Կարծում էին, որ նա վատ մարդ էր, որովհետև վիճում էր իր կնոջ հետ, կռվում թաղամասի և աշխատավայրի մարդկանց հետ։ Նրանից վախենում էին։ Երբ նա վերադառնում էր աշխատանքից, թաղի մեջ բոլորը, ովքեր դրսում էին, տուն էին վազում։ Գիտեին, որ նա ջղային էր և կարծում էին, որ նաև հարբեցող էր։ Ցանկացած բան՝ մի փոքրիկ ժեստ, անկարևոր խոսք կամ հայացք կարող էր նրան խենթացնել, և նա վիճում էր կամ կռվում։
Իհարկե, նրանից պիտի վախենային։ Նա բարձրահասակ, մարմնեղ և հսկայական ուժի տեր մարդ էր, ուժի, որը միշտ չէ, որ կառավարվում էր։ Մի տեսակ անտիկ հերոս կամ ավելի շուտ՝ հակահերոս շատ մարդկանց աչքում։ Կարծում էին, որ նա վատն էր, նույնիսկ՝ չար։ Բայց դա այդպես չէր։ Նրանք պարզապես չէին տեսել այդ հսկա մարդուն գիշերները խմելիս և ինչ-որ հին, տխուր մեղեդու տակ լալիս։ Նրանք պարզապես չգիտեին նրա ողբերգությունը, և նրա ամբողջ կյանքն էր ողբերգություն։ Հենց լացելու պահին նրան տեսնող անձը անշուշտ կհարցներ, թե նա ինչու է լալիս։ Եվ իսկապես, ինչո՞ւ։ Ի՞նչ անձնական ողբերգություն էր նա ապրել, որպեսզի այդպես լացեր։ Բայց մի՞թե անձնական։
Մի ամբողջ ժողովրդի ցավն էր, որ դուրս էր հորդում նրանից գիշերները․ ժողովրդի՝ սպանված, թալանված, բռնաբարված, իր հայրենի հողից դուրս քշված։ Միլիոնավոր որբերի, այրիների, ծնողների ցավն էր, որոնց տեղահանել էին, որպեսզի նրանք ցրվեին աշխարհով մեկ և դառնային գաղթականներ իրենց ողջ կյանքում։
Նա ապրել էր և՛ ազգային, և՛ անձնական ողբերգություն՝ վերջինս լինելով առաջինի մաս։
Նա միջին տարիքի, բարձրահասակ, մարմնեղ մարդ էր, բայց դեռ տասնամյա տղան էր, որ լալիս էր նրա մեջ, տղան, որն ինքն էր թաղել իր ընտանիքի անդամներին իրենց այգու մեջ։
Սա Տիգրանի պատմությունն է՝ իմ ամուսնու պապի՝ ցեղասպանությունը վերապրածի։
***
Նա դողում էր ոտքից գլուխ՝ դողալով ցավից, ցասումից, ցնցումից, մինչ գերեզմաններ էր փորում իր ընտանիքի անդամների համար։ Նա այդպես պիտի դողար միայն մեկ անգամ իր հետագա կյանքում, բայց հուզմունքից, երբ իր հորաքույրը՝ միակ փրկված բարեկամը, գտնելու էր իրեն մի քանի տարի հետո։
Փորում էր և լալիս իր ընտանիքի համար։ Նա տեսել էր, թե ինչպես են սպանում իր հղի քրոջը։ Տեսել էր իր․․․ Տեսել էր բոլորին․․․ Միայն նա և իր զարմիկն էին ողջ մնացել, որովհետև ի վերջո հաջողացրել էին թաքնվել թուրքերից սպանված մարմինների տակ։
Նախքան նրանց գերեզման դնելը, զարմիկները ծնկի եկան՝ համբուրելու նրանց, փակելու նրանց սուրբ աչքերը, հրաժեշտ տալու։ Ապա երկու որբերը սրբեցին իրենց աչքերը և հեռացան՝ հավիտյան փակելով իրենց այգու դուռը։
Անհայտություն տանող ճանապարհին նրանք հանդիպեցին քրդերի։ Վերջիններս առաջարկեցին երկու որբերին մնալ իրենց մոտ։ Տիգրանը մնաց։ Նրա զարմիկը, ակնհայտորեն, լինելով ավելի մեծ, շարունակեց իր ճանապարհը։ Նրանք բաժանվեցին այդտեղ։ Թե ինչ եղավ Տիգրանի զարմիկի հետ՝ հայտնի չէ։
Ինչ վերաբերում է նրան, նա պիտի նետվեր մի տեղից մյուսը։
Սկզբում նրան որդեգրեց մի քուրդ, և նա մնաց այդ մարդու հետ մի քանի տարի՝ գրեթե մոռանալով իր մայրենի լեզուն։
Հետագայում, երբ Տիգրանակերտում ցեղասպանության առաջին ալիքը մարեց, ողջ մնացած հայ մեծահասակները սկսեցին փնտրել և փրկագնել հայ որբերին՝ որդեգրված կամ որպես ծառա վերցված ոչ թուրք մահմեդական ազգությունների կողմից։
Նրա հորաքույրը, ինչ-որ կերպ իմանալով նրա գտնվելու վայրը, եկավ այն քրդի մոտ, որը որդեգրել էր նրան։ Քուրդը ժխտեց, որ իր որդեգիրը հայ է։ Ապա նրա հորաքույրը բերեց Ղուրանը և ստիպեց այդ մարդուն երդվել, որ դա ճիշտ է, բայց վերջինս չերդվեց։ Ապա հորաքույրը մի ոսկյա մետաղադրամ դրեց քրդի ափի մեջ և նրան իր հետ տարավ Տիգրանակերտ՝ նրա հայրենի քաղաքը։ Նա մնաց իր հորաքրոջ տանը։
Մենք չգիտենք, թե որքան դժվար էր նրա համար հետ գնալ իր հայրենի քաղաք, այնտեղ, որտեղ նրա ամբողջ ընտանիքն էր սպանվել, որտեղ արդեն քիչ հայեր կային, և նրանք էլ օգտագործում էին մահմեդական անուններ՝ թաքցնելու իրենց իսկական ինքնությունը, որպեսզի փրկեն իրենց կյանքը։
Բայց շուտով հետապնդումները վերսկսվեցին։ Նրան նետեցին բանտ, հետո նա փախավ այնտեղից մեկ ուրիշ հայ բանտարկյալի հետ։ Նրանք հասան Սիրիա այլ հայ փախստականների հետ։ Նախքան Սիրիա գնալը, հայտնի է, որ նա սպանել է մի քանի թուրքերի։ Արդյոք որպես վրեժ, թե՞ որպես ինքնապաշտպանություն՝ կրկին հայտնի չէ։
Սիրիայում նա ամուսնացավ Օվսաննա անունով տասնչորսամյա մի հայ աղջկա հետ։ Մի քանի տարի հետո ստիպված էր տեղափոխվել Իրաք, որովհետև շինարարական աշխատանքներ այնտեղ ավելի շատ կային։ Սկզբում նրանք հասան Հյուսիսային Իրաք, ավելի ուշ տեղափոխվեցին Բաղդադ, որտեղ ապրեցին վրանների մեջ՝ հայկական ճամբարում, որի բնակիչները բոլորը ցեղասպանությունից ողջ մնացածներն էին։ Մի քանի տարի հետո Իրաքի կառավարությունը թույլատրեց նրանց տներ կառուցել այդ հողատարածքի վրա, բայց քանի որ այն փոքր էր, հինգ կամ վեց ընտանիքներ ստիպված էին ապրել մեկ տան մեջ՝ յուրաքանչյուրն ունենալով մեկ սենյակ։ Այդ ժամանակ Տիգրանն արդեն հինգ երեխա ուներ՝ չորս որդի և մեկ դուստր։ Եվ նրանք ապրեցին այդպես մեկ սենյակում՝ հազիվ ծայրը ծայրին հասցնելով։
***
Երբ հարցրեցին, թե ինչ է իր ազգանունը, նա պատասխանեց՝ Տաշչյան, որովհետև իր ընտանիքի տղամարդիկ եղել էին տաշչիներ (քարտաշներ), և նա նույնպես տաշչի էր։ Նա քարտաշ էր և շինարար և կառուցելու էր իր նախնիների, իր պապի, իր հոր և իր հորեղբայրների նման։
Նրանք ունեցել էին մեծ տնտեսություն և տուն։ Եղել էին հարուստ, ունեցել էին դաշտեր, ծառեր, նախիրներ, ինքնաբավ էին և չէին վնասում ուրիշներին։ Նրանց ընտանիքը մեծ էր․ շատ երեխաներ կային, որոնց աշխույժ խաղերը և աղմուկը դադարում էին միայն գիշերը։
Նա ապրելու էր այդ հիշողություննով իր ողջ կյանքում՝ հիշելով իր ընտանիքին, իրենց տունը, իրենց այգին, իր մանկության այդ երջանիկ տարիները։ Եվ նա խմելու էր ողջ գիշերը թաղելու համար իր սրտի ցավը՝ չգտնելով հանգիստ մինչև իր մահը։
***
Ցավոք, Տիգրանի կյանքի վերջին տարիները նույնպես տխուր էին, ինչպես նրա ճակատագիրն ընդհանրապես։ Հիսունն անց տարիքում նրա վրա հարձակվեցին մի խումբ Իրաքի թուրքեր, որոնք աշխատում էին նրա հետ։ Պատճառը ազգային ատելությունն էր։ Ակնհայտորեն, հարձակումը եղել էր հետևից, որովհետև մետաղյա գավազանի հարվածը նրան հավերժ կույր թողեց՝ նրա սրտի ցավին ավելացնելով նաև ֆիզիկական ցավ։ Այն մեղմելու համար նրա որդիները գնում էին Պարսկաստան՝ հատուկ դեղամիջոց բերելու։ Եվ դա էլ դադարեց, երբ Պարսկաստանի և Իրաքի միջև հարաբերությունները վատացան։
Տիգրան Տաշչյանը մահացավ ութսուներկու տարեկան հասակում։ Ծնված Տիգրանակերտում` մահացավ Իրաքում։
***
Տիգրանի զավակները իրենց կյանքի մեծ մասն ապրեցին Իրաքում, իսկ թոռներից ոմանք՝ իրենց կյանքի մի մասը, բայց Պարսկաստանի (1980թ․) և ԱՄՆ-ի (2003թ․) հետ պատերազմներից հետո նրանք լքեցին իրենց հյուրընկալող երկիրը։ Տիգրանի ժառանգների մեծ մասը հիմա ապրում են ԱՄՆ-ում, որոշները՝ Եվրոպայում, իսկ նրանցից մի երկուսն էլ դեռևս Իրաքում են։ Միայն մեկ թոռն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն Իրաքում 29 տարի և ԱՄՆ-ում 15 տարի ապրելուց հետո։
Good job on this article. To the millions other untold stories of horrible tragedy and great injustice their memories will never be forgotten.