Երբ մահը գա,
ես զբաղված լինեմ,
գուցե,
Սափրվելիս լինեմ, կամ ճաշելիս,
Կամ …մեռնելուց՝ թղթերին ճերմակ,
Գուցե ջահել լինեմ կամ էլ տկար ու ծեր
Կամ սիրելուց լինեմ կամ էլ անսեր,
մենա՜կ…
Երբ մահը գա, գուցե ես զբաղված լինեմ,
Չնկատեմ իրեն….ու նեղանա, գնա՜…
***
Արտասվիր, արտասվի՛ր ափերիս,
Անարցունք, իմ անլաց, անթերի՜:
Արտասվիր ափերիս, լացդ տու՜ր
Հրեշտակ – Վերևի, Ցածի Դո՛ւ:
Ափերիս արտասվիր, թացեղե՜ն –
Ես արցունք եմ տևել, լացել եմ:
Արտասվիր, արտասվի՛ր ափերիս,
Ինձ կատես, չե՜ս սիրի, համբերիր…
***
Անձրևին, գուցե, մի քիչ մեռնում են,
Մի քիչ կորչում են ու թացվում մի քիչ,
Անձրևին, գուցե, խլանում են ճիչ,
Եվ գարնանանձրև քի՜չ ձմեռում են:
Անձրևին, գուցե, մի քիչ գալիս են-
Իբր, չեն մեռել, ձա՜յն արձակելով,
Հոգեդարձություն համարձակելով,
Անձրևին միայն, հեռանալիս էլ:
…Անձրևին, գուցե, չեն գտնում բառեր,
Նրանք, որ մնան՝ սրտի մեջ սառե՛ն…
* * *
Եվ օրն առանց քեզ պարզապես օր չէ,
Այլ…քսանչորս ժամ:
Այն, ինչ դու թեթև ժամեր ես կոչել,
Ինձ համար եղավ ծանր տարաժամ,
Որ երկարում է, բայց չի լուսանում:
Ծխի մեջ կորած իմ բանտախցում
Ես վերածվել եմ …մանրէաբանի,
Կոտորակելով Օրն էլ առանց քեզ,
Մինչդեռ դու այնքան թեթև ես տանում,
Որ բաժանվել ենք մի քանի ժամով, թեկուզ քսանչորս …
Բայց օրն առանց քեզ քսանչորս ժամ չէ,
Եթե դու չկաս` րոպե է դառնում ու դառնում վայրկյան,
Որ զարկում է ձիգ, խփում քունքերիս,
Չէ…գլխիս է այն կաթկթում վերից`
Ճիշտ այն ջրի պես,
Որով փորձում են ցուցմունքներ կորզել կալանավորից…
Կամ տանջել դանդաղ…
Լինում է այնպես, որ մի կաթիլն էլ թվում է հեղեղ…
…Իսկ դու ասում ես, մեկ օր է եղել…
***
Անձրևաթաց Օրվա
պատուհաններ լացող,
Պատուհանից անդին
հեծկլտացող դեղին,
Ի՞նչ կփոխվի, ասա,
քո իմաստուն հարցով
Եվ իմ տխմար, անզոր
լռությունից տեղին:
Աշնանալադ երգի
մինորային ցնորք,
Ես այն չեղա, գիտեմ,
իմ պառաված տերև,
Բավական չէ լինել,
որդի, արու, ծնող,
Բայց պատիվ է այդպես
համարվելը, թեև…
Հոլովեցին բազումք,
ընդունեցին սակավք,
Ամառներիս եղան
խրախճական ընկեր,
Թռար սակայն Կյանքիս,
երջանկության իմ Հավք,
Քեզ ի՞նչ Աշունն իմ պաղ,
երբ որ ծառն է ընկել…
…Անձրևաթաց Օրվա
պատուհաններ լացող,
Պատուհանից անդին
հեծկլտացող ԴԵՂԻՆ,
Թե որ դառնամ տերև
հալածական,արդյոք,
Դու կպահե՞ս գրքիդ
էջերի մեջ դեռ ինձ…
***
Գիշեր:
Բացել եմ պատուհանս,
որ կարոտդ ներս գա,
Թե՞ իմը դուրս հորդի դեպի քեզ:
Տուրևառության սրբազան պահ է –
Եվ մենք սրբեր ենք ձևանում արդեն
Անմարմինային հեռավորության վրա –
Թեև,
ո՜վ գիտի,
Այդպես ավելի շատ ենք մերձենում
Եվ…ամեն գիշեր…
***
Դու ետ ես գալու գիշերին, գիտե՜մ,
որ չվախենաս գիշերվա մթից,
Դու ետ ես գալու գիշերվա մոտից,
Ու ես կվառեմ աստղերը քո դեմ:
Դու ետ ես գալու լուսահալոցքին,
Որ աստղերի հետ կաթես ներսս մառ,
Չամաչես անցած գիշերվա համար,
Որ լինես գիշեր, առավոտ ու կին:
Դու ետ ես գալու՝ առանց հրավեր,
Ինչպես անխուսափ մահ կամ տարեդարձ,
Չարությամբ կգաս և կամ կարոտած,
Բայց ետ ես գալու…անանց առավել…
***
Բաժանումից հետո
Ես բացարձակապես
Դատարկ եմ,
Մի՛ վերագրիր հատկանիշներ
Չեղած մեկի…
Քեզնից հետո
Ես միայն Դու եմ,
Քեզ չվիրավորես անփույթ բառով…