ԱՆՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ | Կենգուրու

Անրի Գրիգորյան

Հեռվից ինչ-որ ձայն է լսվում: Ինչ-որ բան թափով մոտենում է Սահակին: Ձայնից խուսափելով՝ անկողնում կծկվում է: Ինչ-որ բան կարծես մեծանում է, դառնում ահռելի գունդ, որը ուր-որ է կսպանի նրան:
Գնացք է: Նրա ձայնը գնալով լսվում է մոտից: Ինչ-որ բան գլորվում է Սահակի երակների միջով: Ականջներից մտնում է գլուխը, տակնուվրա է անում բոլոր մտքերը, նույնիսկ այն մտքերը, որոնք վաղուց թվում էին մեռած, իսկ հիմա հանկարծ դառնում են իրական, կենդանի ու անհրաժեշտ: Հետո քթանցքներից իջնում է կրծքավանդակին, մտնում է մաշկի տակ ու երակներով նորից թափառում մարմնով մեկ:
Գնացքը կանգ է առնում: Սահակը գնացքի պատուհանների մեջ իրար վրա կուտակված գանգեր է տեսնում: Վագոնները բեռնված են մարդկանց կմախքներով: Ոսկորների կույտերից ինչ-որ շշուկներ է լսում: Վախից նորից կծկվում է անկողնու մեջ:
Շշուկների միջից մի ձայն տարբերվում է, արագ մոտենում է նրան ու պայթում ականջի տակ.
-Մայրդ չկա… նրա ոսկորներն էլ չկան, իսկ վզնոցը կա… իզուր կորում ա հողի տակ… իսկ մեզ հազար ու մի բան ա պետք… գնա՛, հանի վզնոցը… գնա՛, հանի վզնոցը… գնա՛, հանի վզնոցը…
Սահակը լսում է կնոջ խոսքերն ու ավելի է փոքրանում վերմակի տակ. ծնկները համարյա հպվում են դնչին:
-Նոր տարի ա,- շարունակում է կինը,- ամեն տարի սրա-նրա տուն ենք գնում, էս անգամ էլ մենք հյուր ընդունենք… գնա՛, հանի վզնոցը… գնա՛, հանի վզնոցը…
Սահակը փորձում է քնել, փակում է աչքերն ու տեսնում, թե ոնց են դատարկում գնացքը. բահերով հավաքում են ոսկորներն ու թափում գետնին: Ոսկորները աղմուկով ընկնում են հողին՝ փոշիանում, անհետանում են: Իսկ նրանց աղմուկը ժամանակավոր ապրում է լսելիքում, հետո միանում է սրտի աղմուկին ու հետզհետե մարում:
Սահակը վախեցած հայացքը թաքցնում է պատուհանի մեջ: Ապակու վրա ողնաշար է գծվում, հետո՝ ձեռքեր, ոտքեր ու գանգ: Ասես սեփական միսը պլոկվում է ոսկորներից: Մսազուրկ ոսկորները ճրթճրթում են ու ցավ պատճառում: Ցավը նրան տանում է մոր մոտ: Ցավից պառկում է մոր կողքին ու նայում նրա քթին: Քիթը շնչում է: Սահակը կարող է հանգիստ քնել, որովհետև մոր քիթը նորից շնչում է: Ցավն էլ այլևս չի զգում:
Մոր կմախքը սկսում է պարել ապակու վրա: Սահակը վեր է կենում ու խարխափելով մոտենում պատուհանին: Կմախքը տարրալուծվում է լուսնի մեջ: Արմունկներով հենվում է պատուհանագոգին ու գլուխն առնում ափերի մեջ: Ներսից՝ ինչ-որ փակ ու զգայուն տեղից, մուրճի հարվածներ է լսում: Հարվածները հասնում են գլխին: Մարմինը կծկվում է: Սահակը ուզում է տեղավորվել պատուհանի մեջ, փախչել դրսի ու ներսի մեջտեղը, չլինել ոչ մի տեղ, մի տեղ խցանվել:
Պատուհանից դուրս է նայում: Դրսում, ծառերի արանքում, կենգուրու է ցատկոտում: Մեկ-մեկ նա կանգ է առնում ու նայում Սահակին: Սահակը դուրս է գնում ու մոտենում կենգուրուին: Կենգուրուն չի փախչում: Սահակը նայում է նրա աչքերին: Նրա աչքերում մոր աչքերն են թաքնված: Նա ուզում է կորչել մոր աչքերի մեջ: Ավելի մոտ է գնում կենգուրուին: Կենդանին չի վախենում: Ձեռքերով փնտրում է նրա պարկը, ուզում է թաքնվել պարկի մեջ, բայց պարկը փակ է: Նրան չի հաջողվում պարկը բացել: Շոշափում է կենդանու փորը. պարկը կա, բայց, չգիտես ինչու, փակ է: Կենգուրուն անտարբեր նայում է մարդուն: Սահակը ուզում է փախչել մոր աչքերից:
Նա տուն է վազում: Պառկում է ու վերմակը քաշում մինչև քիթը: Նրան թվում է, թե կենգուրուն պատուհանից նայում է իրեն: Չի համարձակվում նայել պատուհանին:
Սահակի մատների միջով դող է անցնում, երբ կինը սկսում է խռմփացնել: Կնոջ խռմփոցը երբեք այսքան չի նյարդայնացրել նրան, ինչպես հիմա: Ներսից դողում է նրան խեղդամահ անելու ցանկությունից: Նայում է կնոջ վերուվար անող կրծքին, հետո հայացքը սահեցնում է վեր ու մեկ անգամ ևս զարմանում նրա դեմքի գոհունակ արտահայտությունից:
Կարծես Նունեն լոտոսի տերևների վրա պառկած լինի: Նա չի սուզվում ջրի մեջ: Տերևները պահում են նրա մարմինը, բայց Սահակին այնպիսի զգացողություն է համակում, որ տերևները ուր-որ է ուժասպառ կլինեն, ու կնոջ մարմինը վերջապես կխորտակվի: Ջուրը կլցվի թոքերի մեջ, ու նա կխեղդվի:
Սահակին չեն մեղադրի, քանի որ կինը իր կամքով է պառկել տերևների վրա: Միայն երբեմն խիղճը զգացնել կտա իրեն, որովհետև լճափին կանգնած, ձեռքերը գրպանները խոթած, ոչինչ չի ձեռնարկի կնոջը փրկելու համար, անտարբեր ձկան պես կհետևի, թե ինչպես է կինը սուզվում ջրի մեջ: Կպատկերացնի, թե ինչպես են նրա թոքերն ու երակները լցվում ջրով: Նույնիսկ կժպտա՝ պատկերացնելով, թե ինչպես է կինը թփրտում ջրի տակ՝ փորձելով շնչել, փորձելով սահել վեր՝ դեպի տերևները, որոնք անզոր ձեռքերի պես կմրսեն ջրի երեսին: Նա չի կարողանա փրկվել, ինչ-որ բան կփաթաթվի նրա ոտքերին ու կքաշի ներքև, ինչքան կարելի է ներքև, խորը: Կինը մեջքով կզգա թաց հողը, ցեխը, տիղմը, կզգա, որ հպվում է մահին, որ մահը տարածվում է նրա մարմնով մեկ: Նա աչքերը չի փակի, որ տեսնի երկինքը: Կտեսնի ու կզարմանա, որ երկինքը խեղդվում է ջրի մեջ: Հանկարծ իրեն փոքրիկ աղջիկ կզգա ու կփորձի ժպտալ, բայց ջրի ծանրությունը թույլ չի տա նրան ժպտալ, ու նա վերջապես կմեռնի: Հետո բազմաթիվ վտառներ անտարբեր կանցնեն նրա դիակի վրայով, կնայեն նրա բաց աչքերին ու կզարմանան, նույնիսկ կսարսափեն իրենց միջև եղած նմանությունից ու կխուսափեն նրանից, ու մեկը չի լինի, որ փակի հանգուցյալի աչքերը:
Սահակը նկատում է, որ Նունեն այլևս չի խռմփում: Այն մտքից, որ նա կարող է մեռած լինել, մարմնով սարսուռ է անցնում: Ականջ է դնում կնոջ շնչառությանը: Նունեն շնչում է: Սահակը գլուխը դնում է բարձին ու փակում աչքերը:
Նոր տարի ա արդեն, սրա մերը, մտածում է նա, ոնց որ հինը շարունակվի, ոնց որ նորը չի սկսվում, ոնց որ իրար վրա կուտակվում են, կուտակվում են, ես էլ հա բարձրանում եմ, հազիվհազ բարձրանում եմ, մեկ էլ նորն ա ավելանում, ավելի ճիշտ հինն ա շարունակվում, սրա մերը…
-Սահակ, քնած ե՞ս…- հարցնում է Նունեն:
-Քնում եմ…
-Սահակ, բոլորին կանչել ենք, չէ՞, հո ոչ մեկին չե՞նք մոռացել:
-Հանգիստ քնի, բոլորին կանչել ենք:
-Ախր շատ եմ մտածում… առաջին անգամ ենք հյուր ընդունում… ոնց որ ամեն ինչ լավ ա… տեղը տեղին… մեկ ա անհանգստանում եմ… շորս տեսա՞ր… բայց ինչ անտարբեր ես… էգուց զուգվելու եմ… էգուց կինդ ամենասիրունը կլինի… հավատա՝ կշշմես… կշշմես, որովհետև շշմելու սիրուն կլինեմ… ճաշերն էլ մեկը մյուսից համով… դու կհպարտանաս ինձնով… վստահ եմ… առաջին անգամ կհպարտանաս ինձնով… հիմա քնեմ… եթե խռմփում եմ՝ ձեռքով թեթև հրի… տես՝ չզարթնեմ… առանց էն էլ՝ հազիվ եմ քնում…
Նունեն լռում է: Սահակը շրջվում է պատուհանի կողմը: Փակում է աչքերը, քանի որ կարծում է՝ կենգուրուն, շունչը պահած, պատուհանից հետևում է իրեն:
Երբ աչքերը բացում է՝ հայտնվում է գերեզմանոցում, բահը՝ ձեռքին: Մութ է: Քայլում է շիրմաքարերի միջև ընկած նեղ արահետով: Գնալով քայլերը ծանրանում են: Կարծես ոտնաթաթերը շրջվել են հակառակ կողմ, իսկ ինքը համառորեն առաջ է քայլում:
-Սահակ, ճաշդ սառեց, – ասաց մայրը:
Տղան գլխահակ նստած էր սեղանի մոտ: Մոր ձայնը ցուրտ քամու պես լցվեց ունկերի մեջ:
-Մամ, եթե ես հիմա հանկարծ մեռնեմ, դու կտխրես, չէ՞:
-Վերջ տուր հիմարություններին… ճաշդ կեր…
-Կտխրես ու կփոշմանես, որ բարկացար վրաս: Կասես՝ երանի կենդանի մնար ու թող ինչքան ուզեր՝ գողանար:
-Հիմար, – մայրը մոտեցավ տղային ու նրա գլուխը սեղմեց իր կրծքին: Մոր արցունքները ամառվա անձրևի պես կաթկթում էին Սահակի ճակատին:
-Նման բան չանես մյուս անգամ, լա՞վ: Երբ մի բան ես ուզում, ինձ ասա՝ ես կառնեմ: Բա չբարկանա՞մ, երբ պայուսակիցս թաքուն փող ես հանում:
-Ոչ թե հանում, այլ՝ գողանում: Ես գող եմ, մամ:
-Վերջ տուր… վերջ տուր…- մայրը զգույշ ապտակում էր Սահակին, հետն էլ՝ համբուրում նրա ճակատը:
Սահակը սթափվում է: Քայլելն այլևս անհնար է: Նստում է մի շիրմաքարի առաջ ու բահը խրում հողի մեջ:
Շիրմաքարին գրված է. մենք սիրում էինք մեր մորը, սակայն Աստված ավելի լավ գիտի: Գրությունը կլանում է Սահակին: Ինչ-որ մխիթարող, միաժամանակ ինչ-որ հուսահատ, ինչ-որ կիսատ բան կա նրա մեջ:
Սահակը շարունակում է քայլել: Թվում է, թե հետ-հետ է գնում և ոչ թե առաջ: Ցուրտ քամին լցվում է ունկերի մեջ: Մոր ձայնը խուլ արձագանքում է ներսում: Արյունը ասես գալիս կուտակվում է քունքերում: Մեղքի զգացումից թվում է՝ ձեռքերը կեղտոտ են: Իսկ ոտքերը կարծես կորցրել է ճանապարհին ու հիմա սահում է սփրթնած ուրվականի պես: Հիմա էլ ձեռքերն են պոկվում, ու դրանց փոխարեն ցցվում են բահերը:
Երբ հասնում է մոր գերեզմանին, բահը գցում է գետնին ու ընկնում ծնկների վրա: Ճակատը հպում է հողին: Հողը մոր հոտն ունի: Չգիտես ինչու, ակամայից հիշում է կենգուրուի աչքերը:
Հետո վեր է կենում ու սկսում հապշտապ փորել հողը: Նույնիսկ չի սրբում ճակատի քրտինքը, որ ժամանակ չկորցնի: Հնարավորինս չափ արագ է փորում, որ մի պահ անգամ չմնա մտածելու համար: Ցուրտ քամին լցվում է ունկերի մեջ: Մոր ձայնը թափանցում է ներս՝ ինչ-որ տաք ու զգայուն տեղ: Փորում է, բայց փոխանակ մոտենա մորը, նրան թվում է, թե ավելի է հեռանում նրանից:
Իսկ ի՞նչ էր նրա հագին, երբ թաղում էին. կապույտ զգե՞ստն էր, թե՞ կարմիրը, իսկ գուցե դեղի՞նը: Ի՞նչ նշանակություն՝ դեղինը, վարդագույնը, թե սևը: Չէ՜, չեղա՜վ: Մտքերը նորից կրծում են ուղեղը: Սահակը կանգ է առնում ու հենվում հողի մեջ խրած բահին: Մոր վզնոցը հիշում է, իսկ հագի շորը՝ չէ:
Այդ պահին քիչ հեռու տեսնում է մորը: Մորն այդքան երիտասարդ չի հիշում: Մոր հագին հարսանեկան շոր է՝ սպիտակ ու թեթև: Նրա հետ հայրն է: Նրանք բռնվել են միմյանց ձեռքերից ու տեղում պտտվում են: Մայրը ծիծաղում է՝ բարձր ու անկեղծ: Մորն այդքան երջանիկ չի հիշում: Ուրեմն մայրը երջանիկ է եղել նաև իր ծնունդից առաջ: Ինքը դեռ չկա, իսկ նա այսքան երջանիկ է: Ի՞նչ կլինի՝ չծնվի, երբեք չծնվի, որ այս պահը մնա, որ մոր երջանկությունը մնա հենց այսպիսին:
Հետո նրանք պառկում են գետնին: Հայրը համբուրում է մոր ուսերը: Մայրը մատները խրում է հոր մազերի մեջ ու հայացքը հառում աստղերին:
Երբ մոր տնքոցները հասան ականջին, Սահակը վեր կացավ ու մատների ծայրերի վրա մոտեցավ ննջասենյակին, կիսաբաց դռնից նայեց ներս ու տեսավ հոր մեջքը, հետույքն ու մոր ձեռքերը, որոնք սահում էին հոր մեջքի վրայով: Հիշում է, որ հաջորդ օրը խուսափում էր մոր հայացքներից ու ձեռքերից: Հիշում է, թե ինչ տհաճ պահեր ապրեց, երբ մազերը սանրելուց հետո մայրը գրկեց ու համբուրեց նրան: Այդ պահին ցանկացավ փախչել մորից, այլևս չտեսնել նրան, որովհետև ինչ-որ օտար բան էր սողոսկել նրա մեջ, լցվել նրա ժպիտի, հայացքի, աչքերի ու ձայնի մեջ:
Երբ մոր տեսիլքը ցրվում է, Սահակը շարունակում է փորել: Բահի խրումը հողի մեջ զգում է մաշկի տակ: Մորը չի գտնում: Մայրը չկա՝ հողը կուլ է տվել նրան ու կորցրել: Վզնոցը այլևս չի հետաքրքրում նրան, պարզապես ուզում է գտնել մորը: Մի՞թե մայրն այնքան է փոքրացել, որ չի գտնում նրան: Կգտնի ու այլևս չի կորցնի նրան: Փոքրացած մորը ծոցագրպանում կպահի: Սահակը նայում է վերև. գլխավերևում հողի երկու թումբ է գոյացել, իսկ մորը դեռ չի գտել, հողը չի պահել նրան: Ու հիմա քամին ցրում է այն, ինչ հողը պահել է՝ հիշողությունը նրա մասին:
Սահակը նույն արագությամբ հողը լցնում է փոսի մեջ: Մոր մասին հիշողությունից ոչ մի մասնիկ չի կորչելու: Բահով որքան կարելի է շատ հող է վերցնում ու լցնում փոսի մեջ: Փոսը բերնեբերան լցվում է:
Սահակը շպրտում է բահն ու կծկվում հողի վրա: Թվում է, թե այս գիշեր մորը երկրորդ անգամ կորցրեց: Ափերով խցանում է ականջները, փակում աչքերն ու տեղում ճոճվում: Զգում է, թե ինչպես է ծոցագրպանում բաբախում մայրը:
-Հը՛… ո՞նց ա…- հարցնում է Նունեն՝ հենց Սահակը բացում է աչքերը:
Նունեն կապույտ շորը հագին կանգնել է նրա դիմաց ու ժպտում է: Սահակը նստում է անկողնում ու նույնպես ժպտում:
-Սիրուն ես…
-Ու վե՞րջ: Բայց ինչ անհամ մարդ ես:
Սահակը նայում է կնոջն ու փնտրում մորը:
-Միշտ էսպիսին մնա, լա՞վ…
Սահակը համբուրում է կնոջ ձեռքերը: Նունեն նրա գլուխը սեղմում է իր կրծքին: Լռում են: Սահակը ականջ է դնում կնոջ շնչառությանը:
-Երբ վզնոցը հանձնում էին ինձ, ես հարցրեցի մորս շորի գույնը: Պատկերացնո՞ւմ ես՝ մոռացել էի:
-Ի՞նչ կուտես, – հարցնում է Նունեն:
-Ինչ էլ տաս, – պատասխանում է Սահակը:

* * *
Մոր կմախքը պարում է ապակու վրա: Սահակը մոտենում է պատուհանին: Ուզում է բռնել մոր կմախքը, բայց այն մայր է մտնում լուսնի մեջ:
Սահակը պատուհանից նայում է դուրս: Դրսում, ծառերի արանքում, ցատկոտում է կենգուրուն: Սահակը դուրս է գնում ու մոտենում նրան: Մոր ջերմությունը ծվարել է կենգուրուի աչքերում: Սահակը շոշափում է նրա փորը՝ պարկը գտնելու հույսով:
Կենգուրուն թաթերը տանում է դեպի փորն ու պատռում պարկը: Աչքերի մեջ ցավ է հայտնվում: Արյունը հոսում է վերջույթների վրայով: Ցավից տնքում է:
Սահակը տեղավորվում է պարկի մեջ: Վերջապես հաջողվում է փախչել, փախչել փակ ու տաք տեղ, գտնել մորը, վերադառնալ նրան:
-Սահակ, քնած ե՞ս, – հարցնում է Նունեն:
-Քնում եմ:
-Ի՞նչ գույն էր մամայիդ շորը:
-Կապույտ:
Կինը լռում է: Լռությունը ծանր կաթիլներով լցվում է ունկերի մեջ:
-Լավ անցավ էսօր, չէ՞… բոլորը գոհ էին…- Նունեն մի պահ նորից լռում է, հետո լացակումած ավելացնում, – բայց ներսից մի բան տանջում ա ինձ…
Նունեն լալիս է: Անկողինը լցվում է ջրով: Սահակը շրջվում է ու գրկում կնոջը: Նրանք սուզվում են ջրի մեջ: Սահակը կնոջը ամուր սեղմում է իր կրծքին: Ինչ-որ բան փաթաթվում է նրանց ոտքերին ու քաշում ներքև: Նրանք սուզվում են՝ ճեղքելով ջրաբույսերն ու վտառները: Նրանք ոչ վերև են նայում ու ոչ էլ ներքև՝ նրանք մտել են մեկը մյուսի մաշկի տակ: Նրանք խորտակվում են նավարկությունից հետո՝ անառագաստ ու որբ, ճեղքելով հավերժությունը:
Նոր տարի ա արդեն, սրա մերը, մտածում է Սահակը, իսկ մենք խորտակվում ենք, ջուրը լցվում ա մեր թոքերի մեջ, երակների մեջ, խեղդվում ենք, շուտով կհասնենք հատակին, կպառկենք տիղմի վրա, կպատկերացնենք, թե ոնց են լողում ջրի երեսին լոտոսի ծաղիկները, որոնք երբեք չեմ տեսել, բայց թվում են սիրուն ու անմահ, կմեռնենք՝ միմյանց մաշկի տակ, միասին, սա մահ չի, ոչ էլ սկիզբ ա, նոր տարի ա, ավելի ճիշտ հնի շարունակությունն ա, բայց, մեկ ա, էսքան լավ երբեք չեմ եղել, սրա մերը…

2013թ.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *