Անիտա Նաիրը հայտնի արձակագրուհի է, բնակվում է Բանգալորում (Հնդկաստանի Կամատակա նահանգ): Ծնվել է 1966 թ.: Ավարտել է Կերալայի քոլեջի անգլիական բաժինը: Անիտա Նաիրը տասը գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են աշխարհի 21 լեզուներով: Անիտա Նաիրի պատմվածքներն ու վեպերը Հարավային Ասիայում ստեղծված ֆեմինիստական գրականության լավագույն նմուշներից են: Նա արժանացել է Ստեղծագործական արվեստի Վիրջինիայի կենտրոնի և բրիտանական հեղինակավոր “Orange Broadband” մրցանակների:
Դրախտում էի: Ինձնից աջ ու ձախ ուրիշ վեց կանայք էլ կային, որոնց հետ ընդհանուր ոչինչ չունեի: Բայց բոլորիս դեմքերին այլաշխարհային միևնույն խաղաղ, երջանիկ արտահայտությունն էր:
Նստել էինք` ոտքներս մինչև ոտնակոճերը ընկղմած օճառաջրի մեջ, և ոտնլվայի գոլ, ալիքվող ջուրն անթիվ ուրախալի ուղերձներ էր հղում մեր գլխուղեղներին: Աչքներս կկոցած հետևում էինք, թե ինչպես էին մեր քույրերն անխառն հաճույքով չարչարվում, որ գեղեցկանան իրենց տղամարդկանց հանդիպելուց առաջ: Մեկը հոնքն էր փետում ու ճչում ցավից, մյուսը լալիս էր, քանի որ սևծայր բծահանը քրքրում էր նրա մաշկի ծակոտիները, վարագույրի հետևից լսվում էին պոկելու-պլոկելու անսիրտ, հատու, խզզացող հնչյունները, երբ գործվածքի նեղ ժապավենն ամուր սեղմում էր մաշկին և կտրուկ շարժումով քաշում-հանում հալած մոմից կառչած մազերը…
Ավելի ամուր էինք փակում աչքներս և ավելի խորն էինք ընկղմվում ոտնլվայի թասի մեջ` հնարավորություն տալով, որպեսզի հետագա հաճույքի ալիքները փարվեին մեր ոտքերին: Եվ մինչ տիկին Լիաոյի դրախտում էի, սկսեցի մտածել, թե ինչո՞ւ էր իմ մտերիմ ընկերուհի Մ-ն վերջին մի քանի ամիսներին ծայրաստիճան գոհ:
Թն բազմաթիվ կանանց երազանքների սահմանն է: Խելացի էր: Սիրունատես: Կարող էր առանց բութ մատը վնասելու մեխը պատի մեջ մտցնել: Ամենասովորական մթերքից հրաշալի կերակուրներ էր պատրաստում և գործն ավարտելուց հետո մաքրում կարգի էր բերում խոհանոցը: Կատվին նույնպես երես էր տալիս` սառցի կտորներ է դնում լակամանի մեջ, իսկ եթե ռեստորանում որևէ մեկը տարփալից հայացք էր նետում Մի վրա, անմիջապես հարձակվում էր այդ անարգ անպատկառի վրա.
Կարո՞ղ է գիտես, թե էս էլ է քո ճաշացուցակից:
Բայց այդ պատճառով չէր, որ համոզված էի, թե վերջին ժամանակներս Մն նմանվել էր աղացած հում մսի հերթական` չորրորդ ամանը լկստած իր կատվին: Վստահ եմ, միակ պատճառն այն էր, որ նա Թի բավարարման առարկան էր:
Բժշկական հանրագիտարանում «բավարարում» բառը «շորորալ» և «սաղմ» բառերից առաջ է և ներկայացված է որպես սեռական շեղման տարատեսակ, որի ժամանակ անձը գրգռվում է մարմնի այն մասերին նայելիս, որոնք սովորաբար ցանկասիրական չեն համարվում, ինչպես օրինակ` ոտքերը: Թի համար ոտքերը բավարարման առարկա էին: Նա պաշտում էր, երբ Մն ոտքերը վեր էր ցցում: Բավական էր, որ Մի կոճերը գլխավերևում լինեին, և Թն յոթերորդ երկնքում էր հայտնվում:
Կանանց դասակարգումը, որի համաձայն նրանք ամբողջ կյանքում գեղեցիկ կամ տգեղ են համարվելու, հիմնված է կրծքերի մեծության, իրանի բարակության և ազդրերի կլորության վրա, և մեծագույն բավականություն է այնպիսի տղամարդու կողքին լինել, ով հափշտակվում է վեր ցցված ոտքերի կամարի բարձրությամբ կամ ոտնակոճի մեծությամբ: Այս դեպքում կինն իրեն ավելի շատ մարդ արարած է զգում, քան հեշտասիրության առարկա:
Մեր մոլորակում, որը բնակեցված է այնպիսի տղամարդկանցով, ովքեր գտնում են, որ մարտավարական գոտիներին հարող հյուսվածքների ճարպաշերտերն են սեռական գործողության ամենատաք կետերը, կարելի է տարբերվել նրանցից: Օրինակ կանայք գրգռվում են, երբ շոյում ես նրանց ականջաբլթակները: Փաստորեն, մոռացվել է ծանր, կախովի ականջօղերի նախնական նպատակը ցանկություն առաջ բերել: Բայց միայն ոտքերն են, որ հսկայական հնարավորություն են ընձեռում: Նյարդային վերջույթներով խիստ հագեցած ոտքի հնարամիտ մերսումն ավելի մեծ ցանկություն է առաջացնում, քան սառը հայացքով ճարպային հյուսվածքները փաղաքշելը:
Օրերս մի առանձնակի անսովոր գիրք էի կարդում, որի մեջ առանձնակի անսովոր մարդիկ իրենց առանձնակի անսովոր կյանքն էին պատմում: Արդեն ուզում էի մի կողմ դնել այն, երբ աչքիս մի շատ փոքր պարբերությանը ընկավ, որտեղ նկարագրված էր, թե ինչպես է այլատեսակ անսովոր միջին տարիքի սիրեկանը մեծագույն հաճույքով լիզել հերոսուհու ոտնակոճերը, հետո էլ իր զգացումը համեմատել է մանգոյի բարակ շերտերը ճաշակելու հետ` ողորկ, խոնավ և չափից ավելի նրբահամ: Ավելորդ է ասել, որ սիրուհին ավելի խորն է սիրահարվել նրան: Եվ շարունակեցի գիրքը կարդալ մինչև ամենավերջին էջը:
Ամեն դեպքում, նախքան կփորձեք ձեզնից հեռու վանել այս փաստը` որպես անգլիական տարօրինակության արտահայտություն, մտաբերեք հնդկական «Պակիզահ» դասական ֆիլմի այն ապշեցուցիչ տեսարանը, որում Ռաջ Կումարը համակվել էր Մինա Կումարիի ոտքերի կատարյալ գեղեցկությամբ: Բազմաթիվ խստահայաց, քարսիրտ կանանց եմ ճանաչում, ովքեր երազանքների գիրկն են ընկնում հենց միայն այս մասին հիշատակելիս:
Այս առիթով, կամ էլ հենց այս պատճառով, այլևս արժե՞ երկար սպասել, ավելի լավ է մոտակա շաբաթ կամ կիրակի օրը ձեր սիրելիի հետույքը շոյելու փոխարեն ոտքը փաղաքշեք: Նստեք նրա ոտքերի առաջ և քնքշորեն ձեր ափերի մեջ առեք նրա ոտնաթաթերը: Որպեսզի ազդեցությունն ավելի մեծ լինի, փորձեք հուզմունքով արտասանել «Սողոմոնի երգը»: Ամբողջը չէ, միայն այն հատվածը, որը սկսվում է «Օ՜, ինչ չքնաղ են ոտքերը քո» բառերով: (Կպարզեք, որ այդ անելը նույնքան բարդ է, որքան բազմապատկման աղյուսակը մտապահելը): Եվ չզարմանաք, եթե նա հարցնի, թե արդյո՞ք ձեզ լավ եք զգում: Ի վերջո, մինչև այդ օրն ընդամենը երկու հոգի են նման ծայրահեղ ուշադրության արժանացրել նրա ոտքերը գեղեցկության սրահի աշխատողը և կոշիկի խանութի վաճառողուհին:
Մերսեք նրա ոտքերը նույն նվիրվածությամբ, ինչը սովորաբար ցուցաբերում եք ճարպաշերտերի նկատմամբ: Եվ իմացեք, երկու բան է կատարվելու: Նա հալչելու է ձեր ձեռքերի մեջ: Կամ էլ` հռհռալու է մոլեգին: Վստահ եղեք, երկու դեպքում էլ զվարճանալու եք: Ի վերջո, սեռական գործողության նպատակը հենց դա է, չէ՞:
Անգլերենից թարգմանեց ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ
«Նարցիս» հանդես 5/2010