Մամուլի ազատությունը սահմանափակված է 37 երկրում: 54 երկրում բացակայում է քաղաքական ու ընդհանրապես քաղաքացիական ազատությունը: Իսրայելի անկախությունը չեն ճանաչում 24 մուսուլմանական պետություններ: Քո անկախությունը՝ ծնողներդ՝ մի ամբողջ կյանք, մի քանի ընկեր՝ ըստ նախասիրության, սահմանադրորեն՝ մինչև 18-դ լրանալը, իսկ հոգու խորքում՝ դու ինքդ, բայց մեկ-մեկ, երբ ուժ չկա, երբ պետք է հանգստանալ ու կախվել մեկնումեկից: Կամ՝ մեկնումեկից կախվելով հանգստանալ: Կամ՝ կախվել ու մեկնումեկից հանգստանալ: Ընթացքում կորոշես:
Բայց ի՞նչ էիր մտածում. հա, տեսնես աշխարհում կա՞ վիճակագրություն, թե միջինը որքան շաքարավազ են ավելացնում թեյում, քանի մարդ է ամռանը նարինջներ ուտում ու քանի հոգի է ապրելու որոշում կայացնում ամեն անգամ Միրաբոյի կամրջով անցնելիս: Բայց դա մի կողմ, հաշվե՞լ ես՝ քանի վայրկյան անճշտությամբ անցար փողոցն ու մարմինդ որ անկյան տակ հայտնվեց գետնին՝ թույլ, անկարող, հաշտված: Չես հիշո՞ւմ: Փոխարենը պատուհանից կարողանում ես ամեն օր հաշվել՝ քանի մանուշակագույն մեքենա է անցնում, եթե մանուշակագույն մեքենաներ, իհարկե, անցնում են ու գրել բլոկնոտում: Այսօր մեկն էր, երեկ՝ չորսը, անցած օրը չի անցել կամ չես տեսել, էդպես էլ է լինում: Ամեն կերպ էլ լինում է, չէ՞: Իսկ տեսնես մանուշակագույն մեքենաները ամեն օ՞ր են վրաերթի ենթարկում, թե ոչ:
Ու հիշում ես՝ վարորդի ոչինչ չհասկացող դեմքը ու բառերը մարդկանց աղմուկի պես. «անցնելու ժամանակը չէր, ոչ էլ տեղը»:
Դու սկսել ես խոսել ութ ամսականում: Հետո հասկացել ես, որ միշտ ժամանակից շուտ ես խոսում ու փորձել ես լռել: Երկար չի տևում: Շտապում ես: Շտապողը տղա չի ունենում, հանկարծ հիշում ես: Ինչ անիմաստ բան: Գուցե դու ուզում ես հենց աղջիկ ունենալ: Հետո մտածում ես, որ դրա մեջ էլ խտրականություն կա: Բայց, միևնույնն է, ինչո՞ւ հիշեցիր, ի՞նչ կարևոր էր: Ի՞նչ երեխաների ժամանակն է՝ դու հիվանդանոցում, մենակ-մենակ, ոչ ոք չի համարձակվում ինչ-որ բան հարցնել, անգամ մայրդ: Բուժքույրը մի երկու անգամ մտնում է սենյակդ՝ ստուգելու (ի՞նչ իմանաս՝ փողոցն էդպես անցնողը դռան փոխարեն պատուհանով չի ցանկանա դուրս գալ), մի երեք անգամ հարցնում՝ ինչ-որ բանի կարի՞ք ունես ու դուրս գալիս: Բայց իսկապես, ինչ-որ բանի կարիք ունե՞ս:
Ու դու մեկ անգամ կանգնեցնում ես նրան ու, իսկապես կարիք ունենալով պատասխանի, հարցնում՝ իսկ 1+1 հավասա՞ր է 2-ի ու նա նայում է քեզ երկար, ու թվում է՝ ձեռքը հիմա հեռվից կմոտեցնի, կդնի ճակատիդ, կհամոզվի, որ ջերմությունդ բարձր-բարձր է, մի քանի ներարկում կանի, հույսով, որ քնես, արթնանաս, կհիշես, որ 1+1=2: Եվ նա անհույս-անտարբեր գլխով է անում: Եվ դու ուզում ես նրան բացատրել, որ այո, իսկապես, 1+1=2՝ մաթեմատիկորեն, բայց, դուք չգիտեք, ճիշտը 1+1=1-ն է՝ մարդկայնորեն, սիրո լեզվով ասած: Չգիտեք, որ թվերի փոխարեն մարդիկ են լինում մեկ-մեկ, որոնք 0.5 չեն լինում, ու եթե 1 են, ուրեմն գումարը երբեք 2 չպետք է լինի: Մեկ են՝ մեկ կմնան, եթե ճիշտ են գումարվում, եթե սխալ չեն հայտնվել այդ խնդրում: Իսկ գուցե դու պարզապես սխա՞լ էիր հայտնվել: Դրա համար չգիտես՝ եթե Միրաբոյով քայլեիր՝ ինչ որոշում կկայացնեիր: Միրաբո չկար, բայց այլ տարբերակներ կային, որոնց ձեռքդ չգնաց: Փոխարենը տեսար՝ ինչ եղավ: Ու քանի որ, այնուամենայնիվ արթնացել ես, այնուամենայնիվ ինչ-որ մեկը հաստատել ու կնիքել է՝ պետք է ապրես, սկզբի համար որոշել ես, որ պետք է դուրս գրվել ու թողնել-գնալ: Փարիզ: Հավանաբար ուղեղի ցնցումը բավականին զգալի է, երբ ուզում ես գնալ մի տեղ, որը ամենավերջին տարբերակը կլիներ՝ ընտրություններից: Բայց հարկավոր է գնալ, հաշվել, թե սրճարաններում քանի մարդ է միայնակ նստած, օրական քանի հոգու են ամուսնության առաջարկ անում Էյֆելի մոտ (հոգոց, դու դա երբեք չէիր ուզենա, չնայած ո՞վ գիտի), սեփական փորձով համոզվել՝ քանի՞ ժամ կարելի է նստել Սենի ափին՝ ալիքներին նայելով:
-Ութ:
Երազ: Չէ, երազ չես տեսնում, գոնե հիվանդանոցում էդպես է, մի տեսակ չտրամադրող գիշերներ՝ անընդհատ (իսկ ըստ վիճակագրության՝ մարդիկ ե՞րբ են դադարում հիշել երազները): Հա, պարզապես հիշեցիր, որ անունը, որի պատճառով էս հիմար պատմության մեջ ես ընկել, բոլորին էլ հետդ գցել, երազ կամ երազանք էր նշանակում: Հետո հիշեցիր «Ռեքվիեմ երազանքի համար» ֆիլմը: Հետո հասկացար, որ սխալ տեղ է տանում, որ բոլոր արարողությունները ժամանակավորապես հետաձգվել են ու ամեն բան մնում է երազ՝ առանց հոգեհանգստի: Կամ մղձավանջ:
Փարիզում դու հաստատ մի քանի շաբաթում անգիր կիմանաս՝ ով որտեղ է թաղված Պեր-Լաշիզում, ու, չնայած մորդ զգուշացումներին, երեկոյան մի քանի անգամ կերևաս արվարձանային ինչ-որ տեղերում, ու մեկ-մեկ իմպրեզիոնիզմի կամ պոստ-մոդեռնիզմի շրջանի կտավներով պոստքարտեր կուղարկես՝ այսուայն կողմ: Ու մտքերը երևի առաջին անգամ չեն լինի այսուայն կողմ:
Ըստ վիճակագրության տեսնես քանի՞ մարդ է մնում, երբ նրանց ասում են՝ թող գնա, քանի մարդ չի թողնում մինչև վերջ խոսել ու համբուրում է դիմացինին, միայն թե չշարունակի նույն բանը ասել, իսկ քանի՞ս են լռում՝ մինչև անցնի գնալու ժամանակը, կուլ տալիս գնալը՝ բառերի հետ: Ըստ վիճակագրության՝ քանի՞ս են հիվանդանոցներում հայտնվում ամենակարևոր բաժանումներից հետո՝ զուտ պատահաբար, կամ քանիսն են նարիջներ առնում ու բարձրանում տուն՝ կարծես կյանքը շարունակվում է: Եվ գուցե իսկապե՞ս կյանքը շարունակվում է:
Բրելի «Մի լքիր դու ինձ» երգը 36,408,034 դիտում ունի: 36,408,034 մարդ չի՞ լքել՝ ըստ տրամաբանության: Կամ դարձե՞լ է ստվերը ստվերի, ստվերը ձեռքի կամ ստվերը շան: Բերե՞լ է մարգարիտներ այն երկրից, որտեղ անձրև չի լինում: Ինչ-որ բան առհասարակ փոխվե՞լ է: Որովհետև դու ոչինչ չարեցիր բացի էս հիմար սենյակում հայնտվելուց: Չնայած փորձում ես կապը չտեսնել: Բայց ամեն բան կատարվեց հրաժեշտից հետո. ժամանակում, երբ միևնույնն էր լուսացույցի գույնը, երբ աշխարհը շաղված-շաղված էր:
-Ինը:
Հետո չես հիշում էլ ոչինչ: Միայն մտածում ես՝ որ երբ մարդկանց աջ այտին հարվածում են, ձախը էդպես էլ չեն պարզում: Իսկ դու ճակատդ էլ պարզերցիր: Դրա համար հերիք է: Մեքենայի վարորդին ազատ են արձակել, նա քեզ ծաղիկներ ու շոկոլադ է բերել, կյանքը ոնց որ թե իր հունի մեջ է ընկնում, բայց մամուլի ազատությունը դեռ սահմանափակված է 37 երկրում: 54 երկրում բացակայում է քաղաքական ու ընդհանրապես քաղաքացիական ազատությունը: Իսրայելի անկախությունը չեն ճանաչում 24 մուսուլմանական պետություններ ու աստված գիտի՝ կճանաչեն, թե չէ: Իսկ դու վթարից հետո մի քիչ անկախ ես զգում, մտածում ես՝ դուրս կգրվես, վեր կկենաս ու կգնաս:
Իսկ ըստ վիճակագրության՝ քանի՞ս են վեր կենում ու գնում:
Շատ լավն էր,հատկապես 1+1 ի պահը