որդիս էր, ի՞նչ խեր էի նրանից տեսել, որ թոռիցս պիտի տեսնեի։ Բայց, խոբ, անցնենք առաջ։
Պատերազմը, որ սկսվեց, մյուս որդիս՝ Նարիմանն, ավելի միտվեց կրթությանը։ Ուզում էր, ինչ գնով էլ լինի, համալսարան գնալ և զինծառայությունից ազատվել։ Եթե համալսարան չընդունվեր, նրան կտանեին բանակ։ Պատերազմական պայմաններում ծառայելն էլ, Աստված վկա, ինձնից լավ գիտեք՝ ինչ է։ Եթե չեմ սխալվում 1361/1982 թվականն էր, երբ ասացին՝ ցանկանում են հաջորդ հարձակմամբ Խորրամշահրն ազատագրել։ Կհիշե՞ք, որ ասածս քույրերի ու եղբայների անվանման նման, այդ տարիներին Խորրամշահրի անունն էլ փոխվել, դարձել էր Խունինշահր:[4] Այո՛, խոբ։ Ծառայությանս վերջին երկու տարին այնտեղ է անցել։ Խինի բաժանմունքում՝ Խորրամշահրի մոտակայքում։ Գիշերները գալիս էինք Խորրամշահր և գնում Քարուն գետի ափ՝ կամրջի մոտ։ Ժամանակ էինք անցկացնում, պարո՛ն ջան։
Ռադիոն սկսեց «մարշ տալ», որից հետո դիակներ էր, որ մարտի դաշտից ուղարկվում էին. մի փողոց չէր գտնվի, որտեղ սգո պաստառ չլիներ։ Այդ Միթրան՝ հարսս, անհանգստությունից տվայտվելով, այս ու այն կողմ էր գնում։ Սամի մահվան բոթն էլ լուր բերող ծառայողները բերեցին։ Երեք հոգի էին՝ երկու կին, մի տղամարդ։ Արդեն պարզ էր՝ ինչի համար էին եկել։ Եկան, նստեցին սենյակում, կանանցից մեկն սկզբում ինչ-որ բան ասաց, իսկ հետո տղամարդը շարունակեց, որ նրանց խումբը սահմանին նախատեսվածից ավելի առաջխաղացում է ունեցել, և բոլորը կոտորվել են։ Անգամ դիերը չեն կարողացել վերադարձնել։
Նրանք դեռ դռնից դուրս չէին եկել, եղբայրները եկան, փողոցը ճրագներով լուսավորեցին և դրոշակ խփեցին։ Տեսնո՞ւմ եք, պարո՛ն, ճակատագրի խաղը։ Մզկիթում հարսանիք արեց ու խուրմա բաժանեց, և սգի պահին նրա համար փողոցը լուսավորեցին ու մարդկանց շարբաթ բաժանեցին։ Մի քանի օր հետո էլ մի ցուցանակ բերեցին, փակցրին մեր փողոցի գլխին, և մեր «Փակուղի» փողոցը կոչվեց «Շահիդ Սամի» անունով։
Մի քանի անգամ գնացի, թե պարո՛ն ջան, ես զինվորական եմ և այդ տեղանքին լավ ծանոթ եմ, գոնե թո՛ւյլ տվեք՝ գնամ որդուս մարմինը բերեմ։ Չհամաձայնեցին։ Խոբ, դրանից հետո էլ ոչինչ չարեցի։ Մարդկանց վերաբերմունքն էլ էր փոխվել։ Երեկոները գնում էի մզկիթ, նամազ անում ու վերադառնում։ Սամի մահվան առաջին տարելիցը երբ լրացավ, մզկիթի աղոթք կարդացող հոգևորականն ինձ ձայն տվեց ու ասաց, որ Սամի կինը չպետք է մինչև կյանքի վերջն այրի մնա։ Նաև նշեց, որ շահիդի եղբայրը լավագույն մարդն է, որ կարող է նրա կնոջն ու որդուն՝ Ամիր Հոսեյնին, տիրություն անել։ Խոբ, սկզբում համաձայն չէի, բայց հետո, երբ մտածեցի, հասկացա, որ գոնե այդպես թոռս չի ընկնի սրա-նրա ձեռքը, համաձայնեցի, նրանք Նարիմանի հետ խոսեցին, այնպես ստացվեց, որ Նարիմանն ու Միթրան ամուսնացան։ Եթե չեմ սխալվում, հաջորդ տարվա շահրիվար ամսին Մարիամը ծնվեց։ Նարիմանը Սամի շնորհիվ ծառայությունից ազատվեց և հաջորդ տարի մաթեմատիկայի ուղղվածությամբ համալսարան ընդունվեց։ Շատ շուտով հաջողություններ գրանցեց ու դարձավ գրասենյակի ղեկավար։ Պարո՛ն քննիչ, Նարիմանն ընդհանրապես Սամի նման չէր, ուշիմ տղա էր, շատ ափսոս էր։
Խոբ, 1369/1990 թիվն էր, երբ ասացին` որոշված է՝ ռազմագերիներին վերադարձնում են։ Երկու տարի էր լինում, ինչ պատերազմն ավարտվել էր։ Մի գիշեր, երբ մզկիթից վերադառնում էի, փողոցում մթության մեջ նկատեցի, որ կանայք հավաքվել են իրար գլուխ ու քչփչում են։ Երբ անցա, սսկվեցին, բայց նրանցից ոչ մեկն ինձ որևէ բան չասաց։ Հավանաբար, Նարիմանն ու Միթրան էլ լուր ունեին, որ երկու-երեք օր բանտարկվել էին սենյակում։ Այո՛, լուր բերեցին, որ Սամը գերի է եղել և, ըստ որոշման, ազատ է արձակվել։ Դռան առաջ շիվարել-մնացել էի, չէի իմանում՝ ինչ անել։ Ոչ մեկն էլ մի ճանապարհ ցույց չէր տալիս։ Ուղիղ մեհրի 26-ի գիշերն էր, երբ եկավ։ Ալեխառն մազերով, հյուծված տեսքով, և ձեռքերը դողէրոցքի մեջ գտնվող մարդու ձեռքերի պես դողում էին։
Մարդիկ հավաքվեցին փողոցում, որևէ մեկի մտքով չանցավ գոնե այդ ցուցանակը պոկել։ Սամին մեքենայից իջեցրին և հանդիսավոր կերպով ուղեկցեցին մինչ դուռը, բայց ոչ ոք ներս չեկավ։ Ասես, ուզում էին մեզ ուղարկել ներս ու գլուխներն ազատել։
Հենց այդպես էլ արեցին։ Այո՛, այո՛, ասում եմ։ Նստեցինք սենյակում։ Իրարից հեռու-հեռու։ Խեղճ Նարիմանն ու այդ աղջիկը՝ Միթրան, գլուխները կախ էին գցել։ Սամը մի ոտքին նստեցրեց Ամիր Հոսեյնին, մյուս ոտքին՝ Մարիամին։ Այդ ժամանակ, ենթադրում եմ, Ամիր Հոսեյնը ութ տարեկան էր, իսկ Մարիամը՝ գուցե հինգ։
Սամը սկսեց շոյել երեխաներին։ Քանի տարի իր հայրենիքից ու զավակից հեռու էր եղել։ Հետո հարցրեց՝ այս աղջնակն ո՞վ է։ Ամիր Հոսեյնը բերանը բացեց, որ ասի՝ քույրս, երբ Միթրան, խուճապահար կտրելով նրա խոսքը, ասաց՝ եղբորդ՝ Նարիմանի երեխան է։ Սա լսելով՝ Սամը սկսեց համբուրել ու փաղաքշել Մարիամին, և եղբորը շնորհավորելով, հարցրեց՝ բա, կինդ ու՞ր է։ Այս բառերից հետո, հավատացեք, պարոն քննիչ, եթե անգամ Սամը Նարիմանին չսպաներ, Նարիմանն ինքնասպան կլիներ։ Նույնը և Միթրան, պիտի այնտեղ լինեիք ու նրանց դեմքերը տեսնեիք, երեսների գույնը մեռելի երես էր հիշեցնում։ Խոբ, բաբա, մի կերպ պատմեցի եղելությունը։ Ասացի՝ լուր բերեցին, թե զոհվել է, հետո պատմեցի շարունակությունը։ Ուրիշ բան չէր լինի անել։ Մեկ է, վաղ թե ուշ գլխի կընկներ։ Ես չասեի, մեկ ուրիշը կասեր։ Լավ, մնացած դեպքերն էլ, որ նախապես ասել եմ, էլ չպատմեմ, ուզում եմ շուտ հասնել այս Ամիր Հոսեյնի ու Մարիամի ինքնասպանությանը։ Խոբ, եթե ուզում եք պատմեմ, կպատմեմ։
Սամն սկզբում ոչինչ չէր ասում, միայն ինձ էր նայում։ Այնպիսի հայացքով, որ թվում էր՝ քիչ է մնում մեռնի։ Կես ժամ էր՝ հայացքը հառել էր իմ ուղղությամբ, ապա՝ Ամիր Հոսեյնի ու Մարիամի, ապա՝ Նարիմանի և Միթրայի։ Հայացքն այնքան սարսափազդու էր դարձել, որ Ամիր Հոսեյնը վախեցավ և մորն ամուր գրկեց։ Այնուհետ Սամը վեր կացավ, գնաց խոհանոց ու վերադարձավ։ Խոհանոցի բանջարեղեն կտրատելու դանակներից մեկը վերցրել էր ձեռքը։ Շիվարել, մնացել էի. ի՞նչ է պատրաստվում անել, գնաց, նստեց Նարիմանի կրծքին և առանց որևէ բան ասելու դանակը մխրճեց նրա սիրտը, այն էլ ոչ մեկ անգամ, հինգ անգամ։ Ամեն բան վկայված է դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ։
Միթրան ճչաց։ Ամիր Հոսեյնը լաց եղավ, և ես մինչև ձեռքս պատին հպելով վեր կկենայի, գործն ավարտին հասցրեց։ Նարիմանի գլուխը վերևից ներքև պատառոտեց և տնից դուրս թռավ։ Այո, աշխատողները եկան, նրա մարմինը տարան։ Սամի նկարն էին փնտրում։ Նրա՝ մինչ գերությունն ունեցած նկարների ալբոմից վերցրին։ Մի քանի բան էլ հարցրին ու գնացին, որ առավոտյան վերադառնան։
Նույն գիշերը Միթրան ինքնասպան եղավ։ Նրա անշնչացած մարմինն իր սենյակի մեջտեղում գտանք։ Առավոտյան Ամիր Հոսեյնը եկավ ու ասաց, թե մայրիկը քնել է ու վեր չի կենում։ Մարմինը սենյակի կենտրոնում ընկած էր։ Այո՛, դիահերձարանում ասացին՝ մի բուռ դեղ է խմել և ինքնասպան եղել։ Խոբ, դրանից հետո մնացել էինք ես, այդ աղջնակն ու տղան։ Ասացի՝ նրանց կմեծացնեմ զավակներիս հուշերով։ Թեև մի քանի օր անց փողոցում տեսա՝ տղայիս անվան վրա ներկ են լցրել։ Ոչ, ցուցանակը չէին պոկել, վրան ներկ էին շաղ տվել։ Երեխաները, որ մեծացան, մարդիկ սկսեցին խոսել, քչփչալ։ Այսինքն՝ ինքս էլ հասկանում էի, որ Ամիր Հոսեյնի ու Մարիամի ետևից բամբասում էին։ Քիչ-քիչ երեխաներն էլ զգացին։ Ամաչում էին փողոց դուրս գալ։ Տուն էլ որ գալիս էին, փակվում էին սենյակում։ Ո՛չ, պարո՛ն քննիչ, ընդհանրապես անցյալի մասին չէինք զրուցում։ Նույնիսկ մեկ անգամ Սամի ու Նարիմանի կամ Միթրայի անունը չենք լսել։ Առհասարակ, ասես նրանց անուններն արգելված պտուղ լինեին։ Ամիր Հոսեյնը քսան տարեկան էր, իսկ Մարիամը՝ տասնյոթ։
Պարո՛ն քննիչ, չգիտեմ՝ ինչպես եղավ, որ այս խոլերան ընկավ մեր տուն։ Կեսգիշեր էր, երբ իհյայից վերադարձա։ Բանալին երբ մտցրեցի դռան մեջ, զգացի՝ գազի հոտ է փչում։ Լույսը չվառեցի, դռները բացեցի ու գազի փականը փակեցի։ Հետո, երբ լույսը վառեցի, տեսա բուխարու խողովակը հանել են, ու գազի փականը բաց է։ Ներս գնացի ու տեսա նրանց անշնչացած մարմինները՝ կողք կողքի ընկած։
Այո՛, պարո՛ն քննիչ, տանն եմ լինում։ Միայն այսօր՝ մայրամուտին, կգնամ գերեզմանոց ու կվերադառնամ։ Այսօր կնոջս մահվան տարելիցն է։ Քսանհինգ տարի առաջ մահացավ։ Հետո կվերադառնամ տուն։ Համեցե՛ք, աչքիս վրա, այո՛, նրանց սենյակի դուռը բաց է։ Մի երկու գիրք կա ու մի քանի արդ ու զարդ։ Եթե տանը չլինեմ, բանալին կտամ հարևաններին։ Ինքներդ դուռը բացե՛ք ու նե՛րս մտեք։ Խոբ, որտե՞ղ պետք է ստորագրեմ։
Թարգմանությունը պարսկերենից՝ Վարսինե Մակարյանի
[1] Ծանոթագրություն։ Խոսակցական պարսկերեն բառ է, այս համատեքստում նշանակում է լավ։
[2] Ծանոթագրություն։ Շիայական-կրոնական արարողություն է, որն իրականացվում է ռամադան ամսվա 19-ի, 21-ի և 23-ի գիշերը։
[3] Ծանոթագրություն։ Խոսքը վերաբերում է 1978թ. սեպտեմբերի 8-ին Թեհրանի Ժալեի հրապարակում տեղի ունեցած հակաշահական ցույցին, որը շահական վարչակարգի կողմից ճնշվեց բռնի կերպով։ Այդ ցույցի ժամանակ զոհվեցին տասնյակ մարդիկ, և այն պատմության մեջ մտավ “jome-e siāh”-«սև ուրբաթ» անվամբ։
[4] Ծանոթագրություն։ Xuninšahr-արյունոտ քաղաք։