Անեկդոտը ավանդաբար բանավոր փոխանցվող ժանր է, և անեկդոտի կառուցվածքային և ոճական հատկանիշները սովորաբար քննվում են բանավոր պատումի համատեքստում, սակայն անեկդոտների կենցաղավարման փոփոխություններին զուգահեռ փոխվում է նաև դրա լեզուն, ոճը և կառուցվածքը: Արդի քաղաքային անեկդոտը աչքի է ընկնում իր ձևերի ու կառույցների բազմազանությամբ՝ հետևաբար նաև լեզվական տարբեր շերտերի առկայությամբ: Այս հոդված-ակնարկի նպատակն է հպանցիկ ձևով շրջագծել կառուցվածքային ձևերի այն շրջանակը, որ բնորոշ է ժամանակակից անեկդոտներին և հումորային բնույթի ժողովրդական այլ տեքստերին: Հոդվածի քննության նյութը քաղաքային անեկդոտի լեզվական և կառուցվածքային քննություն է: Անեկդոտները գրի են առնվել և հավաքվել 2010-ականներից: Մենք փորձելու ենք ցույց տալ նաև, թե լեզվական որ կաղապարներն են դուրս մղվել տարիների ընթացքում և որոնք ավելացել:
Գրիգոր Հարապալիևը, հղում անելով Արվո Կիրկմանին, նկատում է, որ անեկդոտների ուսումնասիրման տեսությունները 2 հիմնական ուղղություն ունեն 1. Լեզվական և տրամաբանական (logical) տեսություններ, որոնց նպատակն է պարզել, թե ի՞նչն է տեքստը դարձնում ծիծաղելի և ինչպես: 2.Տեսություններ, որոնք ուղղված են պարզելու անեկդոտի սոցիալական բնույթը:[1] Բնական է, որ ձևը և բովանդակությունը հաճախ փոխկապակցված են միմյանց հետ և պայմանավորում են մեկը մյուսին:
Ռուս բանագիտության մեջ անեկդոտի՝ որպես բանավոր ժանրի լեզվական հատկանիշների բնութագիրը տրվում է՝ դրանցում լեզվական երեք շերտ առանձնացնելով՝ մետատեքստուալ գրառումներ, հերոսների խոսքով կառուցված պատումներ և «հեղինակային» տեքստեր:[2] Իհարկե, մետատեքստուալ մուտքերը, ինչպիսին են «Դու լսե՞լ ես այս անեկդոտը» , «Հիմա մի անեկդոտ կպատմեմ» կամ նմանատիպ այլ արտահայտություններ, անեկդոտի կառույցում չեն տեղավորվում,սակայն կարևոր են լսարանին տվյալ տեքստը մատուցելիս.դրանով նախապատրաստում են լսարանին, մյուս կողմից էլ այսօրինակ մուտքերը առանձնացնում են անեկդոտը կատակով ասվող այլ խոսքից:
2010-ականներին հումորային հաղորդումների միջոցով անեկդոտի կառույց մտան մետատեքստուալ տեքստի արժեք ունեցող մի քանի արտահայտություններ՝ «Մենակ հայերը կարան….», «Մեր դասատուն (մեր տնօրենը, բակը, գյուղը, նախագահը և այլն), էնքան լավն ա («լավն ա»-ին կարող է փոխարինել ցանկացած որակական ածական կամ որակային հատկանիշ ցույց տվող այլ բառ՝ սիրուն, գեշ, կամակոր, հոգնած, սոված և այլն), «Թող ծափ տան նրանք….»: Բազմաթիվ օրինակներից էր ժամանակին բավական լայն տարածում գտած հետևյալ անեկդոտը.
Մեր աշակերտները էնքան քաղաքավարի են,որ դասատուների ներվերը դանակ-պատառաքաղով են ուտում :
Սրանց նմանողությամբ ստեղծված անեկդոտները, երբեմն էլ պարզապես կենցաղային կամ ոչ հումորային որևէ դրվագ ներկայացնող այլ տեքստերի հետ գործածվող արտահայտությունները շրջանառվում էին հիմնականում համացանցում: Բայց քանի որ այս կառույցը որոշակի ժամանակահատվածում ներմուծված կառույց էր, որ հեռուստատեսային հաղորդումները շղթայաբար վերցնում էին մեկը մյուսից, հաղորդումների փակվելու հետ նույն արագությամբ դուրս մղվեցին անեկդոտների կառույցից, քանի որ չէին հասցրել դառնալ հանրային լեզվամտածողության մաս: Այսօրինակ տեքստերը,սակայն,անեկդոտներին որոշակիորեն առնչվելով հանդերձ,ամբողջապես չեն համապատասխանում անեկդոտների ընդհանուր ժանրային բնութագրին, ուստի այս ձևերը միայն վերապահումով ենք անեկդոտների կառույցների խմբում դասակարգում: Ավանդական անեկդոտների կառույցները բաժանվում են տարբեր խմբերի, ուսումնասիրելով անեկդտոների կառույցների ռուսական և արտասահմանյան բազմաթիվ տարբերակները, այդ թվում անմիջապես կատակաբանների, սթենադափերների մոտեցումները[3] առանձնացրել ենք անեկդոտների կառուցվածքաբանական մի քանի տարբերակներ, որոնք ամենահաճախն են հանդիպել մեր դաշտային աշխատանքի արդյունքում:
- Հեղինակային կամ մենախոսական անեկդոտներ, երբ պատմվող տեքստի ողջ բովանդակությունը մեկն է պատմում.
Հայ գիտնականները պարզել են, որ ռուս գիտնականները արդեն ամեն ինչ պարզել են:
Նման դեպքերում առավել հաճախադեպ են երրորդ դեմքով պատմվող անեկդոտները, սակայն երբեմն պատահում են նաև առաջին դեմքով պատումներ.
Չգիտեմ՝ հավատամ ուսուցչիս, թէ չէ: Երեկ ասում էր 6+4=10, այսօր էլ պնդում է,որ 10-ի հավասար է( 3+7)-ը :
- 2. Դրամատուրգիական անեկդոտ. Այսինքն կառուցվում են կերպարի կամ կերպարների խոսքով: Ընդ որում, կերպարը կարող է ինչպես անմիջականորեն հաղորդակցվել որևէ մեկի հետ. այսինքն անեկդոտը կառուցվում է երկխոսությամբ, այնպես էլ կարող է խոսել միայն տվյալ կերպարը. սա այն դեպքն է, երբ կա հարցը, բայց անհայտ է հարցնողը: Այս դեպքում ունենք «այսինչին ասում են», «այսինչին հարցնում են» կաղապարով մուտքը: Ահա մեկ օրինակ.
« Ապարանցուն հարցնում են ՝արևն ինչի համար է, պատասխանում է՝ երդվելու»
Անեկդոտների կառույցներում հարց-պատասխան կաղապարը ամենից լայն տարածումը ունի: Ընդ որում, անեկդոտների մի մասը կառուցվում է երկու հերոսների զրույցով, ինչպես օրինակ այս անեկդոտում,որտեղ ներկայացված է բժշկի և հիվանդի երկխոսությունը.
Հոգեբուժարան. բժիշկը՝ հիվանդին.
–Ես ձեզ մոտ մեծ առաջընթաց եմ նկատում:
–Առաջընթա՞ց: Լավ էլի , 6 ամիս առաջ ես Նապոլեոնն էի, իսկ հիմա՝ ոչ մեկ:(harmonia.am)
Նկատենք,որ համացանցում կամ մամուլում գրի առնվելիս անեկդոտը կարող է կառուցվել նաև միայն երկխոսությամբ՝ առանց հեղինակային մեկնաբանության, սակայն բանավոր տարածման դեպքում այդ կերպը բացառվում է:
Երկխոսության կառուցման մյուս եղանակը պատմող-լսարան տարբերակն է, երբ անեկդոտի ասացողը հարցն ուղղում է լսարանին՝ իրականում պատասխան չակնկալելով. եթե անեկդոտ է պատմվում,ենթադրելի է,որ լսարանին կամ նրա մի մասին պետք է անհայտ լինի դրա սյուժեն,ուստի պատասխանը ևս հեղինակն է ասում:
Այս դեպքում անեկդոտը իր ժանրային հատկանիշներով նմանվում է հանելուկի.սակայն այստեղ արդեն էական է դառնում պատասխանի անհեթեթությունը կամ ծիծաղելի մեկնաբանությունը.
Հարց–Կարող եք ասել՝ո՞վ ա աշխարհի ամենաերջանիկ մարդը:
Պատասխան–Ադամը,որովհետև զոքանչ չունի:
Տեքստը տեքստում կառույցով անեկդոտներ
Գրականության մեջ շատ վաղուց և ընդունելի են իտերտեքստերը, արտատեքստերը և մետատեքստերը: Արդի գրականության գրեթե բոլոր ժանրերին ներհատուկ է տեքստը տեքստում կառույցը: Այդ կառույցները մտել են նաև անեկդոտներ և զվարճապատումներ:
Արդի անեկդոտում հանելուկը կարող է նաև ամբողջական կառույցով մտնել անեկդոտի կազմի մեջ.
Աբարանցին տաքսիով Աբարան ա գնում, ճամփին շոֆերը ասում ա.
-Մի հատ հանելուկ ասեմ, կգուշակե՞ս:
-Ասա՛:
-Հորս տղեն ա, բայց ես չեմ: Ո՞վ կլնի:
-Չգիտեմ…
Իմ ախպերն ա:
-Պարզ ա…
Աբարանցին հասնում ա Աբարան:
Բոլորին հավաքում ա, ասում ա.
-Մի հատ հանելուկ պատմեմ, եթե գուշակեցիք, հալալ ա. հորս տղեն ա, բայց ես չեմ: Ո՞վ ա:
Բոլորը զարմացած ուսերը թափ են տալի.
-Չգիտենք:
-Մի հատ երևանցի տաքսիստ կա, իրա ախպերն ա…
Հանելուկից բացի՝ անեկդոտները իրենց կառույցով կարող են աղերսներ ունենալ նաև բանահյուսական մեկ այլ ժանրի՝ կենացների հետ, այս դեպքում ևս փոխառնչության երկու տարբերակ կա.
Ա) շատ անեկդոտներում կարող է պարզապես ամբողջական կենացը ներառվել.
Հարսանիքի ժամանակ փեսայի ընկերը վեր ա կենում, ասում ա.
— Փեսա՛ ջան, հա՛րս ջան, ձեր կենացը լա՛վ եղեք, առո՛ղջ եղեք, սիրե՛ք միշտ իրար, իրար հետ լա՛վ եղեք, հիմա էլ ուշ ա արդեն, գնացեք ձեր գործերին, մենք էլ միշտ ձեր հետ կլինենք, ձեր կողքը կլինենք ու ամենուր ու ամեն տեղ կօգնենք ձեզ:
Վախեցած հարսը ֆռում ա, փեսայի ականջին ասում ա.
-Իսկ կլինի՞ որ գիշերը ինքը մեզ չօգնի:
Բ) Կառուցվածքային մյուս տարբերակում անեկդոտը կարող է ներկայացվել որպես կենաց.
Երբ ֆրանսիացին գրկում է կնոջ իրանը, մի ձեռքը հասնում է մյուսին: բայց դա չի նշանակում, որ ֆրանսիացիների մատները այդքան երկար են: Դա նշանակում է, որ ֆրանսուհիների իրանը բարակ է: Երբ անգլուհին ձի է հեծնում, նրա ոտքերը հասնում են գետնին: Բայց դա չի նշանակում, որ նրա ձին փոքրիկ է: Դա նշանակում է, որ անգլուհիների ոտքերն այդքան երկար են:Երբ հայը գործի գնալիս կատակով խփում է կնոջ հետույքին, իսկ գործից գալիս տեսնում, որ հետույքը դեռ դողում է, դա չի նշանակում, որ հայ կանայք այդքան գեր են: Դա նշանակում է, որ հայ տղամարդիկ ունեն ամենակարճ աշխատանքային օրը:Խմենք ուրեմն մեր սահմանադրության կենացը:
Վերոնշյալ, և մեր քննարկած մյուս անեկդոտների ներկայացման հիմնական եղանակը հեղինակի պատումն է, որի հաջող կամ անհաջող լինելը թերևս պայմանավորված է գրառողի կամ բանասացի պատմելու կարողություններով, խոսքի մշակույթով և այլն: Սակայն,ժամանակակից անեկդոտների ձևերի բազմազանությունը թույլ են տալիս ստեղծել նաև այնպիսի անեկդոտներ, որոնք յուրացնում են գիտական կամ վարչական ոճերին պատկանող ընդունված կառույցներ՝ նամակ,հայտարարություն,վերլուծություն և այլն:
Հայտարարություն.
«Վաճառվում են տարբեր գույների սև շալվարներ»:
Անեկդոտներում ուղղակի կամ անուղղակի կերպով օգտագործվում են նաև դիմումի,հարցազրույցի, նամակի և այլ ձևեր,որոնց բոլորի դեպքում էլ էական հատկանիշը երգիծանքն է, որը ինչպես տեսանք արտահայտվում է լեզվական և կառուցվածքային տարբեր կերպերով:
Տեխնոլոգիական կառույցներ
Բանավոր պատումի փոխանցումը գրավոր և համացանցային հարթակ որոշակիորեն փոխել է նաև անեկդոտների կառույցը: Որոշ ձևեր գործածվել են որոշակի ժամանակահատվածում և նույնքանն էլ արագ դուրս մղվել: Օրինակ, 2000-ականների սկզբում բավական լայն տարածված էին տեքստային հաղորդագրությունների զվարճալի տարբերակները: Դրանց առանձնահատկությունը այն է,որ կառուցվում է հիմնականում սիրային խոստովանություն հիշեցնող սյուժեով,որին կցվում է որևէ անսպասելի բառ.այդօրինակ տեքստերից հատկապես հայտնի էր հետևյալը.
Ես շուտով կգամ քեզ մոտ,ու կտանջեմ քեզ,քո աչքերը կկարմրեն ցավից,ես քեզ քարշ կտամ անկողին ու դու չես ազատվի ինձնից:……….. Քո Գրիպ:
Ակնհայտ է, որ այս կառույցը միայն գրավոր, հատկապես տեքստային հաղորդագրությամբ կարող է տեղին լինել, քանի որ հիմքում ոչ թե խոսքային կամ գործողությունների զավեշտն է ինքնին, այլ անսպասելիությունը: Առհասարակ, անեկդոտների համար կարևոր տարր է անսպասելիությունը, սա նշում են ինչպես գիտնականները, այնպես էլ սթենդափերներն ու հումոր ստեղծող այլ մարդիկ:[4]
Մեմ-անեկդոտներ
Մեմերը ժամանակից մշակույթի անբաժան մասն են,դրանց շերտերը, համացանցում տարածումը և գործառույթը բավական երկար քննության նյութ է, այս անգամ դրան չենք անդրադառնա: Միայն նկատենք, որ մեմերը զգալի չափով առնչվում են անեկդոտին, ռուս բանագիտության մեջ հաճախ մեմը անվանում են անեկդոտի տեսապատկեր (визуализация), ընդ որում դրանք կարող են ունենալ և՛ ուղեկցող տեքստ, և՛ լինել առանձին՝ առանց տեքստի: Այս կառույցները հայկական իրականություն ներմուծվել են համացանցից՝ հիմնականում անգլիալեզու և ռուսալեզու նյութերի ուղիղ թարգմանությամբ, ինչպես, օրինակ՝ «սպասելիքներ, իրականություն» գրառումով մեմերը կամ «իմ դեմքը, երբ..» գրառումով մեմերը, որ հիմնականում դրվում է Քիլյան Մըրֆիի՝ հարցազրույցներից մեկից արված կադրի վրա: Որոշ մեմեր էլ քաղաքական գործիչների ելույթներից կտրված հատվածներով են կառուցվում: Ընդ որում, բուն մեմը կարող է լինել և՛ քաղաքական և՛ ոչ քաղաքական: Այդպիսի որոշ մեմեր նույն տրամաբանության և կառույցի սկզբունքով հայացվում են և որոշակի կոնտեքստում արտացոլում հայկական նյութը: Բավական հետաքրքիր են առանձին իրադարձություններին առնչվող մեմերը, որ չեն կարող հասկանալի լինել առանց լայն համատեքստի:Օրինակ՝ 2020 թվականի հուլիսին Գյումրիում ջրհեղեղ էր, մեքենաներ էին ջրասույզ եղել, տարածվել էին նկարներ աղետի գոտուց: Հումորով գյումրեցիները նկարների հիմքով մեմեր էին տարածում համացանցում:
Տեսապատկեր-անեկդոտի մյուս տեսակը կոմիքսն է: Այստեղ պատկերին ուղեկցում է տեքստը, սովորաբար այսպիսի դեպքերում, ի տարբերություն մեմի, հնարավոր է անեկդոտը նաև գրավոր վերարտադրել, այսինքն՝ տեքստը թույլ է տալիս ամբողջական կառույցը վերականգնել: Կոմիքսների մեծամասնությունը տողացի թարգմանություններ են օտար լեզուներից:
Ինչպես նկատեցինք, անեկդոտները միտում ունեն արագ մոռացվելու և կառուցվածքային փոփոխությունների ենթարկվելու: Այս հոդվածի նյութը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան արագ են անեկդոտները փոփոխվում մշակութային-սոցիալ-քաղաքական համատեքստում: Այսպիսով՝ բանահյուսական անեկդոտների կառուցման տրամաբանությունը մեկն է. ցույց տալ ծիծաղելին՝ կոմիկականը: Խոսքային և գործողությունների զավեշտը կարող է արտահայտվել և՛ խոսքով և՛ պատկերով: Անեկդոտը, որպես բանահյուսական ժանր, թերևս ամենաարագն է արձագանքում ինչպես նոր թեմաներին, այնպես էլ նոր կառույցներին, որոնք ժամանակի հետ առաջանում են, ժամանակի հետ էլ՝ դուրս մղվում՝ տեղը զիջելով նոր նյութերին:
[1] Gr. G. Haralampiev Grigorov, The joke cycle Island of cannibals:
structure, functions, messages, doi:10.7592/FEJF2012.50.grigorov
[2] Н. Д. Голев,Русский анекдот как игровой текст.Внутренняя форма и содержание. http://lingvo.asu.ru/golev/articles/z58.html
[3] Joke Writing: The Ultimate Free Guide to Joke Structures, https://creativestandup.com/how-to-write-stand-up-comedy-jokes/
[4]Dean Lewis, The Anatomy of a Joke, Learn how to structure your comedy to punch up your next speech. https://www.toastmasters.org/magazine/magazine-issues/2018/july2018/humor