Բարձր-բարձր՝ հովիտներից վեր, աստղերի տակ, գետի, լճակի, ճանապարհի վրայով թռչում էր Սեսին: Անտեսանելի՝ ինչպես նոր գարնանային քամիները, թարմ՝ ինչպես երեքնուկի բույրը մթնշաղոտ դաշտերում ճախրում էր աղավնիների մեջ թեթև, ինչպես սպիտակ կզաքիս, կանգնում էր ծառերի վրա և ապրում էր ծաղիկների մեջ, և երբ փչում էր զեփյուռը, թռչում էր ծաղկաթերթիկների հետ: Նա բնակվում էր անանուխի պես զով դեղնականաչագույն գորտի մեջ` շողացող գետափոսի մոտ, վազում բրդոտ շան մեջ և հաչում` ականջ դնելով հեռավոր ամբարներից եկող արձագանքներին: Նա ապրում էր ապրիլյան թարմ խոտի մեջ, արցունքի պես ջինջ խոնավության մեջ, որ բարձրանում էր մուշկաբույր հողից:
«Արդեն գարուն է, – մտածեց Սեսին: – Այս գիշեր ես կլինեմ աշխարհում գոյություն ունեցող ամեն մի կենդանի էության մեջ»:
Ահա նա՝ կոկիկ ծղրիդների մեջ է` ճանապարհների խայտաբղետ կուպրոնի վրա, կամ՝ լողում է ցողի մեջ՝ երկաթե դարպասին նստած: Իր կյանքի այս երեկոյան, երբ նա ընդամենը տասնյոթ տարեկան էր, նրա ճկուն, արագաշարժ միտքը անտեսանելիորեն ճախրում էր Իլինյոսի քամիների հետ:
«Ուզում եմ սիրահարվել», – ասել էր նա:
Այդ մասին նա խոսել էր ընթրիքի ժամին: Ծնողները զարմացած աչքերով քար էին կտրել իրենց նստած տեղերում: «Համբերություն, – եղել էր նրանց խորհուրդը, – հիշի՛ր` դու յուրահատուկ ես: Մեր ամբողջ ընտանիքն է անսովոր ու յուրահատուկ: Մենք չենք կարող խառնվել սովորական մարդկանց կամ ամուսնանալ նրանց հետ: Մենք կկորցնենք մեր մոգական կարողությունները, եթե այդպես վարվենք: Դու չես ցանկանում կորցնել «ճանապարհորդելու» քո մոգական կարողությունը, չէ՞: Այնպես որ, զգույշ եղիր: Զգու՛յշ եղիր»:
Սակայն վերևում, իր ննջարանում Սեսին օծանելիք ցողեց պարանոցին և պառկեց հովանոցով անկողնում` դողալով ու սրտի թրթիռով, մինչ կաթնագույն լուսինը բարձրացավ Իլինյոս աշխարհի վրա` վերածելով գետերը սերուցքի, իսկ ճանապարհները` պլատինի:
—Այո, – հառաչեց նա, – ես արտասովոր ընտանիքի անդամ եմ: Մենք քնում ենք ցերեկը, իսկ գիշերը քամու հետ սավառնում՝ ինչպես սև ուրուրներ: Եթե ցանկանանք, կարող ենք ամբողջ ձմեռ քուն մտնել խլուրդների հետ տաք հողի տակ: Ես կարող եմ ապրել ամեն ինչի մեջ` լեռնային բյուրեղի, քրքմածաղկի, աղոթող ուխտագնացի: Ես կարող եմ իմ պարզ, հողեղեն մարմինը թողնել այստեղ, իսկ հոգիս ուղարկել հեռու` արկածների հետևից: Հիմա՛:
Քամին նրան քշեց-տարավ դաշտերի ու մարգագետինների վրայով:
Նա տեսավ տներից և ֆերմաներից առկայծող ջերմ գարնանային լույսերը, որ շողշողում էին մայրամուտի գույներով:
«Եթե ես ինքս չեմ կարող սիրահարվել, քանի որ պարզ ու անսովոր եմ, ուրեմն կսիրահարվեմ մեկ ուրիշի միջոցով», – մտածեց նա:
Գարնանային գիշերվա մեջ ֆերմային կից տան մոտ մի աղջիկ` մուգ վարսերով, մոտավորապես տասնինը տարեկան, խորը քարե ջրհորից ջուր էր հանում: Նա երգում էր:
Սեսին, վերածվելով կանաչ տերևի, ընկավ ջրհորի մեջ: Նա պառկել էր ջրհորի փափուկ մամուռի մեջ և մութ զովության մեջից նայում էր վեր: Ահա նա թռչկոտող անտեսանելի ամեոբայի մեջ է: Ահա` ջրի կաթիլի մեջ: Ի վերջո, սառը բաժակի ներսում նա զգաց` ինչպես է բարձրանում դեպի աղջկա շուրթերը: Կումերի մեղմ ձայնը լսվեց գիշերվա օդում:
Սեսին աղջկա աչքերով նայեց շուրջը:
Նրա գլխի մթության մեջ թափանցելով՝ Սեսին փայլուն աչքերի խորքից նայեց այն ձեռքերին, որ քաշում էին կոպիտ պարանը: Նրա ականջախեցիների միջոցով ականջ դրեց աղջկա աշխարհին, նրբազգաց քթանցքերով որսաց մի անծանոթ տիեզերքի բույր: Զգաց այս առանձնահատուկ սրտխփոցը, օտար լեզվի շարժումները, երբ նա երգում էր:
«Տեսնես` նա գիտի՞, որ ես այստեղ եմ», – մտածեց Սեսին:
Աղջիկը խորը շունչ քաշեց: Նա հայացքը հառեց գիշերային մարգագետիններին:
—Ո՞վ կա այդտեղ:
Ոչ մի արձագանք:
—Միայն քամին է, – պատասխանեց Սեսին:
—Միայն քամին, – աղջիկը դողդողալով ծիծաղեց ինքն իր վրա:
Գեղեցիկ էր աղջկա մարմինը: Քնքուշ մաշկը ծածկում էր բարեկազմ, փղոսկրի նման հրաշալի ոսկորները: Իսկ ուղեղն ասես խավարում ծաղկած վարդագույն թեյի վարդ լիներ, բերանը բուրում էր խնձորի գինու անուշահոտությամբ: Շուրթերն ամուր գրկել էին ձյունաճերմակ ատամները, հոնքերը կամարներ էին գցել աշխարհի վրա, իսկ մազերը` փափուկ ու նուրբ, թափվում էին կաթնագույն պարանոցի վրա: Քիթը նայում էր լուսնին, իսկ այտերը շողշողում էին փոքրիկ կրակների նման: Մարմինը փետուրի թեթևությամբ մի շարժումից մյուսն էր անցնում և, ասես, անդադար ինչ-որ բան էր երգում ինքն իրեն: Այս մարմնի, այս գլխի մեջ գտնվելը նման էր օջախի կրակից ջերմանալուն, քնած կատվի մռլտոցի մեջ ապրելուն, գիշերը դեպի ծով հոսող տաք գետակի մեջ լողալուն:
«Ինձ այստեղ դուր կգա», – մտածեց Սեսին:
— Ի՞նչ, – հարցրեց աղջիկը, ասես ինչ-որ ձայն էր լսել:
— Անունդ ի՞նչ է, – հարցրեց Սեսին զգուշորեն:
— Էնն Լիրի, – աղջիկը ցնցվեց: – Ինչու՞ բարձրաձայն ասացի:
— Էնն, Էնն, – շշնջաց Սեսին, – դու կսիրահարվես, Էնն:
Ասես ի պատասխան` ճանապարհից լսվեց մանրախճի վրայով շարժվող անիվների չխկչխկոցն ու ճռճռոցը: Մոտեցավ կառքը` ներսում մի բարձրահասակ երիտասարդ, որի ամրակազմ ձեռքերը բարձր պահել էին սանձը, իսկ ժպիտը լուսավորում էր ողջ բակը:
— Այդ դու՞ ես, Թոմ:
— Ուրիշ էլ ո՞վ, – ցատկելով կառքից` նա սանձը կապեց ցանկապատին:
— Ես չե՛մ խոսում քեզ հետ, – Էննը կտրուկ շրջվեց, և ջուրը ցայտեց նրա ձեռքի դույլից:
_ Ո՛չ, – բացականչեց Սեսին:
Էննը քար կտրեց: Նա նայեց բլուրներին և գարնանային առաջին աստղերին: Նա հայացքն ուղղեց դեպի այն մարդու, ում անունը Թոմ էր: Սեսին ստիպեց նրան ցած գցել դույլը:
—Տե՛ս, թե ինչ արեցիր:
Թոմը վազեց նրա մոտ:
—Տե՛ս, թե ինչ եղավ քո պատճառով:
Թոմը ծիծաղելով մաքրեց նրա կոշիկները թաշկինակով:
—Հեռացի՛ր, – նա ոտքով հարվածեց Թոմի ձեռքերին, սակայն Թոմը նորից ծիծաղեց, և հեռու-հեռվից նրան նայելով` Սեսին տեսավ նրա գլխի շարժումը, գանգի չափը, արծվաքիթը, աչքերի փայլը, լայն ուսերը, ամրակազմ ձեռքերը, որ թաշկինակով նրբորեն կատարում էին այս գործողությունը: Այդ գեղեցիկ գլխի գաղտնի ձեղնահարկից ցած նայելով` Սեսին քաշեց որովայնախոսության գաղտնի պղնձե մետաղալարը, և գեղեցիկ բերանից անմիջապես հնչեց` «Շնորհակալություն»:
—Օ՜, մի՞թե դու էլ կարող ես քաղաքավարի լինել:
Նրա ձեռքերի կաշվի հոտը և հագուստից եկող ախոռի հոտը հասան Էննի զգայուն քթանցքերին, և Սեսիի մարմինը հեռու-հեռվում` պառկած գիշերային մարգագետիններից և ծաղկաշատ դաշտերից այն կողմ, ասես երազում, անհանգիստ շարժում կատարեց:
—Միայն ո՛չ քեզ հետ, ո՛չ, – ասաց Էննը:
—Լռի՛ր, մեղմ խոսիր, – ասաց Սեսին: Նա Էննի մատները պարզեց դեպի Թոմի գլուխը: Էննը հետ քաշեց ձեռքը:
—Ես խելագարվել եմ:
—Այո, – նա գլխով արեց ժպտալով, բայց շփոթված: – Ուզում էիր դիպչե՞լ ինձ:
—Չգիտեմ: Օ՜, հեռացի՛ր, – նրա այտերն այրվում էին վարդագույն ածուխների պես:
—Ինչու՞ չես փախչում: Ես քեզ չեմ պահում, – Թոմը վեր ելավ: – Գուցե միտքդ փոխե՞լ ես: Այսօր երեկոյան ինձ հետ կգա՞ս պարելու: Դա շատ կարևոր է: Հետո կասեմ, թե ինչու:
—Ոչ, – ասաց Էննը:
—Այո՛, բացականչեց Սեսին: – Ես երբեք չեմ պարել: Ես ուզում եմ պարել: Ես երբեք խշխշացող երկար զգեստ չեմ հագել: Ուզու՛մ եմ: Ուզում եմ պարել ողջ գիշեր: Ես երբեք չեմ գտնվել պարող կնոջ մարմնում. մայրիկն ու հայրիկը երբեք թույլ չէին տա: Շներ, կատուներ, մորեխներ, տերևներ. ես տարբեր ժամանակներում փորձել եմ աշխարհի շատ բաներ, բայց երբեք չեմ եղել կնոջ մարմնում, գարնանը, այսպիսի գիշերով… Օ՜, խնդրում եմ, մենք պե՛տք է գնանք պարելու:
Նա իր միտքը տարածեց այնպես, ինչպես մատներն են տարածվում նոր ձեռնոցի մեջ:
—Լավ, – ասաց Էնն Լիրին, – ես կգամ: Չգիտեմ` ինչու, բայց այս երեկո ես քեզ հետ պարելու կգամ, Թոմ:
—Իսկ հիմա ներս գնա, արա՛գ, – գոչեց Սեսին: – Դու դեռ պետք է լողանաս, ասես ծնողներիդ, պատրաստես զգեստդ, վերցրու՛ արդուկը, գործի՛ անցիր:
—Մայրի՛կ, – ասաց Էննը, – ես միտքս փոխել եմ:
Կառքը սլանում էր ճանապարհն ի վար: Տան սենյակները հանկարծ կյանքով էին լցվել. լոգանքի ջուրը եռում էր, ածուխի վառարանը տաքացնում էր արդուկը` զգեստը արդուկելու համար, մայրիկն այս ու այն կողմ էր շտապում` հերակալները բերանին:
—Քեզ ի՞նչ է եղել, Էնն: Թոմը քեզ դուր չի գալիս:
—Ճիշտ է, – հանկարծ Էննը կանգ առավ գործի ամենաթեժ պահին:
«Չէ՞ որ գարուն է», – մտածեց Սեսին:
—Գարուն է, – ասաց Էննը:
«Եվ հիանալի գիշեր է պարելու համար», – մտածեց Սեսին:
—… պարելու համար, – մրմնջաց Էնն Լիրին:
Ահա և նա տաշտի մեջ է, տարածում է օճառի փրփուրը իր սպիտակ ուսերի վրա, թևերի տակ օճառի կղզյակներ ստեղծում: Նրա ջերմ կրծքերը սահում են ձեռքերի մեջ, իսկ Սեսին շարժում է նրա շուրթերը, ստիպում ժպտալ, գործել: Նա չպետք է կանգ առնի, երկմտի, այլապես այս ողջ մնջախաղը կփլուզվի: Էնն Լիրին պետք է շարժման մեջ լինի, գործի, այստեղ լվա, այնտեղ օճառ քսի: Իսկ այժմ` դու՛րս: Չորանա՛լ սրբիչով: Օծանելի՛ք: Դիմափոշի՛:
—Է՛յ, դու՛, – գոչեց Էննը հայելու մեջ իր արտացոլանքին` ամբողջովին ճերմակ ու վարդագույն` նման շուշանների ու մեխակների: – Ո՞վ ես դու այս երեկո:
—Տասնյոթամյա աղջնակ, – Սեսին նայեց իր մանուշակագույն աչքերից: – Դու ինձ չես տեսնում: Գիտե՞ս, որ ես այստեղ եմ:
Անն Լիրին օրորեց գլուխը.
—Իմ մարմինն ապրիլյան կախարդի ձեռքերում է, վստահ եմ:
—Մոտ ես, շատ մոտ, – ծիծաղեց Սեսին: – Իսկ հիմա հագնվի՛ր:
Ի՜նչ հաճելի է, երբ գեղեցիկ զգեստը գրկում է փթթող մարմինը: Իսկ դրսից արդեն կանչում են:
—Է՛նն, Թոմն այստեղ է:
—Ասա նրան, որ սպասի, – Էննը հանկարծ նստեց: – Ասա նրան, որ ես չեմ գնում պարելու:
—Ի՞նչ, – ասաց մայրը` կանգնած դռան արանքում:
Սեսին ակնթարթորեն կենտրոնացրեց ուշադրությունը: Այդպիսի ճակատագրական պահին նա շեղվել էր, միայն մի ակնթարթ լքել էր Էննի մարմինը: Նա լսել էր ձիերի սմբակների հեռավոր ձայնը, լուսնի լույսով լուսավորված ճանապարհով սլացող անիվների ճռռոցը: Մի պահ մտածել էր գնալ և գտնել Թոմին, թափանցել նրա մտքերի մեջ և հասկանալ, թե ինչ է զգում նման երեկոյին քսաներկուամյա երիտասարդը: Այսպես նա սլացել էր հավամրգու դաշտերի վրայով, ապա միանգամից հետ թռել, ինչպես թռչունը` դեպի իր վանդակ, իսկ հիմա սոսափում, գալարվում էր Էնն Լիրիի գլխում:
— Ասա՛ նրան` թող գնա:
—Է՛նն, – Սեսին հարմարվեց` տարածելով իր մտքերը:
Բայց Էննը կատաղության մեջ էր:
—Ո՛չ, ո՛չ, ես ատում եմ նրան:
«Ես չպետք է հեռանայի, նույնիսկ մեկ ակնթարթ: – Սեսին իրեն ենթարկեց երիտասարդ աղջկա ձեռքերը, սիրտը, գլուխը: Մեղմորեն, նրբորեն…- Կանգնի՛ր»:
Էննը ոտքի ելավ:
—Հագի՛ր վերարկուդ:
Էննը հագավ վերարկուն:
—Իսկ հիմա քայլի՛ր:
«Ո՛չ», – մտածեց Էնն Լիրին:
—Քայլի՛ր:
—Է՛նն, – ասաց Էննի մայրը, – հերիք է սպասեցնես Թոմին: Հենց հիմա դուրս արի` և առանց հնարքների: Քեզ ի՞նչ եղավ:
—Ոչինչ, մայրիկ: Բարի գիշեր: Մենք ուշ կվերադառնանք:
Էննն ու Սեսին սլացան գարնանային երեկոյին ընդառաջ:
Սենյակ` լի նրբորեն պարող աղավնիներով, որ քնքշորեն ծածանում էին իրենց հանդարտ փետուրները, սենյակ` լի սիրամարգներով, սենյակ` լի ծիածանի գույներով փայլող աչքերով ու լույսերով: Եվ այս ամենի կենտրոնում պարելով պտտվում, պտտվում, պտտվում էր Էնն Լիրին:
—Օ՜, ի՜նչ հրաշալի երեկո է, – ասաց Սեսին:
— Հրաշալի երեկո է, – կրկնեց Էննը:
— Դու տարօրինակ ես, – ասաց Թոմը:
Երաժշտությունը նրանց մշուշի մեջ էր առել, երգի հոսանքների մեջ նրանք լողում էին, ծածանվում, սուզվում, նորից ելնում` շունչ քաշելու, նրանք շնչահեղձ էին լինում, կառչում էին միմյանցից, ինչպես խեղդվողներ, և նորից ու նորից «Գեղեցիկ Օհայո»-ի հնչյունների ներքո պտտվում սիրառատ պտույտներով, շշուկների ու շշունջների մեջ:
Սեսին ձայնակցում էր: Էննի շուրթերը հեռացան, և հնչեց երաժշտությունը:
—Այո, ես տարօրինակ եմ, – ասաց Էննը:
—Դու քեզ նման չես, – ասաց Թոմը:
—Այսօր` ոչ:
—Դու այն Էնն Լիրին չես, ում ես ճանաչում եմ:
—Այո, ճիշտ ես, ճիշտ ես, – շշնջաց Սեսին մղոնների հեռավորությունից:
—Ճիշտ ես, – հնչեց Էննի շուրթերից:
—Ես տարօրինակ զգացողություն ունեմ, – ասաց Թոմը:
—Ինչի՞ հետ կապված:
—Քեզ հետ, – նա էննին հեռացրեց իրենից և, պտտելով նրան, նայեց նրա վարդագույն դեմքին` ասես ինչ-որ բան որոնելով: – Քո աչքերը, – ասաց նա: – Ես ոչինչ չեմ հասկանում:
—Տեսնու՞մ ես ինձ, – հարցրեց Սեսին:
—Քո մի մասն այստեղ է, Էնն, իսկ մյուս մասը` ոչ, – Թոմը զգուշորեն պտտում էր նրան. նրա դեմքն անհանգիստ էր:
—Այո:
—Ինչու՞ եկար ինձ հետ:
—Ես չէի ցանկանում գալ, – ասաց Էննը:
—Այդ դեպքում ինչու՞ եկար:
—Ինչ-որ բան ստիպեց ինձ գալ:
—Ի՞նչ:
—Չգիտեմ, – Էննի ձայնում թեթև նյարդայնություն կար:
—Դե, դե, լռի՛ր, լռի՜ր, – շշնջաց Սեսին: – Այդպես: Պտտվի՜ր, պտտվի՜ր:
Սենյակի մթության մեջ նրանք շշնջում ու սոսափում էին, ճախրում ու իջնում էին, իսկ երաժշտությունը պտտում ու ոգևորում էր նրանց:
—Ամեն դեպքում դու եկար պարելու, – ասաց Թոմը:
—Այո, – պատասխանեց Սեսին:
—Այստեղ արի, – նա պարելով Էննին տարավ դեպի բաց դուռը և դանդաղ հեռացրեց նրան դահլիճից, երաժշտությունից, մարդկանցից:
Նրանք միասին բարձրացան կառքը և նստեցին:
—Էնն, – ասաց նա` Էննի ձեռքերն առնելով իր դողացող ձեռքերի մեջ, – Էնն, – նա այնպես արտաբերեց նրա անունը, ասես դա նրա անունը չլիներ: Նա շարունակում էր նայել Էննի գունատ դեմքին: Այժմ նրա աչքերը բաց էին:
—Էնն, կար ժամանակ, երբ ես սիրում էի քեզ: Դու դա գիտես, – ասաց նա:
—Գիտեմ:
—Բայց դու միշտ այնքան անկայուն ես եղել, իսկ ես չեմ ցանկացել անտեղի տառապել:
—Սարսափելի ոչինչ չկա: Մենք դեռ շատ երիտասարդ ենք, – ասաց Էննը:
—Ոչ, ոչ, ես ուզում էի ասել` կներես ինձ, – ասաց Սեսին:
—Ի՞նչ նկատի ունես, – Թոմը բաց թողեց նրա ձեռքերը և լրջացավ:
Գիշերը ջերմ էր, հողի բույրը պարուրել էր նրանց, իսկ թարմ ծառերի տերևները մեղմ շնչում էին իրենց տերևների սոսափյունով ու շրշյունով:
—Չգիտեմ, – ասաց Էննը:
—Բայց ե՛ս գիտեմ, – ասաց Սեսին, – դու բարձրահասակ ես, դու աշխարհի ամենագեղեցկատես տղամարդն ես: Այսօր հրաշալի երեկո է: Ես միշտ կհիշեմ այս երեկոն, որ քեզ հետ եմ անցկացրել: – Նա Էննի օտար, սառը ձեռքը պարզեց դեպի Թոմի դիմադրող ձեռքը, որպեսզի կրկին բռնի այն, ջերմացնի, ամուր սեղմի:
—Բայց ի՞նչ է եղել քեզ այսօր, – ասաց Թոմը` թարթելով աչքերը: – Մեկ մի բան ես ասում, մեկ` ուրիշ: Այս գիշեր ես քեզ պարելու հրավիրեցի հանուն հին հուշերի: Եվ ես սկզբում ոչինչ նկատի չունեի: Իսկ հետո, երբ կանգնած էինք ջրհորի մոտ, ես հասկացա, որ դու փոխվել էիր, իսկապես փոխվել էիր: Դու ուրիշ էիր: Ինչ-որ նոր, քնքուշ բան կար, մի բան… – նա փորձում էր հարմար բառ գտնել: – Չգիտեմ, չեմ կարող ասել: Քո արտաքինում… Ձայնում… Եվ ես գիտեմ. ես նորից սիրահարված եմ քեզ:
—Նրա՛ն չէ, – բացականչեց Սեսին, – ի՛նձ:
—Եվ ես վախենում եմ քեզ սիրահարվել, – ասաց նա: – Դու նորից ինձ ցավ կպատճառես:
—Հնարավոր է, – ասաց Էննը:
«Ոչ, ոչ, ես ամբողջ սրտով կսիրեմ քեզ, – մտածում էր Սեսին: – Էնն, ասա՛ նրան, ասա՛ դա իմ փոխարեն: Ասա, որ ամբողջ սրտով կսիրես նրան»:
Էննը ոչինչ չասաց:
Թոմը դանդաղ մոտեցավ նրան և ձեռքը մոտեցրեց նրա կզակին:
—Ես հեռանում եմ: Ես աշխատանք եմ գտել այստեղից հարյուր մղոն հեռու: Կկարոտե՞ս ինձ:
—Այո, – ասացին Էնն ու Սեսին:
—Նշանակում է` կարո՞ղ եմ քեզ հրաժեշտի համբույր տալ:
—Այո, – ասաց Սեսին, մինչ Էննը կհասցներ պատասխանել:
Թոմը շրթունքները մոտեցրեց այդ օտար բերանին: Նա դողալով համբուրեց այդ օտար բերանը:
Էննը քարացել էր սպիտակ արձանի նման:
—Է՛նն, – ասաց Սեսին, – շարժիր ձեռքերդ, գրկիր նրան:
Էննը լուսնի լույսի ներքո ասես փայտե քանդակ լիներ:
Թոմը համբուրեց նրա շուրթերը:
—Ես սիրում եմ քեզ, – շշնջաց Սեսին, – ես այստեղ եմ: Այդ ինձ ես դու տեսնում նրա աչքերում, ի՛նձ, և ես կսիրեմ քեզ, նույնիսկ եթե նա երբեք չսիրի:
Թոմը մի կողմ քաշվեց` այնպիսի տեսքով, ասես մղոններ էր վազել: Նա նստեց Էննի կողքին:
—Չեմ հասկանում` ինչ է կատարվում: Մի պահ…
—Ի՞նչ, – հարցրեց Սեսին:
—Մի պահ ինձ թվաց… – նա ձեռքերը մոտեցրեց աչքերին: – Կարևոր չէ: Քեզ տուն տանե՞մ հիմա:
—Այո, խնդրում եմ, – ասաց Էնն Լիրին:
Նա մտրակեց ձիուն, հոգնած քաշեց սանձերը, և կառքը շարժվեց: Չխկչխկում էին անիվները, հարվածում մտրակները, և սլանում էր կառքը` լուսավորված լուսնի լույսով, իսկ շուրջը գարնանային գիշերն էր` ժամը 11-ը, և շուրջբոլորը սահում էին փայլփլուն մարգագետիններն ու երեքնուկի անուշաբույր դաշտերը:
Եվ Սեսին, նայելով դաշտերին ու մարգագետիններին, մտածեց. «Արժե, արժե ամեն ինչ տալ` այսօրվանից և ընդմիշտ նրա հետ լինելու համար»: Եվ նա կրկին լսեց իր ծնողների աղոտ ձայնը. «Զգույշ եղիր: Դու չես ցանկանում հասարակ մահկանացուի հետ ամուսնանալով կորցնել քո մոգական կարողությունները, չէ՞: Զգույշ եղիր: Քեզ դա դուր չէր գա»:
«Այո, այո, – մտածում էր Սեսին, – ես նույնիսկ դրանցից կհրաժարվեի, հիմա և այստեղ, եթե նա ինձ հետ լիներ: Այլևս կարիք չէր լինի թափառել գարնանային գիշերներով, ապրել թռչունների, շների, կատուների, աղվեսների մարմիններում: Ինձ միայն նա է պետք: Միայն նա: Միայն նա»:
Նրանք հետևում էին թողնում շշնջացող ճանապարհը:
—Թոմ, – վերջապես ասաց Էննը:
—Ի՞նչ, – նա սառը հայացքով նայում էր ճանապարհին, ձիուն, ծառերին, երկնքին, աստղերին:
—Եթե երբևէ հայտնվես Իլինյոսում` Գրին Թաունում, այստեղից մի քանի մղոն հեռավորության վրա, կարո՞ղ ես ինձ մի լավություն անել:
—Հավանաբար:
—Կարո՞ղ ես ինձ լավություն անել ու այցելել ընկերուհուս, – ասաց Էնն Լիրին հապաղելով, անվստահորեն:
—Ինչու՞:
—Նա իմ լավ ընկերուհին է: Ես նրան պատմել եմ քո մասին: Ես քեզ կտամ նրա հասցեն: Մի րոպե սպասիր:
Երբ կառքը կանգնեց նրա ֆերմայում, նա իր փոքրիկ պայուսակից թուղթ ու մատիտ հանեց և, թուղթը սեղմելով ծնկին, գրեց լուսնի լույսի ներքո:
—Ահա: Կարողանու՞մ ես կարդալ:
Նա մի հայացք գցեց թղթին և մտահոգ գլխով արեց:
—Սեսի Էլիոթ, Ուիլոու Փողոց, 12, Գրին Թաուն, Իլլինոիս, – կարդաց նա:
—Կայցելե՞ս նրան մի օր, – հարցրեց Էննը:
—Կաշխատեմ, – ասաց նա:
—Խոստանու՞մ ես:
—Ես ի՞նչ կապ ունեմ այս ամենի հետ, – գոռաց նա զայրացած: – Ինչի՞ս են պետք այս թղթերը, անունները:
Նա ճմռթեց թուղթը և խցկեց վերարկուի գրպանը:
—Խնդրում եմ, խոստացիր… – թախանձում էր Սեսին:
—…խոստացիր, – ասաց Էննը:
—Լավ, լավ, միայն թե հանգի՛ստ թող ինձ, – գոռաց նա:
«Հոգնել եմ, – մտածեց Սեսին, – այլևս չեմ կարող մնալ, պետք է տուն գնամ: Ես կորցնում եմ ուժերս: Իմ ուժերը միայն մի քանի ժամ են հերիքում գիշերը թափառելու, ճանապարհորդելու համար: Սակայն մինչ գնալս…»:
—…մինչ գնալս, – ասաց Էննը:
Նա համբուրեց Թոմի շուրթերը:
—Այդ ես եմ համբուրում քեզ, – ասաց Սեսին:
Թոմը հեռացրեց նրան իրենից և նայեց Էնն Լիրիին, թափանցեց նրա հոգու խորքերը: Նա ոչինչ չասաց, սակայն նրա դեմքը դանդաղ, շատ դանդաղ սկսեց խաղաղվել, կնճիռներն անհետացան, կարծր բերանը փափկեց: Նա հայացքը սևեռել էր Էննի` լուսնի լույսով ողողված դեմքին:
Ապա իջեցրեց նրան կառքից և արագ, նույնիսկ առանց բարի գիշեր մաղթելու, սլացավ ճանապարհով:
Սեսին լքեց Էննի մարմինը:
Էնն Լիրին մի ճիչ արձակեց և, ասես կապանքներից ազատված, դեպի տուն վազեց լուսնի լույսով ողողված ճանապարհով ու շրխկացրեց դուռը:
Սեսին միայն մի ակնթարթ վարանեց: Ծղրիդի աչքերով նա տեսավ գիշերային գարնանային աշխարհը: Մի պահ նայելով գորտի աչքերից` նա միայնակ նստեց լճակի մոտ: Լուսնի շողերով ողողված ծփու բարձրությունից գիշերային թռչունի աչքերով ցած նայեց ու տեսավ` ինչպես երկու տներում մարեցին լույսերը. մեկը` այստեղ, մյուսը` այստեղից մի մղոն հեռու: Նա մտածում էր իր և իր ընտանիքի, իր արտասովոր ուժի և այն մասին, որ իր ընտանիքի ոչ մի անդամ չէր կարող ամուսնանալ այս բլուրներից այն կողմ գտնվող հսկայական աշխարհի մարդկանցից որևէ մեկի հետ:
«Թո՜մ, – նրա հյուծված հոգին թռչնի մարմնի մեջ թռչում էր ծառերի տակ, վայրի մանանեխի խիտ դաշտերի վրայով: – Թուղթը դեռ քեզ մո՞տ է, Թոմ: Կգա՞ մի ժամանակ, մի օր, մի տարի, երբ կգաս ինձ մոտ: Կճանաչե՞ս ինձ: Կնայե՞ս դեմքիս և կհիշե՞ս` որտեղ ես ինձ տեսել վերջին անգամ, կզգա՞ս, որ սիրում ես ինձ այնպես, ինչպես ես քեզ` ընդմիշտ, ամբողջ սրտով…»:
Նա կանգ առավ զով օդում` քաղաքներից ու մարդկանցից միլիոնավոր մղոններ հեռու, ֆերմաներից ու դաշտերից, գետերից ու բլուրներից վեր:
«Թո՞մ»:
Թոմը քնած էր: Խորը գիշեր էր: Նրա հագուստը ծալված էր աթոռների վրա, կոկիկ կախված անկողնու հենակին: Իսկ նրա գլխի մոտ` սպիտակ բարձի վրա, դեպի վեր պարզած ձեռքում փոքրիկ թղթի կտորն էր` վրայի գրվածքով: Դանդաղ, շատ դանդաղ փակվեցին նրա մատները` իրենց մեջ ամուր սեղմելով թղթի կտորը: Նա նույնիսկ չշարժվեց և չնկատեց, երբ սև կեռնեխը մեղմորեն ու քնքուշ հարվածեց լուսնի ջինջ բյուրեղներ հիշեցնող պատուհանի ապակուն, ապա թրթռաց մեղմորեն, կանգ առավ և քնած աշխարհի վրայով ճախրեց դեպի արևելք:
Թարգմանությունը` Լիլիթ Հովհաննիսյանի