Անահիտ Հայրապետյան | Կինը

ԿԻՆԸ

Կինը, ով ունի մեծ փոր,
որի մեջ սակայն չի վազում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի երազում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի ընդվզում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի բողոքում եւ ոչ մեկը ,
որի մեջ սակայն չի գլորվում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի մեծանում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի ճամփորդում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի զրնգում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի ուտում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի կառուցում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի շռում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի ժպտում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի թռչում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի երգում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի խլրտում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն չի տխրում եւ ոչ մեկը,
որի մեջ սակայն անձրեւ չի տեղում ու միշտ տարվա նույն եղանակն է,
որի մեջ ծառեր չեն աճում ու ձմռանն էլի տաք է,
նայում է պատուհանից,
դիմացի շենքի կտուրի ալեհավաքին հանգիստ նստել է սպիտակ աղավնին,
որը չի գլորվում,
որը չի մեծանում,
որը չի ճամփորդում,
որը չի ուտում,
որը չի ժպտում,
որը չի զրնգում,
որը չի կառուցում։
Գրեթե անշարժ ալեհավաքին նստած աղավնուն ակնդետ նայում է կին, ով մեծ փոր ունի։

Կինը

(երկխոսելու փորձ)

Ժամանակը հետեւիցս ընկած՝
պոկում է ազդրերս, ծամում, թափում,
ես իդալական մամա չեղա քեզ համար, տղաս,
պոկում է կոպերս ու թափում,
ես բարկացա քեզ վրա, տղաս,
աչքերս մնացին ցից ու արյունով լեցուն,
մահակով հետեւիցս ընկած…
ես բարկացա քեզ վրա, տղաս,
տակդ չիշիկ արած, տակդ ախկո արած ու երջանիկ,
ժամանակը վիզս ծակել, կախվել է ներս,
ես ծերանում եմ, տղաս,
մարմինս՝ անճանաչելի գեր,
ես հին մարդ եմ արդեն, տղաս,
աչքերս երկար կյանք չունեն առանց կոպեր,
դրանք թռան ներքեւ,

(խոսելու փորձ)
ցեխի վրա՝ մի զույգ աչքեր,
տեսնում են դեռ քայլերը պիրկ՝ կա-նաչ-ծա-ռեր, կա-նաչ-ծա-ռեր,
կուրծքս դեմս տված՝ առա՜ջ, հազիվ առա՜ջ, առա՜ջ, միայն առաջ,
մահակ, պայթյուն, վտանգ, կենաց-մահու կռիվ,
ես կին եմ, տղաս,
ես կին եմ…
ու դա ես հպարտորեն եմ ասում,
մահվանից առաջ,
երբ աչքերը երկար կյանք չունեն առանց կոպեր,
երբ էլ չեմ տեսնում,
տրորվեց տեսողությունը իմ,
ցեխի վրա՝ մի զույգ աչքեր։

 

Կինը

տատս դեռ չի մահացել
բայց ես նրան կարոտում եմ
ես գիտեմ որ սարսափելի բան եմ ասում
ու որ շատերը կսկսեն ինձ ատել սա գրելու համար
ես գիտեմ որ հայրս հորեղբայրս հորաքույրս մայրս ու մյուսները շատ կտխրեն երբ նա չի լինի
ես գիտեմ որ նրան անսահման կարոտելու եմ
ինչպես հիմա
չէ ավելի ուժեղ
շատ ուժեղ եմ կարոտելու
ու ես հեռու եմ նրանից
ու ես չեմ կարող գրկել նրան գոնե երբեմն ավելի հաճախ ու թեթեւակի հույս տալ ոսկրացող մարմնին որ գարուններ կգան ու մեր սարերը կրկին կծաղկեն
որ մենք կխոսենք գուրանի մասին ու գիդիկի ու մեր սարերը կրկին կծաղկեն
ու խոտերը էլի կհարվեն ու էլի կլինեն անհանգստություններ հնարավոր անձրեւի տեղալու մասին
տատս ջահել տատս
տատս սիրուն տատս անեծքներ է տեղում ճտերի գլխին
հավերի գլխին
իր անցած դժբախտությունների գլխին
տատս սիրուն տատս
առաջին անգամ ինձ պատմեց մահվան մասին ես հինգ կամ վեց տարեկան էի
նրա ծոցում սպիտակ ծաղկավոր գիշերանոցի ծալքերի մեջ փակված
տատիս հոտը անուշ տատս ջահել տատս
քույրս՝ ինձնից փոքր, տատս՝ մի անկողնում
որի մետաղական իրար խաչված լարերը հատուկ ճկվելու հնարավորություն ունեին
մենք երեքով այդ գիշեր բացեցինք մահվան գաղտնիքը
հենց այդ ճկվող ցանցի վրա
տատս մեզ երկուսիս շշնջաց, որ մարդիկ մեռնում են
ու ես ինձ հիշում եմ հոնգուր հոնգուր հոնգուր հոնգուր
ճիշտ ինչպես հիմա
գրում եմ տեքստն այս հոնգուր հոնգուր
տատս ծիծաղում էր մեզ վրա
իր երիտասարդ ու չարաճճի ծիծաղով
ընդհանրապես նա սակավածիծաղ մարդ է
բայց այդ օրը աչքերից թափվում էին զվարթ արցունքներ
հոնգուր հոնգուր հոնգուր հոնգուր
տատս բարեկիրթ մի կին
աշխատել է դաշտում
ձի է բեռնել ու ունեցել է նա երեխաներ
Աբո Ժուլետ Գիրո
թոռներ ծոռներ
տատս թիթեռ ու թեւ
տատս ժիր ու թեթեւ
տատս կրակ ու բեռ
տատս ոսկե արտեր
տատս եզակի սեր
տատս տանտեր տատս սրտակեր տատս տատս տատս
ինչ լավ ա որ տատս դեռ չի մահացել ու ես ինձ զգում եմ աշխարհի ամենապաշտպանված մարդը
երբ տատս սկայպի դիմաց նստելով գլուխը տմբտմբացնում ա
թե ինչ գործ ունեմ ես օտար այս հողում

 

էշացած լրիվ

ես գիտեմ իմ մասին ես մտածում
ու երգեր մռմռում իմ մասին
սաթի մեջ կորած ձորեր
ու լուսին նստած քո մեջքին
թեյի մեջ փոթորիկ
բիբի մեջ անձրեւ
մազերս վարարուն մի գետակ
պայտերով կաղին ես կոտրում
ու զգում քեզ լրիվ դատարկ
աչքերդ էշի պես հառել
սենյակի դանդաղ անկյունին
կոնքերիդ լույսի շողեր
ու կծու մի երգ իմ մասին
ես գիտեմ իմ մասին ես երազում
ու երգեր մռմռում իմ մասին
լացիս մեջ բյուրեղյա շապիկ
որ ունես հիմա քո հագին
շուրթերդ հասան պռնկին
այրվեցիր թռար քո տեղից
ճաքերը ի վերջո հատան
մարմինդ մի հազար տեղից
ու հիմա սոսինձը առած
աստղեր եմ դնում քո մեջքին
ես գիտեմ իմ մասին ես մտածում
ու երգեր մռմռում իմ մասին

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *