* * *
Սեռական հոլովի բռնաբարություն…
* * *
Թքած ունեմ, թե ինձ ուղտի տեղ եք դրել:
* * *
Ինքնասիրությունը քո սահմանապահն է, սերը` ձեր:
* * *
Նա էկոլոգիապես մաքուր սրիկա էր:
* * *
Կյանքն ավելի տանելի կլիներ, եթե ապրելը հաջորդեր վերապրելուն…
* * *
Ամենևին էլ ընթերցողի օգտին չէ, որ գրողներն ավելի շատ են, քան` կոմպոզիտորները:
* * *
Մերկ ճշմարտությունը միշտ թելադրում է նորաձևություն…
* * *
«Իհարկե»-ն մի քանի «այո»-ն է…
* * *
Եթե ձեզ ուղարկում են գրողի ծոցը, նշանակում է մյուսներն այլևս այն չեն:
* * *
Անհնար է կտրել կնոջ ճանապարհը, որը ոչ մի տեղ չի շտապում:
* * *
Բժշկությունն ընդհանուր է, հիվանդությունն` անհատական:
* * *
Սիրո մեջ երկու հույսն իրար թշնամի են:
* * *
Երբ գիտես ինչպես սիրել, երբեք չես իմանա` ում:
* * *
Սիրո մեջ քեզ կորցնելով ես տարբերվում մյուսներից:
* * *
Սերը երազ է հատկապես անքուն գիշերներին…
* * *
Ցանկացած հանճար գիտի, որ փառքը սիրում է կրճատել նախ անուն ազգանունը:
* * *
Կինը մի տղամարդու գլխացավն է մյուսի սրտում…
* * *
Ինչքան էլ ոչինչ չանենք, չանելու բան միշտ կա:
* * *
Աստված մանրամասներ չունի:
* * *
Իլյուզիան գալիս է սիրո տեսքով, հեռանում` ինքնասիրության…
* * *
Սերը հավերժությունն է` սեղմագրված կյանքով…
* * *
Փոխադարձ ատելությունը գերադասելի է չփոխադարձվող սիրուց:
* * *
Սե՞րը` երբ հանդիպել ես անգին մեկին, որի արժեքը քեզ հայտնի է:
* * *
Երազանքները մեզ մոտեցնում են այն Աստծուն, որը չկա:
* * *
Մարդն արդեն կլիշե է նրանով, որ իր սերը ճանաչելի է ուրիշի մեջ:
* * *
Սիրո մեջ բառերն ընդամենը կետադրական նշան են…
* * *
Միշտ չէ, որ դերը և դիմակը նույն կյանքի գործիքներ են:
* * *
Նրա դեմքը ծանոթ էր նույնիսկ առանց գլխի…
* * *
Նրա հոգու խորության մեջ այդ աղջիկը համոզվեց թքելով…
* * *
Նա լռում էր մեջբերումներով…
* * *
Կինը մենակ է, երբ իր հետ համաձայն են բոլորը:
* * *
Դժվար բան է հայ լինելը, հատկապես երբ հայ ես…
* * *
Մենակությու՞նը` երբ չես կարող ընտրել, թե ում հետ չէիր ուզի լինել:
* * *
Բոլորն իրենց սիրում են նույն ձևով, բայց անինքնասեր են յուրովի…
* * *
Սարսափելի է սպիտակ թուղթը, երբ գիտես ինչ ես անում…
* * *
Մի բանաստեղծություն ունեմ, սկսվում է այսպես` սիրելիս… Մինչև հիմա էլ այդպես է սկսվում:
* * *
Հղի կինն աշխարհի կենտրոնն է, եթե, իհարկե, ինքն այդ կարծիքին չէ:
* * *
…ամբողջ կյանքն ապրեց հերոսի մահով…
* * *
Քաղքենին նա է, որի երազանքով կարելի է ջարդել մյուսի գլուխը…
* * *
Իմ առաքինությունն ատամներ ունի:
* * *
Ես ոչ մի վատություն չէի անի նրան, որը բոլոր սխալները միաժամանակ է անում:
* * *
Ապագայի ազգերը կռվելու են լավագույն հանգուցյալներով:
* * *
Գրողները միակ մարդիկ են, որոնք գոյություն չունեցողներին գիտեն դեմքով:
* * *
-Դու լավագույն տեղն ես, որ քեզ սիրեն…
* * *
Ամուսնությունը հաշվեհարդար է լռության հետ, որը դեռ ոչինչ չի ասել:
* * *
Նա իմ սերն իր հետ տարավ որպես թթխմոր:
* * *
-Դու եկար և առաջինը կանգ առավ անցյալը…
* * *
Կորել է կյանքի բնագիրը:
* * *
Ճշմարտությունը անմահությունից ծավալուն է: