Գլխումս բառեր են պտտվում
Ու ես ցավեր չունեմ, հոգիս
Ցանկություն է՞
Թե՞ իրողություն,
Թե՞ ավարտուն զրույց
իմ և քո միջև
***
Լռությունդ
Նման սկսվող օրին
Նման չվերջացող տարածությանը
Նման կուչ եկած ծերունուն՝
միշտ հասկանալ եմ փորձում:
***
-գնանք
ու չենք գնում
Մրսում ենք ու չենք գնում
Հայացքներս կամարին է ինչ-որ
և չենք գրկում իրար
ու մերթ շշնջում եմ՝ ՝
-տուն եմ եկել
ասում եմ մտքումս,
որ նա է տունս
ու չենք գնում
ու չենք գրկում իրար,
երևի այդպես է պետք:
Ցանկություն է հասարակ
Որ պիտի լինես
իմ քաղաքում
հետո սուրճ խմենք
ու ես երևակայեմ
թե բաժակիդ սև մրուրում
ինչ-որ ծանոթ տառ եմ տեսնում…
***
Այս վազքի
Ու այս ընթացքի մեջտեղում եմ
Ուր սերը
Որպես հավատարիմ ուղեկից է
Ու ես հոսում եմ դեպի վար
ու
Սիրտս հանգիստ է
***
Եվ ի վերջո
Դու զգացողություն ես
Ու անվերջ զրույց իմ մեջ…