ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ | Ես մի ծառ եմ ծիրանի

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Խաթունը չորացած թութը, գունավոր հավկիթներն ու սուրբ Սարգսի աղի գաթան, որի մեջ մի արծաթ կոճակ էր դրել, կապոց արեց ու տնից դուրս եկավ:
Զատկվա խատուտիկ օր էր առաջին տաքության, առաջին աղցանի համ ու հոտով, անբացատրելի մի լավատեսության թրթիռով, որ գարունն է բերում ու գարունն էլ տանում է հետը:
Զինագործ Հովհաննեսի կինը, երեք աղջիկների հետ, բաղնիքից էր վերադառնում:
Հարևանի չորս տռճեն էլ, տաք ջրից ու տաք գոլորշիներից փումփուշված, մարդաշնորհքի էին եկել: Երեսների դեղին, ճմրթված մաշկը հարթվել ու թրծած կավի գույն էր ստացել, խանգրած մազերն էլ խոնավությունից փայլում էին:
Բայց մեկ է, քիչ հետո, չորսն էլ չորանալու են, սառեն ու նորից կդառնան նախկին ցուցքը:
— Աստված, աստված,— տնքաց Խաթունը,— իմ Վաղոյից վատն էլ կա:
Վաղինակը Խաթունի չափանիշն էր: Ուրիշների երջանկությունն ու դժբախտությունը, ուրախությունն ու տխրությունը գնահատելիս, Խաթունը մտովի, որդուց դեպի այդ ուրիշները անտեսանելի ուղիներ էր ձգում: Ձգում էր, հասցնում նրանց ու նորից ետ էր բերում, անհավատալի հույսեր փայփայելով, թե իր մինուճարը, վերջիվերջո, միակ ցուցքը չէ թաղում, բախտակիցներ էլ ունի:
Թե միակը չէ, ուրեմն իր տան խայտառակությունն էլ այդքան մեծ չէ: Օրինակ, վարպետ Հովհաննեսինը երեքն են, երեքն էլ աղջիկ: Պակաս տղամարդ չէ, պակաս գերդաստանի շառավիղ չէ: Ասում են, Ղարսում նրա տոհմը հայտնի է եղել: Ինքն էլ լավ արհեստավոր է: Թաղի թուրն ու թվանքը կարգի բերեց, փայլեցրեց, տվեց տերերին: Ում թուր ու թվանքը ժանգոտած էր մեկին տասը փող վերցրեց, ումը ջարդված ու վառոդահոտ էր ձրի նորոգեց: Զենքը տիրոջը վերադարձնելիս մի բան էր մենակ հարցնում. «Որտեղի՞ց է, Բաշ Ապարանի վառոդի հոտ կառնեմ»:
Հովհաննեսի կողակիցը խուփբերան է, թաղի խոսք-զրույցին չխառնվեց: Օրիորդ Անիչկեն (թաղեմ Հոռոպսի գլուխը) ասում է՝ ֆայտոնչի Սերոբի աղջիկն է էդ աստծուց նեղացածը: Ֆայտոնչի Սերոբը Հովհաննեսի մորն ու քույրերին իր ֆայտոնով Ղարսից փախցրեց, ազատեց թուրքի ձեռքից, հասավ Ալեքպոլ, տեսավ իր կողակիցն ու աղջիկներն անպատված ու սպանված, մենակ Վարսենիկը՝ ամենագեշ ու ամենափոքր աղջիկն է մնացել: Օրիորդ Անիչկեն ասում է՝ ֆայտոնչի Սերոբը գրկել էր աղջկան, ծիծաղում ու գոռում էր.
— Ժողովու՜րդ, գաղտնիքն իմացա, մեր փրկութեան գաղտնիքն իմացա՝ գեշ ծնվեք, թուրքն էլ մատով չի դիպչի:
Գժվել էր Սերոբը:
Հովհաննեսի մերը Վարսենիկին վերցնում, բերում է իր տուն, իր մինուճար տղի հարսն է դարձնում:
Ասում է.
– Սերոբը իրանը կորցրեց, քոնը փրկեց, որդի: Հիմա, հերթը քոնն է, դու քոնը կորցրու, նրա էս խեղճ շիվը փրկի:
Վարպետ Հովհաննեսը իր մոր խոսքից դուրս կգա՞: Սերոբի շիվը փրկեց, համա ինքը կորավ: Կորավ մարդը:
Խաթունը հասել Էր Ձորագյուղ: Սուրբ Սարգսի դռան ծանոթ մուրացկաններն արդեն սկսել էին փեշերից քաշքշել:
Չեն էլ պակասում, անիծվածները, ավելանում են: Քավորկին Շողակաթը ասում է տիրոջ փորձությունն է, պիտի փորձվենք: Պատվիրանը պատվիրում է խղճալ մերձավորին:
— Որի՞ն խղճամ, տեր:— Խաթունը սոսկումնահար նայեց սողացող, վազող, իրար մազ-մորուք փիտող այս դժոխքի ծնունդներին, որ ձեռքերը կարկառած, քաշքշում էին իրար, սպանում ու աղաչում էին մի` կտոր հա ՜ց, հա ՜ ց:
Դրանցից մեկը, ձեռքից փախցրեց կապոցը, ու Խաթունը դեռ ուշքի չէր եկել, տեսավ գետնին ցրիվ եկած գունավոր հավկիթները, չոր թութն ու սուրբ Սարգսի աղի գաթան: Մի տասը-տասներկու տարեկան տղա, ամենաճարպիկը, գաթայի միջից ընկած արծաթ կոճակը չանթեց ու փախավ: Մյուսներր գզվռտոցով իրարից չիր ու հավկիթ էին խլում:
Խաթունին մոռացան, ու նա ուշքի գալով, վազեց դեպի քավորի տուն:
— Խայտառակ եղա, քավորկին,— կարմրատակած, շունչը ետ բերելով, ասաց Խաթունն ու փլվեց թախտին:
Քավորկին Շողակաթը մեղմ ժպիտով հով էր անում Խաթունին:
— Հացը սովածինն է, աղջիկ ջան: Զառե, ջուր բեր:— Զառեն ջուր բերեց:
Անծոց, մի մատ աղջիկ է, Էրզրումցի անտեր գաղթական: Շողակաթը Ղանթարի մոտ էր գտել՝ հիվանդ, ոջլոտ, սոված, ծարավ: Առել բերել էր, քրչերը գցել էր կրակը, մաքրել էր, լողացրել էր, նոր շոր ու հալավ էր հագցրել, դարձրել էր իր տան քոծը:
— Քա ինչի՞ քոծ, Խաթուն,— նեղացել էր Շողակաթը: Բայց դե, Խաթունը չէր սիրում, որ ձևեր են թափում: Բա էս մի մատ անտերը ի՞նչ է, քոծ չի: Շողակաթի աղջի՞կն է, հա՞րսն է, քրոջ աղջի՞կն է: Չէ, քոծն է: Հիմա եկել է ու պիտի ասի: Ահա ասում է,
— Քավորկին, քո քոծին տուր տանեմ: Քոծիդ տանեմ, ինձ հարս դարձնեմ:
Շողակաթը խաչակնքեց,
— Խաթուն, Զառեն երեխա է, հետո էլ, ախր, մեր խեղճ Վաղինակը աստծուց նեղացած է:
Խաթունը փեշերը հավաքեց, դիք նստեց.

— Էդ ի՞նչ խոսք էր, քավորկին: Ուրեմն աշխարհի բոլոր աստծուց նեղացածներին խղճում ես, իմ Վաղոյին չե՞ս խղճում: Քո խեղճ սանիկը խղճալու հոգի չէ՞: Բա ես խղճալու չե՞մ:
Խաթունը սկսեց իր մեծ լացը:
— Բա իմ Աղասուց, Ղևոնդից, Վաչագանից, իմ Մկրտիչ ախպորիցս աստված ինձ զրկեց, թողեց ծուռվիզ Վաղինակիս հույսին, էս անտեր գաղթականին էլ ես նրան շատ համարու՞մ:
Բա սիրուն Գեղամի գերդաստանը մարի՞, կորչի՞ էս աշխարհից: Քավորկի՜ն, քավորկին Շողակա՜թ, ոտքդ համբուրեմ, ուշքի արի:
Քավորկին Շողակաթը շվարած նստել էր ու բերանը ջուր առած, ոչ խոսում էր, ոչ տեղից շարժվում:

***

Զառեն չէր հասկանում, թե Շողակաթ մերիկը ինչի լաց ու շիվանով իրեն էս կնոջ հետ ճամփու դրեց:
Խաթունին Զառեն շատ էր տեսել իրենց տանը, իրենց սանամերն էր, բայց հետը չէր խոսել: Վախենում էր սանամոր զննող, սուր հայացքից, մրսում էր, երբ նա ուշադիր, կարծես ինքը ոչխար կամ խաս կտոր լիներ, շոշափում, շոյում էր իր մազերն ու ուսերը:
Հիմա էլ, սիրուն շորեր է հագցրել, առաջը կերակուր է դրել, բայց գնում գալիս, համբուրում է ու էլի շոշափում, շոյում է Զառեին:
Դիմացն էլ տղեն է նստած: Ճակատը նեղ, աչքերը փոքր, շրթունքները հաստ ու խոնավ, վիզը ճլորած ու ծուռ: Զառեի լացը գալիս է: Մերը Խաթունը` սիրուն է, բոյով, թմբլիկ, սպիտակ, ոնց որ աղայի կնիկ, համա էս օրապակասը էս կնկա տղեն է, ախր:
Զառեն խղճահարությոռնից մի քանի արցունք թափեց ու գողունի նայեց Վաղինակին: Խաթունի տղեն աչքը մի կետի հառած, երանելի ժպտում էր:
– Երևի սուրբն է աչքին երևացել,— մտածեց Զառեն ու նույն կետին նայելով, գողունի խաչակնքեց: Լամպի ստվերը ընկել էր դիմացի պատին ու կիսախավար սենյակում ամեն ինչ խորհրդավոր տեսք էր ստացել:
Իր Փեփրոն մերիկը էս ժամին եղբայրներին ու հորը կերակուր էր տալիս, իսկ ինքը, Անթիկա քրոջ հետ, նրանց սոլերն էր մաքրում: Հետո, Անթիկա քույրը սկսում էր Զառեի հյուսքերը քանդել: Քանդում էր, քանդում ու սկսում էր կատաղել.
– Մերիկ, հոգնեցի, ախր:
Փեփրոն մերիկը բամփում էր Անթիկայի գլխին:
Ծամկտրած տռճե, մի տարի էլ համբերի: Սուրբ Թադևոսի վանքին ուխտ գնանք, քրոջդ ծամերն էլ, քոնի պես, կկտրեմ, ուխտ եմ արել:
Իր հերն ու եղբայրները շրջվում, ծիծաղով իրենց էին նայում: Հետո ամենափոքր եղբայրը՝ Բարթիկը, գալիս էր իր հյուսքերը բռնում, փաթաթում Էր մեջքին, փաթաթում, փաթաթում, քարկապի պես հանգուցում էր իրեն ու շալակած պտտեցնում էր տանը:
Որ մնար, հիմա էս ծուռվիզ խեղճի տարիքին կլիներ, կգրկեր քրոջը, կտաներ: Կտաներ թագավորի տղի մոտ, կասեր,
— Թագավորի տղա, ողջ Կարինում իմ Զառե քրոջ նմանը չկա, նրա մազերը, մեր Եփրատ գետի նման երկար են ու առատ, նրա աչքերը մեր Կարնո աստղերի պես փայլուն են, նրա ատամները նուշի պես ճերմակ են ու սիրուն, իմ քրոջ նմանը չկա ու նա մենակ քո լայեղին է: Առ, թող քո հարսը դառնա:
Կասեր, ու իր փոքր եղբայր Բարթիկը իրեն կիջեցներ պալատի մարմարներին, կգնար: Կգնար՝ ետ կնայեր, կգնար՝ ետ կնայեր, կգնար…
***
Քնի մեջ Զառեն զգում էր, որ սանամեր Խաթունը լաց է լինում: Շոյում է իր մազերը ու լաց է լինում: Նրա ձեռքի հպումից Զառեի մաշկը մրմռում է: Կարծես հազարավոր մանրիկ ասեղներ խրվել են գլխի մեջ ու վառում են ուղեղը…
…Խոլերայով հիվանդների սենյակում ասեղ գցելու տեղ չկար: Ոչ դրսից ներս էին թողնում, ոչ ներսից դուրս: Սպիտակ խալաթ հագած ծերունին, որ Ղազարոս պապին էր շատ նման, երկար կանգնեց իր գլխավերևում: Զառեն նրա ձայնը չէր լսում, մշուշի միջից տեսնում էր, թե ոնց են շարժվում ծերունու շրթունքները, բայց բառերը իրեն չէին հասնում: Մի աժդահա տղամարդ կռացավ, գրկեց իրեն ու տարավ: Ինքը գոռում էր, ձեռքերը մեկնել էր դեպի Ղազարոս պապը, գոռում էր, իսկ պապը ակնոցը սրբելով, նորից էր սրբում, դնում աչքերին, նորից էր հանում, սրբում, դնում էր աչքերին: Երբ ուշքի եկավ՝ լռություն էր ու սենյակում մարդ չկար: Պառկած էր մահճակալին թեթև, ճերմակ, մաքուր: Իսկ գլուխը վառվում էր: Ձեռքը տարավ, զգաց հարթ, մերկ մաշկը մատների տակ: Մազերը չկային: Իր քառասունճյուղ հյուսքերի փոխարեն, լերկ, կլոր գլուխն էր, որ վառվում էր, կարծես հազարավոր մանրիկ ասեղներ խրեին ուղեղը: Ելավ տեղից ու փախավ…

***

Առավոտյան ելավ տեղից ու սովորության համաձայն ջրի գնաց: Շողակաթ մերիկն էր ասել աղջիկը սառը ջուր բերի տուն, տան օրը ջրի պես անապակ ու առատ կանցնի:
Աղբյուրը Խաթունի տնից երկու տուն այն կողմն էր, եկեղեցու մոտ: Եկեղեցին փոքր, սպիտակ շինություն էր:
Զառեն երկար կանգնեց, մինչև ջուր վերցնելու հերթը իրեն հասավ: Եկեղեցուց վերադարձող պառավները օտարոտի, ոտքից գլուխ զննում էին աղջկան:
Զառեից առաջ մի ջահել կին էր կանգնած՝ կարճահասակ, նիհար, սև: Ինքն իր մեջ կծկված, մի տեսակ ամոթահար, սպասում էր, թե դույլը երբ պիտի լցվի, առնի գնա, օտարի աչքից հեռու, իր տան պատերի մեջ ամփոփվի: Զառեն հուշիկ բոթեց այդ կնոջը:
– Քույրիկ, դու սանամեր Խաթունի հարևա՞նն ես:
Կինը գլուխը դրական շարժեց ու անծպտուն, դույլն առավ գնաց:
– Իսկ դու Խաթունի ի՞նչն ես, աղջիկ ջան,— հարցրեց Զառեից հետո կանգնած տարեց կինը:
Հոգեզավակն եմ,— ասաց Զառեն: — Նախապես Շողակաթ մերիկիս հոգեզավակն էի, հիմա Խաթուն սանամորս:
Կանայք խնդմնդացին ու անսպասելի լռեցին: Խաթունն էր մոտենում:
Մոտեցավ, կանգնեց, տիրական հայացքը՝ խմբվածներին: — Հարսս է,— ասաց,— աչքիս լույս հոգեզավակս: Ում դուր չի գալիս, թող գետնի տակն անցնի: Սիրուն Գեղամի գերդաստանին սիրուն հարս կվայելի:
Ասաց, վերցրեց դույլն ու մյուս ձեռքով Զառեին գրկած տարավ:
Զինագործ Հովհաննեսի կինը բակը ջրջնքել, ավլում էր, իսկ նրա երեք աղջիկները պատի տակ շարված, մեկը մեկից ճլորած ու խեղճ, մորն էին նայում: Զառեից վեց-յոթ տարով փոքր էին ու Զառեն տխրեց, մոտակայքում, վայ թե ընկերուհի չգտնի: Մի նիհար, բարձրահասակ կին, Խաթունի տարիքին, բայց աչք ունքը ներկած, կտրեց նրանց ճանապարհը:
— Գող-գող հա՞րս ես բերում, աղջի,— ասաց նա ու գնահատող հայացքով ոտքից գլուխ չափեց Զառեին:
— Ինչի՞ գող-գող,— արհամարհանքով կտրեց Խաթունը,— էս է թաղը տակն ու վրա եղավ, օրիորդ Անիչկա, լուրը քեզ հասավ:
— Վատ ապրանք չի,— փորձեց շոյել Զառեի մազերը, աղջիկը խրտնած կպավ Խաթունին:— Քա, վայրենի է, աղջի:— Օրիորդ Անիչկեն անամոթ ու կծու ծիծաղեց:
Տուն մտան:– Վաղինակը, սենյակի անկյունում նստած, երանելի ժպտում էր: Օրիորդ Անիչկեն գնաց, նստեց Վաղինակի կողքին ու շրթունքները մոտեցրած նրա ականջին, ինչ-որ բան էր փսփսում, մեկ էլ սկսեց խուտուտ տալ էդ խեղճի կողը: Խեղճը, երանելի ժպիտը դեմքին, անբնական բամբ ձայնով հռհռաց ու նայեց Զառեին: Երեկվանից առաջին անգամ աչքը գցեց աղջկան:
Խաթունը կարմրատակած ու ջղային մոտեցավ, տարօրինակ մի շարժում արեց. տղան ձայնը կտրեց: Դարձավ Զառեին:
— Մատղաշս, օրիորդ Անիչկին թեյ տուր:— Խաթունի ձայնը խուլ էր ու տաք: Զառեն խղճաց իր թառլան մերիկ Խաթունին: Խեղճ ծուռվիզ Վաղինակին էլ խղճաց, բայց վախենում էր դրա դեմքին նայել: Նրա աչքերր, ոնց որ մորթվող ոչխարի աչքեր լինեն, խեղճ ու սարսափելի: Իր Բարթիկ եղբայրը, որ մատաղի ոչխարը մորթում էր, ինքը տեսել Էր անասունի աչքերը անորոշ, խլշկոտած ու սարսափահար հայացքը: Համ խղճացել էր, համ զզվել: Ու երկար լաց էր եղել: Զառեն գունավոր հավկիթներով ամանն ու գաթան գրեց Վաղինակի առաջ: Չիր ու չամիչ, Գանձակի գունավոր թասերով թեյ բերեց: Օրիորդ Անիչկեն ուշադիր հետևում էր Զառեին:
– Որ սա ծաղկեց, վա՜յ քեզ, Խաթուն,— անսպասելի լուրջ ասաց նա:— Դու իմ աչքին հավատա:
— Ավելի լավ, օջախիս կրակն է,— ասաց Խաթունը:
Օրիորդ Անիչկեն քմծիծաղեց ու առանց որևէ բանի ձեռք տալու ելավ, գնաց:

* * *
Ալեքպոլից Երևան տեղափոխվելը տասնյոթ օր տևեց: Օրիորդ Անիչկեն էդ ընթացքում, մի քանի անգամ հասավ դժոխքի դուռը, ետ դարձավ: Բայց ոնց էլ գնաց, ոնց էլ դարձավ, դժողքի դռանը տեր աստծուն հանդիպեց: Նրա հետ Անիչկեն իր հին հաշիվներն ուներ, ու մտածում էր թե ժամանակը կգա բարին հետը, ինքն էլ իր հաշիվները կփռի տիրոջ առաջ, կասի.
– Էս ես, էս դու, մի հարցնող լինի, ո՞վ է քեզ իրավունք տվել տարտարոսի մեջ հոգիս խորովելու, քեզնից վեր էլ, ախր, ահեղ դատ ու դատաստան կա, քեզ էլ է, ախր, քեզնից վերինը ստեղծել: Ախր, որ ես քեզ չճանաչեմ, դու հեչ կլինես, թող ապրեմ, որ ճանաչեմ քեզ, չես թողնում ապրեմ, ախր: Ախր, քեզնից վերը, քեզ ստեղծողը ես եմ, ախր, ահեղ դատաստանին ես էլ քե՛զ կխորովեմ տարտարոսի մեջ: Կխորովեմ, կնայեմ-կտեսնեմ ինչ ես դառնում: Ես հո դեռ մարդ արարած եմ մնացել, տեր, էն ժամանակ քեզնի՞ց ինչ կմնա:
Էսպես կռվելով, մի կերպ Երևան հասավ, ետևից մի բոլուք լակոտ-լուկուտ. ինը անտեր-անտիրական, մահապուրծ ու գջլոտ: Հաց էր հավաքում, մեկ-մեկ էլ, էստեղից-էնտեղից բան-ման էր թռցնում, որ էդ սովահար ոհմակը քաղցից չսատկի: Ներբանների մաշկը դաբաղվել էր, ու էլ օրիորդ Անիչկին ոչ ոտնաման էր պետք, ոչ գուլպա` կրակի վրա էլ կպարեր: Թալինում եղած պարսիկները բոշեքի տեղ դրեցին Անիչկին ու նրա խմբին, սրանք էլ, վախից, որ չմատնվեն, հազար ու մի մեյմունություն արեցին, ծամածռվեցին, պարեցին, իբրև թե բոշա են, Անիչկեն բոշա մերն է, բոլուքն էլ իր արգանդի արդար վաստակը:
– Հա՜, սրանց մերն եմ,— պատասխանում էր հարցնողներին:
– Ափսոս, մեջդ էլ հալ չկա, թե չէ քեզ իմ կանանոցը կտանեի, – ասաց պարսիկների զառամյալ առաջնորդը` գյուղի ռեսը: – Ազգս ու տակս կմեծացնեի: ԱՖերի˜մ:
Օրիորդ Անիչկեն բոլուքն առած Երևան մտավ: Յոնջալղվա կողմերը մի տուն գտավ, տեղավորվեց երեխեքի հետ: Հարևաններին ասաց.
– Էս գիմնազիայի աշակերտներն են, ես էլ նրանց վարժուհին, մի կերպ ազատեցի սրանց թուրքի ձեռքից:
Առաջին օրերը, ակնածանքով, հարևանները հաց, կերակուր, ով ինչ կարող էր, բերում տալիս էր վարժուհի օրիորդ Անիչկին, որ սա իր գիմնազիստներին պահի, պահպանի:
Օրիորդ Անիչկեն էլ սկսեց կար ու ձև անել հարևանների կանանց համար, սկսեց իր ու երեխեքի ապրուստը հոգալ:
Մի օր էլ գնաց Ղանթար՝ առևտուր անելու, ինը գիմնազիստին առաջն արած:
– Էսօրվանից հետո, պատվով ու մեր քրտինքով կապրենք, մեր վաստակած հացը կուտենք,— ասաց օրիորդ Անիչկեն,— ողորմությանն ու մուրացկանությանը վերջ:
Հասան Ղանթար ու ոտքը դեռ առաջին դուքանի շեմից ներս չէր դրել, մեկը բղավեց.
— Ա՜յ, հողերը քո գլխին օրիորդ Անիչկա, Ալեքպոլի ասլաններին թողած հիմա կաթնակերների ետևից ես ընկել:
Ու ծիծաղեց: Ո՜նց էր ծիծաղում էդ սև ցավը, դժոխքի մունետիկը: Ձեռքերը դրած չորացած փորին, հիլոտ մարմինը ցնցելով, որդի պես հազար անգամ պտտվեց իր սև հոգու շուրջը, կծկվեց-բացվեց, կծկվեց-բացվեց ու ո՜նց էր ծիծաղում…
Նորաստեղծ իշխանության պահապան զինվորները մոտեցան, շրջապատեցին օրիորդ Անիչկին ու երեխեքին, փաստաթուղթ պահանջեցին:
— Երեխաների ի՞նչն եք,— հարցրեց նրանցից մեկը:
– Վա˜յ,— ծիծաղից ուշագնաց բղավեց դժողքի մունետիկը,— կնքամերն է, ինչն է: Օրիորդ Անիչկա, հո՜ւ,— երկու մատը դրեց բերանն ու սուլեց:
Չգիտեր ինչքան էր վազել ու դեպի ուր էր վազել: Ականջներում երեխաների թառանչյունն էր՝ «Մայրի՜կ…»:
Ծուռտիկ-մուռտիկ փողոցները իրար կքած տներով, պարսպի պես շրջապատեցին Անիչկին ու նա ուշաթափ վեր ընկավ մի պատի տակ: Արդեն արևամուտ էր, տան դարպասը բացվեց ու մի փաշփաշա կին դուրս եկավ՝ նրանից հետո էլ մի 16-17 տարեկան հաստաշլինք տղա, շվին ձեռքին:
Տղեն շվին դրեց շրթունքներին փչեց, ընղհատեց նվագը ու բառաչի պես երգեց. «Ես էս ճամփի ճամփորդը չէի, ինչի՞ անցա էս ճամփով»:
Փաշփաշա կինը կռացավ օրիորդ Անիչկի վրա ու մղկտաց.
– Գաղթական քուրիկ, ներս համեցիր, երկար ճամփա ես կտրել, ներբաններիդ դաբաղած կաշի է:
Անիչկեն մտավ Խաթունի տուն:
Էդ օրն ու էլի երեսունինը օր ապրեց Սիրուն Գեղամի հարկի տակ, մինչև մի կիսավեր տուն գտավ կողքի փողոցում, եկեղեցուց մի քանի տուն էն կողմ: Բայց մղկտում էր օրիորդ Անիչկի հոգին, երեխեքին էր հիշում, իր ինը որբերին, գիմնազիստի խելոք, աչքի լույս տղերքին:
Ուսման էր տվել նրանց, պահել-մեծացրել էր պատվով, հարգանքով, մարդամեջ էր դուրս բերելու, աղետն եկավ` տիրոջ վերջին փորձությունը:
Մենակ, ամայի տան մեջ, չոր թախտին պառկած էս հեքիաթն էր հյուսում Անիչկեն, իր՝ որդեկորույս մոր դառնահամ պատմությունը ու ամեն գիշեր մանում էր էդ թունավոր պատմությունը, հաճույքով սկսում էր, երազանքով ճախրում երկնքում ու ինչքան մոտենում էր վերջին, դառնությունը լցվում էր հոգին, աչքերը, ականջները ու մենակ մի թառանչյուն, մի շիկացած մղկտոց էր մնում որպես արձագանք՝ ինը որբի ձենը.
– Պատիժ եմ իմ փրկածների գլխին,– տնքում էր Անիչկեն ու վեր էր ցատկում պառկած տեղից, հոլի պես պտտվում սենյակում:
– Ում բարիք արեցի՝ չարիք դարձավ գլխներին անիծված,- մղկտում էր ու, որ հանկարծ ցավը չբթանա, չմարի, չխաբի, սկսում էր փորփրել հիշողությունը, քանդում էր ժամանակի կծիկը, ետ էր պտտում ու էդ փշոտ, արունլվիկ թելով ետ էր վերադառնում դեպի սկիզբը, էնտեղ, որտեղից սկսվում էր իր տրորված, տանջված, այլանդակ կյանքը ու ավելի առավել էր մղկտում օրիորդ Անիչկի շատ բան տեսած հոգին: Սև իջնի էդ բանի վրա, որ օրիորդ Անիչկի հոգի է կոչվում: Արդեն մինչև էդ սկիզբը հոգուց մի քանի ծվեն էր մնացել, ցեխոտ, սև կարկատանի մի քանի ծվեն: Ալեքսանդրովսկու ֆայտոնների ցեխը ծիծաղի, լացի, գինու, անեծքի հետ, դուդուկի նվագակցությամբ, հազար անգամ Անիչկի հոգին հորել էին ու վրան հող տափանել, որ հանկարծ դուրս չգա, երկինք չհամբառնի ու պատվավոր քաղաքի, պատվավոր քաղաքացիների անունը չարատավորի աստծու մոտ: Ոչ մեկը չգիտեր, որ օրիորդ Անիչկեն իր աստծուն հանդիպելու համար, երկինք համբառնելու կարիք չուներ, ոչ մեկը չգիտեր, որ ինչքան խորն էին հորում նրա հոգին, էնքան ավելի էին մոտեցնում Անիչկին իր աստծուն, քանզի օրիորդ Անիչկի աստվածը դժոխքի դռանն էր նստած:
Ու նա հասնում էր էդ դռան առաջ նստած Աստծուն, իր թիկնապահ զորքով ինը անտարիք ու անանուն տառապյալներով, մոմաթղթից վարդերի պսակները խոպոպավոր գլխներին, թափանցիկ կարմիր շորերով ու կապույտ արհեստական խալերը այտերին ու ընկնում էին աստծո ոտքերը:
— Տեր աստված, մենք էլ ընկնելու տեղ չունենք, ինչքան հնարավոր է, թաղվել՝ եկել դժոխքի դռանն ենք հասել, հիմա էլ մեզ վեր բարձրացրու: Բարձրացրու:
Սկզբում ուրիշներին՝ մյուս ընկածներին, մոլորյալներին, տառապյալներին բարձրացրու, վերջում՝ մեզ: Թող նրանց վերջինների շարքում էլ ամենավերջը լինենք, բայց լինենք: Բարձրացրու, Մագթաղենացու հարազատ քույրերն ենք:
Աստված չէր լսում նրանց, մյուսներով էր զբաղված նրա աչքն ու հոգին, բայց վերջին անգամ, աղետից կարճ ժամանակ առաջ, իր իշխանությունից ու զորությունից այդ օրը մեծահոգի էր դարձել, խոնարհեց հայացքր ու նկատեց, տեսավ, լսեց օրիորդ Անիչկին:
— Գնացեք, մի փորձություն էլ կա՝ փորձվեք, նոր կմտածեմ ձեր մասին:— Ասաց նա:
Ու, օրիորդ Անիչկեն, տարակուսած, թե էդ ի՞նչ նոր փորձություն է, որ դեռ պիտի փորձվեն, նորից ելավ Ալեքպոլ քաղաքի վրա իր թիկնապահ զորքով: 1918 թվականն էր: Ալեկոծվում էր քաղաքը: Իրարամերժ, ամեհի կրքերի բախումից առատացած սարսափն ու անգիտությունը խառնվել էին հույսի ու հավատի լուսավոր նվագներին, մրրիկի պես հյուսիսից փչելով, պարտված, մոլորված, ամոթահար հոգիների ճահիճներն էին ալեկոծում, մեկ անգամ էլ ստիպելով նրանց ուշքի գալ, մաքրվել երկընտրանքից, եսասիրությունից, վախից ու կուրությունից:
— Երկիրը տնամերձ չի, անիծվածներ,— գոռում էր ալեհեր, միոտանի մի զինվոր,— դուրս ելեք ձեր տներից, կորուստները հիշեք, որ գոնե մնացածը փրկեք: Ելեք, ընդհանուրը պաշտպանեք, որ ձեր տունն էլ փրկվի: -Գոռում էր ալեհեր զինվորը, ու, միակ ոտքը քարշ տալով, շրջում էր քաղաքի փակ, խուլ թաղերով: Դեպոն ու արհեստավորների թաղերը եռում էին փեթակների պես: Զինվորները, որ կարծում էին թե տուն են դարձել, իրենք իրենց հենց կռվի թոհուբոհի կենտրոնում գտան, իսկ Ալեքսանդրովսկու ֆայտոնները գնում-գալիս էին, իրենց վարձած աղեքի ծանրության տակ ճռռալով, խուլ՝ ամերիկյան որբանոցի հեռավոր հեծյունին ու գոյության խայտառակությանը:
Մեկ-մեկ օրիորդ Անիչկի տան առաջ էլ էին կանգնում ֆայտոնները գիշերով ու, թեթևացած ծանրությունից, հեռանում էին, տանելով ֆայտոնչիների արհամարհանքն ու անեծքը իրենց վարձողների թիկունքին:
Օրիորդ Անիչկի տան այցելուների թիվը քչացել էր: Եկողներն էլ ուշ-ուշ էին գալիս: Ուշ-ուշ եկողներն էլ անհավես էին գալիս: Առաջվա ժամանակները չէին ու սիրտ էլ չունեին լսելու օրիորդ Անիչկի կծու, դաղող խոսքերը, որ Շուստովի կայծկլտուն կոնյակի հետ նա մատուցում էր հյուրերին՝ օձի պես ֆշշալով:
— Դեռ պիտի ապաշխարեք, կեղծավորներ,— ֆշշում էր էդ ծերացող, բայց դեռ շատ թունավոր օձը,— իմ տուն մտնելն ու դուրս գալը, իմ ինը եթիմներին տրորելը, հենց իմ, էս տան գոյությունը ձեր քաղաքում, պնչներիցդ պիտի գա: Ցերեկները բացճակատ ման եք գալիս, հարգ ու պատվի պահապան եք, բայց ձեր պատվի տուրքը ես եմ հավաքելու ու հազարապատիկ կքերթեմ ձեր կաշին:
Չգիտես ոնց, էս խոսքերը, տարածվում, տնից տուն էին մտնում ու մազութի պես կպչում էին հասցեատերերի երեսներին: Ու ծիծաղում էր Ալեքպոլը, դաժան, չմարող, չընդհատվող ծիծաղով, խարանելով օրիորդ Անիչկի վաղվա հարկատուներին: Օրիորդ Անիչկեն ինքն իրեն արդեն չէր խղճում: Վաղուց է, լաց չէր լինում հորն ու եղբայրներին հիշելիս: Չարանում էր:
– Ա՜հ,— մտածում էր,— տղամարդ էին, թող իրենց պատիվը պահեին: Կուրծք ծեծելով անցավորաց փառքն էին հիշում, ոչխարի մայունով առյուծների մասին էին պատմում, կարծում էին գելին վախեցրին:— Ելիզավետպոլի ու Թիֆլիսի սպիտակ-կանաչ փողոցները թրթռում էին օրիորդ Անիչկի երկրացի փռնչիների թխած փրփուր հացի բուրմունքից, իսկ էնտեղ, երկրում, նրանց գերդաստաններն էին ցիր ու ցան լինում գայլերի ոհմակներից:
Ցիր ու ցանի ժամանակ էր, որ Անիչկեն ընկավ, ընկավ, թաղվեց ու առաջին անգամ հայտնվեց դժողքի դռանը` աստծո ոտքերիա ռաջ: Էն ժամանակ դեռ մենակ էր, առանց թիկնապահ զորքի:
Ինը եթիմները հետո հայտնվեցին՝ ամեն մեկը մի ցիր ու ցանի ծվեն, ամեն մեկը մի գերդաստանի անցավոր պատիվ:
Սրանց էր խղճում օրիորդ Անիչկեն: Որ սրանք սկսում էին իրենց մենակ ժամերի որբության ողբը, ամեն մեկը իր ազգի լեզվով, Անիչկեն գժվում էր: Չէր էլ հասկանում ասած խոսքերը, քայց գիտեր ասելիքի իմաստը՝ սկզբում ինքն էլ էր նույն ողբը ողբում իր լեզվով, որ ուրիշներին հասկանալի չէր: Էդ օրն էլ նույնը կրկնվեց: Գժվում էր Անիչկեն: Փայփայում, հանգստացնում էր եթիմներին: Նոր ծաղկեպսակներ, թափանցիկ զգեստներ, սիրուն զիզիպիզիներ էր տալիս, որ լռեն՝ չէին լռում: Համով-համով կերակուրներ եփեց, կերակրեց, ուրախացրեց՝ չէին լռում: Հավաքեց, առաջն արած, բողչաները ձեռքներին, բաղնիք տարավ:
Շարքով գնում էին դեպի բաղնիք, չնայելով անցորդներին գլխիկոր, արցունք հեղելով անցած ճանապարհին: Հանդիպող անցորդները ամոթահար՝ եթե տղամարդիկ էին, խղճահարված՝ կանայք, փախցնում էին հայացքները, իբրև թե չեն էլ նկատել եղելությունը ու քայլերն արագացնելով, փախան դեպի իրենց ապահով տները: Բայց գոնե մի կարճ պահ, մի ակնթարթ վախից ու ահեղ տագնապից ճմլվեց նրանց սրտերը: Դա էլ բան էր:
— Աշխարհն էսպես ու՞ր կերթա,— անսպասելի բացվեց քաղաքի լալ Երանոսի լեզուն, ու նա Յոթ վերքի խաչի տակ կանգնած, բռունցք ցույց տվեց աստծուն: Քաղաքի անվնաս լալն էր, ոչ լսում էր, ոչ խոսում ու մեկ էլ, լեզուն, էս բաղնիքի երթը տեսնելով, բացվեց:
— Քա վա՜յ, էսիգ լալ էր,— վախեցավ ժամից դուրս եկող կանանցից մեկը:
— Լալ էի, համա քոռ չէի քուրիկ,— ասաց լալ Երանոսը: — Աչքովս չտեսնելիք քիչ բան չտեսա, մե բան մել չխոսի՞մ:
— Եղբայր,— ասաց օրիորդ Անիչկեն,— լեզուդ մեզ վրա բացվեց ու դու ինձ պարտական թողեցիր, դրա համար լսիր թե ինչ կասեմ. աստծու հետ խոսելիս երկինք մի նայիր, մեր աստված գետնի տակն է, դժոխքի դռանն է նստած: Ասածս ուրիշի չասես. թե չէ, քեզ էլ գժի տեղ կդնեն:
— Որ լալ եմ, գիժ էլ կլինեմ,— ասաց լալ Երանոսն ու վազելով հեռացավ:
Իսկ օրիորդ Անիչկեն իր ինը եթիմներին առած, հասավ բաղնիք: Էն ժամն էր, որ նրանցից բացի, ուրիշ հաճախորդներ չէին լինում բաղնիքում:
Օրիորդ Անիչկեն սկսեց լողացնել իր եթիմներին: Լողացրեց, սանրեց, հյուսեց նրանց մազերը, թարմացած, մաքրված նորից առաջն արեց, տուն բերեց: Անբիծ, թարմ անկողինները բացեց, պառկեցրեց ու վաղուց չերգած մի մեղեդի հիշելով, սկսեց դնդնալ օրորի պես, մինչև քնեցին: Էդ օրը տան դուռը չբացվեց այցելուների համար:
Կիրակի էր: Գարնան անկանոն ելևէջը անցել ու մի գոլ, հաստատուն խաղաղություն կար մայրամուտից առաջ:
Շառագունած ամպերը հաջորդ օրը արև էին խոստանում ու պարզկա երկինք: Դիմացի հարևան երկաթագործ ուստա Ղուկասի տան պատուհանների խլափեղկերը բացվեցին, ու ննջարանի լուսամուտագոգին նստած օրիորդ Անիչկեն նկատեց նրա երկու շարմաղ աղջիկներին, որ աղունիկի պես կտուց-կտուցի, անուշ ղունղունում էին:
Անիչկեն չէր լսում ինչ են խոսում քույրերը: Դա մի հեռավոր ու անհասանելի աշխարհ էր նրա համար, բայց զգում էր, որ երկուսն էլ իրեն են նկատել ու գողունի, նույնքան հեռվից, իրեն էն դիտում:
Ուստա Ղուկասը Ալեքպոլի գնդում էր ծառայում, զինվորների զենքերն էր նորոգում: (Մոմակալ ու ջահ կռելու ժամանակ չէր):
Հոր բացակայությունից համարձակություն ստացած աղջիկները, բացել էին լուսամուտների խլափեղկերն ու դրսի աշխարհին էին նայում, մեկ-մեկ էլ, գողունի, օրիորդ Անիչկին:
Բժիշկ Վահե Վահունու դռան առաջ ֆայտոն կանգնեց: Շիմշատ մի ջահել, զինվորական շորերով, ձgվեց, խոր շունչ քաշեց ու թակեց դուռը:
Դուռը բացվեց ու ջահել զինվորականը ներս սահեց:
– Երևի բժշկի աղջիկներից մեկի նշանածն է,— մեղմ ու համակերպված ժպտաց օրիորդ Անիչկեն, բայց հենց էդ պահին քժշկի տան դուռը նորից բացվեց ու էս անգամ երկուսով` ջահելն ու Վահունին դուրս ելան, ֆայտոն նստեցին ու ֆայտոնչին, մտրակը օդում պտտելով, թռցրեց ձիերին:
Մթնեց: Տների ճրագները տաք ու ինքնամփոփ վառվեցին: Մի տեսակ կաթնավուն մշուշ իջավ քաղաքի վրա, կարծես մոռացումի լուսնային փոշին էր երկնքից մաղվում տառապանքից ու տագնապներից քունը կորցրած աշխարհին: Հեռու-հեռվից դուդուկի օտարացած, սառը մի նվագ լսվեց ու մարեց: Օրիորդ Անիչկեն հուշիկ իջավ լուսամուտագոգից ու մոտեցավ իր քնած եթիմներին: Ինն էլ կիսաբաց շուրթերով, անբիծ ու նինջից շառագունած, այնպես հանդարտ ու անաղմուկ էին շնչում, որ Անիչկին թվաց՝ ինը կաթնակեր երեխա է քնած իր տանը, ինքն էլ նրանց մայրն է՝ փաշփաշա պատվավոր մի տիկին, համարյա թագուհի, որ շրջում է իր զավակների սնարից սնար, կապույտ երազներ մաղելով նրանց անմեղ հոգիներին:
Տան դիմացի թթենուն բնավորված ագռավն անսպասելի կռնչաց ու պոկվելով ճյուղից, թռավ դեպի Կարսի ճանապարհը, որ օրիորդ Անիչկի տնից մի քանի քայլ հետո էր սկսվում:
Անիչկեն կաթնամշուշի մեջ նկատեց բայղուշի սև ուրվագիծը:
Ինքն էլ չհասկացավ ինչու ճմլվեց սիրտը ու գրեթե վազելով, հասավ փակեց լուսամուտների խլափեղկերը:
Տունը թաղվեց խավարի մեջ: Խարխափելով, օրիորդ Անիչկեն գտավ իր մահճակալը ու պառկեց: Բայց երկար ժամանակ չէր կարողանում քնել:

***
Աղետը լուսադեմին եկավ: Կարսի կողմից եկավ: — Սա մեր տիրոջ ասած վերջին փորձությունն է,— գլխի ընկավ օրիորդ Անիչկեն, երբ ինը քնաթաթախ, երեկվա բաղնիքից հետո անբիծ դարձած եթիմները խմբվեցին լուսամուտների մոտ ու սարսափահար նայում էին փողոցում կատարվող անցուդարձին:
– Սրանց մեր տերն է դժոխքից բաց թողել, ինքն էլ հեռվից հսկում է, թե մենք մեզ ոնց ենք պահելու: Սրանից դենը էլ սահման չկա,— շարունակեց Անիչկեն,— սրանից դենը նույնիսկ տերը վերահասու չէ: Ուրեմն եկեք կարգ ու արքով պատրաստվենք, էս վերջինն էլ հաղթահարենք: Դրանից հետո կապույտ երկնքի դարպասները կբացվեն մեր առաջ:— Եթիմները հույսով լի աչքերը հառեցին իրենց ավագին:
– Մենք պատրաստ ենք, քույրիկ,— հեզորեն ասացին նրանք ու սկսեցին սպասել:
Շատ երկար սպասեցին: Շրջակա բոլոր տները պղծվեցին ու թալանվեցին, ավերվեցին ու հանգան: Երկաթագործ ուստա Ղուկասի երկու և բժիշկ Վահե Վահունու երեք աղավնու պես անբիծ աղջիկները լլկվում էին, իրար հերթ չտվող ասկյարների կողմից ու օրիորդ Անիչկին թվում էր, թե դեռ լսում է նրանց խելագար ճչոցները, թեև կեսօրից հետո երկու տներն էլ լռվեցին;
Աղետը վարակի պես տարածվեց մյուս թաղերում, բայց, ո˜վ զարմանք, էս անգամ, փորձությունը գալիս հասնում էր օրիորդ Անիչկի տանն ու տունը շրջանցելով, գնում, հեռանում էր:
Սարսափի ու անկումի պղտոր հորձանքը, ոնց որ ջուրն է շրջանցում իր մեջտեղն ընկած մեծ քարին, ամեն կողմից պտտվում էր Անիչկի տան շուրջբոլորը: Ներս չէր մտնում, չէր քշում տունը՝ շրջանցում, անցնում-գնում էր մյուս տների վրա, քանդելով ու կեղտոտելով նրանց, ավերելով ու թաղելով կեղտի ու ամոթանքի, պղծության ու անպատվության մեջ: Մահը բարիք էր եղածի համեմատ:
– Էս փորձություն չի, էս վերջն է, տե՜ր,— գոռաց օրիորդ Անիչկեն,— քո խոստացած երկինքը ինձ պետք չի, քո խոստացած երկինքը գլխիդ փլվի, տեր, որ դուրս չգաս դժոխքի խորխորատներից: Ես, որ քեզ դուրս չեմ բերի, չեմ թողնի դուրս գաս, անիծվա՜ծ:
– Ելե ք,— հրամայեց իր թիկնապահ զորքին,— սրանից հետո մեր հույսն է մեր աստվածը, ելեք, կռիվ պիտի տանք: — Նրա կարգադրությամբ ինը եթիմները զուգվեցին, զարդարվեցին, ինչպես անցեալ լի օրերն էին զարդարվում, օրիորդ Անիչկեն էլ հագավ իր վաղուց չհագած կարմիր թափանցիկ զգեստը, դուրս եկան փողոց:
Մոտակա թաղերը արդեն լռված էին, աղմուկը կենտրոնի հարուստ թաղերից էր գալիս: Անպատվությանն ու թալանին էնտեղ ավելի երկար ժամանակ էր պետք:
Հասան վաճառական Գ-ի տունը:
Տան ճակատի զույգ խոյի քանդակները նախկինի պես եղջյուրները իրար միահյուսած, ծառացել էին թեժ մարտի մեջ:
Անիչկի ծիծաղն եկավ. «Հողեմ գլուխներդ, մենակ իրար վրա եք քշում, իրար հախից եք լավ գալիս, իսկ գելին տեսնում` տափում եք տեղներդ:
Գ-ի տունը արդեն լռվել էր, բայց հարևան ադվակատի տնից աղմուկ էր լսվում:
Անիչկեն ու իր թիկնապահ զորքը բացեց դարպասը, ներս մտավ: Ներքնաբակի սրբատաշ հատակին տանտիրոջ ունեցվածքն էր կիտված, իսկ դեպի մառան տանող նեղլիկ մուտքի առաջ, մի թուրք, 13-14 տարեկան մատղաշ աղջկանով էր զբաղված: Աղջիկը ապշահար ու անթարթ երկինք էր նայում, անտարբեր իր հետ ու շուրջր կատարվածին:
– Է՜յ— գոռաց Անիչկեն,— Էս հուրիներին թողած, էդ խակ ցոգոլից ես կպե՞լ Մի էս կողմ դարձիր, նայիր ինչ գոզալներ են:
Օրիորդ Անիչկի ձայնի վրա թուրքը շրջվեց, տան լուսամուտներից էլ մի քանիսի գլուխները դուրս ցցվեցին: Նրանք մի պահ քարացան, տեսնելով թափանցիկ զգեստներով ու մոմե ծաղկեպսակներով տասը կանանց, հետո գլխի ընկնելով ինչն ինչոց է, սկսեցին հռհռալ:
— Մենք ագահ չենք, գյոզալներ,— բղավեց նրանցից մեկը,— մեզ սրանք էլ են հերիք: Ձեզ էլ ձերոնց ենք թողել, ձեզ հազիվ էլ հերիքեն: Չեք նեղանա, ամեն մեկիդ մեկը կհասնի:
Ասացին ու էլ ուշադրություն չդարձրին Անիչկի խմբին:
Շանթահարված կանգնել էր օրիորդ Անիչկեն, մեկ էլ գյուտ արածի պես լուսավորվեց դեմքը:
– Էս, հո փրկություն է,— շշնջաց նա,— շտապեք: Ամեն մեկդ, մի, դեռ մաքուր մնացած տուն գտեք ու թե մեջը մատղաշ, անբիծ աղջիկ կա, առեք բերեք մեր տուն: Մեր տունը ոնց կա, էդպես էլ մնալու է:
Խումբը ցրվեց: Գիշերվա կողմը օրիորդ Անիչկեն վերադարձավ իր գտած աղջկա հետ, տեսավ մյուս ինն էլ, ամեն մեկը մեկին գտած տուն են դարձել:
Անիչկեն էս մատղաշ անբիծներին էլ կարմիր, թափանցիկ զգեստներ հագցրեց, գլխներին մոմաթղթե ծաղկեպսակներ գրեց, այտերին կապույտ արհեստական խալեր նկարեց ու պատվիրեց սուսուփուս նստել:
Գիշերը ծանր ու մեծ իջավ Ալեքպոլի վրա, բայց էդ օրը կաթնամշուշ չկար, լուսինը առանձնապես պայծառ էր փայլում երկնքում, իսկ քաղաքն էլ հրդեհի ցոլքերն էին, լուսավորում:
Ագռավը նորից վերադարձել, թառել էր թթենու վերին ճյուղին ու մեկ-մեկ կռնչում էր խոյասլաց, քնահարամ ծիծառների վրա: Բժիշկ Վահունու տան լուսամուտներից մեկում թույլ լույս էր մարմրում, միակ շնչավոր տունն էր թաղում, օրիորդ Անիչկի տնից բացի: Լուսաբացը շատ անսովոր եկավ: Անսովոր լռություն էր ու պայծառություն:
Գիշերը քնահարամ եղած թռչունները, հոգնությունից ուժաթափ, ընկել էին փողոցներում ու գլուխները թևերի տակ թաքցրած, որ լույսը չընկնի աչքերին, քնել էին՝ անհաղորդ ամեն տեսակ վտանգի ու աղմուկի:
Աշխարհի կարգը փոխվել է,— մտածեց օրիորդ Անիչկեն,— մենակ արևն է մնացել նույնը:
Տունն էլ էր խաղաղ, տասնինը մատղաշ եթիմ իրար գրկած քնել էին, կարծես երեկվա անցած դարձածը Անիչկի մտքի սև զառանցանքը լիներ միայն:
Օրիորդ Անիչկեն ապշահար ու թուլացած նստել էր լուսամուտագոգին, իր սիրած տեղը ու մեկ դուրս էր նայում, մեկ իր տան ներսը:
Հա, խաղաղ էր ու լուռ՝ դրսում էլ, ներսում էլ, մենակ իր մեջ էր ամեն ինչ տակն ու վրա եղել:
Կեսօրվա կողմը, եթիմներր զարթնեցին ու քիչ-քիչ ուշքի գալով սկսեցին թնկթնկալ: Թնկթնկոցը փոխվեց լացի, լացը ողբի ու Անիչկեն հասկացավ, որ, չէ, եղածը իր երևակայության արդյունքը չի, եղածը եղած է:
Ձիավորների մի խումբ անցավ փողոցով, ձիերի սմբակների տակ տրորելով գիշերվա թռիչքից ուժասպառ քնած թռչուններին՝ ձիծեռնակներին ու ծտերին: Մենակ ագռավն էր տիրություն անում երկնքում: Իր համար հանգիստ քնել, հանգիստ արթնացել, հանգիստ էլ թռչում էր:
Էսպես եկան ու անցան գիշերներն ու լուսաբացները՝ անկարգ, անկանոն, կեղտոտ հեղեղաջրի պես շրջանցելով Անիչկի տունը, քշելով, տանելով հարգ ու պատիվ, մեռոն ու մաքրություն, ու ցամաքեց, ցամաքեց, հեռացավ, տակը թողնելով մի խեղդող, ամեն ինչ կոծկող տիղմ:
Տիղմի տակ էլ ինչ էր մնացել որ:
Մենակության սարսափից գժված օրիորդ Անիչկեն դուրս եկավ տնից: Զգուշության համար թափանցիկ կարմիր զգեստ էր հագել, գլխին էլ մոմե ծաղկեպսակ, որ, թե գան…
Բայց քաղաքը խաղաղ էր, հեղեղաջուրր անցել Էր:
Ոտքերը մի կերպ քարշ տալով, Անիչկեն շրջեց փողոցից փողոց, թաղից թաղ, տնից տուն:
Հատուկենտ անցորդներ էին հանդիպում: Ոչ մեկը ոչ մեկին ուշադրություն չէր դարձնում, կամ էլ, չէին ուզում իրար երեսի նայել: Մոլորված, տարտամ, աննպատակ թրև էին գալիս:
Հաջորդ օրն էլ Անիչկեն տնից դուրս եկավ, էս անգամ առանց նախազգուշական հագուստ-կապուստի:
ՉԷ, քաղաքը դեռ տրոփում էր, կենդանության թույլ նշաններ էր ցույց տալիս:
Կազաչի պոստի մոտ Անիչկեն լալ Երանոսին հանդիպեց:
Սա էդտեղ աճած հսկա կաղնու վառված ճյուղերն էր զգուշորեն կտրում ու կարմիր ներկ էր քսում կտրվածքների վրա:
– Կարող է դեռ ցրտերր վրա տան, ծառը չդիմանա,— բացատրեց Անիչկին:
– Հեչ էլ,— քմծիծաղեց Անիչկեն,— ջաղացը կորցրել, չախչախի ետևից ես ընկել, Երանոս եղբայր:
– Ի՞նչ իմանաս հիմա որն է ջաղացը, որն է չախչախը, քուրս,— հոգոց հանեց Երանոսը,— ինչ կարանք, էն էլ պիտի փրկենք: Էդ առաջ ջոկած պիտի լինեին ջաղացը որն է, չախչախը որը,
— Քո ասածն էլ է ճշմարիտ,— համաձայնվեց Անիչկեն ու շարունակեց ճանապարհը: Դժվարությամբ գտավ իր տասը փրկածների տները: Տանտերերը վախվորած ներս ու դուրս էին անում: Անիչկեն վերադարձավ իր օազիսի պես անսասան տունն, իր անբիծ փրկածներուն տվեց նրանց նախկին զգեստներն ու, որ սրանք հագան, կապեցին, առաջն արած բերեց տվեց ծնողներին:
— Իմ ու իմ ինը եթիմների հոգու փրկության համար արեցի,— ակնածանքով ասաց աղջիկների ծնողներին,— անբիծ տարա, անբիծ էլ բերեցի:
— Այ քո հոգին էլ դժոխքի բաժին դառնա, քո ինը եթիմի հոգին էլ,— վայեցին աղջիկների մայրերը:— Տունդ մտնել-դուրս գալուց հետո էլ սրանց վրա անբծություն մնա՞ց:— Վայեցին, պոկոտեցին իրենց ու իրենց աղջիկների մազերը, պատառոտեցին իրենց ու իրենց աղջիկների շորերը, օրիորդ Անիչկին էլ անիծելով, դուրս շպրտեցին փողոց:
Երկար կանգնեց փողոցում Անիչկեն ու շատ երկար միտք արեց անցած-դարձածի համար:
Լուսաբացները գալիս-գնում էին ու Ալեքպոլը քիչ-քիչ ուշքի էր գալիս: Մեծահոգի խանդավառության մեջ, թուրքից անպատված բոլոր աղջիկներին, որոնք կենդանի էին մնացել, պատվավոր տների հարս տարան, կոծկեցին խայտառակությունը, միայն օրիորդ Անիչկի տասը անբիծը անտեր մնացին, վիզները ծուռ իրենց մաքրության ու անմեղության վրա: Ծաղրաբաններն էլ նրանց անունները կնքեցին «Անիչկի մոլորյալներ»: Վառվում էր օրիորդ Անիչկեն: Մի օր ելավ գնաց բժիշկ Վահե Վահունու տուն: Գիշերով գնաց, որ մարդ չտեսնի: Բժշկի աղջիկներն արհավիրքին չէին դիմացել, երեքն էլ մեռել էին:
Ծերունազարդ սգավոր հայրը, օրիորդ Անիչկին իր աշխատասենյակում ընդունեց ու հրավիրեց նստել:
— Ես իմ ասելիքը կանգնած էլ կասեմ, բժիշկ,— ասաց օրիորդ Անիչկեն,— ասելիքս էլ երկար չէ: Որ քո աղջիկներին ես տանեի ու հիմա փրկվեին, դու է լ քեզ ավելի դժբախտ կզգայիր հիմա:
– Այո, զավակս,— փափուկ ու հանդարտ ասաց բժիշկը,— ազգային արհավիրքի նահատակ զավակը նախընտրելի է քո բերած փրկությունից, փրկված, կենդանի զավակից:
– Թու՜հ,— թնդաց օրիորդ Անիչկեն,— հողերս քո նահատակների էլ, իմ փրկածների էլ, քո էլ, իմ էլ սևավոր գլխին:— Շրջվեց հեռացավ:
– Ես էստեղից հեռանում եմ,— առավոտյան ասաց իր ինը եթիմներին, ով ուզում է հետս գա, ով չի ուզում, իր գործն է:
— Ու՞ր ես գնում, քույրիկ,— աղջիկները լաց եղան:
– Ուր աչքս կտրի:— Աղջիկները փսփսացին, վիճեցին, որոշեցին մնալ քաղաքում: Անիչկեն ամեն ինչ թողեց իր ինը եթիմներին, միայն փոքրիկ կապոցով մի քանի զգեստ ու սպիտակեղեն վերցրեց, հեռացավ տնից:
Տասնյոթ օր տևեց Երևան հասնելը ու տասնյոթ օր օրիորդ Անիչկեն կռիվ տվեց, իր ետևից քարշ եկող աստծու հետ: Այսինքն կարևոր չէր, նա էր Անիչկի ետևից քարշ գալիս, թե՞ Անիչկեն: Ճամփան դժոխքի ճամփա էր, սկիզբն ու վերջը նույնն էր:
Խաթունի տանը քառասուն օր ապրելուց հետո, երբ առաջին անգամ իր սեփական, նոր վերանը քաշվեց, խելքը մի քիչ գլուխն ընկավ ու որոշեց վերջնականապես հաշիվները փակել իր հոգեառի հետ: Երկար սպասեց նրան, բայց հոգեառը չեկավ:
– Վախեցա՞ր,— անտեսանելի թշնամու վրա սպառնալից Ֆշշացրեց Անիչկեն,— երեսատեղ չունե՞ս: Բա ես չասեցի՞ կուրանամ քեզ ու վերջդ կգա: Հասկանում ե՞ս ասածս, քեզ վերջ, էլ ոչ կաս, ոչ կլինես: Ավարտեց ասելիքը ու այսքան ժամանակաընթացքում, առաջին անգամ հանգիստ, անխռով, աներազ քնեց մինչև առավոտ:

***
Կոնդում լսել Էին օրիորդ Անիչկի մասին, բայց լռությամբ տարան նրա հայտնվելը: Թաղը դերձակ չուներ: Հազար տեսակ արհեստավոր կար, դերձակ չկար ու Անիչկեն սկսեց կար ու ձևով զբաղվել:
Բնիկներից բացի, ամեն տեսակ հող ու ջրի, բայց մի տեսակ կորուստ կրած մարդիկ էին հավաքվել թաղում: Սարսափից ու վշտից հոգնած, զզված նորաբնակներ էին, մեջները զարմանքն էլ էր վերջացել, ամոթն էլ, վախն էլ: Հանգիստ ու անծպտուն, իրենց կողքին տեղ տվեցին օրիորդ Անիչկին: Մենակ կարսեցի զինագործ Հովհաննեսը չէր հաշտվում Անիչկի ներկայության հետ, մեկ էլ Անդրանիկի նախկին զինվոր Ափրոն: Էդ «նախկին» բառից գժվում էր Ափրոն, բայց մեկ է, օրիորդ Անիչկեն նրան բարևելիս, ամեն օր, հենց էդպես էլ կոչում էր մարդուն: Ասում էր.
– Բարի լույս, Անդրանիկի նախկին զինվոր Ափրո եղբայր:
– Շան քած,— գժվում էր Ափրոն,— ես քեզ ինչ եղբայր:
— Բա որ եղբայր չես, ինչի՞ ես կողքիս ապրում, բա որ նախկին զինվոր չես, ինչի՞ ես էստեղ:
— Բա ու՞ր գնամ,— խեղճանում էր Ափրոն:
— Եսիմ,— քմծիծաղում էր Անիչկեն,— տղամարդը դու ես, դու էլ որոշիր: Թե չէ ընկել, կնկա պես ինձ ես բամբասում սրա-նրա մոտ:
— Չեմ բամբասում,— նորից էր գժվում Ափրոն,— ուզում եմ ռադ լինես: Գնա, պատիվներս չարատավորես:
— Պատիվս դու պահեիր, չարատավորեիր, քեզ էլ չարատավորեի, Անդրանիկի նախկին զինվոր Ափրո եղբայր:
Ափրոն հուսահատված վազում էր վարժապետ Վարդան Հայրապետյանի մոտ:
Սա լսում էր Ափրոյին, լռում էր: Ափրոն Անիչկին մոռացած սկսում էր անցյալը հիշել: Պատմում էր Դիլմանից ու Սարիղամիշից, թռնում էր Ավարայր, վերադառնում էր Կարին ու Վան, Բաղեշ ու Կարս, հասնում էր մթին ու անորոշ ինչ-որ մանրամասների ու խճճվելով, կորցնելով ասելիքի հետքը, նորից էր վերադառնում օրիորդ Անիչկի գոյության անպատվության անտանելի փաստին:
– Մենք էլ մի բան չենք,— հոգոց հանելով, տարօրինակ համակերպվածությամբ համոզում էր վարժապետը:— Նրա անպատիվ գոյությունն էլ է մերը, մերն էլ է մերը: Ուրիշի անպատվություն չկա: Անպատվության տեսակ ու որակ չկա, անպատվությունը մեկն է:
— Ո՞նց կլինի,— ասաց Անդրանիկի զինվոր Ափրոն:— Ուրեմն իմ ու էդ քածի անպատվությունը մե՞կ է:
— Հա, մեկ է, Ափրո ախպեր,— ասաց վարժապետը,— հիվանդությունը, որ մարդուն գերեզման է տանում, հյուծախտ է, թե կաթված, կարևոր չէ, կարևորը մահն է: Պատիվն էլ կյանքի պես բան է, կորցրեցիր, մեկ ելք ունի՝ գերեզման, անպատվություն: Լսած կա՞ս, մի քիչ մահ, մի քիչ անպատվություն…
Ափրոն ու վարժապետը խոսում էին, թաղեցիները լսում էին ու համակերպված, իրենց վրա օրիորդ Անիչկի գոյության բիծն էին ընդունում:
Օրիորդ Անիչկեն էլ նրանց գոյությունն էր ընդունում ու մերվում էր շրջապատին, թաղի ամփոփ շնչառությանը: Արդեն մտնում-դուրս էր գալիս դրացիների տները, ու դրացիները վարժվում էին նրա կծու, աղմկոտ ներկայության հետ: Միայն Խաթունն էր նոթոտվում Անիչկին տեսնելիս:
Այդ երկու, գրեթե տարեկից կանայք իրար չէին հանդուրժում, բայց վերջնականապես չէին էլ գժտվում: Խաթունի արժանապատիվ պահվածքը, գալիս դեմ էր առնում Անիչկի սրատես, խայթող աչքին ու երկուսն էլ թաքուն զննում էին իրար, կարծես չար կախարդանքի մի հանգույց միմյանց էր կապել էդ երկու կանանց ու ոչ թողնում էր հեռանան, ոչ մոտենան իրար: Փշոտ ու վիրավորական մի բան անընդհատ գզգզում էր դրանց ներսը, և երկուսն էլ արտաքինից տիրական, բայց խորքում փլուզված, շարունակում էին զննել մեկմեկու: Օրը մի քանի անգամ օրիորդ Անիչկեն կար ու ձևը ընդհատելով իրեն գցում էր Խաթունի մոտ ու ոտքի վրա մի քանի խոսք փոխանակելով, վերադառնում էր իր գործին: Երբեմն էլ երկար էր մնում, նստում էր երանելի ծուռվիզ Վաղինակի կողքին ու սրա ականջին ինչ-որ բաներ էր փսփսում, որից էս աստծուց նեղացածը անսպասելի հրճվելով, բերանը բաց ընկնում էր աղմկոտ ուրախության մեջ, իր անբացատրելի խնդությունը ուղեկցելով անկապ, բառաչի նման երկարաձիգ ծիծաղով:
Խաթունը խայթվածի պես քարանում էր որդու ձայնը լսելիս, հետո ուշքի գալով հարձակվում էր վրան ու իրեն միայն հայտնի միջոցներով սաստում էր նրան:
Բայց ոչ մի անգամ օրիորդ Անիչկին չխնդրեց, որ վերջ տա երանելուն գրգռելու իր սովորությանը:
– Կոծկի, կոծկի,— մի օր չհամբերեց օրիորդ Անիչկեն,— իբրև թե անմեղ, անշառ մրսածություն է, կանցնի, էլ չգիտես, թե մարմնիդ վրա ի՞նչ կրծող որթ ես պահում: Թույն տուր, թող սատկի գնա, չես կարող, տար մի տեղ կորցրու, դու էլ գնա, մարդավարի ապրի: Որ ուզենաս, դեռ նոր ծնունդ էլ կտեսնես:
Կտնավորվես, կշենանաս: Ինձ պես անպատիվ ու զրկված չես: Հերիք ննջես, շուրջդ էլ նինջի մեջ թաղես: Դու լռում ես, թող գոնե սա իր ցավի մասին բառաչի:
— Ռադ եղիր, — ասաց Խաթունը, — անելիքդ շարունակիր, արա, բայց խորհուրդներդ պահիր քո մոլորյալների համար:
Էդ անգամ էլ օրիորդ Անիչկեն խայթված վեր թռավ տեղից ու երկուսով իրար դեմ կանգնած, երկար միմյանց աչքերի մեջ նայեցին:
– Իզուր ես ինձ երեսծեծանք տալիս, Խաթուն, — անսպասելի հեզ ու խաղաղված ասաց օրիորդ Անիչկեն, — դու էլ, ես էլ, դժոխքի նույն ճամփի սկիզբն ու վերջն ենք՝ քեզնով սկսվել, ինձնով ավարտվել է էդ ճամփան:
— Դժոխքի ճամփեն ավարտվել է, բայց ուրիշ ճամփա էլ կա, ու էդ ճամփեն պիտի գտնեմ:
— Սրանո՞վ, — խղճահարված հարցրեց Անիչկեն, ցույց տալով երանելի ծուռվիզ Վաղինակին:
— Մեծ աշխարհ է, ի՞նչ իմանաս, — խոսակցությունը փակեց Խաթունը ու Անիչկին թողնելով, դուրս եկավ տնից:
Օրիորդ Անիչկեն երկար նայեց ինքն իրեն ժպտացող երանելի ծուռվիզ Վաղինակին ու տարակուսած թոթվելով ուսերր, հեռացավ:
Հաջորդ օրը և դրանից հետո էլ օրիորդ Անիչկեն շարունակեց գնալ-գալը, բայց և ոչ մի անգամ չխոսեց երանելի ծուռվիզ Վաղինակի ու Խաթունի ճակատագրի մասին մինչև զատկվա էս օրը:

***
Հովհաննեսը, սովորության համաձայն, ուշ եկավ տուն: Աղջիկները քնած էին: Կինը գուլպա էր գործում: Սեղանին, ասեղնագործ սպիտակ լաթով ծածկված, ուտելիք էր դրված: Հովհաննեսը լուռ սկսեց ուտել: Քարի պես ամուր ծամիչների շարժումից, սևաթույր բեղերը վեր ու վար էին անում, ու Վարսենիկի սիրտը վախից ու հիացմունքից ճմլվում էր: Ամուսնու բրոնզագույն մաշկն ու մութ աչքերը փայլում էին լույսի տակ: Երբեմն թափառուն հայացքը կանգ էր առնում Վարսենիկի վրա ու խրտնած մի կողմ էր փախչում:
Կինը, սիրուց ու ամոթից գրեթե ուշագնաց, ուզում էր ընկնել Հովհաննեսի ոտքերը ու մղկտալ: Ախր, ինչի՞ աստված էսպես անարդար եղավ, ախր, ի՞նչ իր բանն էր էս տղամարդու կողակիցը դառնալը: Լույս իջնի հոգուդ, մայրիկ, դու քո անսանձ նժույգին ինձ պես քնձռոտի լծակիցը դարձրիր:
Հովհաննեսը զգում էր, որ կինը գիշերային ոգորումի մեջ է:
Ամեն օր, ամեն գիշեր տեսնում էր էս խեղճի ցավն ու ամոթը, տեսնում էր էդ ցավից ծնված իր երեք ցավն ու ամոթը՝ երեք աղջիկ, մեկը-մեկից… Բայց էլ չէր կարող դիմանալ…
Իր սերմը խայտառակ եղավ էս աշխարհում, մոլախոտի ծնունդ տվեց: Իր՝ զինագործ վարպետ Հովհաննեսի ուժը, խեղճ էգի ուժ էր ու էս բիլակները, էս բոյն ու էս ժայռի պես մեջքը, հեչ, փուչ են: Ողջ կյանքը ուրիշի զենքի, ուրիշի վառոդի հետ գործ ունեցավ: Ուրիշի համար զենք կռեց, ուրիշի վառոդից հոտ քաշեց, իրենը մնաց լուռ, անարձագանք, անհոտ, անկրակ: Ծուռվիզ Վաղինակը իրենից լավն է, կրակի հետ չի խաղում, իր շվին է փչում: Փչում է, թե՝ ես էս ճամփի ճամփորդը չէի, ինչի՞ անցա էս ճամփով:
Մի օր մոտեցավ, ասաց.
– Ախպեր Վաղինակ, դու համարյա սուրբ ես, կարո՞ղ ես ասել, ո՞րս էինք էս ճամփի ճամփորդը:
Ծուռվիզ երանելին ժպտաց ու ասաց.
— Եսիմ, մերս ասում է, ամեն մեկի արյունն էլ պիտի մաքրվի, բայց մինչև զուլալվելը, չիբաններ են դուրս տալիս:
Խելառ անտերը չիմացավ էլ ինչ է խոսում, համա մատը բերեց, խրեց Հովհաննեսի աչքը: Հովհաննեսը դառը ծիծաղեց:
Վարսենիկը խայթված դադարեց գործելը:
– Ծուռվիզ Վաղինակին հիշեցի,— արդարացավ Հովհաննեսը:
– Խաթունը տղի համար կնիկ է բերել,— հազիվ լսելի ասաց Վարսենիկը:
Հովհաննեսը ելավ տեղից ու գնաց մյուս սենյակը: Առանց շորերը հանելու, պառկեց: Քիչ հետո, մյուս սենյակում, կինը մարեց լույսը ու պառկեց աղջիկների կողքին:

***
Մարտը վերջին գժություններն էր անում, բայց արդեն ուժաթափվել էր: Թաղի ոլոր-մոլոր, նեղլիկ փողոցներում երեխաները սկսել էին իրենց պորտաբաց անկարգությունները:
Ցեխակոլոլ ու գնդլիկ, հավ ու ճիվի հետ խառը, թառում էին ցածրիկ պարիսպներին, անզգա դեռևս սառը օդին ու անձրևին, ու պլշկոտած նայում էին անցորդներին: Այնքան էին այդպես մնում, մինչև մշտազբաղ մայրերը, գործից մի պահ աչք բացելով, նկատում էին իրենց ժառանգների բացակայությունը ու դուրս վազելով, անեծքով ու մի քանի ճլըթոց տալով փափուկ տեղերին, նորից տուն էին տանում: Զառեն արդեն երեխաներից մի քանիսին ճանաչում էր ու նրանց մայրերին էլ անուններով գիտեր:
Երեխեքը ավելի լավն էին, մի բուռ չամիչ էր տալիս, թողնում էին իրենց այտերը խածներ: Տուն էր տանում, լվանում, սանրում էր գլուխները ու ժամերով կարող էր հետները խաղալ: Խաթուն մերիկը քթի տակ ծիծաղում էր.
— Հրես, դու էլ կզարթնես, մատղաշս,— հույսով ասում էր Խաթունը ու չէր խանգարում Զառեին: Թորգոմի մայրը, Զառեն ամենաշատը էս երեխուն է սիրում, մի օր եկավ երեխու ետևից ու մի քիչ մնաց Զառեի մոտ: Խաթունը տանը չէր:
— Աղջի, հավես ունես, բեր էլի,— ասաց նա:
Զառեն տարակուսած վարժապետի կնոջ երեսին էր նայում:
— Չհասկացա՞ր, չես ծոցվորու՞մ:
– Չէ, – ասաց Զառեն:- Կնոջ գնալուց հետո սառած նստել էր պատուհանի մոտ:
Վաղինակը դրսում շվի էր փչում:
Իր խեղճ, ծուռվիզ Վաղոն:
Արդեն մի ամիս է, նրա ծոցն է քնում: Գլուխն է քորում, մեջքը, ականջի ետևը ու կամաց երգում է, Վաղինակն էլ երանելի ժպիտը դեմքին, քնում է: Իր քունը չի տանում: Մինչև լույս աչքերը բաց մտածում է: Մտածելու շատ բան կա: Խաթուն մերիկը առավոտները ելնում, ուշադիր իր երեսին է նայում, հետո քաշվում է մի կողմ ու լաց է լինում:
Էն օրն էլ լաց եղավ: Ինքը հոգնեց լուռ ու մենակ պառկելուց, գնաց մտավ Խաթուն մերիկի ծոցը: Խաթուն մերիկը արթնացավ, լույսը վառեց, գնաց Վաղինակին արթնացրեց ու սկսեց գրտնակով ծեծել խեղճին: Ամեն անգամ գրտնակը վրա բերելուց, ասում էր.
— Իմ որդի Վաղինակ, ծուռշլինք ոչխար, էս քեզ քո պապ Սիրուն Գեղամի փոխարեն, էս քեզ քո հեր Աղասու փոխարեն, էս քեզ՝ քո ախպեր Վաչագանի փոխարեն, էս քեզ՝ իմ ախպեր Մկրտիչի փոխարեն: Իմ գերդաստանի մաքուր արյունը թափվի, կորչի, դու՞ մնաս տանս սյուն:
Զառեն ընկավ Խաթունի ոտքերը.
– Մերիկ, էս աստծուց նեղացածին մի ծեծի, ինձ ծեծի:
– Քեզ էլ կծեծեմ,— ասաց Խաթունը ու գրտնակը Զառեի մեջքին բերեց:— Էս ե՛ս չեմ ծեծում քեզ, մատղաշս, էս աստված է քեզ ծեծում, որ անբախտ ծնվեցիր: Լուսերես ես, բայց բախտ չունես, դրա համար էլ ծեծ պիտի ուտես:
Ծեծեց, ծեծեց, հանգստացավ: Զառեն շալակեց Վաղինակին, տարավ պառկեցրեց, օրոր ասեց, քնեցրեց: Իսկ Խաթուն մերիկը մինչև առավոտ լաց եղավ:

***
Փոշուց հանգիստ ու դադար չուներ Զառեն: Գարնանը լավ էր, անձրևը գալիս, ջրում Էր թաղը: Հիմա, օրը տաս անգամ ջրջնքում էր բակը, ավլում էր, մի քանի րոպե անց արևը խանձում, չորացնում էր գետինը ու նորից նույն աչք կուրացնող շիկահողն էր` մանրիկ, խեղդող: Դուռ-լուսամուտ փակում էին, որ փոշին ներս չթափանցի, համ էլ, գոնե տանը մի քիչ ստվեր լինի, բայց փրկություն չկար: Թութը պրծավ, սկսեց ծիրանի կաթոցը: Խաթուն մերիկի հետ կտուրին փռել էին պճղած ծիրանները ու Զառեն ամեն օր, երեկոյան, երբ քամին սկսում էր բարձրանալ, հավաքում էր փռոցները, ճիլոմե սալաներով ծածկում, որ երկինք ելած փոշին չնստի ծիրանի վրա: Լուսամուտների շրջանակներին խփած մեխերից պղպեղի, լոբու և բամիայի շարոցներ էին կախված: Դրանց գույնզգույն կապուկները, ոնց որ ամանորի խաղալիքներ լինեն տոնածառերի վրա: Զառեն տոնածառ առաջին անգամ անցյալ տարի, օրիորդ Անիչի տանը տեսավ:
Խաթուն մերիկից գնացել էր նրա տուն և առաջին անգամ տեսավ էդ հրաշք ծառը: Զարմանքից բերանը բաց մնաց:
– Օրիորդ Անիչկա ջան, էս ի˜նչ հրաշք է, – ասաց:
– Հրաշքը դու ես, աղջի,— ծիծաղեց օրիորդ Անիչկեն ու համբուրեց Զառեի այտերը:— Այ, որ երեխա ունենաս, էս խաղալիքները քեզ կտամ՝ նոր տարուն երեխուդ համար կզարդարես ծառը:
– Երեխա որտեղի՞ց,— ամոթահար լաց եղավ Զառեն:— Իմ խեղճ Վաղինակը երեխա է, որ կա, էլի:
Օրիորդ Անիչկեն երկար, կծու (էդպես մենակ նա է նայում մարդու երեսին) զննեց Զառեին:
— Աստված էլ չգիտի կերակուրն ում է տալիս,— ասաց: Երբ դուրս էր գալիս օրիորդ Անիչկի մոտից, իրենց հարևան զինագործ Հովհաննեսին հանդիպեց: Վախից ոտքերր փաթ ընկան: Աղերսանքով նայեց էդ մարդու աչքերին: Քիչ էր մնում մոտենար, ասեր.
— Եղբայր Հովհաննես, Խաթուն մերիկս որ իմանա, թե որտեղ եմ եղել, կխեղդի ինձ, մեղքիս տակ չընկնես:— ՀովՀաննեսը շվարած նայում էր Զառեին: Օրիորդ Անիչկեն օգնության հասավ: Դուռը բացեց, ձայն տվեց.
— Աղջի, կեսուրիդ կասես, մեկ-երկու գդալից ավել չխառնի խմորին էդ անտերը:— Զառեի շունչը տեղն եկավ:
— Դե, տեսա՞ր, եղբայր Հովհաննես, նոր տարի է, խմոր-բան ենք արել, դուռ դրկից հարևան ենք, իրար տալ-առնել ունենք:Պատճառն էդ էր, որ ես էստեղից դուրս եկա: Օրիորդ Անիչկեն էլ կնիկ է, շնորհքով էլ կնիկ է: Քոնի պես չի, սև բողոջ:— Էհ, կոշտը նստել քարի դարդն է լաց լինում: Սրա երջանիկը ուր, Զառեն ուր: Բայց, արի տես, բախտն ու ճակատագիրը ինչ խաղ են խաղացել:
— Այսօրվանից առաջ էլ, այդ օրն էլ, մնացած բոլոր օրերն էլ, Զառեն իր սենյակի լուսամուտից, գողունի հետևում էր զինագործ Հովհաննեսի տան անց ու դարձին: Չէ, անց ու դարձին չէ, իր ինչ ցավն էր էդ տան անց ու դարձը: Իր ցավը Հովհաննեսն էր: ՀովՀաննեսը: Գիշերները, որ քնեցնում էր իր ծուռվիզ Վաղինակին, աչքերը առաստաղին, միտքը հարևանի տանն էր: Ահա, նրանց լույսերը մարեցին ու հարևանի երջանիկը, իր սարի պես մարդու թևի տակ ծվարած, երազ է տեսնում: Հոգնած, երջանիկ, երազ կտեսնի, բա ո˜նց: Ինքն էլ է տեսնում՝ աչքը բաց:
Բարթիկ եղբայրը իր հյուսքերը թիկունքին փաթաթած, գրկել ու տանում է իրեն թագավորի տղու մոտ ու ասում է.
— Թագավորի տղա, Հովհաննես, էս ինչ եմ տեսնում: Բա դու քո խոստումը մոռացա՞ր, էս իմ լուսեղեն քրոջը թողած, ուրիշին առա՞ր: Աչք չունե՞ս, հոգի չունե՞ս, այ տղա: Դե որ էդպես է, մենք պիտի կռվենք, ես էս անպատվությունը տանող չեմ: — Ասում էր իր Բարթիկ եղբայրը ու քաշում էր սուրը:
Բայց թագավորի տղեն գլխիկոր մնում էր տեղում կանգնած:
– Ուզում ես ինձ սպանիր, Բարթիկ,— ասում էր,— հիմա ես քեզ պատասխան չեմ տա: Որ Զառեն իմը չէ, էլ դրանից մեծ պատիժ չկա ինձ համար:
Այս տեղում, Զառեի բացաչք երազն ընդհատվում էր ու քնում էր Զառեն՝ կուրծքը, շրթունքները կիսաբաց, այտերը վարդագունած, հերարձակ: Նրա խարտյաշ մազերի ծանր ալիքների տակ ծածկված Վաղինակը երանությամբ, քնի մեջ ժպտում էր, ու Խաթունը, որ հուշիկ մոտեցել էր զավակների սնարին, վիրավոր գազանի պես ետ, դեպի իր սենյակն էր քաշվում, մեղքի ու վշտի տակ ճզմված:
Ճզմվում էր Խաթունի սիրտը: Տարին տարու վրա, վերքերը իրար հերթ չտալով, շերտավորվում էին, ոսկոր էին դառնում: Ու սիրտը խնձորի պես փխլվել էր կարոտի, սիրո քաղցր հյութերը խառնած ցավի թույնին, կորստի թույնին, հուսահատության թույնին:
Օրիորդ Անիչկի ու Զառեի հայտնվելուց հետո էս թույները ավելի մահացու էին դարձել, դարձել էին ամոթի մի սև դրոշակ ու թառել էին Սիրուն Գեղամի տան ճակատին:
Երկուսին էլ Խաթունը իր ձեռքով բերեց, տուն ու տեղի տեր դարձրեց, իր պատառ հացը կիսեց հետները, բայց երկուսն էլ սև ապերախտությամբ պատասխանեցին իր բարությանը: Ահելը մատը մտցրել է Խաթունի հոգու մեջ, խառնում է էնտեղ պահ տված կսկիծները ու սարսափները, հանգիստ չի տալիս, կարծես ասում է երկար չես դիմանալու Խաթուն, վերջդ մոտեցել է, տունդ, տանդ հիմքը երերում է, հիմքը մի անբուժելի հիվանդ, բայց չոչնչացող որդ է ուտում, ու էդ հիվանդը միակ ժառանգդ է: Տանդ հիմքն ու սյունը: Ու ասողը ո՞վ է, աստված, Խաթունի հոգին քրքրողը ո՞վ է՝ օրիորդ Անիչկեն…
Մյուսը՝ էն մի մատ անտեր գաղթականը, Շողակաթի քոծը, արևի երես չտեսած, տրորված, վառված, անհեր ու անմեր, անտոհմ ու անտուն ոտքի տակի խոտը, որ պիտի ընդհանրապես ոչնչանար, փոշի դառնար ու մենակ իր՝ Խաթունի բարության շնորհիվ, դրանից առաջ էլ Շողակաթի ողորմածությամբ էր ապրում, շնչում, հիմա եկել, օր-օրի ծաղկում է Խաթունի ձեռքի տակ, բերքատու ծառի պես կանաչ շիվեր է տալիս, դեռ պտուղ էլ կտա որ ժամանակը գա: Բայց հենց էդ մտքի վրա է, որ Խաթունի սիրտը ճզմվում է: Չարությունից շունչը կտրվում է: Էդ տրորված խոտը ծառ է դառնում, իսկ իր զավակը, աստծուց նեղացածը, մոլախոտի պես փաթաթվել է ծառի դալար շիվին ու խանգարում է նրա աճին: Ծառը ձեն չի հանում, չի բողոքում, չի կոտրվում, կիսախեղդ աճում է ու լուռ է: Չի բողոքում, ու տրորում է Խաթունի խիղճը, գժվեցնում է նրան:
Անմեղ աչքերը գցում է Խաթունի երեսին ու կարծես ասում է. «Մերիկ ջան, իմ տեր տիրականը դու ես: Ես էլ թույլ ու անտեր, կուզես բնահան կանես, կջարդես, մի կողմ կգցես, կուզես շիվս մոլախոտից կազատես, կթողնես ազատ, անարգել կաճեմ, բարեբեր ծառ կդառնամ»: «Մոլախոտը որդիս է, ա՜խր»: Նվվում է Խաթունը ու վիրավոր գազանի պես ետ-ետ է քաշվում, իր հոգու բնում նորից փակվում ու չլավացող, արնածոր վերքերն է լիզում:
90-ականներին, որ կեսրարը՝ Սիրուն Գեղամը գնաց ետ չեկավ, թաղեցիները ազատ շունչ քաշեցին: Տաճկաց սահմանի վրա, երեսը դեպի իր պապական հողը, սպանված էին գտել: Գեղամին թիկունքից էին կրակել:
Մի մարդ եկավ տարօրինակ հագուստ-կապուստով, թե` «Սիրուն Գեղամը իր արևը ապրողաց թողեց գնաց, արդար գործի, ազգի ազատության համար գնաց»: Ասաց ու էդքանով էլ ասելիքը ավարտելով, հեռացավ:
Ամուսինը՝ Աղասին ու Խաթունի մեծ ախպեր Մկրտիչը սևացած դեմքերով նստեցին տան մութ անկյունում ու մեկ-մեկ գողունի, խորհրդավոր իրար էին նայում: Շուշանը սուգ ու շիվան չարեց: Գլխին սև շալ գցեց ու Խաթունի հետ գնաց եկեղեցի: Թաղի կանայք, որ տեսան Շուշանի գլխի սև շալը, ազատ շունչ քաշեցին, խոսքը սիրունների մասին է: Ճիշտ է, նրանք էլ էին թաքուն տխրել, ախր, սիրուն Գեղամը մի ուրիշ տղամարդ էր, բայց համ էլ ազատ շունչ քաշեցին: Բա դրանց կողակիցները, ոնց էին փափախները թեք դրած, տեր ու տիրականի պես գնում-գալիս եկեղեցու առաջ: Գինետուն էլ մտան, լավ քեֆ քաշեցին: Պարզերես էին ապրելու սրանից հետո, իրենց կնանոց տեր ու տիրական էին դառնալու, իրենց պատիվներն էլ խրելու էին իրենց խանչալների ծայրին ու իբրև թե իրենց Ժառանգներն էլ, հենց իրենց ժառանգներն էին, ոչ թե սիրուն Գեղամի քթից թռած, նրա մաքուր արյունը:
Սև իջնի սիրուն Գեղամի օրինական ժառանգ Աղասու հիշատակին: Անօրինական ժառանգները՝ ամեն մեկը հիմա մի հսկա գերդաստանի պատվավոր նահապետ է, իսկ Աղասի՞ն:
Գնաց, կորսվեց աշխարհից, իր հիշատակի հույսն էլ թողեց երանելի ծուռվիզ Վաղինակի վրա, որ նա վառ պահի իր հիշատակը, իր սիրուն Գեղամ հոր հիշատակը, նրա հոր ու պապի, ապուպապի հիշատակը: Սիրուն Գեղամի սպանության բոթը, որ էն մարդը բերեց, Աղասին սևակնած կծկվել էր խավար սենյակում ու տնքում էր, ոնց որ ծանր հիվանդը:
Հետո սկսեց Խաթունին պատմել, թե ոնց էր իր սարի պես հերը, սպիտակ ձին տակին վրնջացնելով ու աչքերից աջ ու ձախ կայծեր շաղ տալով, հայտնվում իրենց տան շեմին: Ճանապարհին հանդիպած ջահել կանայք սրտապատառ թաքնվում էին տներում, որ հանկարծ, ո՞վ գիտի, սիրուն Գեղամը՝ քեֆը տեղը, մարգարիտ ատամները չբացի ու անամոթ չծիծաղի երեսներին, չասի…
— Հը, գյոզալներ, էլ չեք ուզու՞մ ձիուս հետ տեղներդ փոխել:
Հա՜, ասում էր, չէր խնայում, որովհետև չէր սիրում էդ փեշից թեթևներին, չէր ներում նրանց փեշից թեթև լինելը: Համ տիրանում էր, համ չէր սիրում: Դրանց մարդկերանց էլ համ խղճում էր, համ արհամարհում:
Սիրուն Գեղամը մենակ իր մունջ ու դալուկ Շուշանին էր սիրում: Գիտեր, որ հազար տարի էլ անցնի, որ իր ձին էլ էս տան շեմին չվրնջա, ուրիշի ձիու վրնջոց չի լսվի, ուրիշի ոտք չի մտնի իր շեմից ներս:
Մունջ ու փխրուն Շուշանը, երկաթե ձեռքով իր տան դուռն էլ կփակի, իր ունկն էլ, իր աչքն էլ ու կսպասի սիրուն Գեղամին, նրա շնչին կսպասի, նրա գրկին կսպասի:
Ու գալիս էր Աղասու հերը սպիտակ ձին տակը վրնջացնելով ու բացվում էին նրա տան դարպասները: Ու, որ տան տերը ներս էր մտնում շեմից, եկեղեցու զանգերը ղողանջում էին ու տերտերը հավատացյալներին դիմելով ասում էր.
– Հենց տան տերը վերադառնում է, տան կրակը խաղում է օջախի մեջ, ու տան թշնամիները թաքնվում են մութ անկյուններում: Բայց թող վախենա տերը օձերից, որովհետև նրանք գայթակղիչ կերպարանքով մաշում են նրա տան զորությունը, ու իրենց տներն են զորացնում: Թող վախենա տանտերը:
Տերտերը գրաբար քարոզը ընդհատում էր ու աշխարհաբար խրատ էր տալիս սիրուն Գեղամին: Բայց Աղասու հերը խրատը չընդունեց, շատ էր հզոր ու անպարտ, կարծում էր հավիտյան էդպես էլ պիտի մնա: Նա, որ գնաց, արդեն տան պատերից մեկը հիմքից մինչև առաստաղ ճեղք էր տվել:
Շուշանը մինչև մեռնելը սպասեց Գեղամին, աչքը բաց հեռացավ էս աշխարհից: Խաթունի մունջ ու փխրուն սկեսուրը չէր հավատում, որ իր աչքի լույսը վաղուց է հող դարձել: Նույնիսկ մահվան բոթի օրը, որ սև շալը գցեց ու Խաթունի հետ եկեղեցի գնաց, ուր տերտերո գրաբար քարոզը ընդհատելով, աշխարհաբար դարձավ ժողովրդին ու ասաց թե.
– Ազգի համար մահը միշտ էլ իմացյալ է ու անմահություն, իսկ դուք մինչև (նա ձեռքը պարզել էր խանչալները կողներից կախած ու հարգանքով փափախները ձեռքներին բռնած թաղեցի տղամարդկանց) էս տեղերում ձեր մարմնավոր մահկանացու հոգին քարշ կտաք փոշու ու մոռացման մեջ, որը վատ է, քանց դժոխքը, էնտեղ՝ վերևում, Սիրուն Գեղամի մեռոնված հոգին կհսկի արդարներին ու խեղճերին, ծեծկվածներին ու կարոտյալներին: Քանզի նրա հոգին անմահ է ու մաքրված:
Վերջին աշխարհաբար խոսքը տերտերը գոռալով ասաց, աչքից արցունքը սրբելով.
— Ափսոս, լուսահոգի հերոսը ուշ սկսեց իր զորությունը արժանավոր գործի համար ծախսել:
Էլի Շուշանը չհավատաց նրա մահվան բոթին: Ժպտալով ու հաղթանակած շուրջն էր նայում: Թաղի տղամարդիկ մի վերջին անգամ էլ պարտված ու ստորացած տարան սիրուն Գեղամի գոյության փաստը, բայց, հենց ոտքերը դուրս դրեցին եկեղեցու շեմից, մոռացան ամեն ինչ: Առանձնապես տերտերի ասած վերջին աշխարհաբար խոսքը: Ու գնացին իրենց դուքյանները, մի քանիսն էլ, տոնի առթիվ գինետուն:
Խաթունը մղկտում էր սկեսրոջ համար: Ղևոնդի ու Վաչագանի ծնունդը նրա կյանքի վերջին ուրախությունն էին: Գրկում էր թոռներին, ու Խաթունը զգում էր, թե սկեսրոջ կրծքերը ոնց են թմրում քաղցր ցավից, մայրության չհագեցած կարոտից:
Ախր, հեչ տատ չէր սրտակտորը, ջահել, բերքատու կին էր:
Առաջին անգամ, որ բաղնիքում տեսավ նրան, շշմեց Խաթունը:
Սկեսրոջ մարմնի ողորկ կաթնահունց մաշկը, չկոտրված կրծքերը, ալեծածան մազերը խելքամաղ արեցին Խաթուն հարսին ու նա իր Շուշան սկեսրոջ գիրկը ընկած, հոնգուր-հոնգուր լաց եղավ:
– Ախր դու ի՞նչ սկեսուր, ի՞նչ տատ, մամ ջան,— ասաց Խաթունը,— ախր, դու դեռ նոր-նոր հարս պիտի դառնաս:
– Սիրուն Գեղամից հետո՞,— մեղմ ժպտաց Շուշանը: — Մատղաշս, որ կնոջը իսկական տղամարդը կին դարձնի, էդ կինն էլ երկրորդ անգամ ոչինչ չի կրկնի: Մի անգամ կգա, կգնա էս աշխարհից: Համարյա մեռոնված կույսի պես կլինի, ուզում է տասը ծնունդ տեսնի:
– Իմ Գեղամը հենց էդ տղամարդն էր, ես էլ մի կույս՝ աչքս իմ աստծուց բացի ուրիշ մեկին չի տեսել ու չի տեսնի:
Խաթունը հետո շատ էր հիշում սկեսրոջ էս խոսքերը:
Որ Աղասին գնաց ու ինքը մենակ մնաց երանելի ծուռվիզ Վաղինակի հետ, հիշում էր Շուշանի խոսքերը ու, մանավանդ գիշերները, մտածում էր, թե իր Աղասին է, որ կա, ինքը ուրիշ աստված չունի, ու ինքն էլ մի մեռոնված կույս է սկեսրոջ նման: Բայց խորքում, թաքուն մի կատաղություն ու անհույս հեծկլտոց էր բարձրանում,
– Բա էս ամոթի խարա՞նը ուր թաքցնեմ,— Քնի մեջ էլ ժպտացող որդուն նայելով մղկտում էր Խաթունը, հիշելով մեռած երկու զավակներին՝ Ղևոնդին ու Վաչագանին: Ընդոստ նստում էր անկողնում ու ցավից չոր փայլող աչքերը հառում էր Վաղինակի մահճակալին:
— Ո՞վ կմեղադրի, էս պատիժը ինչի՞ եմ թողնում էս տանը,— տենդագին մտածում էր Խաթունը, հետո, լուսադեմին, սարսափից տանջահար, մի կերպ փակում էր աչքը: Էդպիսի օրերին, թաքուն մեղքերից ծանրացած հոգով, առանձնապես քնքուշ ու ուշադիր էր որդու հանդեպ, թեև Վաղինակի համար բոլորովին մեկ էր, մայրը դաժանորեն ծեծում է, թե փայփայում իրեն: Նա աչքը մի կետի հառած ժպտում էր:
Հիշողությունները քիչ-քիչ բթացան, բայց ցավը մնաց, ու հիմա էլ, Զառեի գալով մի նոր, մի ավելի կատաղի թափով էր փլվել Խաթունի գլխին:
Բնազդներով հարձակվում էր օտարի՝ անտեր գաղթականի, նրա լռության, նրա հեզության, նրա համակերպումի վրա, որովհետև գիտեր, էդ բոլորը օյիններ են, ուրիշի աչքին թոզ փչել, իսկ գիշերները իր որդու ծոցը մտած, ինչե՜ր է մտածում, որոշում:— Բայց մեղք ունի՞, Խաթուն,— սառը ու անկիրք տնքում էր հոգին: —էդ մատղաշի մեղքը ո՞րն է, քոնը մոռացե՞լ ես: Շուշանի խոսքերը մոռացե՞լ ես…
Խաթունի սկեսուրը խղճում էր թաղի կանանց:
— Նրանք մեղք չունեն, ոչ էլ ես եմ անմեղը: Ճակատագրի բան է, ինձ Գեղամին բաժին հանեց, նրանց՝ հեչ:
— Բայց, այ մերիկ, ողջ թաղը Աղասու ախպերներն են, համա ուրիշ անուններով, ո՞նց կլինի, անօրինական բան է, մեղք է:
— Ծնունդի օրինականս ու անօրինականս ո՞րն է, մատղաշս, ծնունդը ծնունդ է՝ ուժ ու զորություն է: Բա Գեղամիս տեսնողը ո՞նց չուզենա նրանից ժառանգ պոկել: Բա Գեղամս իմ միածին ժառանգին էր արժանի՞: Բա մի տաս որդի չունենա՞ր:
Շուշանի խոսքերը կաթիլ-կաթիլ ընկնում էին Խաթունի սիրտը ու կրակ դարձած բոցկլտում էին Աղասու վրա:
Սիրում էր ամուսնուն՝ իր թելիկ-մելիկ Աղասուն, որ կնոջ ու Ղևոնդ-Վաչագան զույգ որդիների հետ մեծանում, մեծ տղա էր դառնում, տղամարդ էր դառնում: Երեսին սև մազ-մորուս էր հայտնվել, ուսերն ու մեջքը քարի պես ամրացել ու մի նոր պարիսպ էին դարձել սիրուն Գեղամի ճեղք տված տան շուրջը: Շուշանը ծիծաղում էր հարևանուհիներին հանդիպելիս ու նախկինի պես մունջ ու փխրուն տեղավորվում էր որդու շվաքում:
Բայց ոչ Աղասին էր Սիրուն Գեղամ, ոչ հարևանուհիներ իրենց մայրերի նման:
Քաղաքում աղջիկների գիմնազիա էր բացվել ու սրանք գիմնազիա էին գնում, ուսումնական էին դարձել: Ճստճստալով խելոք-խելոք բաներ էին խոսում, աչքերն էլ իրենց պես ճլորած, դեղնակտուց ուսումնականների վրա էին գցում: Աղասու պետքն էլ չէր: Լուռ էր: Հոր նման հարայ-հրոցով չէր գալիս: Հանդարտ, անաղմուկ էր գալիս ու ոչ մեկին չէր նկատում: Կարծես չէր էլ ճանաչում, ոչ տեսել էր, ոչ լսել:
— Գոնե ախպերներիդ ճանաչիր,— խնդրում էր Շուշանը,— հորդ արյունն են, ախր:
— Ի՞նչ ախպեր,— դժգոհ փնչացնում էր Աղասին, իմ ախպերները իմ Ղևոնդն ու Վաչագանն են:— Ուրացավ հոր արյունը: Իսկ հարևանները ազատ շունչ քաշեցին, թեև չարությունը մեկ է, անթեղված, թե ափաշկարա, կաթում էր աչքերից: Նրանք իրենց վիրավորանքն ու անզորությունը, իրենց ամլությունը չէին ուրացել, հիշում էլ էին, բորբոքում էլ էին:
Խաթունը էդ չարությունը թիկունքից էլ էր զգում: Զգում էր, թե ոնց է էդ մաղձոտ հայացքը կպած իր ու ամուսնու, որդիների ու սկեսրոջ թիկունքին, ճանկերը խրած իրենց մարմնի մեջ, սողոսկում դեպի տուն: Դանդաղ, բայց ամեն կողմից հավասարաչափ, էդ կանաչ մաղձը, մամռի պես վրա տվեց ու պատեց Սիրուն Գեղամի տունը:
Երևի էդ էր պատճառը, որ Խաթունի արգանդի պտուղը հիվանդացավ: Իր երանելի ծուռվիզ Վաղինակը, մոր արյան հետ թույն ու մաղձ ծծեց, թույնով սնվեց, մաղձով աշխարհ եկավ:
Դրա համար է եղծված ու օրապակաս, դրա համար է անուժ, խայտառակ ու հոգնած:
Շուշանը չդիմացավ Վաղինակի ծնունդին, մեռավ: Աղասին սևակնել ու կծկվել էր ինքն իր մեջ: Ղևոնդն ու Վաչագանն էլ էին կծկվել ու սևացել: Խաթունի աչքի առաջ, առողջ ու լույսի պես շողշողուն զույգ զավակները խամրեցին ու մարեցին, կարծես չէին էլ եղել: Կարծես Խաթունի մեջքը ջարդվել էր միայն երանելի ծուռվիզ Վաղինակին աշխարհ բերելու համար: Ու սա, ո˜վ հրաշք, դիմանում էր, չէր գնում: Խաթունի առյուծի զույգ ձագերը չդիմացան թույնին, վերացան, իսկ Խաթունի խաչտառակությունը դիմացավ, մնաց:
Էդ օրերին էլ դարի առաջին՝ ռուսի ճապոնացու պատերազմն սկսվեց:
Աղասին, քնից արթնացածի պես շմլկոտած ելավ տեղից, պտտվեց տան մեջ, երկար նայեց Խաթունին ու հարազատ որդուն՝ երանելի ծուռվիզ Վաղինակին, որ արդեն չոչ էր անում, ու դուրս եկավ տնից: Խաթունի պատերազմը շուտ էր սկսվել, դրա համար էլ ուշադրություն չդարձրեց Աղասու գնալուն: Չհասկացավ էլ, որ նրա էն գնալն էր, որ գնաց: Հրաժեշտ էլ չտվեց Խաթունին, մի վերջին խոսք էլ չասեց:

Թույնը նրան էլ տարավ: Թույնը շատացել, աշխարհը դժոխք էր դարձել, ամեն ինչ ուտում էր: Մկրտիչ ախպորն էլ տարավ: Մի օր նա եկավ, թե՝ ել գնանք էս անեծքատնից, Սիրուն Գեղամի տունն էլ, գերդաստանն էլ:

Մկրտիչը կանգնել էր տան շեմին ու համոզում էր քրոջը, մեկ էլ առաստաղի գերանների արանքից մի մեծ սև օձ կախվեց: Կախվեց, աջ ճոճվեց, ձախ ճոճվեց ու կաթեց հատակին, սողաց դեպի տան խորքը:

— Ել, հեռանանք,— գոռաց Մկրտիչը,— Էս տան հիմքը օձը պատեց: Սա հարամի օջախ է:— Մկրտիչը գոռում էր, Խաթունի մինուճար երանելի ծուռվիզ Վաղինակը՝ ժպտում: Նայում էր օձի ետևից ու հանգիստ, անուշ ժպտում էր: Խաթունը վերցրեց խաչերկաթն ու գնաց օձի ետևից: Նրա քայլերի ձայնից օձը շրջեց գլուխը, տեսավ Խաթունին ու գլուխը ցցեց:

– Քեզ կսպանի,— Մկրտիչը քարացել էր, բերանը հազիվ էր բաց ու խուփ անում:

Խաթունը խաչերկաթը բարձրացրել էր, որ վրա բերի օձին, օձը գլուխը ցցած, ուզում էր հարվածել:

Աստված, ինչքա՞ն ժամանակ անցավ, էդպես: Մարդն ու օձը իրար էին նայում ու ի՞նչ միտք էին անում:

Խաթունը, որ ուշքի եկավ, օձն էլ էր հեռացել, Մկրտիչ ախպերն էլ:

— Էս անգամ էլ օձն իր բաժինը տարավ,— մտածեց Խաթունը: Շրջվեց, տեսավ տան շեմին հարևանները հավաքված, բերանները սարսափից ու զարմանքից բաց, իրեն են նայում:

— Դուք իմ կյանքը կերաք,— ֆշշաց Խաթունն ու չանթեց առաջին պատահած տղամարդու գլխարկը, խփեց գետնին:– Ես ձեր տղամարդ ասողի,— ֆշշաց,— վայելքի մե՞ջ եք, կարծում եք ես որ պրծնեմ-վերանամ, հերթը ձեզ չի՞ հասնելու, կարծում եք տեղներդ լենացա՞վ, պատիվներդ էլ շատացա՞վ:

Հարևանները փախան ու երկինքը փլվեց Խաթունի գլխին: Առաջին անգամ լրիվ մենակ մնաց: Զգաց, որ չարությունն էլ ճանկերը իր մարմնից հանեց, գնաց, իրեն մենակ թողեց: Էլ ոչ քանդելու բան էր մնացել, ոչ տանելու, էլ բան չէր մնացել: Էն հարևանների աչքերն էլ էին անչար: Աչքերի մեջ միայն սարսափ ու զարմանք կար, չարություն չկար: Ու Խաթունը հասկացավ, մի նոր շրջան է սկսվում իր կյանքում: Սիրուն Գեղամն ու Շուշան սկեսուրը իրենց հեքիաթներով, Աղասին Ղևոնդ ու Վաչագան առյուծի ձագերով, Մկրտիչ ախպերն իր փախուստով, հեռացան, գնացին մի ուրիշ ժամանակի մեջ մտան, մի ուրիշ պատմություն դարձան: Ինքը մնաց իր երանելի ծուռվիզ Վաղինակով, իր ճաք տված պատերով տան մեջ, բոլորի մտքից ու աչքից ընկած, ողորմելի ու կիսամեռ, անտեր ու անօգնական:

Քավորկին Շողակաթը որդուն ասաց, ու Խաթունը սրա խանութն էր մաքրում, մի կերպ ծայրը ծայրին էր հասցնում: Հետո սկսեց Սուրբ Սարգսի տերտերների շորերը լվանալ: Ցախի մեյդանի կրակ կտրածները, որ սատանի աչքից սուրմա էին փախցնում, ու տեր-տնօրեն էին Ձորագյուղի շրջանում, երբ Խաթունը գլուխը կախ, եկեղեցուց դուրս էր գալիս լվացքի կապոցը ձեռքին, իրար աչքով-ունքով հասկացնում էին, որ հանգիստ ու լուռ մնան, մինչև Էդ ջահել, սևավոր կինը անցնի: Վիշտը հարգվելու արտոնություն էր տվել Խաթունին, ու հարգում էին նրան: Ո՞վ գիտե, գուցե Սիրուն Գեղամ կեսրարին ու Աղասուն էին հիշում էդ մարդիկ ու ճանաչում էին նրանց տարաբախտ հարսին: Էդ կրակ կտրածներից մեկը՝ իգդիրցի Շահենը, մի օր մոտեցավ Խաթունին, թե՝

– Քույրիկ, իմ աչքի մեռոն, էս ոսկին առ հոգսերդ հոգա, քո կեսրար Սիրուն Գեղամն էլ ժամանակին իմ կյանքն է փրկել ձիու մեջքին գցել, կիսամեռ, Արաքսի էս ափն է բերել: Լույս իջնի հոգուն:

Իգդիրցի Շահենը նախշուն քսակը իր ձեռքն էր խոթում, ինքը վախից ցամաքած նայում էր անծանոթ տղամարդու զարդանդելի երեսին, ահռելի բոյ-բուսաթին ու մի հալոցք ընկավ մեջը, մի հալոցք, չհասկացավ էլ ինչ կատարվեց հետը:

Ծնկները կթոտվեցին, թուլացան, երերաց Խաթունը ու կընկներ, կթե իգդիրցին չբռներ:

— Իմ ախպեր, ուրեմն Սիրուն Գեղամի բարությունը հիշող է մնացել էս աշխարհում,— թառանչում էր Խաթունը ու արցունքը հեղեղի պես հոսում էր աչքերից:

– Ամեն ինչ էլ հիշում ենք, քույրիկ,— ասաց իգդիրցի Շահենը:— էս աշխարհի բարությունն էլ ենք հիշում, չարությունն էլ: Ժամանակը գա ամեն մեկը իր բաժինը կստանա: Դու առայժմ հոգսդ հոգա ու սպասի:

Հավարով տուն հասավ Խաթունը ու սկսեց սպասել: Շատ սպասեց, սև իջնի Խաթունի գլխին: Էդ ե՞րբ է իր տան բարության բաժինը ստանալու: Չլինի՞ էդ բաժինը Զառեն ու օրիորդ Անիչկեն են:

Ախպեր Շահեն, գլուխդ Բաշ-Ապարանի խարամի մեջ դրած չլինեիր, էն զարզանդելի աչք-ունքդ բացեիր, երեսիս նայեիր, չվախենայի` ասեի.

– Էդ ո՞նց եղավ, որ մեր ժամանակը չեկավ: Էդ ինչի՞, ախպեր Շահեն, հեքիաթում, պղտոր ջուրը, մի մատ մաքուր բարակ ջուրը թրի պես կտրում անցնում է, հրաշքի լուրն էլ դարեդար անցնում, մեր ականջն է ընկնում, մեր բարության մի մատ ջուրը, էս չար ժամանակը չի կտրում անցնում, կորսվում գնում է: Ակը նորից ենք գտնում, քար ու մացառից մաքրում, բաց ենք թողնում, գլգլալով իջնում է սարից, գալիս դեմ է առնում պղտոր ջրին` էլի է կորսվում: Վերջը ի՞նչ պիտի լինի: Վերջը ու՞ր է տանելու մեզ մեր էդ օրապակասը:

Ոչ խառնվում է, ոչ պղտորվում: Կորսվում է: Էլի՞ փնտրենք: Էլի գտնենք, էլի կորսվի՞:

* * *

Հովհաննեսի շունչը Զառեին տեսնելիս կտրվում էր: Ամոթահար թաքցնում էր հայացքը, բայց մեկ է, այդ կնոջ ցոլքը գալիս լցվում էր աչքերը, հոգին ու Հովհաննեսը շնչահեղձ էր լինում մարմինը բռնած տապից:

Վաղինակի կին Զառեն, իր հարևանի հարսը…

Պատվի ու պարկեշտության բոլոր արգելքները, յոթ պորտից ելնում, շարժվում էին Հովհաննեսի ու էդ կնոջ միջև, անջատում, հեռացնում էին նրան, բայց, հենց աչքը ընկնում էր իր կողակցին ու երեք աղջիկներին, էդ չորս մունջ ու ճլորած հավերին, արյան կանչը հեղեղի պես քանդում, վրա էր տալիս բոլոր արգելքներն ու մզզում էր Հովհաննեսի հոգին սեփական ուժի ու անզորության ցավից: Մի քանի անգամ Խաթունը բռնել էր հարևանի իր տան վրա գցած հայացքը ու սփրթնած, գլխահակ ներս էր մտել: Դրանից հետո, Հովհաննեսր լսում էր ծուռվիղ Վաղինակի բառաչի նման լացը ու Զառեի աղերսագին ձայնը. «Մերիկ, էս աստծուց նեղացածին էլ մի նեղացրու»: Հովհաննեսը լավ էր հասկանում Խաթունին: Ախ, ինքն էլ, քանի անգամ, հազիվ է զսպել, որ իր չորս նեղացածներին մի բուռ չանի, չխեղդի: Ինչքա՞ն տանի էս խայտառակությունը, ինչքա՞ն դիմանա:

Այդ ծեծկռտուքներից հետո, Զառեն մի քանի օր չէր երևում քակում, փողոցում, մինչև նորից, առավոտ ծեգին, Վաղինակը նստում էր պատի տակ դրած մեծ քարին ու սկսում էր շվիի նվագով իր տխուր ու անիմաստ հարցը տալ.— «Ես էս ճամփի ճամփորդը չէի, ինչի՞ անցա էս ճամփով»:

Ու զարմանալի բան, այդ նվագն ու այդ անիմաստ հարցը տարօրինակ ազդեցություն էին գործում Հովհաննեսի վրա: Լարված, թռիչքի պատրաստ ողնաշարը կակղում, դոնդող էր դառնում, ոտքերը հորթի կթոտ ոտքերի պես ծալվում էին տակը ու Հովհաննեսը վեր էր ընկնում իր տան դռան առաջ, աչքը անտարբեր անց ու դարձին, հոգին՝ նախկին հուշերի ծովում: Պապի արհեստանոցն էր հիշում, իրենց տան վերի չուգունե կամուրջը, անմատչելի բերդը, ու ղայֆեի գոլորշիների մեջ կորած հատ ու կենտ թուրք բիձեքին հինա դրած, սրածայր, ցանցառ մորուքներով, ղեյլանի խողովակը խլթխլթացնելիս:

Ինքը մի մատ երեխա, մի ոտքով թուրքի թաղում էր, մյուս ոտքով ռուսաց պոլիգոնում, զինվորների մոտ: Հաճախ էր գնում այնտեղ, հոր, պապի նորոգած զենքերն էր տանում տերերին:

Գիմնազիայից դուրս եկած աշակերտները, փայլփլուն կոճակները կոճկած, կեպիները գլխներին, լուրջ անց ու դարձ էին անում բուլվարում, ուշադրություն չդարձնելով ծխականի կրտսեր աշակերտի վրա:

Հա, ուշադրություն չէին դարձնում, ոնց որ էս ծուռվիզ Վաղինակի կնիկը Զառեն: Գնում է, գալիս է շորորալով, ինքն իր կրակի շուրջը պտտվելով ու չի էլ տեսնում, որ էդ կրակից մի ցոլք թռել ընկել է Հովհաննեսի սիրտը, վառում է տղամարդուն: Էս ու՞ր է գնում: Ինչի՞ է գող-գող շուրջը նայում: Հովհաննեսը ընդոստ ելավ տեղից: Զառեն զգուշորեն թակեց օրիորդ Անիչկի դուռն ու ներս մտավ:

***

Օրիորդ Անիչկին էդ վախվորած, զգույշ թակոցը ծանոթ էր: Չընդհատեց էլ «Զինգերի» ղռդռոցը՝ Մանուշակի հարսանիքի շորը պիտի երկու օրից հասցնի:

Դերձակությունը շատ է օգնում թաղի կանանց ու օրիորդ Անիչկին: Իհարկե, ջահել կանայք միշտ էլ, ի ցույց թաղի, իրենց մայրերի կամ կեսուրների հետ են գալիս Անիչկի մոտ, իսկ աղջիկները չեն գալիս: Նրանց զգեստներն ու չափերը մայրերն են բերում, բայց ջահել կանայք մեկ-մեկ առանց ուղեկիցների էլ են գալիս: Գալիս են ու էսպես գողունի թակում են իր դուռը: Թակում են, մտնում են ներս ու սսկված սպասում են, մինչև օրիորդ Անիչկեն ընդհատի գործն ու շրջվի իրենց կողմը: Ու էդ ժամանակ էլ սկսվում է պատմությունը: Քանի-քանի պատմության են ականատես եղել էս տան պատերը, ինչ արցունքների ու երդումների, կորուստների ու կարոտների, բայց իր տան պատերի պես, ողորմածիկ բժիշկ Վահունու պես, լուռ ու փակբերան է օրիորդ Անիչկեն:

Ինքն էլ մի սրտի բժիշկ է:

Օրիորդ Անիչկեն շրջվեց ու սառեց տեղում: Դռան առաջ Զարեն էր պպզած: Հյուսքերը շուրջբոլորը ցրիվ եկած, դեմքը արցունքից թաց, ծեծ կերած երեխու պես կծկվել է դռան շեմին: Օրիորդ Անիչկեն էս մեկին չէր սպասում, թեև գիտեր, որ էս մեկը մի օր կատաղելու է, բացվի ու, որ էդ օրը եկավ, մնացածներին իր մյուս դժգոհ քույրերին, տալու է անցնի, բայց իր տանը, էսպես, չէր սպասում սրան:

— Աղջի, Խաթուն կեսուրդ մազերդ ախր կփիտի,— վերջապես ուշքի եկավ օրիորդ Անիչկեն:

— Մեկ է:— Զառեի ձայնը հուսահատ էր ու չոր:

— Բայց ու՞մ, ու՞մ համար է լացդ:— Օրիորդ Անիչկեն համակ ուշադրություն, ձգվել էր դեպի Զառեն: Դեռ խոսքը չէր վերջացրել, դուռը շրխկոցով դիպավ պատին ու զինագործ Հովհաննեսը շնչակտուր ներս ընկավ: Զառեն թույլ ճչոցով կպավ պատին, իսկ օրիորդ Անիչկեն կանգնեց նրա ու տղամարդու մեջտեղում:

— Ի՞նչ կա,— հարցրեց նա: Հովհաննեսը զննեց շուրջը, հայացքը մնաց մյուս՝ խորքի սենյակի դռանը:— Կնիկդ էստեղ չի, հեչ անհանգիստ չլինես,— օրիորդ Անիչկի ձայնի մեջ չթաքցրած ծաղր կար, բայց Հովհաննեսը դրան ուշադրություն չդարձրեց: Ոնց որ լուսնոտ լիներ, հայացքը պղտոր, մշուշված ու նաև սարսափելի լարված: Դիմագծերը թռչնի նման սրվել էին ու սպառնալից, գիշատիչ բան կար դեմքի արտահայտության մեջ:

– Էս կինը ինչի՞ է էստեղ եկել,— խուլ հարցրեց նա, առանց Զառեի կողմը շրջվելու: Բայց Զառեն զգում էր, թե ոնց է տղամարդու մեջքը իր կողմը ձգված` կորացել է ու լարումից դոդում է Հովհաննեսի մեջքը:

— Քեզ համար եմ եկել,— Զառեն չզգաց էլ, թե ոնց ընկավ տղամարդու ոտքերը:— Մենակ քո երջանիկը չի, ախր, ես էլ կամ,— շշնջում էր նա, դեմքը, ձեռքերը փարած տղամարդու ծնկներին:

Օրիորդ Անիչկեն տնից դուրս եկավ ու կողպեքով դրսից փակեց դուռը: Եկեղեցի գնաց:

Զառեն չէր էլ նկատում շուրջը ինչ է կատարվում: Հովհաննեսը գրկեց կնոջ թուլացած մարմինը ու տարավ մյուս սենյակը: Դրսում աշնանային տաք արևամուտ էր: Մի տերև էլ չէր շարժվում: Հեռվից եկող ժամերգության խուլ ձայնն էր խախտում մեծ լռությունը, ու Հովհաննեսը Զառեի մազերի հեղեղի միջից էր տեսնում, թե ոնց է այդ ոսկեզօծ օրը մարում գոհունակության ու ցավի մեջ:

***

Ձմեռը դաժան էր: Ռուսական ժամի ու Ղանթարի կողմերը մի քանի սառած մարմին գտան: Քավորկին Շողակաթի որդին Սեդրակը, ցորենի առևտուր անելիս բռնվեց: Տնից պուլիկով ոսկի ու հարյուր փութ ցորեն հանեցին: Ոսկին էլ, ցորենն էլ պետականացրին, իրեն աքսոր քշեցին:

Խաթունը խղճում էր քավորկնոջը, բայց ներսը չարությունից եռ էր գալիս: Սեդրակը թող ուտի, ագահությունից կուրացել էր: Իր տան եղած-չեղածը, մի բուռ ցորենի համար, քավորկնոջ տուն տեղափոխվեց: Վերջին նապոլեոններն էլ ցորենի ու վառելիքի տվեց: Հարսին ուտել էր պետք, տաքություն էր պետք: Ծանրացել է խեղճ մատղաշը, իսկ ցրտերը չեն թուլանում:

Խաթունի հաշվումներով, մայիսի, վերջերին Զառեն պիտի ծներ: Պիտի ծներ իր տանջված մատղաշը ու էս տունը պիտի մեռոնվեր: Սիրուն Գեղամի լռված օջախը պիտի վառվեր ու կրակը էլ չմարեր: Խաթունի կրծքերը վաղուց մոռացված հուզումներից թմրեցին ու քաղցր մղկտացին:

«Մեղա, մեղա՜,–— շփոթված խաչակնքեց երեսը: Վաղինակը, աչքը առաստաղի գերաններին, երանությամբ ժպտում էր: Խաթունը ինքն էլ չհասկացավ, ինչու եկավ կանգնեց իր ծուռվիզ նեղացածի գլխին ու սկսեց ուշադիր զննել նրան: Մոր դեմքին նայելով, Վաղինակը շարունակեց, իրեն միայն հայտնի, ինչ-որ բանի վրա ժպտալ: Նեղ ուսերը կծկած, վիզը թուլիկ ետ ցցած, անբնական լայն կոնքերը ու կարճ ոտքերը անկենդան ծեփած թախտին, երանելին իր տարտամ ստվերների հետ էր: Զզվանքից ու խղճահարությունից Խաթունի սիրտը կծկվեց, արյունը խփեց գլուխը: Շրջվեց դեպի հարսը: Զառեն պատուհանի մոտ նստած, չթից մանկան շապիկ էր կարում: Փորը՝ հսկայական ու անամոթ, ցցել էր դուրս, իսկ մանկական շարմաղ գլուխը, վարսերի ծանրության տակ կքած, նա համ կարում էր, համ էլ ճրագի պես ինքն իր մեջ ժպտում: Խաթունը որդուն թողած, ծանրացած ոտքերը քարշ տալով, մոտեցավ հարսին ու կանգնեց նրա առաջ: Զառեն ընդհատեց կարը, փորձեց ոտքի կանգնել, չկարողացավ, վախից կաթվածահար փլվեց տեղում:

– Ումի՞ց է, – Խաթունը դողացող ափը դրեց հարսի փորին,— Հովհաննեսի՞ց է:

— Խաթուն մերիկ,— Զառեի ձայնը խզվեց,— Վաղինակը իմ եղբայրն է, ես քո ու աստծո առաջ անմեղ եմ:

— Սուս,— Խաթունը ափով փակեց Զառեի բերանը:— Իմ օջախում ծնվածը իմ օջախի կրակը կլինի:— Ասաց ու գնաց:

Զառեն իր Խաթուն մերիկին էդպես չէր տեսել: Փաշփաշա կինը փլվել, կուչուրվել էր ինքն իր մեջ: Տիրական դիք քայլքից հետք էլ չէր մնացել: Զառեն ուզում էր վազել սկեսրոջ ետևից, ընկնել նրա ոտքերը:

Ընկներ՝ ասեր.

— Իմ Խաթուն մերիկ, իմ անուշ մերիկ, ես անխելք, դու իմաստուն, որ ինձ քավորկին Շողակաթի ձեռքից առար, բերեցիր, որ պահեցիր-փայփայեցիր, ու՞մ համար էր: Իմ աչքը կույր էր, քոնը հեռատես, բա չտեսա՞ր, որ բերք տալուս ժամը պիտի հասնի, ո՞նց չտամ:

Ճյուղերս կոտրեցի՞ր, որ չտամ, արմատս չորացրի՞ր, որ չտամ: Հիմա ի՞նչ անեմ՝ ես մեղավոր, դու դատդ արա:

Ուզեց ելնի տեղից, փոշմանեց մնաց: Հովհաննեսի տան ճրագը վառն էր: Կտուրից էլ ծուխն էր ելնում: Հիմա Հովհաննեսը, նստած կրակի մոտ, մտքով իր հետ Է: Նրա երջանիկը, բանից անտեղյակ, ծվարել է մարդու թևի տակ, համա նրա մարդու ուշքն ու միտքը իր հետ է, իր համար է, իր մասին է:

Զառեն հպարտ նայեց ահագին փորին ու ձգվեց տեղում: Չէ, իր միտքը էստեղից-էնտեղ ճամփա չի կտրում: Իր միտքը հենց իր տեղում է, կենտրոնացած է հենց իր վրա, իր մեջ խլվրտացող ծանրության վրա: Աշխարհի պես ծանր բեռ կա Զառեի մեջ, ու Զառեն իրավունք չունի միտքն ու հոգին շեղելու, Զառեն ոչ կին է, ոչ մարդ է, ոչ շնչավոր է, ոչ անշունչ: Աշխարհ է Զառեն: Ով ուզում է իրեն տեսնի, ինքը պիտի մոտենա Զառեին, Զառեն տեղից շարժվողը չէ: Ծանր է Զառեն:

* * *

Հովհաննեսի արհեստանոցում շատ էին հավաքվում: Բիձեքը` ամեն մեկը մի Արաբո, Պոլսից մինչև Արագածի փեշերը ոտնատակ տված, մի քանիսն էլ օվկիանոսներ կտրած, եկել արևկող էին արել արհեստանոցի պատի տակ, իսկ ավելի ջահելները, թարմ սպիները սրտներին, կրակված թպրտում էին ջարդոտված, ժանգոտված մաուզերների վերակենդանացմանը համընթաց: Արաքսի էն ափին քրդերը գլուխ էին բարձրացրել ու ազատություն էին ուզում, Արաքսի էս ափին կորստի մրմուռը դաղում էր տղամարդկանց: Ամեն մեկը երկված, մի ոտքը նոր տան շեմին, մյուսը հնի դեռ մխացող ավերակներին, ալեկոծվում էր անորոշությունից:

– Էս լե իմ երկիրն Է,— տնքում էր Անդրանիկի նախկին զինվոր Ափրոն,— համա էն լե իմ երկիրն է, Օհան ախպեր.– Հովհաննեսը մետաղ էր ծեծում սալի վրա ու լսում էր Ափրոյին: Լսում էր ու համաձայն էր Ափրոյին: Ա՜յ, քեզ ճակատագիր: Որ իր որդի Աղասին ծնվեց, իր երեք աղջիկը դադարեցի՞ն իրենը լինելուց, թողնի՞, հերություն չանի՞ նրանց: Իր որդի Աղասին, իր որդի Աղասին է, իր ապրելու հույսն ու հավատը, բայց էն երեք խեղճերն էլ իրենն են, իր սերմն են:

Հա, իրենն են:

Հովհաննեսը զգում էր. նախկին վիրավորանքը իր սև բախտից, մեղմացել է ու ներողամիտ բարությամբ է լցվել հոգին: Կինն ու աղջիկներն էլ էին այդ բանը զգում: Տան պատերն էլ: Նախկին ծանր մռայլությունը, որ ներծծված էր ամեն իրի, տան, ծառերի, բակի, կնոջ ու աղջիկների մեջ, թուլացել ու փափկել է: Ժպիտի պես մի բան է հայտնվել շուրջը: Վարսենիկը հարևան Խաթունի թոռան համար բրդյա փափուջներ ու շապիկ գործեց, տարավ: Խաթունը թոռանը գրկած, շփոթված կանգնել էր տան շեմին ու շփոթմունքից ներս էլ չհրավիրեց Վարսենիկին, բայց Վարսենիկը չնեղացավ հարևանուհուց: Տանջված, իր պես դարդի տեր է խեղճը: Այ, հարսը, ուրիշ է: Ոնց որ հեչ, էս աշխարհի փորձանքը սրա կողքով անց կենա-գնա: Պետքն էլ չի: Օր-օրի բացվում, տեսիլքի պես է դառնում: Որ նոր եկավ էս տուն հարս, սոված գաղթական էր, ծեծկված անտեր, հիմի վարդի պես կին է դարձել, Խաթունի ու Աղասի որդու հետ շորորալով եկեղեցի է գնում: Հեչ, կարծես երանելի ծուռվիզ Վաղինակի կնիկը Վարսենիկն է, ինքը չի: Բա տղե՛ն, Աղասին: Հե՜յ գիտի ճակատագիր, Հովհաննեսից՝ իր երեք օրապակասները, Վաղինակից` լուսերեսԱղասին: Հովհաննեսի խելքը գնում է էս երեխու համար: ժամերով իրենց սենյակի լուսամուտից չի հեռանում, հենց էս երեխուն բակ են դուրս բերում: Սիրտը ծուլ եղած, երկինք-գետին մոռացած, սրան Է նայում, բայց կոտր չի ուզում ընկնի, մի անգամ էլ մատով չի դիպել: Ի՞նչ կա, հարևանի երեխա է, կարող է գնա, գրկի, հավեսը հանի, չէ, չի գնում, մենակ նայում է, նայում, չի կշտանում: Վարսենիկի աչքերը խոնավացան:

— Աստված Էրիկիս կարոտ պահեց,— համակերպված մտածեց այդ փաստի մասին ու մտամոլոր տուն դարձավ:

Խաթունը երկար, կասկածանքով նրա ետևից էր նայում ու տագնապով երեք անգամ կսմթեց թոռան փափլիկ տեղերը: Երեխան լաց եղավ ու Զառեն ընդհատեց լվացքը, մոտեցավ, լեցուն կրծքերը ծփացնելով: Խաթունը երեխային չտվեց, ամուր սեղմեց իրեն, իսկ Վարսենիկի նվերները չոր խցկեց հարսի ձեռքը:

– Մուրացկանի կտաս, Աղասուն չհագցնես,— հրամայեց ու գնաց իր սենյակը:

Զառեն կարմրատակած մի կողմ նետեց Հովհաննեսի երջանիկի բերածը ու շարունակեց լվացքը:

***

Հովհաննեսը կարոտից ցնորվում էր: Անհավատալի ծրագրեր էր կազմում. գիշերով մտնի Խաթունի տուն, վերցնի որդուն ու Զառեին, անցնի Արաքսի մյուս կողմը: Կամ էլ Ռուսաստան գնա, կամ էլ… կարևոր չէ, ուր, մենակ թե երեքով՝ ինքը, Զառեն, իր որդին միասին լինեն:

Չէ, Հովհաննեսը ճիշտ չի ասում: Մեկ չէ ուր գնա: Ճիշտ է, զինվոր Ափրոյին չի պատասխանում, մենակ լսում է, բայց վերջերս իր սիրտն էլ է ցավից թպրտում, Չուգունե կամուրջն ու բերդն է հիշում ու ռուսաց զորքի պոլիգոնը: Արաքսը իր գետը չի, իր գետը Արփաչայն է: Վերցնի Զառեին, իր որդուն, անցնի Արփաչայը, հասնի իր տուն, ծունկ չոքի տան շեմին ու որդուն ասի.

– Դու կոնդեցի չես, Աղասի, Ղարսեցի ես:

Ասի.

– Կոնդն էլ է մերը, համա տղաս, Ղարսն էլ է մերը: Պապիդ ոսկորները էնտեղ են, Կոնդում չեն:

Ասի.

— Աղասի, քո հերն էլ ե՛ս եմ, զինագործ Հովհաննես Գևորգյանը, ոչ թե ծուռվիզ երանելի կոնդեցի Վաղինակ Բաբայանը:

Ասի.

– Քո մեր Զառեն էլ իմ կնիկն է, էդ մեծ սխալմունք է, որ Վաղինակի կնիկն է համարվում: Ով-ով, բայց ես լավ գիտեմ քո անարատ մոր մեռոնի մաքրությունը: Նրա տանջանքն էլ լավ գիտեմ, համբերությունն էլ:

Էսպես ցնորվում էր Հովհաննեսը, ու գիշերները բաց աչքով, ցերեկները աչքը փուքսի կրակին, ականջը զինվոր Ափրոյի թառանչին, ցնորվում էր Հովհաննեսը ու մի օր էլ կորավ: Յոթ ամիս ման եկան, չգտան Հովհաննեսին: Զինվոր Ափրոյին, նրա կին Վարսենիկին միլիցիա տարան, հարցաքննեցին, պատասխան չստացան: Հովհաննեսի արհեստանոցը կնքեցին: Ութերորդ ամսի վերջին, մի վաղ առավոտ, Վարսենիկը եկավ Խաթունենց մոտ: Խոր աշուն էր, ու Վարսենիկը տաք վերարկուի մեջ փաթաթված, գլուխը շալով ամուր կապած, գնդռճիկ, սև կծիկի պես ներս ընկավ: Չբարևեց.

– Ներող կլինես Խաթուն քուրիկ,— ասաց,— իմ Հովհաննեսը որ գնաց, ինձ էստեղ պահող բան չկա, ես էլ եմ գնում, մնաս– բարով:— Ոտքը շեմից դուրս էր դնում, կանգ առավ ու ասաց.

— Աղջի, իմ Հովհաննեսը, գնալուց առաջ ասաց. «Զառեի տղեն թող իր պապի ու իր հոր արհեստը սովորի»:— Ասաց ու հեռացավ:

Ուշքի եկած Խաթունը դուրս վազեց, տեսավ երեք հրեղեն ձի լծած ֆայտոնը, աղջամուղջի մեջ աղեղ գծելով, սլացավ հեռու հետը տանելով Վարսենիկին ու նրա երեք աղջիկներին: Խաթունը խաչակնքեց, ներս մտավ, քնած երեխային տեղից հանեց, սկսեց ագահաբար համբուրել;

Զառեն սսկված նստել էր Վաղինակի ոտքերի մոտ, որը թախտին պառկած, աչքերը հառած առաստաղի ինչ-որ կետի, երանելի ժպտում էր:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ինչքան մեծանում էր Աղասին, այնքան Զառեի կսկիծը ուժեղանում էր: ժամանակը գործ չուներ, ոչ էլ Աղասու բերած հոգսերն ու ուրախությունները: Ուրիշ հոգսեր էլ էին ավելացել Զառեի ուսերին՝ Խաթուն մերիկը համարյա կուրացել էր, ու Զառեն երանելի ծուռվիզ Վաղինակի, որդու հետ, սկեսրոջն էլ էր օրոր ասելով քնեցնում: Ոտքերն էր տրորում, մեջքը, գլուխն էր քորում ու պառավի ականջի տակ որևէ երգ դնդնալով, քնեցնում էր նրան: Իհարկե, ամենախոնարհը երանելին էր: Հենց Զառեի շունչը դիպնում էր ռունգերին, սա անմեղ ժպիտը դեմքին, տեղափոխվում էր այլ աշխարհ: Խաթուն մերիկը, մինչև քնելը նազանքով թոնթորում էր, մեկ-մեկ լաց լինում, մեկ-մեկ նախկին տիրական ձայնով հրամաններ արձակում, մեկ-մեկ մրսում էր, մեկ-մեկ շոգում:

Աղասին աստծո կրակ էր: Զառեն պարզել էր, որ օրվա մեջ ոչինչ չանի էլ, կերակուր չեփի, լվացք չանի, տունը չմաքրի, այգին չջրի ձմեռվա փայտ չկոտրի, աղուն չաղա, հավ ու ճիվի ետևից չվազի, կար ու կարկատան չանի, մենակ նստի, նայի, թե իր Աղասին ոնց և ինչքան է շարժվում առավոտից իրիկուն, էլի կհոգնի ու հալից կընկնի: Ոնց է հոգնել, մերիկ ջան, ո՜նց կհանգստանար: Գլուխը կդներ իր Փեփրոն մերիկի գոգը, աչքերը կփակեր ու կքներ: Մերիկը հուշիկ կխաղար մազերի հետ, Զառեն կքներ: Քնի մեջ կլսեր իր Բարթիկ եղբոր ձիու վրնջոցը ու Բարթիկի մուտքի հետ տուն կմտներ նաև դրսի հովը, կզովացներ Զառեի վառված սիրտը: Կմտներ Զառեի Բարթիկ եղբայրը, լուռ կմոտենար, կկանգներ գլխավերևում ու վերևից կնայեր մոր գոգի մեջ կծկված փոքր քրոջը: Հպարտությամբ ու սիրով կնայեր Կարնո ամենասիրուն աղջկան, թագավորի տղու հարսին: Իր եղբայր Բարթիկը էդպես կկանգներ, մեջքը դռանը արած ու նրա մեջքի լայնքից, բոյ-բուսաթից սարսափած, դռան մոտ կանգնած երանելի ծուռվիզ Վաղինակը, նրա մեր Խաթունը, քավորկին Շողակաթը, Սուրբ Սարգսի անոտ, անձեռ մուրացկանները առաջ չէին գա: Խմբված կկանգնեին դռան մոտ ու վախից քայլ չէին գցի, Զառեի քունը չէին խանգարի: Բայց էս ի՞նչ փորձանք էր, էդ ու՞մ ձեռքից պոկվեց թունավոր նետն ու խրվեց Զառեի եղբայր Բարթիկի թիկունքը: Էդ ո՞վ Բարթիկի մեջքը գետնովը տվեց թունավոր նետով:

– Իմ աննման եղբայր Բարթիկ, իմ արծիվ,— մղկտում է քնից արթնացած Զառեն,–— ինչի՞ մեջքով դեպի դուռը կանգնեցիր: Ինչի՞ ես էդքան ուժեղ ու միամիտ, իմ թառլան:— Բարթիկը աչքերը փակ, պառկած է, իսկ դռան առաջ կանգնածները անվախ ներս են մտել ու Զառեին իր մոր գրկից տանում են: Տանում են. Մեկը Զառեի հյուսքերն է պոկում, փախչում, մյուսը՝ սոլերն է հանում, փախչում, մեկը Զառեի նախշուն շորերն է վրայից պոկում, փախչում, մյուսը՝ Զառեի արծաթ գոտին: Պոկում են փախչում, պոկում են՝ փախչում:

Ու Զառեն մերկ է, մազ էլ չունի, որ մերկությունը ծածկի, ու տանում են Զառեին: Շատ է հոգնել, էլ ուժ չունի Զառեն, մեռնի Զառեն :

Գլուխը թթենու բնին հենած մի պահ նիրհել էր, մեկը ձայն տվեց: Աչքերը բացեց՝ փոստատարն էր, կողքին քավորկին Շողակաթը: Քավորկնոջ հարյուր տարին արդեն անցել էր, բայց համ աչքի լույսն էր տեղը, համ ձեռք ու ոտքը: Մենակ ժպիտն էր չքացել:

– Աստված ինձ թողել է, որ վկա լինեմ, թե ոնց է ամեն ինչ անցավոր,— դառնությամբ ասում է Շողակաթը, դժգոհ, որ չի մեռնում, գնա էս անցավոր աշխարհից:

Զառեն չի սիրում Շողակաթին, Ղանթարի մոտ մի շապիկով, հիվանդ, անտեր, ոջլոտ գտավ Զառեին բերեց տուն, պահեց: Հետո ի՞նչ: Տասնչորս տարեկան, կաթնահոտ երեխա, երանելի ծուռվիզ Վաղինակին տվեց: Ո՞նց տվեց: Ավելի լավ չէ՞ր, թողներ էն մյուսների, էն հարյուր հազարների պես, կամ կմեռներ, կամ էլ փրկության դուռը կբացվեր: Հրեն, Աղասու դասատուն՝ Լուսիկ Խաչատրյանը, իր պես, իր տարիքին, անտեր գաղթական չէ՞ր: Հիմա գրքերը թևատակին դասարան է մտնում, Զառեի տղուն դաս է տալիս, Զառեին էլ ասում է.

— Զառե, դու մայր ես և պարտավոր ես, հենց միայն որդուդ համար, գրագիտություն ձեռք բերել:

Սիրտ չուներ, որ Լուսիկ Խաչատրյանին ասեր,

— Ընկեր Լուսիկ Խաչատրյան, իմ հինգ եղբայրներն էլ, նրանցից ամենափոքրն էլ՝ Բարթիկը, Սանասարյան վարժարանում ուսանեցին ու նրանց շունչն էլ հերիք էր, որ ես գրագետ դառնայի: Բայց իմ հոգսերը շատ են, ա՜յ Լուսիկ, հոգսի տակից շունչ չեմ կարող քաշել, կկզել եմ, ծայրը-ծայրին չեմ հասցնում:

Ահա, փոստատարը ասում է.

— Աղջի, ինչու՞ չես գալիս երանելի ծուռվիզ Վաղինակիդ թոշակը ստանաս, հարստացե՞լ եք:

Կգամ,— ասում է Զառեն:

— Թե պետք չի, մի արի, հրաժարվեք, կարիքավորները շատ են: Մեր պետությունն է մեղավոր, ամեն տեսակ անպետք երանելու էլ է փող տալիս, պահում, արյուն թափած զինվորին էլ:

Փոստատարը կուրծքը դուրս է ցցում էս խոսքերի վրա: Ամոթահար Զառեն մտածում է,

— Երկրի համար բոլորն էլ իր որդիներն են՝ հիվանդն էլ, հերոսն էլ, խեղճն էլ, ուժեղն էլ: Բա կլինի՞, մեկին պահի, մյուսին՝ անօգնականին մի կողմ նետի: Ախր, էդ մյուսն էլ է իր ծնունդը:

Օրհնվի օրիորդ Անիչկեն, Զառեին մի կտոր հացի տեր դարձրեց: Չէ՜, երանելու երկու կոպեկ թոշակով պիտի ապրեր Զառեն: Երբե՛ք: Դա հենց էնպես, որ Խաթուն մերիկին թվա, թե իր որդու հացն է ուտում, ոչ թե հարսի, որ դժվար չուտի էդ հացը: Թե չէ, Զառեի ինչին է պետք թոշակը, կգնա, կհրաժարվի ճիշտ է, շատ է հոգնում, բայց կար ու ձևով իր տան հոգսերը հոգում է: Աղասին կրծքից նոր էր կտրվել, օրիորդ Անիչկեն կանչեց Զառեին, ասաց.

— Աղջի, հիմա դու մայր ես, ո՞նց պիտի պահես երեխուդ: — Գնացին սև շուկա, մի լավ «Զինգեր» առան ու երկու ամիս, օրիորդ Անիչկեն դերձակություն սովորեցրեց Զառեին: Մի կոպեկ էլ չվերցրեց: Ասաց.

— Աղասիդ, որ քո վաստակած հացը ուտի ու մեծանա, համարի, որ երկնքում ես իմ վարձը բոլ ու բոլ կստանամ, աղջի:

Հազարապատիկ ստանաս վարձդ, օրիորդ Անիչկա: Էդ բարությունդ որտե՞ղ էիր պահել, Զառեի համա՞ր էիր պահել: Ախր, բարի չես: Ախր զզվելով զզվում, ատելով-ատում ես խեղճ երանելի ծուռվիզ Վաղինակին, Խաթուն մերիկին, քավորկին Շողակաթին: Ասում ես,

– Բնությունը տեսակի ընտրություն է անում: Որ տեսակը որ չպիտի ապրի, չի կարող ապրել, հիվանդ է, բնությունը դրանց չի պահում, դանդաղ սպանում է: Մարդը պնդերես ու անխելք է, աղջի: Բա էդ քո Խաթուն մերիկը, որ էդքան խելոք է, ինչի՞ էր ճղվելով ուզում իր այլանդակին շարունակել: Ծուռվիզ Վաղոյի ի՞նչն էր շարունակելու: Որ ի՞նչ, աղջի: Լավ չէ՞ր ինձ պես մենակ, չոր գլուխ ապրեր, էդ իր այլանդակ ժառանգին էլ թույն տար, սպաներ, որ ոչ ինքը խայտառակվեր, ոչ էլ ուրիշների բախտի վրա քար գցեր: Ինչի՞ մնացիր աղջի, ինչի՞ Հովհաննեսի հետ չառար երեխուդ, չգնացիր: Կորավ առյուծի պես տղամարդը:

Զառեն համաձայն չէր օրիորդ Անիչկի հետ: Չէ, էդպես ապրել չի լինի: Պտտեցնում էր «Զինգերը» ու վիճում էր: Տանը բոլորը քնած էին, ոչ ոք չէր խանգարում ու Զառեն հանգիստ պատասխանում էր.

— Օրիորդ Անիչկա ջան, քո ասելով ճիշտ էր, հա՞, որ իմ Բարթիկ եղբայրը պիտի գնար էս աշխարհից, իմ հրաշք Անթիկա քույրր պիտի գնար, ֆայտոնչի Սերոբի սիրուն աղջիկները պիտի գնային, երանելի ծուռվիզ Վաղինակը, Հովհաննեսի ճլորած կնիկն ու աղջիկները պիտի մնային:

Թե որ էդպիսին է քո բնությունը, օրիորդ Անիչկա ջան, հեչ բան է, բայց բնությանը հեչ բան ասել կլինի՞: Բա, էդ որ թոկը գցեց վիզս քաշեց, բերեց քո դուռը, Հովհաննեսին էլ քաշեց, բերեց քո դուռը, ու մենք իրար տեսանք, որ Աղասիս ծնվեց, բնությունը չարե՞ց:

Չասե՞ց՝ սխալը սխալ է, մարդը ծնվել է, որ սխալը շտկի: Ես ամեն ինչ տալիս եմ ձեզ, ընտրությունը դուք արեք: Չընտրեցիք, ինձ չմեղադրեք: Ուրեմն ի՞նչը ընտրեմ, օրիորդ Անիչկա ջան: Հովհաննեսի հետ գնա՞մ, ուրանա՞մ Խաթուն մերիկիս բարությունը: Ուժեղին ընկեր դառնամ, թույլին՝ տրորե՞մ: Բայց էդ առևտուր է, օրիորդ Անիչկա, ես հո վաճառական Չալթիկովը չե՞մ:— Զառեն չէր կարողանում լավ ձևակերպել մտքինը, բայց պարզ ու հաստատուն զգում էր, որ ինքը այլ բան չէր կարող անել, Հովհաննեսի հետ չէր կարող գնալ:

Նրա անհետանալուց հետո, մանավանդ գիշերները, ժամերով կպչում էր Հովհաննեսի տան կողմի լուսամուտին, նայում էր այդ տան սև ուրվագծին: Կսկծից քամվում էր սիրտը: Հիշողության մեջ իրենց միակ հանդիպման բույրն էր մնացել միայն, մնացածը ցաք ու ցրիվ, տենդոտ պատառիկներ էին, խելագար, անհավատալի: Որդու խաղաղ շնչառությունն էր վկայում, որ ընդհանրապես այն օրը եղել է, ցնորք չէ, մեկ էլ Հովհաննեսից եկող ծխախոտի, վառոդի ու մետաղի խառը, անմոռանալի հոտը, որը կպավ Զառեին ու պոկ չեկավ: Գլուխը պտտվում էր, ռունգերը լայնացել էին ու Զառեին թվում էր ուշագնաց է լինում: Այն օրը ուշագնաց էլ եղավ: Բայց չէր ընկնում Զառեն, Հովհաննեսի ձեռքերի մեջ էր Զառեն, ու Հովհաննեսը իրեն տանում, տանում էր անծանոթ, մութ ճամփաներով ու սարսափից, հրաշքի սպասումից խենթացած, Զառեն եղունգները խրել էր Հովհաննեսի մարմնի մեջ, բղավում էր: Ձայն չկար, ծպտուն էլ չէր լսվում, բայց Զառեն զգում էր, թե ոնց են լարումից պրկվել պարանոցի մկաններն, ու քունքերը ոնց են պայթում:

Ուշքի եկավ, մոտիկից տեսավ Հովհաննեսի լայնացած բիբերը ու սառը, մետաղի պես փայլուն հայացքը: Դեմքը դիպցրած տղամարդու պարանոցին, Զառեն շնչում էր նրան: Շնչում էր ու նրանից եկող տաք բուրմունքից հալվում էր Զառեն: Արցունքները հալոցքի պես թափվում էին աչքերից, իսկ Հովհաննեսը զարմացած, հիացած, սիրուց խեղղվելով, Զառեին էր նայում: Կնոջ արձակված հյուսքերը շաղ էր տվել բարձին, մի մասը փաթաթել էր մեջքին ու անկապ բառեր էր ասում: Մի քանի րոպե քնեց, վեր թռավ տեղից:

— Էս ու՞ր ենք ընկել, Զառե,–— ասաց: – Իմ անարատ հոգի, իմ առաջին ու վերջին, քեզ լիրբ Անիչկի կողինքին արժան տեսա:

Ասաց ու ծունկ չոքեց Զառեի առաջ, գլուխն ու հսկա ուսերը խոնարհեց, ասաց.

— Ներող եղիր, իմ ոսկի հարս, աշխարհը տակնուվրա է եղել, ոչ մի բան տեղում չէ, բացի քո սիրուց:

* * *

Աղասին խաղաղ, մուշմուշ քնած է կողքի սենյակում, ու Զառեի համար հիմա դժվար է նույնությամբ այն օրը հիշել, այն օրվա երկրորդ կեսը, երբ տուն եկավ:

Խաթուն մերիկը ժամից դեռ չէր վերադարձել, Զառեն լսում էր եկեղեցուց հասնող ժամերգության ձայնը: Մի պահ ուրախացավ, որ սկեսրոջ խստահայաց աչքը չի զննելու իրեն, հետո անտարբեր թոթվեց ուսերը, ուզում է թող զննի: Զննեց, տեսավ կասի.

– Հա, մերիկ, կոնքերս վառվում են, զավակ եմ ուզում,— պատասխանը պատրաստ էր, բայց Խաթուն մերիկը այն օրը ուշ տուն եկավ, իսկ երանելի ծուռվիզ Վաղինակը տանն էր: Զառեն դեռ դարպասի մոտից լսեց տարօրինակ ձայները, բայց քայլերը արագացնելու ուժ չուներ:

Հանդարտ մոտեցավ տանը, բացեց դուռը ու քարացավ.

Երանելի ծուռվիզ Վաղինակը, տան ողջ հավուճիվը սենյակ էր լցրել ու խեղճ թռչուններին կենդանի-կենդանի փիտրել էր: Երեսուն հավից ու երկու աքլորից երեքն էին մնացել փետուրներով, մնացածը ուշակորույս ու լերկ, անփետուր, անթև, լղճոր, փռված էին տնով մեկ, ոչ սատկած էին, ոչ կենդանի:

Ինքն էլ հատակին նստած, ծնկների արանքում ամուր սեղմած էս տարվա ածկան հավերից մեկին, թռչնի թևերի վերջին փետուրներն էր պոկում: Ածկանը ցավից գժված, խռպոտ կչկչոցով էր լցրել տունը, իսկ փետուրների արմատներից արյուն էր ծորում:

Զառեն թուլացած, տեղից չէր շարժվում, աչքերն ու ուղեղը մշուշվել էին զզվանքից: Ինքն էլ չիմացավ ոնց մոտեցավ երանելի ծուռվիզ Վաղինակին ու մի ձեռքով դրա մազերից բռնած, մյուսով սկսեց հարվածել դեմքին: Խփում էր ու զզվանքի, հուսահատության սրտխառնուքը բռնել էր կոկորդը, խեղդում էր:

Աստծուց նեղացածը մանրիկ աչքերը սևեռած կնոջը տհաս ու վախվորած ժպտում էր, ցավ էլ չէր զգում, թեև Զառեի ձեռքը սեփական հարվածի ուժից ցավում էր:

Անսպասելի, երանելի ծուռվիզ Վաղինակը տեղից թռավ ու անսովոր աշխուժությամբ փախավ: Դռան մոտ Խաթուն մերիկն էր կանգնած: Որդին մոտեցավ մորը ու ծիծաղախառն լացով հարցրեց.

– Ես էս ճամփի ճամփորդ չէի, ինչի՞ անցա էս ճամփով: -Խաթուն մերիկը ձեռքով մի կողմ հրեց որդուն ու մոտեցավ Զառեին: Զառեն հարվածի սպասելով, ձիգ կանգնել էր Խաթունի առաջ: Նա ուշադիր զննեց հարսին ու թե…

– Էսքան տարի ես չկարողացա իմ տան բաց վերքը փակել, մատղաշս, չկարողացա, հիմա դու ե՞ս ուզում:

– Չէ,— ճչաց Զառեն,— ես էսպես չեմ ուզում, մերիկ: Էլ չեմ անի, աստծուց նեղացածի վրա էլ ձեռք չեմ բարձրացնի: — Լրիվ թուլացած Զառեն հոնգուր-հոնգուր լաց էր լինում, գլուխը Խաթունի գոգում թաղած: Երբ հանգստացավ, Խաթունը ելավ տեղից, վառեց լույսը ու սկսեց կիսամեռ հավերին հավաքել: Հավաքեց, մորթեց, մաքրեց, եփեց: Առավոտ շուտ լավաշի մեջ փաթաթած, բրդուճ-բրդուճ բաժանեց հարևաններին:

— Մատաղ է,— ասում Էր:

– Ընդունելի լինի,— շնորհակալությամբ մաղթում էին հարևանները:

Մատաղից մի բրդուճ էլ Հովհաննեսի տանը հասավ:

Մինչև լույս քավորկին Շողակաթը ու Խաթուն մերիկը չքնեցին, խոսում էին: Տակնուվրա արեցին իրենց ապրած կյանքը, պառավավարի, մանրախնդիր հետևողականությամբ ճշգրտեցին եղած-չեղածը, աններող անկեղծությամբ իրար երեսի տվեցին միմյանց պատճառած դառնությունները: Շողակաթի Սեդրակ որդու աքսորից հետո, քավորկնոջ տան հաջողությունը գնաց: Ոսկու և ցորենի հետ բարությունն էլ գնաց Շողակաթի տնից: Էլ սուրբ Սարգսի մուրացկանների համար գաթա չէր թխում Շողակաթ մերիկը, Խաթունի նապոլեոններն ու մի քանի զարդեր, խորը պահել էր ավելի սև օրվա համար, իսկ շաբաթ-կիրակի օրերը գալիս, Խաթունի տանն էր մնում, համ փող չէր ծախսում, համ էլ հոգին էր թեթևանում: Խաթունի կյանքն էլ մի կյանք չէ, ճղվում է սանամերը, ուզում է ծածկադմփոցի անի, բայց Շողակաթը ցավ է տեսնում՝ երանելի ծուռվիզ Վաղինակը էս աշխարհից չի, Սիրուն Գեղամի օջախի շառավիղը ուրիշի պատվաստ է: Չմեռնի Զառեն, Խաթունը ուզում է հազար կտոր լինի, հարսը գամի եկողը չի, կկտրի՝ կփախչի: Ջարդուկտոր գնում է գալիս, Շողակաթին չի նկատում, մոռացել է իր աղն ու հացը: Մտքով երևի անցնում էր, թե Շողակաթը անտեր գաղթականին իրեն պիտի հարս դարձներ: Իր Սեդրակին տար:

Բայց որ տար, վա՞տ կլիներ, Շողակաթ, կուրանաս դու: Էսօր սրա-նրա դռանը վիզ ծռելու փոխարեն, թոռներով շրջապատված, առոք-փառոք կապրեիր, Զառեն էլ, հրեղեն կնիկ, առաջդ խոնարհ կկանգներ:

Հիմի հետը հազիվ է լեզու թրջում: Ուտելիք-խմելիք բերում, շարում է առաջը, բայց Շողակաթը զգում է, Զառեն աչքով աչք չունի իրեն տեսնելու: Խաթունին սիրում է, կարծես Շողակաթն է երանելի ծուռվիզ Վաղինակի մերը, ոչ թե Խաթունը: Կարծես Շողակաթը, ոչ թե Խաթունն է մի մատ երեխա Զառեին բերել, իր ցուցք տղու ծոցը մտցրել: Աշխարհը թարս է: Շուռ է եկել:

Առավոտ շուտ Աղասին քնաթաթախ, գզգզված մազերով, ոտաբոբիկ, եկավ ընկավ տատի գոգը: Խաթունը, ամեն ինչ մոռացած, գրկեց թոռանը, ծածկեց, գուրգուրեց, ու երեխան լավ տեղավորվելով տատի գրկում, նորից քնեց, առավոտվա կարճ, բայց անուշ քնով: Մյուս սենյակում Զառեն «Զինգերն» էր պտտեցնում` շտապ պատվեր ուներ:

***

Սոսին բակի երկու թթենիներից արդեն կապել էր ճոճքր՝ առաջին նշանը, որ գարունը եկավ: Փղոսկրի պես փայլատ ու մաքուր երեսը, արծաթ գանգուրներով պսակված, խոնարհել էր դատարկ ճոճքին ու անուշ օրոր էր ասում: Զառեն կարը ընդհատեց ու փշաքաղված մոտեցավ լուսամուտին: Ուզեց օդանցքը փակի, չկարողացավ, սարսափած ու հմայված հարևանուհուն էր նայում: Նախկինում, ճոճքի տեղը, Վարսենիկի լվացքի պարանն էր կապված, ու Զառեն գողունի նայում էր, թե ոնց է Հովհաննեսի երջանիկը սպիտակեղենը փռում արևին: Ոսկերիչ Խաչատուրի կինը լվացք չի անում, նա ընդհանրապես ոչինչ չի անում: Երեխու պես անօգնական ու անգործ, պտտվում է բակում, կարծես ինչ-որ բան է պահել, մոռացել է տեղը, փնտրում, փնտրում է, չի գտնում: Սլացիկ ու թեթև քայլքով, ոնց որ տեսիլք լինի, պտտվում ու մունջ փնտրում է կորցրածը Լուսերեսը: Մազերն էլ, օրիորդ Անիչկեն ասում է, մի օրում են ճերմակել: Փախեփախի ժամանակ, ասկյարը աչքի առաջ զույգ տղուն ճվտել է, ու հաջորդ բացվող օրը Սոսին արծաթ գլխով է դիմավորել:

– Կաթը հեղեղի պես կրծքերից թափվում էր, ու ցամաքած կնանիք իրենց սոված երեխեքին բերում, Սոսիի կաթով էին կշտացնում: Երեխեքին կերակրում էին ու փախչում, բերում էին, կերակրում ու փախչում: Ու, որը էդ կնկա կաթը կերավ՝ փրկվեց, մենակ սեփական զավակները գոհ գնացին: Մինչև Արաքսի էս ափը, Խաչատուրի կնկա կաթը չկտրվեց, հենց ոտքը ջրից հանեց դրեց հաստատուն հողին, կրծքերը ցամաքեցին: Ցնորված անցնում էր ճամփեքով Սոսին, ու էդպես հասավ Էջմիածին: Վանքի պատի տակ, Անդրանիկի զինվորները դրոշներն ու զենքերն էին գցում, Սոսին մոտեցավ, կույտի վրա նստեց:

Անդրանիկը աչքերին չհավատաց:

Կյանքում էդպիսի սիրունություն չէր տեսել: Սիրունն էլ ոչ ահել էր, ոչ ջահել: Երեսը երեխու անբիծ երես, մազը՝ արծաթ, պառավի մազ:

Գկուխը կախեց զորավարը ու լաց եղավ: Մեջքի սուրը հանել էր, որ դրոշների ու զենքերի կույտի վրա գցի, փոշմանեց, պատյանը դրեց, գոտին ձգեց, շրջվեց ու գնաց: Էջմիածնի վանեցի գաղթականները ճանաչեցին ոսկերիչ Արծրունյանների հարսին ու իրենց մոտ տարան, մինչ մարդը եկավ, գտավ, տեր կանգնեց:

Ոսկերիչ Խաչատուրը երեխու պես է պահում իր ցնորվածին:

Կերակուր է եփում, լվացք է անում, զուգում, զարդարում է կնոջը, գիշերն էլ նստում գործ է անում: Աղասու տասը տարին լրանալու օրը, ոսկուց, փիրուզի ակով մի մատանի նվիրեց Զառեին, ասաց! «Քույր Զառե, հետո հարսիդ կտաս»:

Զառեն շատ շնորհակալ է վարպետ Խաչատուրից՝ ամեն անգամ ոտքը շեմից ներս դնելուց, երեխայի համար մի բան կբերի: Գլխարկ է, ոտնաման, կոնֆետ է, խաղալիք: Շատ է ուրախանում հոր գուրգուրանքի կարոտ իր երեխեն: Զառեն էլ Խաչատուրին է օգնում. մեծ լվացք է, անկողնու բուրդ է, դոշաբ է, մուրաբա Զառեն է անում: Խեղճ տղամարդը շփոթված մի կողմ է քաշվում ու անձայն հետևում է Զառեի եփ ու թափին: Լուսերեսն էլ մունջ տեղավորվում է մարդու կողքին ու Զառեին Է նայում: Զարմանալի բան է, Զառեն հենց սրանց շեմից ոտքը ներս է դնում, Սոսին էլ ոչ մի բան չի փնտրում, խաղաղված գալիս նստում է որևէ անկյունում ու աչքերը խոնավ, փայլուն, հառած Զառեին, ինչ-որ բանի է սպասում: Մի քանի անգամ Զառեն մոտեցավ ու շոյեց էդ կնոջ գլուխը, համբուրեց ճակատը: Սա խոնաոհ ենթարկվեց փաղաքշանքներին, չէր խուսափում, չէր վախենում: Մյուս հարևաններից փախչում էր:

— Երևի մեկնումեկին հիշեցնում եմ,- մտածում էր Զառեն,— մորը, քրոջը:

Խաչատուրը շատ էր հոգնում: Կապույտ աչքերի մեջ, ոնց որ մոխիր շաղ տված լինեին: Բարձր ճակատին թել-թել կնճիռներ էին գծվել: Օրիորդ Անիչկեն ասում է՝ ոսկերչությունից բացի նա գիրք էլ է գրում: Զառեի Բարթիկ եղբոր նման: Նա էլ համ հացթուխ էր, համ բանաստեղծ: Կարինում Զառեի Բարթիկ եղբոր պես հացթուխ չկար:

Օրիորդ Անիչկեն ասում է.

– Լուսերեսին Խաչատուրը Արտամետից է փախցրել: Մինչև փախցնելը գժված երգ ու խաղ է ասել Վանի փողոցներում: Ոսկի միտք ու ոսկի ձեռքեր ունի Խաչատուրը, բախտն է ժանգոտ: Ու դրսից չի էդ ժանգը դրել, որ քերես, մաքրես, փայլեցնես, նախկին տեսքը տաս, ներսից է: Ջահել, սիրուն, բերքատու ծառ: Ոչ արմատն է չորացել, ոչ բունը, ոչ ճյուղերը, համա անպտուղ ծառի պես լուռ ու մունջ են: ժանգը ներսից բուն է դրել, ուտում է դրանց:

Զառեն առավոտները գնում է ջրի ու հենց հասնում է Խաչատուրենց դարպասին, դարպասը բացում, մի բուռ ջուր է ցողում շեմին, գուցե թե, նրանց ծառն էլ ծաղկի, պտուղ տա: Մի օր գնաց օրիորդ Անիչկի մոտ, լաց եղավ.

— Օրիորդ Անիչկա ջան,— ասաց,— դու իմ Աղասու տատմերն ես, իմ պահապան հրեշտակը, մի ճար արա էդ խեղճերի համար:

Օրիորդ Անիչկեն ջղայնացավ:

— Աղջի, Խաչատուրի երջանիկը ցնորված է, ախր:

— Խաչատուրինը՝ երջանիկ չի, օրիորդ Անիչկա ջան,— լացը շարունակեց Զառեն,- երջանիկը ես եմ, գիտեմ ինչի համար եմ ապրում :

Օրիորդ Անիչկեն զարմացած նստեց տեղը:

— Փոխվել ես, աղջի,— ծիծաղեց, — Լուսերեսի բանը պրծած է,— լրջացավ օրիորդ Անիչկեն,— Խաչատուրը ինքը պիտի իր ժանգը մաքրի: Ես ու դու փոքր մարդ ենք, չենք կարող նրա ներսը բացենք, ժանգը քերենք: Մենակ ինքը էդ բանը պիտի անի:

Այդ օրն էլ, առավոտյան, Զառեն ջրի գնաց: Կիրակի էր ու թաղը դեռ չէր արթնացել սովորական օրերի պես: Դուռ-լուսամուտ փակ էին: Զառեն այդ օրը մեծ լվացք ուներ ու շուտ էր տեղից ելել: Կանգնել էր աղբյուրի գլխին, սպասում էր երկրորդ դույլը լցվի, տեսավ Խաչատուրն է գալիս: Բայց տնից չէր գալիս, քաղաքի կողմից էր: Մոտեցավ Զառեին ու վրայից գինու հոտ փչեց: Հարբած էր, աչքերը կարմրած, մազերը անկարգ: Չբարևեց Զառեին, սևեռուն դեմքին էր նայում: Տագնապից ճմլվեց Զառեի սիրտը, շուրջը նայեց մարդ չկար:

— Մի վախեցիր,— ասաց Խաչատուրը ու կանգնած տեղում ճոճվեց:— Գինով եմ, քույրս, բայց դու ինձնից մի վախեցիր:

Զառեն բերանը ջուր առած, լռում էր:

— Դու հարբած տղամարդու սովոր չե՞ս,— ծաղր կար Խաչատուրի ձայնում:— Դու խոնարհ երանելիներին ես սիրու՞մ, Զառե: Իմ ու քո ճաշակը նման է:— Զառեն դույլերը վերցրեց, ուզում էր հեռանալ, Խաչատուրը օտար ու չար խլեց դույլերը, մի կողմ նետեց:

— Փախչու՞մ ես,— խուլ ու սպառնալից ասաց նա:— Երանելի ծուռվիզ Վաղինակին ես օրոր ասում, ես կողքիդ չորանում եմ: Անհիշատակ կորչե՞մ, Զառե, թե՞ քո արգանդն էլ է չորացել:

Զառեն դույլերը թողած փախավ: Լվացք չարեց ու ամբողջ օրը դուրս չեկավ իր սենյակից:

Երանելի ծուռվիզ Վաղինակը Աղասուն մեջքին առած, բակում, չորեքթաթ պտտվում էր: Երեխան գոռում-գոչյունով, մի փայտ էլ ձեռքին, սլանում էր իր ձիու մեջքին: Արդեն երեկո էր ու մթնշաղի մեջ, Զառեն տեսավ, թե ոնց Խաչատուրը դույլերը բերեց, դրեց իրենց դարպասի մոտ ու գնաց:

Զառեն, տնեցիների համար, անսովոր վաղ պառկեց: Հիվանդ էր: Վախեցած Խաթուն մերիկը Աղասուն ուղարկեց, որ օրիորդ Անիչկին կանչի: Օրիորդ Անիչկեն մինչև կեսգիշեր մնաց Զառեի մոտ, բայց սա մի բառ չասաց: Դեմքը պատին շրջած, գունատ ու սառը տնքում էր:

Մի քանի օրից ոտքի ելավ: Նիհարել էր ու դեմքը կարծես թափանցիկ լիներ: Բակն ավլելիս տեսավ Խաչատուրի Լուսերեսին: Սա էլ էր փոխված, անխնամ, թափթփված տեսք ուներ: Արծաթ գանգուրներն ու աչքերը չէին փայլում: Կծկված նստել էր ճոճքի մոտ, ոչ երգում էր, ոչ օրոր ասում: Զառեն տագնապած թողեց ավլելն ու տուն մտավ, չուգունե փոքրիկ կաթսայի մեջ կերակուր լցրեց, հաց ու կանաչի վերցրեց ու գնաց Խաչատուրենց տուն: Լուսերեսը մենակ էր: Զառեն նստեց կողքին ու գդալ-գդալ սկսեց կերակուր տալ նրան: Սա ագահաբար ու անշնորհք խփշտում էր ճաշը, կեղտոտելով իր ու Զառեի շորերը: Զառեն փղձկաց: Մաքրում էր ցնորվածի ճաշոտ երեսը, զգեստը ու բարձր, անարցունք լաց էր լինում:

Տուն եկավ, Խաթուն մերիկին, երանելի ծուռվիզ Վաղինակին ու որդուն էլ կերակրեց, հավաքեց սեղանը, ամանները լվաց ու գնաց նստեց դարպասի մոտ ընկած քարին: Սպասեց, Խաչատուրը եկավ, էլի հարբած էր: Զառեն ելավ տեղից մոտեցավ Խաչատուրին:

– Լուսերեսին տուր ես պահեմ, դու գնա, եղբայր Խաչատուր: Ինձ համար դժվար չի, որտեղ երեքը, էնտեղ չորսը:

Խաչատուրը քմծիծաղեց:

– Ինձ ուրիշին ես տալի՞ս, Զառե: Քո արհեստն էլ ցնորվածներին պահել-պահպանե՞լն է:

— Գնա, իմ աչքը քեզ էդպես չտեսնի, Խաչատուր,— խնդրեց Զառեն ու լաց եղավ: Կարծես հրաշք պատահեց՝ Խաչատուրը կռացավ համբուրեց Զառեի ձեռքը:

– Ինձ անժառանգ մի թող,— ասաց,— արյունս կորչելու արյուն չի: Ապրելս իզուր թող չանցնի, Զառե: Թե զուր պիտի անցներ, –լավ կլիներ ես էլ չփրկվեի: Էս ի՞նչ փրկություն է, էս ուրիշի բաժին օդը շնչել, ուրիշի բաժին հողը զավթել է, փրկիր:

— Ես արդեն մեղավոր եմ, Խաչատուր,— սարսափած կտրեց Զառեն,— Աղասին Էրիկիցս չէ:

— Մեղավորն աստված է, Զառե, ես ու դու մեղք չունենք:

Զառեն տուն եկավ ու ճրագվառոցին արդեն վերջացրել էր գործերը:

Աղասին բարձրաձայն դասն էր սերտում, Խաթուն մերիկն ու երանելի ծուռվիզ Վաղինակը իրար կողքի, ծալապատիկ թախտին նստած, երեխային էին լսում:

Զառեն հագավ իր կարած երկնագույն մետաքսից զգեստը, որ մեկ էլ վարդավառին էր հագել, հյուսքը փաթաթեց գլխի շուրջն ու գողունի դուրս եկավ տնից: Խաթուն մերիկի աչքերը չէին տեսնում, թե Զառեն ինչ է հագել: Զառեն գնաց օրիորդ Անիչկի տուն: Սա նստած, ինքն իր համար թուղթ էր գցում: Զառեն վախվորած թակեց դուռն ու հուշիկ ներս մտավ: Պպզեց դռան առաջ ու մնաց:

– Վերջը որոշեցի՞ր, աղջի,— հարցրեց օրիորդ Անիչկեն,— խեղճ մարդը կես եղավ:

— Մեղքի ծովում եմ թաղվում, օրիորդ Անիչկա ջան,— մղկտաց Զառեն,— բայց էլ չեմ կարող, սիրում եմ Խաչատուրին: Նրա Լուսերեսին էլ եմ սիրում, բայց Խաչատուրին ավելի եմ սիրում: Մեջքս էլ կոտրվի, պիտի մի տղա ծնեմ էդ մարդու համար:

Օրիորդ Անիչկեն շալը գցեց ուսերին դուրս եկավ: Տեսավ իր տան պատից մի ստվեր պոկվեց ու ներս մտավ: Խաչատուրն էր:

***

Մկրտչի ծնվելուց յոթ օր անց, Խաթուն մերիկն ու Խաչատուրի Լուսերեսը մեռան: Երկուսն էլ լուսադեմին: Մեռնելուց առաջ Խաթուն մերիկը Զառեին կանչեց մոտը: Այդ օրը, ցերեկը, Զառեն լողացրել էր սկեսրոջը, վրան-գլուխը հարդարել, կարծես սիրտը վկայում էր, որ վերջին անգամն է խնամում իր Խաթուն մերիկին:

Սանրել էր մազերը, եղունգներն էր կտրել, թթի չրով թեյ էր տվել ու պառկեցրել էր անկողնում, որ ցերեկային քունն առնի պառավը:

Շատ էր հոգնել Զառեն: Ծննդկանի թուլությունը դետ չէր անցել վրայից, բայց ամբողջ օրը ոտքի վրա էր: Գիշերն էլ չէր քնել: Խաչատուրը, կեսգիշերին, գողի պես, լուսամուտից ներս էր մտել:

— Տղուս պիտի տեսնեմ,— ասել, ուրախությունից սրտաճաք ընկել էր օրորոցի մոտ: Ծոցից մի ոսկե զարդ էր հանել-կապել էր օրորոցի ճաղից, տղու գլխավերևում:

– Էս քնարը մեր տոհմանշանն է, Զառե,— ասել էր,— հիմա էլ մեր տան ճակատին է՝ քարից: Մեր տան ամենամեծ աստվածը գիրն ու գրականությունն է եղել ու իմ ամենամեծ աստվածն էլ է դա: Թե բան է, էս քնարի լարերը մի օր ծլնգացին, ուրեմն Վանի պապական տունս կանգուն է, չծլնգացին՝ փլվել է: Կաթդ հալալ արա որդուս, Զառե, սրա լարերը կծլնգան:

Նորից լուսամուտից թռել, գնացել էր: Ու էլ չէր քնել Զառեն: Մինչև լույս, նորածին որդու օրորոցից մեծ որդու մահճակալին էր մոտենում, նրանից` օրորոցին:

Աղասին հոր նման մեծոսկոր է ու թխահեր: Մկրտիչը մորն ու Խաչատուրին է քաշել՝ խարտյաշ է, բայց աչքերը մորն են` սև:

— Դու իմ տունը կանգուն պահեցիր, մատղաշս, օրհնվի ծնունդդ ու ներող եղիր,— ասաց Խաթուն մերիկը,— ջահել կյանքդ դժոխք դարձրի:

Ղառը լաց եղավ ու արցունքները այտերով դեռ վար էին գլորվում, մեռավ Խաթուն մերիկը: Զառեն վազեց Խաչատուրի տուն, ուժգին ծեծեց դուռը: Դուռը ներսից փակ չէր, հարվածից բացվեց: Զառեն մութ նախասենյակով դնաց առաջ: Դռներից մեկի արանքից թույլ լույս էր ընկնում, գնաց այնտեղ: Խաչատուրի ու Լուսերեսի ննջարանն էր: Մեծ, փայտե մահճակալին, ճերմակ գիշերանոցով, արծաթ գանգուրները մանկական անբիծ դեմքի շուրջը բոլորեքյան, պառկած էր Լուսերեսը: Մեռած էր:

***

Զառեն գիտեր Խաչատուրը գիշերները ուր է լինում: Քաղաք իջավ: Նախկին կառավարական շենքի մոտերքը, ուր գաղթական որբերը, սև-մութ տարիներին, ձիերի սմբակների տակից հազիվ էին փախչում, գետնահարկ մի գինետուն կար: Խաչատուրը գիշերները սիրում էր էդ գինետանը նստել: Լույսերից ու ծխից էնպիսի մուժ էր նստած գինետանը, որ Զառեին թվաց բաղնիք է մտել: Խոսակցության բվվոցի ու գինու գոլորշիների միջից, սրբերի գլուխների պես մի քանի արծաթազօծ, պատկառելի գլուխներ ընկան Զառեի աչքին: Սև բանթ կապած վզներին, մի քանիսն էլ շապիկի բացվածքները կողքից, մի քանիսն էլ ասեղնագործ շապիկներով էդ մարդիկ խոսում էին ու չնկատեցին Զառեին: Ուրիշ կին չկար սրահում: Մի վայրկյան անց, կլորերես, ծղոտե գլխարկով ու ասեղնագործ շապիկով մի մարդ մոտեցավ՝ ձեռքին դեղին նարգիզ ու ժպիտը երեսին ասաց,

— Իմ աչքի լույս, էս դեղին ծաղիկը մազերիդ ու ոսկե երեսիդ վայել զարդ է, մազերիդ ամրացրու: Ոնց որ էս բանաստեղծների մուսան լինես: Աչքերդ տխուր, մազերդ ոսկի, իմ ծաղիկն էլ սրտիս պես տխուր ու սիրակարոտ, մի մերժի: Զառեն առավ ծաղիկն ու մազերին ամրացրեց, ասաց.

— Ծաղկի համար ու անուշ խոսքերիդ համար շնորհակալ եմ, պատվական եղբայր: Ես ոսկերիչ Խաչատուրին եմ ուզում:

— Բանաստեղծ Խաչատուրին, որ ոսկերչությա՞մբ է զբաղվում, քույրիկ: Դու նրա ի՞նչն ես:

— Տղու մերիկն եմ, եղբայր, — ասաց Զառեն:

Մարդը գնաց սրահի խորքը, քիչ հետո վերադարձավ Խաչատուրի ու մի թուխ, կարճահասակ մարդու հետ: Սրա օձիքը կողքից էր բացված:

Խաչատուրը ապշահար կանգնեց Զառեի առաջ: — Խաչատուր, — ասաց Զառեն, — Լուսերեսն ու Խաթուն մերիկը մեռան, դու էստեղ գինի ես խմու՞մ:

— Բանաստեղծն առանց գինու չի լինի, կին,— ասաց կարճահասակ, թուխ մարդը:

— Գինին մեջդ պիտի լինի, եղբայր,— ասաց Զառեն ու ներողություն խնդրելով, խոնարհվեց:

– Դու ո՞վ ես, քույրիկ:— հարցրեց նույն մարդը:

— Ես Աղասու ու Խաչատուրի տղա՝ Մկրտչի մերիկն եմ:

— Իսկ ես էս երկրի մեծ բանաստեղծն եմ, մերիկ,— ասաց մարդը ու կռացավ Զառեի ձեռքն առավ, համբուրեց, գնաց:

— Բանաստեղծները պատվական մարդիկ են, Խաչատուր,— ասաց Զառեն,— ու ես քեզ համար սրանից հետո հանգիստ եմ, համա մեր մեռելներին անթաղ չթողնենք, գնանք:

Հենց հասան թաղի առաջին դիք ճանապարհին, Խաչատուրը լաց եղավ:

– Լուսերես Սոսին իր արևը մեր որդուն տվեց, Խաչատուր, լաց մի լինի,— խնդրեց Զառեն, ինքն էլ լաց եղավ:

Տուն հասան: Խաչատուրը Լուսերեսի մոտ մնաց հսկումի, Զառեն՝ Խաթուն մերիկի: Առավոտը բացվեց, հարևանները հավաքվեցին ու, ինչպես որ կարգն էր, տնից տուն գնացին՝ ողորմածիկներին պատիվ տվեցին: Քավորկին Շողակաթը, երանելի ծուռվիզ Վաղինակի կողքը նստած, հորդորում էր, որ սա չժպտա:

— Մի վախենա, քավորկին, որ դու մեռնես, կխնդրեմ Վաղոյիս՝ լաց կլինի,— ասաց Զառեն:

Քավորկին Շողակաթը ինքն իրեն աննկատ կսմթեց, բայց չլսելու տվեց: Քիչ հետո սկսեց բարձրաձայն ողբ ասել Խաթուն մերիկի վրա:

— Ձենդ կտրի, բայղուշ,— ֆշշացրեց օրիորդ Անիչկեն,— կանաչ ծնունդ կա տանը, կռռո՞ցդ ինչ է:

— էդ կանաչ ծնունդը իմ սանամեր Խաթունի տան հետ ի՞նչ կապ ունի,— վայեց Շողակաթը:

— Որ քեզ մնար, կապ չէր ունենա, պառավ,— գժվեց օրիորդ Անիչկեն,— էլ մատղաշ քոծ չունե՞ս ձեռքիդ տակ:

Երանելի ծուռվիզ Վաղինակը ելավ տեղից, գնաց Զառեի մոտ:

— Մերիկ, ինձ չծեծես, կողքդ նստե՞մ:

Երանելուն իր կողքին տեղ տվեց, գրկեց ուսերը, ասաց,- չեմ ծեծի, մանչս, աչքիս լույսի պես կպահեմ, դու քեզ համար ժպտա:

Լուսերեսի ու Խաթուն մերիկի թաղումից վերադառնում էին, քավորկին Շողակաթը սայթաքեց գերեզմանոցի քարերի մեջ, ոտքը ջարդեց, ծնկի մոտ: Զառեն տղամարդկանց խնդրեց, պառավին բերեցին իրենց տուն:

Շողակաթի ծնկի ոսկորները չէին կպչում, շատ էր ծեր, ոսկորները ցամաքել էին: Քավորկինը վախեցած ցավից ու իր բախտից, գիշեր-ցերեկ լաց էր լինում:

Զառեն սովորեց էդ լացին ու ցերեկները Մկրտչի օրորոցը բերում, Շողակաթի անկողնու մոտ էր դնում:

— Քավորկին, մի քիչ կամաց լացի, երեխեն չարթնանա: Որ կամաց ես լացում, ոնց որ երգես:

Շողակաթը ձայնը ցածրացրեց, ու երեխան մուշ֊մուշ քնում Էր: Զառեն գնում Էր իր կարին:

— Աղջի, անմեղ երեխուն էդ բայղուշի լացի տակ ինչի՞ ես քնացնում, ողբասաց կդառնա,— զայրացավ օրիորդ Անիչկեն:

– Հակառակը, օրիորդ Անիչկա ջան,— ասաց Զառեն,— հիմա ինչքան էդ ձենը լսի, մեծանա՝ կզզվի: Ուզում եմ տղես լացից զզվի: Ես որ, զզվեցի:

Օրիորդ Անիչկեն ծիծաղեց:

— Աղջի,— ասաց,— Հիմի էս պառավի հալը ի՞նչ պիտի լինի, վզիդ մնաց:

— Հոգու պարտք ունեմ, օրիորդ Անիչկա ջան,— ասաց Զառեն,— դրան էլ պիտի պահեմ, մեռնի առոք փառոք կթաղեմ:

— Բա դու մեղք չե՞ս, խելառ,– զայրացավ օրիորդ Անիչկեն:

— Ի՞նձ ինչ է եղել,— ծիծաղեց Զառեն,— աստված ուժ տա, դեռ քեզ էլ պիտի պահեմ:

— Կպահես, մեռնեմ քեզ,– լաց եղավ օրիորդ Անիչկեն,— ես էս օրվան սպասում էի ու էդ խոսքերիդ էլ էի սպասում,— ասաց ու առաջին անգամ լաց լինելով, գնաց օրիորդ Անիչկեն:

Քավորկին Շողակաթը մնաց Զառեի մոտ:

Խաչատուրը ցնորվում էր: Ամեն լուսադեմի, պատուհանից մտնում էր Զառեի մոտ ու խնդրում էր նրան:

— Գնանք, երեխաներին վերցրու, էս խելագարանոցից փախչենք: Մղձավանջի մեջ ենք ապրում:

– Բա, էս մղձավա՞նջ է, Խաչատուր,— քնած երեխաներին ցույց տալով, նեղանում էր Զառեն:

— Դու լավ գիտես խոսքս ինչի մասին է: Երեխաներն էլ են մղձավանջի մեջ մեծանում:

— Մղձավանջ չի, Խաչատուր,— մեղմ համոզում էր Զառեն,— փորձություն է: Թող կարեկից մեծանան:

— Ինչի՞ն կարեկցեն,— հուսահատված բղավում էր Խաչատուրը,– սրանք հիվանդություն են, ախր:

— Հիվանդություն են, ինչ են, մեր ճակատագիրն են, անտեր չեմ թողնի, էս տունն էլ չեմ ավիրի: Խոսք եմ տվել: Դու ազատ ես, գնա:

— Ինձ էլ ես խոսք տվել:— Զառեն չէր պատասխանում: – Որդուս ինձ տուր:— Սա Խաչատուրի վերջին զենքն էր:

— Անառակություն չարեցի, որ երեխուս խնձորի պես նվեր տամ:— Մերժում էր Զառեն:

Մի տաս օր Խաչատուրը չերևաց: Հետո նորից հայտնվեց: Զառեն, կարոտից թուլացած, ընկավ Խաչատուրի ոտքերը:

– Էլ մի գնա, չեմ կարող,— ծնկաչոք խնդրում էր տղամարդուն: Խաչատուրին թվաց, թե ինչ-որ արգելք արդեն փլվել է:

– Գնանք,— ձայնը դողում էր:— Գիշեր ու զօր կաշխատեմ, մի քիչ կհանգստանաս: Քեզ էլ, երեխաներին էլ կպահեմ: Ոսկերչությունը մոռանում եմ, աշխատել չեմ ուզում, հիմա ինչիս է պետք էդ բոլորը:

Զառեն ոտքի ելավ:

— Էլ ինձ էդ խոսքը չասես, ոչ մի տեղ էլ չեմ գնա,— սառը կտրեց ու էլ չխոսեց:

Խաչատուրը գնաց: Գնալուց առաջ գրպանից մի լղարիկ գիրք հանեց, դրեց սեղանին: Զառեն վերցրեց գիրքր, կարդաց` Խաչատուր Արծրունյան, «Արևգալ»: Գրքի առաջին տողը կարդաց՝ «Զառը կորցրի՝ բառը գտա»:

Սառած նստել էր գիրքր ծնկներին ու չզգաց էլ ոնց քնեց: Երազ տեսավ: Իր Բարթիկ եղբայրը խեղդվում է Եփրատի ճահճուտներում: Ինքը հյուսքը մեկնել է նրան ու խելագարված գոռում Է.

— Բարթիկ, հյուսքս բռնի, ես քեզ դուրս կքաշեմ: Ձեռքդ գցի, հյուսքս բռնի:

Բարթիկր ճերմակած դեմքով նայում է իրեն ու ձեռքը մեկնում է հյուսքին: Հրեն, բռնեց հյուսքը, դուրս է գալիս ճահճից: Հյուսքը պոկվեց, չդիմացավ ծանրությանը: Ու Բարթիկը նորից սուզվեց կլանող փոսի մեջ: Զառեն մյուս հյուսքն է նետում եղբորը, երրորդը, չորրորդը, քառասուներորդը: Բոլորն էլ պոկվեցին, մնացին եղբոր ձեռքին:

Զառեն խելակորույս վազում է ափով, օգնություն է կանչում, տեսնում է թագավորի տղեն է գալիս իր շքախմբով: Շքախումբն էլ սուրբ Սարգսի մուրացկաններն են:

— Թագավորի տղա,— ասում է Զառեն,— ճիշտ է, հյուսքերս ճահճում են, ես հիմա սիրուն չեմ, բայց քո հարսն եմ, մեր սիրո համար իմ Բարթիկ եղբորը փրկի:

— Քո սիրո զորությունը քո հյուսքերի մեջ էր,— ծիծաղեց թագավորի տղեն,— նրանք որ չկան, էլ ի՞նչ սեր:

Ասաց, քշեց ձին, գնաց:

Մյուսներն էլ գնացին: Արդեն հեռանում են, մեկ էլ սուրբ Սարգսի մուրացկաններից մեկը ետ եկավ.

– Քույրիկ, դու ինձ մի օր հաց տվեցիր, ես կփրկեմ Բարթիկ եղբորդ,–— ասաց ու իրեն նետեց ճահիճը, հասավ Բարթիկին: — Բարթիկ, ես մուրացկան, դու տղամարդ, լավ է դու փրկվես: Ոտքդ դիր մեջքիս, թռի ափ:

***

Մկրտիչը արթնացել, բղավում էր, ու Զառեն վեր թռավ տեղից, վազեց երեխայի մոտ: Սիրտը տագնապից դուրս էր թռչում կրծքից: Գրկեց երեխային, բայց ուշքը երազի հետ էր: Սառը քրտինքը, արցունքի հետ խառնված, թափվում էր դեմքից: Իր Բարթիկ եղբայրը ի՞նչ արեց, ի՞նչ արեց իր Բարթիկ եղբայրը: Փրկվեց, թե՞ երկուսն էլ խեղդվեցին:

Առավոտյան տեսավ՝ Խաչատուրը քնած է իր լուսամուտի տակ: Մոտեցավ, նստեց կողքին:

Մազերը արծաթվել, ճակատի թել-թել կնճիռները խորացել էին ակոսի պես: Ցերեկով, արևի լույսի տակ, վաղուց չէր տեսել նրան: Փղձուկը խղճահարությունից ու սիրուց, բռնեց կոկորդը: Գլուխը դրեց տղամարդու ուսին ու փակեց աչքերը: Զգում էր, որ անցնող–դարձողը, ցածրիկ պարսպից իրենց են նայում, բայց մեկ էր Զառեի համար: Մի անսահման խաղաղություն ու հանգստություն էր իջել հոգուն: Նույնիսկ երեխաներին չէր հիշում: Գիտեր, որ քիչ անց, գլխին հեղեղի պես թափվելու են օրվա հոգսերը, աղմուկը, բայց հիմա, այս պահին, դրանք հեռու, միջատների պես լպրծուն ու անկշիռ էին թվում, չարժեր անհանգստանալ: Ինչ-որ ստվեր ընկավ դեմքին, աչքերը բացեց, տեսավ երանելի ծուռվիզ Վաղինակը ոտաբոբիկ կանգնած է դիմացը ու անժպիտ, չար, մեկ Խաչատուրին, մեկ իրեն է նայում:

Ք՜շշ,— գրեթե անձայն ասաց Զառեն ու ձեռքով հասկացրեց երանելուն, որ հեռանա: Սա գնաց, քիչ հետո վերադարձավ, բուրդ չփխելու ճիպոտը ձեռքին: Բարձրացրեց ճիպոտր ու վրա էր բերում Խաչատուրի գլխին, Զառեն ցատկեց տեղից: Քնաթաթախ Խաչատուրը չէր հասկանում ինչ է կատարվում ու շշմած նայում էր, թե ոնց է Զառեն ծեծում մարդուն:

— Ես Խաթուն մերիկին ասել էի, որ մատով չեմ դիպչելու քեզ, բայց արևս վկա, հերի՛ք է,— գոռում էր Զառեն ու կնիկավարի՝ փնթի, դաժան, ծվատում էր երանելուն:

Խաչատուրը մի կերպ նրա ձեռքերից ազատեց բզկտված երանելի ծուռվիզ Վաղինակին ու տուն տարավ: Զառեն գետնին նստած, քանդված հյուսքերն էր հավաքում: Զգեստի կոճակները արձակվել էին, ցուցանելով լեցուն ճերմակ կրծքերը, բայց նա ոչ մի ուշադրություն չէր դարձնում դրան ու վերքը լիզող գազանի պես, համբերատար կանոնավորութչամբ մազերն էր հյուսում: Հավաքեց մազերը, փաթաթեց գլխի շուրջն ու ոտքի ելավ: Սառը նայեց ցանկապատին հենված հարևաններին:

— Թամաշա՞ է, հողեմ գլուխներդ, չքվեք ձեր տները,— ասաց և այլևս ուշադրության չարժանացնելով նրանց, ինքն էլ տուն գնաց:

Երանելի ծուռվիզ Վաղինակը կծկվել էր թախտին: Դույլի մեջ թրջեց սրբիչը, մաքրեց մարդու երեսը, մազերը սանրեց ու երանելին սկսեց ժպտալ:

– Այ, էդպես, խելոքս,— գորովանքով շոյեց մարդու գլուխը,— կժպտաս, լավ կլինի, չէ` ծեծ կուտես:

Խաչատուրը, բերանը բաց, Զառեին էր նայում:

— Ինչի՞ ես շշմել,— ծիծաղեց Զառեն,— թողնեմ ինձ ուտի՞: Հեն է, ես կուտեմ: Սա իմ չլավացող վերքն է, պիտի լավացնեմ:

— Գնանք էստեղից,— խնդրեց Խաչատուրը:

– Չէ,— անտարբեր ասաց Զառեն,— մնում ես մնա, գնում ես գնա: Ես եկողը չեմ: Ջահել ես, ճամփեդ առաջդ: Ես սրան թողնողը չեմ: Քավորկնոջն էլ պիտի պահեմ: Օրիորդ Անիչկեն էլ է ծերանում, նա էլ անտեր-անտիրական շնչավոր է՝ իմ հույսին:

Խաչատուրը մի բաժակ սառը ջուր խմեց: Ագահաբար ու դանդաղ խմում էր ջուրը ու աչքերով հետևում էր Զառեին, որն արդեն ընկած օրվա սովորական ռիթմի մեջ, իր բան ու գործին էր: Կատվի պես անաղմուկ, գնում գալիս էր այդ կինը Խաչատուրի աչքի առաջ, ու չէր էլ նայում նրա կողմը: Ու Խաչատուրին թվում էր, թե մի չար կախարդանք, խաշխաշի սև սերմի պես, այդ կնոջից դուրս է գալիս ու ընկնում է իր աչքերի, ուղեղի մեջ, մշուշելով իրականությունը, եղծելով իր կյանքն ու ցանկությունները, հարբեցնելով հոգին սիրով, ցավով ու կատաղությամբ: Ինքը ուզում է փախչի, հեռանա մեղքից, բայց այս կինը անաղմուկ գնում է, գալիս ու աշխարհը, այս թաղը, այս տունը, այս երանելին, ինքը, ընկղմվում են նինջի ու ժպիտի մեջ:

Դանդաղ, շատ դանդաղ խմեց ջուրր, վերջացրեց ու համակերպված, խոնարհ դուրս եկավ տնից:

Փողոցում մարդ չկար: Աղբյուրի մոտի զառիթափով քաղաք էր իջնում: Այսպես կիջնի ճանապարհով, կհասնի ծանոթ, անորոգայթ, հարթ փողոցներին, խստաշունչ, բացճակատ տներով, կգտնի ընկերներին, գինի կվերցնեն, Շերամի երգերը երգող աղջկա, դուդուկչի Հայրոյի հետ կգնան Նորքի բաղերը ու մի լավ քեֆ կանեն, գիրքը կօծեն գինով: Հետո, գիշերը կգնա Մաքրոյի մոտ: Կրակի կտոր Մաքրոն Այգեստանի խուշուշի նման է՝ սերն ու չարությունը մեջն անբաժան են, տղամարդ ես տաք ու սառին դիմացիր:

Իր սիրած տղերքի բանաստեղծություններն էլ անգիր գիտի՝ մեկ-մեկ արտասանում է ու ոնց է արտասանում:

Հա, կգնա Մաքրոյի մոտ ու կփակի Զառեին: Որդուն կպահի, ինչ ունի-չունի՝ նրանն է, բայց Զառեին՝ վերջ:

Մտածում էր ու ծիծաղը գալիս էր: Գիտեր, որ անիրագործելի, անհնար բաներ է որոշում: Գիտեր, որ այսօր էլ, ինչպես երեկ, դրա առաջին օրը, մնացած օրերի պես, լուսադեմին, նույն ճանապարհով ետ է դառնալու, թողնելու է ընկերներին՝ ետ Է դառնալու, Մաքրոյին թողնելու է՝ ետ է դառնալու, բանաստեղծությունն էլ է թողնելու՝ ետ է դառնալու:

Նույն ճանապարհով, հոգնած, մենակ, հուսահատ ետ է դառնալու, հասնելու է այդ տանը, մոտենալու է այդ պատուհանին, ու զգույշ, որ չարթնացնի ցնորվածներին, պառավներին, հարևաններին, երեխաներին, իր որդուն, զգույշ պատուհանից մտնելու է ներս:

Պարսիկներից մնացած խուլ պատերով տնակը, կարծես համրացել էր հորիզոնից-հորիզոն ձգված բիբլիական անդորրի մեջ: Մաքրոյի տնակը, բարձրադիր մայթից, որպես հավասարը-հավասարի, նայում էր դիմացի Երևանի բերդին, բերդից էլ հեռու, դեպի լայնարձակ դաշտը ու դաշտը եզրափակող լեռը, կարծես քմծիծաղով, լռությամբ փիքր անելով թե՝ բերդ, հրես դու էլ կգնաս, դաշտ, դու էլ կփոխվես, բայց լեռն ու լեռանը նայող իմ կարոտած աչքը միշտ էլ մնալու ենք:

Ինձ քանդեն, իմ աչքը հանեն, մի ուրիշը կգտնվի, որ հավասարը հավասարի, բայց կարոտից թաց աչքը չթարթելով, պիտի լեռանը նայի ու չհագենա:

Գետափնյա բարդիները սյուքից ալյակվելով, արծաթե շղարշի պես, մեկ փակում, մեկ բացում էին հեռվում, տեսիլքի պես հառնած լեռան սպիտակափառ զույգ գագաթները: Ստորոտը կապտա-մանիշակագույն մշուշի մեջ էր ու թվում էր, թե Արարատը ոչ թե հողից է վեր համբառնում, այլ վերից է կախվել դաշտին ու Խաչատուրի տանջահար հոգուն:

Աշխարհը քաղցր թոնի մեջ էր ու Խաչատուրին թվում էր, թե ինքը անհիշելի ժամանակներից կանգնած էստեղ, սովահար սրտով կլանում է էս ծանոթ ու նաև օտար տեսարանը, էս անըմբռնելի հնությունն ու լռությունը:

Էսպիսի լռություն, լուսերես Սոսիից հետո Խաչատուրը չէր զգացել: Էն ժամանակ էլ, աչքը գցում էր կնոջ ցնորված ու ցնորվածության մեջ հավիտյան քարացած դեմքին, ճերմակ գանգուրներին ու պահեր էր լինում, Խաչատուրին թվում էր երազի մեջ է, աչքերը լուսնահար, բաց, հեռավոր, արդեն մոռացվող, արդեն աղոտացած ինչ-որ ծանոթ պատկեր է դիտում, բայց էդպես էլ չէր հիշում, թե ու՞մ պատկերն է, ի՞նչ կապ ունի իր հետ: Միայն սրտի տանջալի ճմլոցն ու հեղձուկից դուրս թռչող ակնակապիճներն էին Խաչատուրին դեպի իրական աշխարհ վերադարձնում:

Էդպես էլ հիմա եղավ: Ուշքի եկավ ու հիշեց թե ուր և ինչի համար է եկել: Վերջին անգամ Մաքրոյին մի քանի ամիս առաջ էր տեսել ու չգիտեր էլ ինչի էր մոռացել իր խենթ օրերի ընկերուհուն: Փութով թակեց Մաքրոյի տան դուռը: Ներսից երկար ժամանակ ոչ ոք չարձագանքեց: Արդեն հույսը կտրել, շրջվել էր, որ հեռանա, դուռը անաղմուկ բացվեց ու կանացի փոքրիկ մի ձեռք, սափորի սառը ջուրը շփեց Խաչատուրի գլխին: Մանրիկ քրքջոցը ջրի հետ ու ջրի պես հոսեց Խաչատուրի մարմնից ներս ու նա կտրուկ շրջվելով, մեծ ցատկով փորձեց խցկվել կիսաբաց դռնից, բայց չհասցրեց, դուռը հենց քթի տակ չրխկոցով փակվեց: Ներսում ծիծաղը շարունակվում էր:

— Դուռդ բաց, Մաքրո, ես եմ,— ընդհատվող ձայնով խնդրեց Խաչատուրը:

– Ի՞նչ Մաքրո, Մաքրոն գնաց,— պատասխանեց կանացի ծիծղուն ձայնը,— Մաքրոն հիմա ես եմ: Ես Մաքրո չեմ, Մարգարիտ եմ: Մաքրոն Ղանթարում լուրջ գործի է՝ աշխատում է, աշխատավարձ է ստանում: Պառավել է Մաքրոդ, հիմա հերթը իմն է Մարգարիտինը: Որ ինձ մոտ գաս, շատ մի տաքացի,— ծիծաղում էր Մարգարիտը:— Սառը արի, որ ես անելիքս իմանամ: Տաքությանս ձեռքը կրակն եմ ընկել, քոնը ինչի՞ս է պետք:

Ծիծաղը հեռացավ, մարեց տան խորքում, ու Խաչատուրը մնաց բերդի ու Մաքրոյի տան միջև, թրջված, ամոթահար ու միայնակ:

Գլխիկոր քայլում էր դեպր գինետուն, մեկը դիմացի մայթից կանչեց:

Վանեցի ծանոթներից էր՝ սա էլ էր բանաստեղծոլթյուններ գրում ու թեև շատ էլ խոսում էին էդ բանաստեղծությունների մասին, Խաչատուրին խորթ էին դրանց տողերից ցայտող ճոռոմ ու անարյուն աղմուկը, որ ավաղ, հենց իրենց ստեղծողի հետ էլ գործ չունեին:

Խաչատուրը լավ էր հիշում էդ տղայի սրտաճաք, վառված երգն ու լացը, էդ երգին ու լացին էր հավատում, ոչ թե էսօրվա ճռճռան աղմուկին:

Չկամությամբ սպասեց, մինչև վանեցին կտրելով փողոցը մոտեցավ: Գունատ էր ու անքնությունից աչքերի շուրջը մութ ստվերներ էին առաջացել: Ցաքուցրիվ, անկարգ մազերը ծիծաղելի ու անօգնական տեսք էին տվել նրա ողջ կերպարանքին, ու Խաչատուրը տհաճությունը զսպելով, համակերպված, մի քիչ էլ խղճահարված սպասեց նրա խոսքին:

— Խեղդվում եմ, Խաչատուր,— չոր հեծկլտաց վանեցին, անցած-գնացած բաներ եմ երազում, Խաչատուր, անցած-գնացած մարդկանց եմ երազում:

— Անցած-գնացածը ետ չես բերի,— չոր կտրեց Խաչատուրը:

— Էդ մտքի՞ն ես, միամիտ,— նորից հեծկլտաց վանեցին: — Ես չբերեմ, ժամանակը կբերի: Ինձ կտանի, կկորցնի, նրանց ետ կբերի ու կպահի, էլ չի տանի, կպահի:

Նա ճոճվեց ու հավասարակշռությունր պահպանելու համար հենվեց Խաչատուրին: Վրայից գինու տհաճ հոտ էր փչում ու Խաչատորը դեմքը զզվանքով շրջեց մարդուց:

Դիմացի մայթին, բարձրահարկ շենքի փոքրիկ պատշգամբի տակ, կարմիր վարդեր էին շաղ տված: Անցորդները մոտենում, մի վայրկյան կանգնում, վեր դեպի պատշգամբ էին նայում, մի վայրկյան՝ շաղ տված վարդերին ու զգուշորեն, որ չտրորեն ծաղիկները, հեռանում էին:

— Անցած-գնացած բան չկա էլ,— քմծիծաղեց Խաչատուրը,— ինչ կար, մնացել ու ապրում է, մենակ աչք պիտի ունենաս, որ տեսնես:— Ասաց ու հեռացավ:

Գինետանը մարդ չկար: Միայնակ նստեց անկյունի սեղանի մոտ ու մատուցողից գինի խնդրեց: Կում-կում խմեց տտիպ, սառը խմիչքը, բայց երազած մշուշն ու մոռացումը չէր իջնում հոգուն, զգոնության օր էր: Վճարեց ու դուրս եկավ զով ներքնահարկից:

Թերթի խմբագրատան բաց լուսամուտից աղմուկի ձայներ էին լսվում: Գեղջկական կոշտ բարբառը կարկատանի պես դիպչում էր կանացի սուր, գրական սոպրանոյին ու կորսվում էր նրա բարձր ու անվերջանալի ոլորաններում: Մի կին, գունավոր կապոցը ոտքերի մոտ դրած, կլանված ականջ էր դնում ներսի խոսակցությանը ու մերթ ընդ մերթ խաչակնքում էր դեմքը: Չգիտես ինչու, նրա դեմքը շատ ծանոթ թվաց Խաչատուրին: Ավելի ուշադիր նայեց և գլխի ընկավ, որ զարմանալի նմանություն կա կնոջ և Շողակաթի միջև: Միայն թե սա Շողակաթի գեղջկական տեսակն է:

* * *

Քավորկին Շողակաթը վերջերս լացը կտրել էր: Անկողնում նստած, ոտքի կոտրված ոսկորը ոչ մի կերպ չէր կպչում, գիշեր-ցերեկ նախշուն գուլպա էր գործում:

— Բայղուշը ինչ-որ տանելու էր իր լացով, տարավ, հիմա ձենը կտրել է,— զայրույթից եռ գալով, պառավի կողմն էր չանչում օրիորդ Անիչկեն: Նա փորձեց համոզել պառավին, որ գործած բրդյա գուլպաները տա փերեզակին՝ տնտեսությանը ահագին օգնություն կլինի: Շողակաթը չհամաձայնեց:

— Ես հոգուս փրկության համար եմ գործում,— մերժումը արդարացնում էր քավորկինը, առանց բացատրելու, թե հոգու փրկության համար ինչ է անելու բրդյա նախշուն գուլպաների ահռելի կույտը:

– Դժոխքում շոգից խաշվում են,— նույնքան համոզված իր ասածի անբեկանելի ճշմարտության մեջ, հակառակում էր օրիորդ Անիչկեն,— քո էդ տաք գուլպեքը ի՞նչ պիտի անեն, բայղուշ: Թե՞ հույս ունես սառը տեղեր ընկնես, տղիդ մոտ:— Շողակաթը չէր պատասխանում: Շարունակում էր գործել:

Եթե Զառեն խոսակցության ժամանակ էր հասնում, հարձակվում էր օրիորդ Անիչկի վրա:

— Օրիորդ Անիչկա ջան,— ասում էր Զառեն,— քավորկին Շողակաթը հազար սրբի դուռ գնացած-եկած կնիկ է: Ինձնից էլ, քեզնից էլ լավ գիտի ինչ է անում: Որ գործելը եկել է, թող գործի, երևի հոգին վկայում է, նոր ցրտեր են լինելու, գուլպաներ պետք կգան:

Խաչատուրը հաճախ էր ներկա լինում էս վեճերին ու ինքն էլ չէր հասկանում, թե ինչու է լացն ու ծիծաղը միաժամանակ գալիս. համ փռթկում էր, համ էլ աչքերը խոնավանում էին էդ երեք կանանց ու գուլպաների տեսքից:

Քանի որ տանը էլ տեղ ու դադար չկար դրանց կույտերից, Զառեն, Շողակաթից թաքուն, գուլպաները սկսեց բաժանել հարևաններին: Քիչ-քիչ ողջ թաղը նախշուն ու տաք գուլպաների տեր դարձավ ու քաղաքում սկսել էին կոնդեցիներին այդ տարբերանշանով ճանաչել:

— Էս ու՞ր եք գնալու, որ էսպես տաք-տաք հագնվում եք,— հետաքրքրվում էին մյուս թաղամասերի բնակիչները:

— Եսիմ, հագնում ենք էլի,— անորոշ ու խորհրդավոր իջեցնելով ձայները, պատասխանում էին Շողակաթի գուլպաները հագնողները: Իսկ Զառեն շարունակում էր նորանոր կույտերը գողունի բաժանել ու արդեն, բացի կոնդեցիներից, ուրիշներն էլ էին հագնում տաք, նախշուն գուլպաները:

Խերն անի, աղջի,— տագնապած ֆշշում էր օրիորդ Անիչկեն,— էս գաղթականի ֆռթանները ազգովին հո չպիտի նորից հագնենք: Վերջ տվեք: Խաչատուրը չհագավ «գաղթականի ֆռթանը»: Ընկերները հագնում էին, ինքը համառորեն հրաժարվում էր: Չէր էլ կարող բացատրել, թե ինչու է թշնամաբար ու զզվանքով նայում էդ նախշուն ու տաք գուլպաներին:

Էդպիսի գուլպաներ, տոն օրերին, Վանի մերձակա գյուղերի գեղջուկներն էին հագնում ու գալիս էին քաղաք, իրենց ոտքերին կրելով խնդություն ու գեղեցկություն, ծիածանի յոթ գույները:

– Շողակաթին որտեղի՞ց էդ գույնզգույն թելերը,— հետաքրքրվեց Խաչատուրը:

— Բուրդը իր կողինքից է հանում, մանում: Քառասուն ձեռք՝ կողինք ունի: Թելերն էլ ներկարար Ղահրամանն է ներկում: Քավորկնոջ սանիկներից է:

Խաչատուրը Մաքրոյին էլ էր նվիրել էդ գուլպաներից: Մի անգամ, նրա մոտ էր, Մաքրոն շատ տխուր էր էդ օրը, նկատեց խոնավությունից բորբոսնած սառը պատերը՝ վախեցավ:

— Էստեղ կմեռնես,— ասաց Մաքրոյին,— գոնե տաք հագնվիր:

— Հեչ էլ,— անտարբեր ուսերը թոթվեց Մաքրոն,— ինձպեսներն են մեռնո՞ւմ: Իմ սիրտը որ մեռավ, էլ ապրելը ինչի՞ս է: Խաչատուրը հասկացավ՝ Մաքրոն սիրածին էր հիշել. միակ, ճշմարիտ ու անփոխարինելի իր տղամարդուն: Իրենց բոլորից ամենաանշուքն ու անհուսալին էր:

Բայց Մաքրոն, կանացի մի պայծառատեսությամբ կռահել էր էդ ամենաանշուքի մեջի շիկացած, մոլեգին լավան ու էդ տաքությունից վառված, տարօրինակ ու հավիտենական մի հավատարմությամբ, միայն նրան էր պատկանում՝ նրա հոգուն, նրա ստեղծածին, նրա չափումներին:

– Հենց նա գնաց, էս տան պատերը սկսեցին բորբոսնել,— ասաց Մաքրոն:

Քիչ անց ջղային, անբացատրելի ուրախության մի ալիք իջավ էդ կնոջ հոգուն: Սկսեց պարել, նախկին օրերի նման, վառեց Խաչատուրին, ձեռ առավ, սիրեց, նորից վառեց ու ձեռ առավ:

Խաչատուրի բանաստեղծոլթյուններից մեկը տասն անգամ, տարբեր երանգներով ու տրամադրություններով կարդաց, քրքրեց, մաս-մաս բաժանեց ու շաղ տվեց հատակին, ծիծաղեց, պարեց, էլի սկսեց կարդալ: Իսկ Խաչատուրը լսում էր սեփական, հենց իր, իր գրած տողերը ու զզվանքից ամոթահար, խորտակված փլվել էր թախտին:

— Էլ չգրե՞մ Մաքրո,— երեխու պես խեղճացած, հասկանալով տված հարցի անհեթեթությունը, բայց նաև սարսափով ու հույսով սպասեց ահեղ դատավճռին: Կարծես դատավճիռ արձակողը Մաքրոն չէր, այլ նրա միակ ու անփոխարինելի սերը, որ անսահման հեռուներից էլ հսկում էր իրենց մտքերին ու հոգիներին:

Մաքրոն երևի հասկացավ Խաչատուրին, լրջացավ, նստեց կողքը:

– Աղմուկից ազատվի, հոգուդ մատաղ,— քնքուշ ու դողացող ձայնով ասաց նա,— մարդու ձենը ինչքան էլ բարձր հնչի, գոռոց լինի, ճչոց լինի, լաց լինի, թե ծիծաղ, աղմուկ չի, մարդու ձեն է, մարդու ձենով ասելիքդ ասա: Աղմուկը սպանում է:

Հաջորդ օրը Խաչատուրը Շողակաթի գուլպաներից բերեց Մաքրոյին ու ստիպեց, որ հագնի: Հոգածությամբ մաքրեց, բորբոսնած պատերը, նորից գաջեց: Գաջը չորացավ՝ պաստառեց: Հատակի փտած տախտակները փոխեց, ներկեց ու իր արածից գոհ, հանգստացած հրաժեշտ տվեց, ոնց որ Մաքրոյի հալալ–զուլալ մեծ ախպերը լիներ, գնաց: Մի քանի օր հետո եկավ, տեսավ բորբոսից պաստառները ուռել, պոկվել են, հատակն էլ արդեն տեղ-տեղ փտել է: Սիրտը ցավից ճմլվեց: Մաքրոն էլ էր փոխված, հնարավոր էլ չէր բացատրել, թե ինչն էր փոխվել, բայց մի բան անվերադարձ կորել էր էդ կնոջ միջից, հեռացել էր, չկար: Արտաքուստ ամեն ինչ նույնն էր, նույն խենթությունը, նույն անսպասելի շրջադարձերը, տրամադրության ու ցանկությունների նույն անամոթ անկեղծությունը, բայց էդ բոլորը մի շերտ գունաթափված, սառը, անկրակ: Ոնց որ ապակե մի պատ, թափանցիկ, բայց անանցանելի, նախկինի ու էսօրվա մեջ քաշված լինի, ոնց որ իրենք խամաճիկի պես նախկինի կրկնօրինակությունը անեն՝ անսխալ, ճշգրիտ, տեղը տեղին, բայց անկյանք:

Խաչատուրը գնաց ու երկար ժամանակ էս կողմերում չերևաց:

Հիմա կանգնած խմբագրատան բաց լուսամուտի տակ, սևեռուն դիտում էր կապոցը ոտքերի մոտ դրած գեղջկուհուն ու մտքերի մեջ չէր էլ նկատում, թե էս խեղճը, վախեցած, ոնց է իրեն նայում. դադարել է հետևել ներսի խոսակցությանն ու չի էլ խաչակնքում :

Էդպես էլ կնոջ վրա ուշադրություն չդարձնելով, Խաչատուրը հեռացավ: Աննպատակ քայլում էր փողոցներում, բայց անբացատրելի մի թմրություն էր իջել հոգուն, չէր նկատում կողքի շարժումն ու աղմուկը: Կարծես կախարդված հեքիաթային մի քաղաքում էր, ուր ամեն ինչ կար, բայց էդ ամեն ինչը մի ակնթարթում քարացել էր ու սպասում էր փրկիչ արքայազնին, որ նորից սկսի ապրել, շնչել, շարժվել: Հասավ իրենց զառիթափին ու փոշոտ ճանապարհով, ծանրացած ոտքերը քարշ տալով, բարձրացավ մինչև աղբյուրի մոտ, կանգնեց: Զարմացած նայեց շուրջը:

Արևամուտի շառագույնից բոցավառված երկինքը, զրնգուն օրհներգի պես, միանգամից կարծես փլվեց Խաչատուրի գլխին: Ծուռտիկ, իրար պոչ քաշող փողոցներում տների առաջ նստոտած ծերունիները, ծանր ու մեծ բարևեցին Խաչատուրին ու թվաց, թե չար կախարդանքը մշուշի պես ցնդեց, հալվեց օդում:

Խնդագին մի տաքություն պարուրեց թմրած մարմինը ու Խաչատուրը հևասպառ իրեն Զառեի մոտ գցեց:

Առանց թակելու, ուժգին հարվածով բացեց դուռն ու ներս ընկավ:

Աղասին դաս էր սովորում, իսկ Մկրտիչը հատակին չոչ արած, աչքերը պլստացնելով նայում էր քամու պես ներխուժած հորը:

Քավորկին Շողակաթը իր գործին էր՝ գործում էր: Երանելի ծուռվիզ Վաղինակը Մկրտիչի կողքին չոչ արած, ժպտալով, բերանը բաց, Խաչատուրին էր նայում:

— Ձեր ցավը տանեմ,— գոռաց Խաչատուրը,— ես ձեր ցավը տանեմ:— Հասավ նախշուն գուլպաների կապոցներին, քանդեց կապոցները ու շաղ տվեց սենյակով մեկ, գրկեց, թռցրեց որդուն, մտերմաբար, փափուկ քացիով, երանելուն հրեց գցեց գուլպաների մեջ, բռնեց Աղասու ձեռքից ու զարմացած երեխային քարշ տալով սկսեց հանդիսավոր դանդաղ մի պար, որ քսան տարուց ավելի է, չէր պարել:

Չգիտեր էլ ինչու ընդհատեց պարը, շրջվեց, տեսավ Զառեն դռների մեջ կանգնած, լողանալուց շիկնած, վարդագույն մի հրաշք, ոսկե ծամերը արձակ՝ ծնկածալից ցած իջնող հեղեղ, բարակ, թրթռիկ շորով, կանգնել, իրենց է նայում՝ որդու և Խաչատուրի պարին:

— Լուսերես, միակս, կինս,— ասաց սիրուց խեղդվելով ու մոռացած մնացած բոլորին, հմայվածի լուսնոտ քայլերով մոտեցավ, ծունկ չոքեց Զառեի առաջ: Գրկեց կնոջ ծնկները ու գլուխը սեղմած նրա տաք, ձիգ փորին սկսեց արտասվել:

* * *

Արհեստանոցում վաղուց չէր եղել: Նստեց, գլուխն առավ ափերի մեջ: Փոշոտ, նեղլիկ պատուհանից դիտում էր փողոցի անց ու դարձը: Մայթեզրյա առուն նվաղուն կարկաչով իր ճանապարհն էր հարթում սալահատակի ու ամառվա տապի միջով: Նախամիջօրեի կարճ աշխուժությունն էր սկսվել: Մանրիկ, իրար կքած խանութների, արհեստանոցների, վարսավիրանոցների, ճաշարանների հաճախորդները, ակնկալվող հանգստի հույսով, գործնական եռուզեռի մեջ էին ու զարմանալի կենսուրախ թրթիռով էին լցրել շուրջը: Խաչատուրը հանկարծ անդրադարձավ, որ հմայված ու հետաքրքրությամբ է դիտում աչքի առաջ ընթացող այդ սովորական կյանքը:

Այդ սովորականը, այդ ամենօրյան, հիմա այնքան զարմանալի ու անսովոր էր Խաչատուրի համար, այնքան թանկ ու փնտրված:

— Երջանկությունը երևի հենց այս է,— մտածեց— հենց այս պահը աչքիս առաջ, մատչելի, հարազատ:

Դուրս եկավ փողոց: Հորձանքի մեջ ընկած, գնում էր դեպի հրապարակ: Տրամվայների զրնգոցի ու փողոցային սովորական աղմուկի մեջ անսպասելի, դանակի շեղբի պես փայլատակեց կանացի սուր, ականջ ծակող ճչոցը: Սարսափի, հուսահատության ու ցավի հազարերանգ անկումներով այդ ձայնը կտրեց օրը, ժամանակը, կյանքը ու շարժումր մի վայրկյանում կանգ առավ: -«Պատերազմ է, ժոզովու˜րդ»:

* * *

Խաչատուրը երկարատև վազքից շնչահեղձ էր լինում: Ուզում էր կանգնել՝ սրտի ծակոցից ոտքերը դողում էին, բայց ավելի ուժգին մի ցավ կպած թիկունքին, նրան դեպի առաջ էր մղում: Ոչ կարող էր կանգ առնել, ոչ ուրիշ բանի մասին մտածել: Այս րոպեին, հենց հիմա, պիտի որդուն տեսնի, պիտի հասնի նրան ու կանգնի գլխավերևում: Կկանգնի ու կսպասի: Տեսնի ո՞վ է ներս մտնելու, ո՞ր շան որդին է մոտենալու որդու օրորոցին: Սառը գիտակցությամբ հասկանում էր իր արարքի անհեթեթությունը. գերմանացին դեռ նոր էր սահմանը անցել, բայց ծանոթ, տարիներից չմաշված կատաղության ճմլոցը բռնել էր հոգին: Աղբյուրի մոտ թաղի պառավներն էին հավաքված ու գոգնոցներով բերանները փակած, սևավոր ագռավների պես, ղռղռում էին պատերազմի բոթը: Խաչատուրը առանց դանդաղեցնելու վազքը, սլացավ Զառեի տուն: Աղասին երևի դպրոցում էր: Մյուս սենյակում, քավորկին Շողակաթը անկողնում նստած, սկուտեղը գոգին, ծիրան էր պճղում: Երանելի ծուռվիզ Վաղինակը, ծիրանի կորիզները իրար շփելով էր զբաղված: Այդ շփումից աններդաշնակ խզզոցներ էին առաջանում ու քավորկինը ամեն անգամ վեր թռչելով, չանչում էր երանելուն: Զառեն տանը չէր: Խաչատուրը բակ դուրս եկավ, անցավ այգու կողմը: Հեռվից նկատեց Զառեի մանիշակագույն շորը: Մոտենում էր ու տենդը սառում էր հոգում: Պտուղներից ծանրաբեռ ծիրանենու տակ էր պառկած Զառեն: Կողքին՝ Մկրտիչը: Արևագույն ծիրանները թափվել էին մոր ու երեխայի մազերին, մարմիններին, կրծքերին, բաց ազդրերին: Երկուսն էլ աչքերը փակ, խաղաղ շնչում էին ծիրանաբույրը: Քնած էին չարթնացան, արթու՞ն էին աչքերը չբացեցին: Խաչատուրը գուժկանի մեղապարտոլթյամբ մեխվել իր տեղում ու չգիտեր ո՞նց խախտեր որդու և Զառեի, այս օրվան այնքան անհարիր անդորրը: Շրջվեց, որ հեռանա, Զառեն կանչեց: Մոտեցավ:

— Դու էլ տղուդ մյուս կողքին պառկիր,— ասաց Զառեն,— որ պառկես, կցնցեմ ծառի բունը, պտուղները քեղ էլ կծածկեն:

— Ժամանակը չի, Զառե,— Խաչատուրի լացը խղճահարությունից եկավ:— Զառե, պատերազմ է:

— Գիտեմ,— Զառեն ձանձրացած փակեց աչքերը:— Էսօր շատ հոգնած եմ Խաչատուր: Պառկի տղուդ մոտ:

Խաչատուրը ակամա պառկեց: Զառեն թեթև ցնցեց ծառի բունը ու պտուղները թափվեցին Խաչատուրի վրա: Կեսօրվա շոգը շիկացրել էր օդը, իսկ ծիրանները սառն էին: Ծիրանագույնի բոլոր երանգները դիպչում էին Զառեի մանիշակագույն շորին, ետ էին դառնում դեպի Խաչատուրը ու զարմանահրաշ զարդանախշեր դարձած, մարում էին հայացքի մեջ:

Անկումի զգացողությունից գլուխը պտտվեց ու Խաչատուրը փակեց աչքերը: Կարծես սուզվել էր յոթ շերտ ունեցող մի անհատակ տարածության մեջ և այդ յոթ շերտերի անցման գալարները, կրակի օղակի պես, մաս առ մաս վառում էին իրեն: Բայց ցավ չկար այրոցից, միայն վերջին հասնելու, անկման սարսափից ազատվելու տառապանքն էր:

— Դու է՞լ ես ընկնում,–— հարցրեց Զառեին:

— Չէ, էլ չեմ րնկնում:– Զառեն քնած երեխայի վրայից մեկնեց ձեռքն ու շոյեց Խաչատուրի վիզը:

– Քեզ պահի,— ասաց,— ընկնելու մասին մի մտածի:

Քիչ հետո, Խաչատուրը ծիրանների տակ թաղված քնեց: Զառեն ելավ տեղից, հորն ու որդուն թողած, դուրս եկավ այգուց: Քավորկին Շողակաթը վերջացրել էր գործը, Զառեն վերցրեց պճղած պտուղներն ու բարձրացավ տանիք, դրեց ստվերի տակ: Իջավ, գնաց օրիորդ Անիչկի մոտ:

Օրիորդ Անիչկեն խորքի սենյակում էր: Զառեն հուշիկ բացեց դուռը, տեսավ՝ օրիորդ Անիչկեն մի թափանցիկ, երկար, կարմիր շոր հագած, գլխին թղթե ճմրթված, գունաթափ վարդերի պսակ, երեսը, շրթունքները կարմիր ներկած, աչքերին էլ սուրմա, այտին էլ քիմիական մատիտով մի մեծ խալ, հայելու առաջ շուռումուռ է գալիս, շորն է բարձրացնում, ծունկն է ծալում, շորն է իջեցնում, մեղա, մեղա, մեջքն է ծալում, թռչկոտում է, ծափ է տալիս, շորորում է ու էս բոլորը հայելու առաջ, ինքն էլ ուշադիր հետևում է իր արածին: Զառեն չդիմացավ:

— Օրիորդ Անիչկա ջան,— մղկտաց նա,— գժվե՞լ ես: Էս օրվա օ՞րը:

— Չեմ գժվել, աղջի,— օրիորդ Անիչկեն կատաղած շրջվեց Զառեի կողմը:— Ուզում եմ տեսնեմ մեջս բան մնացել է, նախկին արհեստիս վերադառնամ: Հողեմ իմ աննամուս, քո էլ շաշ գլուխը, մտածեցինք վերևում աստված կա, կասի բոլ է, էս ժողովուրդը հա կոտորվեց, հիմի էլ թող ապրի: Օրիորդ Անիչկեն ի՞նչ էր իմանում, որ Աստված փքվել, ինքն իրեն Ասպատուր է ասում: Էլի որբի վայունը պիտի ականջս ընկնի՞, էլի, ցուցք ու ցնորված պիտի պար գա՞ն շուրջս, աշխարհը նորից կարգից ելնի՞: Դե որ էդպես է, ուրեմն իմ նախկին արհեստը կույսի ապաշխարանք էր մեր աստծուն, քեզ էլ պիտի սովորեցնեմ, երկուսով կապաշխարենք:

Զառեն տեղում քարացել-մնացել էր:

Օրիորդ Անիչկեն մոտեցավ, պտտվեց նրա շուրջբոլորը, տնտղեց, չափեց, ձևեց:

— Չէ, լավ ապրանք ես,— ասաց:— Խոսքը չէր վերջացրել, Զառեն չանթեց նրա գլխի վարդերը, մյուս ձեռքով էլ թափանցիկ շորն ու սկսեց քաշքշել, ճղրտել, պոկել, ոտքերի տակ գցեց ու տրորեց:

Օրիորդ Անիչկեն մնաց մորեմերկ:

— Ես քեզ հին արհեստ ցույց կտամ, օրիորդ Անիչկա ջան,— ասում էր Զառեն ու ոնց որ Աղասուն էր ծեծում, հասցնում էր օրիորդ Անիչկի փափուկ տեղերին:— Դու իմ երեխեքի տատմերը, դու իմ պահապան հրեշտակը լինես, հիմա, էս օրը, մեզ խայտառակ անե՞ս: Աչքդ կհանեմ, ոտքդ կջարդեմ, օրիորդ Անիչկա ջան:— Ասում էր ու ծեծում, ասում էր ու ծեծում, մինչև հոգնեց: Գրկեց պառավին, տարավ գցեց մահճակալի վրա, կարգին շորեր բերեց, հագցրեց, մազերը սանրեց, սառը ջուր տվեց, դուրս եկավ, դուռը վրան կողպեց, գնաց: Աղասին դպրոցից վերադարձել էր: Կերակուրը դրեց կրակին: Գնաց այգի, տեսավ Խաչատուրը արթնացել, Մկրտչին գրկած նստել է ծիրանների մեջ:

— Հը, էլ չես ընկնու՞մ,— հարցրեց Զառեն:

— Չէ, անցավ,— Խաչատուրը, ամոթահար, չէր նայում Զառեին:— Մի շաբաթվա գործ ունեմ, գիրքս հանձնեմ, կգնամ զինկոմիսարիատ:

Զառեն Խաչատուրից վերցրեց որդուն ու երեքով տուն եկան:

Առաջին անգամ, այդ օրը, բոլորով միասին ճաշեցին. Քավորկին Շողակաթը, երանելի ծուռվիզ Վաղինակը, Աղասին ու Մկրտիչին գրկած Զառեն: Ճրագվառոցի ժամն էր: Զառեն հավաքեց սեղանը, մի աման կերակուր վերցրեց ու գնաց օրիորդ Անիչկի տուն: Դուռը բացեց, տեսավ օրիորդ Անիչկեն խելոք նստած սեղանի մոտ, թուղթ է գցում:

— Աղջի,— ասաց,— քեզ համար եմ գցում էս թուղթը: Գցում եմ նոր անծանոթ ճանապարհ է առաջդ, գցում եմ նույնը:

Զառեն ծիծաղեց:

— Աչքս լույս, օրիորդ Անիչկա ջան: Էդ ո՞րն է նոր ճանապարհը՝ պատերազմը, թե՞ Խաչատուրիս գնալը: Նոր բան չկա, ամեն ինչ էլ տեսել ենք:— Թղթերը վերցրեց, մի կողմ նետեց, կերակուրը դրեց օրիորդ Անիչկի առաջ, ասաց.

— Կեր, օրիորդ Անիչկա ջան, վաղուց տաք ճաշ չես կերել, մեկ էլ աստված գիտի երբ կուտես:— Փղձկաց: Օրիորդ Անիչկեն էլ ուտում էր ու աչքը Զառեին՝ լաց էր լինում:

— Աղջի, մի վախեցի,— ասաց,— ուս-ուսի կտանք, կապրենք:

***

Տուն դառնալիս, Զառեն տեսավ, օրիորդ Անիչկի տան պատից մի ստվեր պոկվեց: Մութ էր, չէր երևում, ով է: Մի պահ կարծեց Խաչատուրն է, բայց նկատեց, որ ստվերը ավելի նիհար է ու բարձրահասակ:

— Երևի օրիորդ Անիչկի հետ գործ ունի,— մտածեց ու նույն պահին մոռացավ էդ մարդու գոյությունը: Արդեն համարյա հասել էր իրենց տանը, ստվերը մոտեցավ:

Վարդան Հայրապետյանի տղա Թորգոմն էր: Զառեն Թորգոմին դեռ նոր հարս եկած ժամանակվանից գիտեր: Հինգ-վեց տարեկան երեխա էր ու թաղի մյուս երեխեքի պես, հաճախ էր գալիս Զառեի մոտ, մի բուռ չամիչ ստանալու: Վարժապետ Վարդան Հայրապետյանը առավոտները գնում, երեկոները տուն էր գալիս գլուխը հակած, կարծես ամեն օր թաղի ոլոր-մոլոր ճանապարհների փոշու մեջ կորցրած բան էր փնտրում: Խաչատուրի Լուսերեսն էլ էր ինչ-որ բան փնտրում ու Զառեն միշտ, վարժապետին էդպես տեսնելիս, խեղճ ցնորվածին էր հիշում: Իհարկե, Վարդան Հայրապետյանը կապ չուներ նրա հետ, վարժապետի պես խելքը գլխին, իմաստուն մարդ չկար: Բարձրացնում էր գլուխը, մի րոպե, առանց խաժ աչքերը թարթելու, հայացքը գցում էր դեմքիդ ու չգիտես էլ ոնց, հազար կողպեք, մեկ առ մեկ, էդ մարդու հայացքի առաջ, իրենք իրենց բացվում են ու հոգիդ մորեմերկ, հայտնվում է լեզվիդ ու բացում է լեզուդ, խոսում է լեզուդ: Լեզուդ ասում է.

— Վարժապետ, ես անխելք, դու իմաստուն, ի՞նչ է լինելու մեր վերջը: Ինչքա՞ն գլխիկոր գնանք գանք, ինչքա՞ն մղկտանք, ինչքա՞ն մի բան ասենք՝ ուրիշ բան մտածենք: Տուն կառուցենք` ավերակ հիշենք, երգ երգենք՝ ողբ ասենք, թագավորի տղու հարսնացու լինենք՝ երանելի ծուռվիզ Վաղինակ պարացնենք, քնենք էստեղ՝ էնտեղ երազ տեսնենք: Դե, ասա, վարժապետ:

Վարդան Հայրապետյանր խաժ աչքերը բացում է, ոնց որ անձրևած երկինք ու մի րոպե երկար նայում է աչքերիդ, ասում է.

— Զառե, անուշ աղջիկս, մարդը միանշանակ չի, անհատակ տիեզերք է: Էն երազդ, էն ավերակդ, էն ողբդ որ չլինի մեջդ, որ մոռանաս, հոգիդ մահկանացու կլինի, մարմինդ անմահ: Էդպես ապրել հնարավո՞ր է:

Զառեն գիտի, հասկանում է, որ հնարավոր չէ, Զառեն էդ տեսակ անմահություն չի ուզում, բայց էսպես ապրել էլ չի ուզում:

— Էս ոլոր-մոլոր, ծուռտիկ ճանապարհների փոշու մեջ էլ բան չկա, վարժապետ,— ասում է,— մի ուրիշ ճակ գտի, գլուխդ վեր բարձրացրու:

— Որդիս մեծանա, գլուխս բարձրացնեմ,— ասում է վարժապետն ու էլի գլխահակ, դեպի իր տուն է գնում:

Որդին մեծացավ: Շուլալվում էր իրենց բարդուն, հասնում էր մինչև հսկա ծառի կատարը ու թաղով մեկ բղավում էր: Ինչքան ուժ ուներ գոռում էր «էհե՜յ, ով քնած է արթուն կացեք»:

— Տղա, քո ասելիքդ ո՞րն է, հիմի էլ չքնե՞նք,- մի օր գժված ու քնաթաթախ, ձեռնափայտը Թորգոմի վրա շպրտեց Անդրանիկի նախկին զինվոր Ափրոն:

— Չէ, չպիտի քնեք, արթուն կացեք:–— Բարդու կատարից, ծիծաղելով, Ափրոյի հոգու հետ էր խաղում Թորգոմը:

Ափրոն տուն գնաց, ետ եկավ ու մի քնձռոտ բերդանկա ուներ, դրանով նշան բռնեց տղու վրա կրակեց:

— Հիմի՞ էլ դու իմ քունը խանգարես, հարամի,— կրակելու ժամանակ գոռում էր Ափրոն ու դրանից ձեռքը դողաց, թե՞ աչքր լավ չէր տեսնում, վրիպեց: Հավաքված ժողովուրդը տնքաց: Երեխան կպել էր ծառի կատարին ու վախենում էր ցած իջնել: Ափրոն, կրակելուց հետո, երկար մնաց կանգնած, հետո դարձավ ժողովրդին ու ասաց.

— Մեր գարնան արագիլին էի սպանում, է՜, ժողովուրդ: Ի՞նչ եք կանգնել, քարկոծեք, վերջացրեք ինձ: Բվեճն ու արագիլը իրար հետ ո՞նց ապրեն:

Ոչ մեկը չմոտեցավ Ափրոյին: Մենակ վարժապետը մոտեցավ, գրկեց նրա ուսերը:

— Ափրո, իմ ախպեր, սիրտդ ելած է, անարդար ես խոսում: Դու ի՞նչ բվեճ: Բա դու պակաս արագի՞լ ես: Դու ահել, իմ տղեն ջահել, երկուսդ էլ արագիլ եք: Բայց ամեն մեկը իր կանչի ժամանակն ունի: Քոնը անցավ, հիմա իմ Թորգոմը պիտի կանչի, Ափրո: Էլ նշան չբռնես սրտին:

Զառեն երբեք չի մոռանա այդ օրը: Թորգոմը ինչքան էլ մեծացել է, ինչքան էլ մեծանա, Զառեի համար բարդու կատարին կպած ջահել արագիլ է:

Հիմա էլ եկել կանգնել է Զառեի առաջ՝ ինքը բարդու պես սլացիկ, կանաչ, խաժ աչքերը ոնց որ անձրևած ամպեր, մազերն էլ մեծ-մեծ գանգուրներով, մինչև ուսերն են հասնում: Թաղի միակ ուսանողն է: Համալսարան է գնում, բժիշկ պիտի դառնա:

Մերն ու հինգ քույրերը, սիրահարված հայացքներով, ճանապարհ են դնում իրենց միակին՝ հպարտությունից խեղճացած, հյուծված: Չգիտեն ո՞նց անեն, որ համ չխանգարեն նրան, ոտքի տակ չընկնեն, աչքը չձանձրացնեն, համ էլ ստվերի պես անբաժան գնան ետևից, ինչ է թե, հանկարծ մի փոքր քար էլ նրա ոտքին նեղություն չտա, քամին չփչի, արևը չվառի, ճանճը չտզզա:

Վարժապետի գլուխն էլ արդեն փոշիներին հակված չէ, հպարտ, ձիգ ուսերին է իշխում:

Զառեի սիրտը թուլանում էր: Քիչ մնաց հա, մի քանի տարի հետո, իր Աղասին էլ է սրան հասնելու, հետո էլ Մկրտիչը: Մնացածը հեչ:

Իր Բարթիկ եղբայրը, իր թառլան եղբայրը, որ թագավորի տղա փեսա էր ուզում, սրանց նմանին տեսե՞լ էր: Կարո՞ղ էր պատկերացնել սրանց նման թագավորի տղա: Ու՞մ պիտի բաժին դառնան, ո՞վ պիտի սրանց արժանի լինի:

Զառեի լացը գալիս էր այս մասին մտածելիս: Անբացատրելի մի չարություն, օձի պես դուրս էր սողոսկում հոգուց ու մաղձոտ մի, հայացք դարձած, շուրջն էր զննում: Թաղի աղջիկներն էլ են մեծացել: Աղբյուրի մոտ արդեն խունջիկ-մունջիկ են լինում, գողունի հայացքներ են գցում իրենց տան կողմը, Աղասուն են փնտրում ու չեն էլ նկատում, որ Զառեն տեսնում է այդ ամենը: Տեսնում է ու վիրավոր գազանի պես, ետ է քաշվում լուսամուտից: Երանելի ծուռվիզ Վաղինակր, թախտին պառկած, առաստաղի իր կետին է նայում ու ժպտում է. ոչ ծերացել է, ոչ փոխվել, նույն աստծուց նեղացածն է: Քավորկին Շողակաթը անկողնում էլ չի նստում՝ պառկած է: Մենակ լացն է կտրել, թե չէ, հենց դրա ձայնը Մկրտիչի ականջն է ընկնում, երեխան քիչ է մնում պայթի՝ կապտում է: Աչքերը ետ են գնում:

Մի օր էլ Աղասին ասաց.

– Շողակաթ տատ, իզուր մի լաց եղեք, Նէպը երազ էր, անցավ, էլ ետ չի դառնա:

— Նէպը ո՞րն է, քա,– նեղացավ Շողակաթը,— իմ լացը սուրբ Սարգսի էն անտերների համար է: Տեսնես դրանցից մեկը, գոնե ողորմածս գաթաները հիշու՞մ է, թե բոլորն էլ ուրացան:

— Որ մեռած չլինեն, ապրելիս լինեն, կհիշեն:— Հանգստացրեց Զառեն, ու պառավը հանդստացավ, բայց Զառեին հանգստացնող չկար:

Օրիորդ Անիչկեն Խաչատուրի ասեղն էր թելում, ասում էր.

— Առ երեխեքիդ ու տղամարդուդ, գնա, էս տունն էլ պառավով, երանելիով, կրակ տուր, վառի: Ես մեղքը ինձ վրա կվերցնեմ: Ինձ ի՞նչ պիտի անեն, աղջի: Վառելու են՝ թող վառեն, ես էլ մի բան չեմ: Իսկ դու հոգիդ պրծացրու, բարաթ չես տվել աստծուն, ետ չես կարողանում առնել:

— Չէ, օրիորդ Անիչկա ջան,— ասում էր Զառեն,— բոլորս էլ աստծու մոտ բարաթ ունենք ու երբեք էլ ետ չենք կարողանա առնել: Որ հիշում եմ մեր հարևան ասորի Զենոբին, տասնմեկ տղա ուներ, բոլորին էլ աչքի առաջ մորթոտեցին, իրեն կենդանի թողեցին, մտածում եմ՝ բարաթը վերևում կա: Բա որ իմ հորն ու մորը կենդանի թողնեին ու նրանց յոթ որդուց մեկն էլ չփրկվե՞ր, թեկուզ ամենաանարժանը, անառակ, պնդերես, անխելք Զառեն, ու էդ հալից ընկած խեղճ ծերերը մնային, ի՞նչ պիտի լիներ վերջը: Ո՞վ պիտի հիշեր նրանց հիշատակը, ո՞վ պիտի Աղասի ու Մկրտիչ ծներ: Դե որ նրանց ծնեց Զառեն, երանելի ծուռվիզ Վաղինակ ու Շողակաթ կպահի: Կպահի, օրիորդ Անիչկա ջան, դեռ քեզ էլ պիտի պահի: Կուտեցնի, կխմեցնի, օրոր կասի կքնեցնի, վերջում էլ նա չհոգնեց, դուք կհոգնեք, կմեռնեք: Կգնաք, Զառեի հոգին կազատվի ձեզնից:

Օրիորդ Անիչկեն ծիծաղում էր ու բամփում էր Զառեի գլխին.

— Խելառ անտեր,— ասում էր,— բոլորս ցնորված ենք, բայց ամենամեծ ցնորվածր դու ես:

Ու իսկապես ցնորվում էր Զառեն, նայում էր հայելուն, ցնորվում էր: Խաչատուրի ասածն էր հիշում

…Ինչ էլ լինի քոյր իմ, քույր, հեռանալիս չանիծես

Խեղճ կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան:

Այդ օրը Խաչատուրը շատ հարբած էր ու լաց էր լինում:

— Լուսերեսին հիշեցի՞ր, Խաչատուր,— խղճահարված հարցրեց Զառեն:

— Չէ, Լուսերեսը անցողիկ վիշտ է, հիշածս անանցողիկ: — Ու էլի լաց եղավ Խաչատուրը:

Բայց Զառեն ցնորվում էր: Ի՞նչ անցողիկ ու անանցողիկ վիշտ:

Հայելու մեջ տեսնում էր սեփական արտացոլումը՝ սիրուն, ջահել, սիրակարոտ, ետևում՝ կուզի պես իր մեջքին կպած Խաթուն մերիկի տունը՝ քավորկնոջով, երանելի ծուռվիզ Վաղինակով, աչքի առաջ մուշ-մուշ քնած իր Մկրտիչ որդին, մյուս սենյակում, երանելի ծուռվիզ Վաղինակի մոտ նստած Աղասի որդին, ու էս բոլորը նույն տան մեջ, չորս պատի մեջ: Չորս պատից դուրս, Խաչատուրը, Խաչատուրից դուրս (որ խոր ձորում, որ քարի տակ) Հովհաննեսը, Հովհաննեսից դուրս՝ իր կրտսեր եղբայր Բարթիկը՝ աչքերը փակ, տապալված չինարի պես… Հետո՝ սուրբ Սարգսի մուրացկանները, Սիրուն Գեղամի գերդաստանը, հետո՝ Հովհաննեսի չորս տռճեները, հետո՝ Խաչատուրի մունջ Լուսերեսը, հետո նորից քավորկին Շողակաթը, հետո՝ էլի իր կրտսեր եղբայր Բարթիկը և իր ավագ ու կրտսեր որդիները, հիմա էլ՝ Թորգոմը:

Զառեն կանգնել, նայում է Թորգոմին, ու արցունքը աչքից ետ տալու համար գլուխը դեպի երկինք է բարձրացնում: Եկեղեցու գավթի նման, երկնակամարը արծաթե մշուշ է կապել աստղերից ու լուսինն էլ մի զանգ՝ դողացնում է աշխարհը իր ղողանջով:

Ղողանջը Զառեի հոգու մեջ է ու էդ տանջված, ցնորված հոգին մի բան է ուզում միայն, ընկնի Թորգոմի ոտքը, ապաշխարի, ասի.

— Իմ մատղաշ արագիլ, բարդու կատարին բույնդ թողած ու՞ր ես գնում: Բա չես լսու՞մ մորդ, քույրերիդ վայունը: Ինչի՞ց խրտնեցիր, Ափրոն էլ, իր բերդանկեն էլ հողի տակ, վաղուց փթել են, հորդ գլուխը հազիվ է փոշիներից վեր բարձրացել, էլ ոլոր–մոլոր ճամփաներին կորցրածը չի փնտրում, կորցրածը քո մեջ է գտել, ու՞ր ես գնում:

Թորգոմը կանգնել Զառեին է նայում, ականջը իրենց տան կողմը: Տնից խուլ, միալար բվվոց Է լսվում: Ոչ նվազում է, ոչ ուժեղանում: Նույն միալար բվվոցն է՝ առավոտից սկսվեց ու մինչև իմա շարունակվում Է:

– Զառե, լսու՞մ ես մեր տնից եկող բվվոցը մորս ձայնն է: Վաղը ռազմաճակատ եմ մեկնում: Զառե, գնում եմ, բայց չգիտեմ, ետ կգա՞մ: Ոնց որ թե, չպիտի գամ՝ առաջին գնացողը ետ չի գալիս: Մեր թաղից առաջինը ես եմ գնում:

– Առավոտն ես գնում, թե՞ իրիկունը,— հարցնում է Զառեն:

— Լուսադեմին:— Թորգոմը ժամացույցին է նայում:— Յոթ ժամ մնաց: Յոթ ժամով ո՞վ կհամաձայնի իմ կինը դառնալ, Զառե: Ո՞ր աղջկա բախտին քար գցեմ: Որ ես չգամ, իմ խեղճ մերը ու՞մ հույսին ապրի, Զառե, փեսեքի՞: Որ ետ չգամ, իմ խեղճ հերը ու՞մ տա իր անունը, կորչելու անուն էլ չի, փեսեքին խնդրի, որ իր անունը վերցնեն, չկո՞րչի,— Թորգոմը ասաց, վերջացրեց ու էլ չնայեց Զառեին, շրջվեց, գնաց տուն:

Զառեն մի քիչ նստեց առվի թմբին: Ականջի տակ, ճռռիկը սայլի չորացած անիվի պես, ճռռում էր, բայց չէր հեռանում, սղոցում էր սիրտը:

Կոշիկները հանեց, ելավ տեղից ու մտավ առուն: Ջուրը գլգլալով ինչ-որ մեկի այգին էր գնում, ու Զառեն ընկած հունի մեջ, տրվել էր նրա զովությանը, որ քիչ-քիչ բարձրանում էր մարմնով դեպի վառվող գլուխը: Հասավ իրենց տան դարպասին: Լույսերը մարած էին: Խաչատուրի լույսերն էլ էին մարած: Շարունակեց ճանապարհը ու ջուրը տարավ Զառեին, տարավ, հասցրեց վարժապետի տան առաջ: Դարպասը չթակեց կիսաբաց էր: Մտավ ներս ու նեղլիկ արահետը Զառեին բերեց, հասցրեց դռան մոտ: Դուռն էլ էր կիսաբաց: Զառեն չթակեց, հուշիկ ներս մտավ:

Թորգոմի մերն ու քույրերը գետնին նստած, առաջները լցված հողի կույտերից բուռ-բուռ վերցնում էին հողը ու իրենց գլխներին էին լցնում: Ոչ լաց էին լինում, ոչ ծպտուն էին հանում:

Զառեն մի պահ շվարած կանգնեց, նայեց նրանց ու դարձավ վարժապետին:

– Ձեր տղա Թորգոմը ու՞ր է,— հարցրեց:

– Դու ո՞վ ես, աղջիկս,— չտեսնող աչքերը Զառեին հառած վարժապետը փակեց ձեռքի գիրքը:

— Կինն եմ,— ասաց Զառեն:

Վարժապետը գիրքը մի կողմ դրեց, ելավ տեղից, եկավ կանգնեց Զառեի առաջ: Էլի հայացքը գցեց նրա աչքերին, երկար, շատ երկար նայեց, մեկ էլ մինչև գոտկատեղը խոնարհվեց Զառեի առաջ, ասաց.

– Իմ տան պահապան սյուն, իմ անուշ աղջիկս, բարով եկար, ես էլ փրկությունը գրքի մեջ էի փնտրում,— դարձավ կնոջն ու աղջիկներին, ասաց.

— Հերիք կռռաք, արագիլը եկավ մեր տանիքին թառեց: Ելեք, հարսի շորերը բերեք, զուգեք հարսին, էս գիշեր տղուս հարսանիքն է:

Կինն ու աղջիկները ելան տեղներից, հողը մաքրեցին, դուրս թափեցին տնից, Զառեին տարան խորքի սենյակը, հարսի շորերը բերեցին ու հագցրին, քողը գլխին գցեցին, տարան ամենախորքի սենյակի դռան մոտ, իրենք ետ դարձան: Զառեն դուռը չթակեց, հուշիկ բացեց, ներս մտավ: Տեսավ Թորգոմը նստած, իրեն է սպասում: Ասաց.

— Իմ մատղաշ արագիլ, ես որ երանելի ծուռվիզ Վաղինակի տունը մտա, անտեղյակ էի իմ բախտից, ուրիշներն էին որոշում կյանքիս ուղին ու որոշեցին, որ երանելի ծուռվիզ Վաղինակի կինն էլ պիտի լինեմ: Բայց որ մի քիչ մեծացա, սկզբում շատ փոքր էի, երդվեցի. Զառե, ասացի, դու քեզ բաժին հասած երանելի ծուռվիզ Վաղինակին չես թողնի, բայց էս դաժան աշխարհում, ծուռվիզ տղամարդուց որդի էլ չես ծնի: Դա էլ, հո քո որոշելու բանն է: Ու երկու տղա եմ բերել, երկուսն էլ ընտիր տղամարդուց, Թորգոմ, երրորդն էլ դու ես, իմ մատղաշ արագիլ: Որ ամեն ինչ իր կարգով գնար, քո հարսանիքի սինին գլխիս դրած, ես առաջինը պարելով կգնայի հարսնատուն, բայց հիմա ներող եղիր, մատղաշս, հարսդ ես եմ: Ել, գնանք, տնեցիք մեզ են սպասում:

Թորգոմը ընկավ Զառեի ոտքերն ու լաց եղավ:

— Իմ միակ սեր,— ասաց,— քեզնից սիրուն ու չքնաղ կին չեմ տեսել: Դու թագուհի ես, Զառե,— ասաց,— ու, որ ետ գամ, քեզ պիտի փախցնեմ, տանեմ Արագած, էնտեղ ապրենք, ձյուների ու ծաղիկների մեջ, որ չգամ, հիշիր՝ աշխարհում ոչ ոք ինձնից շատ քեզ չի սիրել:

Ելավ տեղից Թորգոմը ու Զառեին առած գնաց ծնողների, քույրերի մոտ:

Ծունկ չոքեցին վարժապետի ու նրա կնոջ առաջ՝ օրհնություն ստացան, սեղան նստեցին:

Մեծ գիշերն սկսվել էր, Թորգոմը Զառեին իր սենյակը տարավ:

Մի քանի օր հետո էլ Խաչատուրը գնաց ռազմաճակատ: Զառեն ճանապարհի կապոց արեց Խաչատուրի համար ու Աղասու, Մկրտչի հետ գնաց նրա տուն հրաժեշտ տալու:

Յոթ օր չէին հանդիպել, Խաչատուրը կարոտից գժված հարձակվեց Զառեի վրա: Զառեն խաղաղ ժպիտով ետ վանեց նրան.

-Ես Թորգոմի կինն եմ, Խաչատուր,- ասաց,- վարժապետի համար Վարդան թոռ պիտի ծնեմ:

© Ալվարդ Պետրոսյան

Share Button

3 Կարծիք

  • Flora Asryan says:

    Կարծես ժամանակագրություն լինի, ու կածես Ալվարդ Պետրոսյանն էլ ժամանակի ինչ- որ հատույթում իր հերոսների հետ միաձուլված ու թաղի ամփոփ շնչառություն դարձած`ապրել է հին Կոնդում, փորձել հաղթահարել ազգին պատուհասած բազմադեմ աղետը`կենսական ուժերն ի մի բերած:
    Գեղարվեստկան ոչ մի հնար, պատկերավորման ոչ մի միջոց ինքնանպատակ չեն վիպակում: Հեղինակին հաջողվել է ստեղծել մի ֆոն, կոլորիտային մի միջավայր, ուր ամեն ինչ` առուն, աղբյուրը, նույնիսկ փողոցի փոշին ու տապը, թթի ու ծիրանի ծառերը ոչ միայն ծավալվող գործողությունների մասնակից են, այլև յուրօրնակ գործիք`բացահայտելու կերպարները, օժտելու նրանց յուրօրինակ հմայքով` ի ցույց անելով յուրաքանչյուրի դրամատիկական ճակատագիրն առանձին վերցրած, և` ամբողջության մեջ: Առանձնապես խորություն է հաղորդված գլխավոր հերոսուհու`Զառեի, Խաթուն մերիկի, օրիորդ Անիչկայի կերպարներին, որոնցից ամեն մեկի խոհերի ու ապրումների մեջ անսպասելիորեն ճանաչում ես քեզ հանդիպած մարդկանց, ինքդ քեզ, վերապրում երբևէ քեզ համակած հույզերն ու զգացողությունները: Անհամեմատ թույլ է Հովհաննեսի կերպարը. ինչու՞ անսպասելիորեն անհետացավ, երբ կյանքի նպատակը գերդաստանի արժանավոր ժառանգ ունենալն էր, և ունեցավ: Ինձ քիչ են համոզում նաև վարժապետ Վարդան Հայրապետյանի ընտանիքի անդամների կերպարները: Սակայն…գուցե՞ դրանք պետք է դիտարկել վիպակի գլխավոր հերոսուհու կերպարի ամբողջականության ու առաքելության շեշտադրման կոնտեքստում: Ի վերջո հեղինակն ազատ է իր գործադրած հնարքների մեջ: Վարպետության խնդիր է…

  • Հար Հար says:

    -Ում թուր ու թվանքը ժանգոտած էր մեկին տասը փող վերցրեց, ումը ջարդված ու վառոդահոտ էր ձրի նորոգեց:
    -Ժողովու՜րդ, գաղտնիքն իմացա, մեր փրկութեան գաղտնիքն իմացա՝ գեշ ծնվեք, թուրքն էլ մատով չի դիպչի:
    -Օրիորդ Անիչկեն անամոթ ու կծու ծիծաղեց:

  • Մ.Մ says:

    Հրաշալի վիպակ:Ուղղակի խոսքեր չկան…հերոսների յուրաքանչյուր քայլը, արարքը, վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամաբ այնքան պատճառաբանված է, այնքան է համոզիչ ներկայացված, որ ուղղակի անտեղի են բոլոր տիպի քննադատությունները: Հուզիչ, ընկալելի, հարազատ.հուսատւ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *