Տե՛ր, փրկիր ինձ այս ձմեռվանից,
Հարևանից անզգույշ,
Գազի արտահոսքից,
Քարուքանդ մետրոյից պաշտպանիր ինձ, Տե՛ր։
Շունչս չփչած հողը իջնելուց, այն է՝ քաղաքից այս,
Կայարանից,
Հոմոֆոբիայից,
Հոմոֆոբիայից՝ կայարանում
Ոստիկանի պես մի պաշտպանիր
Օրենքից,
Չէ, օրենքի ծակուծուկերում վխտացող առնետներից,
Ուժից ամենազոր և փառքից,
Ամենակարող Սուպերմենից և ագահությունից ինձ հեռու պահիր,
Ներսումս գլուխ բարձրացնող պատրանքից արու, պահպանիր ինձ, Տե՛ր,
Եվ տուր ինձ բազուկներ իսկական, կախ ու տկար
Իսկական,
Տե՛ր, իսկական։
Հսկա, վիթխարի, իսկական։
Ինձ թևերիդ տակ առ ու հեռու պահիր վերևներից
Եվ բարձրունքներից բոլոր,
Որ մոռանամ իմ անդունդը,
Ինձանից զորեղ անհուսությունը հույսիս չհաղթի,
ինձանից էլ ցած, ինձ ներքև քաշող ճնշումը,
իմ լեզվից երկար լեզուն,
լեզվաբանությունը,
կտրած լեզուն,
կախ ընկած լեզուն,
կուլ տված լեզուն,
լեզվանի լեզուն,
կուլ տված լացը կուլ տված լեզվին,
լեզվանի լեզուն,
շուռ տված լեզուն,
կծած լեզուն
Քանի չեմ մոռացել,
Քանի չես մոռացել՝ փրկիր ինձ ՄԻԱՎ-ից, Տե՛ր…
Թողություն տուր ու պահպանիր ինձ
Սիրուց՝ առ միրգ ու բանջարեղեն,
Ներիր կլպածս խնձորները,
Կայենի սուրը, բնավորությունն Արեսի,
Տե՛ս, անհասու եմ ճշմարտությանդ
(երկդիմի մտքիս տուր քավություն),
Հարսանիքիցս ծլկելու համար՝ ապաշխարություն։
Ներիր, որ քանդեցի ամրոցները ու ավերակները լքեցի
Նկատի ունեմ՝ հարևանի երեխու ավազե դղյակը,
Ավատական կրոններս ներիր,
Իմ կրոնականականությունն առհասարակ,
Անհավասար հայացքները,
Անհամ կատակները,
Անտառն առանց արահետի,
Ֆաշիզմը, Իֆիգենիայի զոհերին,
Սամսոնի կտրած ծամը, անբառ երգերը,
Ներիր ռոմանտիզմը Աուշվիցից հետո,
Թզի թրմով արևայրուքից վառված մաշկը,
Ներիր ինձ ապրիլի 9-ի համար, մայիսի 17-ի համար
Եվ, Տե՛ր, պաշտպանիր ինձ մայիսի 17-ից։
Պահպանիր ինձ,
Ապավեն եղիր,
Ինձ մի տար դեպի 17-ը մայիսի։
Ու ՄԻԱՎ-ից պահիր հեռու, ինձ մի փորձիր։
Չլինի այնպես, թե միտքդ փոխես։ Վախեցող չկա։
Դու սոված շնիցս ինձ պաշտպանիր,
Մյուս կատաղածներից ես կպաշտպանվեմ։
(Թե ձեռքերդ կեղտոտել ես ուզում՝ ինձ ձեռք մեկնիր, Տե՛ր)։
Տեեեեեեեեր և Սուրբ Գևորգ Գորիջվարիի։
Նեցուկ եղեք, որ դիմանամ կոմունալներին,
Հանցավոր խարդավանքներին,
Զի չես կարող փրկել ինձ օդի պակասից,
Գոնե անխուսափելի քաղցկեղը կանխիր,
Վաաաաայ, Աստված ջան, սատանի ականջը չընկնի,
Ժանտախտի դուռը չգցես,
Խելքս չգցեմ, Աստված չանի։
Երեխայական կապիկությունից,
Հավկուրությունից,
Վարդագույն ակնոցներից,
Բերդի վարդագույն պատերից,
Թռչող, վարդագույն գետաձիերից,
Պետական անվտանգության մարմիններից
Պաշտպանիր ինձ…
Հա, ինձ դրանիցից, դրանց էլ՝ քո ահեղ դատաստանից հեռու պահիր։
Շանս՝ իր յարից,
Յարիս՝ ինձանից,
Ինձ՝ իմ բեզարած յարից,
Մորս՝ մորից էլ մեծսիրտ մայր հայրենիքից,
Հորս՝ մորիցս,
Մորս՝ հորիցս,
Հորս՝ գործից ուշանալուց…
Վա՜յ, Աստված իմ…
Ինձ նեցուկ եղիր՝ չբացահայտեմ
Սեքսուալ ֆետիշներս
Հեռու մնամ հորս վարտիքից,
Ավելի ճիշտ՝ դրա բույրից։
Հանուն սիրո՝
Թաքցրու մանկությանս ուղեկցած
Կրծկալները մորս,
Ու պաշտպանիր աչք դնելուց զուգարանում հորս, և մորս, պահիր, պահպանիր…
Վա՜յ, ոնց եմ փոխվել։
Ինձ ի՞նչ եղավ,
Ընկեր-ծանոթ չիմանան…
Աստված չանի՝ իմանան…
Բա որ հանկարծ իմանա՞ն…
Հույսս դու ես՝ չիմանան…
Բա որ, հանկարծ իմանան…
Բաորհանկարծիմանան…
Բաորհանկարծիմանան…
Բաորհանկարծիմանան…
Բաորհանկարծիմանան…
Աղաչանքիս ականջ դիր,
սրան-նրան մի ասա,
Կրքոտ, ամուր ձեռքերովդ
ինձ գոգդ դիր, պաշտպանիր
Այ թե ընկերներս իմանան՝ ոնց եմ մեռնում նախանձից…
Տե՛ր պաշտպանիր ինձ, հեռու պահիր,
Իմ նման ընկերոջից հեռու պահիր։
Տե՛ր պաշտպանիր ինձ, հեռու պահիր,
Իմ նման տականքից հեռու պահիր։
Տե՛ր պաշտպանիր ինձ, հեռու պահիր,
Ինձ պես նզովյալից հեռու պահիր։
Տե՛ր պաշտպանիր ինձ, Տե՛ր, պաշտպանիր ինձ, Տե՛ր
Պահ պա պահպա պահ պա պահպա պահ պա պահպա
պահիր պահպանիր
պահիր
պա
Այ քեզ կրակ,
Ինչո՞ւ են կրակում իրար։
Մոտս արի, հեռու մի գնա,
Դրանք վերջդ կտան,
Տնից դուրս չգաս,
Գիտեմ, կորցրել ես հավատդ էս երկրում
Ու երևի ընկել աչքիցդ…
Ականջդ բեր՝ ասեմ,
Լավ կանես՝ մնաս, գլուխդ բարձր,
Մոսկվան վաղուց արցունքների չի հավատում։
Այստեղ կարող ես հանգիստ լացել, մենակ չես,
Ոտքդ կախ գցիր,
Քեզ համար եմ ասում՝ մնա։
Տե՛ր, դողում ես,
Էս ոնց ես սառել,
Արի գիրկս՝ ոտքերդ շփեմ,
Ջերմությամբ լցնեմ ավազանդ,
Մոտս արի, անուշս,
Իմը դարձիր, տրվիր ինձ,
Արի, ներսումս պատսպարվիր։
Վրաստան
Թարգմանությունը՝ Տաթև Չախեան
Բանաստեղծությունը թարգմանվել է ԱնտիԲաբելոն միջլեզվական ծրագրի շրջանակում: