Ֆինլանդական կայարանի դիմաց, որը մեկն է հինգ կայարաններից, որոնցով ճանապարհորդը կարող է հայտնվել այս քաղաքում կամ հեռանալ այստեղից, Նևայի ափին կանգնած է այն մարդու հուշարձանը, որի անունն այժմ կրում է քաղաքը: Ըստ էության, նրա հուշարձանները կան Լենինգրադի բոլոր կայարաններում. շենքի դիմաց`հասակով մեկ, կամ ներսում`մեծ կիսանդրի: Ֆինլանդական կայարանի դիմացինը, սակայն, եզակի է: Եվ պատճառը բուն արձանը չէ, քանի որ ընկ. Լենինը պատկերված է աչք հոգնեցրած կեղծ-ռոմանտիկ տեսքով. ձեռքն առաջ պարզած` իբր դիմում է մասսաներին: Պատճառը պատվանդանն է. ընկ. Լենինը ճառում է զրահամեքենայի վրա կանգնած: Ամբողջ հուշարձանն արված է վաղ կոնստրուկտիվիզմի ոճով, որն այժմ լայնորեն տարածված է Արևմուտքում, հետևաբար քարից զրահամեքենա քանդակելու բուն գաղափարի մեջ հոգեբանական վաղահասության նշույլներ կան, արձանն ասես ժամանակից փոքր-ինչ առաջ է ընկել: Որքանով ինձ է հայտնի, սա միակ արձանն է աշխարհում, որ մարդուն պատկերում է զրահամեքենայի վրա: Առնվազն այս առումով այն խորհրդանշում է նոր աշխարհը: Հին աշխարհը սովորաբար ներկայանում էր հեծյալներով:
Ասվածին համահունչ, մոտ երեք կիլոմետր հոսանքն ի վար, գետի հակառակ ափին կանգնած է այն մարդու հուշարձանը, ում անունը քաղաքը կրել էր հիմնադրման օրվանից` Պետրոս Մեծինը: Աշխարհում «Պղնձե հեծյալ» անվանումով հայտնի այդ արձանի անսասանությունը համեմատելի է թերևս միայն այն լուսանկարելու հաճախականության հետ: Տպավորիչ հուշարձան է` վեց մետր բարձրությամբ, լավագույն ստեղծագործությունը Էթիեն-Մորիս Ֆալկոնեի, որին պատվիրատուն` Եկատերինա Մեծը, ընտրել էր Դիդրոյի ու Վոլտերի երաշխավորությամբ: Կարելական պարանոցից բերված հսկայական գրանիտաբեկորի վրա վեր է խոյանում Պետրոս Մեծը`ձախ ձեռքով սանձելով ծառս եղած նժույգին, որը խորհրդանշում է Ռուսաստանը, աջը` մեկնած դեպի հյուսիս:
Քանի որ այս երկու մարդիկ են կիսում քաղաքի անվան պատասխանատվությունը, ցանկություն է առաջանում համեմատել ոչ միայն հուշարձանները, այլև դրանց անմիջական շրջապատը: Զրահամեքենային կանգնած մարդուց ձախ կուսշրջկոմի կեղծ կլասիցիզմի ոճով կառուցված շենքն է ու հանրահայտ «Կրեստի»-ն` ամենամեծ կալանատունը Ռուսաստանում: Աջում Հրետանային ակադեմիան է ու, եթե հետևենք նրա պարզած ձեռքի ուղղությանը, ամենաբարձր հետհեղափոխական կառույցը Նևայի ձախ ափին` ՊԱԿ-ի լենինգրադյան բաժանմունքը: Ինչ վերաբերում է Պղնձե հեծյալին, նրա աջ կողմում նույնպես զինվորական հաստատություն կա` Նավաշինարանը, ձախում, սակայն, Սենատն է` ներկայումս Պետական պատմական արխիվը, իսկ ձեռքը պարզել է գետից այն կողմ` դեպի Համալսարանը, որն ինքն է կառուցել և որտեղ զրահամեքենայի վրա կանգնած մարդն ավելի ուշ սովորել է:
Ուստի երկուհարյուրյոթանասունվեցամյա քաղաքը երկու անուն ունի` ծնվելիս ստացածը և կեղծանունը, որոնցից ոչ մեկը նրա բնակիչները գրեթե չեն գործածում: Փոստային առաքումներում ու անձնական փաստաթղթերում, անշուշտ, գրում են «Լենինգրադ», բայց խոսակցության մեջ գերադասում են «Պիտեր»-ը: Քաղաքականությունն այստեղ կապ չունի. պարզապես «Լենինգրադ»-ն ու «Պետերբուրգ»-ը այնքան էլ դյուրարտաբերելի չեն, բացի դրանից, մարդիկ միշտ հակված են մականվանել-«իրենցով անել» բնակության վայրը: «Լենին»-ը տվյալ դեպքում պիտանի չէ թեկուզ այն պատճառով, որ դա ազգանուն է (և միաժամանակ` կեղծանուն), ուստի «Պիտեր»-ի ընտրությունը միանգամայն բնական է ներկայանում: Նախ, քաղաքն արդեն երկու հարյուր տարի կրել է այդ անունը: Եվ հետո, Պետրոս Առաջինի ոգին այստեղ շատ ավելի զգալի է, քան հետագա դարաշրջանների շունչը: Եվ ամենակարևորը. քանի որ ռուս կայսրի անունը մայրենիով հնչում է «Պյոտր», «Պիտեր»-ը փոքր-ինչ օտարահունչ է և կարծես համապատասխանում է քաղաքում թևածող օտարոտիությանն ու օտարվածությանը` կառույցների եվրոպական տեսքին, թերևս բուն վայրին, որտեղ կառուցվել է` դեպի թշնամական ծովը հոսող Նևայի գետաբերանին: Այլ կերպ ասած` այնտեղ, ուր վերջանում է ծանոթ աշխարհը:
Ռուսաստանը ընդգծված մայրցամաքային երկիր է, այն զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի մեկ վեցերորդը: Երկրի սահմանին քաղաք կառուցելու, առավել ևս այն մայրաքաղաք հռչակելու գաղափարը Պետրոս Առաջինի ժամանակակիցները համարում էին առնվազն թերմտածված: Տնական ու ջերմ` օտար ամեն ինչը անվարան հերքող ավանդական Ռուսաստանը սրսռում էր բայլթյան սառնաշունչ ամենաթափանց քամուց: Պետրոսի բարեփոխումները բախվեցին ահռելի դիմադրության, որովհետև Նևայի գետաբերանն իսկապես վատ տարածք էր` համատարած ցածրադաշտեր ու ճահիճներ, և այդտեղ շինարարություն սկսելու համար նախ հարկավոր էր հողն ամրացնել: Շուրջն անտառ էր, բայց այն հատելու, առավել ևս գերանները ճահճի մեջ ամրացնելու կամավորներ չկային:
Բայց Պետրոս Առաջինն ուներ քաղաքի, ավելին` դեմքով դեպի աշխարհը շրջված Ռուսաստանի տեսլականը: Այն ժամանակ դա նշանակում էր` դեպի Արևմուտք. քաղաքը պիտի դառնար, ինչպես ասել էր այդ տարիներին Ռուսաստան այցելած մի իտալացի գրող` պատուհան դեպի Եվրոպա: Իրականում Պետրոսին պետք էր դարպաս, այն էլ` կրնկի վրա բաց: Ի տարբերություն ռուսական գահի վրա իր նախորդների ու հետնորդների, այդ երկմետրանոց հասակով միապետը չէր տառապում ավանդական ռուսական հիվանդությամբ` Եվրոպայի նկատմամբ անլիարժեքության բարդույթով: Նա չէր ուզում նմանակել Եվրոպան, նա ուզում էր, որ Ռուսաստանը լինի Եվրոպա, ճիշտ այնպես, ինչպես ինքն էր, առնվազն մասամբ, եվրոպացի: Նրա անձնական ընկերներից ու համախոհներից շատերը, հավասարապես նաև թշնամիներից շատերը, որոնց դեմ պատերազմել էր, եվրոպացիներ էին: Մեկ տարուց ավելի նա աշխատել, ճանապարհորդել, պարզապես ապրել էր Եվրոպայում, դրանից հետո էլ հաճախ եղել էր այնտեղ: Արևմուտքը նրա համար terra incognita չէր: Լինելով սթափ դատողությամբ, թեև խմելու հակում ունեցող, մարդ` նա ցանկացած երկիր (այդ թվում սեփականը) ընկալում էր որպես սոսկ տարածության շարունակություն: Որոշակի առումով աշխարհագրությունը նրա համար ավելի իրական էր, քան պատմությունը, և աշխարհի կողմերից նա սիրում էր հյուսիսն ու արևմուտքը:
Մի խոսքով, նա սիրահարված էր տարածությանն ու հատկապես ծովին: Ուզում էր, որ Ռուսաստանը նավատորմ ունենա, և այդ «ատաղձագործ-ցարը», ինչպես նրան անվանում էին ժամանակակիցները, անձամբ կառուցեց առաջին նավը (այժմ ցուցադրվում է Ռազմածովային թանգարանում)`կիրառելով հոլանդական ու բրիտանական նավաշինարաններում աշխատելիս ձեռք բերած հմտությունները: Քաղաքի իր տեսլականը, ուստի, միանգամայն որոշակի էր: Պետրոսն ուզում էր, որ այն դառնա ռուսական տորմիղների նավահանգիստը, հարյուրամյակներ շարունակ այս ափերին ավեր սփռող շվեդներին դիմակայող ամրոց, տերության պատվարը հյուսիսում: Միաժամանակ այն տեսնում էր որպես նոր Ռուսաստանի հոգևոր կենտրոն. ողջախոհության, գիտությունների, լուսավորության, գիտելիքի կենտրոն: Սրանք էին նրա տեսլականի տարրերը, նրա գիտակցված նպատակը, և ոչ թե հաջորդած դարաշրջանների ռազմական նկրտումների կողմնակի արդյունքները:
Երբ մարգարեին վիճակվում է նաև կայսր լինել, նա անողոք է գործում: Չափազանց մեղմ կլինի «հարկադրանք» բնորոշելն այն մեթոդները, որոնց նա դիմեց իր ծրագիրն իրականացնելիս: Հարկերով ծանրաբեռնեց ամենն ու ամենքին` հպատակներին այդ նոր տարածքը նվաճել ստիպելու համար: Պետրոս Առաջինի օրոք ռուսական գահի հպատակի ընտրությունը սահմանափակ էր` ծառայել բանակում կամ աշխատել Սանկտ Պետերբուրգի շինարարությունում: Ընդ որում, դժվար է ասել, թե ինչն էր ավելի մահացու: Տասնյակ հազարավոր մարդիկ անանուն կորան Նևայի գետաբերանի ճահիճներում. կղզիներն այստեղ պակաս տխրահռչակ չեն, քան ժամանակակից ԳՈւԼԱԳ-ը: Միակ տարբերությունն այն էր, որ 18-րդ դարում դու գոնե գիտեիր, թե ինչ ես կառուցում, և վերջին հաղորդություն ու գերեզմանիդ փայտյա խաչ ունենալու հնարավորություն ունեիր:
Պետրոսը թերևս իր ծրագրի իրականացումն ապահովելու այլ ուղի չուներ: Նրա գահակալությունից առաջ, բացառությամբ պատերազմական ժամանակների, Ռուսաստանը երբևէ կենտրոնացված չէր եղել ու երբեք միասնական չէր գործել: Համատարած անվերապահ ենթակայությունը, որին հասավ ապագա Պղնձե հեծյալը, ծնեց ռուսական ամբողջատիրությունը, որի պտուղները պակաս դառը չեն, քան սերմերը: Զանգվածը թելադրում էր զանգվածային որոշում, և Պետրոսն անկարող էր այլ կերպ գործել թե՛ իր կրթության, թե՛ ինքնին Ռուսաստանի պատմության բերումով: Մարդկանց հետ նա վարվում էր ճիշտ այնպես, ինչպես իր ապագա մայրաքաղաքի տարածքի հետ: Իր քաղաքը նախագծելիս ատաղծագործ ու ծովագնաց այս տիրակալը գործածում էր ընդամենը մեկ գործիք` քանոն: Նրա տեսնում էր բառացիորեն տափակ, հորիզոնական տարածք, ուստի բոլոր հիմքերն ուներ այն ընկալելու իբրև քարտեզ, որի վրա առավել տեղին են ուղիղ գծերը: Եթե ինչ-որ բան այդ քաղաքում ուղիղ չէ, ապա ոչ այն պառճառով, որ այդպես էր նախատեսված, այլ որովհետև Պետրոսը անփույթ գծագրող էր. բթամատը հաճախ դնում էր քանոնի եզրին, ու մատիտը կրկնում էր ուղիղ գիծը խաթարած այդ կորը: Մատիտի օրինակին էին հետևում նաև ահաբեկված հպատակները:
Այս քաղաքն իրոք կանգնած է իր շինարարների ոսկորների վրա: Ո՛չ պակաս, քան նրանց տեղադրած ցցագերանների վրա: Այս կամ այն չափով սա վերաբերում է Հին աշխարհի ցանկացած այլ քաղաքի, բայց ժամանակի ընթացքում պատմությունը սրբագրում է տհաճ հիշողությունները: Պետերբուրգը, սակայն, չափազանց երիտասարդ է առասպելաբանությունը մեղմելու համար, ու ամեն անգամ, երբ պատահում է տարերային կամ նախատեսված աղետ, ամբոխի մեջ նկատելի է մի գունատ, ասես սովահար, տարիքազուրկ դեմք` խորանիստ գունաթափ աչքերի սառած հայացքով, ու լսելի է շշուկը. «Ասում էի, չէ՞, որ անեծք կա այս քաղաքի վրա»: Դուք սարսռած ցնցվում եք, բայց երբ հաջորդ պահին փորձում եք կրկին նայել նրա դեմքին, այլևս չեք գտնում: Ապարդյուն կփնտրեք նրան դանդաղաքայլ ամբոխի մեջ, սողացող ավտոմեքենաների մեջ. կտեսնեք միայն անտարբեր դեմքերով անցորդների և, շեղ անձրևաշիթերի միջով`փառահեղ կայսերական շենքերի վեհ ուրվագծերը: Ճարտարապետական հեռանկարների երկրաչափությունն այս քաղաքում կատարելապես հարմարեցված է, որպեսզի կորուստներն անվերադարձ լինեն:
Այդուհանդերձ, այն զգացողությունը, որ մարդու հարկադրանքով իր տիրույթից հեռացած Բնությունը մի օր վերադառնալու է` պահանջելու իր ունեցվածքը, ուրույն տրամաբանություն ունի: Դրա հիմքում ոչ այնքան քաղաքը պատուհասած ջրհեղեղների պատկառելի պատմությունն է, որքան ծովի` ֆիզիկապես զգացվող հարևանությունը: Ու թեև Նևան գրեթե միշտ ձախողում է գրանիտե զսպաշապիկից դուրս հորդելու իր ճիգերը, ծովից քաղաքի վրա եկող կապարե ամպակույտերի տեսքն ինքնին ահագնացնում է պիտերցիների մշտական տագնապը: Երբեմն, հատկապես ուշ աշնանը, նման եղանակը` քամու պոռթկումներով, ձաղկող անձրևով ու ափնակոծող Նևայով, ձգվում է շաբաթներով: Եթե նույնիսկ ոչինչ չի փոխվում, ժամանակի գործոնն արդեն ստիպում է մտածել, թե վիճակը վատթարանում է: Այդպիսի օրերին հիշում ես, որ քաղաքն ամբարտակներով պաշտպանված չէ, որ դուք շրջափակված եք ջրանցքների ու վտակների հինգերորդ շարասյունով, որ փաստորեն ապրում եք կղզու վրա, հարյուրավոր կղզիներից մեկի վրա, կինոյում (թե՞ երազում) տեսածդ այն կղզիներից մեկի, որին մոտենում է հսկայական ալիքը… և այլն, և այլն: Ու միացնում ես ռադիոն` լսելու եղանակի հերթական կանխատեսումը: Որը սովորաբար հնչում է առույգ ու լավատեսական:
Այդ զգացողության գլխավոր պատճառը, մինչդեռ, բուն ծովն է: Տարօրինակորեն, Ռուսաստանի կուտակած ողջ ծովային հզորությամբ հանդերձ, օվկիանոսի գաղափարը շարունակում է խորթ մնալ երկրի բնակչության մեծամասնությանը: Ե՛վ բանահյուսությունը, և՛ պաշտոնական քարոզչությունն այս թեման մեկնաբանում են մշուշապատ` թեև դրական ու ռոմանտիկ տեսանկյունից: Շարքային քաղաքացու համար ծովի մասին պատկերացումը կապակցված է առաջին հերթին Սև ծովի, արձակուրդի, հարավի, առողջարանի, գուցե նաև արմավենիների հետ: Երգերում ու բանաստեղծություններում առավել հաճախ գործածվում են «լայնարձակ», «կապուտակ», «սքանչելի» մակդիրները: Երբեմն կարող է հանդիպել «ալեկոծը», սակայն ռուսերենում դա միանգամայն համահունչ է մնացածին: Ազատության, բաց տարածքի, ամեն բան թողնելու-հեռանալու հասկացությունները ճնշված են բնազդաբար և հետագայում դրսևորվում են իրենց հակադրություններով`որպես ջրվախություն, ջրախեղդ լինելու երկյուղ: Անգամ զուտ այս տեսանկյունից Նևայի գետաբերանին կառուցված քաղաքը մարտահրավեր է ազգային հոգեկերտվածքին և կարող է արդարացիորեն կրել Նիկոլայ Գոգոլի բնորոշումը` «սեփական հայրենիքի օտարերկրացին»:
