Նազիկ Հակոբյան | Անկյունաչափ ճագարաբնի համար

Միսակը սիրում էր կանգնել պատուհանի մոտ՝ ուղիղ, ձգված, ձեռքերը գրպանները խոթած, ու ձայնը գլուխը գցելով երգել: Սովորաբար դա անում էր այն օրերին, երբ հարևան սենյակում երեխան լաց էր լինում: Երգողի ձայնը լավն էր, փոքրիկը նվվալով, թույլ ծղրտոցով էր լացում: Միսակը բարձր հասակ ուներ, ոտքերը շրջանակի կենտրոնական մասում մեխած կանգնում էր, երգելու ընթացքում գլուխը տանում հասցնում պատուհանի աջ անկյունը, հետո նույն ճոճվող տոնայնությամբ՝ ձախ անկյունը: Այդքան համաչափ, ճիշտ ուղղությամբ ու սահուն՝ գետնից առաստաղ ձգվող ժամացույցների սլաքներն են թեքվում-ուղղվում:
Երգի առաջին նոտաները բերանի մեջ դողում էին, հետո հարթվում էին սիրուն բառերը՝ համաչափ շարվելով իրար ետևից՝ «Սարերի հովին մեռնեմ… իմ յարի բոյին մեռնեմ»: Իսկ յարը բոյով չէր: Մանր-մունր աղջիկ էր՝ տավարի պճեղներ հիշեցնող փոքր ոտքերով: Մի քիչ կռացած էր քայլում, ինչպես սովորաբար քայլում են կամ բարձր հասակ ունեցողները, կամ՝ մեծ կուրծք: Երկուսն էլ չուներ: Ուղղակի մանկուց կռացել էր գրքերի վրա՝ ուսերին մի ծանր ծածկոց գցած: Պայուսակները ամեն օր տարբեր էր բռնում: Ոտնամանները՝ նույնը: Միսակը գիտեր՝ այդքան փոքր ոտնաչափով կոշիկներ դժվար է գտնել՝ արվեստագետի ճաշակին հարիր: Քուղերը՝ բազմերանգ, կաշին՝ ժանգագույն, ներբանները՝ վառ դեղին: Աղջկա գանգուրները կարճ էին, շեկ: Աչքերը՝ մուգ սև, քիթը՝ սուր, բայց կարճ: Այսպիսին էր Միսակի սերը՝ խռպոտ ձայնով բանաստեղծուհի Ժանը (Ժաննան):
Միսակն ամեն երեկո աշխատավայրից վերադառնալիս փողոցի անկյունում տեսնում էր նրան, բարևում, գնահատող հայացքով չափում, հետո հազիվ հասցնելով հետևից նետել, համարյա բղավում էր. «Կընթրե՞ս ինձ հետ»: Ու ամեն անգամ՝ նույն պատասխանը. «Կուշտ եմ»: Միսակն այնքան խելացի էր, որ հասկանում էր՝ դա նշանակում է՝ «Կուշտ եմ քո նմաններից»: Միսակը քթի տակ պատասխանում էր. «Իմ նմանը չկա»:
Տուն էր գալիս նեղված, քրոջը մի քիչ փող էր տալիս, երեխային տեսնելու համար հավաքում ինքն իրեն, գնում նստում իր չափսերի համար շատ ծիծաղելի աթոռակին ու պատմում փոքրիկ ճագարների պատմությունը, որն ինքն էր հնարել ու այնքան լավ էր հիշում, որ ամեն անգամ, երբ երևակայությունը ստիպում էր որոշ բաներ ավելացնել՝ տեքստը զարդարելու և ավելի ծիծաղելի դարձնելու համար, անմիջապես ինքն իրեն մտովի գովում էր, որ կարողացավ գեղարվեստական խոսք ստանալ: «Դրա՛ն տես, մի քանի հանգեր է կապում իրար ու մարդկանց վերևից է նայում: Դե թող հեքիաթ հորինի»: Իսկ երեխաներին գոհացնելն ու ծիծաղեցնելը շատ բարդ է: Դրա համար քաղցր լեզու է պետք ու մեծ սիրտ, հատկապես, երբ երեխան ծանր հիվանդ է:
Ինքն ամեն երեկո սենյակից դուրս գալիս հարցնում է. «Բա Ձմեռ Պապից ի՞նչ ես ուզել»: Աղջնակը միշտ նույն գնահատող տոնով ասում է՝ նվեր: Եվ երկուսից միայն մեկը գիտի, որ երեխան չի սպասելու Նոր Տարվա հրաշքին:
Միսակը գնում է իր սենյակ առանց հաց ուտելու: Սիրտը հովացնելու համար մանրամասն հիշում է, թե ոնց է քրոջ ամուսնու քիթմռութը ջարդել, ու ձեռքերը քոր են գալիս: Նայում է պատուհանի կողմը, ոտքերն ուզում են երկար մարմինը ձգել հասցնել շրջանակի տակ, հարմար տեղավորել ու ստիպել երգել: Իսկ աղջկա պատուհանը հենց աչքի առաջ է: Ժանը նստել է մահճակալի եզրին ու եղունգներն է կրծում: Ճերմակ, նուրբ մատների ծայրի թափանցիկ, աններկ եղունգները: Միսակը շատ էր ուզում համբուրել այդ մատները ու քանդել այդ գոռոզ, նյարդային կծիկ Ժանին:
Մի տաք դեկտեմբերյան երեկո, երբ Միսակը գլխացավից տանջվելով քայլում էր տուն, ականջի մեջ դեռ խոսափողից հնչող քրոջ լացի ձայնը, ոտքերը նրան տարան մայթին ամանորյա զարդեր վաճառող պատանու տաղավարը: Նա մի կիսամեծ արհեստական տոնածառ գնեց, երեք տուփ խաղալիք, գալիք տարվա սիմվոլը խորհրդանշող ճագար:
Երեխային արդեն ներանոթային ներարկման սարքավորումն էին միացրել, իսկ նա բողոքում էր ու լացում: Քույրը չէր դիմանում միայնակ: Միսակն ինքն իրեն խոստովանեց՝ մեծ եսասերի նման տուն գնալ չի ուզում: Ամաչեց, որ այդպես է մտածում: Խիղճը հանգստացնելու համար գնեց ամանորյա զարդերն ու քայլեց տան ուղղությամբ: Դեկտեմբերի ինն է: Տոնածառ են զարդարելու: Երբ հասել էր շենքի անկյունը, անմիջապես նկատեց Ժանին: Աղջիկը կանգնել էր ծառի տակ ու, մի ոտքից մյուսը թռչկոտելով, բջջային հեռախոսը ականջին սեղմած, ծիծաղում էր: Ատամներն էլ էին սիրուն: Եղանակը տաք էր: Մրսո՞ւմ է, թե՞ ուրախանում: Միսակն ափերի մեջ հարմար տեղավորեց տոպրակների պոչերը, աջ թևի տակ սեղմեց եղևնին և ուշադիր զննեց աղջկան: Ժանը նկատեց նրան: Ժպիտը սառեց երեսին: Միսակն անմիջապես հասկացավ, թե ինչը այն չէր նրա ծիծաղի մեջ: Աչքերը չէին ծիծաղում, ոչ մի բան չփոխվեց հայացքի մեջ, նույն սառնությամբ նայեց իրեն, ինչպես ծիծաղում էր: Միսակն անմիջապես առիթն օգտագործեց: Համարյա ցատկով բարձրացավ ճամփեզրի քարին, ամբողջ հասակով ավելի ձգվեց ու այնպես ուղղեց լայն ուսերը, որ Ժանը առանց անջատելու ցած իջեցրեց հեռախոսը: Միսակը շատ հետաքրքիր ու կենտրոնացած մի կողմից մյուսը թեքվեց՝ թույլ տալով աղջկան տեսնել իրեն ամբողջ հմայքով, ու նոր միայն մտածել, որ ուրիշների նման է: Աղջկա բերանը բաց էր մնացել, ծնոտը՝ կախվել, ոտքերը՝ կողք կողքի սառել: Հետո արագ թափ տվեց գլուխը, հեռախոսը մոտեցրեց ականջին ու խռպոտ ձայնով նետեց.
-Կզանգեմ…
Անջատեց, գրպանը խոթեց հեռախոսն ու հարցական նայեց երիտասարդի դեմքին:
-Կընթրե՞ս ինձ հետ, Ժա՛ն:
Աղջիկն առաջ քայլեց, մոտեցավ հասավ ճամփեզրին: Միսակը քարի վրա ցցված շատ նման էր հուշարձանի՝ պատվանդանով, վերարկուով, բոյը՝ տեղը, հասակը՝ սիրուն: Միայն ձեռքերին բռնած տոպրակները չլինեին ու այս եղևնին:
-Գի՞ժ ես:
-Չէ՛,- Միսակը չշփոթվեց,- բոյով, սիրուն տղա եմ, որ արդեն հինգ ամիս է, ինչ քեզ հավանում եմ ու այնքան համարձակ ու ինքնավստահ եմ, որ ամեն երեկո քեզ ընթրիքի եմ հրավիրում:
Ժաննան սեղմեց շուրթերը, բայց աջ ձեռքը ահագին բարձրացրեց, որ հասցնի երիտասարդի կրծքին.
-Ինքնավստահ չես, անինքնասեր ես: Իսկ ի՞նչ կլինի քո ինքնավստահության հետ, եթե մի քիչ հրեմ դեպի փողոց:
Միսակը հոնքն անգամ չշարժեց, վերևից երկար նայեց աղջկա երեսին, հետո ժպտաց: Ինքը լավ գիտեր իր ժպիտի գինը: Ժանը մի քայլ հետ գնաց:
-Կընթրե՞ս ինձ հետ, Ժա՛ն:
-Նախ՝ անունս որտեղի՞ց գիտես, հետո էլ ամուսնացած ես երևում, ի՞նչ ընթրիք:
-Ամուսնացած չեմ:
-Բա այս ի՞նչ ընտանիքի հոր կերպար է: Համ էլ ցած իջի քարի վրայից ու տուն գնա:
Միսակը ցած իջավ: Ժանը երկար կանգնեց գլուխը կախ, հետո արագ նայեց նրա սպասողական դեմքին:
-Լավ, եթե իսկապես ամուսնացած չես, արի գնանք իմ տուն: Երևի արդեն գիտես՝ որտեղ եմ ապրում, որ անունս իմացել ես:
Միսակը նույն ինքնավստահությամբ թոթվեց ուսերը՝ իհարկե:
-Բայց ես միայն ձվածեղ կկարողանամ պատրաստել: Մի քիչ թթու ունեմ ու երեկվա անհավասար բոված վերմիշելից: Եթե այդպիսի ընթրիքը քեզ ձեռք է տալիս, հենց հիմա արի, քանի չեմ փոշմանել:
Ժաննան շրջվեց, քայլեց իր տան ուղղությամբ: Միսակը հատուկ դանդաղ էր քայլում, որ աղջկանից առաջ չընկնի: Երբ մուտքից ներս էին մտել, ու ժաննան աստիճաններին առաջին քայլն էր դնում, Միսակը հատուկ մի քիչ մեծ քայլ արեց, որ նրանից պոկվող բույրը կարողանա առնել, թեկուզ՝ միայն մազերից: Մի քանի րոպեից նրանք արդեն Ժանի բնակարանում էին: Միսակը նախասենյակի զարդասեղանին դրեց իր գնումները: Սիրտը նեղվեց. քույրն իրեն էր սպասում՝ տանջված, դժբախտ քույրը: Բայց չէր կարող այսպիսի առիթը ձեռքից բաց թողնել:
Ժանը հանեց կոշիկները, վերարկուն, պայուսակն իջեցրեց ուսից: Միսակը լուռ կանգնել, հրավերի էր սպասում:
-Վերարկուդ հանի՛, ինքնավստա՛հ մարդ, կոշիկներդ կարող ես չհանել, կամ հանել ու գուլպաներով մնալ, ես տղամարդու հողաթափեր չունեմ, իսկ հատակը մաքուր է:
Միսակը ժպտալով հանեց կոշիկները, վերարկուն, առաջ անցավ: Սենյակի այս հատվածը միայն կիսով չափ էր երևում իր պատուհանից: Մնացածը շա՜տ ծանոթ էր: Մինչ ինքը զննում էր սենյակը, Ժանը հողաթափերը քստքստացնելով գնաց խոհանոց, մի զամբյուղ կտրատած հաց բերեց, դրեց բազմոցի առաջ դրած սեղանիկին:
-Էս էլ քո երազած ընթրիքը:
Միսակը գոհ գլխով արեց, մոտեցավ, նստեց: Դեմ-դիմաց սենյակի ծանոթ պատուհանն էր, այս անգամ ներսից էր տեսնում: Վարագույրը մի կողմ էր քաշված: Ապակիները մաքուր չէին: Միսակը նստած տեղից փորձեց պատկերացնել՝ եթե մոտենա, մինչև ո՞ր հատվածին կհասնի գլուխը:
Ժաննան նորից եկավ, այս անգամ կտրատած պանիր ու թթու կաղամբ բերեց՝ նույն ափսեի մեջ, կողք կողքի շարված: «Ծույլ է»,- մտածեց Միսակը, բայց անկեղծ համակրանքով ժպտաց: Ժանը նրա ժպիտից շփոթվեց:
-Գնամ իմ տխուր փլավն էլ բերեմ:
Միսակը հանգիստ հենվեց տեղում, ոտքերն առաջ պարզեց: Ժանի տունն անճաշակ էր կահավորված, թափթփված էր, ոչ այնքան մաքուր: Բայց ամեն բան այդ սենյակում իրեն խաղաղեցնում էր: Երևի աղջկա ներկայությունից էր: Ժանը նորից եկավ՝ մաքուր ափսեներ, պատառաքաղներ ու խորը ափսեով վերմիշել բերելով: Միսակն օգնեց նրան սեղանին դասավորել այդ ամենը: Ժանը մոտ քաշեց պատուհանի տակ դրված բարձր աթոռը, նստեց:
-Արի մի քիչ ուտենք ու ծանոթանանք:
Միսակը առաջ հակվեց, նայեց նրան:
-Գիտե՞ս, Ժա՛ն, դու սենց ուրիշ ես:
-Հիասթափվո՞ւմ ես:
-Դեռ չգիտեմ, բայց վերաբերմունքս փոխվում է քո հանդեպ:
Ժանը ցնցեց գլուխը: Գագաթին մի քանի փունջ կարմրաշեկ գանգուրներ իջան-բարձրացան:
-Դե հացդ կեր ու գնա:
-Չէ, ծանոթանանք, որ հասկանամ՝ քո հանդեպ ինչ եմ զգում:
Ժանը լուռ նայեց նրա աչքերին, հետո կախեց գլուխը:
-Ես այսօր առավոտից ահավոր հակասական տրամադրությունների մեջ եմ: Մի քանի վատ միջադեպեր եղան, նեղվեցի, հետո փորձեցի ինքս ինձ համոզել, որ չեմ լացելու: Զանգեցի դպրոցական ընկերուհիներիցս մեկին, տափակ ու անգույն մի մարդու, ում հետ կարող էի հեռախոսով ծիծաղել, թվացյալ անհոգ ու անտրամաբանական կատակներ անել: Ու հենց այդ պահին դու ցցվեցիր աչքիս առաջ: Մենակ տուն գալ չէի ուզում:
Միսակը ահավոր շատ ուզում էր այդ պահին կանչել նրան, նստեցնել կողքին ու գրկել: Դե, ինքն էլ նույն տրամադրությունն ուներ: Միտքը գնաց նախասենյակի զարդասեղանին դրված իրերի կողմը:
-Ես հասկանում եմ, որ քեզ համար գրավիչ չի այսպիսի բաներ ասող աղջիկը,- Ժանը բացահայտ նեղվում էր նրա լռությունից:- Բայց մի կերպ ուտենք այս անհաջող ընթրիքն, ու գնա՛:
-Չէ, մտածում էի… Ես էլ տուն գնալ չէի ուզում:
-Ինչո՞ւ:
-Ծանր հիվանդ երեխա կա տանը: Չեմ դիմանում:
Ժանը ամբողջ մարմնով ցնցվեց:
-Քո՞նն է:
-Չէ, արդեն ասացի, որ ամուսնացած չեմ: Քրոջս երեխան է:
-Չի՞ բուժվի,- Ժանը այնքան ցածր հարցրեց, որ վախեցավ բառերը բերանից հանել:
-Չէ,- Միսակը պատառաքաղով քչփորեց ափսեի պարունակությունը:- Գիտե՞ս, ես ամեն երեկո կանգնում եմ պատուհանի տակ, նայում քո լուսամուտին ու երգում: Շատ տխուր եմ լինում, լացել եմ ուզում:
Ժանը թռավ տեղից, նայեց պատուհանի կողմը:
-Տեսնո՞ւմ ես ինձ:
-Հա,- Միսակը մեղավոր ժպտաց:- Դու շատ կարդում ես, ավելի շատ՝ գրում, եղունգներդ կրծելու վատ սովորություն ունես ու ծխում ես երբեմն:
Ժաննան շփոթվեց, Միսակի հայացքը պարզ էր:
-Իսկ ի՞նչ ես երգում, ո՞նց ես երգում:
-Լավ եմ երգում:
Միսակը կանգնեց, մոտեցավ պատուհանին: Դա վաղուց էր ուզում անել՝ արդեն մի քանի րոպե: Մոտեցավ, կանգնեց պատուհանին շատ մոտ: Հայացքը բարձրացրեց դեպի իրենց բնակարանի պատուհանները: Ժանն անհանգիստ շարժվում էր սենյակի կենտրոնում, Միսակի սիրտը հակասական զգացմունքներից պայթում էր: Շրջվեց, նայեց աղջկան:
-Ես ամեն օր, աշխատավայրում կանգնած, երազում եմ տուն հասնելու ու երգելու մասին: Դու մի անգամ եկել էիր մեր հյուրանոցի նախասրահում հանդիպման, (ես այնտեղ անվտանգության աշխատակից եմ), գրողներով հավաքվել էիք, ձեր գործերն էիք ընթերցում: Ես քեզ անմիջապես ճանաչեցի, մեր բակում տեսել ու շատ էի հավանել: Դու շատ ըմբոստ էիր այդ օրը, ես հասկացա՝ բոլորին ապացուցելու բան ունեիր: Եթե չվախենայի աշխատանքս կորցնելու համար, կգայի բոլորին կծեծեի, հետո քեզ կառնեի թևիս տակ ու ձայնս զլելով կերգեի: Ես ուժեղ եմ, բայց բարի: Եվ դրա համար եմ երգում: Սիրտս պայթում է դրանից: Ուժեղ մարմնում՝ բարի սիրտ: Նույնն է, թե շքեղ ավտոմեքենայի շարժիչը թույլ լինի:
-Բարությունը թուլություն չի՛:
-Երևի: Ես հեքիաթ եմ հորինել Նունիկի համար: Ճագարների մասին: Իրենք իմաստուն պապիկ ունեն, չափել-գծել է տան՝ բնի հատակագիծը: Բարձր տուն է սարքել… բուն՝ մյուս ճագարների բներից տարբերվող: Իրենց մասին ասում են՝ դղյակի ճագարներ: Նունիկը փակում է աչքերն ու ժպտում, ասում է. «Հա, աչքերս փակեցի, տեսա իրենց բարձր անկյուններով տունը»: Իմ հեքիաթը լավն է, նրան դուր է գալիս:
Ժանը նստեց աթոռին՝ հայացքը չկտրելով Միսակի երեսից: Միսակի աչքերում արտասուք էր լճացել: Նա թևերը տարածեց մարմնից հեռու ուղիղ գծով, հետո բարձրացրեց ու ձեռքերը հասցրեց պատուհանի անկյուններին:
-Ես վաղուց կարողանում եմ այսպես անկյունները զգալ: Երբ կանգնած եմ, անպայման ուղիղ կենտրոնն եմ ընտրում: Աշխատավայրում բոլորն իմ կանգնելու ձևը գովում են: Ես հատուկ չեմ ձգվում, դա արդեն ինքնաբերաբար է ստացվում: Պիտի հասկանամ՝ որքան կարող եմ տարածել թևերս, որ կողմ ու քանի քայլ կարող եմ շարժվել: Երևի հիմա մտածում ես՝ աննորմալ եմ: Բայց ես ուղղակի չեմ կարողանում չզգալ ու չչափել անկյունները: Ես լավ ձայն ունեմ, բացառիկ ձայն: Երգիչ չդարձա, որովհետև բեմից վախենում եմ: Ինձ թվում է՝ ոտքերիս տակից անդունդ է բացվելու: Երբ երեսով համարյա հենված եմ հաստատուն մի բանի, նույնիսկ երբեմն դա պատ է լինում, պատկերացրու՝ երեսս պատին հենած երգում եմ: Ապահով է, հարմար, եթե նույնիսկ հրվեմ առաջ, չեմ գահավիժի:
Ժանը աննկարագրելի ցավով արագ արտասանեց.
-Քեզ վախեցրել են:
Երկուսն էլ միաժամանակ մտածեցին փոքրիկ տղայի մասին, ում վախեցրել էին:
-Հա, շատ էի փոքր, բայց դա մի ամբողջ կյանք էր՝ մեծ պատառ ապրածիցս: Չեմ պատմի քեզ այդ մասին, ցավեցնում է շատ: Դրանից հետո երդվեցի միշտ ուժեղ լինել, ձիգ ու անվախ: Բայց դրա համար անպայման պետք էր անկյունները զգալ:
Ժանը արագ թռավ տեղից.
-Տե՜ր Աստված, իսկ ես… ես… ես ախր քեզ հրել էի ուզում այդ քարի վրայից, դու նույնիսկ թևերդ տարածել չէիր կարողանա, օդի մեջ էիր, հենարան չունեիր:
Միսակն արցունքների միջից ժպտաց.
-Եթե իմանայիր, չէիր անի:
-Հա՛, չէի անի:
-Բանն այն է, որ ես քրոջս համար էլ եմ վախենում ու նրան միշտ թևիս տակ եմ առնում թուխսի նման, եթե նույնիսկ կողքիս չէ: Մենք միասին ենք վախեցել. ես վտիտ, մանր արարած էի, նրան պաշտպանել չէի կարողանում ու երդվեցի՝ մեծանալու եմ ու ամեն րոպե պաշտպանեմ: Հիմա ստացվել է այնպես, որ չեմ կարողանում:
Ժանը արագ մոտեցավ նրան: Միսակն ուզեց թևերն իջեցնել, Ժանը պահեց արմունկներից.
-Սպասի՛… Դու հիմա ինձ այնպես ես ամեն բան պատմում, կարծես մի ամբողջ կյանք սպասել ես, որ այսքանը ասես:
-Հա:
-Ընկերներ չունե՞ս:
-Լավ ընկեր ունեմ, բայց Նահանգներում է ապրում արդեն երեք տարի:
-Իմ ընտանիքն էլ՝ ծնողներս, եղբայրս իր ընտանիքով, դրսում են:
-Դու էլ ես մենակ:
Ժանը արագ հետ քաշվեց, գնաց, փլվեց աթոռին:
-Երգի՛ ինձ համար:
-Այսպես չեմ կարող:
-Լավ,- Ժանը նորից թռավ տեղից, մոտեցավ, նույն ձևով պահեց արմունկները՝ տղայական պոռթկումով, համարձակ:
-Ես պատ եմ, երգի՛:
-Դու փողոցում էլ պատ էիր, մեղու ջան: Դրա համար էլ չէի վախենում ընկնելուց:
Ժանը դողաց հուզմունքից:
-Ինչո՞ւ մեղու:
-Մեղվի նման ես: Քիթդ սուր է, մազերդ՝ կարմրավուն, պստիկ ես, անվախ, լուրջ… թռչող:
-Երգի,- Ժանը ծիծաղեց՝ նրա աչքերի մեջ նայելով:- Թե չէ այնքան եմ վեր ձգվել, ոտնաթաթերս ու ձեռքերս պոկվում են լարվածությունից:
Միսակը նրան համբուրել էր ուզում, բայց սկսեց ցածրաձայն երգել: Առաջին հնչյունից Ժանն ուզեց հետ քաշվել, բայց կպավ-մնաց հատակին, Միսակի արմունկներին, հայացքին ու ձայնին: Դա աննկարագրելի հաճույք էր, անսպասելի ու անքննելի մի բան, ինչը պատկերացնել անգամ չէր կարող: Միսակը հսկա մեղեդի էր, հնչում էր, լցվում սենյակի ու կյանքի բոլոր անկյունները: Երբ լռեց, Ժանը զգաց, որ աչքերից տաք կաթիլներ են գլորվում այտերին: Միսակի արցունքները դեռ դողում էին՝ թարթիչներից կախված: Նա խզված ձայնով ասաց.
-Գիտե՞ս, Նունիկին խոստացել եմ՝ հենց առողջանա, բուն եմ սարքելու նրա համար՝ համաչափ անկյուններով, հարմար… Ուզում է, որ տուփի նման լինի: Երբ նա նկարագրում է այդ տուփը, ես քիչ է մնում ոռնամ անզորությունից: Նույնիսկ մտովի չեմ կարողանում երեխային տուփի մեջ տեղավորել, անգամ, եթե անկյունները հարմար են ու ապահով:
Միսակը սկսեց երեխայի նման լաց լինել, հետո արագ ազատվեց նրա ձեռքերից, շրջվեց դեպի պատուհանը:
-Գնամ… տոնածառը զարդարեմ:
-Իսկ ես… ես, տե՛ս՝ ոնց եմ պաշտպանվում կյանքից:
Ժանը մոտեցավ գրասեղանին, բացեց դարակը, մի ստվար կապոց հանեց, բերեց գցեց ցածր սեղանին: Միսակը շրջվել ու նայում էր նրա լարված մարմնի շփոթված շարժումներին: Սեղանին խաղաթղթերի նման սահելով լցվեցին բազմաձև ու բազմագույն նկարներ: Կատուներ էին՝ կծկված, կողքի պառկած, նստած, թաթիկները օդում պարեցնելով, գլուխը թեք, պոչը պարզած, կամ թաքցրած: Միսակն արագ մոտեցավ, կռացավ, մի քանի նկար վերցրեց ձեռքը:
-Ո՞վ է նկարում:
-Ես:
-Դո՞ւ: Չեմ նկատել, որ նկարում ես:
-Տանը չեմ նկարում: Տանը միայն գրում եմ: Ամեն օր աշխատանքից տուն գալիս, ավտոբուսի մեջ նստած, նկարում եմ: Երբեմն մարդիկ թաքուն նայում են, երբեմն՝ հարցեր տալիս:
-Լավ ես նկարում, շա՛տ: Իսկ ինչո՞ւ կատուներ:
-Կատու եմ ուզում պահել: Սա նույնն է, թե ամեն օր փողոցից մի նոր կատու բռնեմ, բերեմ տուն: Ամեն գիշեր բարձիս նոր կատու եմ քնեցնում, մինչև ընտրեմ իմ երազանքի կատվին:
Միսակը լայն ժպտալով զննեց նկարները, հետո զգույշ դրեց սեղանին այնպես, կարծես իրական կատուների էր գրկից իջեցնում:
…..
Միսակի քունը չէր տանում. երկար երեկո էր ապրել: Տուն էր վերադարձել մի քիչ տաք տրամադրությամբ, զարդարել տոնածառը, հեքիաթ պատմել: Քրոջը մխիթարելու խոսքեր չէր գտել: Ուշ ժամի մոտեցավ պատուհանին: Ժանը գտել էր իրեն: Ներքևից նայում էր: Դեմքը պարզ չէր տեսնում. մանր ձյուն էր գալիս: Ապակին գոլորշապատ էր: Հսկա ափով սրբեց, երեսը մոտեցրեց: Ժանը համարձակ, ըմբոստ մատներով արագ-արագ իր պատուհանի ապակուն երկու բառ գրեց: Միսակը չհասկացավ նրա գրած տառերը: Հետո փորձեց հակառակ կողմից կարդալ, ու քիչ մնաց սիրտը պայթեր: Անմիջապես սկսեց այնպես երգել, որ Ժանը նրա՝ դեպի անկյունները թեքվող գլխի շարժումներից, բացվող-փակվող բերանից հասկացավ՝ այսքան լավ դեռ չի երգել երբեք:
Իսկ փոշու նմանվող մաղված ձյունը սկսեց խոշորանալ այնքան, որ թվաց՝ մեկը վերևից ճերմակ, թել-թել հաց էր փշրում ձնափոշու վրա ու տեսադաշտից թաքցնում ապակուն գրված տաք բառերը՝ «Սիրահարվել եմ»:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *