Ամեն առավոտ, երբ ես կրկին արթնանում եմ երկնքի ծածկոցի տակ, զգում եմ որ ինձ համար դա Ամանոր է։
Ահա թե ինչու եմ ես ատում այս ամանորները, որ նմանվում են հաստատուն մարման ժամկետների, որոնք կյանքն ու մարդկային ոգին վերածում են առևտրական-սպառողական վարմունքի՝ իր վերջնական հաշվեկշռով, առանձնացող քանակություններով և նոր կառավարման համար իր հաշվեցույցով։ Դրանցով մեզնից վերցվում է կյանքի և ոգու շարունակականությունը։ Դու դադարում ես լրջորեն խորհել որ այս և մյուս տարվա միջև գոյություն ունի ընդմիջում, որ սկսվում է մի նոր պատմություն. դու կայացնում ես նոր որոշումներ, և կամ ափսոսում չկայացված որոշումների համար, և այլն, և այլն, և այլն։ Ընդհանուր առմամբ, սա հենց այն սխալ վերաբերմուքն է, որ ունենք տարեթվերի հանդեպ:
Կարծիք կա, որ ժամանակագրությունը պատմության ողնաշարն է։ Շատ լավ։ Բայց մենք նաև պետք է ընդունենք, որ գոյություն ունեն պատմության հետ չար կատակ խաղացած չորս կամ հինգ առանցքային թվականներ, որ յուրաքանչյուր պարկեշտ անձ պահում է իր ուղեղում։ Դրանք նույնպես ամանորներ են։ Հռոմեական պատմության ամանոր, միջնադարյան, և կամ էլ արդի դարաշրջանի ամանոր։
Եվ այդ թվականները այնքան ներխուժող և կարծրացած են, որ հաճախ ակամայից մտածում ենք, որ կյանքն Իտալիայում սկսվել է 752 թ.—ին, և որ 1490 կամ 1492 թթ. նման են լեռների, որ մարդկությունը շրջանցել էր՝ հանկարծակի իրեն հայտաբերելով մի նոր աշխարհում՝ մուտք գործելով մի նոր կյանք։ Այսպիսով, թվականները դառնում են խոչընդոտ, պատնեշ, արգելում տեսնել, որ պատմությունն շարունակում է զարգանալ՝ առանց կտրուկ կանգառների, նույն հիմնակազմիկ անփոփոխ գծով, նման այն պահին, երբ կինոթատրոնում ընդհատվում է ֆիլմը և մի պահ աչք շլացնող լույս է բռնկվում:
Ահա թե ինչու եմ ես ատում ամանորը։ Ես ցանականում եմ, որ ամեն օրը ինձ համար ամանոր դառնա։ Ամեն օր ես ցանկանում եմ ապավինել ինքս ինձ, և ամեն օր ինքնանորանալ՝ բաց չթողնելով և ոչ մի օր։ Ցանկանում եմ ինքս տնօրինել իմ դադարները, երբ արբեցած կլինեմ կյանքի եռանդությամբ և ցանկանում եմ հանկարծահաս եռանդով լծվել կենդանության գործին՝ վերջինից ստանալով մի նոր առույգություն։
Ոչ մի հոգևոր շահադիտություն։ Ես կցանականայի որ իմ կյանքի յուրաքանչյուր ժամը, անցյալի հետ կապված լինելով հանդերձ, լիներ նոր: Կցանկանայի չկիսել տոնակատարումի և ոչ մի օր՝ իր պարտադիր հավաքական ռիթմով այն օտարների հետ, որոնք ինձ չեն էլ հետաքրքրում։ Եվ միայն այն պատճառով, որ մեր պապերի պապերը և այլք նշել են այն, մենք նույնպես պետք է այրվենք այդ ցանկությամբ: Այս ամենը սրտխառնոց է առաջացնում:
Ես սպասում եմ սոցիալիզմին* նաև այս պատճառով: Քանզի այն կջնջի բոլոր այս տարեթվերը, որոնք այլևս ոչ մի հնչեղություն չեն առաջացնում մեր ոգիներում և եթե նույնիսկ ստեղծվեն նորերը, նրանք գոնե կլինեն մեր սեփականը, և ոչ այնպիսիք, որոնք ստիպված ենք աներկբայորեն ընդունել մեր անողջախոհ նախնիններից:
Թարգմանությունը անգլերենից՝ Նարեկ Մկրտչյանի
Այս նյութը տպագրվել է Թուրինի Avanti – ում, 1916 հունվարի 1ին՝ “Capodanno” վերտառությամբ։
* Անտոնիո Գրամշի պատկերացրած սոցիլաիզմը և մեր խորհդրային հասարակարգի ներկայացուցիչների պատկերացարած մարքս-լենինյան սոցիալիզմը խիստ տարբեր իրողություններ են: