Անուշ Սարգսյան | Մեդիումը

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

Մութ սենյակում, որտեղ պինդ-պինդ քաշել ենք վարագույրները, սեղանի չորս կողմում նստել ենք չորս հոգով։ Ես, քույրս, քրոջս դասընկերուհին ու մորքուրիս աղջիկը։ Սեղանի մի անկյունում վառվող մոմ է, կենտրոնում՝ գծագրական սպիտակ վատման, վրան՝ սուրճի շուռ տված մի ափսե, որի մի կողմում մոմի կրակի մրով սլաք ենք ստացել։ Թերթի վրա ամբողջ մակերեսի չափով շրջանագիծ ենք գծել, իսկ շրջանագծի վրա ժամացույցի թվերի պես սլաքներ դրել՝ յուրաքանչյուրի վրա այբուբենի մի տառով։ Դասերի տեղն իմանալու համար պատահաբար հայտնված Զոյային շեմքից համարյա ուժով ենք բերել սեղանի մոտ ու ստացել սեանսի համար պահանջվող բոլոր իդեալական պայմանները։ Միակ թերությունը մեր դողոցն է, որը սակայն, ինչպես վստահեցնում է մորքուրիս աղջիկը, արդյունքների վրա չի կարող ազդել։
-Վախենում եմ,-շշուկով ասում է Զոյան ու մազափունջը ճակատից զգուշորեն հետ է տանում։
Էնպես չի, թե մենք չենք վախենում։ Նստած ենք լոտոյի տակառների պես անշարժ ու շունչներս պահած։ Ու միայն մորքուրիս աղջիկն է, որ հանգիստ է։ Էս ցեցն օրեր առաջ ինքն է բերել ու գցել մեր անմեղ ջանը, թե բա՝ վայելեք։ Սրտներիդ ուզածի չափ հարցեր տվեք ու պարզեք ձեր ուզածը։ Չէ մի։ Օյիններ։ «Ձեր գործն է, տենց դմբո էլ մնացեք»,-ասել է՝ ձևացնելով, թե կգնա։ Բայց մենք քաշել ենք փեշից ու աղաչել-պաղատել, թե բա՝ համաձայն ենք։ Եվ այսպես, ռաունդն սկսված է։ Գայուշը կոկորդը մի լավ մաքրում է, աչքով լռելու նշան տալիս ու մեր դողահար մատիկների հպումը շրջանագծի կենտրոնում դրված ափսեի վրա ստուգելուց հետո ի խորոց սրտի մրմնջում է. «Ես մեդիումն եմ, ես մեդիումն եմ, կանչում եմ աշխարհի բոլոր բարի ոգիներին։ Ոգի, դու այստե՞ղ ես…»։ Մորքուրիս աղջկա պստլիկ ու քնքուշ մատները կախվել են ափսեից, ու միայն ցուցամատն է ամուր նստել շրջանակին։ Պարզից պարզ է, որ ոգին գալու և թնդալու է հենց նրա ափի տակ։ Մենք նայում ենք նրան ու նախանձով լցվում։ Ի՜նչ ինքնավստահություն, ինչպիսի՜ իմացություններ և որպիսի՜ կամք։ Ես նայում էմ նրա երկարավուն կզակին, որը համառության նշան է, ու սիրտս ավելի դանդաղ է բաբախում։ Զոյան, որը կարճատեսի ակնոցով է, կարողանում է թաքցնել նպատակները։ Իսկ քույրս ամենանհամբերն է, նա վաղուց հարցեր ուներ պատրաստած։ Գայուշը էս ամենին հետևում է առանց ձևականությունների, մեր ներկայությունը պարտավորեցնում է, ու նա խորհրդավոր լռությունից հետո նորից թեքվի դեպի ափսեն ու կանչի. «Ես մեդիումն եմ, ես մեդիումն եմ, կանչում եմ աշխարհի բոլոր բարի ոգիներին։ Ոգի, դու այստե՞ղ ես»։ Ափսեն անշարժ էր։ Գայուշը մատը հետ է տանում ու ընդհատում սեանսը.
– Զգում ա, որ մեզնից մեկը չի հավատում… Մենք նայում ենք իրար, ու բոլորիս հայացքը միաժամանակ ընկնում է Զոյայի վրա։
-Ախր ո՞նց կգա։ Զոյան ակնոցն ուղղում է այն մատով, որն ափսեին է եղել:
– Ոգիներն անթիվ են, իսկ դու փոխանակ մեկին կանչես, կանչում ես բոլորին։ Գայուշը հոնքը ծռում է։ Զոյայի նկատառումն, ախր, այնքա՜ն պարզ է։ Չկորցնելով իրեն՝ նա շշնջում է.
-Ճիշտ ես ասում։ Նա նորից մատները ափսեին դնելու նշան է տալիս, մաքրում կոկորդն ու կանչում.
-Ես մեդիումն եմ, ես մեդիումն եմ, կանչում եմ հորական պապիս ոգուն։ Ոգի՛, դու այստե՞ղ ես… Մի քանի վայրկյան է անցել, հանկարծ ափսեն, մրի սլաքն ուղղորդելով, շարժվում է դեպի «Ա»-ն, հետո «Յ»-ն, ապա «Ո»-ն։
– Պապ ջան, դո՞ւ ես, ո՞նց ես։
– Լավ եմ,-դանդաղ սահելով ասաց պապը։ Ես, քույրս ու Զոյան սառում ենք։ Գայուշը ոգեշնչված է.
– Պապ, կպատասխանե՞ս մեր հարցերին։ -Հա՜,-ասում է պապը։
Ի՞նչ էր ասելու Գայուշի ծերուկ պապը, որը շատ տարիներ առաջ հեռացել էր էս աշխարհից։ Էդ կիսագրագետ պապին, որ հազիվ գիտեր տառերը ու դեռ կենդանության օրոք երևի որևէ գիրք չէր կարդացել, մտածում էի ու ամաչում մտքերիցս։ Զոյան անսպասելի առաջ է գալիս ու հարցնում
-Կասե՞ք՝ մաթեմի այսօրվա ստուգողականից ինչ եմ ստանալու։ ֊
– Հի՜նգ,-սահում է պապը։
-Իսկ պատմի՞ց։
– Հի՜նգ։
-Պապի, կասե՞ք… իսկ իմ պապային հանդիպե՞լ եք…
Քրոջս հարցը կրակոց է քունքիս։ Ես առաջ եմ ընկնում, ու իմ թրմփոցից Գայուշի սփրթնած ձեռքը պոկվում է ափսեից։ Նա աշխուժանում է։ Ձեռքը հետ տանելը նշանակում է, որ սեանսն ավարտվեց։ Սենյակը, որտեղ բոլոր ոգիներից ձայնի իրավունք էր ստացել Գայուշի երջանիկ պապին, լցվում է դատարկությամբ ու ափսոսանքով։ Գայուշի հպարտ հայացքի ներքո, սենյակի լռության մեջ բզզացող ճանճի հետ, քույրս՝ հուզված, ու բոլորս՝ չհագեցած, ճանապարհում ենք պապին։ Չգիտենք՝ ինչ անել։ Եվ զարմանալի է, որ հենց ամենաթերահավատ Զոյան որոշում է, որ հաջորդ օրը պապին նորից կանչենք։ Գիշերվա ժամերն անցնում են, իսկ հաջորդ օրվա պայմանավորված ժամն գալիս է առանց շտապելու ու մեր անհավանական սպասումներն իրար խառնելով։ Մի կողմից անհեթեթ ու հիմար ենք թվում, մյուս կողմից՝ անդիմադրելի է է՜ն աշխարհի մարդկանց հետ հանդիպումը։
Հորս… քույրս լիքը հարցեր ունի, ու գիտենք, որ նրանից բացի՝ ոչ ոք էդ հարցերին չի կարող պատասխանել։ Ես… արդեն չգիտեմ՝ ինչ կուզենայի պարզել։ Էս աշխարհի հարցերն էլ այնքան շատ են, որ էն աշխարհից պահանջելու ոչինչ չունեմ։ Քանի որ էն, ինչ ուզում եմ՝ կախված է է՜ս աշխարհից, ինձնից ու մամայից։ Ու որոշում եմ, որ ուղղակի կնստեմ ու մատս կդնեմ ափսեին։ Չեմ հասկանում նաև, թե է՜ն տեղից եկողները ինչո՞վ կարող են օգտակար լինել, և սոսկումով եմ մտածում, թե հատկապես ո՞ր դռնով, մեր տան ո՞ր անցքով պիտի հետ գնան ու մոռանան ճամփան եկվորները: Չէ՞ որ մենակ հայրս չի գալու, այլ նաև Գայուշի դողդոջ հորական պապը, Զոյայի եսիմ որ կողմի որերորդ տատն, ու էլի ո՞վ իմանա՝ որի՞ս խելքին փչած ո՞ր ազգականը։
Էդ բոլորի ընկերակցությամբ հետագայում ապրելու աննշան պատկերացումն անգամ հանդիպումը կանխելու և որևէ պատրվակով չեղարկելու ցանկություն է առաջացնում։ Սակայն իրար հետևից դռան զանգը տալիս են Գայուշը, Զոյան, ապա նկարչական դպրոցից շտապով իրեն տուն գցած քույրս։
-Ի՜նչ էլ զուգվել ես,-Գայուշին հայացքով չափում է քույրս, ու մենք հոգեկանչության մեր ողջ ջանքերի ընթացքում առաջին անգամ ծիծաղում ենք:
-Բա պապս չտեսնի՞, թե ինչ մալար թոռ ունի,-ծղրտում է Գայուշը, ու մենք քիչ է մնում ուշաթափվենք, քանի որ Գայուշը հուզմունքից թլոշացել ու մարալի, այսինքն՝ եղնիկի պես չքնաղ ասելու փոխարեն մալար էր ասել։
Զոյան ոչ ծիծաղին է արձագանքում, ոչ կատակներին։ Նա թևի տակի գիրքը դնում է կողքը ու լուրջ դեմքով հասկացնում, որ վատմանը փռենք։ Մենք նրա լրջությունից սթափվում ենք ու հիպնոսվածի պես նստում սեղանի շուրջ։ Զոյայի դեմքը ապշանք է արտահայտում։ Քույրս, որ սովոր էր ընկերուհու դիմախաղին, անհանգիստ պտույտներ է անում տեղում։ Մի պահ նա վեր է կենում ու գնում խոհանոց, ապա կանչում Գայուշին։ Թե ինչ են խոսում այնտեղ՝ այդպես էլ չեմ իմանում, բայց մի բան հուշում է, որ Գայուշի պապին ընդմիշտ կորցրել ենք… Գայուշը սեանսն սկսելու նշան է տալիս, ու մենք նորից մեր մատիկները դնում ենք սուրճի ափսեի վրա։ Լռություն տիրում: Գայուշը ողջ էությամբ խորասուզվել ու հորդալից ձայնով կանչում է. «Ես մեդիումն եմ, ես մեդիումն եմ, կանչում եմ հորական պապիս հոգուն։ Պա՞պ, էստե՞ղ ես»։ Ափսեն անշարժ էր։ Բացարձակ անշարժ։ Մի քանի անգամ կրկնած բառերից հետո անգամ։ Չնայած Գայուշի գործի դրած ողջ տաղանդին ու մեր համառությանը։
-Պապս էսօր արձակուրդի մեջ ա,-քմծիծաղում է Գայուշը ու հայտարարում, որ սեանս էլ չի լինի։ Ես ու քույրս թեթևացած շունչ ենք քաշում։ Այնինչ Զոյան մատը չի վերցնում ափսեից՝ պահանջելով, որ մենք էլ միանանք։
-Պապդ ինչ ասեց երեկ, լրիվ ճիշտ դուրս եկավ, հասկանո՞ւմ ես,-շշնջում է նա խեղճացած։- Ես գիտեի, որ մաթեմից հինգ չեմ ստանա, բայց Դանիելյանն ասաց, որ չնայած մեկ սխալ ունեմ, ինձ հինգ ա նշանակել։ Դու հասկանո՞ւմ ես…
Գայուշը չէր հասկանում։ Ոչ մի կերպ։ Որովհետև երեկ ինքն էր ափսեն այսուայնկողմ տանում։ Զոյան չէր հավատում։ Ոչ մի կերպ։ Որովհետև երեկ ինքը շատ ուշադիր էր հսկում Գայուշին։ Բա պատմը՞։ Կարո՞ղ է դա էլ է զուգադիպություն։ Պատմն ընդհանրապես դուրս էր քննարկումից, որովհետև իր քառորդը կիսամյակում չորս է եղել, իսկ երեկ, խնդրեմ, նորից՝ հի՜նգ։ Դա՞ ոնց կբացատրենք։
Քույրս աչքերը լայն բացած չգիտեր՝ որ կողմին հանգստացներ։ Կամ ո՞նց հանգստացներ իրեն։ Ո՞նց ինքը իրավունք ուներ էստեսակ «զանգվածի» ներկայությամբ հորս իր պատրաստած հարցերը տալու։ Էն, ինչ ինքը հարցնելու էր հորս, հարցեր էլ չէին, այլ հարցադրումնե՜ր… Հասկանո՞ւմ եք։ Հասկանո՞ւմ եք, թե ձեր ապուշ հարցերի կողքին ինքը ի՜նչ էր հարցնելու հորս։ Հարցնելու էր, թե պապան սիրե՞լ է մամային։ Թե՝ պապան ո՞նց է հիմա։ Դրախտո՞ւմ է, արդյոք, պապան… Ի՞նչ ասեմ ձեզ։ Ձե՞զ։ Դուք կարո՞ղ եք ինչ-որ բան հասկանա՞լ… Քույրս արտասվում է: Գայուշը ներողություն խնդրում ու գնում։ Զոյան նեղանում է ու նեղացած գնում…
Երեկոյան մաման տեսնում է աղբարկղի մեջ նետված վատմանը, որը մենք պատռել էինք ամենայն մանրամասնությամբ։ Նա աչքերին չի հավատում։ Այդ ի՞նչ սատանա է մեզ բռնել։ Չի կարողանում հավատալ։ Մաման թղթի կտորները աղբարկղի մեջ խցկելով՝ հատ-հատ նշում է, թե որքան ջանք է ներդրվել դրա արտադրության վրա։ Որքան անտառ է ոչնչացվել, ու որքան մարդ է չարչարվել տայգաներում։ Գուցե ոմանք՝ կյանքի՜ գնով… Որ նվազագույն աշխատավարձի համարյա կես տոկոսի գինն ունի էդ թուղթը, որը մենք անգթորեն խզմզել ու թափել ենք։ Մա՞րդ ենք մենք, թե՞ անշունչ առարկա։ Ձե՞ռ ենք առել։ Մայրս հանցակցության ու լռության համար ինձ զրկում է հաջորդ մեկ օրվա օրապահիկից։ Քրոջս՝ մի ամբողջ շաբաթվա։ Նաև զրկվում է մեկ շաբաթվա տրանսպորտի գումարից։ «Ոտքով կգնաս նկարչական, ոտքով կգաս։ Վատմանի երես էլ մինչև շաբաթվա վերջ չես տեսնի»,- ասում է նա՝ խստացնելով պատիժը։ Խստացված պատժաչափ, որ ստնում է քույրս՝ կյանքի ողբերգությունը բացահայտելու իր անմեղ ցանկության համար։ Բոլորովի՜ն անմեղ ցանկության համար, հասկանո՞ւմ եք։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *