Անահիտ Մխիթարյան | Ամեն ինչ ձայն է

Էլեկտրալարը,
որ
զարդարում է չոր աղմուկները
տափաստանների,
լցված է գայլի
ոտնահետքերով_
իմ
և
քո
փուլը
շարունակվում է…

 

***
այն պատուհանը, որ
իմը չեղավ,
առավոտները ջրից է
ծնվում,
ուր
աչքը
ջուր է,
ուր
ձեռքը
ջուր է,

ջու՜ր է…

այն առավոտը, որ
իմը չեղավ,
պատուհանների
ջրից է
ծնվում…

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ

մատնահետքերս
լույսը ճանաչեց,
ոտնահետքերս ինձ էին
փնտրում,
բայց ջուրը,
ջուրը,
ջուրն ինձ
չհիշեց_
իմ
և
իմ
միջև
Լեթան էր
հոսում…

 

***

ծովերի խորքում
աստղեր կան
քնած,
դիպել են նրանց
առկայծումներին…
ուշացածները
անուններ
չունեն,
Անա’նկե,
ո՞վ է
հայելիներին…

 

***

ամեն ինչ ձայն է,
դու ինձ լսում ես
միայն
հերցերով…

 

***
Վերադառնում են ծառերը ուխտից,
դառնում են տխուր,
չխոսկան մի հարս,
մանուշակներ են վերջին
կապույտում_
ո՞վ ինձ հավատաց…

 

***

վառարանը, որ
երկինք է այրում,
վառարանը, որ
թռչուն է այրում,
վառարանը, որ
անձրև է այրում
ու այրում է հող_
ծառն օրորում է
իր ներսի մանկան…

 

***

դատարկությունից հետո
աստղեր են…
պատերազմից էր իմ պապը պատմում….
երեքով էինք_
մայրս չխոսեց,
երկինքներ կային կարմիր հատակին,
… հենակով երկինք…

որքան դժվար է անտառը լռում,
երբ քամի չկա,

ռումբը չպայթեց…

 

***

կարմիրը՝ աքսոր,
կապույտը՝ աքսոր,
կանաչը՝ աքսոր,
պատուհաններին
հինգ_վեց մեխ կա
դեռ…

 

***

ճերմակ լոտոսի թերթեր
չեն մնա այս
ճահիճներից,
աստվածներն ամբրոս չեն մեկնի իրար,
է’լ կուռքեր են պետք, որ օրը բացվի,
Նիկեն է գնում.
թևերը կտրած…

 

***

աստղերը ձորում
խարույկ վառեցին,
Արևակռիվ եղավ
քարերի…

 

***

մշուշների մեջ
անծիր է երկճիչ,
Կապու՜յտ պտղաջուր՝
կորստյան ցավի,
արյուն եմ տալիս սաղմնանձրևներին՝
հանուն ուշացած մեր նախակյանքի…

կարապը լիճ է,
կարապը լիճ է,

կացին են ծաղկում ծառերը կարմիր…

 

***

տարամշուշը իջնում է ներքև,
դաշտերում միայն վաղենակներ են,
մեղուներն ուրցի բույրով են գնում,
ես թույլ եմ տալիս, որ
զատիկները վերև բարձրանան…

երկրպագության կորնթարդ ծես է
կեսօր անխախտ,

Դու հիշեցնում ես, որ
պիտի գնամ_

օրորոցները
մայրիկ են
կանչում…

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *