Մտա խանութ,
թիթեղյա ջինտոնիկ ու մի շիշ գինի գնեցի։
Մտածում էի` երբ եմ հասնելու այգի,
որ վերջապես կումը անեմ առաջին։
Հասա, բացեցի,
բայց վախենում էի խմել, որովհետև մտածում էի`
եռօրյա դադարից հետո սիրտս հաստատ կխառնի։
Բայց լինելով մարդ,
ով 100 անգամ հետ է տվել կենտրոնի փողոցներում,
տաքսիներում,
սրճարաններում,
չնեղվեցի, խմեցի.
ստամոքսս սկսեց խլվլալ,
կոկորդս կծկվեց,
մկաններս սեղմվեցին,
ցուրտը մեջքիս խփեց,
բայց 2 րոպե չանցած`մի քիչ շոգեցի
ու ջինտոնիկից էլի
մի երկու կում արեցի։
5 րոպե հետո, երբ դեռ հարբած չէի,
մտածում էի` գուցե դադար տամ,
նորմալ մարդկանց պես սուրճ խմեմ`
իբրև ընդմիջում,
(դե նորմալ մարդիկ էդպես են անում,
մի քանի կում, հետո սուրճ,
հետո էլի մի քանի կում,
վերջում` էսպրեսո)։
Ես նորմալ մարդ չեմ։
Ես ջինտոնիկ էի խմում ագահաբար, որովհետև համը դուրս է գալիս։
Որովհետև մեջս սկսում է եռալ։
հիշում եմ ինձ երբևէ նեղացած մարդկանց,
գրում, որ ատում եմ նրանց,
հետո` կներես ինձ։
Ընկերներիս եմ զանգում` սիրում եմ ձեզ,
կներեք, որ էսքան շատ եմ սիրում։
Իսկ իրականում,
խմում եմ, որովհետև
հորս հետ հիշողությունները հիմնականում խմիչքի հետ են կապված։
հիշում եմ` ինչպես էինք լահմաջո ուտում, և նա հանկարծ կիլիկիա պատվիրեց, ինչպես էր նա ասում, որ ես մաթեմատիկա կսովորեմ մի օր,
իսկ ընթացքում կում էր անում գարեջրից
ու ավելացնում` կօգնեմ քեզ ամեն ինչով,
ինչպես էր նա հարբել և քնով անցել բազկաթոռին,
և ինչպես մի քանի շաբաթ անց նա մահացավ խմիչքից,
ու ինչպես է մայրս մինչև հիմա ասում` կմեռնես մի օր միայնակ` տանդ նստած, էդ անտեր ալկոհոլից։
Խմում եմ ու մտածում`
իսկ ի՞նչ, եթե ապացուցեմ, որ ես նրա նման չեմ,
որ ես զուտ նրա աղջիկն եմ,
բայց նա չեմ,
և ես կարող եմ չխմել,
կարող եմ բոլորին հիացնել,
որ ես, ով 5 տարի տառապել է ալկոհոլիզմից,
դրա պատճառով` դեպրեսիա,
հետո` հեռացել ընտանիքից,
բաժանվել բոլոր ընկերներից,
վիճել ընկերուհիների հետ,
պառկել հոգեբուժարանում,
որոշել է ու թարգել։
Նայում եմ ջինտոնիկին։ Խմում եմ։
Խմում եմ ու մտածում,
թե որքան լավ կլիներ եթե չխմեի։
Ու էդ դարդից, ավելի շատ եմ խմում։
Ինչպես մեծերն են ասում`
փոխանակ դաս քաղեմ….. իմ էշն եմ քշում։
Գալիս է ընկերուհիս,
նայում եմ նրան ու հենց ասում է`
ո՞նց ես, արցունքի բույլը` գնաց։
Գրկում եմ նրան, ու գիտակցում, որ ինչքան էլ ինձ սիրում է,
մի օր խմելուս համար
նա էլ ինձ թողնելու է։
Սկսում եմ ողբալ, պարզապես ողբալ։ Հետո ագրեսիվ եմ դառնում
անգիտակցաբար,
Գոռում` ինձ ոչ մեկը չի սիրում, բոլորդ զզվելի եք,
միայն օգտագործում եք,
կարոտիս վրա թքում եք։
հետո սկսում եմ ներողություն խնդրել, ասել, որ փրկեն ինձ
նախ մեղքի զգացումից,
հետո` անտեր խմիչքից,
Բայց ինչպես մամաս կասեր`
փրկվեի ես ինքս ինձնից։
Նա չի հասցնում բառ ասել,
երբ ասում եմ` գնա, գնա, խնդրում եմ,
որովհետև մտածում եմ` ես միայն հորս եմ ուզում։
Հետո գիտակցում եմ, որ սա հոգեբանական տռավմա է,
որ սա գուցե և լուծելի հարց է,
բայց չեմ ուզում լուծել,
որովհետև վախենում եմ։
Որովհետև հորս հետ հիշողությունները խմիչքի հետ են կապված միայն։
Իսկ ես չեմ ուզում երբեք մոռանալ նրան։