ԱՐԱ ԱԼՈՅԱՆ | Բանաստեղծություններ

Արա Ալոյան

Քաղաք,
Քեզ հազար անգամ դիմավորել եմ
Առավոտ կանուխ,
Երբ ոչ-ոք չի սիրել քեզ ու սպասել,
Երբ քնահարամ,
Քրտնաբույր կանայք
Ավելներով քստքստացրել են մաշկիդ վրա՝
Իրենց տնաբույս դժբախտությունը
Պարպելով քարեղեն, բայց գերզգայուն մարմնիդ…

Ես դիմավորել եմ քեզ վաղորդյան խումհարով,
Ու գթացել քո սառնությունն ու
Տաքությունն աշնան արևի,
Ում երկինքն ընդունում է՝ որպես լույսի աղբյուր,
Ոչ՝ ջերմության,
…Աշնան արևը, որ սեփական անճարությունն ու վիշտը քողարկող
Գործազուրի տղամարդու նման
Սափրվում է միայն ու դուրս գալիս փողոց…
Քաղաք, քեզ հազար անգամ դիմավորել եմ,
Ինձ ճանապարհիր հիմա,
Քանզի մարմինների աճուրդում ոտնատակ արեցին,
Եվ հոգիս մերձիմահ
Քո անունն է տալիս՝
Հնամյա իմ Քաղա՜ք, հնամյա՜…

 

***
Մի օր քեզ համար…սերս կհագնեմ`
Որպես ծնունդի
հանդերձանք
մի ճոխ,
Մի օր, երևի,
նորից…մերկանամ`
Մարմնով, հոգով ու նաև …խղճով…

 

* * *
Մի օր ես քեզ կսիրեմ վերջին անգամ,
Ինչպես վերջին անգամ չեն հասցնում…սափրվել
Ու մարտի են գնում,
Ինչպես վերջին անգամ խոստանում են…թողնել խմելն ու ծխելը նաև,
Ինչպես վերջին անգամ նամակ են գրում`
Բնակարանն արդեն փոխած…սիրեցյալին,
Ինչպես արշալույսի բնաղետից առաջ…զարթուցիչ են դնում գիշերը…
Ինչպես բաժանումից հետո` խոստանում չսիրել այդպես,
Կամ չսիրել երբեք,
Ահա, այդպես, խոստանում եմ անհուսորեն ու այլազան,
Հոգնած, հոգնած ու ծեր
Մոռացկոտի նման ու խենթի պես գերճիգ
Քեզ սիրել վերջին անգամ,
Վերջին
Կամ…ԱՌԱՋԻՆ…գուցե…

 

* * *
Հիմա, Տեր իմ,
Հույսդ մեզնից կտրած,
Որ մարդ չեղանք, թեև աստված էինք,
Չմոտեցանք որ քեզ,
Դու ես նորից մեզ մոտենում…հեռացողի մահով…

Եվ մոտենում ես Դու,
որ մեզ հուշես անպայման
սիրո մասին՝
մեր այն մեռած-անմահացած կեսի…
Որ սիրելու համար՝ պարտադիր չէ մեռնել,
Կամ մեռնելուց հետո սիրել,
Եվ այն մասին, որ նույնիսկ ապրելը սիրո միակ պայմանը չէ:

Եվ ուրեմն, Աստված, Սիրո ապրում տուր մեզ…

 

Պատերազմ՝ իմ մանկական ձմեռային կոշիկ
(բառանկարչություն)

Դուք տեսե՞լ եք սև
կոշիկների հետքը
Սպիտակ ձյուներին
և տարբերե՞լ եք գույն…
Այդպես պատերազմն է
անցել մանկությանս վրայով.
Բայց, հաղթանակն Այն մեծ, հաստատ արժեր,
Որ գոչեի ուրախ, որպես մանուկ մի Բերանժե…
Պատերազմն իմ մանկության կոշիկն է եղել,
Որ ստիպված հագել եմ՝ ձյուններին չսառչելու համար,
Թեկուզ անհրապույր, էժանագին էր նա ու շատ նեղ էր…

 

* * *
Դուստր, սիրելի,
Ախր քեզ ինչպե՞ս համոզեմ, ասա՜,
Որ արևները…մայր չունեն, ավաղ
Ունեն մայրամուտ
ու պետք է քնեն,
դրա համար եմ հարազատաբար….քնեցնում նրանց,
Քեզ ու մայրիկիդ…
Քեզ ինչպե՞ս ասեմ,
թե իմ մազերում ճերմակը ինչու՞ ավելի շատ է,
Եվ ճերմակ թղթին՝ ինչու՞ այդքան սև…

Ո՞նց պատասխանեմ բոլոր հարցերիդ,
Եվ ինչպե՞ս ասեմ, որ հարցերն, ավաղ,
Ավելի շատ են, քան պատասխանը.
Թե գիտես՝ ասա…

…Ուզու՞մ ես, դառնալ իմ նոր դասատուն
Ու…պատասխանել…

 

* * *
Մեկ տարուց ես ու Հիսուսը կդառնանք տարեկիցներ,
բայց ոչ…հասակակիցներ.
Ես դեռ երեսուներկու տարեկան չեմ,
այլ արդեն..երեսուներկուս եմ…
Ոչ ապրում եմ,
Ու ոչ մեռնում հիսուսավայել.
Բայց մի հավատացեք
իմ ծննդյան վկայականին,
Քանի դեռ չեք տեսել…մահվան թուղթս նաև…

 

* * *

Ես քեզ սիրում եմ բառ առ բառ,
Տող առ տող,
Բանաստեղծությունից բանաստեղծություն,
Գրելով՝ վավերական, ուրախ ու տառապած,
Չվերցնելով, այլ՝ թողարկող
Սիրով՝ բոլոր եղանակներում՝ անաստղ ու ծույլ…

Ես քեզ սիրում եմ աշնան արևի պես,
Որ անբառ, անտող ու անեղանակ մտնում է ոսկորներիս մեջ…

 

Պատկեր-1994

Երբ պատերազմի տարիներին
Լամպի կարտոֆիլագույն
Լույսի ներքո
Հավաքվում էինք
Ընթրելու,
Ու երբ սոված ու անհամբեր
Ուտում էինք տաք կարտոֆիլը,
Դրանից…վառվում էր Աստծո լեզուն,
Եվ նույնիսկ նա չէր կարողանում խոսել…

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *