Ալլեն Գինսբերգ | Մանդալա

Քանզի մոլորակի հոգին արթնանում է

Քանզի մոլորակի հոգին
Արթնանում է, ժամն է նյութեղեն
ձևերի վախճանի, մեր
սերունդը թակարդված է ծուղակում
Սատանայական Վեհ քաղաքների ու ազգերի, և միայն
մարգարեական սուրբ գիտակցությունը
պոետի՝ Բլեյքի, Ուիթմանի,
կամ մեր իսկ՝ նորերի, կարող է
ուղղել մեր հայացքը
այրող աչքերին մոտալուտ
Ցասման վագրերի:

 

Լուսաբաց

Լուսաբաց,
հոգնություն.
սպիտակ երկինք
գորշ բետոնից տներ
ժանգակարմիր արև.
տուն դառնալով դեպի կահավորված սենյակը՝
նյարդակործան սիրաբառեր:
Չեմ ուզում նրան:

Վե՛րջ տուր ցնորքին

ապրիր
նյութեղեն աշխարհում
ամեն ակնթարթ

պիտի գրի առնեմ
ամեն կրկնվող միտք՝
կանգնեցնեմ ամեն մի անցնող վայրկյան

հրշեջ սանդուղք, մուտք, աստիճան,
դուռ,
էլեկտրական լույս,
գրասեղան ու մահճակալ. հոգնություն.
հարբած զգացումն
իմ նյութեղեն հավերժության:

 

Սյուզըն Զոնթագին լսելիս

Բոլոր Դարերը մեկ են:
Արդի, նորաձև հագնված՝
մաշկով, մազերով, որդալորձով,
հաչոցով ու փետուրով,
Կրակը վառվում է շարունակ
գետնափոր օջախում
ջերմությունը բաբախում է սրտերում
քայլերն ուղղվում են դեպի գերեզմանի
փոսը
կամ կտրում-անցնում գերեզմանոցը
երկաթե ցանկապատի ցածր դարպասով

դեպի բլրի վրայի մթերային խանութը
Չոթոքուա մարգագետնով
անցնելով անձավներն ու սոճուտը դեպի
լեռնապատն Ուղղահայաց
ընդդեմ կապույտի
Գլխավերևում ամպերը լողում են
ասես Յուրայի դարաշրջանի
Դինոզավրի գլուխներ՝ հայացքը հառած
արմավենիներից բարձր
դեպի փայլող պատը, որտեղ Միքայելը
կամարաձև դարպասի մոտ
շողշողուն սրով
ներս է թողնում հաջորդ
հազարամյակի հինգ միլիարդ
գանգերին:
Ապշա՛ծ Սերունդ: Գտնվա՛ծ Սերունդ:
Ադամանդի՛ Սերունդ: Ուղեղը լվացա՛ծ
Սերունդ: Ամնեստիկ
Թիվի Բյուրոկրատիա Վոյդոյդս:
Նյու Վեյվ Փա՛նկ Սերունդ:
Նեյրտրոնային Ռումբի պայթյունների՛ Սերունդ:
Ապոկալիպսի սերմնաբջիջներ:
Միկրոչիպի սեռաջրերը
խմելո՞վ եք մեծացել:
Կամուսնանա՞ս ինձ հետ
մյուս հազարամյակում:
Թե՞ պիտի սպասեմ Պլատոնական տարվան:
Մի բան է տարբեր միայն Դարից
Դար.
ամեն երկու հազարամյակը մեկ
արևը ծագում է կամ
Ձկան կամ Ջրի կաթսայի մեջ:
Բայց դա էլ արդեն 167.000 անգամ պատահել է:

 

Մանդալա

Աստվածները պարում են իրենց իսկ մարմինների վրա
Նոր ծաղիկներ են բացվում Մահը մոռացած
Տիեզերական աչքեր պատրանքի վշտից անդին
Ես տեսնում եմ զվարթ Արարչին
Աշխարհները փառաբանող երգչախմբեր
Տրանսցենդենտալ գոյության մեջ ծածանվող դրոշներ
Ու Հավերժության մեջ մի վերջին պատկեր բյուրաչքանի
Ահա՛ Գործը: Ահա՛ Իմացությունը: Ահա՛ Վախճանը մարդու:

 

***
Վերադարձ դեպի նույն հին սև անցքը
որտեղ Հնարավորությունը փակում է
վերջին դուռը
ու Մեծ Դատարկն է մնում
…ապակին
փոշու մեջ արտացոլում է արևը
շշի կտոր
որ չգիտեր իր իսկ գոյության մասին
…ծառի տակ
որ քնում է ողջ ձմեռ
մինչև բացի աչքերը
մայիսի ջերմության մեջ
ու ծաղկի հազարավոր
կանաչ երազներով
մեռնում ու մոռանում է ինքն իրեն Ձյուների տակ
…Տեսիլք Տեսիլքի մեջ
Եթե մենք չլինեինք Աստված
ստիպված կլիներ արարել սա
որ գանգատվելու տեղ չունենային
թռչուններն ու մեղուները
որոնք գուցե կորցնեին իրենց
հնարավորությունը (լինելու)
Բախտը մեծ սուտասան է:
…Ու մեծ բարի Երազողի
աչքն էլի կպել է
քնած է Աստված:
Նրան մեծ անակնկալ է սպասվում
երազանքներից մեկն իրականություն կդառնա
Նա էլ պատասխանը կստանա
Նա էլ պատասխանը կստանա
Լոկ առկայծում տիեզերական կաթսայի մեջ.
կարող էր և լույս լինել
թե կաթսա լիներ
արտացոլող.
կարող ենք պառկել մահճակալին ու մտովի
հասնել հեռուն.
վախենում եմ չշնչելուց.
սկզբում ցավ
մարմնում
շնչահեղձություն, հետո
Մահ:

Թարգմանությունը անգլերենից՝ Ռուզաննա Սուքիասյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *