Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն | Անհանգ պոեզիա

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 2023-ի հուլիսյան հատուկ դասընթացների ու աշխատարանների շրջանակում Աննա Դավթյանը Գյումրիում անցկացրել է «Անհանգ պոեզիա» հատուկ դասընթացը, որի բոլոր աշակերտների արդյունքները ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

 

Աննա Գալստյան

Ծնվել է 2004 թ-ին Գյումրիում: Սայաթ-Նովայի սիրելին:
 

***
Կայարան էր,
Մինչ գնալդ ու ինձ անելք թողնելդ, այն կայարան էր,
Ու երբ սուրաց ծանրամիտ գնացքը, ու մնացի մենակ, այն հրաժեշտ էր։

Կարծես մեխված էի գետնին․
Համբերատար էի:

Հանկարծ հենարան ուզեցի`
Կառչելու մի ձող, բռնելու եղեգ, կախվելու պարան, մտնելու գետին։
Հենարան, որ երբեք կայարանից չի մեկնի
Ու չի թողնի ինձ:

Արդեն հրաժեշտ էր․
Մինչ գնալդ ու ինձ անտեր թողնելդ, այն կայարան էր:

 

Հարազատ Սատուրն
 

Թևերս դուրս են գալիս շապկից` ինչպես նորաստեղծ թիթեռը,
Ու սավառնելու չափ ինձ ձգում վեր:
Ցուրտ է.
Պոկվում եմ գետնից ու տեսնում երկիրը,
Մրջնանման մարդկանց ու մարդանման մեղուներին։
Հասնում եմ.
Վերհիշում, որ վտարվել էի Ադամի ու Եվայի նման`
Նրանց նման մերկ, նրանց չափ մեղսունակ,
Բայց չէ՞ որ ես մենակ էի…
 

Առաջին առավոտներից

Ճկվում է ողնաշարս ու ջնջխվում`
Ինչպես մայրիկի օժիտն անցած։
Սրճում եմ ու փորձում հիշել:
Փոխում եմ ողնաշարիս վիրակապերը։
Ավարտվում է առանց քեզ սկսվող առաջին առավոտը։
 

Ինստագրամի արևմտահայերեն բառարան

Խահուէ – սուրճ
Ետեւն գացող – հետևորդ
Ավելցվել – գումարվել
Փուճ – դատարկ
Թարթափ – աչքի բացուխուփ
Սքողած – թաղած
Թասուն – հևացող
Ճշդել – ստուգել
Ծայր տալ – սկսել
Թարթափանք – թափառում
 
***
Ըմպվում եմ։
Սառն էի։
Փշաքաղվում ես մինչև ոսկորներդ ու հայհոյում։
– ****:
Ծամվում եմ։
Գնալով կարծրանում։
Կուլ չեմ գնում, հայհոյում ես։
– **** էլ:
Չափազանց մեծ կում էի, որ շնչափողդ չլցվեի։
Ես կուլ գնալ չեմ ուզում։
Թքի՛ր ինձ։

***
Իջա նկուղ։ Մահահոտը բռնեց քիթս։ Արյունս խճճվեց։
Ինչո՞ւ է նկուղում մահահոտ։

***
Ինձ գտնել է պետք քո գրողի ծոցից։

 

Դավիթ Արիստակեսյան

Ծնվել է 2004 թ-ին Գյումրիում: Մի քիչ ծերացած մազերով:
 

***
Ձորի մայլա — աշխարհիկ շների`
Չալոյի, Ռեքսի, Ռուբենի, Սևուկի սև:
Նրանք թափառական երաժիշտներն են այստեղի,
Որ շարժվում են ստվերներ դառած` ամեն մեկից վախենալով,
Բայց երբ գալիս է ուշ լուսինը,
Բոլորին ցույց են տալիս իրենց հաչոցների ֆուգաները,
Անփորձ քոթոները սնկռտում են, նրանց ձայնը դեռ ձայն չէ,
Եվ ի վերջո, ավանդույթի ժամին,
Կապուտաչյա դուետը ավարտում է հաչերգը.
Յանան ու Արիանան` հասկիները Գուգոյի:

Շուներ հաչող անանձնական…

***
Երեկո, Աբովյան փողոց, Բամբիռի համերգ.
Ձանձրալի էր անձրևից հետո,
Նայեցի չորս բոլորս —
Անծանոթ դեմքեր թոլի տակ,
Ուզում էի լքել, բայց
ջրից հետո ծաղկած,
աչքերիդ մեջ կորալներ,
թիկունքիցդ բարձրանում է մշուշը՝
հայտնվեցիր:
Արդյոք Բամբիռի մեղեդո՞ւց էիր դուրս եկել`
քո փնտրող լազերով:
Պատանդ ընկա:
Հավերժության մի քանի րոպե,
Շուրջը` շուխուռ, մենք` անշշուկ,
«Համերգը պրծնի՝ մոտենամ»:
Փնտրումը կար, բայց չգտա.
Սիրեցրիր ինձ այս խումբը:
 

Սրեր

Կշեռքներն անզոր են:

***
Ամեն հիշողություն (ինքն իր) բանաստեղծություն(ն) է։

***
Ինչքան կանաչի երանգներ, այդքան ելքեր:

***
Տարօրինակ` ինչպես անծանոթ մեքենան տան դիմաց:

 

 

Գայանե Սարգսյան

Ծնվել է 2004 թ-ին Գյումրիում: Ստեղծագործում է անժամկետ արձակուրդների ժամանակ:
 

***
Վանդակի դռնակը բաց էր,
Թռչունը չէր փախչում,
Վանդակը տունն էր,
Տանից չեն փախչում:

***
Մահանա՞մ, թե՞ կմահանանք
միասին…
Նայենք կյանքին նույն աչքերո՞վ,
Թե՞ ծամենք կյանքը առանձին:

***
Հասկի վառված հատիկները` հաց սովածների համար:

***
Բնության վայրի ծոցում ապրում էր ընտանիք:

***
Օրգանիզմը ջրազրկված էր, թույնը չէր ճարվում, թեև էժան էր:

***
Մի գնացք էր պտտվում ուղեղիկումս,
Գիշերային մտքերը ստիպեցին քայլել դեպի այգի,
Գնացի,
Քիչ նշմարվող լույսը հուսադրող էր,
Ուզում էի քաջ լինել,
(Ես խելագարվում եմ գուցե),
Ինձ հետապնդում էր մի ստվեր,
Այն գրկում էր ինձ,
Ակամայից կարոտեցի մեկին,
Որ վաղուց չկար,
Մտքերս գրավվել էին,
Իսկ աչքերս տեսնում էին աներևակայելին`
Փետուրներ.
Գնացի հետքերով
Ու տեսա`
սիրամարգ էր:
Նկատեց ինձ,
Շրջվեց,
Ես սարսափած էի,
Մարմնի հակառակ կողմը զուրկ էր փետուրներից, բոլորովին զուրկ,
կարծես մեկը հատիկ-հատիկ պոկել էր`

մա՞րդ, թե՞ կենդանի:

 

Սոնա

Նկարն էի նայում, որ կախված էր պատին.
Քար, լեռ, գետ, ամպ, արև,
Իսկ ո՞ւր էր նա:
Քար, լեռ, գետ, ամպ, արև:
Փնտրում էի այն, ինչ չկար այդտեղ.
մի կերպար
մի մարդանման
մի կաթնասուն
կամ անասուն
կամ մի օձի
դավաճանի
կամ աղվեսի պոչին գերի
կամ մի բոռի
աղտոտանքի
մի անբանի
մակաբույծի
կամ փորսուղի` հողին գերի
կյանքագողի
խզբզանքի
մի կարիճի:
Հստակ մի երգ, որ տեսնում էի,
Մի դեմք էր գալիս աչքերիս առաջ.
մի կապկանման
ցինիկավարի
մի այլանդակված
աչքաշոռի
գող
ավազակի
ցեխի:
Բացասական եմ:
Անձս վախով է լցված,
Սիրտս փոխում է իր դիրքը,
Սեղմվում է թոքերիս տարողությունը,
Իսկ ուղեղս վերարտադրում է այդ ցնորային օրը,
Թե ինչպես մեկը սպանեց նրան այդ նկարի մոտ,
Դանակը մաքրեց, ժպտաց, նետեց դեպի ինձ,
Հեռացավ:

***
Նինան և Վիկան պայքարում էին հաղթանակի համար,
ընթացքը շատ բարդ էր,
մարզուհիները գործադրում էին վերջին ճիգերը,
վերջնագիծը մոտ էր.
հաղթեց մարզիչը:

***
Միգուցե հարցնե՞ս, թե ինչու եմ փակվել ծառի մեջ:

 

Անահիտ Մանուշակյան

Ծնվել է 2005 թ-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Վարդից շատ վարսանդն է սիրում։

***
Գիշեր էր.
Գնացքից լուսնով էի։
Եվ տեսա զույգի՝
Քամու և եղեգների պարը ստվերների։

***
Անհանգ մի բան պետք ա գրեմ,
Թե չգրեմ` սևս կտա իմ սիրելի ընկեր Աննան:
Լավ, խաբեցի, սևս չի տա,
Անկյուն կկանգնեցնի միայն։
Չգրեցի, չգրեցի, գլխիս պարտքեր հավաքեցի։
Ոնց գրում եմ, խզբզում,
Հանգերով ա սաղ ստացվում։

***
Ամեն ինչ խառն է`
Ներսումս, երկրում:

***
Քար, քարե նկար, եռագույն։

 

Էլեն Բարսեղյան

Ծնվել է 2009 թ-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Երազում է միայն այն ժամանակ, երբ ուզում է քնել։

***
Անհանգիստ ու լարված
Մի անփորձ աղջնակ,
Ով իրեն չի գտնում
Նոր միջավայրում:
Մտքում անընդհատ մի բան է կրկնում ՝
Ինչո՞ւ եմ այստեղ և ի՞նչ եմ անում:

***
Գիշեր
լուսինը թաքնվել է ամպերի հետևում աստղերը լուսավորում են երկինքը գնացքը կանգնած է ռելսերի վրա սպասում է իր վերջին ուղևորին փչում է քամին լսվում է եղեգների ձայնը գնացքի դռները ճռռում են քամու փսփսոցից լուսինը թաքնվել է ամպերի հետևում աստղերը լուսավորում են երկինքը

***
Շնորհակալություն եմ հայտնում քեզ քո գոյության համար,
քո խորության համար,
քո սիրունիկ, երկար պոչի ու մեծ գլխի համար,
քո տեսքի, քո անկրկնելի նախշերի համար:
Շնորհակալություն եմ հայտնում քեզ, որ մինչ օրս մորս կողքին ես, մորս հետ, միշտ մորս ձեռքի տակ, միշտ օգնում ես:
Շնորհակալ եմ, շերեփ։

***
Հերթական վեճ եղբորս հետ:
Հաղթեցի:
Որովհետև տան փոքրը ես եմ:

 

Գայանե Լամբարյան

Ծնվել է 2004 թ-ին Մոսկվայում, մեծացել և ապրում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Բացարձակ ոչինչ չգիտի իր մասին։ Ապրում է դեղինով։
 
***
Զգույշ, Եվա՛, գրոհում են

Զգույշ, Եվա՜… գրոհում են աղվեսները
դեպի անհաս ուղեղդ`
անհասանելի, և դեռ չհասած, և չհասկացված…
Փակիր բերանդ, մռութիդ ակցան են մոտեցնում,
Դատարկ դեմքերով հիպնոսացնում են ու սա կրկնում.

Եվայի վրա հարձակվող Եվա,
Եվայից` մեղքածոր, Եվայի մեջ` վառվող Ադամ,
Եվայից դուրս` միլիարդ ադամամոմեր,
Եվայի շուրջ` թիթեռաչափ կյանք ամեն օր։

Զգո՛ւյշ, Եվա, մրջյունները պատել են մաշկդ։
Ասում ես` կարճատև է նրանց լինելը քո մարմնի վրա,
Կարճաթև է վերնաշապիկդ,
Մտքերդ` նույնպես։

Զգո՛ւյշ, Եվա, Ադամ է կանգնել կոկորդիդ զեյթունի կտի պես,
Թքի՛ր նրան,
Թքիր նրա վրա,
Թքած ունեցիր ճիշտ հենց նրա պես։

Զգո՛ւյշ, Եվա, նա այս խոսքերիդ սպասում է այնպես,
Ինչպես արագ հասցրի ես քեզնից զզվել.
«Ինձ անձեռագիր չթողնես,
Ես կարող եմ խզբզվել…»:

Ես այսօր քայլող շղթաներ եմ գործել
Ու դուրս գրել գլխիս պահեստից։
Ու նախկին արքայազնի տեղը
Աչքերս սկսեցին սևն ընդգծել.
Ինչ-որ մեկի լղոզված կերպարն է ճմռթվում
ձայնավոր
ջրափոսում……………………………………………

***
Մազ էր մնում

Գնացքը
շարժվում էր գետինը ծամելով…
շարժվում էր պարսը եղեգի,
որ գիշերվա մեջ ծաղկատար լուսնին հասնելու իմ վերջին միջոցն էր։

***
Սկսիր անձրևել իմ գլխին,
Փափուկ փրփուր կապիր իմ գլխացավանքի վրա,
Բարկացիր ու հանդարտվիր վայրկյանում,
Որովհետև լվացքն այդպես է թելադրում։
Լա՛վ անձրևիր իմ գլխին,
Դու լա՛վ անձրև ես,
Իսկական անձրևն ինձ պարտքով տաքություն չէր տա:
Ապրես, որ կարծում ես, որ ես տաղանդավոր երգիչ եմ.
Ընկերներս դա չհասկացան։
Առավոտ երազ էի պատմում, հիշո՞ւմ ես,
Վռազ էիր, ասեցիր` հետո կլսեմ, ու թռար։
Ուշ է արդեն, ուրիշին եմ պատմել։
Դադարի՛ր անձրևել իմ գլխին։
Դու կարող ես գրիպիս պատճառը դառնալ,
Քեզ խոհանոցում խմում են, սառն ես։
Մի անգամն ի՞նչ ա, հակառակը չի լինի, չէ՞,
Շատ կանոնիկն ես։
Վա՛տ անձրևիր իմ գլխին.
Ձեռքս համարյա փակել է հոսքդ,
Հերիք է համառ կաթես, արդեն մաքուր եմ։
Լավ կլինի` սրբիչը բերես. սենյակիս աթոռին եմ թողել։

***
Մի ուշացիր, իմ կծկված սրտի պատճառ։

***
Ջարդվելով գրվիր, իմ բանաստեղծություն։

***
Չլուծվես սուրճում, լուծվիր թղթիս վրա, խնդրում եմ։

***
Դիմելով բոլորին

Զարգացիր իմ կոճի վրա, դարձիր իմ ուռած ոտքի ու անշարժության պատճառը. ներողամիտ եմ։

 

Անիտա Վարդանյան

Ծնվել է 2008 թ-ին Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում: Հետաքրքիր ձևի ժպտա գը:
 

***
Տարօրինակ` ինչպես դպրոցի նկուղի լույսը,
Տարօրինակ` ինչպես դռան հակառակ կողմը:
Սովորական` ինչպես սպանությունը դանակով,
Զառամյալ` ինչպես թոնրատան սարդը,
Զառամյալ` ինչպես դարակում դրված ձայնապնակը,
Մռայլ` ինչպես այրված լամպը:

***
Մոխրագույն` ինչպես թուխպը երկնքում, սենյակը:
Դեմ-դիմաց նստած՝
Միմյանց էինք լսում:
Կարդում էինք պոեզիա
Եվ գրում համեմատություն.
Անձրև սկսվեց:

Մոխրագույն` ինչպես թուխպը երկնքում,
Վերևում` կախված լամպեր
Եվ մտքեր՝ կախված և կապված պարանով։
Ներքևում հողագույն սև,
Մի պատառ հսկա առևից և անձրևից մի բուռ:

***
Աչքերդ`
Կանաչ,
Կանաչ` ինչպես վրանը զինվորի:

***
Սփռված մտքեր գիշերվա մեջ`
Ինչպես եղեգները գետաբերանում,
Լույս է տալիս արծաթյա լուսինը նրանց:
Գալիս է գնացքն ու գնում անձայն,
Տանում է և մտքերը, և լույսը,
Ու մնում են խավարում միայն
Եղեգները հավերժական։

***
Մամաս սեց, օր գլխիս ցավը էս անտեր հեռախոսներից է:

 

Տիրուհի Հովհաննիսյան

Ծնվել է 2006 թ-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։ Ալինայենց հարևանն է։ Խոսում է քնած ժամանակ ավելի շատ, քան իր շատախոս շունը։
 

***
Երբ այս մութ ու ցուրտ ափերն են հասնում նավերը հեռվից`
Բեռնված արևներով ու մրգերով բազում,
Բերում են իրենց հետ աշխարհի ծայրից
Կապտակապույտ ծովերի բարության հրավերքը,
Բերում մեզ շատ հայտնի աշխարհի
Արևոտ ու ջերմ սիրո երգերը,
Իմ կյանքում, ուր եղել է միայն քամի ու ձմեռ,
Երազում եմ նետվել այդ ափերը,
Երազում եմ խառնվել ջրերին՝ ալիք դառնալով,
Տարեք ինձ այնտեղ, ուր արևներն են պտտվում,
Արևի տակ ամեն ինչ հաշտ է ու թեթև,
Տարեք ինձ այդ ջերմ ափերը հեռու։

***
Խավար էր անտառը,
Ինչ-որ մեկն էր վազում աննպատակ,
Ուրիշ մեկն էլ հանգիստ նստած մտածում ու խոսում ինքնիրեն,
Անտառը մին հանգիստ էր, մին էլ տխուր,
Ծառերը` բարձր ու հպարտ,
Խոտը` թաց ու հուզված,
Անտառը մին հանգիստ էր, մին էլ տխուր։

 

Եվա Մանուկյան

Ծնվել է 2010 թ-ին Շիրակի մարզի Կամո գյուղում: Ունի հասարակ պլաններ, հատուկ ծրագիր:
 

***
Տարօրինակ` ինչպես մոմի լույսով՝ բաց խավարի մեջ:
Սպիտակ` ինչպես սիրտը ներվելուց:

***
Իմ մազերը

Ամեն առավոտ
Արևի լույս են աչքերիս համար իմ մազերը,
Մետաքսե մշուշի նուրբ դեմքս շոյում են իմ մազերը,
Իմ ձեռքերը հոգատարությամբ ամեն օր արձակում են իմ մազերը,
Մի նոր շունչ է արթնանում իմ մեջ ամեն օր սանրելով իմ մազերը,
Անտառի պես խիտ, բայց փափուկ իմ մազերը,
Մեկ-մեկ գունատ, բայց երբեք ինձ չձանձրացնող իմ մազերը։

***
Մեկը իր գիշերները կտա մեզ
Ու չի անհանգստանա այն փաստից, որ ինքը անգիշեր մնա,
Մենք կդառնանք նրա լուսինը,
Որը կտա մեզ լույս, ոչ թե ջերմություն:

***
Սերն հեշտ չէ, երբ արհեստական է։

***
Ուրեմն պետք է նվիրել ուրիշին այն հագուստը, որը քեզ այդպես էլ չսազեց:

 

Անժելիկա Փանոսյան

Ծնվել է 2008 թ-ին Գյումրիում: Առանց ակնոցի ճանաչում են բոլորը, ակնոցով` Մգոյի շները:

***
Լսարանն էր մեր զվարճալի` անհանգ պոեզիայով հարուստ,
Սև գույներով ու թափանցիկ պատուհաններով,
Հանկարծ լսվեց տագնապի ձայն.
Բոլորս զարմացած նայեցինք միմյանց,
Մարինան ավելացրեց` բարև, որը ընդհանրապես
կապ չուներ իմ բանաստեղծության հետ:
Դրսում անձրև էր, մշուշ, իսկ ներսում` մթնոլորտ:
Հիմա սա բանաստեղծությո՞ւն է, ընկեր Աննա։

***
Մարդասպանությունը վնասակար է, բնությունը` օգտակար:
Ժորիկն էր նստած միայնակ սենյակում:

***
Ինչպես քամի ու մի տերև աշնան ծամծամիկ արևի հետ։

***
Պոլոզն էր նա` անունը Մուգուչ,
Մրգավաճառ ու շուլուխչի,
Պոլոզն էր մեր լեննագանցի`
Կատակների նազիր-վեզիր,
Ճշմարտության մաղն էր`
Խելոք ու խելառ։

 

Գայանե Ալեքսանյան

Ծնվել է 2007 թ-ին Շիրակի մարզի Երազգավորս գյուղում: Չէր ստեղծագործի, եթե չլիներ այս աշխատարանը: Սիրում է հաշվել հարևանի պիոնները:
 
***
Մի խայտառակություն
Արի՛գնանք միասին՝
Տատիս օգնենք սոկ փակի,
Արի՛գնանք բոստան մեր՝
Նապաստակին խոտ քաղե։

***
Գիշեր, աստղեր, մթություն.
Երկու դուռ, երեք միտք:

***
Լուսնալույս գիշերը ապրում է,
Գնացքն իր մտքի անձայն քաոսն է երգում,
Եղեգն է վառվում իր ստվերի բոցի մեջ:

 

Գայանե

Անուն, որ կրում են երեք հոգի մեկ խմբում,
Ծիծաղ է առաջացնում,
Ուսուցիչը երրորդին է միշտ կորցնում,
Բոլորը աչքերով եռյակին են ման գալիս,
Ցրվում են սենյակով,
Հերթով անուններն են իրենց ասում, ու ահա երեք անգամ`
Գայ, Գայուշ, Գայանե:

***
Գնաց:
Հասավ տեղ:
էլ հետ չի գա:
Իրոք չեկավ:
Չվերադարձավ:
Մնաց:
Գտա՝ մեռած էր:

***
Թռչկանի ջրվեժը, ես ու մի թռչուն մեռած:

 

Հարություն Ավոյան

Ծնվել է 2006 թ-ին Գյումրիում։ Երեկն ու վաղը կապող լարի լարախաղացն է։
 
***
Փորձում էր փրկել մորը: Լվացքը, տան մաքրությունը, մաքուր ամանները, իրար կողքի դասարվորված գուլպաները, վաննայում թրջած բուրդը, տաքացած արդուկը հավասար են նրա մորը: Արթնանալ առավոտ շուտ` նույնիսկ աքլորի կանչից շուտ, որ հանկարծ իրենից շուտ չարթնանա ամուսինը կամ, ավելի վատ, եթե արթնանա սկեսրայրը: Այսպես ամեն առավոտ` առանց ազատ օրվա: Սիլլա Նազարբելի. սա էր մոր անունը:

***
Տարօրինակ` ինչպես բամբակը մաքուր պինցետի ծայրին,
Տարօրինակ` ինչպես լուսաբացը սպիտակ գիշերում,
Սպիտակ` ինչպես թաց դիակը,
Սովորական` ինչպես չթելած ասեղը,
Սովորական` ինչպես սիրեկանը ընտանեկան ընթրիքին:

***
«Սկսենք». հառաչելով հենվեցի թիակիս, միացրի ալեհավաքս,
Թևերը փռվեցին վրաս, վրան, վրադ,
Ստվերը շատ մեծ էր, մութ կապեց վրաս, վրան, վրադ,
Բայց թանձրություն չկար բնավ,
Միտքս չդիմացավ այդ ծանրին,
Ճաքը ծայր չուներ, գնում էր,
Աչքս բաց արի լսած ծիծաղից` ուղղված դեպի ներս`
ներսս խառնելու,
Աչքերիս տակին զույգ այտեր գտա,
Լեզվիս սփրթնած վարդագույնից էին,
Ախ տվեցի, որ գետինը բացվի, կորչեմ նրա մեջ,
Գետինը բացվի, պառկեմ նրա մեջ,
Երկնքից ընկնի երեք բուռ սև հող
վրաս, վրան, վրադ.
Ես կործանվեցի։

***
Հենց ի՞նչ ցույց կուդան:
Ի՞նչ գուզեն սած էղնին:
Ախր չեն ճանչե…

***
կգա մի օր ու ես
կսլանամ հոսքն ի
հակառակ
կվազեմ գնացքի տանիքով
բայց ես կարագանամ
ինձնից կխլեն տեղափոխությունս
կանեմ բարձր ցատկ
վագոնների միացման
ճեղքից
խուսափելու
ոտքս
կճոռտեմ
հեռվի
անդորրի համար
տենչալի հեռվի
հանգստի համար
կգա մի օր ու ես
վազքով կլինեմ
կխլեն մի ուժ
ինձնից
փորձ կանեն խանգարելու
ծնողս լավը կցանակա ինձ
քամի՜ն կրակի
որ ամեն
պահի
կծակի բիբս
կուրության համար
նաև այն բոլուկը հազար ագռավի
որ գրադարանի գրքերից հարբած ինձ մոտ կթռչի
կգա
կկռա ու
կկռկռա ականջիս տակ
կծեփվի դեմքիս
մեկ էլ
գըթ
հազար ագռավ ընկավ տանիքին
մոխիր է ամեն-ամենի վրա

օրը եկել է
վազում եմ
երկար
գնացքի տանիքով
անում եմ բարձր ցատկ
մեկ-երկու վայրկյան
ավել տեսնելու
գնացքի կողքին
մոխիր
լճի մեջ
պարող եղեգին որ
շուռ է գալիս
դե պարիր եղեգ
ես էլ կպարեմ
եկ սուլենք եղեգ
մի լավ շվցնենք
Ազատությանը
 
Վարսակի դաշտ

Նա քեզ գտել էր հենց այս տարածքում
Կանգնել էր կենտրոնում
Ոտաբոբիկ
Կարծես
Ոտքերի տակ ընդհանրապես չեչաքարեր չէին
Այլ մի հաստ բուրդ էր
Սիզամարգի
Որտեղ աստղերի տարիների հեռավորությունը
Արտացոլում էին ծաղիկները
Աչքին կապել էր երկու չախկալա
Կովալենտ կապով
Քո աչքերն էին
Սիրեկանը հայացքն առանց կտրելու
Ձեռը լայն բացեց
Տակից թափվեցին մի քանի վարսակ
Կորան չեչի մեջ
Հետո Սիրեկանը հալվեց ջուր դառավ
Ջրեց

***
Շոյեց սիրուհու փորը երկկյանք՝ մեծ շրջանի կորը:

 

Մարի Ասատրյան

Ծնվել է 2007 թ-ին Գյումրիում: Վախենում է շներից, բայց ուզում է ունենալ հազարով շուն:
 

***
Նորից ու նորից

Նորից հայը կանգնած է
Կյանքի և մահի արանքում:

Նորից հայը կռվում է ապրելու համար,
Նորից մահն է եկել հայերին հյուր:

Նորից ի հայտ են գալիս ազգի դավաճաններ,
Նրանք, ովքեր հարվածեցին մեզ թիկունքից:

Վերադարձեք, տղերք:
Սկազալ Այկազ իզ Վոռոնեժը:

***
Սովորական` ինչպես դատարկ շիշը:

***
Լսարանում նստած եմ,
Բայց ուզում եմ թռչել,
Տեսախցիկը հառած է վրաս,
Լարերով կապված են ոտքերս,
Դրսում մռայլ ու անձրևոտ եղանակ է,
Բայց ես ուզում եմ թռչել,
Ախ, այդ տեսախցիկը` կապված ոտքերիս:

***
Եվ վերջ` բաժակը կոտրվեց:

***
Սաղ քնում են,
Ես զարթնում,
Շըխկուդըխկ անում,
Արթնացնում բոլորին,
հետո
նորից
Պառկացնում եմ բոլորին,
Գլուխները լցնում երազներով — երկու րոպե հետո`
ԴԸԽԿ:

 

Հայկուհի Ղազարյան

Հայկուհի Ղազարյան կամ Կակամի Տայգա, դուրս է եկել անիմեից 2006 թ-ին Շիրակի մարզի Բասեն գյուղում։
 

***
Տիեզերքի թրթռացող լռության կոպի տակ
Կա մի ուրիշ աշխարհ,
Աշխարհ, որ ինձ մայրս է նվիրել`
Դրած իր նուրբ ու քնքուշ ափերի մեջ։

 

ԾԱՂԻԿՍ

Ես փոքր էի, երբ կոտրվեց մեր տան փոքրիկ հայելին,
Հայելին փոքր էր, բայց հորս արցունքները` մեծ ու ծանր,
Ես հիմա ոչինչ չեմ հիշում այդ օրվանից,
Ու միգուցե դա էլ ինձ պետք էր,
Իսկ հիմա, երբ նստում եմ մեր դռան մեծ վիշնու ծառի տակ,
Անկախ իմ կամքից` նրա նկարներն են իմ աչքի առաջ գալիս,
Բայց այդ նկարները մայրս չի թողնում, որ հաճախ նայեմ,
Ու երբ հարցնում եմ` ինչն է պատճառը,
Մայրս իր արցունքներով կարծես խեղդում է այդ հարցի պատասխանը,
Ու ես ամեն անգամ այդ հարցից հետո
Պարզապես լռում եմ։

***
Մարդը խաղում է
գլխավոր և հետին անորոշ պլան։

***
Դրսում ցերեկ էր,
Իսկ Հայկուհու սրտում` գիշեր,
Հայկուհին քնած էր տատիկի փայտե հիշողություններում,
Ու հանկարծ մի լուսնաբույլ
Կաթեց նրա դեմքին,
Ու նա զգաց ծակծկոց,
Մտածեց, որ եղեգ է,
Ու նորից փորձեց քնել,
Բայց հաջորդ անգամվա ծակծկոցից
Մտածեց, որ գնացք է անցնում իր դեմքի վրայով,
Եվ մինչ կգար հաջորդը`
Նա քնեց ու ընկավ երազներով բեռնված նեղ նավակը։

***
Փայտե ոջիլները կրծեն կապույտ սիրտս։

 

Մարինա Պողոսյան

Ծնվել է 2010 թ-ին Գյումրիում: Լողալ չգիտի, բայց փորձել է լողալ ծովի խորքում։
 

***
Համակարգիչներ ու աթոռներ,
Դիմացի լսարանում ամեն ինչ նույնն է, միայն դատարկ է,

Բայց այնքան էլ դատարկ չէ, քանի որ ներսում կա մի ժիլետ։

***
Պատերը սև և ապակիները թափանցիկ,
Դրսում անձրև է, միգուցե նաև մեղմ փչում է քամին,
Բայց ես ներսում եմ և չգիտեմ:
Գտնվում եմ պատուհանի հակառակ կողմում:

***
Սպիտակ` ինչպես սփռոցը խորանի:

***
Նա սիրում էր լուսնին, քանի որ լուսնի տակ շոգ չէր։

***
Թումոյի պատուհաններից չի բացվում տեասարան դեպի Մասիս,
բայց զատո
պատուհանից երևում է՝ ‘‘number’’ name= ‘‘bid’’ value=1
Html-ի <title>, <body>
Լուսանկարչության Photopea-ն,
Ֆիլմերի պատմության պատմատախտակը,
Երաժշտության երգի տաղերը,
Անիմացիայի կորագիծ շարժումը,
Ռոբոտաշինությունից ռոբոտները ձեռքով են անում,
Ստեղծագրության writerduet-ը,
Եվ մնացած բոլորը, բոլորը:
 

 
Միլենա Շաքարյան

Ծնվել է 2008 թ-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Թևերը սառույցից են, որովհետև կախարդանքը սառույցն է։
 

***
Հա, պիտի մեռնեի։
Մեռա, հետ եկա:
Էռնեստա
 
Պատերազմ

Հույս գիշեր, լուսին լրիվ ու ճանապարհ եղեգնոտ։
Լսվում է լուռ սվսվոցը հասնող գնացքի,
Որ տեղափոխում է հույսի ճամփորդներ։
Հո՛ւյս, շուտ ծերացողները ասում են` վերջինն ես մեռնում,
Ուրեմն, մեռի՛ր հուսացողիդ հետ։
Դավայ թող տանջվեն գնացքի մարդիկ։
Որ սխալմամբ անցավ վտանգավոր եղեգների միջով։
Գայլըմ դուրս թռավ,
Որ սպանի հուսացողներին.
Չէ՞ որ ժամեր առաջ նա էլ էր ուղևոր։
Կարմիրով ներկվեց լուսինը լրիվ,
Լուսնի կարմիրը պայթեց գնացքում։

 

Արթիկի կամուրջը մեր
(խոխմա)

Քայլում էի ես դարուփոս փողոցներով Արթիկի, մեր Արթիկի,
Մեկ էլ տեսա, որ հասել էի մեր Արթիկի կամուրջին։
Քարուքանդ է մեր կամուրջը Արթիկի,
Մի տարի է` սպասում ենք, որ պիտի սարքեն մեր Արթիկի կամուրջը։
Նառդվանով իջա դեպի տակը կամուրջի մեր Արթիկի՝
Մի տեղ, որին մենք ասում ենք «Մոստի տակը» Արթիկի։
Քայլում էի կամուրջի տակով մեր Արթիկի,
Անցնում էի խանութների կողքով «Մոստի տակի» Արթիկի։
Ու մի պահ ես նայեցի ուղիղ Արթիկի կամուրջին,
Հիշեցի վզվզացող ավտոներին կամուրջի Արթիկի,
Անհամբեր սպասում ենք հետ գալուն Արթիկի մոստի։

***
Ինչ-որ մեկը արթնացավ, վերցրեց ձեռնափայտը, թըք-թըք հատակին, ու բացվեց առավոտը։

***
Ժողովրդական իմաստությունը երբեմն հիմարություն չէ։

 

Նարեկ Սիմոնյան

Ծնվել է 2008 թ-ի փետրվարի 28-ին Գյումրիում: Անհանգ պոեզիայի անհագ ժառանգորդ է:
 

***
Այս չորս պատից այնկողմ
գտնվում է պոեզիայի աշխարհը`
տարօրինակ` ինչպես մոմը մսավաճառի սեղանին
և զառամյալ` ինչպես թանաքամանը:

 

Նարե Արշակյան

Ծնվել է 2009 թ-ի մայիսի 30-ին Երևանում, բայց ապրում է Գյումրիում: Ուզում է դառնալ զինվորական։
 

Կրակային պատրաստություն

Արգելվում է կրակ վարել

Վտանգավոր ուղղություններով,
Մինչև կրակի վարման սահմանագիծ դուրս գալը,
«ԴԱԴԱՐ» ազդանշանից կամ «Կրակը ԴԱԴԱՐԵՑՆԵԼ» հրամանից հետո,
Ոչ սարքին զենքով:

Կրակն անմիջապես դադարեցվում է
Թիրախային դաշտում մարդկանց, կենդանիների կամ փոխադրամիջոցների հայտնվելու դեպքում,
Հրամանատարական կետի վրա սպիտակ դրոշի բարձրացման ժամանակ:
 
Ավտոմատ

Ավտոմատը կազմված է հետևյալ հիմնական հանգույցներից։
● փող` փողատուփով, նշանառության համակարգով և կոթով
● փողատուփի կափարիչ
● փակաղակային շրջանակ գազամխոցով
● փակաղակ
● հետադարձ մեխանիզմ
● գազաընթացքային մաս
● խողովակ` փողի պահպանակով
● զարկնաձգանային մեխանիզմ
● փողակալ
● պահեստատուփ
● սվին դանակ
● շամփուր

1. Արդյունավետ կրակի հեռավորությունը ԿԱ-74-ի դեպքում մինչև 500 մ է, մինչդեռ ԿՁԱ-ի դեպքում այն կազմում է մինչև 400 մ:
2. Գնդակի թռիչքի առավելագույն հեռավորությունը ԿԱ-74-ի դեպքում 3150 մ է, իսկ ԿՁԱ-ի դեպքում՝ 3000 մ:
3. Գնդակի սկզբնական արագությունը` ԿԱ-74-ի դեպքում 900 մ/վրկ է, մինչդեռ ԿՁԱ-ի դեպքում 715 մ/վրկ է:
4. Գնդակի մահաբեր կարողությունը` ԿԱ-74-ի դեպքում 1350 մ է, իսկ ԿՁԱ-ինը՝ 1500 մ:
5. Սվին-դանակի քաշը ԿԱ-74-ի համար 450 գրամ է, ԿՁԱ-ի համար՝ 490 գրամ է:

 

Արտադրող երկիրը Տանկի մոդելը Մարտական զանգվածը, տ Տեսակարար գրունտային ճնշումը, կգ/սմ²
Գերմանիա Լեոպարդ-2 62,5 0,94
Ռուսաստան Տ-90 46,5 0,88
Ռուսաստան Տ-80Ու 46,0 0,85
Ուկրաինա Տ-84Ու 48 0,93
Մեծ Բրիտանիա Չելլենջեր-2 62,5 0,98
Ֆրանսիա Լեկլերկ 54,6 1,00
ԱՄՆ M1A2 Աբրամս 62,5 1,07

 

 

***
Զառամյալ` ինչպես ծերունին մութ սենյակում:

***
Ինձ ասա` ինչի՞ն ես սպասում,
Երբ խոսքերդ չեն հետաքրքրում,
Հեռացիր, մոռացիր նրան,
Բաց թող նրան, ուսուցիչ:

 

Նարեկ Խաչատրյան

Ծնվել է 2010 թ-ին Գյումրիում: Սնվել է գեղարվեստական համեմատություններով:

 
***
Այնպես եմ ուզում թռչել,
Թռչել և նստել արևին,
Նստել արևին ու նայել դեպի բակը:

***
Թակարդ, որը նայում էր ինձ անմեղ երեսով,
լողավազանն էր:
Թակարդ, որի մեջ ես ձգտում էի հայտնվել,
Չդիմացա:
Եվ այդ անտեր ոտքերը, որոնց տերը ես էի, գնացին դեպի թակարդը:
Հետևանքը դուրս չեկավ, և հասկացա,
Թե ինչպիսի անշուք հոգի կարող են ունենալ շքավոր տեսք ունեցող ջրերը և արևը:
Չդիմացա,
Բայց այս անգամ ցավին, որն ինքս էի ինձ պարգևել:
Հասկացա, թե ինչքան ապուշ կարող եմ լինել ես,
Որ մի գայթակղիչ բան եմ նշմարել,
Եվ հիմա վառվածքները այրում են ինձ ներսից ու դրսից:
 

Տանը մենակ

Դուռը ճռռաց, ես լացեցի:

 

Քրիստինե Մկրտչյան

Ծնվել է 2004 թ-ին Շիրակի մարզի Բասեն գյուղում։ Ունի ձեռքին փունջ մը սարի ծաղիկ:
 

***
Անխոհեմ գիշեր է,
Սավանի մեջ պարուրված աստղերով`
Ես քայլում եմ փողոցով,
Իսկ դու երկնքում:

***
Լքված մի շինություն,
Որին հաջորդեց կայարանը,
Այստեղից սկսվում էր հյուծված մի աղջկա պատմություն:

***
Աղջիկը քայլում է փոշոտ ճանապարհով
Ու նայում խորհրդավոր լուսնի շողքին,
Հանկարծ հայտնվում է եղեգնյա դաշտում,
Պառկում է եղեգների վրա
Ու հիանում կարմիր լուսնի լույսով`
Հիշելով իր երջանիկ օրերը,
Թե ոնց էր գնացքով ուղևորվում գյուղ`
Իր հոր տուն:

***
Բասեն.
Սա իմ գյուղն է,
Որից հեռացան հինգ կարմիր տերևներ,
Գյուղում մնաց շառաչը նրանց հեռացումի,
Գտա՞ն արդյոք հանգստություն.
Համբարձման ծաղիկներ նրանց, իմ, բոլորիս ոտքերի տակ…

 

Զարուհի Գասպարյան

Ծնվել է 2007 թ-ին Գյումրիում։ Նա չի տեսել Գյումրու «Տեքստիլ» ֆաբրիկան, բայց առաջադրանք է ստացել գրել դրա մասին։
 
***
Առավոտյան ժամը 6-ին տեքստիլի
գուդոկի ձայնից
արթնանում է ամբողջ քաղաքը,
սկսվում է աշխատանքային երթուգալը,
հսկայական շինության մեջ մանում են բամբակ,
իսկ մյուս հատվածում` գործում.
Եվ բամբակը նրանց երգն է։
Երևի:

***
Ամեն անգամ քեզ հիշելիս կորցնում եմ ինձ ու նորից գտնում մի ամայի վայրում, որտեղ ինձ եմ կորցնում։

 

Ռոզա Պողոսյան

Ծնվել է 2009 թ-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Հետաքրքիր ոչինչ չգիտի իր մասին:
 

Դարբնոց

Դե ինչ, սիրելի զբոսաշրջիկներ, շուտով ավտոբուսը կկանգնի,
Կծանոթանանք մեր Գյումրու դարբնոցներից մեկի հետ,
Արդեն կարող ենք իջնել։
Զգույշ իջեք, որ չընկնեք.
այս սեզոնին Գյումրիում ցեխեր են։
Գնում ենք Ղորղանյան փողոց։
Սա Տոնոյի դարբնոցն է, հենց այսեղ են կռել Մանազկերտի ճակատամարտի թրերը,
Կարող եք նկարվել Տոնոյի հետ,
Այստեղ տեսնում ենք մուրճերը, այստեղ` մանգաղները, այստեղ` գերանդիները։
Այստեղ են կռում Գյումրու սիրտը։
Պարոն Մելիքբեկյան, զգույշ չմրոտվեք։
Սիրելի զբոսաշրջիկներ, կարող եք գնել դարբնված որևէ առարկա,
Թեյավճարն էլ ինչքան տաք, ձեր պատիվն է։

 

Ռուզաննա Հակոբյան

Ծնվել է 2007 թ-ին Գյումրիում: Հին ամերիկյան սերիալի Ռոզալին է:
 
***
Իմ նոր աշխարհն ուներ մի քանի պատ,
Որոնցից միայն մեկն էի ես տեսնում,
Ու պատուհաններ էին դրա վրա,
Որոնք բացվում էին
Չգիտես թե ուր։
Դրանց վրա դեմքս կանաչ էր:

***
Սուրճս թափվեց գազօջախին,
Ու այդ պահին ով կար֊չկար
Բացեց բերանը ու ասաց`
Վա՜յ:

***
Բալկոնից եմ ես հետևում մեր փողոցի անցուդարձին,
Շտապում են,
Չեմ հասկանում։
Ցուրտ է ախր,
Տաք շոր հագեք,
Բալքիմ թե ներսից եք վառվում։
Վառվում եք, բա ի՜նչ,
Ամեն անգամ ձեր կողքից անցնելիս ես էդ ծուխն եմ զգում,
Ծուխը կա ձեր մեջ,
Բայց կարո՞ղ ա կրակը ես եմ.
«Ո՞վ էր։ Ո՞ւմն էր։
Անշնորհք։
Բարև էլ չտվեց»։

***
Ու հեռուստացույցը միացավ։
Ու հանկարծ միջից երկու անհայտ ճիճու ասացին իրար.
«Գուսյա»։
Մեկի գլխին` կարմիր գլխարկ,
Մյուսի գլխում` կեղտոտ մտքեր,
Մեկը կանաչ, մյուսն` ավելի
Հանդիպեցին իրար հետ։
Վուպսին,
Պուպսին։
Պատահական գտան նրանք
Մի թիթեռի`
Կարմիր
Հեզ։
Գտածները մի բան չէր,
Մանավանդ որ երազ էր։
«Գուսյա, Գուսյա»,-
Կանչեց նրանց մի ձայն հեռվից,
Ու այդ ձայնից բացվեցին նրանց աչքերը։
Կորավ երազը,
Կորավ թիթեռը,
Կորավ Պուպսինի կարմիր գլխարկը։

***
Իմ մեջ գալուդ ու գնալուդ չվացուցակն է խախտվել:
Վերցրել եմ գնացքդ
Ու գալիս եմ քեզ մոտ՝
անհայտ,
հեռու մի տեղ:
Գալիս եմ եղեգների միջով,
Ոտքերս են ծակում քարերը,
Բայց։ Չեմ դադարում.
արագանում եմ,
սկսում վազել,
սկսում պարել։ Քամու հետ։
Գալիս եմ.
չունեմ քարտեզ,
կա՞պ,
հեռախոս։
Չունեմ ոչինչ, որն ինձ կուղղորդի։ Քեզ մոտ։
Մթնեց։
Արևս գնաց, բայց բերեց մի լույս`
Լուսնին,
Ու ես, նրան հետևելով, հասա՞ մի տեղ։
Հասա։
Կանգառ։
Դատարկ, ամայի, զրնգուն.
«Ո՜ւֆ, լավ, է՜»։

***
Ընկեր դասատու, կարելի՞ է գնալ գյուղ։

***
Լալա

Վերջին գնդակն էր։ Սահմանը խաղաղվեց։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *