Անահիտ Ղիասյան | 1,5 ԿԳ


***
Փշալարերի կողքին կաղնու ծառն է թիկն տվել: Կաղնին հաստաբուն է, տասնյակ տարիների փորձն ամբարած, արմատներ գցած: Տերևաթափ է կաղնին, մերկացած ու սառած: Ճյուղերը ողորկ են ու դեպի երկինք հառած: Փետրվար ամսվա առաջին շաբաթն է: Կաղնու վերևի ճյուղերից մեկի ծայրին փոքրիկ, ղուն-ղունիկ սոխակ է նստել: Կնոջ ափի մեջ տեղավորվելու չափ փոքր է սոխակը: Դողում է մոխրասպիտակավուն թռչնակը ողջ մարմնով, փշրանքի կարոտ է: Ծառի պես մերկ ու անպաշտպան նայում է հեռուներին ու սպասում ձեռքին, որն իրեն նորից հաց ու ջուր կտա:
Փետրվարյան արևը սառն է ու հոշոտող: Շրջակայքը ամայացած է ու շնչավոր էակի հետք անգամ չի նշմարվում:
Մի քանի մետր հեռավորության վրա լսվում է գնացքի համաչափ շնչառությունը: Ո՞ւր է գալիս գնացքը: Փշալարերից այն կողմ կյանք կա՞:

Երկրորդ ամիսն է, որ K եկող գնացքները կանգնել են: Քաղաքից դուրս եկող փոխադրամիջոցների շարժիչների ձայները լռել են: K-ն նմանվել է քաղաք-թանգարանի, որտեղ զբոսաշրջիկներ չկան: Սեփական բնակիչներն են շրջում քաղաքում, բայց նայելու ու հիանալու շատ բան չկա. K-ում սարսափեցնող լռություն է, փակ են խանութների կեսից ավելին, փակ են մանկապատեզները, դպրոցներն ու սննդի կետերը: Քաղաքում լռությունն ու փոքր խմբերով իրար ականջի քրթմնջալու արարողությունը սահուն զուգակցվել են:
Քաղաքի կենտրոնական հրապարակում 3-4 հոգանոց խմբերով տղամարդիկ են կանգնած, ի՞նչ ասես` չեն քննարկում. Գագարինին տիեզերքից իջեցնում են, Վանգայի երազները վերլուծում: Խոսք ու զրույցից շատ բան չի փոխվում. K-ն շարունակում է շրջափակման մեջ մնալ ուղիղ 48 օր:

***
Երկհարկանի սեփական տան գույնը խամրել է անձրևներից ու քամիներից: Հնամաշ տան արտաքին տեսքից իսկ կարելի է կռահել, թե քանի սերնդի պատմություն է թաքնված փոշոտ քարերի արանքում:
Դանիելյանների տունը Բեկյան 4-րդ փողոցի 2-րդ նրբացքում է: K-ում տիրող լռության փոխարեն արտասովոր շարժ է տանը: Տան անդամներից յուրաքանչյուրն իր անելիքների մեջ էր խորասուզված, երբ ներս մտավ 19-ամյա Սյունեն.
