Ինչպես գրում էր Խ. Լ. Բորխեսն իր՝ Ակուտագավային նվիրված կարճառոտ-հիանալի էսսեում. «Հստակորեն տարբերակել արեւելյանն ու արեւմտյանն Ակուտագավայի պարագայում, թերեւս, անհնար է, եւ հենց եզրերն էլ, ի վերջո, միմյանց չեն բացասում` քրիստոնեությունը, որը սեմիտների ժառանգությունից է ծագում, այսօր բնորոշում է Արեւմուտքը: Եվ, համենայն դեպս, ես չէի վիճի այն պնդման դեմ, թե Ակուտագավայի թեմաներն ու զգացմունքներն արեւելյան են, իսկ պոետիկայի որոշ հնարքներ` արեւմտյան: Այսպես օրինակ` «Կեսա եւ Մորիտո» եւ «Ռասյոմոնի դարպասը» նովելներում մեր առջեւ տարբեր հերոսների պատմած միեւնույն սյուժեի մի քանի տարբերակներն են, հնարք, որը գործածել է Բրաունինգը «Մատանին եւ գիրքը» երկում:Ընդհակառակը, մի տեսակ թաքուցյալ տրտմությունը, ուշադրությունն առ արտաքինը, նրբագծի թեթեւությունը, ինձ թվում է` ամենայն թարգմանության անխուսափելի թերացումների հետ մեկտեղ, տիպիկ ճապոնական հատկանիշներ են: Ակուտագավայի էջերում սփռված է անսովորն ու զարհուրելին, սակայն ոչ նրա ոճում, որը միշտ պահպանում է թափանցիկությունը»:
Եվ փոքր-ինչ առաջ ընթանալով՝ հավելում է. «Ես կասեի, որ երկու մշակույթների հանդիպումն անխուսափելիորեն ողբերգական է: 1868 թվականին ձեռնարկած ցատկից հետո Ճապոնիային հաջողվեց դառնալ խոշորագույն ռազմական տերություններից մեկը, պարտության մատնել Ռուսաստանին, եւ դաշինք կնքել Մեծ Բրիտանիայի եւ Երրորդ Ռեյխի հետ: Հրաշքի հանգույն նորոգմանը հետեւեց, բնականաբար, կործանարար եւ տանջալից հոգեւոր ճգնաժամը: Այդ կերպափոխության հանճարներից եւ զոհերից մեկը դարձավ 1927 թվականի հուլիսի 24-ին կյանքից հեռացած Ակուտագավան»:
Այս պատմվածքի հերոսին կոչում են Օսինո Խանձաբուրո: Ցավոք, նա ոչնչով նշանավոր մարդ չէ: Նա «Միցուբիսի» ընկերության պեկինյան բաժանմունքի ծառայող է, եւ մի երեսուն տարեկան է: Առեւտրական ուսումնարանն ավարտելուց մեկ ամիս անց Խանձաբուրոն Պեկինում գործի անցավ: Ընկերներն ու ղեկավարությունը նրա մասին արտահայտվում էին չէ թե լավ, բայց եւ չի կարելի ասել, թե վատ: Միջակություն, անգունություն` ահա թե ինչն է բնութագրում Խանձաբուրոյի արտաքինը: Հավելեմ, որ այդպիսին էր նաեւ նրա ընտանեկան կյանքը:
Երկու տարի առաջ Խանձաբուրոն ամուսնացավ մի օրիորդի հետ: Նրա անունը Ցունեկո էր: Եվ դա, ավաղ, սիրո ամուսնություն չէր: Դա ամուսնություն էր, որ բարեկամներն էին գլուխ բերել: Խանձաբուրոյի բարեկամները` տարեց ամուսիններ` միջնորդի միջոցով: Ցունեկոյին չէր կարելի գեղեցկուհի անվանել, չէր կարելի նաեւ այլանդակ կոչել: Նրա թմբլիկ այտերի վրա միշտ խայտում էր ժպիտը: Միշտ` բացառությամբ այն գիշերվա, երբ ննջավագոնում, Մուգդենից Պեկին վերադառնալիս, նրան կծում էին փայտոջիլները: Բայց դրանից հետո նա այլեւս փայտոջիլներից չէր վախենում: N փողոցի պետական բնակարանում նա «Պիրետրումի» երկու սրվակ էր պահում` միջատների դեմ միջոց, որը պատրաստում էր «Կոմորի» ֆիրման:
Ես ասացի, որ Խանձաբուրոյի ընտանեկան կյանքը լիովին սովորական էր, դժգույն, եւ, իրոք, այդպես էլ կար: Նա ճաշում էր Ցունեկոյի հետ, գրամոֆոն էր լսում, կինո էր գնում` այդքան բան, մի խոսքով, այնպիսի կյանք էր վարում, ինչպիսին եւ Պեկինի ամեն մի այլ ծառայող: Սակայն այդպիսի կենսակերպի դեպքում էլ նրանք չէին կարող փախչել ճակատագրի նախասահմանումներից: Մի անգամ հետմիջօրեին ճակատագիրը մեկ հարվածով խզեց այդ միջակ, անգույն կյանքի խաղաղ ընթացքը: «Միցուբիսի» ֆիրմայի ծառայող Օսինո Խանձաբուրոն կաթվածից մահացավ:
Այդ առավոտ Խանձաբուրոն, սովորականի նման, ջանադրաբար զբաղված էր թղթերով` իր ծառայողական սեղանի մոտ Դունդուանպայլոու շինության մեջ: Ասում էին, որ ծառայակիցները, որ նստած էին նրա դիմաց, ոչ մի արտառոց բան չէին նկատել: Սակայն, այն պահին, երբ նա, հավանաբար, ավարտելով իր թղթերից մեկը, բերանը ծխախոտ դրեց եւ ուզում էր լուցկին վառել` հանկարծ երեսնիվայր ընկավ ու մեռավ: Նա մահացավ ինչ-որ չափազանց հանկարծակի: Բայց, բարեբախտաբար, ընդունված չէ խիստ դատել այն մասին, թե ով ոնց է մեռել: Դատում են սոսկ այն մասին, թե ով ոնց է ապրում: Շնորհիվ դրա, Խանձաբուրոյի դեպքում էլ անցավ առանց առանձնահատուկ ասեկոսեների: Եվ բավական չէ, որ առանց ասեկոսեների, ղեկավարությունն ու ծառայակիցներն էլ Ցունեկոյին խորը կարեկցանք հայտնեցին: Ըստ Տունժեն հիվանդանոցի տնօրեն, պրոֆեսոր Յամայիի եզրակացության, Խանձաբուրոյի մահը վրա էր հասել կաթվածից: Բայց ինքը՝ Խանձաբուրոն, դժբախտաբար, չէր կարծում, որ դա կաթված է: Ամենից առաջ, նա նույնիսկ չէր մտածում, թե մահացել է: Նա միայն զարմացել էր այն բանից, որ հանկարծ հայտնվել էր ինչ-որ հիմնարկությունում, ուր նախկինում երբեք չէր եղել:
Հիմնարկի վարագույրները պատուհանների վրա տարուբերվում էին քամուց` արեւոտ օրվա ճաճանչների մեջ: Ի դեպ, պատուհանի ետեւում ոչինչ չէր երեւում… Սենյակի մեջտեղում միմյանց դիմաց նստած էին սպիտակ խալաթներով երկու չինացի եւ թերթում էին մատյանները: Մեկն ընդամենը 20 տարեկան էր, մյուսը, երկար դեղնած բեղերովը` ավելի տարեց:
Մինչ Խանձաբուրոն շուրջբոլորն էր զննում, քսանամյա չինացին գրիչը մատյանի վրա սահեցնելով, առանց հայացքը բարձրացնելու հանկարծ դիմեց նրան`
– Are you mister Henry Ballet, ar’nt you (Դուք միստր Հենրի Բալեթն եք, այդպես չէ՞):
– Ես «Միցուբիսի» ճապոնական ընկերության ծառայող Օսինո Խանձաբուրոն եմ,- ասաց նա:
– Ինչպե՞ս: Դուք ճապոնացի՞ եք,- համարյա թե վախեցած հարցրեց չինացին, վերջապես աչքերը բարձրացնելով: Երկրորդը` տարեց չինացին, որ սկսել էր մատյանի մեջ ինչ-որ գրառումներ անել, կանգ առավ եւ նույնպես շվարած նայեց Խանձաբուրոյին:
– Բա ի՞նչ անենք: Շփոթել ենք:
– Ա՛յ քեզ դժբախտություն: Ա՛յ քեզ իրոք որ դժբախտություն: Այսպիսի բան հեղափոխությունից ի վեր չէր պատահել:
Տարեց չինացին զայրացած էր երեւում: Գրիչը նրա ձեռքին դողում էր:
– Դե ինչ, արագ նրան տեղը վերադարձրու:
– Լսեք… Է՜յ…Պարոն Օսինո: Մի քիչ սպասեք:
Երիտասարդ չինացին բացեց նոր ստվար մատյանը եւ սկսեց մտքում ինչ-որ բան կարդալ, բայց անմիջապես, մատյանը փակելով, էլ ավելի վախեցած դեմքով դիմեց տարեց չինացուն.
– Անհնար է… Պարոն Օսինո Խանձաբուրոն մահացել է երեք օր առաջ:
– Երեք օր առա՞ջ:
– Այո… Եվ նրա ոտքերը քայքայվել են: Երկու ոտքն էլ քայքայվել են` զիստերից սկսած:
Խանձաբուրոն կրկին զարմացավ: Դատելով նրանց խոսակցությունից, առաջինը, նա մահացել էր, երկրորդ, նրա մահվանից ի վեր անցել է երեք օր, երրորդ, նրա ոտքերը քայքայվել են: Այդպիսի տխմարություն չի կարող պատահել: Իրոք որ, ահա իր ոտքերը… Եվ հազիվ էր նա նայել ոտքերին, երբ ակամա ճչաց: Եվ զարմանալի չէ` երկու ոտքերն էլ տեղը տեղին արդուկած ճերմակ շալվարով եւ սպիտակ ճտքակոշիկներով տարուբերվում էին պատուհանից փչող քամուց: Այդ տեսնելով, նա իր աչքերին չհավատաց: Ձեռք տվեց` իսկապես, ձեռք տալ նրա ոտքերին ազդրերից ու ավելի ներքեւ, նույնն էր, թե ձեռքերով օդ որսաս, Խանձաբուրոն այդպես նստած էլ մնաց: Հենց նույն պահին նրա ոտքերը, ավելի ճիշտ` շալվարը` փսկած ընկավ հատակին, հանց փուչիկ, որից օդը բաց էին թողել:
– Ոչինչ, ոչինչ, մի բան կմտածենք,- ասաց տարեց չինացին եւ նախկին բորբոքված տոնով դիմեց երիտասարդ ծառայողին`
– Այդ դու ես մեղավոր: Լսո՞ւմ ես: Դու ես մեղավոր: Պետք է անհապաղ զեկույց ներկայացնել: Ահա թե ինչ` որտե՞ղ է հիմա Հենրի Բալեթը:
– Ես հենց նոր պարզեցի: Նա շտապ մեկնեց Խանկոու:
– Այդ դեպքում Խանկոու հեռագիր ուղարկիր եւ ճարիր Հենրի Բալեթի ոտքերը:
– Ոչ, դա անհնար է: Մինչեւ Խանկոուից ոտքերը գան, պարոն Օսինոյի ողջ մարմինը կքայքայվի:
– Այ քեզ դժբախտություն: Ահա քեզ իրոք որ դժբախտություն:
Տարեց չինացին հոգոց հանեց: Նույնիսկ բեղերն ասես ավելի կախվեցին:
– Այդ դու ես մեղավոր: Պետք է անհապաղ զեկույց ներկայացնել: Ցավոք, հազիվ թե որեւէ մեկը մնացած լինի:
– Արդեն մի ժամ է, ինչ մեկնել են: Միայն մի ձի կա, բայց…
– Որտեղի՞ց է նա:
– Դեշեն-Մինի դարպասների ետեւի ձիու շուկայից: Հենց նոր սատկել է:
– Դե, ուրեմն տեղադրենք նրան ձիու ոտքերը: Համենայն դեպս, չեղածից լավ է: Մի բեր տեսնեմ այդ ոտքերը:
Քսանամյա չինացին ելավ սեղանի մոտից եւ սահուն հեռացավ: Խանձաբուրոն զարմացավ երրորդ անգամ: Դատելով այդ զրույցից, նրան, ոնց որ թե, ուզում են ձիու ոտքեր տեղադրել: Ձիու ոտքերով մարդ դառնալ` ինչպիսի սարսափ: Դեռեւս գետնին նստած, նա պաղատագին դիմեց տարեց չինացուն`
– Խնդրում եմ ձեզ, ազատեք ինձ ձիու ոտքերից: Ես ձիերին տանել չեմ կարողանում: Խնդրում եմ, պաղատում եմ ձեզ՝ հանուն ամենայն սրբազանի, ինձ մարդկային ոտքեր տեղադրեք: Դե, գոնե Հենրի-սանի ոտքերը, կամ այլ մեկի` միեւնույն է: Թող որ մի քիչ էլ մազոտ` ես համաձայն եմ, միայն թե դրանք մարդկային ոտքեր լինեն:
Տարեց չինացին կարեկցաբար նայեց Խանձաբուրոյին եւ գլխով արեց:
– Եթե միայն գտնվեին` կտեղադրեինք, բայց հենց մարդկային ոտքեր չկան, այնպես որ… ինչ արած, դժբախտություն է պատահել, հաշտվեք ճակատագրի հետ: Բայց ձիու ոտքերով ձեզ լավ կլինի: Միայն թե ժամանակ առ ժամանակ պայտերը փոխեք, եւ դուք հանգիստ կհաղթահարեք ուզածդ ճամփա, նույնիսկ սարերում:
Այդժամ նորից ինչ-որ տեղից սահուն հայտնվեց երիտասարդ չինացին` մի զույգ ձիու ոտք ձեռքին: Այդպես տղեկը հոթելում սապոգներն է բերում: Խանձաբուրոն ուզում էր փախչել: Բայց ավաղ, առանց ոտքերի ելնելն այդքան էլ հեշտ բան չէր: Այդ ընթացքում երիտասարդ չինացին մոտեցավ նրան եւ հանեց սպիտակ ճտքակոշիկներն ու գուլպաները:
– Ոչ, ոչ: Միայն թե ոչ ձիու ոտքեր: Եվ, վերջապես, ո՞վ իրավունք ունի նորոգելու իմ ոտքերն առանց իմ համաձայնության:
Քանի դեռ Խանձաբուրոն ճչում եւ բողոքում էր, երիտասարդ չինացին մի ձիու ոտքը խրեց շալվարի աջ անցքը: Ձիու ոտքն ասես ատամներով մխվեց աջ ազդրին: Այդժամ նա մյուս ոտքը տեղադրեց շալվարի ձախ անցքից: Այն էլ ամուր ամրացավ զիստին:
– Դե, ահա, լավ է:
Քսանամյա չինացին, գոհունակ ժպտալով, տրորեց երկար եղունգներով մատները: Խանձաբուրոն շվարած նայեց իր ոտքերին: Ճերմակ շալվարի տակից նշմարվում էին երկու հաստ աշխետի ոտքեր, երկու իրար կողքի կեցած սմբակներ:
Խանձաբուրոն հիշում էր լոկ այն, ինչ տեղի էր ունեցել մինչ այդ պահը: Համենայն դեպս, մնացյալը նրա հիշողության մեջ պահպանվել էր ոչ այդքան հստակ: Նա հիշում էր, որ ոնց որ թե կռվել էր այն երկու չինացիների հետ: Հետո ոնց որ թե թավալգլոր ընկել էր ուղղաձիգ աստիճանից: Բայց այդ ամենը նա շատ աղոտ էր պատկերացնում: Ինչ որ է, երբ նա տեսիլքների աշխարհում երկար դեգերելուց հետո խելքի եկավ, նա պառկած էր N փողոցի պետական սենյակում` դագաղի մեջ: Եվ դա դեռ քիչ է, հենց դագաղի առջեւ երիտասարդ քարոզիչը հոգեհանգստյան աղոթք էր կարդում:
Անշուշտ, Խանձաբուրոյի վերակենդանացումն այլազան ասեկոսեների առարկա դարձավ: «Ձյունտեն Նիպոն» թերթը տեղադրել էր նրա մեծադիր լուսանկարը եւ երեք սյունակով հաղորդագրություն էր հրապարակել: Ըստ այդ հաղորդագրության, Ցունեկոն իր սգազգեստով, առավել, քան սովորաբար` շողում էր ժպիտով, ղեկավարությունից եւ ծառայողներից մի քանի մարդ, իրենց վրա վերցնելով այժմ արդեն անպիտան հոգեհանգստյան ընծաների ծախսերը, հարություն առածի կապակցությամբ ընկերության հաշվին բանկետ էին կազմակերպել: Իհարկե, պրոֆեսոր Յամայիի հեղինակությունը կասկածի տակ առնվեց: Նա հայտարարեց, որ դա բնության գաղտնիքն է, որ բժշկությունը հասու չէ դրան: Միայն այս իրադարձությունների հանցավորի` հենց Խանձաբուրոյի դեմքին, նույնիսկ նրա հարությանը նվիրված բանկետին, ուրախության նշույլ իսկ չկար: Եվ զարմանալի չէ: Նրա ոտքերը հարության պահից փոխակերպվել էին ձիու ոտքերի, սմբակներով` մատների փոխարեն: Ամեն անգամ այդ ոտքերին նայելիս նա անասելի հուսահատություն էր ապրում: Եթե որեւէ մեկը պատահաբար տեսնի իր այդ ոտքերը, իրեն հենց նույն օրը ընկերությունից կհեռացնեն: Ծառայակիցներն, անշուշտ, կխուսափեն նրա հետ հետագա որեւէ շփումից: Եվ Ցունեկոն` օ՜հ, թուլություն, անունդ կին է, եւ Ցունեկոն կհետեւի նրանց օրինակին: Նա չի կամենա իր կողքին ամուսին ունենալ ձիու ոտքերով մի մարդու: Որքան շատ էր Խանձաբուրոն մտածում այդ մասին, այնքան ավելի ուժգին էր նրա մեջ ամրապնդվում ամեն գնով իր ոտքերը թաքցնելու որոշումը: Նա հրաժարվեց ճապոնական հագուստից: Սկսեց բարձրաճիտք սապոգներ հագնել: Պինդ փակում էր լոգասենյակի դուռն ու պատուհանները: Եվ, այդուհանդերձ, նա անընդհատ տագնապով էր համակված: Անշուշտ, ոչ իզուր: Ինչո՞ւ: Ահա թե ինչու…
Ամենից շատ Խանձաբուրոն զգուշանում էր ծառայակիցներին կասկածներ հարուցելուց: Գուցե, հենց այդ պատճառով, իր բոլոր տառապանքներով հանդերձ, համեմատաբար անկաշկանդ էր պահում իրեն: Սակայն, դատելով նրա օրագրից, նա մշտապես ստիպված էր լինում պայքարելու տարատեսակ վտանգների դեմ:
«… հուլիսի: Ճիշտ որ, երիտասարդ չինացին այլանդակ ոտքեր է տեղադրել: Դրանք կարելի է կոչել լվերի բուծարան: Այսօր ծառայության մեջ ոտքերս խենթանալու չափ քոր էին գալիս: Ամեն դեպքում, հարկ է որոշ ժամանակ ողջ ուժերը վատնել լվերի ոչնչացմանը…»:
«… օգոստոսի: Այսօր մի գործով գնացել էի կառավարչի մոտ: Խոսակցության ընթացքում կառավարիչն անընդհատ քիթը վեր էր քաշում: Կարծես թե ոտքերիս հոտը սապոգների տակից էլ է սպրդում…»:
«…սեպտեմբերի: Ձիու ոտքերն ազատ կառավարելը շատ ավելի դժվար է, քան հեծած գնալը: Այսօր ճաշի ընդմիջումից առաջ ինձ մի հրատապ գործով տեղ ուղարկեցին, եւ ես արագ աստիճաններով իջա: Ամեն ոք այդ պահին կսկսեր մտածել միայն գործի մասին: Եվ ես մի պահ մոռացա իմ ձիու ոտքերի մասին: Չհասցրի ախ քաշել, երբ ոտքերս մի յոթ աստիճան ցած սահեցին…»:
«…հոկտեմբերի: Հետզհետե սովորել եմ իմ ձիու ոտքերը կառավարել: Եթե մտածես, ողջ բանն այն է, որ պահպանես զիստերիդ հավասարակշռությունը: Այսօր անհաջողության մատնվեցի: Ճիշտ է, դա ոչ միայն իմ մեղքն էր: Առավոտյան 9-ին ռիկշայով գնացի ծառայության: Եվ ահա ռիկշան 12 սենի փոխարեն սկսեց 20-ը պահանջել: Եվ դրա հետ մեկտեղ կպել էր ինձնից եւ չէր թողնում դռնից ներս մտնել: Ես շատ զայրացա ու ամբողջ ուժով նրան ոտքով հրեցի: Ռիկշան ֆուտբոլի գնդակի պես հօդս թռավ: Հասկանալի է, ես զղջում էի: Եվ միաժամանակ ակամա փռթացրի: Ամեն դեպքում, հարկ է ոտքերն ավելի զգույշ շարժել…»:
«… հուլիսի: Իմ ամենաչարագույժ թշնամին Ցունեկոն է: Կուլտուրական ապրելու անհրաժեշտության պատրվակով մեր միակ ճապոնական սենյակը կահավորեցի եվրոպական ոճով` այսպիսով Ցունեկոյի ներկայությամբ ես կարող եմ սապոգներով մնալ: Ցունեկոն, կարծես թե, շատ դժգոհ է, որ տատամին վերացրել եմ: Բայց նույնիսկ տաբիով այսպիսի ոտքերով ճապոնավարի քայլելը հատակի վրա ինձ համար պարզապես խելքին մոտ բան չէ…»:
«… սեպտեմբերի: Այսօր վաճառեցի երկտեղանի մահճակալս: Մի ժամանակ ես դա գնել էի աճուրդում մի ամերիկացուց: Աճուրդից վերադառնալիս ես գնում էի Սեթլմենտի պուրակով: Ծառերը լիովին ծաղկել էին: Կայսերական ջրանցքում ջուրը շողշողում էր: Բայց… հիմա հուշերին տրվելու ժամանակը չէ: Երեկ գիշեր նորից թեթեւակի հարեցի Ցունեկոյի կողին…»:
«… նոյեմբերի: Այսօր ինքս իմ կեղտոտ սպիտակեղենը տարա լվացքի` վարտիքիս, կալսոններիս եւ գուլպաներիս միշտ ձիու մազեր են կպչում»:
«…դեկտեմբերի: Նույնիսկ գիշերով չեմ հանում ոչ գուլպաներս, եւ ոչ էլ կալսոնը: Բացի այդ, ամենեւին էլ հեշտ գործ չէ Ցունեկոյից թաթերս թաքցնելը: Երեկ, քնելու պառկելիս, Ցունեկոն ասաց. «Ինչ մրսկան եք դուք: Այս ի՞նչ բան է: Դուք նույնիսկ ողնաշարն եք մորթիներով փաթաթում»: Ով գիտե` մոտ չէ՞ արդյոք ժամը, երբ իմ ձիու ոտքերը կհայտնաբերվեն…»:
Դրանցից զատ, Խանձաբուրոյին այլ վտանգներ էլ էին դարանում: Դրանք բոլորը թվարկելը չափազանց տաղտկալի է, սակայն ինձ ամենից շատ ապշեցրեց նրա օրագրում հետեւյալ գրառումը.
«…դեկտեմբերի: Այսօր ճաշի ընդմիջման ժամին գնացի Լումֆուսի տաճարին մերձակա բուկինիստի մոտ: Կրպակի մուտքի մոտ մի ձիակառք էր կանգնած: Ի դեպ, դա եվրոպական կառք չէր, այլ երկտեղանի չինական` մուգ կապույտ ծածկը բաց, իր նստատեղում ննջում էր կառապանը: Ես այդ ամենին առանձնահատուկ ուշադրություն չդարձրի եւ արդեն ուզում էի կրպակ մտնել: Եվ հենց այդ պահին, կառապանը, մտրակը շրխկացնելով, գոչեց` «Ցո՛, ցո՛, ցո՛», դա մի բառ է, որն օգտագործում են չինացիները, երբ ուզում են սաստել ձիուն: Կառապանը չէր հասցրել վերջացնել, երբ ձին ընկրկեց: Եվ ահա այդ պահին` սարսափելի չէ՞ արդյոք, ես նույնպես, դեռեւս դեմքով դեպի կրպակը կանգնած, սկսեցի քայլ առ քայլ նահանջել մայթով: Թե ինչ էի ես ապրում այդ պահին` ինչպիսի ահ, ինչ զարմանք` գրիչով չես նկարագրի: Զուր էի ջանում թեկուզ մի քայլ առաջ անել` ահարկու, անհաղթահարելի ուժի ներքո ես շարունակում էի ընկրկել: Ընդ որում, բախտս բերեց, որ կառապանը «ցո» ասեց: Հազիվ էր կառքը կանգ առել, ես էլ դադարեցի ընկրկել: Թեթեւացած շունչ քաշելով, ես ակամա նայեցի կառքին: Եվ ահա ձին` պառավ մի զամբիկ, որ լծված էր կառքին, ինչ-որ անհասկանալի խրխնջաց: Անհասկանալի՞: Ոչ, այնքան էլ անհասկանալի չէր: Այդ զիլ խրխնջոցի մեջ ես հստակորեն ծիծաղ նշմարեցի: Եվ ոչ միայն ձիու` իմ կոկորդին էլ վրա հասավ խրխնջոցի պես մի բան: Այդ ձայնն արձակելը սարսափելի կլիներ: Ես երկու ձեռքով փակեցի ականջներս ու գլխապատառ սկսեցի փախչել…»:
Մարտի վերջին, մի օր կեսօրին նա հանկարծ նկատեց, որ իր ոտքերը միանգամայն ակամա վարգում ու թռչկոտում են: Բայց ճակատագիրը Խանձաբուրոյի համար վերջին հարվածն էր պատրաստել: Եվ ինչո՞ւ հանկարծ նրա ձիու ոտքերը հուզվեցին: Այդ հարցին պատասխանելու համար հարկ էր թերթել Խանձաբուրոյի օրագիրը: Բայց, ավաղ, նրա օրագիրն ավարտվում է հենց այն բանից մեկ օր առաջ, երբ նրան վրա հասավ նոր մի դժբախտություն: Միայն նախորդող եւ հաջորդող իրադարձությունների հիման վրա կարելի է որոշ ընդհանուր ենթադրություններ արտահայտել: Ընթերցելով «Գրառումներ ձիերի մասին», «Տեղեկությունների հավաքածու Գենկյոյի տարիների ցուլերի, ձիերի եւ ուղտերի մասին» եւ այլ աշխատություններ, ես եկա այն եզրակացության, որ նրա ոտքերը հուզվել էին հետեւյալ պատճառով:
Դա դեղին փոշու շրջանն էր: «Դեղին փոշին» մանրամաղ ավազ է, որը գարնանային քամին Պեկին է բերում Մոնղոլիայից: «Ձյունտեն Նիպոն» թերթի հոդվածներից դատելով, այդ տարի դեղին փոշին հասել էր մինչ այդ չլսված խտության. «Դեշեն-Մինի դարբասից հինգ քայլի վրա չէին երեւում վրայի պարիսպները»,- ասվում էր այն ժամանակ, եւ հենց միայն դրանով տեսնում ենք, որ փոշին իրոք որ սարսափելի էր: Ընդ որում, Խանձաբուրոյի ձիու ոտքերը Դեշեն-մինի դարպասի ետեւի շուկայի ընկած ձիուն էին պատկանում, իսկ այդ ընկած ձին, անկասկած, կունդունյան նժույգ էր Մոնղոլիայից, որ Կալգանով բերվել էր Չզինչժոու: Եվ մի՞թե բնական չէ, որ, մոնղոլական օդն առնելով, Խանձաբուրոյի ձիու ոտքերը հանկարծ թռչկոտեցին եւ վարգեցին: Բացի դրանից, զուգավորման շրջանն էր, երբ այն ձիերը, որոնք ախոռում փակված չեն, ազատության մեջ թափառում են, ասես մոլեգնած… Հաշվի առնելով այդ ամենը, ստիպված ենք մի բան խոստովանել` այն իրավիճակը, որ նրա՝ ձիու ոտքերը չէին կարող հանգիստ մնալ, ամենայն կարեկցանքի է արժանի:
Ճշմարիտ է այս բացատրությունը, թե ոչ, սակայն, ինչպես ասում են, Խանձաբուրոն այն օրերին նույնիսկ ծառայության մեջ անընդհատ թռչկոտում էր, ասես պարելով: Ասում են, որ նա տան ճամփին երեք թաղամասի երկայնքով յոթ ռիկշա էր շուռ տվել: Վերջապես, վերադառնալով տուն, նա, ըստ Ցունեկոյի, մտավ սենյակ օրորվելով եւ շնչասպառ, ինչպես շունը ջերմի մեջ, եւ, փլվելով աթոռին, մեկեն հրամայեց ապշած կնոջը՝ պարաններ բերել: Նրա տեսքից Ցունեկոն միանգամից հասկացավ, որ ինչ-որ սարսափելի բան է պատահել: Նա չափազանց դժգույն էր: Դրանից զատ, նա՝ անընդհատ հուզված եւ ասես ինքն իրեն զսպելու անընդունակ, տարուբերում էր բարձրաճիտք սապոգներով ոտքերը: Այդ պատճառով Ցունեկոն, մոռանալով նույնիսկ իր ժպտալու սովորության մասին, հարցրեց, թե նրա ինչի՞ն է պետք պարանը: Բայց ամուսինը, ճակատից քրտինքը տառապալից սրբելով, միայն կրկնում էր.
– Արագ, արագ… Այլապես` սարսափ…
Ցունեկոն կամա թե ակամա նրան մեկնեց պարանի կապոցը, որը կողովները դարսդարսելու համար էր: Նա սկսեց այդ պարաններով կապկպել սապոգներով ոտքերը: Այն միտքը, որ ամուսինը խելքը թռցրել է, մի պահ պեծկլտաց հենց այդ պահին: Հայացքը նրանից չկտրելով, Ցունեկոն դողդոջուն ձայնով առաջարկեց հրավիրել պրոֆեսոր Յամայիին: Բայց Խանձաբուրոն ջանադրաբար պարաններով կապկպում էր ոտքերը, եւ նրա հորդորներին ուշք չէր դարձնում:
– Այդ խաբեբան ի՞նչ է հասկանում: Նա ավազակ է: Խաբեբա: Ավելի լավ է բռնիր ինձ:
Գրկված, նրանք լուռ նստած էին թախտին: Դեղին փոշին, որ պատել էր ողջ Պեկինը, ավելի ու ավելի էր խտանում: Նույնիսկ պատուհանի ետեւում մայր մտնող արեւը պղտոր էր թվում` փայլազուրկ փուչիկ: Եվ Խանձաբուրոյի ոտքերն, անշուշտ, չէին կարող հանգիստ մնալ: Պարաններով կապկպված, նրանք անդադար շարժվում էին, ասես ինչ-որ անտեսանելի պեդալներ սեղմելով: Ցունեկոն, խղճալով նրան եւ աշխատելով քաջալերել, դեսից-դենից էր խոսում:
– Ինչո՞ւ, ինչո՞ւ եք դուք այդպես դողում:
– Ոչինչ: Ոչինչ:
– Բայց դուք լրիվ թաց եք: Այս ամառ մենք կգնանք Ճապոնիա: Մենք այնքան վաղուց տանը չենք եղել:
– Անպայման կգնանք եւ կմնանք այնտեղ:
Հինգ րոպե, տասը րոպե, քսան րոպե… Ժամանակը դանդաղ քայլերով անցնում էր նրանց վրայով: Ցունեկոն ասում էր «Ձյունտեն Նիպոնի» թղթակցին, որ այդ պահերին նա իրեն շղթայված կալանավորուհի էր զգում, սակայն, կես ժամ անց, վերջապես վրա հասավ այն պահը, երբ շղթաները պատռվեցին: Ճիշտ է, պատռվեց ոչ թե այն, ինչը Ցունեկոն անվանում էր իր շղթաները: Պատռվեցին մարդկային կապերը, որոնք Խանձաբուրոյին կապում էին տանը: Պատուհանը, որի միջով կայլակվում էր դեղին փոշով մշուշված աղոտ կարմիր լույսը, հանկարծ քամու պոռթկումից բացվեց: Եվ հենց նույն պահին Խանձաբուրոն բարձր ինչ-որ բան ճչաց եւ երեք սյակու վեր թռավ: Ցունեկոն տեսավ, որ պարանը փրթվեց, ասես կտրտված: Իսկ Խանձաբուրոն… Բայց դա արդեն Ցունեկոյի պատմածը չէ: Տեսնելով, թե ինչպես ամուսինը վեր թռավ, մի պահ նա կանգնած էր ելքի առաջ, ապա ողջ մարմնով սարսռաց եւ, սոսկալի ճիչ արձակելով, որը խրխինջ էր հիշեցնում, նետվեց փողոցները մշուշող դեղին փոշու մեջ…
Ի՞նչ պատահեց Խանձաբուրոյին հետո… Դա մինչեւ հիմա գաղտնիք է մնում: Ի դեպ, «Ձյունտեն Նիպոնի» թղթակիցը հաղորդում է, որ նույն օրը երեկոյան ութի մոտ դեղին փոշով մշուշվող լուսնի աղոտ լույսի ներքո Պադալին հանրահայտ երկաթգծի երկայնքով մեկ, որտեղից նայում էին Մեծ Պատին, վազում էր առանց գլխարկի մի մարդ: Բայց այդ հաղորդագրությունը լիովին արժանահավատ չէ: Իրականում, նույն թերթի մի այլ թղթակից հաղորդում է, որ հենց այդ օրը, նույնպես երեկոյան ժամը ութի մոտ, անձրեւի տակ, որը գետնել էր դեղին փոշին, առանց գլխարկի ինչ-որ մի մարդ փախչում էր Շիսանլինի ճանապարհով, որի երկայնքով կանգնած են մարդկանց ու ձիերի քարե պատկերները: Այսպիսով, թե ուր թաքնվեց Խանձաբուրոն, դուրս թռչելով N փողոցի ընկերության տան շքամուտքից, վստահաբար ասելն անհնար է:
Անշուշտ, Խանձաբուրոյի փախուստը, ինչպես նաեւ նրա հարությունը, տարաբնույթ ասեկոսեների առարկա դարձավ: Բայց Ցունեկոն բոլորին` եւ կառավարչին, եւ ծառայակիցներին, եւ պրոֆեսոր Յամայիին, եւ «Ձյունտեն Նիպոնի» խմբագրին նրա փախուստը բացատրում էր խելագարությամբ: Իրականում, անկասկած, ավելի հեշտ էր դա բացատրել խելագարությամբ, քան ձիու ոտքերով: Դժվարից խույս տալն ու հեշտից կառչելը` այդպիսին է աշխարհում սովորական ուղին: Այդ ուղու ներկայացուցիչը, «Ձյունտեն Նիպոնի» խմբագիրը, պարոն Միդագուտին, Խանձագուրոյի փախուստի հաջորդ օրը թերթում տեղադրեց ներքոհիշյալ հոդվածը՝ իր փայլուն գրչի ստեղծագործությունը.
«Պարոն Օսինո Խանձաբուրոն, «Միցուբիսի» ընկերության ծառայողը, երեկ երեկոյան, հինգն անց տասնհինգ, հավանաբար, հանկարծ կորցրեց բանականությունը, եւ ուշք չդարձնելով իր կնոջ` Ցունեկոյի հորդորներին, վազում էր՝ հայտնի չէ, թե ուր: Ըստ Տունժեն հիվանդանոցի տնօրեն պրոֆեսոր Յամայիի, պարոն Օսինոն անցած ամառ կաթվածահարվել էր, երեք օր պառկել էր գիտակցությունը կորցրած, եւ այդ ժամանակից ի վեր սկսել էր տարօրինակություններ ցուցաբերել: Դատելով պարոն Օսինոյի օրագրից, որը գտել էր տիկին Ցունեկոն, պարոն Օսինոն տառապում էր տարօրինակ սեւեռուն գաղափարով: Սակայն մենք կուզենայինք հարցնել, թե ինչպե՞ս կոչենք պարոն Օսինոյի հիվանդությունը: Ո՞ւր է տիկին Ցունեկոյի ամուսնու` պարոն Օսինոյի պատասխանատվության զգացողությունը: Մեր կայսրության հզորությունը, որը ոչ մի անգամ չի արատավորվել արտաքին թշնամու ներխուժմամբ, խարսխված է ընտանիքի սկզբունքի վրա, ավելորդ է ասել, թե որքան մեծ է նրանց պատասխանատվությունը, ովքեր ընտանիքի գլուխն են: Իրավունք ունի՞, արդյոք, այդպիսի ընտանիքի գլուխը խելքը թռցնել: Այդպիսի հարցին մենք վճռականորեն պատասխանում ենք` ո՛չ: Ենթադրենք, թե ամուսինները խելքները թռցնելու իրավունք ստանան: Այդժամ նրանք, լիովին լքելով ընտանիքը, ձեռք կբերեն կամ մեծ ճանապարհներին քայլելու եւ երգելու իրավունքը, կամ` սարերով եւ անտառներով դեգերելու, կամ ապաստան եւ սնունդ կգտնեն հոգեբուժարանում: Սակայն, այդ դեպքում, ընտանիքի երկհազարամյա սկզբունքը, որով մենք հպարտանում ենք ողջ աշխարհի առջեւ, անխուսափելիորեն հօդս կցնդի: Իմաստունն ասել է` հարկ է ատել ոճիրը, բայց պետք չէ ատել հանցագործին: Մենք չենք ուզում դաժան լինել պարոն Օսինոյի հանդեպ: Բայց մենք պետք է տագնապ ազդարարենք եւ դատենք ոճիրը, որն այն է, որ մարդ իրեն թույլ է տալիս խելքը թռցնել: Եվ ոչ միայն պարոն Օսինոյի ոճիրը: Մենք, եթե այդ չի անում ինքը՝ երկինքը, պետք է դատապարտենք նախկին բացթողումը բոլոր գրասենյակների, որոնք հարկ չեն համարել խելքը թռցնելու դեմ արգելք հրապարակել:
Տիկին Ցունեկոյի հետ զրույցից մեզ հայտնի է, որ նա նվազագույնը մեկ տարի կմնա N փողոցի պետական բնակարանում եւ կսպասի պարոն Օսինոյի վերադարձին: Մենք մեր խորին կարեկցանքն ենք հայտնում հավատարիմ կնոջը եւ, դրա հետ մեկտեղ՝ հուսով ենք, որ «Միցուբիսի» լուսավորյալ ընկերությունը չի զլանա հոգ տանել տիկին Ցունեկոյի մասին»:
Սակայն կես տարի անց Ցունեկոն դարձյալ այնպիսի մի բան ապրեց, ինչը նրան թույլ չտվեց նախկին մոլորության մեջ մնալ: Դա տեղի ունեցավ հոկտեմբերյան մի երեկո` մթնշաղին, երբ պեկինյան ուռիներից թափվում էին դեղին տերեւները: Ցունեկոն նստած էր իր տանը` թախտին` հուշերի մեջ թաղված: Նրա շուրթերին այլեւս չէր թրթռում ընտել ժպիտը: Նրա այտերը կորցրել էին վաղեմի կլորությունը: Նա մեկ մտածում էր իր փախած ամուսնու մասին, մեկ՝ վաճառված երկտեղյա մահճակալի, մեկ էլ` փայտոջիլների: Եվ ահա մուտքի մոտ մեկն անվստահ զանգեց: Ցունեկոն ուշք չդարձրեց դրան, թողնելով, որ դուռը բացի ծառայող տղան,: Բայց ծառան հավանաբար ինչ-որ տեղ էր գնացել, եւ ոչ ոք դուռը չէր բացում: Այդ ընթացքում զանգը մի անգամ եւս հնչեց: Ցունեկոն ելավ թախտից ու դանդաղորեն մոտեցավ դռանը: Դռան հետեւում` շեմին, որը շաղված էր թափված տերեւներով, մթնշաղի թույլ լույսի ներքո կանգնած էր առանց գլխարկի մի մարդ: Առանց գլխարկի… ոչ միայն առանց գլխարկի: Նա ամբողջովին պատառոտված շորերով էր եւ լրիվ փոշու մեջ կորած: Ցունեկոն նրա առջեւ համարյա ահ զգաց:
– Ձեզ ի՞նչ է պետք:
Մարդը չպատասխանեց: Նրա վաղուց ի վեր չխուզված գլուխը ցած էր հակված: Զննելով այն, Ցունեկոն վախվորած կրկնեց`
– Ձեզ… ձեզ ի՞նչ է պետք:
Վերջապես մարդը գլուխը բարձրացրեց.
– Ցունեկո…
Մեկ բառ: Բայց բառ, որը հանց լուսնի լույս՝ լուսավորեց նրան, լուսավորեց այդ մարդու ճշմարիտ կերպարը: Շունչը պահած, ասես, զրկվելով ձայնից, Ցունեկոն հայացքը չէր կտրում նրա դեմքից: Նրա մորուքն աճել էր, եւ նա անճանաչելիության աստիճանի նիհարել էր: Բայց աչքերը, որ նայում էին իրեն, անկասկած, այն երկա՜ր փափագելի աչքերն էին:
– Դո՞ւք:
Այդ ճիչով Ցունեկոն ուզում էր փարվել ամուսնու կրծքին: Բայց, հազիվ էր քայլ արել եւ կողմ թռավ, ասես շիկացած երկաթի վրա կանգնելով: Ամուսնու կտոր-կտոր պատառոտված շալվարի միջից երեւում էին բրդոտ ձիու ոտքերը` նույնիսկ մթնշաղին հստակ` տեսակով տարբերվող աշխետ ձիու ոտքերը:
– Դո՞ւք:
Ցունեկոն այդ ձիու ոտքերի հանդեպ աննկարագրելի նողկանք զգաց: Սակայն նա նաեւ զգաց այն, որ այս անգամը` վերջինն է, որ նա այլեւս երբեք ամուսնուն չի տեսնի: Ամուսինը տրտմորեն նայում էր նրա դեմքին: Ցունեկոն մեկ անգամ եւս ուզում էր փարվել նրա կրծքին: Սակայն նողկանքը դարձյալ խախտեց նրա հաստատակամությունը:
– Դո՞ւք:
Երբ նա ճչաց դա երրորդ անգամ, ամուսինը կտրուկ շրջվեց ու սկսեց դանդաղ իջնել աստիճաններով: Ցունեկոն հավաքեց իր ողջ արիությունն ու հուսահատ ուզում էր վազել նրա ետեւից: Բայց չէր հասցրել քայլ անգամ անել, երբ նրա ականջներին հասավ սմբակների կտկտոցը: Դժգունած, ամուսնուն կանգնեցնելու անզոր, Ցունեկոն, առանց շարժվելու, նայում էր նրա հետեւից: Եվ հետո… ուշաթափ ընկավ` թափված տերեւներով շաղված շեմին: Այդ իրադարձությունից ի վեր Ցունեկոն սկսեց հավատալ ամուսնու օրագրին: Բայց պաշտոնակիցները, պրոֆեսոր Յամային, խմբագիր Մուդագուտին եւ այլք դեռեւս չեն հավատում, որ պարոն Խանձաբուրոն ձիու ոտքեր ուներ: Ավելին, նույնիսկ այն, որ Ցունեկոն տեսել էր այդ ոտքերը, նրանք նույնպես զգայախաբություն են համարում: Իմ` Պեկինում եղած ժամանակ ես հանդիպել եմ պրոֆեսոր Յամայիին եւ խմբագիր Մուդագուտիին ու քանիցս ջանացել եմ ցրել նրանց մոլորությունը: Բայց ամեն անգամ միայն ինքս եմ նրանց ծաղրանքին ենթարկվել: Հետագայում` ոչ, բոլորովին վերջերս գրող Օկադա Սաբուրոն, հավանաբար, ինչ-որ մեկից լսելով այդ պատմության մասին, գրել էր ինձ, թե իրոք որ անիմաստ է հավատալ, որ մարդու մոտ կարող են ձիու ոտքեր հայտնվել: Ինչպես գրում էր պարոն Օկադան, եթե միայն ընդունենք, որ դա ճիշտ է. «նրան, հավանաբար, տեղադրել էին ձիու առջեւի ոտքերը: Եվ եթե դա վարգաձի էր, որ ունակ էր բարձրակարգ վարգի, ինչպես, օրինակ, իսպանական ալյուրը, ապա նա, թերեւս, կարող էր այնպիսի հնարքներ բանեցնել, ինչպես առջեւի ոտքերով աքացի տալը: Սակայն կարո՞ղ էր ձին ինքը սովորել այդ ամենը, առանց այնպիսի հեծյալի, ինչպիսին լեյտենանտ Յուասան էր` ես խիստ կասկածում եմ»: Հասկանալի է, որ ես էլ այդ հարցում որոշ կասկածներ ունեմ, բայց, հիմք ընդունելով այդ, Խանձաբուրոյի օրագիրն ու Ցունեկոյի պատմածը ժխտելը թեթեւամտություն չէ՞: Իրոք որ, ինչպես ես ճշտեցի «Ձյունտեն Նիպոն» թերթում, որը հայտնում էր նրա հարության մասին, հենց նույն էջում, մի քանի սյունակ ներքեւ տեղադրված է հետեւյալ գրառումը.
«Մեյ-խուա սթափության ընկերության նախագահ պարոն Հենրի Բալեթը հանկարծամահ է եղել Խանկոու տանող գնացքում: Քանզի նա մահացել է սրվակը ձեռքին, ինքնասպանության կասկած առաջացավ, սակայն հեղուկի հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ սրվակի մեջ ոգելից ըմպելիք էր»:
Հունվար, 1925թ.
Թարգմանություն ռուսերենից Վարդան Ֆերեշեթյանի