Եթե ոչ օտարերկրացին, ապա առնվազն նավաստին: Որոշ առումով Պետրոս Առաջինը հասավ իր նպատակին. քաղաքը դարձավ նավահանգիստ` բառիս ոչ միայն բուն, այլև մետաֆիզիկական իմաստով: Ռուսաստանում չկա մեկ այլ վայր, որտեղ երևակայությունն այդքան հեշտությամբ է կտրվում իրականությունից. Պետերբուրգի ի հայտ գալը պայմանավորեց ռուս գրականության ծնունդը:
Գուցեև Պետրոսն իրոք ուզում էր ունենալ նոր Ամստերդամ, բայց այն, ինչ ստացվեց, ավելի շատ ընդհանրություն չունի հոլանդական քաղաքի հետ, քան վերջինիս նախկին անվանակիցը Հուդզոնի ափին: Այստեղ, սակայն, աճը ուղղահայաց էր, իսկ Պետերբուրգում` հորիզոնական, ընդ որում` նույն թափով: Քանզի գետի լայնությունը թելադրում է բոլորովին այլ ճարտարապետական մասշտաբներ:
Պետրոսի դարաշրջանին հաջորդած տասնամյակներին կառուցապատումը շարունակվեց ոչ թե առանձին շինություններով, այլ ճարտարապետական համալիրներով, ավելի ճիշտ` ճարտարապետական բնանկարներով: Մինչև այդ եվրոպական ճարտարապետական ոճերից զերծ մնացած Ռուսաստանը բացեց դռները, և բարոկկոն ու կլասիցիզմը ներս հորդացին` գրավելով Սանկտ Պետերբուրգի փողոցներն ու առափերը: Պալատական դիմապատերին շարված, երգեհոնի փողեր հիշեցնող սյունաշարերը իրենց մղոնաչափ էվկլիդեսյան հաղթարշավով ձգտում են անվերջության: 18-րդ դարի երկրորդ կեսին ու 19-րդի առաջին քառորդին այս քաղաքն իսկական խոպան դարձավ լավագույն իտալացի ու ֆրանսիացի ճարտարապետների, քանդակագործների ու նկարիչների համար: Կայսերական տեսքին վերաբերող հարցերում քաղաքը բծախնդիր էր ընդհուպ մինչև աննշան մանրուքները: Գետերի ու ջրանցքների գրանիտապատ ափերը, չուգունե ցանկապատերի յուրաքանչյուր զարդանախշի նրբաճաշակությունը խոսուն են ինքնին: Ինչպեսև ցարական ընտանիքի ու բարձրագույն ազնվականության պալատական դահլիճների ու ամառային նստավայրերի ներքին արդուզարդը. դրա քմահաճությունն ու նրբաճաշակությունը սահմանակցում են անպարկեշտությանը: Մեկ դիտարկում ևս. ճարտարապետներն իրենց աշխատանքի հիմքում կարող էին դնել ցանկացած նմուշ` Վերսալը, Ֆոնտենբլոն կամ որևէ այլ համալիր, արդյունքը, սակայն, անվրեպ ռուսական էր լինում, որովհետև ավելի շուտ տարածքի ավելցուկն էր թելադրում նրանց, թե որտեղ հավելել հերթական թևն ու ինչ ոճով այն կառուցել, քան անհաշիվ հարստության տեր, բայց հիմնականում տգետ պատվիրատուների քմահաճ ճաշակը: Երբ Պետրոպավլովսկյան ամրոցի Տրուբեցկոյ աշտարակից նայում ես Նևային, կամ Ֆիննական ծոցի կողմից` Պետերգոֆի սանդղաջրվեժին, ապրում ես տարօրինակ մի զգացում, որ տեսածդ ոչ թե եվրոպական քաղաքակրթությանը հավասարվել ձգտող Ռուսաստանն է, այլ առաջինի` մոգական լապտերով բեկված արտացոլումը տարածության ու ջրի հսկայական էկրանին:
Վերջինի հաշվով, իր սրընթաց աճով ու ճոխությամբ քաղաքը պարտական է ջրին, որն այստեղ ամենուր է: Նևայի տասներկումղոնանոց հատվածը, որը քաղաքի կենտրոնում բաժանվում է քսանհինգ մեծ ու փոքր ջրանցքների, դարձել է նրա համար մի հսկայական ջրային հայելի, ուստի ինքնահիացումն ու նարցիսիզմն այստեղ անխուսափելի են: Մշտապես արտացոլվելով այդ հոսող ամալգամայի հազարավոր քառակուսի մետրերում`գետն ասես ամեն վայրկյան լուսանկարում է քաղաքը, ու լուսանկարներով ժապավենը անշտապ լցվում է Ֆիննական ծոցը, որն արևոտ օրերին նման է իրենց փայլով կուրացնող լուսանկարների պահոցի: Ամենևին պատահական չէ, որ այս քաղաքը հաճախ թողնում է բացառապես սեփական արտաքինով զբաղված ծայրահեղ եսասերի տպավորություն: Նման վայրերում, իհարկե, ավելի մեծ ուշադրություն ես դարձնում դիմապատերին, քան մարդկանց դեմքերին. քարը, սակայն, զուրկ է վերարտադրվելու ունակությունից: Որմնասյուների, սյունաշարերի, սյունազարդ շքամուտքերի անսպառ, խենթացնող բազմապատկումը հուշում է այդ քարային նարցիսիզմի բնույթը, հուշում է, որ առնվազն ոչ-շնչավոր աշխարհում ջուրը կարելի է դիտարկել որպես խտացված ժամանակ:
Բայց, երևի թե, ավելի, քան գետերում ու ջրանցքներում, այս, Դոստոևսկու խոսքով`«աշխարհի ամենականխամտածված քաղաքը» արտացոլվել է ռուս գրականության մեջ: Որովհետև ջուրը կարող է պատմել միայն մակերեսների մասին, դրանց վրա երևացողի մասին: Մինչդեռ քաղաքի ֆիզիկական ու հոգևոր կերպարի, մարդկանց ու վերջիններիս ներքնաշխարհի վրա քաղաքի ներգործությունը ռուս գրականության հիմնական թեման դարձավ Պետերբուգի հիմնադրումից գրեթե անմիջապես հետո: Իրականում հենց այստեղ, Նևայի ափին է ծնվել ռուս գրականությունը: Եթե, համաձայն ասացվածքի, բոլոր ռուս գրողները «սերել են Գոգոլի «Շինել»-ից», ապա ավելորդ չի լինի հիշեցնել, որ այդ շինելը աղքատ չինովնիկի վտիտ ուսերից պոկել-տարել են ոչ այլուր, քան Պետերբուրգում, տասնիններորդ դարասկզբին:
Առաջինը, սակայն, Պուշկինն էր իր «Պղնձե հեծյալով», որտեղ հերոսը` պետական աննշան մի պաշտոնյա, ում սիրեցյալը ջրհեղեղի զոհ է դառնում, անպատասխանատու անփութության մեջ (չէ՞ որ ամբարտակներ չկան) մեղադրում է Կայսեր բրոնձե արձանին, իսկ հետո, երբ տեսնում է, որ բարկացած Պյոտրն իր նժույգով ցատկում պատվանդանից` հետապնդելու-գետնակոխ անելու անպատկառին, խելագարվում է: (Սա անսահմանափակ իշխանության դեմ փոքր մարդու ըմբոստության ու հետապնդման մոլուցքի մասին մի անպաճույճ պատմություն կլիներ (ենթագիտակցությունն ընդդեմ սուպերէգոյի)` եթե սքանչելի չլիներ չափածոն` լավագույնն այդ քաղաքին ձոնածներից` բացառությամբ Մանդելշտամի չափածոյից, ում արդեն բառացիորեն գետնակոխ արեցին մենամարտում Պուշկինի սպանվելուց հարյուր տարի անց):
Ինչևէ, տասնիններորդ դարասկզբին Պետերբուրգն արդեն մայրաքաղաքն էր ռուս գրականության, և ամենևին ոչ այն պատճառով, որ վերջինիս հերոսների կամ հեղինակների մեջ կային պալատականները: Արքունիքը, ի վերջո, դարեր շարունակ Մոսկվայում է եղել, բայց այնտեղից ոչինչ դուրս չի եկել: Այդ անսպասելի ստեղծագործական պայթյունի պատճառը դարձյալ հիմնականում աշխարհագրական էր: Այնօրյա ռուսական կյանքի համատեքստում Սանկտ Պետերբուրգի ի հայտ գալը հավասարազոր էր Նոր Աշխարհի հայտնագործմանը. ժամանակակից մտածողները հնարավորություն ստացան իրենց ու ժողովրդին տեսնել, այսպես ասած, կողքից: Այլ խոսքով` քաղաքը թույլ տվեց առարկայացնել երկիրը: Մտայնությունը, թե կողքից քննադատությունն է ամենաարժեքավորը, այսօր էլ բավական տարածված է: Իսկ այն ժամանակ` ամրապնդված այլընտրանքային (առնվազն արտաքնապես) ուտոպիական բնույթով, այդ մտայնությունը առաջին անգամ գրիչ վերցնողներին տալիս էր սեփական դատողությունների գրեթե անվիճարկելի հեղինակավորության զգացողություն: Ու եթե ճիշտ է, որ սեփական փորձառությունը մեկնաբանելու համար գրողը պետք է հեռվից նայի դրան, ապա քաղաքը` իր օտարման հնարավորություններով, գրողին թույլ էր տալիս խնայել ճանապարհորդությունների վրա:
Բարձրատոհմիկ, ազնվական կամ հոգևոր շրջանակներից սերած այդ բոլոր գրողները պատկանում էին, ըստ տնտեսական աստիճանակարգման, միջին դասին, որն ամենուր գրականության գոյության գրեթե միակ պատասխանատուն է: Բոլորը, երկու-երեք բացառությամբ, ապրում էին գրողական վաստակով, ասել է թե` բավականաչափ սուղ, որպեսզի առանց մեկնաբանությունների կամ զարմանքի հասկանային չքավորների թշվառությունը ճիշտ այնպես, ինչպեսև վերևների ճոխությունը: Վերջիններս ավելի հազվադեպ էին հայտնվում նրանց ուշադրության կենտրոնում, թեկուզ այն պատճառով, որ այդ խավին միանալու հավանականությունը շատ ավելի փոքր էր: Հետևապես ունենք իրական, բուն Սանկտ Պետերբուրգի բավական հանգամանալի, գրեթե ստերեոսկոպիկ պատկերը, քանի որ հենց չքավորների կյանքով է ձևավորվում իրականությունը. փոքր մարդը միշտ ունիվերսալ է: Ավելին` որքան կատարյալ է նրա անմիջական շրջապատը, այնքան ավելի ցայտուն է իր ու այդ շրջապատի հակադրությունը: Ու պետք չէ զարմանալ, որ բոլորը` այդ պաշտոնաթող սպաները, աղքատ այրիները, թալանի զոհ դարձած պետական չինովնիկները, կիսաքաղց լրագրողները, ստորացված գրագիրները, թոքախտավոր ուսանողները և այլն, որոնք դուրս են գալիս անթերի դասական, ուտոպիական սյունազարդ նախասրահներից, զավթել էին գրողների երևակայությունն ու հեղեղել ռուս արձակի առաջին գլուխները:
Նրանք այնքան հաճախ էին հայտնվում թղթի վրա, և այնքան շատ էին նրանցով թուղթը բնակեցնող մարդիկ, և այս վերջիններս այնքան կատարյալ էին տիրապետում նյութին, և բուն նյութը` բառը, այնպիսին էր, որ շատ շուտով քաղաքում սկսեցին տարօրինակ բաներ կատարվել: Այդ անուղղելիորեն իմաստաբանական, բարոյախոսական դատողություններով հագեցած կերպարների ճանաչման ընթացքը վերածվեց դրանց հետ ինքնանույնացման ընթացքի: Ինչպես հաճախ զգում է հայելու առջև կանգնած մարդը, այս քաղաքը նույնպես սկսեց կախման մեջ ընկնել գրականության մեջ սեփական ծավալային անդրադարձից: Ոչ թե քաղաքի բարելավման անբավարար (անշուշտ անբավարար) ընթացքն էր պատճառը, այլ ինքնասիրահարվածին բնորոշ նյարդայնությունը, որով քաղաքն ավելի ու ավելի էր կառչում ռուս գրողների ստեղծած հայելուն, որը, բառափոխելով Ստենդալին` արտացոլում էր փողոցները, բակերը, քաղաքի բնակիչների խղճուկ բնակարանները: Քաղաքը երբեմն փորձում էր շտկել կամ պարզապես կոտրել հայելին, ինչն ավելի հեշտ էր, քանի որ գրեթե բոլոր հեղինակները այստեղ էին ապրում: Տասնիններորդ դարի կեսերին հայելու պատկերն ու պատկերվողը միահյուսվում են. ռուս գրականությունն ու քաղաքը գրեթե նույնանում են, ուստի այսօր, Սանկտ Պետերբուրգի մասին մտածելիս, անհնար է տարբերակել հորինվածքն ու իրողությունը: Ինչը բավականին արտառոց է մի վայրի համար, որն ընդամենը երկու հարյուր յոթանասունվեց տարեկան է: Մերօրյա էքսկուրսավարը ձեզ ցույց կտա Երրորդ բաժանմունքի շենքը, որտեղ դատել են Դոստոևսկուն, ինչպես նաև այն տունը, որտեղ Դոստոևսկու հերոսներից Ռասկոլնիկովը կացնահարել է պառավ վաշխառուին:
Քաղաքի կերպարի ձևավորման գործում տասնիններորդ դարի ռուս գրականության դերը վճռորոշ էր նաև այն պատճառով, որ այդ հարյուրամյակում պետերբուրգյան պալատների ու դեսպանատների կուտակումը այն վերածեց Ռուսաստանի բյուրոկրատական, քաղաքական, գործարարական, զինվորական, ավելու ուշ` նաև արդյունաբերական կենտրոնի: Կատարելության մեջ գրեթե անհեթեթության հասած ճարտարապետությունը սկսեց սահմանափակել իր աբստրակտ բնույթը, յուրաքանչյուր նոր կառույցը նահանջ էր նախորդից: Դա պայմանավորված էր և՛ ֆունկցիոնալիզմի (պարզ ասած` եկամտաբերության) միտումով, և՛ ընդհանուր գեղագիտական հետընթացով: Բացառությամբ Եկատերինա Մեծի, Պետրոսի ժառանգորդները այնքան էլ աչքի չէին ընկնում մտքի պայծառությամբ, Պետրոսից նրանց ոչինչ չէր փոխանցվել: Յուրաքանչյուրը փորձում էր նմանակել Եվրոպայի իր տարբերակը, ընդ որում` ջանադրաբար: Սակայն տասնիններորդ դարի Եվրոպան այնքան էլ արժանի չէր նմանակման: Միապետից միապետ անկումն ավելի ու ավելի ակնառու էր դառնում. միակ հանգամանքը, որ փրկում էր նոր ձեռնարկումները, դրանք նախորդածի վեհությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունն էր: Իհարկե, մեր օրերում անգամ նիկոլաևյան դարաշրջանի զորանոցային ոճը կարող է ջերմացնել գեղագետի զգայուն սիրտը, որովհետև առնվազն շատ լավ է փոխանցում ժամանակի ոգին: Բայց ընդհանուր առմամբ այդ պարզունակ-պրուսական, բռի-զինվորական հանրային իդեալը` ռուսաստանյան կատարմամբ, դասական համալիրների միջև խցկված անճոռնի եկամտաբեր տներով, տխուր ու վհատեցնող տպավորություն է թողնում: Հետո եկավ վիկտորիական պաճուճազարդ էկլեկտիկայի դարաշրջանը, և դարավերջին քաղաքը, որն սկսվում էր որպես ոստյուն անցյալից դեպի ապագա, տեղ-տեղ արդեն նման էր սովորական հյուսիսեվրոպական բուրժուայի:
Սա էր բուն խնդիրը: Եթե անցած դարի երեսնական թվականներին գրաքննադատ Բելինսկին բացականչում էր. «Պետերբուրգն ավելի ինքնատիպ է, քան Ամերիկայի ցանկացած քաղաք, որովհետև այն նոր քաղաք է հին երկրում, ուստի այն նոր հույս է, սքանչելի ապագան է այդ երկրի», ապա քառորդ դար անց Դոստոևսկին արդեն չարախնդում էր. «Այսպիսին է ժամանակակից հսկայական հյուրանոցի ճարտարապետությունը` արդյունավետության իրականացած մարմնավորում, ամերիկանիզմ, հարյուրավոր համարներ. աչքի է զարնում, որ մենք ևս արդեն ունենք երկաթգծեր, մենք ևս անսպասելիորեն վերածվեցինք գործարար մարդկանց»:
Այս ամենով հանդերձ` Պետերբուրգի պատմության կապիտալիստական ժամանակաշրջանի «ամերիկանիզմի» մասին թերևս պետք է վերապահումներում խոսել, թեև արտաքին նմանությունը Եվրոպային իրոք ապշեցուցիչ էր: Ոչ միայն դրամատների ու բաժնետիրական ընկերությունների դիմապատերն էին իրենց փղային ծանրակշռությամբ ընդօրինակում բեռլինյան ու լոնդոնյան գործընկերներին. այդպիսի հաստատությունների ներքին հարդարանքը, օրինակ, Ելիսեև եղբայրների մթերային խանութինը (ցայսօր գործող ու անփոփոխ պահպանված, թեկուզ այն պատճառով, որ ներկայիս պարենային մատակարարումը ընդլայնվելու անհրաժեշտություն չի առաջացնում) միանգամայն համեմատելի է փարիզյան Ֆոշոնին: Խնդիրն այն է, որ ցանկացած «իզմ» դրսևորվում է ազգային հատկանիշները մերժող միջազգային ընդգրկումով, և կապիտալիզմն այդ առումով բացառություն չէր: Քաղաքը վերելք էր ապրում. արական բնակչությունը երկու անգամ գերազանցում էր իգականը, ծաղկում էր մարմնավաճառությունը, լեփ-լեցուն էին չքավորների օթևանները. նավահանգստում ջուրը եռում էր ռուսական հացահատիկը արտահանող նավերի երթևեկից, ճիշտ այնպես, ինչպես է հիմա է եռում Ռուսաստան հացահատիկ բերող նավերի երթևեկից: Դա միջազգային քաղաք էր` իր ֆրանսիական, գերմանական, հոլանդական ու անգլիական մեծ գաղութներով` չհաշված դիվանագետներին ու առևտրականներին: Պղնձե հեծյալի շուրթերով Պուշկինի մարգարեական կանխատեսումը` «Բոլոր դրոշները հյուր կլինեն մեզ», նյութականացել էր: Եթե տասնութերորդ դարում Արևմուտքի նմանակումը սահմանափակվում էր շպարով ու նորաձևությամբ բարձրաշխարհիկ միջավայրում («Այս ռուսները կապիկ են, – Ձմեռային պալատում պարահանդեսից հետո բողոքում էր ֆրանսիացի մի ազնվական: – Որքա~ն արագ հարմարվեցին»), ապա տասնիններորդ դարում իր նորահարուստ բուրժուազիայով, ազնվականության սերուցքով, կիսասերուցքով և այլն, Սանկտ Պետերբուրգն այն աստիճան արևմտյան քաղաք էր, որ կարող էր անգամ իրեն թույլ տալ որոշակի քամահրանք Եվրոպայի նկատմամբ:
Գլխավորապես գրականության մեջ երևան եկած այդ քամահրանքը, սակայն, կապ չուներ ավանդական ռուսական այլատյացության հետ, որն առավել հաճախ դրսևորվում էր կաթոլիկ եկեղեցու նկատմամբ ուղղափառի գերազանցության փաստարկներում: Դա ավելի շուտ քաղաքի ինքնանդրադարձն էր, դավանվող գաղափարների հակազդեցությունը առևտրային իրականությանը, գեղագետի պատասխան վերաբերմունքը բուրժուային: Գալով ընդհանրապես ուղղափառությունը արևմտյան քրիստոնեությանը հակադրելուն` հարկ է նշել, որ այստեղ չափազանցություններ չկային, որովհետև նույն ճարտարապետներն էին նախագծում և՛ տաճարներն ու եկեղեցիները, և՛ պալատները: Այնպես որ, քանի դեռ չես հայտնվել դրանց ներսում` կամարների տակ, քանի դեռ չես զննել գմբեթի խաչը, անհնար է հասկանալ թե որ եկեղեցուն է պատկանում սույն աղոթքի տունը: Այս քաղաքում, ի դեպ, չկան սոխաձև գմբեթներ: Այդուհանդերձ այդ քամահրանքը նաև կրոնական ինչ-որ երանգ ուներ:
Մարդկանց կենսապայմանների ցանկացած քննադատություն ենթադրում է քննադատողի ավելի բարձր նշաձողի առկայություն, ավելի լավ աշխարհակարգի իմացություն: Ռուս գեղագիտության պատմության ընթացքն այնպիսին է եղել, որ Սանկտ Պետերբուրգի ճարտարապետական համալիրները` ներառյալ եկեղեցիները, ընկալվել և ընկալվում են որպես նման մի աշխարհակարգի մերձավորագույն մարմնավորում: Համենայն դեպս, այս քաղաքում բավականաչափ երկար ապրած մարդը հակված է բարեպաշտությունը կապել համամասնության հետ: Դա հին հունական գաղափար է, բայց, հայտնվելով հյուսիսային երկնակամարի տակ, այն ձեռք է բերում փոքր-ինչ մարտնչող բնույթ ու արվեստագետին ստիպում է, մեղմ ասած` չափազանց ուշադրություն հատկացնել ձևին: Այս ազդեցությունը հատկապես ակնառու է ռուս, կամ, եթե ըստ ծննդավայրի ասեմ` պետերբուրգյան պոեզիայի պարագայում: Քանզի երկուևկես հարյուրամյակի ընթացքում այդ դպրոցը` Լոմոնոսովից ու Դերժավինից մինչև Պուշկինն ու նրա աստղաբույլը (Բարատինսկի, Վյազեմսկի, Դելվիգ) և մինչև ակմեիստներն արդեն մեր դարում (Ախմատովա, Մանդելշտամ) գոյություն են ունեցել նույն նշանի ներքո, որի ներքո սաղմնավորվել էին` կլասիցիզմի նշանի ներքո:
Մինչդեռ հիսուն տարուց էլ կարճ ժամանակահատված է բաժանում «Պղնձե հեծյալում» քաղաքի պուշկինյան գովերգը «Դոստոևսկու «Նոթեր ընդհատակից»-ում հնչեցրածից. «Դժբախտություն է բնակվել Պետերբուրգում`աշխարհի ամենավերացական ու ամենամիտումնավոր քաղաքում»: Այսպիսի անցման սրընթացությունը բացատրվում է նրանով, որ քաղաքի զարգացման արագությունն ըստ էության ոչ թե արագություն, այլ արագացում էր ի սկզբանե: Այս վայրում, որի բնակչությունը 1700 թվականին հավասար էր զրոյի, 1900-ին արդեն մեկուկես միլիոն մարդ էր ապրում: Այն, ինչը որևէ այլ վայրում կատարվում էր հարյուր տարում, այստեղ տեղավորվում էր տասնամյակների մեջ: Ժամանակը ստանում էր առասպելական բնույթ, որովհետև դա հենց արարման առասպելն էր: Ծաղկում էր արդյունաբերությունը, և քաղաքի շուրջը վեր էին խոյանում գործարանային ծխնելույզները` որպես աղյուսե արձագանքը նրա սյունաշարերի: Կայսերական բալետը Պետիպայի գլխավորութամբ ներկայացրեց Աննա Պավլովային և ընդամենը քսան տարում մշակեց բալետի` որպես սիմֆոնիկ կառույցի, սեփական հայեցակարգը, որը հետագայում պիտի նվաճեր աշխարհը: Պետերբուրգի նավահանգիստը տարեկան ընդունում էր երեք հազարից ավելի նավ ռուսաստանյան ու օտարերկրյա դրոշների ներքո, 1906 թվականին մեկ տասնյակից ավելի քաղաքական կուսակցություններ էին նիստեր գումարում ռուսական «խորհրդարանում», որը կոչվում էր Դումա (ռուսերեն սա նշանակում է միտք. անգլերենում համահնչյուն doom-ը, որ նշանակում է կործանում, արդյոք վերահաս աղետի նախազգուշացման պես չի՞ հնչում): Սանկտ նախածանցը աստիճանաբար, բայց միանգամայն արդարացված վերացավ քաղաքի անվանումից, իսկ երբ սկսվեց Առաջին աշխարհամարտը, հակագերմանական տրամադրությունների ներգործությամբ ռուսականացվեցին նաև բոլոր անվանումները, և Պետերբուրգը վերածվեց Պետրոգրադի: Քաղաքի` երբեմնի ամբողջությամբ կլանող գաղափարը ավելի ու ավելի քիչ էր իրեն զգացնել տալիս այն պարուրող տնտեսության, քաղաքականության, քաղաքացիական դեմագոգիայի սարդոստայնի միջով: Այլ կերպ ասած` Պղնձե հեծյալի քաղաքը հսկայական ոստյուններով վարգում էր դեպի սովորական մեգապոլիսի ապագան` շնչելով իր փոքր մարդու թիկունքին, շտապեցնելով նրան: Եվ ահա մի գեղեցիկ օր Ֆինլանդական կայարանում կանգ առավ գնացքը, վագոնից դուրս եկավ կարճահասակ մեկը ու մագլցեց զրահամեքենայի վրա:
Ազգային աղետ գուժող այս ժամանումը փրկություն էր քաղաքի համար: Քանի որ ամբողջությամբ կանգ առավ շինարարությունը, ինչպես և երկրի ողջ տնտեսական կյանքը: Քաղաքն ասես քարացել-կարկամել էր համր զարմանքի մեջ վերահաս դարաշրջանի շեմին: Ընկ. Լենինն արժանի է իր հուշարձաններին թեկուզ այն պատճառով, որ զերծ պահեց քաղաքը ինչպես համաշխարհային գյուղի վերածվելու անարգանքից, այնպես էլ իր կառավարության նստավայրը լինելու խայտառակությունից. 1918 թվականին նա մայրաքաղաքը վերադարձրեց տարավ Մոսկվա:
Լոկ այս որոշումն արդեն Լենինին հավասարեցնում է Պետրոսին: Թեև անձամբ Լենինը հազիվ թե հավանություն տար քաղաքն իր պատվին վերանվանելուն, թեկուզ այն պատճառով, որ այստեղ ապրել է ընդհանուր առմամբ երկու տարուց ոչ ավելի: Իր որոշելիքը եթե լինեն, կգերադասեր, որ իր անունը կրեր Մոսկվան կամ որևէ այլ բուն ռուսական քաղաք: Նրան ծովն առանձնապես չէր հետաքրքրում, նա ցամաքի մարդ էր, սովորական քաղաքաբնակ: Եվ եթե Պետրոգրադում նեղվում էր, ապա պատճառը հենց ծովն էր, թեև վախենում էր ոչ այնքան ջրհեղեղներից, որքան բրիտանական ռազմական նավատորմից:
Պետրոս Առաջինի հետ երկու ընդհանրություն ուներ` Եվրոպայի իմացությունն ու անողոքությունը: Սակայն եթե Պետրոսը` իր հետաքրքրությունների լայնությամբ, անսպառ եռանդով, սիրողական մակարդակի, բայց վիթխարի մտահղացումներով, Վերածննդի դարաշրջանից հետ մնացած կամ առաջ անցած անհատ էր, ապա Լենինը ողջ էությամբ իր ժամանակի ծնունդն էր` իշխանության գալու տիպիկ մանրբուրժուական, մոլագար ծարավով համակված նեղճակատ հեղափոխական:
Եվ այսպես, Լենինը եկավ Պետերբուրգ. քանի որ մտածում էր, թե հենց այստեղ է թաքնված իշխանությունը: Նա կգնար ցանկացած այլ վայր` եթե մտածեր, որ այնտեղ կարող էր տիրանալ իշխանությանը (իրականում անգամ փորձել է Շվեյցարիայում, Ցյուրիխում): Կարճ ասած`նա առաջիններից մեկն էր, ում համար աշխարհագրությունը դարձավ քաղաքական գիտություն: Բայց խնդիրն այն է, որ Պետերբուրգը անգամ Նիկոլայ Առաջինի գահակալության ամենառեակցիոն ժամանակաշրջանում իշխանության կենտրոնացման վայր չի եղել: Ցանկացած միապետություն հիմնված է եկեղեցու աջակցությունը վայելող մեկ անձի կառավարմանը ինքնակամ կամ ստիպողաբար հպատակվելու ֆեոդալական սկզբունքի վրա: Վերջին հաշվով, հպատակվելու այս երկու ձևերը կամարտահայտման նույնպիսի դրսևորում են, ինչպես քվեարթերթիկի լրացումը: Լենինի հիմնական նպատակը, մինչդեռ, մարդկանց կամքը կառավարելն էր, նրանց ուղեղները վերահսկելը, ինչը նորություն էր Պետերբուրգի համար: Որովհետև Պետերբուրգը սոսկ կայսերական կառավարման նստավայրն էր, այլ ոչ թե ազգային մշակույթի ու քաղաքակության կենտրոնացման վայրը. քանզի ազգային կամքը, ըստ սահմանման, անհնար է տեղորոշել: Հասարակությունը, լինելով օրգանական միավորում, ինքնակազմակերպվում է նույն կերպ, ինչպես գոյանում է ծառերի միջև հեռավորությունն անտառում: Իշխանության հայեցակարգը, այլ կերպ ասած` պետական վերահսկողությունը սոցիալական կառուցվածքի նկատմամբ ակնհայտ հակասություն է և դիմակազերծում է անտառահատին: Ճարտարապետական վեհության ու քաղաքը սարդոստայնի նման պատած բյուրոկրատական ավանդույթների խառնուրդն ինքնին անհեթեթ էր դարձնում իշխանության գաղափարը: Եթե Լենինն այս քաղաքում ավելի երկար ապրած լիներ, նրա պատկերացումները պետականության մասին ավելի համեստ կլինեին: Բայց նա երեսուն տարեկանից ի վեր շուրջ տասնվեց տարի ապրել էր արտասահմանում, հիմնականում Գերմանիայում և Շվեյցարիայում` հասունացնելով ու փայփայելով իր քաղաքական տեսությունները: Պետերբուրգ վերադարձել էր միայն մեկ անգամ` 1905-ին, երեք ամսով, երբ փորձեց կազմակերպել բանվորների ցույցերն ընդդեմ ցարական կառավարության, սակայն շուտով ստիպված էր ճողոպրել արտասահման` իր սրճարանային քաղաքականությանը, շախմատին, Մարքսին սերտելուն: Այս ամենը չնվազեցրեց նրա անհանդուրժողականությունը. ձախողումը հազվադեպ է ընդլայնում մտահորիզոնը:
1917 թվականին Շվեյցարիայում, պատահական անցորդից լսելով ցարի հրաժարականի մասին, Լենինն ու իր մի խումբ կողմնակիցները դրոշմակնքված վագոնում, որը նրանց տրամադրել էր գերմանական Գլխավոր շտաբը` ռուսական թիկունքում հինգերորդ շարասյուն ունենալու հույսով, ուղևորվեցին Պետերբուրգ: Ֆինլանդական կայարանում 1917-ին գնացքից իջած մարդը քառասունյոթ տարեկան էր, ու պիտի կատարեր թերևս վերջին խաղադրույքը` հաղթել կամ դատվել պետական դավաճանության համար: Չհաշված 12 միլիոն գերմանական մարկը, նրա ուղեբեռում միայն երազանքն էր համաշխարհային սոցիալիստական հեղափոխության մասին, որը սկսվելով Ռուսաստանում, շղթայական ռեակցիա էր հարուցելու: Դրան հասնելու համար հարկավոր էր իրագործել մեկ այլ երազանք` դառնալ ռուսաստանյան պետության ղեկավարը: Նրան Ֆինլանդական կայարան բերած տասնվեցամյա ոլորապտույտ ուղևորության ընթացքում այդ երկու երազանքները միախառնվել-վերածվել էին իշխանության գրեթե մղձավանջային մի հայեցակարգի. այդուհանդերձ, զրահամեքենայի վրա բարձրանալիս նա դեռ չգիտեր, որ դրանցից միայն մեկին է վիճակված իրականանալ:
Ուստի ոչ թե ինքն էր եկել Պետերբուրգ իշխանությունը զավթելու, այլ իշխանությունն էր վաղուց ի վեր զավթել Լենինին ու քարշ տվել Պետերբուրգ: Այն իրադարձությունը, որը պատմության դասագրքերում անվանվում է «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն», իրականում սովորական հեղաշրջում էր, ընդ որում` անարյուն: Ազդանշանից հետո («Ավրորայի» նավախելի թնդանոթի ոչ-մարտական կրակոցը) նորակազմ Կարմիր գվարդիայի վաշտը մտավ Ձմեռային պալատ և ձերբակալեց Ժամանակավոր կառավարության մի խումբ նախարարների, որոնք այդտեղից Ռուսաստանը կառավարելու ապարդյուն փորձեր էին ձեռնարկում ցարի հրաժարականից հետո: Կարմիրգվարդիականները որևէ դիմադրության չհանդիպեցին. նրանք բռնաբարեցին պալատը պաշտպանող կանանց գումարտակի կեսին, թալանեցին սենյակների մեծ մասը: Թալանի ժամանակ երկու կարմիրգվարդիական սպանվեց, մեկը խեղդվեց գինու տակառում: Միակ փոխհրաձգությունը Պալատական հրապարակում, գետնատարած մարմիններով ու երկնքում խաչվող լուսարձակներով, եղել է շատ ավելի ուշ` Սերգեյ Էյզենշտեյնի բեմադրությամբ:
Թերևս հոկտեմբերի 25-ին տեղի ունեցածի համեստ մասշտաբները նկատի ունենալով է պաշտոնական քարոզչությունը քաղաքն անվանել «Հեղափոխության օրրան»: Օրրան էլ մնաց` դատարկ օրրան, և միանգամայն գոհ է այդ կարգավիճակից: Այն խուսափեց մեծ արյունահեղությունից: «Աստված մի արասցե, – ասել է Պուշկինը, – տեսնել ռուսական խռովությունը, անիմաստ ու անողոք», և Պետերբուրգը չտեսավ: Անմիջական հարևանությամբ ու ամբողջ երկրում մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը, սարսափելի մի ճեղքվածք թշնամական երկու ճամբարի էր բաժանել ազգը, իսկ այստեղ, Նևայի ափերին առաջին անգամ երկու հարյուր տարվա ընթացքում անդորր էր տիրում, ու փողոցների ու մայթերի սալաքարերի արանքներից ծլարձակում էր կանաչ խոտը: Իրենց գործն անխափան անում էին սովն ու Չե-Կա-ն (Կա-Գե-Բե-ի օրիորդական անունը), բայց մնացած առումներով քաղաքը թողնվել էր ինքն իրեն ու իր արտացոլանքին:
Մինչ երկիրը, Մոսկվա վերադարձված մայրաքաղաքով, հետ էր գլորվում դեպի խավարը, դեպի մեկուսացումն ու այլատյացությունը, Պետերբուրգը մնաց նույն տասնիններորդ դարի քաղաքը, անշարժ, ինչպես լուսանկարվելուց առաջ: Քաղաքացիական պատերազմին հետևած տասնամյակները շատ չփոխեցին նրա տեսքը. նորակառույցներ հայտնվեցին, բայց հիմնականում արդյունաբերական արվարձաններում: Բացի այդ, ընդհանուր բնակարանային քաղաքականության էությունը «խտացումն» էր, այսինքն` չունևորների բնակեցումը ունևորների բնակարաններում: Օրինակ, եթե ընտանիքը ապրում էր երեքսենյականոց բնակարանում, այն պիտի բավարարվեր դրանցից մեկով, որպեսզի մյուս երկուսում բնակվեին երկու այլ ընտանիքներ: Այսպիսով քաղաքը ներսից ավելի ու ավելի դոստոևսկիական էր դառնում, մինչ դիմապատերը ծեփաթափվում ու ներծծում էին փոշին` դարաշրջանների այդ արևայրուքը:
Պետերբուրգը խաղաղ ու անվրդով հետևում էր տարվա եղանակների հերթափոխին: Այստեղ կարող է փոխվել ամեն բան, բացի եղանակից: Ու լույսից: Դա հյուսիսային լույս է` գունատ ու ցրիվ, դրա ներքո հիշողությունն ու տեսողությունը ձեռք են բերում անսովոր սրություն: Դրա ներքո, ինչպես նաև ուղիղ ու երկար փողոցների շնորհիվ հետիոտնի մտքերը հեռու հետևում են թողնում իր ուղևորության նպատակակետը, և նորմալ տեսողություն ունեցող մարդը կարող է մեկուկես կիլոմետրից տեսնել մոտեցող ավտոբուսի համարը կամ իրեն հետևող լրտեսի տարիքը: Այս քաղաքում ծնված մարդը գոնե երիտասարդ տարիներին ոտքով անցնում է ոչ պակաս հեռավորություն, քան որևէ բեդվին: Եվ ոչ այն պատճառով, որ ավտոմեքենաները քիչ են ու չափազանց թանկ (փոխարենը քաղաքն ունի հասարակական տրանսպորտի գերազանց համակարգ), և ոչ էլ մթերային խանութների մոտ կիլոմետրանոց հերթերի պատճառով: Այլ որովհետև այդ երկնքի տակ շագանակագույն գրատինապատ առափներով հսկայական գորշ գետի երկայնքով քայլելը ինքնին կյանքի ընդլայնում է և հեռատեսության դպրոց: Մշտապես հոսող, հեռացող ջրի հարևանությամբ հատիկավոր գրատինով սալարկված առափից ձեր ներբանները ներծծում են քայլելու անդիմադրելի ցանկություն: Ջրիմուռների բույրով ծովային դիմահար քամին այստեղ ամոքել է ստից, հուսալքությունից ու անօգնականությունից ծանրացած բազմաթիվ սրտեր: Ու եթե դա նպաստում է ստրկացմանը, ապա ստրուկին կարելի է ներել:
Սա մի քաղաք է, ուր միայնությունն ավելի հեշտ ես տանում, քան այլուր, որովհետև քաղաքն ինքն էլ միայնակ է: Անբացատրելի մխիթարություն ես գտնում այն գիտակցության մեջ, որ այս քարերը ընդհանուր ոչինչ չունեն ներկայի, առավել ևս ապագայի հետ: Որքան առաջանում է քսաներորդ դարը, այնքան ավելի անառիկ տեսք են ստանում քաղաքի դիմապատերը` ուշադրության չարժանացնելով այս նոր ժամանակներն ու դրանց հոգսերը: Ներկային առնչվել նրանց ստիպում է միայն կլիման, և իրենց վստահ են զգում ուշ աշնան կամ վաղ գարնան գարշելի եղանակին, երբ քամին պոռթկումներով քշում է անձրևախառն ձյունը: Կամ թունդ ձմռանը, երբ պալատներն ու առանձնատները վեր են խոյանում սառցապատ գետի վրա` հիշեցնելով տարիքն առած կայսերական մեծատոհմիկների` ձնե շալերով, ձյունաթույր խավեզրերով ու մուշտակներով: Երբ մայր մտնող հունվարյան ծիրանեգույն արևը բաց ոսկեգույն է ներկում դիմապատերի բարձր վենետիկյան պատուհանների ապակիները, կամրջի վրա ցրտից կուչ եկած անցորդն անսպասելիորեն տեսնում է այն, ինչին ձգտում էր Պետրոսը այդ պատերը կառուցելիս` հսկայական հայելի միայնակ մոլորակի համար: Եվ հոգոցով գոլորշի արտաշնչելով, անցորդը գրեթե խղճահարություն է զգում այդ մերկ, դորիական սանրվածքով, սառած, մինչև ծնկները ձյան մեջ թաղված սյուների նկատմամբ:
Որքան ավելի է իջնում օդի ջերմաստիճանը, այնքան ավելի վերացական է դառնում քաղաքի տեսքը: Մինուս քսանհինգը բավականին ցուրտ է արդեն, բայց ջերմաստիճանը շարունակում է իջնել, և թվում է, թե մարդկացից, գետից ու շենքերից հետո թիրախ է ընտրել գաղափարներն ու վերացական հասկացությունները: Տանիքների վրա սավառնող ճերմակ ծուխը շենքերը նմանեցնում է կանգ առած գնացքի, որի նպատակակետը հավերժությունն է: Զբոսայգիներում ու պուրակներում ծառերը նման են մարդկային թոքերի ուսումնական պաստառների` ագռավի բների սև խոռոչներով: Ցանկացած կետից հեռվում երևում է Նավաշինարանի աշտարակի ոսկեգույն ասեղը` նման ամպերի պարունակությունը ցավազրկել փորձող գլխիվայր ճառագայթի: Եվ հնարավոր չէ ասել, թե ով է ավելի համապատասխանում այս խորապատկերին. մերօրյա փորք մարդի՞կ, թե՞ թիկնապահներով լի սև լիմուզիններում սուրացող նրանց ամենակարող տերերը: Անհարմարության զգացողություն (մեղմ ասած), վստահ եմ, ունեն ինչպես առաջինները, այնպես երկրորդները:
Նույնիսկ երեսնական թվականների վերջին, երբ տեղական արդյունաբերությունը վերջապես մոտեցավ նախահեղափոխական մակարդակին, բնակչության թիվը դրան համապատասխան չաճեց. տատանվում էր երկու միլիոնի սահմաններում: Իրականում, սակայն, բնիկ (երկու և ավելի սերունդ Պետերբուրգում ապրած) ընտանիքիների տոկոսը անշեղ անկում էր ապրում. Քաղաքացիական պատերազմի, քսանական թվականների արտագաղթի, երեսնականների զտումների պատճառով: Հետո Երկրորդ աշխարհամարտն ու իննհարյուրօրյա շրջափակումն էր` մեկ միլիոն կյանք տարած իր ռմբածություններով ու սովով: Շրջափակումը քաղաքի պատմության ամենաողբերջական էջն է, և կարծում եմ, այդ ժամանակ էր, որ վերապրած բնակիչները վերջապես ընդունեցին «Լենինգրադ» անվանումը` որպես մեռածների հիշատակի տուրք. տապանաքարերին փորագրվածի հետ դժվար է վիճել: Քաղաքն անսպասելիորեն ծերացավ. ասես Պատմությունը վերջապես ճանաչեց նրա գոյությունն ու որոշեց բաց թողած ժամանակը լրացնել իր սովորական սահմռկեցուցիչ ձևով` դիակներ կիտելով: Այսօր` երեսներեք տարի անց, թեև նորոգված ու ներկված, այդ ծնկի չբերված քաղաքի առաստաղներն ու դիմապատերը պահպանել են բնակիչների վերջին շնչի, վերջին հայացքի թողած բծերը: Թե՞ ներկն է վատը եղել, կամ ծեփը` անորակ:
Այսօր քաղաքը հինգ միլիոն բնակիչ ունի, և առավոտյան ութին լեփ-լեցուն տրամվայները, տրոլեյբուսներն ու ավտոբուսները անթիվ կամուրջների վրայով գործարաններ ու հիմնարկներ են հասցնում մարդկանց այդ ողկույզները: «Խտացմանը» փոխարինելու են եկել ծայրամասային նորակառույցները` ամբողջ աշխարհում հայտնի այն ոճով, որին ժողովուրդը «բարոկկո» է անվանում: Քաղաքի այսօրվա հայրերի մեծ արժանիքը կարելի է համարել այն, որ գրեթե անձեռնմխելի են պահում կենտրոնական մասը: Այստեղ չկան երկնաքերներ, ճանապարհային հանգույցներ: Ռուսաստանը ճարտարապետական փաստարկներ ունի երկաթե վարագույնին երախտապարտ լինելու համար. այն օգնել է պահպանել արտաքին յուրօրինակությունը: Մեր օրերում, երբ քաղաքի տեսարանով բացիկ ես ստանում, պիտի սկսես կռահել, թե որտեղից է` Կարակասի՞ց (Վենեսուելա), թե՞ Վարշավայից (Լեհաստան):
Այնպես չէ, որ քաղաքի հայրերը չեն ցանկանում իրենց անմահացնել ժամանակակից ապակեպատ կառույցներով, բայց ինչ-որ բան հետ է պահում նրանց: Որքան էլ ճղճիմ` բայց նրանք էլ ընկնում են քաղաքի ազդեցության տակ ու չեն համարձակվում անել ավելին, քան, ասենք, որևէ տեղ ժամանակակից հյուրանոց կառուցելն է, որտեղ ամեն ինչը, բացառությամբ ռուսական մարդու հնարամտությանը հասու էլեկտրահաղորդման ցանցից, արվում է օտարերկրացիների (ֆինների) ձեռքերով: Որպես կանոն, այդ հյուրանոցները արտասահմանցիների համար են, հաճախ` նույն ֆինների, քանի որ այդ երկիրը մոտ է Լենինգրադին:
Բնակչության զվարճության վայրերը շուրջ հարյուր կինոթատրոններն են ու մեկ տասնյակից ավելի դրամատիկական, օպերայի ու բալետի թատրոնները: Երկու մեծ ֆուտբոլային մարզադաշտ կա. քաղաքն ունի երկու ֆուտբոլային և մեկ հոկեյի թիմեր: Ընդհանուր առմամբ, իշխանությունները հովանավորում են սպորտը, և, ինչպես հայտնի է, հոկեյի ամենամոլի երկրպագուն ապրում է Կրեմլում: Իսկ ամենասիրված ժամանցի ձևը Լենինգրադում, ինչպեսև ամբողջ Ռուսաստանում, կես լիտրն է: Ալկոհոլի սպառման առումով այս քաղաքը իրոք պատուհան է դեպի Ռուսաստան, ընդ որում` լայն բացված: Առավոտյան իննին արդեն ավելի հաճախ հարբած մարդու կտեսնեն, քան ազատ տաքսի: Մթերային խանութի խմիչքի բաժնում միշտ կտեսնես պարապ, բայց որոնող հայացքով մի զույգ տղամարդկանց. սպասում են «երրորդին»`շշի արժեքն ու պարունակությունը իրար մեջ բաժանելու համար: Առաջինը` դրամարկղի մոտ, երկրորդը` մոտակա շենքի մուտքում: Դրա կիսախավարի մեջ բարձրագույն արվեստի է հասնում կես լիտրի բաժանումը երեք հավասար մասերի` առանց կաթիլ իսկ մնացորդի:
Այս մուտքերում սաղմնավորվում են տարօրինակ, անսպասելի, հաճախ ցկյանքս ձգվող ընկերական հարաբերություններ, ինչպես նաև`ամենազազրելի հանցագործություններ: Ու թեև քարոզչությունը բանավոր և տպագիր պայքար է մղում հարբեցողության դեմ, պետությունը շարունակում է օղի վաճառել ու ժամանակ առ ժամանակ բարձրացնում է դրա գինը, որովհետև կես լիտրը պետական եկամտի ամենամեծ աղբյուն է. դրա ինքնարժեքը հինգ կոպեկ է, իսկ մանրածախ գինը` հինգ ռուբլի: Ինչը նշանակում է ինը հազար ինը հարյուր տոկոս եկամուտ:
Բայց հարբեցողությունը հազվադեպ երևույթ չէ ցանկացած ծովափնյա վայրի բնակիչների շրջանում: Լենինգրադցիների ամենաբնորոշ գծերը վատորակ ատամներն են (շրջափակման ժամանակ վիտամինների պակասի հետևանքը), շփական հնչյունների արտաբերման հստակությունը, ինքնահեգնանքը և որոշ քամահրանքը երկրի մնացած մասի նկատմամբ: Հոգևոր առումով այն շարունակում է մայրաքաղաք լինել. Մոսկվայի հետ այն հարաբերվում է նույն կերպ, ինչպես Ֆլորենցիան` Հռոմի կամ Բոստոնը` Նյու Յորքի հետ: Ինչպես Դոստոևսկու հերոսներից ոմանք, Լենինգրադը հպարտության ու գրեթե զգայական հաճույքի առարկա է դարձնում իր «չճանաչվածությունը», մերժվածությունը, բայց միաժամանակ այն լիովին գիտակցում է, որ նրանց համար, ում մայրենի լեզուն ռուսերենն է, այս քաղաքն ավելի իրական է, քան որևէ այլ վայր, որտեղ ռուսերեն են խոսում:
Քանզի կա երկրորդ Պետերբուրգը` բանաստեղծություններով ու ռուսական արձակով ստեղծվածը: Այդ արձակն ընթերցվում ու վերընթերցվում է, բանաստեղծություններն անգիր են արվում, առնվազն այն պատճառով, որ խորհրդային դպրոցներում երեխաները ստիպված են դրանք սերտել` եթե ուզում են ավարտական վկայական ստանալ: Այդ սերտելն է, որ ապահովում է քաղաքի կարգավիճակն ու տեղը ապագայում` քանի դեռ գոյություն ունի ռուսաց լեզուն, նաև դա է, որ խորհրդային դպրոցականին դարձնում է ռուս մարդ:
Ուսումնական տարին սովորաբար ավարտվում է մայիսի վերջին, երբ սկսվում են սպիտակ գիշերները, որոնք ձգվում են ամբողջ հունիսի ընթացքում: Սպիտակ գիշերը ասածը նշանակում է, որ արևը մայր է մտնում հազիվ երկու ժամով. հյուսիսային լայնություններում լայնորեն հայտնի երևույթ է: Դա ամենակախարդական ժամանակն է քաղաքում, երբ կարելի է գիշերվա երկուսին գրել կամ կարդալ առանց լույսը վառելու, երբ վիթխարի, ստվեր չգցող շենքերն իրենց ոսկեգույն տանիքներով նման են նուրբ չինական սպասքի: Այնպիսի լռություն է տիրում, որ թվում է թե կլսես թեյի գդալի զնգոցը Ֆինլանդիայում: Երկնքի թափանցիկ-վարդագույն երանգն այնքան նուրբ է, որ չի արտացոլվում գետի բաց երկնագույն հայելում: Կամուրջները բաժանված են. կարծես գետաբերանի կղզիները բաց են թողել միմյանց ձեռքերն ու հոսանքի հետ դանդաղորեն լողում են դեպի Բալթիկ ծովը: Այդպիսի գիշերը դժվար է քնել, որովհետև այն չափազանց լուսավոր է և որովհետև որևէ երազ երբեք չի հասնի այդ իրականությանը: Երբ մարդը ստվեր չի գցում, ինչպես ջուրը:
Թարգմանությունը անգլերենից՝ Լեոնիդ Զիլֆուղարյանի