– Տա’տ, մազերս ա~յ սենց կհյուսես, շորի հետ սիրուն կլինի:
– Նայեմ Սյունե’ ջան, հա’ բալես, բա ոնց չեմ հյուսի, իմ մարա~լ, իմ ջեյրա~ն:
Սյունե մեծը նայեց Սյունե կրտսերին, հիացավ բոյ-բուսով, գոհացած շունչ քաշեց, բայց մտաբերեց որդուն` երիտասարդ տարիքում, պատերազմում զոհված Սյունեի հորը. «Երնե~կ Ավոս ողջ լիներ, աղջկա թագ ու պսակին ներկա լիներ»:
– Սյունե’, մնաց շորի փեշերը կարեմ ու անպայման կփորձես,- ասաց երիտասարդ տարիքում ամուսնուն կորցրած այրին` երջանկության ճամփեն բռնած աղջկան:
Շրջափակման մասին Դանիելյանների տանը շատ չէին խոսում, ամեն օր արթնանում էին նոր հույսով, սպասում էին ու լռում: Իրենց տանը սպասվող ուրախության լուրով էլ շատ չէին կիսվում. մարդիկ սիրտ չունեին լսելու, պահն էլ ամենալավը չէր:
Թե ինչքա¬՞ն կտևեր K-ի շրջափակումը ոչ ոք չգիտեր: Քաղաքն օր օրի ավելի խոցելի էր դառնում: Միայն սնունդը չէր հարցը, Փառք Աստծո, հաշվարկով ապրող տնային տնտեսուհիները լցրել էին ամբարները, պահածոները հարկերով շարել, հոնի ու բալի կոմպոտներն էլ ապահով տեղ թաքցրել: K-ի ազատությունն ու օդն էի 48 օր փակել: Մարդուն կարող ես տալ աշխարհի ամենաթանկ սնունդն ու հագուստը, բայց, երբ խլում ես նրա ամենաթանկն` ազատ թռչելու կարողությունը, նա դառնում է փշալարերին նստած մի սոխակ, ով երգելու հավես ու ցանկություն չունի: Անազատության մեջ գտնվող մարդը չորանում է ներսից, գաղափարներն առաջ չեն գնում, սառցակալում է նրա միտքն ու սպասում արևի մի շողի, որ ձնհալ սկսվի:
– Սյունե’ ջան, էդ փեչի վրա մի քանի կարտոշկա դի’ր, չկա-չկա պլեճ կուտենք:
– Լավ պա’պ, հիմա կբերեմ:
Վառարանի մեջ փայտի չորրորդ կտորն ավելացավ, բայց մեկ է, մի տեսակ առաջվա ջերմությունը չկար, տունը չէր տաքանում: Հոր խրոխտ դիմագծերը ժառանգած Սյունեն իջավ նկուղ, ցրտից սրթսրթաց, լույսի ճտիկը միացրեց ու մնաց անշարժ:
48-օրյա շրջափակումը կղզիացրել էր քաղաքն ու մարդկանց, հետոյի մասին մտքերը մշուշվել ու անէացել էին: Ներկան ուժեղ գլխացավով էր, բայց գնացքները կանգնել էին ու K անալգին չէր մտնում:
Փոշոտ դարակների վրա Դանիելյանների տան ապրուստն էր փայլում: Փայտե տախտակներին շարված էր այգու բարիքների մեծ մասը` կեսը կոմպոտ էին դարձել, կեսը ջեմ: Սյունեն շրջվեց, գնաց սենյակի մյուս ծայրը, ժանգոտ մեխից կախված էին քանիցս օգտագործված տոպրակները: Օրիորդը վերցրեց դրանցից ամենափոքրը, 5 կարտոֆիլ լցրեց մեջն ու բարձրացավ վերև:
– Հետդ մի հատ էլ բալի կոմպոտ բերեիր էլի,- ասաց պապը` նայելով տոպրակին:
– Հիմա կիջնեմ պա’պ,-խաղաղ ու անտրտունջ ասաց Սյունեն:
Նկուղից հնության և անորոշության հոտ էր գալիս: Ձեռքը երկարացնելով և 3 լիտրանոց բանկան վեցնելով` սևաթույր գեղեցկուհին հիշեց, որ ուղիղ 3 օրից իր հարսանիքն է: Առաջին միտքը, որ սթափեցրեց իրեն, հետևյալն էր. «Ի՞նչ պետք է դնեն սեղանին, խնամիների առաջ»:
– Սյունե’ ամեն մեկիս 1 կարտոֆիլ ես բերե՞լ,- ասաց պապն ու մոտեցավ վառարանին:
– Պա’պ, դե հինգ հոգի ենք, քանի՞ հատ բերեի, 1 հատից ավել ո՞վ կուտի:
K-ում սիրված ընտանիքի անդամներն էին յոթ տասնամյակը բոլորած պապը, նրան տարեկից տատը, մոտ երկու տասնամյակ առանց ամուսին ապրող հարսն ու իր երեխաները` 19-ամյա Սյունեն և 17-ամյա Տիգրանը:
-Սյունե’, արի’ շորդ վերցրու, տա’ր փորձի,- սպիտակ թելը ատամով կտրելով` ասաց ժամանակից շուտ սպիտակած տիկին Վեհանուշը:

***
Սյունեն ու իրենցից յոթ տուն հեռու ապրող Կարոն նույն դասարանում էին սովորում: Բարձրահասակ, գծած աչք-ունքով երիտասարդը Կարապետյանների տան հպարտությունն էր: Երիտասարդ տղայի ու աղջկա սերը չափ ու սահման չէր ճանաչում: Դպրոցն ավարտելուց կարճ ժամանակ անց` Կարոն տնեցներին հաստատուն հայտնեց.
– Սյունեին հարս եմ բերելու, ինձ կին դարձնելու:
Փետրվարի 10-ին հարսանիքի օրն էր նշանակված: Դեկտեմբերի վերջին շաբաթն արդեն K եկող գնացքի ձայները լռել էին: Քաղաքի բնակիչները լավատես էին, շատ բան էին տեսել, շատ բանի միջով անցել, հիմա էլ մտածում էին. «Մի քանի օր կանցնի, ճամփեքը կբացեն»: Բայց օրը դարձավ ամիս ու մի բան էլ ավել: Հարսանիքի պատրաստություն տեսնող ընտանիքի համար անորոշությունն արդեն անհագստացնող էր դառնում:
– Պլեճը պատրաստա, եկե’ք բալեքս, ուտենք, տեսնենք գլխներիս ինչա՞ գալիս,- ասաց Հայկազ պապն ու ոտքերը քարշ տալով` մոտեցավ սեղանին:
Հենց այդ պահին ներս մտավ Սյունեն, ով հագել էր իր մոր կար ու ձևի գլուխգործոցը` սպիտակ, հարսանեկան զգեստը:
– Ղաշա’նգ ես, ղաշա’նգ,- Սյունեի կողքը խմբվեցին մայրն ու տատը:
Երկու այտերը ջերմ համբուրեցին, գրկեցին իրենց գեղուղեշ աղջնակին ու ամեն մեկը մտքում մի երազանք պահեց:
Պապի սարքած պլեճն ուտելուց հետո` գնացին քնելու ցուրտ սենյակերում: Տաք վերմակներով ծածկվեցին, դրսում թողեցին քթի ծայրերը, որ օդ գնա ներս: Սյունեի մայրը գիշերն անհանգիստ էր, երկու օր էր մնացել աղջկա թագ ու պսակին: Ողջ գիշեր շուռումուռ եկավ, տանջող միտքը հետևյալն էր. «Իր ունեցած «տալոնով» կկարողանա՞ 1,5 կգ բրինձ վերցնել»: Հարսանքի սեղանին շատ բան չունեին դնելու. երկու հավ էին պահում, պետք է դրանք խաշեին, հավի ջրով էլ ուզում էր բրձով փլավ սարքել: Հյուրերը շատ էին, Կարոյենց ցեղը մեծ է, գոնե փլավը շատ լիներ, որ մարդիկ սոված հետ չդառնային:
Առավոտը լուսանալուն պես`տիկին Վեհանուշը հագավ հնամաշ, մոխրագույն վերարկուն ու դուրս եկավ: Արդեն տասներորդ օրն էր, որ K-ի բնակիչներն ուտելիքը «տալոնով» էին ստանում: Քաղաքի կենտրոնական հրապարակում առավոտից մարդիկ էին խմբվել. կիսատությունից քնել չէր լինում, օդը ծանրացած էր քաղաքի վրա: Տիկին Վեհանուշը այնքան արագ էր քայլել, որ կես ժամ շուտ էր հասել. խանութը դեռ բաց չէր:
Իրենից առաջ մի տղամարդ ու մի կին էին կանգնած: Մի քիչ զրուցեց հետներն ու սկսեց տալոնի վրա գրված տողերին անհանգիստ նայել. «1,5 կգ բրինձ»:
Արևի այտի փոսիկը խորացավ ու այն սկսեց ավելի լայն ժպտալ: Արևից ջերմանալով` տիկին Վեհանուշը մոտեցավ կիսաբաց պատուհանին:
– Բարև Ազգուշ տոտա, 1,5 կգ բրինձ կտա՞ս:
Տիկին Ազգուշը բրինձը խնամքով լցրեց տոպրակն ու տվեց իր վաղեմի ծանոթին:
Դեպի տուն ճանապարհը ոլոր-մոլոր, նեղլիկ փողոցներով էր անցնում: Տոպրակը ձեռքին տարուբերելով` քայլում էր տիկին Վեհանուշն ու ինչի մասին ասես` չէր մտածում: Աշխարհի դրվածքից շատ բան չէր հասկանում, ինքն էր` իր սիրելի ընտանիքը: Զգում էր միայն, որ ժամանակներն ուրիշ են, ցավեցնող ու անորոշ:
Փոքրիկ լայկան կրնկակոխ հետևում էր նրան, աչքն անընդհատ տոպրակի կողմը: Մեկ էլ տիկին Վեհանուշը զգաց, որ շունը քաշում է տոպրակից: Մոխրասպիտակ լայկան սուր ատամները մի քանի վայրկյանում մխրճեց տոպրակի մեջ ու միջի պարունակությունը սկսեց արագորեն թափվել: Փոքր անցքն էլ հերիք էր, որ բրնձի հատիկները հոսեին ջրի պես:
Այլևս ուշ էր որևէ բան փոխել. ո’չ բրինձ կար, ո’չ էլ մեկ ուրիշ տալոն:
***

Հասավ տուն, վերարկուն հանեց, մի կերպ մեկնվեց բազմոցին: Սկեսուրը զգաց, որ հարսի հետ մի բան այն չէ, մոտեցավ, կանգնեց առջևն ու կամաց հարցրեց.
– Հը՞ն, ինչա՞ եղել:
– Բրինձը թափվեց:
– Ա’յ դա լավ նշան է, էն էլ հարսանիքի նախաշեմին, մի բոլ առատություն է լինելու, ճամփեքն էլ բացվելու են,- իրեն բնորոշ լավատեսությամբ ասաց իմաստուն կանանց բնորոշ ինտուիտիվ մեծ ձիրք ունեցող Սոսե մեծը:
Ողջ օրը մի լավ չարչարվեցին, տունը տեղը տեղին մաքրեցին, վարագույրները լվացին, կախեցին, սպիտակ, օսլայած հարսի շորը արդուկեցին ու բոյով մեկ փռեցին դատարկ անկողնու վրա: Հայկազ պապը հավ մորթելու սուրբ պարտքը վերցրեց իր վրա: Մորթեց տնական հավերին, լվաց ու դրեց մի սառը տեղ:

***
– Շորս սիրունա՞, հո փեշը ծուռ չի՞,- անհանգիստ ու խառնված արդեն հարյուրերորդ անգամ հարցնում էր Սյունեն:
Մայրն ու տատն ամեն կերպ հանգստացնում էին, շորի փեշերն ուղղում, մեկումեջ էլ ճակատին մեղրահոս համբույր դրոշմում: Պապն ամենից անհանգիստն էր, այդ օրը սովորականից քչախոս էր ու մտքերով: Իր ավագ որդու` Սեդրակի աղջկան` Սյունեին էր ամուսնացնում, ո՞նց մտահոգ չլիներ:
K-ում իրավիճակը նույնն էր, նույնիսկ Սյունեի հարսանիքի օրը: Փշալարերն ամուր պաշտպանում էին քաղաքի անդորրը, բայց ազատ տեղաշարժվելու ունակության բացակայությունն իզոլացնում էր մարդկանց մտքերն ու կտրում աշխարհից:
Աշխարհից կտրված քաղաքում փետրվար ամսվա 10-ին` առավոտյան 11:30-ին, մուգ շագանակագույն կոստյումը հագին, փունջը ձեռքին, բարեկամների ուղեկցությամբ Դանիելյանների տանը մոտեցավ Կարապետյանների ավագ որդին` Կարապետը:
Դրկիցները դուրս էին եկել տներից, սառույցին հողաթափերով կանգնած` ծիկրակում էին ու ի սրտե ուրախանում գեղեցկուհի Սյունեի երջանկությամբ: Այնպիսի իրավիճակ էր, կարծես, ոչինչ չի փոխվել K-ի կյանքում, ամեն բան նույնն է ու սպասվող գարունը արթնացնելու է քնած քաղաքն ու նրա բնակիչներին:
Մինչ խնամիները մոտենում էին տան դարպասներին` Սյունեի տատը վերջին օրհնանքն էր ուղղում թոռանը` ձեռքերը երկինք պարզած` Աստծուն վկայակոչելով:
– Բալա ջա’ն, թագուհի ջա’ն, մի մաղթանք կասեմ, կարողա էս պահին զարմանաս, բայց ողջ կյանքդ կհիշես, ժամանակին ինձ տատս է ասել ու ես ողջ կյանքս էդպես եմ ապրել. «Խոսելն էրծաթ է, չխոսելը ոսկի»: Ուզում եմ ասել, որ քեզ վրա խոսացողներ շատ կլինեն, բամբասողներ էլ կլինեն, վատը կամեցողներ էլ: Ինչքան էլ զայրացած լինես, ավելի լավ է լռես: Լռությամբ կհաղթես նույնիսկ ամենանենգ մարդուն:
Հարսանիքի պատրաստությունը տեսնելիս Կարոն ու Սյունեն որոշել էին, որ երաժիշտներ պետք է լինեն, բայց K-ում տիրող լռությունը իրենց ստիպեց լռեցնել նվագի ձայները:
Հարսանքավորների մի մասը հուզված էր, մի մասը հետաքրքրասիրությամբ լցված, մի մասն էլ` անորոշ զգացումներով: Կարոյի սիրտը բնից դուրս էր գալիս, ուզում էր հարսի ճերմակ զգեստով տեսնել իր նորահարսին:
– Համեցե’ք, համեցե’ք,- լռությունը խախտեց Հայկազ պապը:
Ամենասպասված պահը Սյունեի և Կարոյի հանդիպումն էր: Նեքևից վերև մեկ հայացք գցելուց հետո` Կարոն հասկացավ, որ սևաթույր գեղեցկուհին աննման է ու այսօրվանից իրենն է:
Բոլոր արարողությունները տեղը տեղին արեցին, խմբվեցին սեղանի շուրջ: Սպիտակ սփռոցի վրա ընդամենը մի քանի բան էր դրված. երկու խաշած հավ, տնական պանիր, տնական թթու, ջրեղենն էլ` Հայկազ պապի քաշած օղին էր ու տատի պատրաստած հոնի ու բալի կոմպոտները:
Կենացները քաղցրացան, Սյունեի ձեռքը տվեցին 7-ամսական Դավիթին, մի բոլ բարեմաղթանք ասեցին ու էլ կենաց չմնաց, որ չխմեն:
Մի լավ քեֆ-ուրախությունից հետո Սյունեն հին ու նոր հարազատների ուղեկցությամբ դուրս եկավ հայրական տան շեմից ու գնաց Կարոյենց տուն` հարսնության:
Ավանդույթի համաձայն` մեղրն ու պոպոքը կերան, ափսեները կոտրեցին, եղածի չափով սեղանի բարիքներից օգտվեցին ու կեսիգիշերն անց հյուրերը սկսեցին լքել Կարապետյանների տունը: Գիշերը բացեց իր սևորակ աչքերն ու վայելեց նորապսակների շրթունքների շարժը:
***
Փշալարերի կողքին թիկն տված կաղնին կանաչել է, բարալիկ ճյուղերից մեկի վրա երգեցիկ սոխակ է նստել: Փոքրիկ թռչունը հանգիստ նայում է հեռուներին ու իր փոքրիկ մարմնով մեկ զգում` ազատության շունչը:
– Ճամփեքը բացե~լ են, ճամփեքը բացե~լ են,- ուրախությունից ճչում է տիկին Վեհանուշը:
– Բա որ ասում էի բրինձը խերովա, լցվեց ճամփին ու իր հետ բերեց լիություն,- հարսի ոգևորությանը հանգիստ ու ինքավստահ պատասխանեց «տիեզերքի նշաններից» շատ բան հասկացող Սոսե մեծը:

***
Անսովոր աշխուժություն ու տոնական տրամադրություն է K-ում: Սիրված զույգի հարսանիքին շատերն էին սպասում: Հերթական հարսանիքներից մեկը չի լինելու, Սյունե և Կարո Կարապետյանների «ոսկե հարսանիքն» է: Թոռնատեր ու ծոռնատեր Կարապետյաններին բոլորն են սիրում ու հարգում: Հարսանիքն անելու են տեղը տեղին` ընդունված ավանդույթների համաձայն:
– Տա’տ, արի շորդ ուղղեմ, շատ սիրուն ես տա’տ,- տատի տեսքով հիանալով`ասաց Սյունե 3-րդը:
Էլ երգ, էլ պար, էլ դհոլ, էլ զուռնա. Կարապետյանների «ոսկե հարսանիքը» միավորել էր բոլորին: Երեկոյի վերջում սեփական տան սեղանները բացվեցին, համադամ ուտեստները իրար կողք կողքի շարվեցին: Սեղանները ծփում էին առատությունից ու լիությունից:

Սեղանին բրինձ էլ կար:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *