Մհեր Արշակյան | Անձեռագիր տողեր-2

 

* * *
Վիրտուոզ հարբեցող էր` օրորվում էր ուղիղ գծով:

* * *
Դավաճանեց առանց կարմրելու: Որովհետև հավատարիմ էր կապտուկներով:

* * *
Այնքան համեստ էր, որ լռում էին նույնիսկ նրա տպված բանաստեղծությունները:

* * *
Նա պճնվում էր ուրիշների դևերով:

* * *
Միակ սխրանքը սիրելն է` իմանալով, թե ինչ է սերը:

* * *
Նրա հմայքից նույնիսկ խաչքարերն էին շիկնում:

* * *
Օրիորդ, ինձ նորից սիրել պետք չէ, ուղղակի շարունակեք…

* * *
Կանայք չեն սիրում պատմել միայն այն գաղտնիքները, որոնք նրանց դեռ չեն ասել:

* * *
Ասում է` մենք երկուսս էլ այնքան նիհար ենք, որ իրար ոչնչով լրացնել չենք կարող:

* * *
Չնվիրված աստղերը չեն հավատում սիրուն…

* * *
Նրա ձայնի մեջ ասես երկինքը փորձարկում էր ամպրոպը:

* * *
Կյանքի երկրորդ մասում նա Կույս համաստեղության ծնունդ էր:

* * *
Իմ առաջին սերն օժտված էր Քրիստոսի երկրորդ գալուստով:

* * *
Իսկական աղքատի մասին նույնիսկ զուգարանի ճանճերը պատմելու բան չունեն:

* * *
Հիմարը փոքրամասնություն է միայն անտեղ, որտեղ լռում են բոլորը:

* * *
Նրա սեռական երևակայությունից կանգնում էր միայն արձանը:

* * *
Ներողություն, ձե՞ր մուսան է խցանվել Սարտրի «Սրտխառնոց»-ում:

* * *
Նա կնոջից թաքնվում էր երկնքում:

* * *
Գեղեցիկ շուրթեր չունե՞մ: Նրանք չգիտեն քո անունը…

* * *
Ապրեց, ինչպես մեռնելու սևագիր:

* * *
Ամուսնական հավատարմությունից միայն սիրուհիներն են շահում…

* * *
Գեղեցկուհի, կներեք, այդ երազն զբաղված է:

* * *
Համատեղության կարգով նա նաև ամբողջ աշխարհն էր:

* * *
Մի կերպ կյանքի նշանները նա ժառանգել էր հորից…

* * *
Աղջիկն ինչ-որ բան առաջին անգամ անելու զոհն էր…

* * *
Սեքսի մեջ նա նման էր յոթերորդ երկնքից իջնողի…

* * *
Ընդհանուր բարձին մի երազ պակասում էր:

* * *
Վրձինը նրան այլանդակեց դեռ կտավին չհասած:

* * *
Իմ կոշիկներն ավելի մոտ են ճշմարտությանը, քան` քո ոտքերը:

* * *
Սուրբ տեղը բավարարվեց նրա դատարկությամբ:

* * *
Այն, որ դուք կաք իմ կյանքում, նույնիսկ ձեր գործը չէ…

* * *
Իրենց օդային համբույրները նրանք ուղարկում էին դիվանագիտական խողովակներով:

* * *
Այնքան վարպետորեն էր թաքնվել, որ չգտան նույնիսկ ինքնանկարում:

* * *
Մոլորակում մոլեգնում է միայնակ մարդու համաճարակը…

* * *
Նա հետմահու հարաբերությունների հոգեբան էր…

* * *
Ընկերներ, հանգուցյալը դեռ չի ավարտել…

* * *
Անարատ հղիությունից նա սպասում էր անձամբ իրեն:

* * *
Բանաստեղծությունն իր ոտքով էր փախել նրա մուսայից…

* * *
Ժողովրդին արժանի իշխանությու՞ն: Ոչ: Նրանց` իշխանությունը, ժողովրդին` նրանց«արժանիքները»:

* * *
Նրա անմեղությունն ինձ տպավորեց դեռևս ցցված միջնամատից:

* * *
Եվ դու էլ, սիրելիս, կլինես իմ թանգարանը…

* * *
Ձեր վերջին բանաստեղծությունից «ծիկրակող» Բրոդսկին նույնիսկ սկսնակ էլ չէ…

* * *
Առաջին գիշերը նրան դավաճանեցին վերջույթները…

* * *
Սառած կրքից խաղաղ բան չկա…

* * *
Գիտե՞ք, ձեր ոչինչ չասելը մոռանում է լռել:

* * *
Կներեք, ձեր ոտքերն անավարտ են…

* * *
Սերը հավերժ է: Անցյալն` ավելի:

* * *
Նույն հիվանդությունից բուժվելն ու փրկվելը նույնը չեն…

* * *
Հերոսները խոցելի են: Մահը նրանց դարձնում է անխոցելի:

* * *
Անանց սերն արդեն նրա թիկունքում էր…

* * *
Հավատարիմ լինել սովորել էր սիրուհիներից…

* * *
Առանց հույսի աբսուրդ չկա:

* * *
Նրա բանաստեղծություններում ոչ մի բառը մյուսի հետ լեզու չէր գտնում…

* * *
Ժպիտն այդ էն գլխից էր պաշտպանված թզենու տերևով:

* * *
Սևանի սառցակալումն սկսվեց հենց նրա աչքերից…

* * *
Այդ ծառը թիկունք ուներ…

* * *
Բանաստեղծությունը սիրահարների դիմահարդարման սրահն է…

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *