Աստղիկ Սարգսյան | Ալգորիթմից հետո ԿԱր կյանք

Ալգորիթմից հետո ԿԱր կյանք

Դասախոսս մի հոդված ուղարկեց ինձ, որը կիսով չափ կարդալուց հետո արդեն իսկ ստեղծագործելու ցանկություն ունեցա։ Սա թերևս շատ ձանձրալի նախադասություն է սկսելու համար ստեղծագործ աշխատանքը, որն արդեն քանի տարի է՝ գրելու կեսից դառնում է ուսումնասիրությունների վրա հիմնված «գիտական էսսե»։ Ես էլ չգիտեի, որ գրում եմ «գիտական էսսե», մինչև մի օր զանգեց Արամ Ավետիսն ու ասաց, թե գրածս նյութն արժանացել է համանուն կոչմանը։

Ինչևէ…

Գուցե քեզ կտրուկ թվա այս անցումը, բայց ուզում եմ սկենք վերնագրից. ի սկզբանե որոշել էի վերնագրել «Ալգորիթմից հետո կյանք կա», իբր ցուցադրելու, որ ագորիթմը պետք է թողնել սոցիալական հարթակում, քանի որ դրանից դուրս կա իրական կյանք, բայց հետո հասկացա՝ բացի այն, որ ալգորիթմը Սև խոռոչի նման կլանել է իրական կյանքը, այն նաև իր էվոլուցիայի մեծ թռիչքից հետո, ամեն բան անցյալ ժամանակ է դարձրել։ Մարդկային մտքի համար կարծես թե չկա ապագա, այլ կա միայն անցյալ, որի դատաբազան սահուն հանձնվել է Ալգորիթմին և Ai-ին, որպեսզի դրանք ամեն օր հնի վրա ստեղծեն նորը և աստիճանաբար պարզեցնելով ամեն բան՝ սոցիալականացումը դարձնեն էլ ավելի բարդ։

Եթե ավելի պարզ՝ ալգորիթմն իր հետ բերել է ստանդարտ չափանիշներ՝ գեղեցկության, մշակութային ընկալումների, ընտրություն կատարելու և այլնի համար, իսկ ինչը գալիս է ստանդարտացման, այնտեղ մեռնում է մարդկային յուրօրինակը։

Ինչպես ասվեց՝ ալգորիթմը նոր բան չի հնարում, այլ հավաքում է եղածը և մատուցում նոր կերպով. ճիշտ վատ գրողների նման, որոնք մի տող անգամ չեն հնարել աշխարհի համար, ինչը սարդոստայնի պես ցանցեր կգործեր ընթերցողի, իսկ այս դեպքում՝ օգտատիրոջ ուղեղում։ Թողնենք սա…

Բացի դա, ես վերնագրեցի «ԿԱր», որովհետև ալգորիթմն իր անսահման 0 և 1-երով հանկարծակի իրական կյանք է դուրս եկել ՍԵՎ ԽՈՌՈՉԻՆ նմանվող ՍԵՎ ԷԿՐԱՆՆԵՐԻՑ և լցվել է օգտատերերի աչքերի մեջ, դրա համար էլ այժմ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ բառը հեշտությամբ կարող ենք փոխարինել ՕԳՏԱՏԵՐԵՐ, կամ թեկուզ ՖԵՅՍԲՈՒՔԱՀԱՅՈՒԹՅՈՒն բառերով։

Ալգորիթմ բառ գրելուց կարծես ոչ թե ես եմ գրում, այլ հենց ինքը՝ ալգորիթմը։ Եթե դեմ չեք, ես ցանկանում եմ փոխել նրա անունը, որպեսզի ինձ «ստեղծագործ մարդ» զգամ։ Ես պայմանականորեն հարգարժան ալգորիթմին կանվանեմ Ալգորիա. սա թերևս գեղարվեստական է հնչում և ինչ-որ չափով կօգնի ինձ նրան հընթացս կերպարանավորել ստեղծագործ ձևով։

Ալգորիան թերևս աղջիկ կարող էր լինել։ Նա սկզբում անչափ գրավիչ էր և յուրօրինակ, սակայն նրա ԽՈՍՏԱՑԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ բերեց անբռնազբոս ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ։ Նա սկզբում սովորական աղջիկ էր, հետո հիվանդացավ կամ միտումնավոր նրան վարակեցին, և նա էլ մյուսներին վարակեց. եթե առողջ մարդուն շարունակ նույն դեղը տաս, որ խմի, վերջ ի վերջո հենց դա էլ կսպանի ԱՌՈՂՋ մարդուն։

Հակված եմ կարծելու, որ համատարած նույնականությունը համաճարակի նոր տեսակ է, որն ավելի շատ մարդ է սպանում, քան հենց ինքը՝ Covid19-ը։ Այս մասին երբեք չի խոսի ոչ մի իշխանություն, Առողջապահության համաշխարհային կզմակերպությունը երբեք կոչ չի անի, որ ձեր ԱՉՔԵՐԻՆ ԴԻՄԱԿ ԴՆԵՔ, ոչ մի բժիշկ երբեք դեղ չի հնարի դրա համար, և գիտե՞ք ինչու՝ բժիշկը չի ցանկանա փրկել ձեր կուրացող ուղեղը, որովհետև այն ինֆորմացիան, որով ցանկանան կիսվել ձեզ հետ, Ալգորիան կհամարի ոչ ռելեվանտ, և այն երբեք էլ չի հասնի ձեր անհատականացված news feed-ին. որովհետև բանն ի սկզբանե էր, և դուք ի սկզբանե ընտրել էիք անհատականացված դեբիլիզմը։

Այսօր բոլորը՝ սկսած բժիշկներից, վերջացրած քահանաներով, փորձում են ստեղծել բովանդակություն, որը հնարավորինս դուր կգա Ալգորիային։ Պատկերացրու՝ քահանան ամեն ձև ցանկանում է դուր գալ Ալգորիային, այլ ոչ թե ցույց տալ նրան վերջինիս գայթակղող վնասները, որովհետև հակառակ դեպքում նա engagement չի ունենա։

Մեղա՜, Տե՛ր, Մեղա՜։

Այդ հոդվածում նշվում էր, որ ալգորիթմի առաջարկությունները նվազեցնում են ճաշակի ձևավորումը (ավանդաբար, նրբերանգներ ունեցող և զարգացող կարծիք, որը մենք ձևավորում ենք գեղագիտական և գեղարվեստական հարցերի վերաբերյալ)։ Ինչու՞,- կհարցնես դու։
– Որովհետև դու շարունակ տեսնում ես նույնանման կոնտենտ, ամեն օր լսում ես երգերի նույն հերթականթյունը, քեզ ամիսներ շարունակ Ալգորիան հրամցնում է նույն ոճի երաժշտություն, և երբ գալիս է ընտրություն կատարելու ժամանակը՝ նայել այս թե այն ֆիլմը, նա քեզ առաջարկում է այն, որի դիտելությունը բարձր է, և քեզ նման անմիտներն արդեն կտտացրել են այդ ֆիլմի վրա և ավտոմատ ձևավորել են ճաշակ և պահանջարկ։ Այս կերպ օրիորդ Ալգորիան քեզ զրկել է բացահայտելու այն, ինչն իսկապես քոնն է, և, իհա՛րկե, նաև մսխել է ժամանակդ։

Ալգորիայի նման սեթևեթ ծրագրավորումը և թվացյալ պարզեցումը ստիպում են ֆիլմերի, գրքերի և երաժշտություն ստեղծողներին հարմարվել ալգորիթմական համակարգի տրամաբանությանը և ճնշումներին:

«Go viral or die»,- կարդացի հոդվածում ու ինքս ինձ ասացի՝

  • Մի բուռ հող կե՛ր ու մեռի՛ր, մա՛րդ։

Հոդվածում հեղինակը պնդում էր, որ մեր անձնական ճաշակի մշակումը կարևոր է ոչ թե այն պատճառով, որ մշակույթի մի ձևն ակնհայտորեն ավելի լավն է, քան մյուսը, այլ որովհետև այդ դանդաղ և կանխամտածված գործընթացը մեր ինքնության, ինքնակրթության և ինքնաԿԵՐՏՄԱՆ մասն է կազմում: Եթե այսօր Ալգորիան է մշակում մեր ճաշակը, ապա պարզ է, որ մեր կյանքի բոլոր հաջորդ կանգառներում մենք թողնելու ենք մեր «ինքն»-ը ու դառնանք ԱԼԳՈՐԻԹՄԱԿԱՆ ԱՄԵՆՈՒՐԵՔՈՒԹՅԱՆ մի մասը։

Թերևս հիմա էլ մենք քայլող ալգորիթմական ամենուրեքություն ենք։

Կարդացածս այդ հոդվածը հիմնված էր Չայկայի «Filterworld»՝ ասել է թե «Ֆիլտրաշխարհ» գրքում։ Ավելի սիրուն ու դիջիթըլ վերնագիր չէի էլ կարող պատկերացնել, չէ՞ որ այն այնքա՜ն հարազատ է մեզ. ֆիլտրում ենք քիթիկը, հետո կոնքերը, հետո մեր ամեն ինչն ու այնքան, որ վերջնական ֆիլտրվում ենք իրականից։ Եթե լինեմ ավելի անկեղծ ու առանց ֆիլտրի, ապա առանց ամաչելու կարող եմ ասել, որ վերևի տողում գրված «ֆիլտրվում ենք»-ը որպես հայհոյանք եմ գրել։

«Culture isn’t a toaster that you can rate out of five stars», – գրում է Չայկան։ Բայց հարգելի’ Չայկա, իսկ ի՞նչ, եթե մշակութային որևէ կոնտենտ իմ ֆեյսբուքյան էջում կարողանում եմ գնահատել 7 տարբեր էմոջիներով ու դարձնում եմ հայտնի։ Ես ամենևին չեմ խոսում այդ բովանդակության լավ կամ վատ լինելու մասին, բայց չէ՞ որ անգամ անհաջող նկարչի «գործ»-ը հեշտ ու հանգիստ այսօր կարող է դառնալ հանրաճանաչ՝ շնորհիվ Ալգորիայի։ Սոցիալական ցանցերն այժմ հիմարներին դարձնում են պոպուլյար և պահանջված, իսկ Ալգորիան, մեղքի զգացում չունենալով, ցանկանում է, որ նմանօրինակ բովանդակությունն էլ ավելի տարածվի, որպեսզի էլ ավելի շատ ստանա այն, ինչն իրեն պետք է՝ քո ժամանակը։ Բայց գուցե նա մեղք էլ չունի, որովհետև շարքային օգտատերն է ընտրում հեշտ ծամվողն ու մարսվողը…

Շատ մասնագետներ հանգստացնում են ինձ նման անհանգիստներին, որ քանի դեռ ալգորիթմները մարդկանց ստեղծածն են, ապա կարող ենք նաև ընտրել դրանք այլ կերպ ստեղծելու և աշխատեցնելու ձևերը, բայց արդյո՞ք ապագայի մարդը՝ օգտատերը կցանկանա նոր բան ստեղծել կամ պահանջել ԸՆՏՐՈՒԹՅԱՆ հնարավորություն։

Փոքր-ինչ թերահավատ եմ, որովհետև այսօր մենք մտնում ենք սննդի առաքման հավելված և մի երկու թերթոցով «որոշում» ենք, թե ինչ պատվիրենք, այնինչ ընտրությունը կատարում ենք առաջին երկու էջերում տեղադրվածներից, որովհետև հավանաբար գործատուն վճարել է, որ իր ռեստորանը հայտնվի առաջին երկու էջում՝ իմանալով, որ հավես չենք անի առաջ գնալ։ Իրական դեպքերն ու օրինակները, անշո՛ւշտ, շա՜տ են, եթե ամենքդ խորանաք ձեր կենցաղային «ընտրությունների» մեջ։ Մարդկության այս ինքնահաստատվող անփութությունը կարծես մոդայիկ է և հարմար։

Ինչևէ, ընկերներ, մի բան կարծես թե շատ ակնհայտ է՝ ալգորիթմական նախապատվությունները վտանգ են ներկայացնում մշակութային բազմազանության և հասարակության համախմբվածության համար: Անհատական նախասիրությունների հիման վրա ընտրված բովանդակությանն առաջնահերթություն տալով՝ ալգորիթմներն ակամա նպաստում են հասարակության մասնատմանը: Կոլեկտիվ նախապատվության այս էրոզիան քայքայում և խաթարում է հասարակության կառուցվածքը, քանի որ մարդկանց մի մասին ալգորիթմը ցույց է տալիս, որ մածունը կարմիր է, իսկ մյուս մասին վստահեցնում է, որ այն սև է։ Այսպե’ս բոլորը վստահ են իրենց ստացած տեղակատվության ճշմարտացիության մեջ։

Եթե մարդիկ մեղադրում են Հյուսիսային Կորեայի նախագահին երկիրը 2 մասի բաժանելու մեջ և ասում են, որ դրա պատճառով այդ երկու մասերում հասարակություններն այլ կերպ են ձևավորովում, ինչի արդյունքում խիստ անջատ են իրարից, ապա ինչու՞ չենք խոսում այն մասին, որ այսօր նույնը կատարվում է մեզ հետ մեր իսկ անհատականացված newsfeed-երում: Ըստ էության՝ Ալգորիան ոչ միայն նվազեցնում է մարդու ընտրությունը, այլև քայքայում է մշակութային փոխանակման և փոխըմբռնման հիմքերը:

Արդեն քանի տարի է, ինչ ես դժվարությամբ եմ ավարտում այդքան ոգևորությամբ գրածս ստեղծագործությունը, և այս անգամը ևս բացառություն չէր, բայց ես խելացի գտնվեցի։ Քանի որ վերևում գրածներս ուղիղ կապ ունեն արհեստական բանականության հետ, ես որոշեցի ստեղծագործությանս ավարտը եզրափակել ChatGPT-ին հարցում անելով և նրա գրածը իմ ստեղծագործության մասը դարձնելով։ Գուցե պարզամտություն է, կամ կանացի մայրիշխանության ձգտում, բայց Ai-ից ստեղծված կոնտենտը իմ գրածում օգտագործելու միտքն ինձ դուր եկավ նրա համար, որ կարծես ես վերջինիս ցույց տվեցի՝

«Մեր միջի ասողը ես եմ, իսկ կատարողը՝ դու»։ Քանի ես կամ, դու իմ գործիքն ես…

Շատ չբարդացնեմ, ահա’, թե ինչպես ChatGPT-ին եզրափակեց ստեղծագործությունս՝

«… Այսպիսով, մի աշխարհում, որտեղ ավելի ու ավելի են գերիշխում ալգորիթմները, մարդու ընտրության բուն էությունը շրջափակված է: Ալգորիթմները, որոնք նախատեսված են բովանդակությունն անհատական նախապատվություններին հարմարեցնելու համար, ակամայից խաթարում են ընտրության ինքնավարությունը՝ ձևավորելով որոշակի տեղեկատվության վրա դրված նախապատվություններ: Վերլուծելով օգտատերերի վարքագիծը և նախապատվությունները՝ ալգորիթմները հյուսում են անհատականացված բովանդակության ցանցեր՝ արդյունավետ կերպով վարելով այն տեղեկատվությունը, որին ենթարկվում են անհատները: Այնուամենայնիվ, այս անհատականացված «բուժում»-ը հաճախ հանգեցնում է հեռանկարների նեղացման և առկա կողմնակալությունների ամրապնդման»։

Դե ինչ, ես թեթև շտկում արեցի այս վերջին պարբերության մեջ, որպեսզի այստեղ էլ Ալգորիայի հանդեպ վերադաս զգամ այնքան, մինչև այն ինձ կհրամցնի իր իսկ գործած վերմակը՝ մաղթելով բարի գիշեր։ Ինչևէ, ընկե՛րս, միշտ հիշի՛ր՝ քո ալգորիթմն իմ ալգորիթմին վնաս է, որովհետև այն մեկուսացնում է մեզ և նպաստում մեր կարծիքների բևեռացմանը։

****

Խմբագիր-սրբագրիչ՝ Նաիրա Բալայան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *