Կարեն Վարդանյան | Անտուն ծառերի լուսաբացը

***
Քամիներ կան,
Որ լռությունից են սկիզբ առնում,
Անցնում աննկատ`
Ճակատագրով կանխորոշված վայրերով:
Դու ջանում ես փոխել ուղին,
Բայց միևնույն է `
Գետը մնում է իր կարծիքին:
Սահում են երազանքներդ
Ամպերի նման`
Լուռ, դանդաղ, համաչափ,
Որ տեղ չհասնեն…
Օրերը հորանջում են ամսվա ստվերում,
Եվ զգացմունքներդ քայլում են ոտաբոբիկ
Ծակծկող ավազի վրայով:
Դու ըմպում ես սուրճդ մինչև վերջ
Եվ սևաբույր նստվածքի կլոր երեսին
Տեսնում արձագանքը
Սեփական դեմքիդ`
Ասես հրաժեշտի մաքուր նշան..

 

***
Անձրևի կաթիլներն իջնում են
Դողացող տխրությամբ:
Լցրու նրանց միջև ընկած տարածությունը
Միայն բարությամբ…

Երեկոյան բլուրների ստվերները
Փոխում են դաշտերի գույնը,
Եվ ամպերը դառնում են ավելորդ…

Քամին տեսողություն չունի,
Նա շարժում է այն,
Ինչ անհնար է շարժել`
Անգամ կայունությունը
Նստակյաց լեռների…

Տարածությունը դատարկ վայր է փնտրում
Նվաճելու համար:
Այնտեղ ժամանակը լցվում է
Նոր տեղանքի պատկերով:

Հետո օրը բարակում է,
Անցնում աննկատ ասեղի միջով,
Գիշերը հպվում է լույսին նրբորեն
Եվ ականջին շշնջում` սկսի´ր…

 

***

Չկա որևէ լուրջ դատողություն,
Որ ճամփորդած չլինի
Լռության ճերմակ ուղիներով:

Գիշերները ծնվում են լույսի արատով,
Հատկապես երբ ցերեկները մոռանում-կորցնում են
Խղճի գաղտնաբառը:
(Ժամանակն է ստեղծել նոր խոշորացույց…):

Ծառերը կանաչում են, որ դիմադրեն
Դեղին-խոնավ ստվերներին,
Որ զավակներն են աշնան:

Ես դիրքավորվում եմ
Գիշերվա լռության խորքում,
Որ դիմավորեմ
Անտուն ծառերի լուսաբացը…

 

***
Քառակուսի հողագնդում
Հիմա մի բան է
Միայն սփոփում`
Հուշերի կորագիծը
Չվող թռչունների…

 

***
Քո ստվերը
Ուղի է գծում ինձ համար,
Դառնում հագեցում
Վերջացող օրվա արվարձանում:
Վերապրումը թանձր է ու խիտ,
Որ չի ճանաչում ժամանակ,
Եվ դառնում է վարձու բնակարան
Վտարանդի հուշերի համար:
Շարժվում է այն, ինչ միշտ
Անշարժ է քեզ թվացել:
Մոտեցիր չվող թռչուններին
Եվ պահանջիր նրանցից
Քեզ հասանելիք տարածությունը:
Բաժանիր երկինքը երկրին
Եվ շնչիր մնացորդը,
Եթե գտնես…

 

***
Մահը ապրիլին է ծնվել…

 

***

Պատկերն առաջ է ընկնում մտքից,
Պահում լույսը գլխավերևում,
Բացում նոր ուղի…
Ապագան հապաղում է մի պահ
Եվ դառնում ներկա:
Հնի կողքին ծնվում է նորը`
Որպես ընծա անհագ ժամանակին:
Չի եղել ձմեռ, որ չպարտվի գարնան կանաչին:
Ներքին կապերի նուրբ անցումին
Լինենք ուշադիր…
Առաջխաղացումը երբեմն սկսվում է նահանջով:
Ես տեսա դեմքը երեկվա քամու,
Որ փչում էր ճակատագրի պահանջով:

 

***
Հետապնդումն ավարտված է:
Հիմա մենք մենակ ենք արթնանում…
Ամեն ոք գտել է ծերանալու իր ուղին`
Նստած լռակյաց մենության ճյուղին…
Երբ չունես այլևս ոչինչ,
Քեզ մնում է միայն թաքնվել աչքից`
Հեռվում, ինչ-որ տեղ`
Ստվերների տակ անփայլ…
Այնտեղ կարելի է հանգիստ շունչ քաշել`
Այլևս կարիք չի լինի խոսելու անծանոթի հետ
(հատկապես երբ ինքդ ես միակ անծանոթը…) :
Կետադրության և կյանքի նշաններից
Կմնա միայն վերջակետը:
Աշունը կշտապի տերևաթափը նշելու…
Օրերից մի օր
Այլևս ոչ մի օր
Մերը չի լինելու…

 

***
Երբ օդը չի հասունանում այնքան,
Որ կանաչի ինչպես խոտը,
Տարին նորից մնում է կիսատ,
Դառնում վկան ամիսների,
Հուշը` հենարանը դատարկ օրերի…
Ես դեռ որոնում եմ նոր ձևեր,
Փորձում անհայտը թափվող ստվերների…
Ես հրաժարվում եմ ապրել-մեռնելու
Հայտնի ուղիներից
Եվ հայացքս պատվաստում եմ
Նոր արահետներին:
Գաղտնիքը միշտ կանչող է,
Պետք է պատրաստ լինել հեռուներին…

 

***
Աստիճանների համար
Միևնույն է`
Բարձրանում ես,
Թե իջնում.
Երկու դեպքում էլ
Նույն ծանրությունն է:

 

***
Հայացքը լավագույն որսացանցն է:
Լավագույն շարժումը`
Հայացք դեպի ներս`
Դեպի խիղճը:

 

***
Երբ ես սկսելու:
Չգիտեմ, դեռ ավարտում եմ:
Երբ ես քնելու:
Չգիտեմ, դեռ արթնանում եմ:
Երբ ես գալու:
Չգիտեմ, դեռ գնում եմ:
Երբ ես ապրելու:
Չգիտեմ, դեռ մեռնում եմ…

 

***
Իմ և քո պատուհանը
Իրարից բաժանում է
Երկփեղկված հոգով
Իրական մի ծառ,
Որն ինքն էլ չգիտի`
Ծառ է, թե` կամուրջ…

***
Այն, ինչ տեսանելի է,
Անհնար է նկատել.
Որտե՞ղ թաքցնեմ սիրտս,
Որ տեսնես վերջապես…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *