Մհեր Արշակյան | Անհավատո հանգանակ

Ես հավատում եմ գեղեցկուհուն, որն ասում է, թե կյանքի իմաստը գեղեցկության մեջ չէ: Բայց ես չեմ հավատում տգեղին, որը նույն բանն է ասում: Ես չեմ հավատում նույնը պնդող ծեր կնոջը, որը նախկինում առաջին մեծության գեղեցկուհի էր: Որովհետև նա դա չասելու կարիքը չունի:
Ես հավատում եմ, երբ երիտասարդն ասում է, թե իր համար կարևոր է հոգու հարցը: Կարճ ասած, ես հավատում եմ Կուրտ Կոբեյնին, որը մեռավ 27 տարեկանում: Բայց ես սարսափում եմ, երբ հոգու մասին խոսում է 50-ն անց մարդը: Որովհետև նա այդ մասին խոսում է բոլոր բաներից հետո: Նա այդ մասին խոսում է անիմանալիի շունչը ծոծրակին: Նա արդեն «տեսնում» է մահը ու նրան մահն է հուշում:
Ծերության իմաստությանը չեմ հավատում, որովհետև յուրաքանչյուրին ուրիշ կյանք է տրված: Եթե իմաստությունն ունիվերսալ լիներ, մարդիկ ուրիշ չէին լինի: Բոլոր հանճարները հանճար էին արդեն մինչև 30 կամ 40 տարեկանը, երբ «իմաստուն» էլ չէին: Նրանք կարող էին ապրել ի հեճուկս այն բանի, թե ինչ է իրենց «ասում» Աստված: Բայց նրանք երբեք չէին կեղծում Աստծուն: Այդպես ապրել է Դոստոևսկին: Ի տարբերություն Տոլստոյի:
Ես չեմ հավատում Աստծուն ու հստակ գիտեմ, որ նա չկա: Բայց ինձ բազում հավատացյալներից ու անհավատներից տարբերում է Աստծո զգացումը, որը նրա գոյությունից ու անգոյությունից անկախ է:
Ես հավատում եմ հիմարին, որն ասում է Աստված չկա, բայց ես չեմ հավատում իմաստունին, որն անձամբ է տեսել Աստծուն:
Ես հավատում եմ բարի մարդուն, որն ապուշ է: Ես չեմ ճանաչում ապուշ տականքի, թեպետ վստահ եմ, որ նա բոլորից քիչ գիտի, թե ինչ է անում:
Ես, եթե անկեղծ, ընդհանրապես չեմ հավատում իմաստուններին, քանզի նրանք միշտ ինչ-որ բան չունենալու կամ կորցնելու արդյունքում են իմաստուն, ես հավատում եմ իմաստունին, որը կորցնելու ոչինչ չի ունեցել ամենասկզբից: Ահա ինչու բոլոր իմաստունները ապրել են այն ժամանակ, երբ ունենալու բան չկար ու ունենալ հնարավոր չէր:
Ես հավատում եմ խելագարներին, քանզի նրանք միայն հավատ ունեն:
Ես չեմ հավատում միջին վիճակագրական մարդուն՝ ով էլ, որ նա լինի: Նրա հավատը վզին գցած ոսկյա խաչ է: Հավատը նույնիսկ չունեցածը պահելու համար է, ոչ թե ունենալու պահելու: Այն չունենալու հակառակը չէ անհնարինի մեջ: Միջին վիճակագրական մարդը հավատում է իրենից հետո, իրենից դուրս և իրենից անկախ:
Ես չեմ հավատում 50-ն անց մարդու սիրուն, սիրո մասին նրա պատկերացումներին՝ լինի դա մարդու հանդեպ, թե Աստծո: 50-ն անց մարդը կարող է սիրել միայն այն, որում փոխադարձություն չկա: Շուկշինն ասում էր՝ամեն ինչ մեռնում է՝ սեր, կիրք, հմայք, նույնիսկ ծերությունը, իսկ միտքը՝ ոչ: Բայց միտքը, որը գալիս է այս ամենից հետո, մեռած է:
Ես հավատում եմ, որ տարիների ընթացքում մարդը կարող է լինել ավելի լավը: Բայց դա զուտ այն պատճառով, որ ուրիշ ոչինչ չի կարող լինել:
Ես չեմ հավատում Պողոս Առաքյալին: Ես հավատում եմ Լաո Ցզիին, որն ասում է՝ երբ ծնվում է ծառը, նա թույլ է ու փխրուն, իսկ երբ մեռնում է՝ պինդ է ու համառ, ուժը և համառությունը մահվան ուղեկիցներ են: Բայց նա դա ասում է ծառի մասին, որը ոչ մի փորձություն չի վիճարկում:
Ես չեմ հավատում մարդուն, որը խոսում է միայն իր մասին կամ երբեք չի խոսում իր մասին:
Ես իմաստությանը չեմ հավատում: Ես հավատում եմ արվեստին: Բայց ես չեմ հավատում, թե արվեստը մարդուն կարող է դարձնել ավելի լավը: Արվեստը լավն է դարձնում առանց այն էլ լավ մարդուն կամ նրան, որը գնալու տեղ չունի: Հենց այդպես էլ մարդիկ դառնում են հավատացյալ: Արվեստը մարդուն դարձնում է ծառ, այսինքն, կյանքն ամբողջ էությամբ կրող՝ ներդաշնակ, իր տեղում և միայն ինքն իր համար պատասխանատու, որը թթվածին է ապահովում նրանց, որոնք կարող են նաև սպանել:
Պատերազմներն անկասկած ավելի վատն են դարձնում մարդուն, բայց ես չեմ հավատում, թե խաղաղությունը մեզ կարող է դարձնել ավելի լավը. հենց խաղաղության ժամանակ են մարդիկ կոփում բնավորության այն գծերը, որոնք օգնում են կռվել ու սպանել: Խաղաղությունը կեղծ է, պատերազմը՝ ազնիվ: Բայց խոսքն այն մասին չէ, որ պատերազմը խաղաղությունից լավն է:
Ես չեմ հավատում պատերազմի ժամանակ բարոյախոսողին: Պատերազմի պատճառը մենք բոլորս ենք ի հեճուկս այն բանի, որ այս կյանքը միակն է: Պատերազմները հենց այն պատճառով կան, որ այս կյանքը միակն է:
Ես չեմ հավատում աստվածների պատերազմներին, դա մահկանացուի ձեռքի գործ է: Ես չեմ հավատում ուժեղի խղճին և թույլի դաժանությանը: Ես հավատում եմ մարդու հիասթափությանը, դա մեզանից շատերին պահում է իրարից առաջ չընկնելու նույն աստիճանի վրա:
Գոյություն ունի միայն սիրո ներողամտությունը, մնացած բոլոր դեպքերի համար կան օրենքներ:
Ես չեմ հավատում մարդատյացին, քանզի նա մարդուն չի ատում իմանալով: Նա ատում է մարդուն այդպես էլ չստանալով իրեն ցանկալի սերը, նա ատում է ինքնապաշտպանվելով, ատում է, որովհետև իր սերը չի փոխադարձվել: Ոչ ոք մարդատյաց չի ծնվում:
Ես չեմ հավատում կոմունիստին ու նրա գաղափարներին, կոմունիստը ձրիակեր է, ես հավատում եմ կապիտալիստին: Կապիտալիստ կարելի է լինել անապատում, կոմունիստ լինելու համար բնության իդեալական պայմաններ են պետք, պետք է բացառված լինեն կատակլիզմները, որովհետև կոմունիստական իրականությունում չաշխատողին պիտի պահես: Կոմունիզմը չունի ծույլի կանխավարկած, որն ինքն իր գլխի ճարը պիտի տեսնի: Կոմունիզմի համար իրողությունների իդեալական համադրություն է պետք, հենց սա է այն դարձնում ուտոպիա, կապիտալիստն ինքն է ստեղծում իրողությունների իդեալական համադրություն:
Մարդը պետք է անհավատությունից սկսվի, ոչ թե հավատից: Հետևաբար Քրիստոսը պետք է գա առաջին անգամ, ոչ թե՝ երկրորդ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *