Շըն Ցոնվըն | Սյաո Սյաո


Գյուղացիները հարս բերելուց սուոնա էին նվագում։ Սա տասներկուերորդ ամսին հանդիպող սովորական երևույթ էր։
Սուոնայի նվագից հետո չորս հոգի բարձրացնում էին հարսանեկան գահավորակը, որի ներսում պղնձե կողպեքով մարդ էր փակված։ Չնայած նա ոչ առօրյա, կարմիր ու կանաչ հագուստով էր, մեկ է, արտասվում էր։ Այս փոքրիկ աղջկա համար հարս դառնալը, մորը լքելը և շուտով ուրիշի մայրը դառնալը, այն շատ բաները, որ դեռ սպասվում էին իրեն, կարծես երազ լինեին։ Անծանոթ տղամարդու հետ մի անկողնում քնելը, նախնիների գործը շարունակելը․ այս ամենը հիշելը, իհարկե, մի քիչ սարսափելի էր, ու նա սովորականի պես արտասվում էր։
Բայց հարսներ կային, որ չէին արտասվում։ Սյաո Սյաոն հարս գնալուց չէր լացում։ Այս փոքրիկ աղջիկը մայր չուներ։ Նա հորեղբոր ագարակում էր մեծացել։ Ամուսնությունը նրա համար այս տնից մյուսը տեղափոխվելն էր ընդամենը։ Ուստի, մինչ այդ օրը աղջիկը միայն ժպտում էր։ Նա ո՛չ ամաչում էր, ո՛չ վախենում, ոչինչ չգիտեր, ու դառնում էր ուրիշ մեկի տան հարսը։
Սյաո Սյաոն տասներկու տարեկան էր երբ ամուսնացավ։ Փոքրիկ ամուսին ուներ, դեռ երեք տարեկան չկար։ Ամուսինը իրենից ինը տարով փոքր էր, դեռ նոր էր կրծքի կաթից կտրվել։ Ըստ այդտեղի օրենքների, տուն ոտք դնելուց հետո նրան պիտի եղբայր անվաներ։ Նրա ամեն օրվա անելիքը եղբորը գրկելն ու գյուղի դիմացի ուռենու տակ խաղալու տանելն էր, գետափի մոտ խաղալու տանելը, սովածանալիս կերակրելը, լացելուց զվարճացնելը, դդմածաղիկ կամ կանաչ խոզանուկ պոկելն ու ամուսնու գլխին դնելը, կամ բերանը համբուրելը, ասելը․ «Եղբայր, այստե՛ղ, այս կո՛ղմ»։ Այդ կեղտոտ դեմքը էլի ու էլի համբուրելը, այնքան, որ երեխան ծիծաղի։
Երբ երեխան հուզված ու ոգևորված էր, կոպիտ էր, կարճ մատներով խառնում էր Սյաո Սյաոյի մազերը, այն դեղին մազերը, որ սովորաբար հավաքած չէին: Երբեմն, գլխի հետևից կախված հյուսը քաշում էր, քանդում մետաքսե թելերը։ Սյաո Սյաոն բարկանում էր, ծեծում եղբորը։ Եղբայրը, բնականաբար բարձրաձայն լալիս էր, Սյաո Սյաոն ձևացնում էր, թե ինքն էլ ուզում է լացել, մատով ցույց տալիս եղբոր լացակումած դեմքը, ասում․ «Է՜, չեղա՛վ, չի՛ կարելի»։
Անձրևոտ ու արևոտ օրերն անցնում էին։ Նա ամեն օր գրկում էր ամուսնուն, օգնում էր տան որոշ գործերում։ Ինչ ձեռքից գալիս էր, անում էր։ Երբեմն գնում էր առվի ափին շոր լվանալու, մաքրում տակդիրները, փորփրում, նախշերով շշունջներ գտնում, տալիս կողքին նստած ամուսնուն խաղալու։ Գիշերը քնելիս տեսնում էր այդ տարիքին բնորոշ երազներ։ Տեսնում էր, որ ետնամուտքի անկյունում կամ այլ տեղում լիքը մետաղադրամներ է գտնում, լավ բաներ է ուտում, ծառ է բարձրանում, ձուկ է դառնում ու ջրի մեջ ամենուր լող տալիս։ Կամ երբեմն մարմինը կարծես փոքր էր ու թեթև, թռչում էր դեպի աստղերը, մարդ չկար, միայն սպիտակ ու ոսկե լույս, նա բարձրաձայն գոռում էր․ «Մա՜», մարդիկ վեր էին թռչում քնից։ Արթնանում էր ու սիրտը դեռ բաբախում էր, նախատում էին․ «Գի՛ժ, ի՞նչ ես ուզում։ Ցերեկը գժի պես խաղում ես, գիշերը երազներ տեսնում»։ Սյաո Սյաոն ձայն չէր հանում, քրքջում էր։ Երբեմն էլ ամուսնու լացի ձայնից էր արթնանում։ Ամուսինը սկզբում մոր մոտ էր քնում։ Երբեմն շատ էր ուտում, կամ այլ բանի պատճառով գիշերվա կեսին բարձր լացում էր, հաճախ միզում էր ու փորլուծ ունենում։ Ամուսինն այնքան էր լացում, որ մայրը ոչինչ չէր կարողանում անել։ Սյաո Սյաոն անձայն վեր էր կենում, կիսափակ աչքերով, կիսաքուն գնում էր անկողնու մոտ, գրկում նրան, ցույց տալիս լուսինը, աստղերը։ Կամ երեխավարի էր պահում իրեն, ասում․ «Հե՜յ, հե՜յ, նայի՛ր, կատու է», այնպե՜ս էր բացականչում ու աղմկում։ Ամուսինը ծիծաղում էր, մի քիչ խաղում, դանդաղ փակում էր կոպերը։ Տղան քնում էր։ Սյաոն Սյաոն նրան դնում էր անկողնուն, կանգնում անկողնու կողքին ու նայում։ Լսում էր հեռվում իրար պատասխանող աքաղաղների ձայնը, իմանում էր, թե որ ժամն է, կծկվում էր անկողնում ու քնում։ Լուսանում էր։ Թեև երազ չէր տեսնում, բայց ակամա փակում ու բացում էր աչքերը, տեսնում իր դիմաց անդադար փոփոխվող, դեղին ծայրերով ու մանուշակագույն միջուկով արևածաղիկները, դա իսկական հաճույք էր։
Սյաո Սյաոն ամուսնացել էր, դարձել բռունցքի չափ տղամարդու փոքրիկ հարսը։ Կյանքի դժվարությունները առաջվա պես էին․ միայն նայելով նրա մարմնի կես տարվա փոփոխություններին, կարելի էր հասկանալ։ Քամու ու անձրևի մեջ անցնում էին օրերը։ Ինչպես այգու անկյունում չնկատվող գերչակի բույսը՝ մեծ տերևներով, մեծ ճյուղերով, որոնք ամեն օր ավելի էին բացվում, այս փոքրիկ աղջիկն էլ օրի մեծանում էր՝ չմտածելով ամուսնու մասին։
Ամառվա գիշերային տեսարանը երազի պես էր։ Բոլորը ուտելուց հետո նստում էին բակում հովանալու, հովհարը օրորում, նայում երկնքի աստղերին, հարևան կտուրի անկյունի լուսատտիկներին, լսում էին ծղրիդներին, որ տանիքի վրա ճռռում էին, ձգում ձայների ճախարակը։ Հեռու ու մոտիկ ձայները անձրևի պես խիտ էին։ Քամին հասկերի հատիկները, ծաղիկները փչում էր մարդկանց դեմքին, իսկական կատակներ անելու ժամամակն էր։
Սյաո Սյաոն բավականին բարձրահասակ էր, հաճախ մենակ բարձրանում էր դեզի վրա, թևերի մեջ էր առնում արդեն խորը քնած ամուսնուն, թեթևորեն, թեթևորեն երգում էր իր հորինած գյուղական երգերը, երգում էր ու երգում, սկսում էր քունը տանել, համարյա քնում էր։
Դրսում տատիկ-պապիկը, սկեսրայրն ու սկեսուրը, երկու օգնական տղամարդիկ ցրված նստած էին փոքր նստարաններին, հին հեքիաթներ էին անում, հերթով կարճացնում էին գիշերը։
Սկեսրայրի կողքին ծխախոտի տուփ էր, որ գիշերվա կեսին լուսավորվում էր։ Օշինդրից սարքած տուփով կարելի էր քշել երկարաոտ մոծակներին, որ իջել էին սեկսրայրի ոտքերի մոտ։ Դրաք ասես սև պոչով օձեր լինեին։ Նա երբեմն վերցնում էր ու թափահարում տուփը։
Հիշելով ցերեկը դաշտում կատարվածը՝ պապիկը սկսեց խոսել․
-Լսել եմ, Սան Ծինն ասում է երեկ չէ առաջին օրը էլի աղջիկ ուսանողուհին էին անցնում էս կողմերով։
Բոլորը հռհռացին։
Ծիծաղելու իմա՞ստը։ Միայն որովհետև բոլորի տպավորությամբ ուսանողուհիները հյուս չէին անում, լորի պոչի պես կապում էին մազերը, նման էին միանձնուհու, բայց նաև լրիվ չէին նման։ Հագածները և՛ օտարերկրացու նման էր, և՛ չէ, կերածները, օգտագործածները, մի խոսքով ամեն ինչ տարբեր էր։ Երբ հիշում էին, տարօրինակ ու ծիծաղելի էր թվում նրանց։
Սյաո Սյաոն այդքան էլ չէր հասկանում, նա չէր ծիծաղում։ Պապիկն ասաց․
-Սյաո Սյաո, որ մեծանաս, դու էլ ես աղջիկ ուսանող դառնալու։
Բոլորը սկսեցին ավելի բարձր հռհռալ։
Սյաո Սյաոն հիմար չէր, մտածեց, որ իր համար լավ բան չէ դա, խառնվեց զրույցին․
-Պապի՛կ, ես չեմ դառնա աղջիկ ուսանող։
-Նման ես, է, աղջիկ ուսանողի, չի լինի, որ չդառնաս։
-Չե՛մ դառնա։
Բոլորը սկսեցին ծաղրել ու միաբերան ասացին․
-Սյաո Սյաո, պապիկը ճիշտ է ասում, չես կարող աղջիկ ուսանող չդառնալ։
Սյաո Սյաոն անհանգիստ էր, չգիտեր ինչ աներ։
-Կդառնա՛մ, չեմ վախենում։
Իրականում Սյաո Սյաոն չգիտեր աղջիկ ուսանող դառնալու մեջ ինչ վատ բան կար։
Այս աղջիկ ուսանողները գյուղում իսկապես միշտ տարօրինակ էին նայվում։ Ամեն տարի հենց հունիսն էր գալիս, ասում էին․ արձակուրդի գնալու օրերը հենց գալիս են, փոքր խմբերով աղջիկ ուսանողներ են գալիս հեռավոր աղմկոտ տեղերից, գնում մի ուրիշ հեռավոր վայր, ու անցնում էին տեղի ճամփաներով։ Գյուղաբնակների աչքերով այս մարդիկ ուրիշ աշխարհից էին իջած՝ հագուստը՝ տարօրինակ, վարքագիծն՝ ավելի անբացատրելի։ Աղջիկ ուսանողների անցնելու ժամանակ ամբողջ գյուղը սկսում էր հումորներ անել։
Պապիկն էլ էր տեղացի։ Հիշում էր աղջիկ ուսանողների քաղաքի կյանքի մասին իմացածը, կատակում էր, որ Սյաո Սյաոն էլ պիտի դառնա աղջիկ ուսանող։ Լսելիս Սյաո Սյաոն և՛ ծիծաղում էր, և՛ սարսափ զգում ․ուրեմն պապիկը հենց այնպես չէր ասում։
Աղջիկ ուսանողները պապի մտածելով այսպիսինն են․ նրանք շորերը հագնում են առանց նայելու՝ ցուրտ է, թե շոգ, հաց ուտելիս չեն մտածում սոված են, թե կուշտ, ժամը տասնմեկից հետո նոր քնում են, ամբողջ օրը կարևոր բան չեն անում, միայն գիտի, որ երգում են ու գնդակ խաղում, օտար գրքեր կարդում։ Բոլորը շատ գումար են ծախսում, մի տարվա ծախսած գումարին կարելի է տասնվեց հատ գոմեշ գնել։ Նահանգի կենտրոնական քաղաքներում երբ ուզում են մի տեղ գնալ, պարտադիր չէ քայլեն, կարող են մտնել մի մեծ տուփի մեջ, տուփը նրանց տանում է։ Դպրոցում տղաներն ու աղջիկները միասին են սովորում։ Ծանոթ տղայի հետ եթե ուզեն, քնում են, ո՛չ միջնորդի կարիք ունեն, ո՛չ հարսի գին վճարելու, անունն էլ դրել են «ազատություն»։ Կանայք էլ են շրջանի ղեկավարներ դառնում, ընտանիքին գործի տեղավորում, տղամարդկանց դեռ վարպետ են դիմում, իսկ երեխաներին փոքրիկ վարպետ։
Իրենք կովերին չեն կերակրում, բայց կովի ու այծի կաթ են խմում, ինչպես հորթերն ու գառները։ Կաթը մետաղե սափորներում է լցրած։ Երբ անելու բան չունեն, գնում են ներկայացման վայր։ Այդ վայրը լրիվ մեծ տաճարի նման է, գրպանից հանում են մի արտասահմանյան փող (այդ արտասահմանյան փողին գյուղում կարելի է հինգ հատ հավ առնել), մի քառակուսի թուղթ են առնում, վերցնում են, մտնում ներս, ու կարելի է նստել և նայել օտարերկրացիների ստվերային ներկայացումը։ Երբ վիրավորվում են, չեն հայհոյում, չեն լացում։ Հասնում են քսանչորս տարեկան ու դեռ չեն ուզում ամուսնանալ, հասնում են երեսուն, քառասուն ու անամոթաբար չեն ամուսնանում։ Նրանք չեն վախենում տղամարդկանցից, տղամարդը չի կարող վատ վերաբերվել կնոջը, եթե վիրավորի, կդիմի յամըն [1] դատելու։ Տղամարդուց տուգանք են պահանջում, ու այդ գումարը երբեմն բացառապես իրենց վրա են ծախսում, երբեմն կիսում են պաշտոնյայի հետ։ Նրանք շոր չեն լվանում, հաց չեն սարքում, խոզ ու հավ չեն պահում, եթե երեխա ունեն հինգ կամ տասը յուեն են տալիս, մարդ վարձում, որ խնամի երեխաներին, իրենք ամբողջ օրը թատրոն են նայում ու թղթախաղ խաղում, կարդում այդ անօգուտ գրքերը։ Մի խոսքով՝ ամեն ինչ տարօրինակ է, գյուղացիների պես չէ։ Որոշ մարդիկ, կարելի է ասել, աբսուրդ կյանք են վարում։ Այդ ամենը լսելուց հետո Սյաո Սյաոյի մոտ մի թեթև ցանկություն առաջացավ, մտածեց, եթե ինքն էլ աղջիկ ուսանող լիներ, ի՞նքն էլ պապի պատմած աղջիկ ուսանողների պես կաներ։
Ամեն դեպքում, աղջիկ ուսանող դառնալը սարսափելի չէր։ Առաջին անգամ այս գյուղացի աղջկա միտքը զբաղեցրին այս ամենը։
Երբ լսեց պապի պատմածը այս աղջիկ ուսանողների մասին, Սյաո Սյաոն ինքն իրեն երկար քրքջաց։ Երբ ծիծաղեց վերջացրեց, ասաց․
-Պապիկ, վաղը երբ աղջիկ ուսանողներ անցնեն փողոցով, ձա՛յն տուր ինձ, ուզում եմ տեսնել։
-Տե՛ս, իրենք քեզ կբռնեն, սպասուհի կդարձնեն։
-Ես չե՛մ վախենում նրանցից։
-Օտար գրքեր են կարդում, սուտրաներ են կարդում ու դու չե՞ս վախենում նրանցից։
-Կուանին Բոդհիսատտվայի աղետները վերացնելու սուտրան կարդան, թե երկաթե օղակի կախարդանքը, ես մեկ է, չեմ վախենում։
-Նրանք կծում են, պաշտոնյաների պես։ Հատուկ գյուղացիներին են ուտում, առանց ոսկորներն էլ թքելու ուտում են, չե՞ս վախենում։
Սյաո Սյաոն վստահ ասաց․
-Չէ՛, չեմ վախենում։
Բայց այդ պահին Սյաո Սյաոյի ձեռքերում գրկած ամուսինը չգիտես ինչու քնած տեղը սկսել լացել։ Հարսը մոր պես իրեն պահեց, կես զվարճացնելով կես վախեցնելով՝ ասաց․
-Եղբայր, եղբայր, մի՛ լար, մի լար, կծող աղջիկ ուսանողները եկել են։
Ամուսինը դեռ լացում էր, պետք է նրան գրկած գնար այդտեղից։ Սյաո Սյաոն ամուսնուն գրկած լքեց պապիկին, որն արդեն ուրիշ հին պատմություն էր անում։
Այդ պահից սկսած Սյաո Սյաոյի սրտում աղջիկ ուսանողներն էին։ Երազում էլ հաճախ աղջիկ ուսանող էր տեսնում։ Տեսնում էր, թե ինչպես էր այդպիսի մարդկանց հետ քայլում փողոցով։ Կարծես նստում էին ինքն իրեն քայլող արկղը։ Նա նաև զգում էր, որ արկղը իրենից արագ չի վազում։ Երազում արկղը ամբարի նման էր, ներսում մեծ մոխրագույն մկներ էին, որ ակնախնձորները կարմիր տարբեր կողմեր էին վազում, երբեմն մտնում էին դռան անցքերը՝ պոչը դուրս թողնելով։
Այդ պատճառով պապիկը այդ պահից Սյաո Սյաոյին չէր անվանում «աղջնակ», չէր անվանում «Սյաո Սյաո», այլ անվանում էր «աղջիկ ուսանող»։ Սյաո Սյաոն ակամայից լավ արձագանքեց այս անվանը։
Օրերը գյուղում աշխարհի մնացած օրերի պես էին անցնում, երբեմն՝ տարբեր։ Աշխարհում մարդիկ վատնում էին իրենց օրերը, Սյաո Սյաոյի պես մարդիկ էլ նույն ձև էին օրերը կարճում։ Ամենքն իր պարտականությունն ուներ, ամեն բան կանոնավոր էր։ Շատ քաղաքներում քաղաքակիրթ մարդիկ ամբողջ ամառը անցկացնում էին փափուկ մետաքսե շորերով, նրբահամ ըմպելիքներով և այլ լավ բաներով։ Սյաո Սյաոյի ընտանիքի անդամները քանի որ ամբողջ ամառ աշխատում էին, ստանում էին տասից ավելի ծին կանեփի մանրաթելեր ու քսան երեսուն տան սեխ։
Որպես հարս, Սյաո Սյաոն ամառվա ընթացքում համ ամուսնու մասին էր հոգ տանում, համ չորս ծին մանրաթել էր մանում։ Երբ աշնան մոտ էր լինում, ութերորդ ամսին աշխատավորները սեխ էին հավաքում։ Շատ հետաքրքիր է տեսնել կաթսաների պես մեծ, փոշով պատված ու գետնին շարքերով կուտակված հսկայական դդումները։ Դդում հավաքելու ժամանակն էր, աշունն իսկապես եկել էր։ Այգում ամենուր տան հետևի անտառից քշված վառ դեղին ու վառ կարմիր տերևներ էին։ Սյաո Սյաոն կանգնում էր դդումների մոտ, մի փունջ տերև էր հավաքում, ամուսնու խաղալու համար գլխարկ էր գործում։
Աշխատավորներիի մեջ մի մարդ կար, անունը՝ Խուա Գոու, քսաներեք տարեկան։ Նա Սյաո Սյաոյի ամուսնուն գրկած գնաց ունաբի ծառի տակ ունաբ բերելու։ Բամբուկի փայտիկով խփեց ծառին ու ամբողջ գետինը ծածկվեց ունաբով։
-Եղբայր Խուա Գոու, էլ մի՛ արա շատ է, անհնար է էսքանն ուտել։
Նա չնայած լսեց, բայց չէր դադարեցնում։ Կարծես թե որովհետև փոքրիկը ունաբ էր ուզում, Խուա Գոուն չէր ուզում լսել Սյաո Սյաոյին։ Սյաո Սյաոն ձայն տվեց իր փոքր ամուսնուն․
-Եղբայր, եղբայր, արի, էլ մի վերցրու։ Որ շատ խակ միրգ ուտես, փորդ կցավի։
Ամուսինը լսեց, մի կույտ ունաբ բերեց Սյաո Սյաոյին, խնդրեց, որ ուտի․
-Քույրիկ, կե՛ր, սա մեծ է։
-Չեմ ուզում։
-Մի հատ պիտի ուտես։
Սյաո Սյաոյի երկու ձեռքն էլ զբաղված էին։ Տերևներով գլխարկ էր հյուսում, ազատ ժամանակ չուներ, օգնության կարիք ուներ։
-Եղբայր, ունաբը բերանս դիր։
Ամուսինը լսեց իրեն։ Երբ ունաբը դրեց բերանը, իր համար զվարճալի թվաց ու սկսեց ծիծաղել։
Նա ուզում էր, որ ամուսինը բաց թողնի ունաբները ու բռնի գլխարկի ծայրից, որ կարողանա նոր տերևներ ավելացնել։
Ամուսինը արեց ասածները, բայց անընդհատ չարաճճիորեն օրորվում էր, երգում։ Այս երեխան կատու լիներ ասես, ուրախ ժամանակ ամեն ինչ խառնաշփոթի էր վերածում։
-Եղբայր, ի՞նչ ես երգում։
-Երգում եմ Խուա Գոուի ինձ սովորեցրած գյուղական երգը։
-Դե բարձր երգիր, ես էլ լսեմ։
Ամուսինը սկսեց երգել իր հիշածը․

Երկնքում ամպեր են բարձրանում, ամպերից` ծաղիկներ
Եգիպտացորենի դաշտում լոբիներ են ցանում
Լոբիները խճճվում են եգիպտացորենի դաշտում
Գեղեցկուհին խճճվում է իր նոր ընտանիքում
Երկնքում ամպերն են բարձրանում, ամպը ամպի վրա
Գետնի տակ գերեզմաններ են, մեկը մեկի վրա
Գեղեցկուհին ափսե է լվանում, ափսեն ափսեի վրա
Գեղեցկուհու անկողնում մարդ է պառկում, մարդը մարդու վրա

Երգի իմաստը ամուսինը լրիվ չէր հասկանում։ Հարցրեց՝ լավն է, թե չէ։ Սյաո Սյաոն ասաց, որ լավն է, ու հարցրեց՝ թե ով է սովորեցրել։ Նա գիտեր, որ Խուա Գոուն է սովորեցրել, բայց միտումնավոր հարցաքննում էր նրան։
-Խուա Գոուն է սովորեցրել ինձ, ասաց, որ էլի լավ երգեր գիտի։ Երբ մեծանամ՝ կսովորեցնի ինձ։
Փաստորեն Խուա Գոուն երգել գիտի, ասաց Սյաո Սյաոն։
-Եղբայր Խուա Գոու, եղբայր Խուա Գոու, ինձ համար լավ երգ երգեք, լսեմ։
Այդ Խուա Գոույի դեմքից երևում էր թե ով է։ Այդքան էլ լավ մարդ չէր։ Երբ իմացավ, որ Սյաո Սյաոն ուզում է երգ լսել, այնպիսի բան երգեց, որ գիտեր՝ կհասկանա․ «Տասը տարեկան հարսը, մի տարեկան փեսան»։ Երգում ասում էր՝ երբ կինը մեծ է, կարող է դուրս գալ ու կանոններին դեմ բաներ անել։ Երբ ամուսինը փոքր է, միայն կուրծք ուտել գիտի, թող կուրծք ուտի։ Այս երգը ամուսինը բացարձակ չէր հասկանում, մի քիչ Սյաո Սյաոն էր հասկանում։ Երգից հետո ձևացրեց, թե ամեն ինչ հասկացավ, բարկացած տեսք ընդունեց, ասաց Խուա Գոուին․
-Եղբայր Խուա Գոու, չեղա՛վ։ Սա վիրավորական երգ է։
Խուա Գոուն հակառակվեց․
-Վիրավորական երգ չի։
-Ես հասկանում եմ, վիրավորական երգ է։
Խուա Գոուն հազվադեպ էր շատ խոսում, երգը արդեն երգել էր, սխալն ընդունել էր ու էլ չէր երգում։ Նա տեսավ, որ Սյաո Սյաոն արդեն մի քիչ խելամիտ էր, վախեցավ, որ կգնա պապիկին կասի, ու կհանդիմանի իրեն պապիկը, ուստի խոսքը փոխեց, խոսեց աղջիկ ուսանողներից։ Նա Սյաո Սյաոյին հարցրեց, թե արդյոք տեսել է՝ ինչպես են աղջիկ ուսանողները մարմնամարզություն անում կամ օտար երգեր երգում։
Եթե Հուա Գոուն չհիշեցներ, Սյաո Սյաոն համարյա մոռացել էր այս մասին։ Երբ նորից հիշեց աղջիկ ուսանողների մասին, նա հարցրեց Խուա Գոուին, թե արդյոք վերջերս ճանապարհով անցնող աղջիկ ուսանողների չի տեսել։ Նա ուզում է տեսնել։
Խուա Գոուն համ դդումներն էր ծածկից անկյուն տանում, համ պատմում էր աղջիկ ուսանողների երգած երգերի մասին, այս պատմություններն էլ էր Սյաո Սյաոյի պապիկը պատմել։ Նա Սյաո Սյաոյին ուռճացրած բաներ էր պատմում, ասում, որ ժամանակին հիմնական ճանապարհին չորս աղջիկ ուսանող է տեսել, նրանք բոլորը դրոշներ ունեին, երկար քայլելուց քրտնած ու շնչակտուր դեռ երգում էին, լրիվ զիվորականների նման։ Ավելորդ է ասել, որ սա, իհարկե, անհեթեթ կատակ էր։ Բայց այդ պատմությունը փչացրեց Սյաո Սյաոյի տրամադրությունը: Որովհետև Խուա Գոուն ասաց, որ դրան անվանում են «ազատություն»։
Խուա Գոուն միշտ գիտեր թե ինչ խոսեր։
Երբ լսեց, որ Սյաո Սյաոն նախանձով ասում է․ «Խուա Գոու, թևերդ ի՜նչ մեծ են»,- ասաց․
-Մենակ թևերս չեն մեծ։
-Մարմինդ էլ է մեծ։
-Իմ ամեն ինչն է մեծ։
Երբ Սյաո Սյաոն գրկեց ամուսնուն ու գնաց, իր հետ դդում հավաքող Յապան [2] անսովոր խոսակցություն բացեց, ասաց․
-Խուա Գոու, վատ բաներ մի արա։ Նա տասներեք տարեկան կույս է, տասը տարի հետո նոր ամուսնական կյանքով է ապրելու։
Խուա Գոուն ոչինչ չասաց, ապտակեց նրան, գնաց ունաբի ծառի մոտ ունաբ հավաքելու։
Սեխ հավաքելու աշնանը Սյաո Սյաոն արդեն մի տարի էր, ինչ ամուսնու տանն էր։
Սառնամանիք ու ձյուն, արև ու անձրև էր, ու ընտանիքի անդամները անընդհատ ասում էին, որ Սյաո Սյաոն մեծացել է։ Երկինքը նրան լավ էր նայում, սառը ջուր էր խմում, չոր բաներ ուտում, կլոր տարին չէր հիվադանում, մի բան էլ արագ զարգանում էր։ Սկեսուրը չնայած մկրատի պես կտրում էր Սյաո Սյաոյի մեծանալու բոլոր հնարավորությունները՝ սակայն գյուղի արևն ու օդը օգնում էին նրան մեծանալ, ու չնայած այս դժվարություններին՝ տասնհինգ տարեկան Սյաո Սյաոն արդեն մեծ մարդու տեսք ուներ, չնայած դեռ հիմարիկ էր։
Քանի մեծանում էր, տան անելիքն էլ էր շատանում։ Կանեփի մանրաթելը մանելուց, ճախարակը պտտելուց, շոր լվանալուց, ամուսնու մասին հոգ անելուց բացի, պիտի նաև խոզի համար կանաչ հավաքեր, ջաղացի քար պտտեր, չափեր ու կտոր կարեր։ Ամեն ինչ հնարավոր էր սովորել, սովորեիր՝ կարող էիր անել։ Գյուղում սովորություն կար, եթե աշխատանքից հետո ուժ է մնացել դեռ, կարելի է գնալ աշխատել սենյակում։ Երկու-երեք տարում Սյաո Սյաոն միայնակ այնքան կանեփի մանրաթել էր մանել ու հյուսել, որ կարող էր սենյակում երեք ամիս մաքոքով աշխատել։
Ամուսինը շուտ կտրվեց կրծքից։ Սկեսուրը նոր որդի ունեցավ, այս հինգ տարեկան երեխան միայն Սյաո Սյաոայի խնամակալության տակ մնաց։ Կապ չունի ինչ էր անում, ուր էր գնում, ամուսինը միշտ հետն էր։
Ամուսինը երբեմն վախենում էր նրանից, նրան մոր պես էր ընդունում, չէր համարձակվում շատ բան անել։ Նրանց հարաբերությունները վատ չէին։
Գյուղը սկսեց զարգանալ, պապիկի կատակներն էլ փոխվեցին․ «Սյաո Սյաո, դու էլ հյուսդ կտրի, որ ազատ լինես»։ Դա լսող Սյաո Սյաոն էլ մի ամառ աղջիկ ուսանողուհի տեսավ, չմայած պապի կատակերը լուրջ չէր ընդունում, բայց ամեն անգամ, որ պապն անում էր այդ հումորը, նա գնում էր ջրի մոտ, պինդ բռնում էր հյուսը ու ձևացնում, որ հյուս չունեցող մարդու հոգի ուներ, զվարճալի էր։
Քանի որ պիտի խոզերի համար կանաչ հավաքեր, ամուսնուն էլ էր հաճախ տանում Լուոսը լեռան դոշերը։
Երեխան ոչինչ չէր հասկանում, լսում էր, որ ուրիշները երգում են, ինքն էլ էր երգում, գրավում Խուա Գոուի ուշադրությունը։
Հուա Գոուն այլ մտքեր ուներ Սյաո Սյաոյի հանդեպ։ Սյաո Սյաոն դա մի քիչ հասկանում էր, հաճախ սարսափում էր։ Բայց Հուա Գոուն տղամարդ էր, բոլոր տղամարդիկ էլ շատ առավելություն ու պակասություններ ունեին։ Նա ուժեղ էր, աշխատասեր էր, կարողանում էր կատակել ու զրուցել, ուստի մի կողմից կարողանում էր շահել Սյաո Սյաոյի ամուսնու սերը, մի կողմից Սյաո Սյաոյի շուրջն էր պտտվում, ու միշտ ամեն կերպ փորձում էր ցրել Սյաո Սյաոյի վախը։
Լեռները մեծ են, մարդիկ՝ փոքր, ծառերը՝ խիտ։ Չես իմանա, թե Սյաո Սյաոն ուր է։ Խուա Գոուն բարձր տեղում կանգնած երգում էր, զվարճացնում Սյաո Սյաոյի ամուսնուն, հենց ամուսինը բերանը բացում էր, Խուա Գոուն կտրում էր սարերը, գալիս Սյաո Սյաոյի մոտ։
Խուա Գոույին տեսնելով փոքրիկը միայն ուրախանում էր, ուրիշ բան չէր հասկանում։ Նա իրականում ուզում էր Խուա Գոուն իր համար խոտից միջատներ հյուսեր, բամբուկից ֆլեյտա, սուլիչ սարքեր։ Խուա Գոուն ձևեր էր մտածում, որ նա գնա հեռու տեղ նյութ գտնելու, նստում էր Սյաո Սյաոյի կողքին, Սյաո Սյաոյի համար ուրախացնող ու շիկնեցնող երգեր էր երգում։ Սյաո Սյաոն երբեմն վախենում էր, թույլ չէր տալիս ամուսինը գնար։ Երբեմն էլ երբ Խուա Գոուն մոտն էր, ամուսնուն ուղարկելը ավելի լավ էր։ Վերջապես, մի օր Սյաո Սյաոն, այսպես Խուա Գոուի երգելով բացեց սիրտը, կին դարձավ։
Այդ ժամանակ ամուսինը գնացել էր լեռան տակ մոշ հավաքելու, Խուա Գոուն շատ երգեր էր երգում, հետո Սյաո Սյաոյի համար էր երգում․
Վերջում Սյաո Սյաոյին ասաց․ «Քո պատճառով գիշերները աչք չեմ կպցնում»։ Ասաց, որ երդվում է այդ մասին ուրիշին չասել։ Դա լսելով՝ դեռ ոչինչ չհասկացող Սյաո Սյաոն միայն ուշադիր նայում էր այդ կոպիտ զույգ թևերին, միայն լսում էր այն վերջին խոսքը։
Վերջում Խուա Գոուն նրա համար երգեց։ Նա շփոթված էր, ուզում էր Խուա Գոուն իրոք երդվի երկնքով: Երդվեց, կարծես ամեն ինչ ապահով էր։ Սյաո Սյաոն ամբողջովին տրվեց նրան։ Երբ ամուսինը վերադարձավ, ձեռքը թրթուր էր կծել, ուռել էր, գնաց Սյաո Սյաոյի մոտ։ Սյաո Սյաոն սեղմեց այդ փոքրիկ ձեռքը, բերանով տաքացրեց ու ծծեց։ Հիշեց քիչ առաջվա հիմարությունը։ Կարծես նոր հասկացավ, որ այդքան էլ լավ հիմարություն չէր արել։
Չորրորդ ամիսն էր, ցորենը դեղնել էր։ Այդ ժամանակ էր, որ Խուա Գոուն նրան վատ բաներ անելու հրապուրեց։ Մինչև հինգերորդ ամիս սալորը հասավ։ Նա սիրում էր խակ սալոր ուտել։ Զգում էր, որ մարմինը փոխվել է։ Լեռան վրա հանդիպեց Խուա Գոուին, այդ մասին ասաց ու հարցրեց, թե ինչ անի։
Երկար քննարկեցին, բայց Խուա Գոուն գաղափար չուներ ինչ անել։ Չնայած երդվել էր երկնքով, բայց մեկ է, գաղափար չուներ։ Այս տղան մարմնով մեծ էր։ Եթե համարձակությունդ էլ շատ է, սխալվելը թերևս թեթև բան է, բայց երբ համարձակ չես, ելք չես գտնում։
Վերջում Սյաո Սյաոն սեղմեց իր սևապոչ օձի պես հյուսը, հիշեց քաղաքը, ասաց․
-Եղբայր Խուա Գոու, արի գնանք քաղաք, ազատ դառնանք, մարդկանց օգնենք, ապրենք, չի լինի՞։
-Ո՞նց կլինի։ Քաղաքում ի՞նչ անենք։
-Փորս մեծացել է։
-Դեղ կգտնենք։ Էս կողմերում բժիշկ կա, դեղ է ծախում։
-Շուտ դեղ բեր, ես մտածում եմ․․․
-Դու մտածում ես փախչենք քաղաք, ազատ լինենք։ Չի լինի։ Մարդու չենք ճանաչում, մուրացկանության համար էլ կարգ կա, հենց էնպես չենք կարող։
-Անխիղճի մեկն ես, ինձ վնասել ես։ Մեռնել եմ ուզում։
-Երդվում եմ չխաբել քեզ։
-Ի՞նչ տարբերություն կխաբես, չես խաբի։ Օգնի՛ր ինձ, օգնիր ինձ հանեմ փորիս էս մսի կտորը, վախենում եմ։
Խուա Գոուն ձայն չհանեց, մի քիչ անց գնաց։ Շատ չանցած ամուսինը իր մոտ վերադարձավ, տեսավ Սյաո Սյաոն խոտերին մենակ նստած լացում է, աչքերը կարմրել են։ Ամուսինը զարմացավ, մի քիչ նայեց, հարցրեց Սյաո Սյաոյին․
-Քույրիկ, ինչի՞ ես լացում։
-Բան չկա, փոշի է լցվել աչքս, ցավում է։
-Արի փչեմ։
-Պետք չի փչել։
-Նայի՛ր ինձ, սրանք եմ գտել, սրանք։
Նա առվակից հավաքած փոքրիկ ոստրեներն ու քարերը դրեց Սյաո Սյաոյի դիմաց, Սյաո Սյաոն արցունքների միջից նայեց, դժվարությամբ ժպտաց, ասաց․
-Եղբա՛յր, լավ կլինի։ Որ լացում եմ, տանը մի ասա։ Որ ասես, կջղայնանամ։
Այդ մասին ոչ ոք չիմացավ։
Կես ամիս անցավ, Խուա Գոուն վերցրեց իր ամբողջ հագուստն ու առանց բառ ասելու հեռացավ։ Պապիկը հարցրեց իր հետ ապրող Յա Պային, թե արդյոք գիտի, թե ինչու է գնացել, ուր է գնացել։ Յապան գլուխն օրորեց, ասաց, որ Խուա Գոուն երկու հարյուր յուեն էր պարտք իրեն ու առանց բան ասելու հեռացել էր, խղճի խայթ չուներ։ Յապան այսքանն ասաց ու չասաց, թե ինչու է փոխել Խուա Գոուն։ Ընտանիքի համար սա տարօրինակ էր ու ամբողջ օրը դա էին քննարկում։ Ամեն դեպքում այս աշխատողը ոչինչ չէր գողացել, ոչինչ չէր տարել հետը։ Դեպքից որոշ ժամանակ անց բնականաբար բոլորը մոռացան այդ մասին։
Սյաո Սյաոն հին Սյաո Սյաոն էր։ Լավ կլիներ, որ կարողանար մոռանալ Խուա Գոուին։ Բայց փորն իրոք ուրիշ էր, փորի միջի այդ բանը շարժվում էր, անհանգստացնում իրեն, մղձավանջներ էր տեսնում։
Նա դյուրագրգիռ դարձավ։ Դա միայն ամուսինը նկատեց, քանի որ ամուսնու հանդեպ կարծես շատ էր խստացել։
Առաջվա պես ամեն օր ամուսնու հետ էր, իր մտքինն էլ լրիվ չէր հասկանում։ Հաճախ մտածում էր, որ մեռնի, ավելի լավ կլինի։ Բայց ինչո՞ւ մեռնել։ Նա ուրախ օրեր էր ապրում, ուզում էր ապրել։
Անկախ նրանից, թե տանը ում մասին էին խոսում, ամուսնու, փոքր երեխայի, Խուա Գոույի մասին, այդ խոսքերը բռունցքների պես ուժեղ խփում էին Սյաո Սյաոյի կրծքին։
Ութերորդ ամիսն էր, նա անհանգիստ էր, որ մարդիկ կիմանան։ Ամուսնուն վանք տարավ խաղալու, թաքուն երազանք պահեց ու մի մեծ բռունցք վառած անուշահոտ փայտիկի մոխիր կերավ։[3] Ամուսինը նկատեց դա, հարցրեց, թե ինչ է անում։ Սյաո Սյաոն ասաց, որ փորը ցավում է, պետք է ուտի, որ լավանա։ Նա խնդրեց Բոդդիսավային երազանքը կատարել, բայց իհարկե Բոդդիսավան չկատարեց իր երազանքը, փորի միջի այդ բանը էլի մեծանում էր։
Նա հաճախ դեպի առվակն էր գնում սառը ջուր խմելու։ Երբ ամուսինը տեսնում էր, հարցնում էր, թե ինչու, ասում էր, որ ծարավ է։
Իր մտածած ոչ մի ելք չբաժանեց իրեն այդ տխուր երևույթից։ Մեծ փորի մասին միայն ամուսինը գիտեր, բայց չէր համարձակվում ծնողներին ասել։ Քանի որ միասին երկար էին եղել ու տարբեր տարիքի էին, Սյաո Սյաոյի հանդեպ վախն ու սերը ծնողների հանդեպ սիրուց ու վախից խորն էին։
Նա դեռ հիշում էր Խուա Գոույի երդումը ու ամբողջ կատարվածը։ Աշուն եկավ, Տան առջևում ու հետևում թրթուրները դառնում էին ամեն տեսակի գեղեցիկ թիթեռներ ու ցեցեր։ Ամուսինը կարծես միտումնավոր հաճախ հիշեցնում էր մի քանի ամիս առաջ իրեն թրթուրի կծելու դեպքը, տխրեցնում Սյաո Սյաոյին։ Նա ատում էր թրթուրներին, հենց տեսնում էր, ուզում էր տրորել նրանց։
Մի օր լսեց, որ աղջիկ ուսանողները անցնում են այդ կողմերով։ Այս բանը լսած Սյաո Սյաոն աչքերը բացեց սկսեց երազել, նայեց արևելք ու անշարժացավ։
Սյաո Սյաոն որոշեց Խուա Գոույի հետքերով գնալ, փախչել, հավաքեց մի քանի բան, որ աղջիկ ուսանողների հետ այդ ճամփով գնա քաղաք։ Բայց չհասցրեց, ընտանիքը բռնեց նրան։
Հարցաքննում էին, որ իմանային պատճառները։ Այդ ժամանակ հասկացան, որ Սյաո Սյաոյի փորում, ուր տասը տարի հետո փոքրիկ ամուսնու համար երեխա պիտի լիներ ու շարունակեր իրենց ցեղը, արդեն ուրիշը իր սերմն էր դրել։ Մեծ իրարացնում էր։ Ընտանիքի խաղաղ կյանքը այս բանի պատճառով խաթարվեց։ Էլ բարկանում էին, էլ լացում, էլ հայհոյում, ամենքն իրենց հերթին։ Կախվել, ջուրը նետվել, թույն խմել․ դառնություն ճաշակած Սյաո Սյաոն ամեն ինչ մտքով անցկացրել էր, բայց դեռ փոքր էր, ի վերջո, չէր ուզում մեռնել, ու չարեց։ Պապը սառը գլխով դատեց, խելացի գաղափար առաջարկեց։ Սյաո Սյաոյին փակեց սենյակում, մարդկանց դրեց, որ հետևեն նրան, որոշեց կանչել Սյաո Սյաոյի ցեղի մարդկանց, որ ասեն, քարից կապեն ու գցեն ջուրը նրան, թե՞ վաճառեն։ Սյաո Սյաոյի ընտանիքը եթե ուզեր երեսով մնալ, կառաջարկել խեղդել, եթե չէին կարող նրա մահվանը դիմանալ, կվաճառեին։ Սյաո Սյաոն միայն հորեղբայր ուներ, որ մի-երկու քայլ այն կողմ, մի գյուղում հողագործությամբ էր զբաղվում։ Երբ կանչեցին, մտածեց, թե գինի խմելու են կանչում։ Հասավ, իմացավ այս խայտառակ պատմությունը։ Պարզ ու շիտակ մարդ էր, չգիտեր ինչ աներ։
Մեծ փորը ապացույց, ոչինչ հնարավոր չէր ասել։ Հորեղբայրը չէր կարող թույլ տար, որ խեղդեն Սյաո Սյաոյին, որոշեց, որ Սյաո Սյաոյին պետք է ամուսնացնել երկրորդ անգամ։
Այս պատիժն էլ էր շատ բնական։ Ըստ սովորույթի ամուսնու ընտանիքն էր վնաս կրել, և կարող էր գումար ստանալ երկրորդ ամուսնությունից որպես վնասի փոխհատուցում։ Հորեղբայրը այդ մասին ասաց Սյաո Սյաոյին, ուզում էր գնալ։ Սյաո Սյաոն քաշեց նրա շորի անկյունից, միայն լուռ լալիս էր։ Հորեղբայրը օրորեց գլուխը, ոչինչ չասաց, հեռացավ։
Որոշ ժամանակ ոչ մի ընտանիք չէր ուզում Սյաո Սյաոյին, ուստի նա պետք է դեռ ամուսնու տանն ապրեր։ Երբ այս հարցերը պարզվեցին, ոչ ոք էլ գյուղի օրենքների մասին անհանգստանալու բան չուներ, միայն պետք է սպասեր պատժին։ Բոլորը թեթևացան։ Սկզբում փոքրիկ ամուսինը չէր կարող Սյաո Սյաոյի հետ լինել։ Հետո ամեն ինչ առաջվա պես դարձավ, քրոջ ու եղբոր պես ասում-խոսում էին, ծիծաղում։ Այնպես անցնում էին օրերը։
Ամուսինն արդեն գիտեր, որ Սյաո Սյաոյի փորում երեխա կա։ Գիտեր, որ դրա պատճառով Սյաո Սյաոն պիտի գնար հեռու, ամուսնանար։ Բայց ամուսինը չէր ուզում, որ Սյաո Սյաոն գնար։ Սյաո Սյաոն ինքն էլ չէր ուզում։ Բոլորը տարակուսում էին, միայն թե ըստ օրենքի ստիպված էին այդպես անել։ Չէին կարող չանել։
Գնորդի էին սպասում։ Սպասեցին մինչև տասներկուերորդ ամիս, ոչ ոք չեկավ։ Սյաո Սյաոն նոր տարին էլ անցկացրեց այս ընտանիքում։
Այդ տարվա երկրորդ ամսին տասը ամիսը լրացավ, Սյաո Սյաոն նստեց խոտերին ու տղա ունեցավ՝ կլոր գլխով, մեծ աչքերով, ձայնը զրնգուն։ Բոլորը լավ հոգ էին տանում մոր ու երեխայի մասին։ Ըստ սովորույթի՝ վերականգնվելու համար նրան խաշա ձու ու բրձի շիլա էին տալիս, թղթադրամ էին վառում աստվածներին շնորհակալություն հայտնելու համար։ Ընտանիքի անդամները սիրում էին երեխային։
Քանի որ տղա էր ծնել, Սյաո Սյաոն չամուսնացավ ուրիշի հետ։
Երբ Սյաո Սյաոյի ու ամուսնու պաշտոնապես ամուսնական կյանքով ապրելու երդման պահը հասավ, որդին արդեն տասը տարեկան էր, կարող էր կովերի համար խոտ հնձել, դարձավ ընտանիքի աշխատավորներից մեկը։ Նա սովորաբար Սյաո Սյաոյի ամուսնուն հորեղբայր էր անվանում։ Ամուսինը ընդունեց ու չբարկացավ։
Երեխային անվանում էի Նյոուար։ Տասներկու տարեկանում ինքն էլ ամուսնացավ, հարսն էլ վեց տարով մեծ էր իրենից։ Եթե հարսը մեծ է տարիքով, կարող է օգնող ձեռք լինել, ընտանիքին օգտակար լինել։ Երբ դռան մոտ սուոնա էին փչում, նորահարսը գահավորակի մեջ արտասվում էր, զբաղեցնում պապին ու պապի հորը։
Այդ օրը Սյաո Սյաոն ցանկապատից այն կողմ հետևում էր այդ ամենին՝ գրկած իր նորածնին այնպես, ինչպես ամուսնուն էր գրկում տասը տարի առաջ։

Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկյանի

[1] կայսերական Չինաստանում տեղի պաշտոնյայի նստավայրը

[2] Թարգմանաբար՝ համր

[3] Բուդդիզմում հավատում են, որ այդպես ցանկությունները կկատարվեն

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *