Հովհաննես Երանյան | Ապոկալիպսիսի հրեշտակները

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Բողոքավոր մարդկանց երթը սև ժապավեններով ու գրություններով ծածկված փողոցներով մայրաքաղաքի մի հրապարակից դեպի մյուսն էր գնում: Երբ նրանց՝ «Դավաճան, հեռացիր» վանկարկումներն արդեն շատ մոտ էին, տաքսու վարորդը չուզեց ոտատակ ընկնել և կծկվեց իր մեքենայի մեջ: Թեև ուղեկից ոստիկաններ կային, սակայն տեսան ու չմիջամտեցին, երբ երթից մեկը քացով ուժգին հարվածեց նրա մեքենայի դռանն ու գոռաց.
-Ինչի՞ չես միանում, այ դավաճանի զոմբի:
Նրա այս հայհոյանքը ուրիշներին էլ ոգևորեց: Երկու հոգի էլ ուզեցին ոտքերով հարվածել մեքենայի կողերին, բայց փոշմանեցին ու առաջ գնացին: Այդ ամենը վայրկյաններ տևեց: Երբ գոչյունները հազիվ լսելի դարձան, նա իջավ մեքենայից, կաղալով մի կերպ պտույտ տվեց չորս կողմն ու գոհ մնաց: Հարվածի հետք գրեթե չէր երևում: Նորից նստեց Մերսեդեսի ղեկին, արդեն որերորդ անգամ աչք գցեց սև ժապավեններին ու կրկնեց.
– Նարեկ 20, Նարեկ 19, Սամվել 19, Նարեկ 18, Տիգրան:
Տիգրանի թիվը լավ չէր երևում: Կամ 35 էր, կամ՝ 38:
-Ուրեմն կամ սպա կլինի, կամ` կամավոր,- ասաց ինքն իրեն ու որոշեց տուն գնալ:
-Տղես, ինձ Ղարաբաղ կտանե՞ս,- լսեց հանկարծ ապակու իջեցված փոքրիկ ճեղքից: Նայեց նրան ու հասկացավ, որ ինքն իր մեջ կուչ եկած վաթսունի մոտ տղամարդը վստահ է, որ մերժում է ստանալու:
-Ի՞նչ ես կորցրել Ղարաբաղում, հոպար,-պատասխանեց վարորդը,- բոլորն էնտեղից փախչում են, դու ուզում ես՝ գնա՞ս:
-Տղայիս գտնեմ, կտանե՞ս:
-Հա՜,-ծոր տվեց տաքսիստը, էսօր հարևանս էլ զանգեց, խնդրեց:
-Տանելու՞ ես:
-Լավ, արի էսպես անենք, զանգեմ հարևանիս: Երկու ժամ առաջ ինքն էլ էր ուզում գնալ: Եթե ուրիշի հետ չի պայմանավորվել, միասին գնանք, համ շատվոր կլինենք, համ էլ կկիսվեք փողը, ես էլ իմ կողմից զեղչ կանեմ:
Տղամարդը լուռ սպասում էր։
-Չէ, չկպավ,- հարևանի հետ խոսելուց հետո շշնջաց երիտասարդ վարորդը,- ասեց՝ արդեն Սիսիան են հասնում:
-Ուրեմն, չե՞ս տանի:
-Ես քշող եմ, բայց քո մասին եմ մտածում: Ախր, երկրաշարժից փլված տան տեսք ունես, երևում ա, որ նեղության մեջ ես, քեզնից ո՞նց վերցնեմ էդքան փող:
-Փող ունեմ, բայց հույս չունեմ: Հինգ օրվա մեջ ժամանակ կգտներ զանգելու…
– Մի վռազ թաղի տղուդ, հոպար: Կարող ա` վիրավոր ա, կամ հեռախոսն ա փչացել, կորել: Ես ինչ գիտեմ, էնքան տարբերակ կա:
Տղամարդը չասաց, որ արդեն երեք օր, հենց աչքը մի քանի րոպե կպչում է՝ նույն երազն է տեսնում։ Որդին վիրավոր ընկած է մի սարի վրա, արնաքամ է լինում, և չկա ոչ մի օգնող։
Նա հանկարծի հեկեկաց, և վարորդը հասկացավ, որ որդուց անլուր հինգ օրերին նա կնոջ ու դստեր առաջ լավատես է ձևացել՝ «հաղթելու ենք, զգետնելու ենք», բայց ուզել է լալ, և չի թաքնվել խոհանոցում կամ զուգարանում, որ աչքերը սրբի գաղտագողի, որովհետև ինքն էլ մի քիչ հավատացել է, որ որդին անփորձանք վերադառնալու է, և իր հանձնվելու մի կաթիլ արցունքը որդու սև թղթի վրա դրված կնիքի անգույն թանաքը կդառնա, հեռախոսով հայտնված բոթի առաջին հնչյունը կամ մահվան ցուցակների առաջին անվան առաջին տառը:
Վարորդն ուզեց նրան առաջարկել, որ նստի կողքին, մեքենայի մեջ, բայց չհասցրեց, որովհետև նա ինքը դա արեց, հետո թաշկինակը անփույթ շտապողականությամբ տարավ-բերեց աչքերին, ու իրեն վերագտած ասաց.
-Եթե համաձայն ես, որ 30 հազարը տեղում տամ, մնացածը մի քանի օրից, ուրեմն հենց հիմա գնանք:
-Մտքովս բան անցավ, հինգ օր դիմացել ես, մի ժամ էլ համբերիր: Հիմա մի ցուցանակ կպցնեմ, որ Արցախ ենք գնում, ու մի քիչ սպասենք, հնարավոր ա էլի մարդիկ ուզենան գալ:
Տղամարդու լուռ համաձյանությունը տեսնելով՜ ավելացրեց․
-Բայց էստեղ չէ, գնանք ավտոկայան։
Արդեն կես ժամ էր մեքենայի մեջ լուռ նստած էին ավտոկայանում, երբ ուղևորն ասաց.
-Մի քսան մետր առաջ չե՞ս գնա:
Վարորդը նայեց դիմացի սև ժապավենին ու հարցրեց․
-Տղուդ անո՞ւնն էլ ա Տիգրան:
Տղամարդը գլխի շարժումով լուռ հաստատեց:
– Կամավոր ա գնացե՞լ, թե զորակոչվածների մեջ ա:
-Չէ, ժամկետային ծառայող,- պատասխանեց ուղևորն ու հարցրեց,- թույլ կտա՞ս ծխեմ։:
-Ծխի, հոպար, հանգիստ ծխի: Ես էլ բանակում ծխել եմ մի երկու ամիս, բայց թարգեցի:
Հետո էլի լուռ էին, ու կրկին վարորդն առաջինը խոսեց.
-Ուշ ես երևի ամուսնացել, որ տղադ ժամկետային զինվոր ա:
-Չէ, քսանյոթում,-խեղճացած պատասխանեց ուղևորը,- երեսուն էի, որ ծնվեց, ճիշտ նույն օրը, ինչ որ ես:
-Քանի՞ տարեկան է,- զարամացած հարցրեց վարորդը:
-Տասնինը: Անցած տարի պոլիտեխնիկ ընդունվեց, հետո բանակ տարան:
-Բան չհասկացա, հոպար, ուզում ես, ասե՞ս, որ դու ընդամենը….
-Հա, քառասունինը: Պատերազմից առաջ էսքան ծեր չէի։
Հետո մի քիչ էլ լռեցին ու վարորդն ասաց․
-Մի ծանոթ բարեկամ չունեի՞ր, գազի փող տաիր՝ ընկերական տաներ:
-Ես իմը նվիրեցի բանակին, տարան գցեցին դրակոնի երախը:
-Դրոնի՞:
-Եղբորս երեկվանից շնչառական սարքի տակ են պահում, հարևանս քրոջ տղային է թաղում, փեսաս էդ պարտության թղթի պատճառով կաթված տարավ: Ամեն մեկն իր ցավի հետ:
-Երկար ճանապարհ ենք գնալու, արի, քանի սպասում ենք, մի քիչ քնենք:
Նա իր նստարանը փոքր ինչ հետ տվեց ու կիսապառկած շարունակեց:
-Դու էլ փորձի:
-Բա, չկարողանայի՞:
-Դե, լավ, ոնց ասես, բայց եթե սիրտդ էլի ծխել ուզի, խնդրում եմ, դրսում արա, քնած ժամանակ ծխախոտի հոտից սրտխառնոց ա սկսվում:
Նա էլի լուռ գլխով արեց, բայց մեկ-երկու րոպե անց մի զույգ մոտեցավ մեքենային և տղամարդը հարցրեց.
-Ղարաբա՞ղ եք գնում:
-Հա,- վարորդի փոխարեն պատասխանեց ուղևորը,- դո՞ւք էլ:
-Մենք չէ, ես-պատասխանեց նորեկ տղամարդը:
-Չէ, քեզ մենակ չեմ թողնի, ես էլ եմ գալիս,- ասաց կինն ու բացելով դուռը՝ նստեց մեքենայի հետևի նստարանին:
-Իջիր մեքենայից, Թագուհի աղջիկ: Ժողովուրդ ջան, էս կնոջը մի խոսք հասկացրեք: Ասում եմ՝ գնամ-տեսնեմ՝ տունն ինչ վիճակի մեջ ա, թե որ ապրելու պիտանի ա, կարգի բերեմ, մի քանի օր էլ սպասեմ, տեսնեմ, թե իրոք խաղաղ ա, թե ռուսը պաշտպանում ա, իմաց անեմ, կամ հենց ինքս գամ ձեր հետևից:
-Ճիշտ բան ա ասում, մորքուր,- նստատեղն ուղղելով ու աչքերը տրորելով՝ ասաց վարորդը:
-Ճիշտ եմ ասում, բա ինչ եմ անում,- ոգևորվեց ամուսինը,- դու մնա հարսիդ ու թոռներիդ մոտ, մինչև ռազվեդկա անեմ, գամ:
-Ասացի, մենակ չես գնա, ռազվեդչիկիս տեսեք,- չզիջեց կինը:
-Չի համոզվի,-ասաց տաքսիստը,- որոշի, կամ գնում ենք, կամ էլ միասին հետ եք դառնում:
-Պնդաճակատ ղարաբաղցի,- սկսեց կամաց-կամաց նահանջել ամուսինը՝ մեքենա նստելով,- Սողոմոնի հերն եմ անիծել, որ չծանոթացներ քեզ հետ: Քշի տղա ջան, գնացինք:
-Եկեք սկզբում ծանոթանանք, երկար ճանապարհ ենք գնալու, իրար անունները չիմանա՞նք: Տիկին Թագուհունն արդեն լսեցինք: Իմ անունը Մեսրոպ ա, բայց բոլորը Մոսո կամ Մոս են ասում,- ներկայացավ տաքսիստը:
– Ես էլ ոչ բարով էդ Թագուհու կամակատար ամուսին Վլադիկն եմ:
-Անունս Հարություն է, Արշակյան Հարություն,- քրթմնջաց առաջին ուղևորը:
-Ըհը, ծանոթացանք: Քսան հազար դուք եք տալիս, տասնհինգ էլ՝ ուստա Հարութը, համաձա՞յն եք:
-Բայց էդ քիչ չի՞,- հարցրեց Վլադիկը,- որ տաքսիստին մոտեցանք, հիսուն ուզեցին:
-Չէ, քիչ չի: Հա, մի բան էլ, հասնենք Գորիս, սպասենք լույսը բացվի, նոր մտնենք Ղարաբաղ, որ գիշերով մի փորձանքի չգանք: Էլ ջիհադիստ վարձկաններ, էլ թուրքեր:
Թագուհին հարցրեց՝ թե որ պիտի Գորիսում սպասեն լուսաբացին, ավելի լավ չի՞ ուղղակի Երևանից ուշ շարժվեն, իսկ վարորդը պատասխանեց, թե հիմա չեն կարող քնել, բայց ճանապարհից հոգնած Գորիսում ոնց էլ չլինի մի քիչ կննջեն։
-Հը՞, գնացի՞նք,- արդեն անհամբեր էր Հարությունը:
Մեսրոպն առաջարկեց մոտակա կրպակից ջուր և մանր-մունր քաղցրեղեն վերցնել, բայց Վլադիկն ասաց․
-Թագուհուս պայուսակում ուտելիք կա, կհերիքի, ջուր էլ ունենք, արաղ էլ:
-Դե, ուրեմն սպասեք, գնամ մի բան էլ ես վերցնեմ,- նեղվեց Հարությունը:
-Այ, Հարութ ջան, ասեցի ամեն ինչ էլ կա, քշի նավապետ Մովսես:
-Լավ, կուզես Մովսես ասա, բայց Մեսրոպն եմ,- թեքվեց, ժպտաց տաքսիստն ու իր գործին անցավ:
Դեռ Երասխավանի օղակաձև խաչմերուկին չէին հասել, որ մթնեց: Քիչ անց լսվեց Վլադիկի խռոցը, ու կինը շշուկով ասաց.
-Չորս օր չի քնել, հիմա, որ տուն ենք գնում, երևի սիրտը հանգստացավ:
Քիչ անց, գլուխն ամուսնու ուսին դրած, ինքն էլ ննջեց:
Հարությունը ծխախոտն առանց վառելու շուռումուռ էր տալիս շուրթերի արանքում:
-Գիտեմ, ծխել ես ուզում, բայց որ կանգնեմ, դուռը բացես՝ կզարթնեն, թող մի քիչ հանգստանան, լա՞վ: Մի կես ժամից Եղեգնաձորի կողմերը գազ ենք լցնելու, կդիմանա՞ս:
-Կդիմանամ,- կմկմաց Հարությունը:
Սակայն չարթնացան: Երկուսն էլ դուռը զգուշորեն բացեցին, և իջնելով՝ առանց փակելու վրա բերեցին: Հարությունը նկատեց, որ վարորդը դժվարությամբ է քայլում, ու մտածեց, որ հոգնել է, ոտքերը թմրել են երկար նստելուց: Բայց տարօրինակ տկտկոցին ուշադրություն չդարձրեց: Մինչ լիցքավորման շլանգը կմիացնեին, հասցրեց ծխել: Բայց երբ Մեսրոպը դանդաղ, զգույշ ու կաղալով դեպի իրեն էր գալիս, կրկին լսեց տկտկոցը, ավելի ստույգ՝ թխկոցը, որ ձախ ոտքը գետնին դնելուց էր լսվում: Դեռ ոչ մի բառ չէր հասցրել հարցնել, երբ տաքսիստն ասաց.
-Բանի տեղ մի դիր, ես լավ եմ:
-Կոշիկիդ կրու՞նկ ա պոկվել,- հարցրեց:
-Տուր մի հատ էլ ես ծխեմ,- պատասխանեց Մեսրոպը,-և մինչ Հարությունն առանց աչքը նրա ոտքից կտրելու՝ տուփից երկու հատիկ ծխախոտ կհաներ, շալվարի ձախ փողքը մի քիչ վեր բարձրացնելով՝ շարունակեց,- ծնկից ներքև երկաթ ա:
-Այ քեզ բան, բա ո՞նց ես մեքենա վարում,- հարցրեց վառիչի կրակը նրան մոտեցնելով:
-Ավտոմատ ա, քշելուց ձախ ոտքն անելիք չունի,- պատասխանեց, ծուխը ներս քաշեց ու հազաց Մեսրոպը:
Հետո էլի ծուխը քաշեց, կրկին հազաց, ծխախոտը աղբամանի մեջ նետեց ու ասաց.
-Բայց արի նրանց բան չասենք, իզուր թող չանհանգստանան:
-Ո՞նց ես հաջողացրել:
-Ապրիլյանից նվեր մնաց: Իրոք որ հաջողեցի: Շատերը կողքիս մեռան։ Կտրեցին, մի տարի հետո պրոտեզ դրեցին:
Լցակայանի աշխատողը ձեռքով նշան արեց, որ մեքենան լիցքավորված է:
-Թող քեզ օգնեմ,-տաքսիստին թևանցուկ անելով՝ ասաց Հարությունը:- Տուր, ես փողը տանեմ, վճարեմ, էդքան չքայլես:
-Արդեն տվել եմ, հանգիստ եղիր:
Ամուսինները դռների փակվելուց էլ չարթնացան, բայց Վլադիկի խռոցը չկար: Շուրջ մեկ ժամ անց Մեսրոպը շշուկով ասաց.
-Ամբողջ ճանապարհի ամենաբարձր ու ամենացուրտ կետում ենք: Էստեղ միշտ ճնշումս մի քիչ բարձրանում ա:
-Ամուսնացա՞ծ ես,- քրթմնջաց Հարությունը:
-Հա, ընկերուհուս չկարողացա հրաժարեցնել, հիմա կինս ա, երկու տարեկան աղջիկ ունենք:
-Առաջ բոլորը տղա էին ուզում ունենալ, հիմա՝ աղջիկ:
-Հա, ո՞ր: Էդ ինչի՞,-հարցրեց Մեսրոպը:
-Պատերազմների երկրում տղեն ծնված օրվանից առանձին ցավ ա:
-Բայց որ տղերք չլինեն, կմտնեն մեր տների մեջ աղջիկներին էլ կսպանեն,- չհամաձայնեց տաքսիստը ու քիչ անց հարցրեց․
-Ուսուցի՞չ ես:
-Հա, ի՞նչ իմացար: Քիմիա, կենսաբանություն եմ տալիս, համ էլ դպրոցի տնօրեն եմ,- պատասխանեց Հարությունը:
Հետո հուշերը դարսդարսելուց հետո ավելացրեց.
-Վիրաբույժ էի, մի ջահել կնոջ լեղապարկը հեռացնելիս լյարդը վնասել էի: Մինչև հասկացանք ինչն ինչոց է՝ մահացավ: Արգելեցին բժիշկ աշխատել, երկու տարի էլ պայմանական տվեցին:
Մեսրոպը ոչինչ չպատասխանեց: Գորիսին էին մոտենում, որ Հարությունն ասաց, թե ջուր թափելու անհաղթահարելի ցանկություն ունի:
-Ավելի շատ ծխելու համար ես ասում, չէ՞,- հարցրեց Մեսրոպը ու կանգ առավ աղբյուրի մոտ, որը թեև մթության մեջ չէր երևում, բայց ջրի ձայնը լսվում էր: Հարությունն արագ-արագ իջավ, գրեթե վազելով անցավ մայրուղու հակառակ կողմը, թաքնվեց ծառի թիկունքին: Քիչ անց ջրի ձայնի ուղղությամբ գնաց, գտավ աղբյուրը ձեռքերը մտցրեց ջրի տակ, մի լավ տրորեց, ու թեև ցուրտ էր, բայց դեմքն ու գլուխն էլ ցողեց դաշյունի շեղբի կտրող սառնությամբ ջրով, մի երկու կում խմեց, ափերը չորացրեց տաբատի վրա քսելով և ծխախոտը բերանը խցկեց: Երբ վերադարձավ ու փակեց դուռը՝ Թագուհին արթնացավ:
-Որտե՞ղ ենք,- հարցրեց,-թու էս ի՞նչ ծխի հոտ ա գալիս:
-Գորիս ենք հասնում,-պատասխանեց Մեսրոպը:
-Պահո, ուրեմն մի երեք ժամ քնել ենք: Վլադ վեր կաց, վիզդ կծռվի կողք գցած:
Ամուսինը չպատասխանեց:
-Քեզ հետ եմ այ մարդ,- ցնցեց ամուսնու ուսը, բայց արձագանք չեղավ:
Նա ավելի ուժգին հրեց ամուսնուն: Վլադը ընկավ նստարանին, և գլուխը դիպավ մեքենայի կողապակուն:
-Չէ, չէ-ճչաց կինը,- օգնեք, փրկեք, մի բան արեք:
Հարությունը դուրս թռավ, բացեց մեքենայի հետնադուռը, ուղղեց Վլադի մարմինն ու մատները զարկերակին պահելուց հետո ասաց.
-Ուշ ա, մահացել ա:
Հետո աչքն ընկավ մեռածի ոտքերի տակ պեծպեցացող լույսին: Նա վերցրեց հեռախոսն ու տեսավ, յոթանասունմեկ զոհվածների նոր ցանկը:
-Տո՛ւր այստեղ, տուր տեսնեմ,-ճչաց Թագուհին:
Նա մի քանի վայրկյան աչքի անցկացրեց, հետո նորից ճչաց, բռունցքով խփեց ամուսնու ուսին ու հեկեկաց.
-Բա ասում էիր՝ չես կարողանում նայել ցուցակները: Ինչի՞ արեցիր, ինչի՞: Հետ բեր որդուս, դու ես մեղավոր, ինչի՞ նայեցիր առանց ինձ, ինչի՞…
Տղամարդիկ, մեկն անշունչ, մյուսները դեռ կենդանի՝ սպասեցին, մինչ միակ կինը հեկեկաց, բողոքեց, սնկրտաց ու լռեց.
-Հիմա, ի՞նչ անենք,- հարցրեց Հարությունը:
-Երևի տանենք Գորիսի հիվանդանոցի մորգ,- ասաց Մեսրոպը:
-Չէ, ոչ մի Գորիս, նրան մեզ հետ տուն ենք տանում,- վճռական հայտարարեց մեկ րոպեում որդուն ու ամուսնուն կորցրած կինը:
-Ախր,-ուզում էր առարկել վարորդը, բայց Թագուհին անառարկելի տոնով ընդհատեց նրան:
-Ոչ մի ախր, ես նրան տուն եմ տանելու: Հայր ու որդի իրար կողք պիտի ննջեն:
-Չես համոզի,- վարորդին ասաց ուսուցիչը:
-Գիտեմ,-հնազանդվեց Մեսրոպը:
-Արի նստիր առջևում, իմ տեղը: Ես կպահեմ նրան:
-Չէ, ուղղակի թեքեք, գլուխը դրեք գոգիս,- ասաց Թագուհին ու էլի հեծկլտաց:
-Ի՞նչ անենք, էստեղ սպասենք՝ լուսը բացվի՞, թե՞ ռիսկ անենք գիշերով,- հարցրեց Մեսրոպը:
-Դուք որոշեք, ինձ համար մեկա ա, ես էլ կորցնելու բան չունեմ,-արցունքների միջից ասաց Թագուհին:
-Էդ վերջին ցուցակն ինձ համար կնայե՞ս,- վարորդին թախանձեց Հարությունը:
– Հա, ինչի՞ չէ,- չմերժեց Մեսրոպը, բայց զգացվեց, որ սրտով չէ հանձնարարությունը:
Նա ցանկացավ իր հեռախոսը միացնել, բայց Հարությունը մեկնեց սեփականը.
-Մինչև հիմա խերով ա եղել, համ էլ նախ պիտի աղոթեմ:
Նա մի քանի նախադասություն քրթմնջաց, որից ոչ մի բառ չհասկացվեց, հետո ասաց.
-Ես կգնամ ծխելու, երբ գամ՝ ոչ մի բառ չասեք, ինքս ամեն ինչ գլխի կնկնեմ:
-Դավիթ Հարությունի, մի րոպե, մի րոպե, Արշակյան, չէ՞,- հարցրեց Մեսրոպը:
-Հա, Արշակյան, բայց Դավիթ չէ, Տիգրան,-պատասխանեց ուսուցիչն ու իջավ մեքենայից:
Մեսրոպը կարդալու ընթացքում հարցրեց Թագուհուն.
– Առուշանյան Արմեն Վլադիկի՞:
Պատասխանի փոխարեն Թագուհին նորից հեկեկաց:
Հարությունը մի փոքր հեռվում մեկը ծխել, երկրորդն էր ուզում վառել, երբ լսեց Մեսրոպի ձայնը.
-Չկա, պարոն Արշակյան, հանգիստ արի: Տիգրան կա, բայց Արշակյան չի, ոչ էլ՝ Հարությունի:
Հարությունը վազքով եկավ, նստեց մեքենան, գրկեց Մեսրոպի գլուխն ու համբուրեց այտը.
-Ապրես, շնորհակալ եմ:
-Կուզե՞ս մի բաժակ խմես, մի քիչ թուլանաս,- լացի միջից հարցրեց Թագուհին:
-Վատ չէր լինի:
Նա կնոջ առջարկով կրկին իջավ մեքենայից և հետևի դուռը բացեց, վերցրեց նրա պայուսակն ու իր տեղը վերադարձավ: Հետո հանեց օղու շիշը, բաժակներ ու հարցրեց.
-Ձեզ էլ տա՞մ:
-Հա, կխմեմ,- ասաց Թագուհին:
Հարությունը լցրեց, թեքվեց և ուսի վրայից բաժակը մեկնեց կնոջը: Հետո էլի անհասկանալի մի քանի բառ քրթմնջաց ու խմեց իր բաժինը:
-Աստծուն հավատո՞ւմ ես, պարոն Հարություն,- անսպասելի հարցրեց Մեսրոպը:
Մի քանի վայրկյան մտածելուց հետո նա պատասխանեց.
-Չգիտեմ: Մինչև էս պատերազմը չեմ հավատացել: Պատերազմի ընթացքում մտածում էի, գուցե իրո՞ք կա Աստված: Ինչո՞ւ նրան չխնդրեմ տղայիս համար: Ուրիշ ի՞նչով կարող էի օգնել: Տիկին Թագուհի, մեկն էլ կարելի՞ ա:
-Ինձ էլ երկրորդը լցրեք,- հառաչելով ասաց կինը ու մեկնեց դատարկ բաժակը,- բայց Աստծուն միշտ ա պետք հավատալ, պատերազմ լինի, թե չլինի…:
Հարությունը կրկին ուզեց կիսաձայն ասած բառից հետո խմել, բայց Թագուհին ընդհատեց նրան.
-Սպասեք: Էդպես չեն խմում, հո ռուս չե՞ք: Էկեք Աստծուն քո որդու ու իմ ավագի համար խնդրենք, որ անփորձանք պահի, որ…
Նրա կոկորդը բռնվեց և չկարողացավ շարունակել:
-Որ գոնե մի քսան-երեսուն տարի խաղաղություն լինի, որ գոնե մի սերունդ պատերազմ չտեսնի,- ավարտեց Հարությունը:
Երբ արդեն մութի հետ ամենօրյա պայքարում լույսը վաղուց հաստատել էր իր իրավունքը, Մեսրոպի մեքենան մոտեցավ ռուս խաղաղապահների անցակետին: Մի քանի մետր այն կողմ թշնամու զրահամեքենան էր կանգնած, ու զինվորները: Ռուսները նախ անձնագրերը ստուգեցին, հետո մեքենան տնտղեցին:
-Հարբա՞ծ է, թե՝ ուղղակի քնել է,- հարցրեց ուղեկալի ավագը` տեսնելով կնոջ գոգին գլուխը դրած Վլադիկին:
-Մեռած է,- ասաց տաքսիստը ռուսերեն:
-Չհասկացա, բոլորն էստեղից դիակ են տանում, դուք բերու՞մ եք:
-Տուն էր վերադառնում, բայց սիրտը չդիմացավ,- ասաց Հարությունը:
-Հա, ուրեմն ուրախությունից սիրտը պայթել է,-ասաց խաղախապահ հրամանատարը, ինքն էլ զարկերակը ստուգեց ու ավելացրեց,- դե լավ, անցեք:
– Ուրախութունից, իհարկե, ձեզ ի՞նչ կա,- ասաց Թագուհին, երբ արդեն տասը րոպե էր անցել:
Էլի տասը րոպե անց, երբ արդեն Շուշիի խաչմերուկին էին մոտենալու, ճանապարհի ձախ կողմում տասը-տասնհինգ զինվորի մարմիներ տեսան: Մեսրոպն աշխատում էր չնայել այդ կողմ, բայց Հարությունը խնդրեց.
-Կանգնիր, ես պիտի նրանց մեջ փնտրեմ:
Տաքսիստն ու Թագուհին նայում էին, թե ինչպես է նա քիթը բռնած զգուշորեն շուռումուռ տալիս դիակները: Երբ վերադարձավ ու նորից մեքենա նստեց, իր հետ դիահոտ բերեց: Կես կիլոմետր էլ չէին անցել, որ արդեն ճանապարհի երկու կողմում տեսան ընկածների: Մեսրոպը հարցական նայեց կողքին նստած Հարությունին ու վերջինս ասաց.
-Ինձ թող այստեղ, դուք ճանապարհը շարունակեք:
-Էդպես ո՞նց կլինի,- զարմացավ վարորդը,- ով ասես կարող ա հիմա դուրս գա անտառից ու կամ քեզ էլ փռի էս ջահելների կողքին, կամ գերի տանի:
-Կապ չունի: Ես պիտի գտնեմ տղայիս: Ստուգելով ընդառաջ կգամ, մինչև նրանց տեղ հասցնես ու հետ գաս:
-Ոտքս թմրել ա, ցավում ա, գնալով գլուխը ծանրացավ, էլ դիմանալու չի,- ասաց Թագուհին:
-Արի, նստիր առջևում, -առաջարկեց Հարությունը,- ես նրան կպառկեցնեմ:
Նա այնքան նայեց հեռացող մեքենայի հետևից, մինչև որ անհետացավ ոլորանի հետևում:
Հետո հրետակոծությունից շուռ եկած մի ծառի փչակին նստեց, ծխեց ու դեմքին խաչ հանելուց հետո դանդաղ մոտեցավ դիակներին: Նրանց մի մասն անճանաչելի էին: Աչքաչափով միայն բարձրահասակներին էր տնտղում, փորձում ծանոթ բան գտնել: Տիգրանը երկու մետրից մի քիչ պակաս բոյ ուներ:
Հետո քայլեց առաջ, մինչև զոհերի նոր խմբի հասավ: Ամեն անգամ գործն սկսելուց առաջ ծխում էր, դեմքին խաչ հանում: Էլի տաս հոգանոց խմբից մեկի դիմագծերը ծանոթ թվացին: Փոքր ինչ մտածելուց հետո հիշեց իրենց դպրոցի շրջանավարտին: Անունը կամ ազգանունը ոչ մի կերպ չկարողացավ տեղը բերել:
Նրանցից հեռանալով՝ գրեթե երկու կիլոմետր քայլեց, մինչև նոր խմբի հանդիպեց:
Նրանց մեջ էլ չգտավ իր որդուն: Հոգնել էր, աչքը Մեսրոպի մեքենայի ճամփին էր, բայց օրն արդեն մթնում էր, իսկ նա չկար ու չկար:
Զիվորական Ուրալ բեռնատար կանգնեց, մի սպա և չորս զինվոր իջան, սկսեցին դիակները թափք բարձրացնել: Սպան մոտեցավ, հանեց հակագազն ու հարցրեց.
-Ի՞նչ ես անում էստեղ, սրանց գրպաննե՞րն ես մտնում:
-Տղայիս եմ փնտրում: :
-Դու հայ չե՞ս: Չե՞ս տեսնում, որ սրանք թուրք են, հավաքում ենք տանենք մեր զոհերի հետ փոխանակենք:
Հարությունը նոր միայն նկատեց ընկածների համազգեսի կիսալուսնի նշանը:
-Համ էլ ժանտախտը քեզ կտանի, էդպիսի բան չեն անում:
-Մի քիչ վերև մերոնք էին, ճամփի երկու կողմում էլ կան: Մեկին ճանաչեցի:
Սպան ձեռքը թափ տվեց ու հակագազը դեմքին քաշելով՝ գնաց դեպի բեռնատարը: Հարությունը մի բան հիշելով՝ վազեց նրա հետևից ու հարցրեց.
-Մեքենայի մեջ շա՞տ են, կարո՞ղ եմ բարձրանալ, նրանց մեջ էլ նայել:
-Մեքենայի մեջ միայն թուրքեր են,- առանց հակագազը հանելու ասաց թափքի վրայից զինվորներից մեկը,- մեր տղերքին ուրիշ մեքենայով են տանում:
Հարությունը գլխիկոր քայլեց առաջ, իսկ մեքենան գնաց հակառակ ուղղությամբ:
Քիչ անց լրիվ մութ էր: Հատուկենտ մեքենաներ էին անցնում, ամեն անգամ հույսի նշույլ ծնելով, թե իր ճանապարհի ընկերը կլինի: Սպասում էր ու չգիտեր՝ ինչ էր անելու, եթե իսկապես նա գար: Ձեռնունայն հե՞տ էր վերադառնալու, թե շարունակելու էր այլ տեղ որոնել լույսը բացվելուց հետո:
Էլի ծխում էր առանց անելիքն իմանալու, երբ թիկունքից թևաբախում լսեց, շրջապատը լուսավորվեց ու կողքին հայտնվեց ճիփ-ճերմակ հրեշտակը: Նա աջ թևով գրկեց Հարությունի մեջքն ու ասաց.
-Արի՛ ինձ հետ:
Հարությունը հնազանդվեց, բայց զգում էր, որ քայլում է ոչ սեփական կամքով, ոտքերն ասես գետնին չէին դիպչում, ոչ շուռ եկած ծառերը, ոչ մացառները նրան չէին խանգարում, սահում էր նրանց միջով: Հետո հրեշտակը թողեց նրան, թևերը թափ տալով առանց բառ ասելու ճախրեց հեռացավ ծառերի գագաթների վրայով: Շուրջը կատարյալ խավար տիրեց: Չէր հասցրել հասկանալ ոչ կատարվածի իմաստը, ու ոչ էլ անելիքը, երբ մարդկային տնքոցներ լսեց: Վառեց հեռախոսի լույսն ու գնաց ձայնի ուղղությամբ: Տեսավ ծառի տակ, թմբի վրա պառկած զինվորին: Մոտեցավ, լուսավորեց նրան: Ամուր գրկել, կրծքին էր սեղմել ինչ-որ մեկի թևը, արմունկից մինչև մատները և ցավից տնքում էր: Հարությունը նախ փորձեց վերցնել այն նրա գրկից, բայց զինվորը հանկարծակի գոռաց.
-Թողեք, չտանեք ընկերոջս:
-Դու վիրավո՞ր ես, էս ո՞ւմ թևն ես գրկել: Ես քեզ ուզում եմ օգնեմ, կհանեմ ճանապարհ ու հիվանդանոց կհասցնեմ:
-Ոչ մի տեղ չեմ գա,- գոռաց զինվորը, -առանց ընկերոջս չեմ գա:
-Ու՞ր է ընկերդ, ասա, նրան էլ կօգնեմ,- նա հեռախոսի լապտերի լույսը պտտեց շուրջը:
Նորից փորձեց ուրիշի դաստակը վերցնել զինվորի ձեռքերից, բայց նա կրկին ճչաց.
-Թող, չտանես ընկերոջս:
-Լավ, լավ, երկուսիդ էլ կտանեմ,- ամեն ինչ հասկացավ Հարությունը, տանջելով ու տանջվելով գիրկն առավ զինվորին ու դժվարությամբ քայլեց դեպի ճանապարհը: Ցուրտ էր, բայց քրտինքը գլխից ու մեջքից հոսում էր դեպի ոտքերը: Հևում էր, հազում: Հետո կանգնեց, առանց գրկից իջեցնելու մի քիչ հանգստացավ ու շնչասպառ հասավ ճանապարհին: Նստեց ասֆալտին, զինվորի գլուխը ծնկին, իսկ ընկերոջ դաստակը՝ նրա գրկում: Քիչ անց սկեց կանչել.
-Հեյ, օգնեցեք, ինձ լսո՞ւմ եք, օգնեք, վիրավոր կա էստեղ:
Ի պատասխան միայն զինվորի տնքոցը լսեց:
-Ո՞ր տեղդ ա ցավում, ո՞ր մասից ես վիրավոր,-հարցրեց:
Զինվորը մի ձեռքը թողեց ընկերոջ դաստակից ու ցույց տվեց պարանոցը: Հեռախոսի լապտերը գցելով տղայի պարանոցին, տեսավ չորացած արյունը:
-Լավ ես պրծել,-ասաց,-արնահոսություն չկա:
Հետո նորից երկինքը լուսավորվեց: Նա էլի տեսավ ճախրող հրեշտակին: Հենց այդ ժամանակ մեքենայի լույս էլ երևաց․ մոտեցավ ու կանգնեց: Ձախ ոտքը կտկտացնելով մեքենայից իջավ Մեսրոպն ու ասաց.
-Կներես, շատ ուշացա, հույս չունեի, որ կգտնեմ քեզ: Տիգրա՞նդ է, ուրեմն վերջը գտա՞ր:
-Չէ, ինքը չի, վիրավոր է: Կարո՞ղ ես օգնել՝ մեքենայի մեջ տեղավորենք:
Մեսրոպը բռնեց նրա ոտքերից ու նոր միայն տեսավ գրկի արյունոտ դաստակը:
-Էս ի՞նչ ա, ու՞մ թևն ա,- հարցրեց:
-Ընկերոջ,-պատասխանեց Հարությունը,- չփորձես վերցնել, չի տա:
Նրան պառկեցրին մեքենայի մեջ, թե չէ, տնքոցը կտրեց:
-Մեռա՞վ,- հարցրեց տաքսիստը:
-Չէ, քնեց,-պատասխանեց ուսուցիչը:
-Ո՞ր կողմ քշեմ,- հարցրեց Մեսրոպը:
-Պարզ չի՞,- ասաց Հարությունը,- որ կողմում որ մոտիկ հիվանդանոց կա՝ Ստեփանակերտ:
-Չէ, իմաստ չունի, էնտեղ ավելի ծանրերն են, բժիշկները չեն հասցնում, ես նրանց էի էսքան ժամանակ օգնում:
-Լավ, ուրեմն Գորիս կհասցնենք, արնահոսության վտանգ չկա:
Երկար չէին գնացել, որ մութը կտրուկ ցրվեց ու գիշերն ասես հանկարծակի տեղը ցերեկվա արևոտ լույսին զիջեց:
Ճանապարհի երկու կողմում հրեշտակներ էին խմբված զոհված զինվորների մարմինների մոտ: Հարությունը տրորեց աչքերն ու հարցրեց.
-Ցնդում եմ երևի, աչքիս ամենուր հրեշտակներ են երևում:
-Չէ, չես ցնդում,- վստահ պատասխանեց Մեսրոպը: Իրոք հրեշտակներ են, եկել են տղերքի հոգիները երկինք ուղեկցելու: Ես նրանց էլի եմ տեսել: Չորս տարի առաջ, ապրիլին:
Հետո էլի քանիցս մթնում էր ճանապարհն ու լուսանում, երբ խումբ-խումբ նոր հրեշտակներ էին երևում: Երբ այդ ամենն ավարտվեց, Հարությունը մի անգամ էլ փորձեց քնած զինվորի ձեռքերի միջից վերցնել ընկերոջ թևը, բայց չկարողացավ. շատ ամուր էր բռնել:
Ռուսները հիշեցին դիակ բերող Մերսեդեսի ուղևորներին:
-Մեկին բերեցիք, մյուսին տանո՞ւմ եք,- հարցրեց նրանցից ավագը:
-Չէ, կենդանի է, պիտի շուտ հոսպիտալ հասցնենք,- ասաց Մեսրոպն ու հարցրեց.
-Հերթափոխ չունե՞ք, շուրջօրյա եք ծառայո՞ւմ:
-Մերոնք նոր-նոր են գալիս, բայց մի ժամից կփոխվենք:
Մեսրոպը նրան մեկնեց մեքենայի մեջ մնացած օղու շիշը:
-Վերցրու, էստեղի թթի արաղ ա, շատ չխմես, լավն ա, բայց թունդ ա:
Երբ նորից ճամփա ընկան, Հարությունն ասաց,
-Իզուր տվեցիր նրանց, տղայի վերքը կմշակեի: Ճիշտն ասած՝ մի քիչ էլ կխմեի:
-Չգիտեմ,-պատասխանեց Մեսրոպը, – մեկ-երկու շաբաթից, կամ ամսից պարզ կլինի, արժե՞ր նրանց նվեր տալ, թե՝ չէ:
-Մեր թունդ բաները մեզ պիտի պահեինք։
Հետո, երբ Հայաստանի սահման մտան, երկուսի հեռախոսն էլ սկսեց ծնգծգալ հաղորդագրություններից: Երկուսին էլ կանայք էին բազմիցս զանգել:
-Իմը մի հարց ունի՝ ու՞ր եմ հասել,-ասաց Մեսրոպը,- առաջինը դու խոսա, իրար չխանգարենք:
-Շնորհակալ եմ,- ասաց Հարությունն ու հետ զանգեց: Սակայն կնոջ փոխարեն աղջիկը վերցրեց ու ճչաց.
-Պապ, պապ, Տիգրանին գտել ենք: Ողջ ա, Շենգավիթ հիվանդանոցում ա արդեն երկու օր, նոր ա ուշքի եկել ու ասել, թե ով ա: Ձախ թևը չկա, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Հիմա մամայի հետ Տիգրանի մոտ ենք, հետ արի:
-Գորիսի կողմերն ենք, մի քանի ժամից կհասնենք,-ասաց, անջատեց հեռախոսն ու մանկան պես սնկրտաց: Մեսրոպն էլ թաքուն սրբեց աչքերը: Հետո, երբ Հարությունն արդեն հանգստացել էր, ասաց.
– Մեսրոպ ջան, ի՞նչ ես մտածում, էսքան բանից հետո մի օր ոտքի կկանգնե՞նք:
-Չգիտեմ․․․ ես հավատում եմ, պատասխանեց տաքսիստը,- տիկին Թագուհուն չտեսա՞ր:
Քիչ անց Մեսրոպը լսեց կողքին քնած ուղևորի համաչափ շնչառությունը ու սխալմամբ կարծեց, թե հիմա արդեն երկար կքնի: Սակայն րոպեներ անց Հարությունը դիվահարի պես վեր թռավ, միացրեց հեռախոսի լապտերը, ծնկեց նստատեղի վրա, թեքվեց ու սկսեց զննել զինվորի գրկի դաստակն ու հանկարծակի ճչաց․
-Հնարավոր չի, ո՞նց հավատամ։
-Ի՞նչ եղավ, պարոն Հարություն:
-Արևիկ, Արևիկ ջան: Շան լափ թափեցի գլխին էդ անունը դաջելու համար: Ո՞ւմ պատմես՝ հավատան, թե հրեշտակները գիտեն՝ ուր են ուղեկցում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *