Ճիշտ է՝ նրանք գուցե ոչ խորապես, բայց քննարկել էին՝ արդյոք ցանկանում են ունենալ այն երեխային, որին նա այժմ կրում էր։
– Չգիտեմ՝ ուզում եմ, թե չէ,- ասաց նա՝ արցունքախառն աչքերով։ Այժմ նա արտասվում էր ամեն առիթով և հաճախ սրտխառնոց էր ունենում։ Այն, որ հղի կանայք լալիս են ու սրտխառնոց են ունենում, իրեն պարզունակ էր թվում. ինքը խորշում էր պարզունակությունից։
– Դե՛, լավ, մտածիր այդ մասին,- ասաց տղամարդը իր հանդարտ, հուսադրող ձայնով (թեև այս անգամ նա անհամբերության երանգ զգաց), որն իրեն միշտ հանգստացնում է:
Իսկ ինքը ոչ մի բանի մասին չէր մտածում, անկարող էր մտածել, սակայն նա կարող էր, և դա զայրացնում էր իրեն: Վեճերի մեջ ինքը միշտ պարտվող էր դուրս գալիս: Մինչ ինքը պոռթկում էր զայրույթից, նա ակնթարթորեն դառնում էր խոհեմ, հասուն, պատասխանատու: Եվ թեպետ, այդ արձագանքը համարժեք չէր իր տրամադրությանը, սակայն ստիպում էր կոկորդում խեղդել արցունքները, ինչի համար էլ ինքն իրեն ատում էր։ Նրան «լավ» մարդ էր համարում։ Լավագույն մարդը, ում երբևէ հանդիպել էր։
-Ուրիշ բան, եթե մենք երեխա չունենայինք,- ասաց կինը հանդարտ տոնով՝ անփութորեն մաքրելով աչքից հոսող արցունքը։
– Փա՛ռք Աստծո, մենք հրաշալի երեխա ունենք,- պատասխանեց տղամարդը հրճվանքով:
Կմտածե՞ր երբևէ Իմանին, որ ինքը կամուսնանա այնպիսի խոնարհ մեկի հետ, ում համար փառք կտա Աստծուն։ Երևի՝ ոչ:
Հետո նրանք դուրս եկան ննջարանից, որտեղ կինը պառկած էր իրենց մեծ, երկտեղանի մահճակալի վրա (որի մեջտեղում վեր էր խոյանում անհաճո մի սապատ), անցան վառ նկարներով լի միջանցքով ու մտան իրենց պայծառ, անթերի մաքուր խոհանոցը։ Նա դեղին գույնի կաթսայիկով ջուր դրեց գազօջախին թեյի համար:
Նա ուզում էր, որ տղամարդն այնքան ցանկանա այս երեխային, որ փորձի փրկել նրա կյանքը։ Մյուս կողմից էլ, հենց ինքը թույլ չէր տա նման ամբարտավան միջամտություն: Երբ նա գովեց իրենց դստերը՝ գրավիչ ժպիտով արևային աղջկան, Իմանին նրա արարքում խորամանկություն նկատեց, ինչից սիրտը կարծրացավ։
-Ի՞նչ եմ խոսում,- ասաց Իմանին (ասես մինչ այդ էլ էին խոսել այս թեմայով),- երկրորդ երեխան կսպաներ ինձ։ Ես չեմ պատկերացնում իմ կյանքը երկու երեխաների հետ։ Երեխա ունենալը փորձառություն է, ինչպես դպրոցն ավարտելը, եթե մի անգամ անցել ես այդ փորձառությունը, ուրեմն արդեն բավարար է:
Տղամարդը թեյը դրեց Իմանիի առաջ՝ ծանր ձեռքն իջեցնելով նրա գլխին։ Իմանին զգում էր նրա ձեռքի տաք ու ճնշող ծանրությունը իր գլխին, և երբ դիպավ բաժակին, զգաց թեյի ուժեղ հոտն ու նրանից բարձրացող գոլորշին, ինչից կոկորդը կծկվեց։
– Չեմ կարող խմել սա,- ասաց նա՝ ատամները կրճտացնելով։- Տա՛ր այստեղից։
Եվ այսպես օրեր շարունակ։
Կլարիսան՝ նրանց դուստրը, երկու տարին նոր էր բոլորել։ Կլարիսայի ծնունդի ու այս վերջին հղիության միջև Իմանին մեկ անգամ արդեն վիժել էր՝ վշտից առաջացած լարվածության պատճառով (Իմանին կորցրել էր մորը, որ երկար տարիներ բնապահպան էր եղել: Կլարիսայի ծնունդից կարճ ժամանակ անց նա մահացել էր թոքի քաղցկեղից: Քսան տարի շարունակ նա դասավանդել էր առաջին դասարանի աշակերտներին՝ կտավաքարե(ասբեստ) ծորացող առաստաղով մի դասարանում)։ Իմանին այնպես էր զգում, ասես իր մարմինը բռնության է ենթարկվել այդ իրադարձություններից: Եվ, իսկապես, նա զգալիորեն թուլացել էր, ավելին՝ տառապում էր քրոնիկ սակավարյունությամբ ու չափազանց հյուծված էր։ Եվ այնուհանդերձ, եթե երեխա ունենալու ցանկությունն ավելի մեծ լիներ, քան կասկածը, դժվար թե աբորտ անելու որոշում կայացրած լիներ։
Նրանք ապրում էին հարավային մի փոքրիկ քաղաքում։ Նրա ամուսինը՝ Կլարենսը, ի թիվս այլ պարտականությունների, նաև քաղաքի նոր սևամորթ քաղաքապետի իրավական գծով խորհրդատուն ու պաշտպան էր: Քաղաքապետը նրանց կյանքում մեծ տեղ էր զբաղեցնում, նախ, որովհետև, փոքր քաղաքի առաջին սևամորթ քաղապետը լինելը մեծ դժվարությունների հետ էր կապված, և հետո՝ Կլարենսն շատ էր հարգում ու հիանում էր նրանով՝ համարելով նրան սևամորթների պայքարի առաջամարտիկ:
Իմանին չէր շտապում վերջնական կարծիք ասել, բայց նկատել էր, որ քաղաքապետ Քարսվելը խուսափում էր նայել իրեն, երբ ինքը կարծիք էր հայտնում կամ հարց տալիս, նույնիսկ երբ նստած էր իր իսկ տանը կազմակերպած ճաշի սեղանի շուրջ: Փոխարենը, նա խոսում էր Կլարենսի հետ՝ չնկատելով իր ներկայությունը։ Երևի նա ենթադրում էր, որ կինը դժվար թե հետաքրքրվի քաղաքակնությամբ և առավել ևս՝ գլուխ հանի քաղաքականությունից։ (Երբեմն հաճոյախոսություններ էր անում՝ ուղղված նրա խոհարարական հմտություններին կամ հագուստին։ Նկատում էր նաև, երբ Իմանին փոխում էր սանրվածքը։) Իրականում Իմանին շատ լավ գլուխ էր հանում քաղաքականության բոլոր նրբություններից և նույնիսկ հասկանում էր, թե ինչու է ինքը հյուրընկալում քաղաքապետին, որն անգամ իր հետ չի խոսում։ Այդ պահին նա կարիք ուներ հավատալ քաղաքապետին, անգամ, եթե նա չէր հավատում իրեն: Այս ամենը հասկանալով հանդերձ՝ Քարսվելի հետ ճաշելը մի տեսակ դժվարամարս էր:
Սակայն Կլարենսը նվիրված էր քաղաքապետին, հավատում էր նրա հաջողությանը, և կարծում էր, որ նրա հաջողությունը, վերջին հաշվով իրենց բոլորի անվտագություն ու առաջխաղացումն էր:
Այն օրը, երբ Իմանին գնում էր աբորտ անելու, քաղաքապետն ու Կլարենսը աշխատանքային ճաշ ունեին, և օդանավակայանի ամբողջ ճանապարհին խոսում էին քաղաքային ծախսերի, ռասիստ ոստիկանների, դպրոցների դասավանդման մասին, որտեղ քաոսային վիճակ էր տիրում համակենտրոնցված ուսուցման նոր ընդունված օրենքի պատճառով: Միայն բաժանվելու պահին Կլարենսը մի կարճ համբույրի ու գրկախառնության ժամանակ գտավ:
-Հո՛գ տար քո մասին,- շշնջաց նա մեղմորեն, երբ Իմանին հեռանում էր։ Իմանիի բացակայության ընթացքում նա պետք է քաղաքի նոր կանոնադրության մշակմամբ զբաղվեր, չէ, ինքն անշուշտ համաձայն էր, որ գործը կարևորներից էր․ տեղի գործարարներն ու Առևտրի պալատն արդեն կասկածի տակ էին դրել քաղաքապետի հմտությունները, իսկ եթե հեռուստատեսությանը լսես, ընդհանրապես կարելի էր ենթադրել, որ աշխարհի վրա չկա մի սևամորթ, ով գիտի՝ ինչ է քաղաքի կանոնադրությունը։
«Հոգ տանեմ իմ մասին։ Այո,- մտածեց նա։- Իհարկե, ուրիշ ինչ կարող եմ անել»։ Այս ամենի մասին մտածելիս նա խղճահարություն զգաց իր հանդեպ, ինչն ավելի ամրապնդեց որոշումը։ Չէ՞ որ ակնկալում էր, որ նա՛ իր մասին հոգ կտանի, և մեղադրում էր նրան՝ այդպես չվարվելու համար։
Ամեն դեպքում, մի խաբեբա էլ ինքն էր։ Ամուսնությունից ընդամենը մի տարի հետո հասկացավ, որ ձանձրացել է։ «Երեխա ունենալու փորձառությունն» ընդամենը այդ փաստից շեղվելու միջոց էր։ Այնուամենայնիվ, ինքը սպասում էր, որ նա՛ պետք է հոգ տաներ իր մասին։ Իմանին բախտավոր էր, որ նա պարզապես չհավաքեց իրերն ու չհեռացավ։ Թեպետ կարծես հենց Կլարենսն ինքն էլ շատ լավ գիտեր, որ եթե ինչ-որ մեկը մի օր հավաքելու էր իրերն ու գնա, ապա դա հենց Իմանին է լինելու։ Հենց միայն նրա համար, որ ինքը խաբեբա է, և Կլարենսը հարմարվել է իր խաբեությանը, իսկ ինքը՝ ոչ։
Նյու Յորքի ճանապարհին Իմանիի ատամները ցավում էին և մաղձանման դեղնավուն զանգված էր ործկում՝ գաղափար անգամ չունենալով, որ իր մարմինը նման բան կարող է արտադրել։ Նա և՛ գնահատեց, և՛ ջղաձգվեց բորտուղեկցորդուհու փոքրիկ օգնությունից, որը սկզբում հարցրեց՝ արդյոք ինչ-որ բանի կարիք ունի ինքը, իսկ հետո կանգնեց ու սկսեց զրուցել իր կողքին նստած սպիտակամորթ տղամարդու հետ, որը անդադար ծխում էր: Նա ճարպոտ ու մազոտ դաստակը ուներ, որն ասես մի հսկայական որդ լիներ. դա այն ամեն էր, ինչ աչքի ծայրով տեսնում էր Իմանիին։
Իր առաջին աբորտը, որը դեռ համալսարանի տարիներին էր արել, Իմանին հիշում էր որպես մի հրաշալի իրադարձություն. այն կարծես իր մեջ կրում էր հասունության նշանները և գիտակցումը՝ սեփական ճակատագրի ընտրությանը: Մի բան, որ այլևս երբեք չլքեց իրեն. կյանքը, այն ամենը ինչ տեսնում ու կոչում ենք Կյանք, և չկա ոչինչ ավելին այդ արտաքին շերտից այն կողմ: Կյանքը հենց կյանքն է որ կա։ Վերջակետ։ Այդ գիտակցումն Իմանիին հիացմունք էր պատճառում և՛ այդ ժամանակ, և՛ դրանից հետո և՛ նույնիսկ հիմա:
Աբորտ անողը մի հմայիչ իտալացի բժիշկ էր, որն աշխատում էր Նյու Յորքի Վերին Իսթ Սայդում ու մինչ կանզգայացներ Իմանիին, պատմեց, որ իր դուստրն էլ հենց նույն տարիքի է և ուսանում է Վասարում։ Մինչ անզգայացնող դեղը կազդեր, նա շարունակ շատախոսում էր։ Իսկ մինչ այդ Իմանին հասցրեց մտածել, թե ինչպես իր հազար դոլարը, որի պատճառով ինքը ստիպված կլինի տարիներ շարունակ պարտքի տակ մնալ, կծախսվեն նրա դստեր կրթության վրա:
Երբ Իմանին արթնացավ, ամեն ինչ ավարտվել էր։ Նա պառկած էր սպասասրահում՝ Naugahyde ընկերության բազմոցի վրա։ Վերևից նրան կանացի մի ձայն հասավ։ Շաբաթ էր, հերթապահ բուժքույրեր չկային, ուստի ենթադրեց, որ դա բժշկի կինն էր։ Ձայնը զգուշորեն ստիպեց նրան ոտքի կանգնել ու փորձել քայլել։
-Երբ գնաք, աշխատեք այնպես քայլել, ասես ոչինչ չի եղել,- ասաց ձայնը։
Իմանին ցավ չէր զգում։ Դա զարմացրեց նրան։ Գուցե նա ոչինչ չի՞ արել, մտածեց նա։ Իսկ եթե վերցրեց իմ հազար դոլարն ու երկու դոլար արժողությամբ եթերով պարզապես քնեցրե՞ց ինձ։ Իսկ եթե սա խաբեությո՞ւն է։
Բայց նա այնքան բարի էր, այնքան բարեսրտորեն, նույնիսկ հայրական ժպիտով էր ժպտում (և Իմանին հասկացավ, թե որքան անհուսորեն էր զգում այդ «հայրական» հայացքի, այդ «հայրական» ժպիտի կարիքը)։
-Շնորհակալ եմ,- անկեղծորեն շշնջաց Իմանին․ նա շնորհակալություն էր հայտնում իր կյանքի համար։
Նրա ձայնի մեջ դեռևս զգացվում էր Իտալիայի շունչը։
-Չարժե, չարժե,- ասաց բժիշկը։- Քո պես հաճելի, գեղեցիկ աղջիկը․․ ուսանող, ճիշտ իմ աղջկա նման, քեզ պետք չէր այս գլխացավանքը։
«Ինչ հաճելի մարդ է»,- մտածեց Իմանին՝ քայլելով դեպի մետրո՝ պատրաստվելով վերադառնալ համալսարան։ Նա զգուշորեն պառկեց ազատ նստատեղի վրա ու կորցրեց գիտակցությունը։
Իմանին վեց շաբաթ շարունակ արյունահոսեց, ու դեռ մի տարի էլ չէր ապաքինվում։ Այդ ժամանակից ի վեր յոթ տարի է անցել։ Աբորտի մասին օրենքն այժմ թույլ է տալիս պայմանավորվածություն ձեռք բերել կլինիկայում, և ահա քեզ՝ անվտանգ, արագ ու անցավ աբորտ՝ ընդամենը յոթանասունհինգ դոլարի դիմաց։
Այդ ժամանակ Իմանին ապրում էր Նյու Յորքում՝ Վիլիջում, որն աբորտի կլինիկայից հինգ թաղամաս էր հեռու և շատ մոտ էր գտնվում նաև Մարգարեթ Սենջերի կլինիկան, որտեղ ստացել էր իր առաջին դիաֆրագմը(խտրոց)՝ գերագույն երախտագիտությամբ ու հիացմունքով լցվելով այն մարդկանց հանդեպ, ովքեր մտահոգվում են իր պես միայնակ ու անտեղյակ կանանցով։ Իսկ իրականում, քայլելով մի թաղամասով, որտեղ հին շենքերին միացել էին ժամանակակից գրասենյակային շենքերը, նա զգում էր, որ այնքան էլ հեռու չի գնացել իր առաջվա ես-ից։ Այժմ էլ, ինչպես նախկինում, չի կառավարում իր զգայական դաշտը, և միայն դաժանության ու փողի (թռիչքի ու իր վիրահատության) միջոցով է վերհասկում իր մարմինը։
Նա հայտնաբերեց, որ աբորտը մտել է մասսայականության ժամանակաշրջան։ Նրան ուրախություն էր պատճառում, որ ինքը աննկատ է մնում տարբեր գույների, տարիքների, դժբախտության ու նյարդայնության տարբեր վիճակներում գտնվող կանանց մեջ, սակայն երբ բժիշկը տեղադրեց կաթետրը, Իմանին ցավով նկատեց, որ անզգայացումը չէր ազդել։ Բայց արտադրական հոսքուղիները չեն դադարեցնում իրենց աշխատանքը միայն այն բանի համար, որ արտադրանքը դժգոհություն ունի։ Բժիշկը սուլեց, հավաստիացրեց, որ ամեն ինչ ինչ լավ է, և գործընթացը հասցրեց իր սահմռկեցուցիչ ավարտին։ Ավարտից մի քանի վայրկյան առաջ Իմանին արդեն կորցրել էր գիտակցությունը։
Նրան պառկեցրին մի հանգիստ սենյակում՝ ուրախ, վառ գույներով։ Հիմնական գույներն էին՝ դեղին, կարմիր ու կապույտ։ Երբ ուշքի եկավ, այնպիսի զգացում ուներ, ասես մանկասենյակում էր գտնվում։ Շտապ միզելու ցանկություն առաջացավ։
Սպիտակահեր ու բարի բուժքույրն իր ամուր ձեռքերով օգնեց նրան պետքարան հասնել։ Պատկերը, որ տեսավ լվացարանի վերևի հայելու մեջ, անհանգստացնող էր։ Նա բառացիորեն մոխրագույն էր․ ասես ողջ արյունը դուրս էր հոսել։
– Տեսքի համար մի անհանգստացեք,- ասաց բուժքույրը։- Մի քիչ հանգստացեք այստեղ, տուն հասնելուց էլ՝ խնայեք ձեզ: Մեկ-երկու շաբաթից լավ կլինեք։
Բայց նա ի վիճակի չէր հավատալ, որ կարող է երբևէ նորից լավ լինել։ Ինչ-որ տեղ իր երեխային (նա միշտ աշխատում էր խուսափել «սաղմերի» ու «ամորֆ գոյացությունների» լեզվից) բաց էին թողել կոյուղաջրերի մեջ։ Այլևս երբեք նա չի տեսնի արևի լույսը, չի ճաշակի թզի համը։
-Դե, ինչ, փոքրի՛կ, հարցն այսպես էր դրված՝ կա՛մ դու, կա՛մ ես, ու ես ընտրեցի ինձ։
Որոշ մարդիկ կարծում էին, որ Իմանին իրավունք չուներ իրեն ընտրելու, բայց Իմանին գիտեր, որ հիմա չարժեր մտածել այլ մարդկանց կարծիքների մասին։
Տուն նա վերադարձավ մի տաք ու պայծառ շաբաթ օր։
Կլարենսն ու Կլարիսան օդանավակայան էին եկել՝ նրան դիմավորելու։ Նրանք այգուց ծաղիկներ էին քաղել, որը Իմանին էր աճեցնում, և Կլարիսան ամուր գրկախառնությունից հետո դրանք նվիրեց մորը։ Հայտնվելով մոր գրկում՝ նա հանդարտվեց ու ամբողջ ճանապարհին ծծում էր բութ մատը, ցուցամատով շոյում քիթը, իսկ մյուս երեք մատներով տրորում էր իր ծածոցի ծայրը։
– Ինչպե՞ս անցավ,- հարցրեց Կլարենսը։
-Անցավ,- ասաց Իմանին։
Եվ արդյո՞ք հնարավոր է որևէ կերպ տղամարդուն բացատրել, թե ինչ բան է աբորտը։ Գուցե կարելի է համեմատել ամորձատման հետ, սակայն տղամարդկանց մեծամասնությունը կամ ամենայն հավանականությամբ բոլոր տղամարդիկ, կպնդեն, որ այդպիսի բան հնարավոր չէ։
-Անզգայացումը չազդեց,- ասաց նա։- Եթե ժամանակին գիտակցությունս չկորցնեի՝ գոռալով ցած կընկնեի սեղանից։
Կլարենսը գույնը գցեց։ Ցավի կամ դաժանության մասին ցանկացած միտք նրա համար անտանելի էր. անգամ միայն մտքից ֆիզիկապես վատ էր զգում։ Եվ հենց դա էր այն պատճառներից մեկը, որ նրան խաղաղասեր էր դարձել․ ևս մի պատճառ, որի համար Իմանին հիանում էր նրանով։ Իմանին գիտեր, որ նա չէր ուզում լսել, բայց դիտավորյալ շարունակում էր խոսել միատոն ձայնով։
– Ասես ողջ արյունը քամեցին մարմնիցս։ Ոտքերիս ջլերն ասես կտրված լինեին։ Ամբողջովին մոխրագույն էի։
Նա ձեռքը պարզեց Իմանիի ձեռքի ուղղությամբ։ Բռնեց այն։ Ամուր սեղմեց։
-Բայց,- ասաց Իմանին,- հիմա գոնե գիտեմ՝ ինչ չեմ ուզում։ Այլևս երբեք նման բանի միջով չեմ անցնի։
Նրանք իրենց խաղաղ, հանգիստ ու գունազարդ տան հյուրասենյակում էին: Իմանին նստել էր իր ճոճաթոռին, իսկ Կլարիսան նիրհում էր նրա գրկում։ Կլարենսը հարմարվել էր հատակին ու գլուխը դրել էր նրա ծնկներին։ Իմանին զգում էր, որ նա աջակցություն էր խնդրում իրենից այն դեպքում, երբ հենց ինքն ուներ այդ աջակցության կարիքը։ Զգում էր, որ նրանք երկուսն էլ՝ Կլարենսն ու Կլարիսան, կառչել էին իրենից, օգտագործում են իրեն։ Ինքնահաստատվելու, նրանցից անջատվելու, իր եսը գտնելու համար պետք է անցներ ինքնակործանման ցավոտ ճանապարհով: Եվ նա դիմացավ նրա ծանրության ճնշմանը՝ որքան կարող էր։
-Ստերիլիզացում անցիր,- ասաց նա,- կամ հյուրասենյակում քնիր։ Այլևս թույլ չեմ տա դիպչել ինձ, եթե դա ինձ համար անվնաս չէ։
Նա շոյեց Իմանիի խիտ մազերը:
-Մենք կխոսենք այդ մասին,- ասաց Կլարենսը՝ ասես հենց դրանով չէին զբաղված,- Կմտածենք։ Հանգիստ եղիր։ Հոգ կտանենք ամեն ինչի մասին։
Իմանիի մտքից թռել էր, որ վաղը՝ հունիսի երրորդ կիրակի օրը, Հոլլի Մոնրոյի հիշատակի հինգերորդ տարելիցն էր։ Նա զոհվել էր կրակոցից՝ հինգ տարի առաջ, երբ տուն էր վերադառնում ավագ դպրոցի ավարտական արարողությունից։ Իմանին երբեք բաց չէր թողում այդ հիշատակի արարողությունները։ Նրան դուր էր գալիս այն համոզմունքը, որ իր ժողովուրդը պահպանում է հիշողությունը այն անմեղ մարդիկանց, որոնք ընկել են պայքարի ժամանակ ու չեն մոռացվել։ Իհարկե, նա չափազանց տկար էր գնալու համար․ գլխապտույտ ուներ ու դեռևս արյունահոսում էր։ Սպիտակամորթ օրենսդիրները փորձում էին արդարացնել մարդասպանությունը (որն Իմանիի կարծիքով աբորտի ծայրահեղ տեսակ էր)՝ ասելով, որ տուժողն ինքն էր հրահրել (Հոլլի Մոնրոյի մասին դժվար էր նման բան ասել, բայց դա էլ էին փորձել), իսկ իրականում՝ հանդես էին գալիս որպես աբորտի հակառակորդներ։ Նման մտքեր էին անցնում Իմանին գլխով, մինչև նա լողանում ու լվանում էր մազերը։
Իրենց համատեղ կյանքի երկրորդ տարում Կլարենսը օդափոխման համակարգ էր տեղադրել տան մեջ: Ի սկզբանե Իմանին դեմ էր։ «Ուզում եմ մաքուր օդ շնչել, զգալ թե ինչպիսին է ծառերի, ծաղիկների բույրը»։ Բայց հենց առաջին իսկ ամռանը, երբ ջերմաստիճանը հասավ 110⁰ F-ի, Իմանին իսպառ մոռացավ իր ցանկության մասին։ Հիմա նա միայն ուզում էր զովանալ։ Եվ որքան էլ որ նա սիրեր ծառերը, շոգին պատրաստ էր հատել անտառի բոլոր ծառերը, միայն թե հասներ օդորակչին։
Եթե անկեղծ, ապա պետք է ընդուներ, որ Կլարենսը հարցրել էր իրեն՝ ի վիճակի՞ էր արդյոք գնալ եկեղեցի։ Բայց նույնիսկ այդ հարցն էր նրան զայրացնում։ Նա միշտ հարգանքի տուրք մատուցում մահացածներին, և առողջական խնդիրները նրան երբեք հետ չէին պահում նման հարցերում, թեև հրաշալի գիտակցում էր, որ մահից հետո կյանք չկա։ Ուստի հարգանքի տուրքը հենց ի՛ր համար էր, իսկ ինքն այսօր հանգստի կարիք ուներ։ Իր մարմնին հանգիստ չտալու մեջ ինչ-որ խենթ մի բան կար, և ինքն էլ զգաց դա, երբ երերալով Կլարիսայի հագուստն էր հագցնում։ Այնուամենայնիվ, կանգ չառավ։ Պատրաստեց լոգարանը, երեխային իջեցրեց ջրի մեջ, ծնկներին հենելով՝ տրորեց նրա փափլիկ մարմինը։ Թևերի լարվածությունից ու անհարմարությունից որովայնը ցավում էր (ցավը դեռ արգանդին չէր հասել)։ Ապա չորացրեց աղջկա մազերը, բարձրացրեց նրան խոհանոցի սեղանի վրա՝ չորացնելով նաև մարմինը:
-Ինչքան որ ապրես, կհիշես, թե ինչպիսի են նրանք՝ մարդիկ, – ասաց երեխային, ով, բլբլալով ու թոթովելով, անհոգ հայացքն ուղղել էր մոր խոժոռ դեմքին։
– Դու կլսես երաժշտությունը,- ասաց Իմանին։- Այն երաժշտությունը, որ նրանք փորձում են սպանել։ Այն երաժշտությունը, որ փորձում են գողանալ»։ Նա ջերմում էր ու գիտակցում էր, որ զառանցում է։ Բայց կարծես դա նրան չէր հետաքրքրում։
-Կարծում են՝ կարող են ոչնչացնել մայրցամաքը՝ մարդկանց, ծառերը, բիզոններին, ապա թռչել Լուսին ու պարզապես մոռանալ այդ մասին։ Բայց ես ու դու պիտի հիշենք մարդկանց, ծառերը ու անիծյալ բիզոններին։ Գրո՛ղը տանի։
-Բիժոններին, – ասաց երեխան՝ գդալով հարվածելով մոր դեմքին։
Հյուրասենյակում երեխային դրեց վերմակի վրա և, շրջվելով, հանդիպեց ամուսնու՝ իրեն ուղղված խղճահարությամբ լի աչքերին։ Իմանին վառ կանաչ գույնի հողաթափեր և գեղեցիկ կապտականաչավուն զգեստ էր հագել։ Մարմինը կուչ էր եկել զգեստի մեջ, իսկ նրա հայացքի ներքո աչքերն ակամա լցվեցին արցունքներով։
«Երբեմն նայում եմ քեզ ու մտածում՝ ի՞նչ է անում էս մարդն իմ տանը»։
Սա նրանց երկուսի կատակն էր։ Իմանին երբեք նպատակ չէր ունեցել ամուսնանալու. գերադասում էր ունենալ սիրեկաններ, որոնց կարելի է տուն ուղարկել լուսաբացին, իսկ ինքն ազատ լինել՝ աշխատել ու զբոսնել։
«Ես էստեղ եմ, որովհետև դու սիրում ես ինձ»,- պետք է լիներ պատասխանը։ Բայց Կլարենսը կարկամեց՝ հանդիպելով նրա հայացքին, և Իմանին շրջվեց։
Ժամը 10-ին արդեն 100⁰ F էր։ Իսկ 11-ն, երբ սկսվելու էր հիշատակի արարողությունը, տասն աստիճան ավելի բարձր կլիներ։ Իմանիի ոտքերը երերում էին շոգից: Մեքենայի մեջ գլխապտույտից սեղմել էր ատամները, մինչև շարժիչն աշխատեց, ու օդորակիչը նրանց զովությամբ պարուրեց։ Որովայնում բութ ցավ սկսվեց։
Եկեղեցում, իհարկե, օդորակիչ չկար։ Բոլոր իմաստներով տիպիկ նախնադարյան բապտիստական եկեղեցի էր։
Ինչպես նախորդ չորս հիշատակի արարողությունները, այս մեկը ևս, կազմակերպել էին Հոլլի Մոնրոյի դասընկերները։ Բոլոր քսանը՝ թմբլիկ ու նիհար, հաջողացրել էին նմանվել մահացած աղջկան։ Իմանին երբեք չէր տեսել Հոլլի Մոնրոյին, թեև հենց այս եկեղեցում, որտեղ նա մկրտվել էր ու երգել երգչախմբում, ամբիոնի գլխավերևում մշտապես կախված էին նրա նկարները։ Խոցելի տարիքի յուրաքանչյուր սևամորթ աղջիկ Հոլլի Մոնրո էր Իմանիյի համար։ Իսկ եթե ավելի ճիշտ՝ ապա հենց ինքն էր Հոլլի Մոնրո։ Իրեն էին կրակել, իր կյանքն էին ընդհատել՝ իր եսը գտնելու շեմին։
Նա պատրաստ էր արտասվելու, անզուսպ արտասվելու։ Բայց չարտասվեց։ Սեղմեց ատամները՝ փորձելով դիմանալ անընդհատ ուժգնացող ցավին, իսկ տապն ակնթարթորեն չորացրեց արցունքները։
Քաղաքապետ Քարսվելլը Կլարենսին էր սպասում եկեղեցու գավիթում՝ հսկայական թաշկինակով սրբելով լայնածնոտ, հաստլիկ դեմքը, շրջապատված մոտ հինգ երիտասարդ տղամարդկանցով ու կանանցով, որոնք հարգանքով ունկնդրում էին նրան։ Իմանին ողջունեց քաղաքապետին, որը սովորականի պես թեթև համբուրեց նրա այտը, ապա Կլարիսային՝ սակայն ամբողջ ժամանակ շոգից փայլող աչքերով նայելով միայն Կլերենսի աչքերին: Երկու տղամարդիկ խցկվեցին անկյուն՝ հեռու ակնածանք ներշնչող երիտասարդներից։ Հեռու Իմանիից ու Կլարիսայից, ովքեր անվստահորեն անցան եկեղեցու ներս՝ սպասելով, որ նրանք կա՛մ կմիանան իրենց, կա՛մ ձայն կտան՝ իրենց սպասելու:
Տասնհինգ րոպե երաժշտություն էր հնչում:
-Հոլլի Մոնրոյի հասակը 158 սմ էր, քաշը՝ 55 կգ, – ասաց նրա լավագույն ընկերուհին, որ թղթից չէր կարդում, այլ խոսում էր ունկնդիրներից յուրաքանչյուրի հետ։- Նա համառ, բայց հավատարիմ «աղեղնավոր» էր, լավագույն ընկերը, որ կարելի է պատկերացնել։ Սև, խճճված վարսեր ուներ, որոնց հետ սիրում էր փորձարկումներ անել։ Ամռանը ճիշտ կաղնու փայտից պատրաստված այս եկեղեցական նստարանի գույնն ուներ, իսկ ձմռանը՝ (ցույց տալով վերև) սոճուց պատրաստված այս առաստաղի։ Նրա սիրած գույնը կանաչն էր։ Չէր սիրում մանուշակագույնը, քանի որ, ինչպես ինքն էր ասում, չէր սիրում նաև վարդագույնը։ Աչքերը շագանակագույն էին, ու ակնոց էր կրում, բացառությամբ այն դեպքերի, երբ առաջին անգամ էր հանդիպում ինչ-որ մեկին։ Քիթը կլորավուն էր։ Ատամները՝ մեծ ու գեղեցիկ, շուրթերը միշտ ճաքում էին, իսկ նա վազելին չէր օգտագործում, ուստի ստիպված էր քիչ ժպտալ։ Գեղեցիկ ոտքեր ուներ։
Նրա սիրելի եկեղեցական երգն էր «Հանձնելով ինձ հավիտենական ձեռքերին»։ Աշխարհիկ երգերից նրա ամենասիրելին էր «Չեմ կարող զսպել ինձ, ես սիրում եմ քեզ ու միայն քեզ» երգը։ Թեև սիրում էր երգել, հաճախ էր ուշանում երգչախմբի փորձերից։ Նա ինքն էր կարել այն զգեստը, որ հագել էր «Տնային տնտեսության» դասերի ավարտական երեկոյին։ Նա տանել չէր կարողանում տնային տնտեսությունը․․․
Ելույթը ողջ ընթացքում Իմանին ուղեկցող թույլ շշուկներ էր լսում։ Ամեն ինչ հանդարտ էր նրա շուրջը, նույնիսկ Կլարիսան էր ուղիղ նստել՝ կլանված երիտասարդ կնոջ ընկերական ձայնով։ Հոլլի Մոնրոյի բոլոր դասընկերներն ու ընկերները վառ կանաչ զգեստներ էին կրում։ Իմանին պատկերացրեց, որ Կլարիսան պետք է որ հիացած լինի այս ծփացող գույնով, ինչպես ցորենի ծփացող արտերով։
Գիրկն առնելով երեխային՝ Իմանին ոտքի թաթերի վրա քայլեց դեպի դուռը․ որովայնն այրվում էր ցավից, մեջքի վրայով արդեն քրտինք էր հոսում։ Կլարենսն ու քաղաքապետը դեռ խորասուզված զրուցում էին։ Նրան մի քանի բառ հասան՝ «խորհրդի նիստ․․․ ավագանի․․․ քաղաքային խորհուրդ»։ Նա գլխով նշան արեց Կլարենսին։
– Չե՞ք կարող ավելի ցածր խոսել, – ֆշշացրեց նա։
Ուզում էր ասել՝ ինչպե՞ս եք համարձակվում ներս չմտնել։
Նրանք չմտան։ Կլարենսը բարձրացրեց գլուխը, նայեց նրան, անօգնական թոթովեց ուսերը։ Ապա շրջվելով ինչպես մտազբաղ քահանաներ՝ դանդաղ շարժվեցին դեպի արտաքին դուռը, դուրս եկան եկեղեցու բակ ու կանգնեցին եկեղեցուց որոշակի հեռավորության վրա՝ հսկայական կաղնու տակ։ Այդտեղ էլ մնացին ողջ արարողության ընթացքում։
Երկու տարի անց Կլարենսը կատաղության մեջ էր․
– Քեզ ի՞նչ է եղել։ Երբեք թույլ չես տալիս դիպչել քեզ։ Ասացիր, որ հյուրերի սենյակում քնեմ, քնեցի։ Ասացիր, որ ստերիլիզացիա անցնեմ, արեցի՝ իմ կամքին հակառակ։
(Նրա զայրույթի մեջ կատաղի ատելություն կար Իմանիի նկատմամբ, ատելություն՝ իր նվաստացման համար։ Ինքն իրեն ներքինի էր զգում, ու մեղադրում էր Իմանիին։)
Իմանին ոչ թե պարզապես անտարբեր էր նրա նկատմամբ, այլ ընդհանրապես հեռացել էր նրանից։
Այն օրը՝ եկեղեցուց հեռանալուց հետո, նրան զարմացրեց այն, որ չնայած զայրույթին, որ զգացել էր այն պահին, երբ Կլարենսն ու քաղաքապետը գնացին Հոլլի Մոնրոյի հիշատակի արարողությունից, ինքն, այնուամենայնիվ, թույլ տվեց իրեն մեքենայով տուն տանել։ Մեկ ամիս անց կարողացավ սիրագին ժպտալ նրան։ Նրա հետ Բերմուդյան կղզիներ գնաց, մի քանի երանելի օր անցկացրեց ծառերի մեջ թաքնված ամայի լողափին, նրա հետ սիրով զբաղվեց։ Լսեց Կլարենսի մոր պատմությունները նրա երիտասարդ տարիների մասին․ ասես հավերժ պահպանելու էր դրանք հիշողության մեջ։
Այդուհանդերձ, հենց այն պահին՝ այն շոգ օրը, եկեղեցու դռան մոտ նա արդեն հեռացել էր Կլարենսից, և այդ անջատման մեջ, բացառությամբ հազվադեպ պահերի, Կլարենսը փոքր-ինչ ավելին էր, քան պարզապես օտարական։
Իսկ նա դա չէր զգացել, չէր իմացել։
-Ի՞նչ եմ արել,- հարցրեց նա՝ իր ձայնի ողջ քնքշությամբ պարուրելով նրան։ Իմանին ժպտաց նյարդային ժպիտով, որը նրա կողմից ընկալվեց որպես ծաղրանք․ այդքան հեռացել էին միմյանցից։
Եկեղեցու միջադեպը քննարկել էին բազմիցս։ Քաղաքապետ Քարսվելլը, որին այլևս երբեք չտեսան, այժմ օրինակելի քաղաքապետ էր․ օրենսդիր մարմնի ընտրությունների նախընտրական քարոզարշավին վայելում էր և՛ սպիտակամորթների, և՛ սևամորթների լայնամասշտաբ աջակցությունը։ Նրանցից ոչ մեկը հաճույքով չէր հիշում նրան, թեև հեռուստացույցը հաճախ էր նրան իրենց տուն բերում։
– Ախր, շատ կարևոր էր, որ ես օգնեի քաղաքապետին,- ասաց Կլարենսը։- Նա առաջի՛նն էր մեզնից։
Իմանիին շատ լավ էր հասկանում, բայց այս խոսքերը նրա ականջներում հնչեցին որպես երգիծանք։ Նա ժպտաց, իսկ Կլարենսը վիրավորվեց։
Իմանին գիտեր, թե ո՛ր պահին, կոնկրետ ո՛ր վայրկյանին քանդվեց իր ամուսնությունը։ Ըստ երևույթին, այդ պահն իր հետևից ոչ մի նկատելի հետք չէր թողել։
Նրանք վիճում էին, Իմանին ժպտում էր, նրանք աղաղակում էին, մեղադրում, լալիս, մինչ Իմանին հավաքում էր իրերը։
Երկուսն էլ հազիվ էին զսպում իրենց, որ բարձրաձայն չասեին․ այն երեխան, որից ազատվեցին, այս տարի կդառնար երկու տարեկան։ Չարաճճի փոքրիկ, մեծ բեռ՝ մայրիկի համար, որի առողջությունն արդեն լիովին վերականգնվել է։ Երկուսն էլ հազիվ էին զսպում իրենց չասելու, որ իրենց ամուսնությունն ամեն դեպքում կքանդվեր։ Հենց այդ պատճառով։
Ծանոթագրություն
1․ 100⁰ F – 38⁰C
Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Պետրոսյանի
Խմբագրումը՝ Հասմիկ Հակոբյանի