Պատմվածքը վերնագրելու բազմաթիվ տարբերակներ ունեի` վթար, պատահար, ժամացույցը, էգոիստը, որդին, «հրեշտակը», դահիճը, խենթություն։ Կարող էի ավելի խորիմաստ վերնագրեր ընտրել` խելագարության եզրին, զանցանք և պատիժ, երևակայություն և իրականություն, աներևույթն ու ակնհայտը, կարող էի առաջնորդվել պարզությամբ, վերնագրել հատուկ անուններով՝ գանձուկ Արեգը, կամ թեկուզ երկու գլխավոր հերոսուհիների անուներով՝ Ալլան, Եղսիկը և այլն, և այլն։ Համոզված եմ, որ իմ սիրելի ընթերցողները կհայտնաբերեն տարբերակներ, որ իմ՝ հեղինակիս մտքով անգամ չեն անցել։ Վերջիվերջո, վերնագրեցի պատմվածքի ոգուն բնորոշ եղանակային տրամադրությամբ…
* * *
Կինը հին Hyundai-ով սլանում էր Գլենդելում գտնվող նպարատներից մեկը։ Իր ծննդյան վաթսունամյակի առթիվ անպայմանորեն ուզում էր հայկական խորտիկներ պատրաստել որդու ընտանիքի համար։ Ծնունդին թերևս ներկա էին լինելու նաև մի քանի ընկերներ և բարեկամներ։
Օրն արևոտ էր, պայծառ, բայց քաղաքը հանկարծակի մթնեց, երկինքը վերածվեց հսկայական մի ջրվեժի, անձրևը շառաչեց վար՝ փոխակերպվելով Գլենոքսի փողոցներով գալարվող պղտոր վտակների։
Երկնքից թափվող հեղեղը նրան հիշեցրեց պատանի հասակում կինոթատրոնում տեսած, մոռացված մի ֆիլմ, որտեղ նմանատիպ մի օր էր նկարագրված։ Մտքում փայլատակեց ֆիլմի անունը` «Եվ անձրևը մաքրում է բոլոր հետքերը»։ Սեփական անցյալի կախարդական վերապրումը պարուրեց նրան, հիշեց իր կյանքի սիրավեպը, դրա անրջական, անթերի, սենտիմենտալ սկիզբը։ Տղան ընդամենը երկու տարով էր մեծ նրանից, բայց իր տարիքի աղջնակի համար այդ երկու տարվա տարբերությունը համարժեք էր հասուն, հեղինակավոր, շատ մեծ լինելուն։ Ուստի, այդ օրը կինոսրահում տղայի կողքին նստած՝ իրեն շատ հպարտ էր զգում։ Ֆիլմի ցուցադրման ընթացքում պատանին ընդամենը մի պահ բռնեց աղջնակի ձեռքը, և տղայի ափի այդ մեղմիկ հպումը փոքրիկ աղջկան շնչահեղձ արեց։ Դպրոցական, անցողիկ սիրավեպ, որ թերևս շատերի կյանքում է եղել։ Բայց այս սիրավեպը շարունակվեց և ճակատագիր դարձավ սիրահար զույգի համար` տարիներ անց վերածվելով կայուն, հաջողված ամուսնության։
Ցավոք, սիրո պատմությունը տխուր ավարտ ունեցավ, քանի որ կինն արդեն քսան տարի այրի էր։ Հիշեց լուսահոգի ամուսնուն և երկար ու խոր հոգոց հանեց։ Ու հենց այդ պահին, երբ դեռ չէր հասցրել շունչը տեղը բերել, մեքենայի աջ կողքից անսպասելի հարված զգաց։ Մեքենան ցատկեց դեպի խորքային ավտոուղին, բայց կինը զարմանալի հմտությամբ խուսանավեց դեպի աջ՝ փրկվելով ձախ կողմից սավառնող սև մերսեդեսի ճանկից և մի կերպ կայանեց մեքենան։
Սպասեց՝ ոչ ոք չմոտեցավ։
Սփրթնած, ձեռքերը վեր բարձրացնելով սլացող ավտոմեքենաներին ընդառաջ՝ հևասպառ վազեց դեպի անշարժացած, մոխրագույն, ցեխակոլոլ հին մեքենան, որի հետնամասը թեքված էր դեպի մայթ, իսկ առաջամասը՝ փողոցի կողմը։ Սրտի խփոցը արձագանք էր տալիս քունքերում, երակներում, վերջույթներում։
-Ինչպես ե՞ք, ո՞ղջ եք… ձայն հանեք խնդրում եմ,- բղավում էր անճանաչելիորեն փոխված ձայնով։
Լուսամուտի ապակին փակ էր։ Մի ամբողջ հավիտենություն տևեց, մինչև այն դանդաղորեն վար իջավ։ Վարորդը երեսունին մոտ երիտասարդ մի աղջիկ էր, որի տարօրինակորեն փքված վերին շրթունքը աղավաղում էր դիմագծերի համաչափությունը, իսկ երկար, անբնական թարթիչները մեռնող թիթեռնիկի թևերի պես վեր ու վար էին լինում։
– Մի բան ասեք գոնե, խնդրում եմ, – նախ հարցրեց անգլերեն, ապա հայերեն` ներքին նյարդով կռահելով, որ տուժածը հայրենակցուհի է,- ո՞ղջ եք։
-Հա՛…
-Իսկ ինչու՞ դուրս չեք գալիս, շտապ օգնության կարիք ունե՞ք։
– Չի բացվիլ,- տնքաց աղջիկը։
Կինը դողդողացող ձեռքերով քաշքշեց դուռը։ Որոշ դիմադրությունից հետո այն ճռճռալով տեղի տվեց։ Ձեռքը տարավ դեպի աղջիկը, թափահարեց ուսերը։ Աղջիկը չշարժվեց։
Աներևույթ, դիվական մի տագնապ, հետո սարսափ, մահվան սառը մի շունչ, պիղծ մի բան պոկվեց աղջկանից և մտավ կնոջ մեջ։ Կինը ենթագիտակցաբար, վայրկյանի հարյուրերորդական ժամանակի մեջ զգաց դա՝ գերբնական այդ ակնթարթը։ (Միայն շատ հետո՝ տարիներ անց, նա կհիշի այս ակնթարթը և, ցավոք սրտի, ներքին ուշացած եզրահանգում կանի, որ թերևս սարսափի պահերին են վերծանվում թաքնախորհուրդ գաղտնիքները, և այդ պատճառով է, որ գերբնական, անիրական աշխարհում ապրող խենթերը հաճախ իրավացի են դուրս գալիս)։
Սարսափից մթագնած կնոջ ուղեղն աստիճանաբար պայծառացավ և նոր միայն նկատեց, որ աղջիկը ո՛չ թե անշարժացած էր, այլ ողջ-առողջ և հեռախոսն ականջին` կենտրոնացած լսում էր ինչ-որ տղամարդու խորհուրդները։
– Ինչըղ ըսիր, Վարդոս… ազիզս, ըդպես էլ կենեմ,- քաղցր-մեղուշ ձայնով եզրափակեց նա խոսակցությունը։
– Ապահովագրություն ունե՞ք,- հարցրեց կինը։
– Սաղ ունիմ…
Խանութի ապակեպատ ցուցափեղկից աշխատողը, մի քանի գնորդ, անձրևանոցով զինված հետիոտների խումբը հավաքված դիտում էին պատահարը։
Կինն արդեն սթափ տրամաբանում էր.
– Մեքենաս քշում եմ կողքի միակողմանի փողոցը, քանի ոստիկանները չեն եկել։ Քշեք այնտեղ, խնդրում եմ։ Սպասում եմ ձեզ։
Կտրուկ թեքվեց դեպի նեղլիկ փոքրիկ փողոցը։ Խոնավությամբ հագեցած ծանր օդը պինդ բռնել էր կնոջ կոկորդն ու պոկ չէր գալիս։ Ու թեև անձրևանոց չուներ, դուրս եկավ տեղատարափ անձրևի տակ` այսուայն կողմ քայլելով, անհամբեր սպասելով աղջկան։ Չհամբերեց, թեքվեց դեպի Գլենոքս, հայտնաբերեց աղջկան, որ անձրևանոցը գլխին, հեռախոսը ականջին, հետիոտներով շրջապատված, ոտքերը ջրափոսի մեջ չմփացնելով, չգիտես որտեղից գտնված մետրաչափով իր մեքենայի և մայթի միջև ընկած տարածությունն էր չափում։
– Խնդրում եմ արագացրե՛ք, ուշանում եմ,- անհամբեր գոչեց կինը՝ արագ հետ վերադառնալով, հիշելով, որ ավտոմեքենայի դուռը բաց էր թողել։
Անձրևը սաստկանում էր։ Աղջիկը չկար։ Կնոջ համբերությունը սպառվում էր։ Քիչ առաջ վերապրած սարսափը, անհանգստությունը աղջկա կյանքի համար, փոխակերպվել էին զայրույթի ու հակակրանքի… Ինչ-որ աներևույթ մի դևուկ կնոջ ականջին շշնջաց՝ փախի՛ր։ Ենթագիտակցության մեջ համլետյան «լինել թե չլինել»-ը վերածվել էր ծլկել թե չծլկելուն։ Կինը երկընտրանքի ու տատանումների մեջ էր։ Երբ արդեն համաձայնվել էր դևուկի հորդորներին, նկատեց հեռախոսն ականջին, անձրևանոցը գլխին, դանդաղ, շորորուն քայլվածքով իրեն մոտեցող աղջկան.
– Հա, ազիզ ջան, ինչղ ըսես, ըդպես էնեմ, Վարդան ջան,- քնքուշ ձայնով զրույցն ավարտեց աղջիկը։
– Լսե՛ք, ինչքա՞ն կարելի է սպասել։ Ու՞ր եք թողել ձեր մեքենան,- գրգռված հարցրեց կինը։
– Ընպես ես զարգել, որ խոդի չի ընգնի, կհասկընա՞ս,- դժգոհ ասաց աղջիկը։
Կինը վայրկյան առաջ ուզում էր լքել տարածքը, ընդմիշտ մոռանալ և՛ պատահարը, և՛ աղջկան։
– Եկեք փոխանակենք մեր հեռախոսահամարները։
– Հա, ըսե համարդ, մորաք ջան։
Թիվ առ թիվ աղջկան թելադրեց իր հեռախոսահամարը, որը խիստ կենտրոնացած, թռչունի չանչերի պես երկար արհեստական եղունգները կտկտացրեց հեռախոսի էկրանին։
– Զանգեք, ձեզ մոտ կգրանցվի իմ հեռախոսահամարը։
– Անունդ ի՞նչ է, մորաք…
– Ալլա… Ձեր անո՞ւնը, աղջիկ ջան…
– Եղսիկ… կապի մեջ, մորա՛ք, կզանգվինք…
Կինը նստեց ավտոմեքենան, կտրուկ շրջադարձ արեց և մեքենան վարեց դեպի Գլենդել։ Ամեն ինչ ճիշտ էր, բացի անտես մի «մանրուքից»։ Հեռախոսահամարի վերջին թիվը տիկինը սխալ էր ասել աղջկան։
Նպարատանը կինը գնեց թոռների, որդու, հարսի սիրած ուտելիքները՝ հայկական կանաչիներ, համեմունքներ, ուտեստների լայն տեսականի, կարծես թե մի մեծ զորք պիտի կերակրեր։ Սովորաբար գնումներ անելիս միշտ մի բան մոռանում էր, բայց այդ օրը ոչինչ չմոռացավ։ Թվում էր՝ տհաճ պատահարը նրա հետ չէր կատարվել, այլ մեկ ուրիշի…
Մանկապարտեզից վերցրեց թոռնիկին։ Տանը բծախնդրությամբ, մանրամասնորեն
լվաց թոռան թաթիկներն ու երեսը։ Համբերատար կերակրեց նրան։ Պատմեց ազնիվ տղայի և խորամանկ, սուտասան կոկորդիլոսի մասին իր հնարած հեքիաթը.
– Ես իմ պապայիս պես ասնիվ կյինեմ, վոշս թե էդ խոյամայկիի, էն սուսասանի ու մուս կոյկոյդիյոսի փես, – հայտարարեց փոքրիկ Արեգը։
Լիաթոք քրքջաց թոռան խոսքերից։ Մի քանի ժամից հարսը աշխատանքից վերադարձավ և տարավ մանչուկին։
Մթնշաղը թանձրանալու հետ օրվա տպավորությունները խառնակ մտքերի հետ սկսեցին տանջել կնոջը։ Հոգու մեջ ինչ-որ բան ապստամբում էր, բորբոքվում ու չէր հանդարտվում։ Զուր էին քնելու ջանքերը։
Երկարաձիգ գիշերվա մեջ լայն բացված աչքերով՝ կինը շարունակաբար վերապրում էր պատահարը. «Ինչպե՞ս եկավ ստելու և ծլկելու այս միտքը, այդ պիղծ, կպչուն դևուկը ինչպե՞ս սոսնձվեց ինձ ու պոկ չեկավ։ Աղջկա ավտոմեքենայի առջևի ձախ լույսն ու ձախ թևը այլանդակվել էին, իսկ ինչու՞ իր մեքենան ձերբազատվել էր վթարից ընդամենը մակերեսային խազերով»։ Շատ անհանգիստ էր, որ մեքենայի ամենամսյա ապահովագությունը, որը որդին էր վճարում մորը հոգսերը թեթևացնելու նպատակով, պետք է աճեր։ Այո, թերևս գերնպատակը որդուն լրացուցիչ գումարային ծախսերից ազատելն էր։ Այդ պատճառով ի սկզբանե ամեն կերպ փորձեց իրավիճակը հարթել առանց ոստիկանության միջամտության։ Իր մտադրությունը սկզբում ազնիվ էր, արդար, պատրաստակամ էր կանխիկ գումարով արդարացիորեն փոխհատուցելու աղջկա կրած վնասը։ Իսկ վերջում միտումնավոր խաբեց և ճարպկորեն դուրս պրծավ իրավիճակից: Բայց արդյոք դուրս էր պրծել…
– Չէ՛, տիկին Ալլա… անձրևը ո՛չ մի հետք էլ չի մաքրելու,- բարձրաձայն քմծիծաղ տվեց կինը։
Հետայսու վերհիշելով պատահարը՝ հաշիվ տվեց իրեն, որ աղջկա ձեռքի մետրաչափի առկայությունն էր նրան վրդովել։ Թերևս կասկած էր առաջացել, որ այդ «վթարը» ապահովագրությունից մեծ գումար շորթելու նպատակ է հետապնդում։ Բիրտ և հզոր երկիրը վաղուց արդեն փլուզվել էր, բայց նրա բազմազգ քաղաքացիները անկախ ազգությունից, ցեղից և մաշկի գույնից, նույնիսկ նրանց հեռու և հետո ծնված զավակները, արդարացնում են պետությունից գողանալը, համարելով այն «սրբազան առաքելություն», կամ գուցե թե պետությունից վրեժխնդիր լինելու «բարոյական» իրավունք։ Նրանց համար աստվածաշնչյան «մի գողացիր» պատվիրանը հավանաբար վերաբերվում է միայն դրկից հարևանից կամ մի այլ մեկից ինչ-որ բան գողանալուն։
Աղջկա մասին հիշողությունը նորից սկսեց տանջել նրան։ Անասելի խղճում և կարեկցում էր Եղսիկին։ Ինչու՞ ամեն ինչ չհանձնեց օրենքի հայեցողությանը։ Իր ստով նա Եղսիկին ու Վարդանին զրկել էր ապահովագրությունից սպասվող նույնիսկ օրինական փոխհատուցումից։ Գողն ու խաբեբան ինքն է որ կա, գողացել է էդ զույգին հասանելիք փողը, հավանաբար հենց հիմա նրանք իր հանդեպ ատելությունից շուռումուռ են գալիս անկողնում՝ անկարող ննջելու։ Ինչի՞ տեղ ես դրել քեզ, թոշակառու նորին մեծություն, մերօրյա Ռոբին Հուդ, տիկին Ալլա, ինչպե՞ս քեզ իրավունք վերապահեցիր, որ արդարադատությունը հենց դու ես, որ կաս։ Այնուհանդերձ, չէ՞ որ ինքը աղջկա կողքին կանգնած, դողը սրտում դեռ սպասում էր, որ աղջիկը կհարցնի. «Ալլա մորաք, բա ձեր հեռախոսը էդ խի՞ չի զնգում»։ Ստիպված կհայտներ իր ստույգ հեռախոսահամարը ու էս օրն էլ չէր ընկնի։ Ինչու՞ Եղսիկը տեղում չզանգեց։
Մտքի մյուս ծայրին Եղսիկի ուռցրած շուրթերով դեմքն էր՝ ինչքա՛ն ցածր ինքնագնահատական պետք է ունենա երիտասարդ կինը, որ այլանդակի դեմքը հանուն էդ ազիզ ջան Վարդանի և վերածվի դիսնեյլենդի մուլտֆիլմի մարի բադին։
Այդպես էլ ամբողջ գիշեր տիկին Ալլան աչք չփակեց։ Չէր ուզում անկողնուց վեր կենալ։ Ժամը տասի կողմերը հառաչելով, տնքալով մի կերպ հագնվեց, նստեց ավտոմեքենան և հայդե՛ դեպի դեպքի վայրը։ Չէր հիշում Գլենոքսը հատող նեղ փողոցներից ո՞ր մեկում էր կատարվել իր աններելի հանցանքը։ Պտտվեց, հետ վարեց և հանկարծ ծանոթ խանութի մոտ տեսավ երեկվա այլանդակված մեքենան։ Տագնապած՝ նորից շրջանցեց թաղամասը և հանկարծակի իր ավտոմեքենային զուգահեռ հայտնաբերեց նույն խոշտանգված ավտոմեքենան։ Վարորդն անսովոր մռայլ, չարացած հայացքով, անորոշ տարիքի տղամարդ էր։ Մի կերպ փոխեց գիծը, սողոսկեց մեքենաների արանքը և պու՜կ փախավ տուն։
Հոգնած, ջարդուփշուր` իրեն նետեց անկողին, հիշելով, որ հանցագործության վայրը միշտ էլ ձգում է մեղապարտին, ավելի ճշգրիտ` մարդասպանին։ Մի մարդասպան էլ ինքն է, և թերևս կարող էր սպանել խեղճ ու կրակ Եղսիկին։ Իսկ մեքենայի ղեկին այսօր իր տեսած դահճի դեմքով վարորդը հավանաբար աղջկա Վարդանն էր։ Նմանը գետնի տակից էլ կհայտնաբերի իրեն ու վրեժ կլուծի։ Ինչպիսի՜ խայտառակություն, ինչպե՞ս կապշեն, կհիասթափվեն հարևանները՝ լսելով, թե ինչ բարոյական անկում է ապրել արժանապատիվ ու արդարամիտ տիկին Ալլան։
Սովորականի պես պետք է գնար թոռան հետևից։ Անասելի թույլ զգաց, ուստի զանգեց հարսիկին, տեղեկացնելով, որ չի կարող վերցնել փոքրիկ Արեգին մանկապարտեզից։
Եկավ երկրորդ տառապալից, վերջ չունեցող գիշերը, երբ ծանր մտքերը մարմնի վրա ցատկոտող դևուկների պես պոկ չէին գալիս նրանից։ Սրտի և խղճի խորքում բադակտուց աղջկա կերպարը չէր ուզում մեռնել` ամոթով այրելով կնոջ արժանապատվությունը։ Ականջներում Եղսիկի անուշ ձայնն արդեն փոխվել էր, ստրկահաճո արտահայտություն ստացել։ Սարսափը կարծես աղջկան կտրել էր աշխարհից։ Մի տեսակ շվարած էր, վախեցած ու ամեն կերպ ուզում էր հաճոյանալ այդ մարդուն։ Կինը սրտի կսկիծով մտածեց, որ Վարդան կոչեցյալը հավանաբար Եղսոյին անխնա ծեծ ու ջարդ է տվել։ «Խեղճ աղջիկ, թերևս արդեն հայտնվել է շտապ օգնության հիվանդանոցում և գուցե ամբողջ մի կյանք հաշմանդամ մնա էդ սրիկայի պատճառով»։
Կնոջ շեղված երևակայությունը ավելի հեռուն էր գնում։ Թերևս հնարավոր է, որ Եղսիկը հղի է ու ծեծ ու ջարդից հետո արդեն կորցրել է երեխային։ Չի հասկանում՝ ինքն ինչպես կարող էր այդպես սառնասրտորեն խաբել էդ քշվածին, և ինչու՞ էր հրաժեշտից առաջ այդքան ատում նրան։ Թերևս պետք է երջանիկ լիներ, որ աղջիկը ողջ և անվնաս էր մնացել։
Առավոտյան որդին զանգեց՝ հարցնելու մոր որպիսությունը։ Հնարավորինս զուսպ պատասխանեց.
– Տղաս, հանգիստ քո գործերին նայի։ Այսօր էլ մի քիչ տկար եմ, բայց վաղը թերևս ոտքի կկանգնեմ։
Եվ որպեսզի ծանր տրտմության այդ պահին կարողանա թաքցնել զազրելի գաղտնիքը, մտովի հուսադրեց ու մխիթարեց ինքն իրեն, թե ստելն ու խարդավանքը թերևս մարդու անբաժանելի մասն են։
Ամբողջ օրը ոչինչ չկերավ, չխմեց։ Անկողնուց դուրս չեկավ։ Նորից եկավ տանջալից գիշերը։ Համատարած մեռելային լռությունը ժամանակ առ ժամանակ պայթում էր ագռավների չարագույժ կռկռոցից և շների կաղկանձից։ Տիկին Ալլան անվերջ մտածում էր ամուսնու, նրա մահվան մանրամասների մասին, հանգուցյալ ծնողների մասին, արդեն մահացած բարեկամների, մերձավորների մասին։ «Տեր ջան, մեղքի դուռ եմ բացել, եթե պատժում ես, ապա միայն ինձ։ Իմ պատճառով մի՛ պատժիր որդուս ու թոռներիս, ա՛ռ կյանքս, պրծնեմ էս տառապանքից»,- մրմնջում էր խենթացած կինը։ Եվ հիվանդագին ուղեղի տեսիլք որպես՝ սև, սառը գիշերվա անթափանց մշուշի մեջ հանկարծակի դղրդաց որոտը, խփեց կայծակը, հորդաց տեղատարափ հեղեղը։ Ինչ-որ տղամարդ խոր փոսի մեջ թաղում էր իր դին, երբ ինքը դեռ այն կինոսրահի դեռահաս աղջիկն էր։ Փորձում էր ճչալ, օգնություն կանչել, բայց համր էր ու անուժ։ Իսկ կարկուտը դանակի շեղբի պես անվերջ կտրում էր, ու վերջ չկար էդ տանջանքին։ Գուցե կինո է, ու սա ջահել հերոսուհու դին է, ո՛չ թե իրենը, այլ մեկ ուրիշինը… Բայց ո՛չ, ոչ… սա թերևս իրական է, ավելի քան իրական…։
Խելագարության և բանականության եզրագծին կինը սուր ճչալով վեր թռավ գիշերային մղձավանջից։ Դրսում հորդառատ անձրև էր։ Լուսաբացը դիմավորեց անքնությունից ուռած, անելանելիությունից տանջահար ու հոգնաբեկ աչքերով։
…Շաբաթ առավոտ էր։ Դուռը զանգեցին։ Մի կերպ հողաթափերը քսքստացնելով՝ հասավ դռանը։ Շեմքին կնոջ աշխարհն էր` ամենաթանկն ինչ ուներ՝ որդին, անուշիկ հարսիկը, շիկահեր խոպոպիկներով առաջին դասարանցի թոռնուհին և իր գանձուկ Արեգը։ Տղուկը գեղեցիկ ծաղկեփունջը փոքրիկ տղամարդու պես լուրջ ու հանդիսավոր հանձնեց տատիկին.
– Բայի տայեդայձ, սիյուն տատի։
Մի կերպ նստեց մահճակալի ծայրին։ Արեգը պինդ փարվեց նրա ոտքերին։
Տղան տարակուսանքով նայեց մոր ուռած աչքերին, հիվանդագին տեսքին.
– Ոչ մի պատրաստություն պետք չէ, մամ ջան, քո ծննդյան օրվա առթիվ կճաշենք կարգին մի ռեստորանում։ Իսկ հիմա ձեռքդ տուր։
Մոր ձեռքը քնքուշ շոյելով՝ դաստակին ամրացրեց ոսկյա ժամացույցը, որի թվացույցը ադամանդներով էր եզրագծված։ Ճիշտ նմանատիպ ժամացույց կինն ունեցել էր տարիներ առաջ։
– Առողջ կրես, մա՛։
– Չեմ ուզում, խնդրում եմ,- աղերսագին շշնջաց կինը…
Տղան խոժոռվեց.
– Մի՛ վիրավորիր ինձ, մամ։ Մի՛ զրկիր ինձ քեզ նվեր անելու հաճույքից։
Գնալուց առաջ տղան կնոջն ու երեխաներին առաջ թողեց, դուռը փակելիս աչքով արեց մորը և տղայավարի չարաճճի ժպտաց
– Մամ ջան, դե մի հատ էլ ասա՝ ժամը քանի՞սն է…
Սպասում էր մոր պայծառ ժպիտին, հումորով պատասխանին։ Սակայն մայրը դեմքը շրջեց, իսկ որդին զարմացած փակեց դուռը։
Երբ մենակ մնաց, սկսեց քնքշորեն շոյել նվերը, որը ժպտում էր նրան որդու հմայիչ հայացքով։ Վայելքը կարճ տևեց։ Ժամացույցը քիչ հետո սկսեց լացել, բողոքել, դժգոհել, ցավեցնել կնոջ դաստակը ձեռնաշղթայի պես, շնչահեղձ անել նրան, ինչպես բանտի նեղ խցում փակված հանցագործին, կարծես թե ինչ-որ կարևոր բան է ուզում ասել կնոջը։ Ապարդյուն էին ժամացույցից ազատվելու կնոջ ջանքերը, շղթան չէր բացվում։ Մի կերպ հավաքեց իրեն, զանգեց տղային.
– Տղա՛ս, խնդրում եմ, երեխաներին տուն հասցրու և վերադարձիր։ Շատ կարևոր խոսելիք ունեմ քեզ հետ։
Կես ժամից որդին արդեն մոր կողքին էր։
Մայրը ձեռքը պարզեց որդուն և կտրուկ ասաց.
– Նախ՝ ազատիր դաստակս էս ժամացույցից… արժանի չեմ նման թանկ նվերի… հետո․․․
Տղան ապշել էր։ Դեմքը շառագունեց, աչքերը թռան ճակատին ու մոր խոսքը մնաց բերանում.
– Դու՛…դու՛, անմնացորդ տալիս ես քո ամենավերջինը։ Վաճառեցիր տունդ, զարդերդ ինձ համար, բայց ա՛յ տես, տես… նույնիսկ սեփական որդուցդ չես կարողանում վերցնել։ Սա էլ մի ուրիշ տեսակ էգոիզմ է… անտանելի էգոիզմ…
– Տղաս, ախր տղաս… ախր սա չէի ուզում… ասել,- հազիվ շշնջաց մայրը և ուշաթափվեց։
Ուշքի եկավ հիվանդանոցում, գիշերը։ Նախաբազկի վերևում ամրացված էր կաթիլային սնուցման ասեղը։ Փորձառու բժշկուհին որդուն պարտադրեց տուն վերադառնալ.
– Ձեր մայրը հյուծվել է չքնելուց և չուտելուց։ Սնուցում ստանալուց հետո սովորաբար նման հիվանդները երկարատև քուն են մտնում։
Բժշկուհին միանգամայն ճիշտ էր։ Արթնացավ կեսօրին։ Օրը կիրակի էր։ Որդին եկավ տեսակցության։ Հիվանդասենյակում երկուսով էին։ Գրկեց մորը, երկար լռեցին միասին.
– Կներես, մա´…
Լարված լռությունից հետո մայրը հուզված սկսեց պատմել վթարի մասին, թե ինչպես է հարվածել խեղճ աղջկա մեքենային, միտումնավոր սխալ համար ասել և փախել։ Որդին տարակուսած նայում էր մորը.
– Ի՛նչ, ի՛նչ… չի՛ կարող… չէ՞ որ դու իմ հրեշտակն ես… մա՛մ…
– Ի՜նչ հրեշտակ, տղաս… բնա՜վ… Սա թերևս… տարօրինակ, դիվական հարձակում էր։ Սա էլ կանցնի… արդեն լավ եմ։
– Վախից սթրեսի մեջ ես հայտնվել, մա… Իսկ քո էդ դիվային հոգևոր բաներից, գիտես, ոչինչ չեմ հասկանում։
Տղան գիտեր, որ մայրը մեքենաները տարբերակում է գույներով, իսկ տներն էլ ծաղիկներով, ուստի ժպիտով հարցրեց՝ գոնե հիշո՞ւմ ես, թե ինչ մեքենայի ես խփել…
– Հիշեցի, հիշեցի… լայնությամբ օվալ, ներսում վերևից ներքև` նեղ օվալ, իսկ դրա ներսում՝ երկու օվալները հատող դեպի ներքև կորացած տրամագիծ,- մատով մեքենայի մակնիշի պատկերը օդում նկարելով՝ զվարթացած ասաց կինը։
– Toyota-ի նշանն է, կամ Camry է կամ Corola։ Հա, հիշեցի էդ տեղը, փոքր խանութ ա, բայց կամերա հաստատ կունենան։ Չեմ ուզում վախեցնել քեզ, հաստատ ֆիքսել են և՛ քեզ, և՛ մեքենադ։
– Ախ տղաս, ինչպիսի խայտառակության մեջ քեզ գցեցի…
– Ցավդ տանեմ, մա՛մ… թույլ չեմ տա գլխիցդ մի մազ անգամ պակասի, մեջքիդ կանգնած եմ, դու հանգիստ քնիր։ Կարևորը ոչ ոք չի վնասվել։ Ես գնացի… Այնուամենայիվ, մի բան էս պատմության մեջ էն չի։ Այսօր համարյա հինգերորդ օրն է, insurance company-ից քեզ արդեն վաղուց զանգած պիտի լինեին։
Հիվանդասենյակում տիկին Ալլան աչքերը բացեց որդու կայտառ ձայնից։
– Տես ո՞ւմ եմ բերել տեսակցության։
Հազիվ ճանաչեց Եղսիկին` մազերը հարդարված էին, փքված շուրթերը ներկված նռնագույն շրթներկով, աչք շոյող ոճական հագուստ էր կրում, մեծ, կանգուն կրծքերը` կիսաբաց էին։
– Ալլա մորաք, ախր ինչի՞ է մտքովդ անցե, որ Վարդոս ընձի ծեծե գը։ Էն Աստված, ինքը ընձի շատ լավ կպահե, սադանի ականջը խուլ, ուշքը կերթա, խեռլի գը ընձի համար։ Ջանին մեռնիմ, հա հըբը, իսկ ընչի պտի չպահե՞ որ, ըսպես գլամուր-մոդել, լսի կտոր աղջիգ է ձեռը ընգել։ Ըշտը ըսի` սիրե գը, մորաք, ցավդ տանիմ, ախր, ընչի ես ըսքան վախեցել ստից բանի համար, արի կեղնի`ըդքան մի անհանգստացի, հա՞։ Հըբը քեզի սազե՞ գը, Ալլա մորաք,- մեկ էլ կտրուկ տխրեց աղջիկը՝ գորովանքով նայելով կնոջը։
– Ախր, շատ անազնիվ եղա քո հանդեպ, աղջիկ ջան…
– Ըդիգ դու չես զարգել ավտոս, քանիմ ամիս առաջ մե ուրիշըմ՝ քեզի պես տարիքով կնիգմ է զարգել ու փախել։ Արդեն Վարդոն ինշուրանսից փողը ստացել է։ Վարդոս ըսեց, որ դու էլ ես փախնող, Ալլա մորաք, ըշտը ըդոր համար էլ ոտս կախեցի, որ փախնիս, բայց դու չփախար։
– Ինչ ե՞ք ասում, Եղսիկ,- ապշեց տիկին Ալլան ու հետո լայն ժպտաց.- Ինչ լավ ա, որ ընկերդ քեզ չի նեղացնում, սիրում ա։
– Հըբը՛։ Ըսեմ իմանաս, ղուրբանդ էղնիմ, մորաք, ինշուրանսից ձեր փողը ստանանք, թե չէ, նույն րոպեին կթռնինք Վեգաս գրանցվելու։ Լուրջ գործի տեր, էն ինչղ կըսեն, հա, բիսմեսմեն է Վարդանս, ինշուրանսների հետ կուտա-կառնի, հըբը ինչխ, ես էլ իրան քյոմագ կեղնիմ, ձեռ կբռնեմ, ըսպես ըսած` պամոշնիգն եմ…
– Ապրե՛ք, շատ ապրե՛ք, որ օրինականացնում եք ձեր հարաբերությունները,- աղջկա բոլոր մյուս ասածներն ականջի ետև գցեց տիկին Ալլան, իբր թե չի հասկանում։
– Մենակ թե քիչմ շատ կխանդե, ասսու կրակ է, կհասկընա՞ս, չի թողնի, որ հեչ մեկի հետ շփվիմ… հեչ մի բարեկամ ու ընգերուհի չունիմ։ Էդ էլ բանըմ չէ, գիտեմ, բայց դե ի՞նչ էնեմ, ինքն էլ ըդպես կսիրե, ըդպես իսան է։ Ձեր տղեն շատ խնդրեց։ Գողտուց եմ էգել։ Հեչ մե տեղմ չեմ կրնա էրթամ, բացի մագազինից։ Բայց դե տատս կըսեր՝ տղամարդը զանգակ է, կնիգը բդի բամբակ էղնի․ տղամարդ է, հըբը ինչղ կեղնի որ չխանդե, որ խանդե գը, ուրեմն շատ կսիրե, խելռի գը ընձի համար։ Հա, ի՞նչ էնենք զարգե գը, տատս կըսեր, որ շատ սիրելուց է, չիդե ինչղ արտահայտվի, մեկ-մեկ էլ թող զարգե։ Ըդիգ կարևոր չէ, աշխարհքը ում համար է դուզ, որ ընձի համար էլ ծուռ է, ես գիտեմ որ ինքը ընձի կսիրե, կարևորն էդ է, ընձի էս էլ ձեռ կուդա։ Վարդոս կողքս էղնի, ուրիշ հեչ բան պետք չէ… Մեռնիմ ջանին, ես էլ իրան սայլուգի պես կսիրեմ, հասկընա՞ս գը, մորաք…
Վերջում աղջիկը պինդ փարվեց տիկին Ալլային, կարծես չէր ուզում պոկվել նրանից։
Որդին Եղսիկին ուղեկցեց դեպի հիվանդանոցի ելքը։ Հիվանդասենյակի դուռը փակելուց առաջ տղավարի աչքով արեց մորը.
– Մամ, դե մի հատ էլ ասա ժամը քանիսն է՞…
Կինը լուսավոր, ժպիտով գրկեց որդուն, աչքով տվեց և ասաց ժամը։
Ժամացույցը նախ ժպտաց որդու հմայիչ հայացքով, հետո հրաժեշտ տվեց՝ Եղսիկի հորթային, խիտ, կեռ թարթիչներով զարդարված օգնություն հայցող աչքերով։
* * *
Լոս Անջելոսում սովորականի պես սկսվել էր ձմեռային երկարատև, տեղատարափ անձրևների շրջանը։
Տիկին Ալլան, որ օրերով հեռուստացույց չէր նայում, թերևս վերին ինչ-որ առաջնորդությամբ կամ գուցե անհայտ ինչ-որ կանխազգացումից դրդված՝ այդ երեկո անհամբեր միացրեց հեռուստացույցը։
Տեղական լուրերի սիրունատես հաղորդավարուհին հայտնեց, որ տեղումների հետևանքով Բրբանքի սարերում հողի սողանքը սարերից ներքև է քշել անհետ կորած մի երիտասարդ կնոջ դի։ Հետապնդման մեջ է ոմն հայազգի տղամարդ, որն արդեն հասցրել էր ստանալ հանգուցյալ կնոջ կյանքի ապահովագրության երկու միլիոն գումարի մեկ քառորդ մասը։ Հեռուստաէկրանին երևացին սպանված կնոջ և մարդասպան ամուսնու լուսանկարները։
Կինը սուր ճչաց՝ ափով փակելով բերանը.
– Ախ, չէ՞ որ գիտեի, որ սա պատահելու էր… ինչու՞ չփրկեցի խեղճ աղջկան…
