Անահիտ Սահակյան | Գրած-չգրած

***
ես ունեմ մեծ տուն,
մի քսան հատ սրբիչ,
հինգ կարպետ,
մի ծիրանի ծառ,
երկու երեխա,
մի սկեսուր ու
մի մայր
ես ունեմ մի քույր, երկու եղբայր
ու անթիվ ընկերներ
եթե մի ամբողջ օր կանգնեմ ու բոլորին մի րոպե տեւողությամբ գրկեմ
վաթսուն անգամ քսանչորս հավասար է հազար չորսհարյուր քառասուն
օրը կվերջանա
ընկերներս` երբեք
ես հատուկ տաղանդ ունեմ
անվերջ ընկերանալու
ես խեղդվում եմ իմ իրերի ու զարդերի մեջ
որոշել եմ այլեւս նոր իրեր չգնել
մինչև հները չմաշեմ
ես նաև ունեմ
վաղուց ձեռք բերված ու ձեռք չտված
կարի մեքենա
մի օր պետք կգա
վերջերս ինձ յոթ գրասեղան նվիրեցին
ես դա համարում եմ գրելու ժամանակի ժամանման
տեղեկատվություն
թեև մեկը կարող եմ նվիրել
որ գրողները շատանան

ես ունեմ բանտարկված ցանկություններ,
որոնք երեխաների նման
աղմկում են
ուզում են կատարվել
չեն թողնում կենտրոնանամ
ու նորմալ քնեմ
ես մի ձեռքով նրանց ծեծում եմ
մյուսով՝ փայփայում
մի քանիսն անտանելի սիրուն են
ես ունեմ վառ արտահայտված
կարոտ
անհայտի հանդեպ
ու պոչի պես անպետք, վերանալու եզրին կախված
անմազ ամոթ
ես նաև խայտառակ մոռացկոտությամբ եմ օժտված
փող հաշվելու նկատմամբ
հիվանդագին արհամարանքով
ես ունեմ պարտված սերեր՝
ոչ մի պարծենալու բան
մաքսիմում ընկեր ենք մնացել
հիմնականում՝ գրողուցավ
ես ունեի ամուսին
նա իմ սերն էր, տունն էր, ընկերն էր,
ինձ մեկ-մեկ թվում էր՝ դասարանցիս,
նա ինձ մենակ թողեց
մեր նորաստեղծ ընտանիքում
ու գնաց այլ աշխարհ
հիմա ես իբր մենակ եմ մնացել,
նա արդեն կա, ես դեռ՝ չկամ
բայց ո՞ւմ ձեռքը բռնեմ
գիշերներով,
ո՞ւմ պատմեմ իմ մասին,
որ լսի կիսաքուն

ես ունեմ գունավոր աչքեր
ու հիվանդ մարմին,
այդ չափանիշներով
մարդիկ ինձ գնահատում են
տասից չորսը, նենց էլի

հեծանիվս երեք նկարի դիմաց տվեցի Արոյին
հիմա նաև այդ երեք նկարն ունեմ
երկնքից իջած
ես ունեմ մի ահռելի անկարելի
մենակություն
բտռ-ի չափ
ես չգիտեմ դրա հետ ճիշտ վարվել,
որ ոչ մեկին չվնասեմ

անցած տարի կատու պահեցի՝ սատկեց,
էն օրը 25 տարվա համբերության կոնյակի շիշ դրին դեմս
խմեցի մինչեւ վերջ ու ողջ կենսագրությունս
թափվեց գետնին
ընկերներիս աչքի առաջ
ես էնքան շատ էի, որ
ողջ սենյակը լցվեց
բակ ծորաց
բաց պատուհանից
անձրև եկավ
նրանց ծանրացող չոր կոպերի տակ դողդողացող
բյուրեղապակյա աչքերը
լուռ լսում էին իմ սովորական մարդու պատմությունը
ինձ թվում էր՝ անապատով եմ քայլում
ավազոտ քամիների հարվածներից վնգստալով

հետո երբ վերջապես ջրազրկվեցի ու հանգեցի
նրանք լուռ
անկողին պատրաստեցին ինձ համար
ու խնամքով դուռը փակեցին իմ ետևից,
որ քնեմ
արթնացումից առաջ,
չորս ժամ քառասունյոթ րոպե ու մի քանի վայրկյան ես դեգերեցի մղձավանջ տեսիլքների գրկում
հուշազերծ ու անճար
առավոտ շուտ նստեցի տաքսի հազիվ տուն հասա, մի ձեռքի շնչով բացեցի զուգարանի դուռը
ու հաղթանակած փսխեցի
սերծնող
մենակությանս մնացորդները
ախ, ինչ մաքուր էի
մի ամբողջ պահ

միասնության ութերորդ
մեղքը
բացահայտած
ահա, շուտով
լույսն է գալիս
լալիլենդից
ես ոչինչ չունեմ
բացի էս հեռախոսից

 

***
տե’ս, օրը նույնն է,
նորից ոչինչ չփոխվեց,
արթնացանք, լողացանք,
դուրս եկանք փողոց,
քարացանք երթևեկության մեջ,
մտանք օֆիս, միացանք կապիտալիզմին,
մնացինք այդպես ահագին,
մեխանիկական գործողություններով շրջափակված,
աշխարհի սահուն ընթացքն ապահովեցինք,
կոֆե խմեցինք,
մի քիչ էլ իրավունքների մասին անհանգստացանք՝ մի տեսակ քիչ են,
բամբասեցինք,
չափի մեջ հոգնեցինք,
տուն եկանք,
պառկեցինք
մենակ ու կիսատ զգացինք,
սեր երազեցինք,
իմաստ որոնեցինք,
ու չգտանք,
որոշեցինք,
որ իմաստը
վաղվանից ավելի ճիշտ ապրելն է՝
թայմ մենեջմենթով, բանով,
վերարժևորած, պլանավորած դեպի
ավելի լավը, ավելի
առողջը,
քնեցինք դ’այլայլված
տե’ս, այս անվերջ ձգվող նույն օրվա մեջ,
քաղաքում մեկ-մեկ
ընձուղտներ են առաջանում
այստեղ, այնտեղ,
դուրս են պրծնում նրանց գլուխներն ու երկար վզերը՝
նրանք քիչ են՝
մի քանի ընձուղտ,
մեր իրավունքներից էլ քիչ

նրանք վերևից նայում են ներքև,
նայում են վայրենի,
անվերջ շտապող,
իրար հրող
վտանգավոր մարդկանց ու մեքենաներին

չգիտես ինչու են նրանք այստեղ,

տե’ս, երեխաները դպրոցից դուրս են եկել,
վազվզում են,
իրար բռնում,
ով բռնեց՝ հաղթում է,
ով փախավ՝ հաղթում է,

նրանք այդպես կմեծանան մի ողջ
նույն օրվա մեջ,

տե’ս, նույն օրն ընդհատող գիշերը լուռ որսորդի պես
ընձուղտներին է հետեւում,
փողոցի շներին քսի տալիս նրանց վրա
նրանք վազում են
դատարկ ու զվարթ աչքերով
ինչպես դպրոցից ազատագրված
երեխաները

նրանք մտնում են մոտակա փաբերը
մի բաժակ օղի են կոնծում
հետո երկրորդը, երրորդը,
մինչև նույն օրվա
վերադարձը
մինչև նոր
բանաստեղծություն

 

***
Ի՞նչ ասեմ
hիմա, երբ նայում եմ աչքերիդ մեջ
ու օտարին տեսնում,
ում այդքան սպասել եմ,
ոնց սպասում են այլմոլորակայիններին
կամ աստծուն`
չհավատալով նրանց գոյությանը,
ում անհնար է ճանաչել ու չմեռնել
ո՞վ գիտի, եկել ես ինձ վերացնելու

ի՞նչ ասեմ
հիմա, երբ պեծ աչքերդ ինձ ճմրթում են,
իբրև անպետք մի իր,
չափերն անցնող ցավից
զբաղմունք,
մեջքս գդալի պես ծռվում է,
գլուխս գնդակի պես ցատկում
գլորվում ոտքերիդ տակ,
հարվածիր ինձ նրա դարպասի մեջ,
էսքանից հետո
էլ ի՞նչ ասեմ

ես չգիտեմ քո հետ խոսել
ես չգիտեմ՝ ինչպե՛ս բացվեմ,
բերանս՝ փախստականների լքված տան
ժանգոտ դուռ,
հայացքդ՝ հրացանի կոթ

թեև Պուշկինը ճիշտ է ասում,
որ սիրեցյալին տիրանալուց հետո,
երբ գլուխդ դնում ես նրա չքնաղ կրծքին,
վրա է հասնում մահացու ձանձրույթը
ու նողկանքով լցնում հեշտացած մարմինդ ու հոգիդ,

ու թեև Պուշկինը ճիշտ է ասում,
էդ ձանձրույթը սովորական լոքշից
այնուամենայնիվ տարբերվում է,
չգիտեմ՝ ջերմաստիճանո՞վ թե բովանդակությամբ,
սեպտեմբերյան եղանակի պես մի բան է,
երբ ամենուր լսվում է մահվան հոտն առած ճանճի դզզոցը,
ու երանությունը լուցկու պես վայրկենական կպնում
ու մոխրանում է,

էլ ի՞նչ ասեմ, ասա՛,
էս մոլորակը,
որտեղ միայն ես ու դու ենք ապրում,
որտեղ դու մոլագարի պես պատեր ես փնտրում,
որ գլուխդ փշրես
նրան խենթի պես սիրելու
ու ինձ #չսիրելու ձանձրալի փաստերի առկայությունից,
ես չգիտեմ՝ ի՞նչ անեմ,
հազիվ եմ հասցնում նոր պատեր շարել
քո կատաղության առջևից

էլ ի՞նչ ասեմ, ասա՛

 

***
գլուխս բարձր կանգնած եմ հովտում
էգ թռչունի պես՝ ականջս սրած
լսում եմ փշուրը
փետուրիս ծայրի
էգ թռչունի պես աչքերս չռած
տեսնում եմ հովիտը մինչև հորիզոն
ու բոլորովին ոչինչ չեմ տեսնում
գլուխս բարձր կանգնած եմ հովտում
և այնքան սուր եմ ինչ-որ բան սպասում
որ գայլը հանգիստ պոչս է ծամում

 

***
փողոցում պառկած անտեր շունը
լիզում է ծնկներս
ձմռան քամու շունչ
օդափոխիչներն ու սերերը
ժամանակավոր անջատված են
աչքերս փակում
մինչև երեքն ենք հաշվում
հողը մերկացավ

կեղտոտ արագիլները
չվում են հարավ
սպիտակ ձյուն է գալիս

բույսը հանում եմ ամանից
արմատները կերել են հողը
կատուն հատակն է քերում

սրճարանի կարմիր լույսերի տակ
պարում ենք աշնան տերեւների պես
քնկոտ

 

***
այսօր արթնացա ծարավից
էլի քունս կիսատ մնաց
կուլ տվեցի հորմոններս
մի ժամ հետո՝ սուրճ
հետո կյանքիս մեջ առաջին անգամ գնացի ջրավազան՝
Ջիմը ստիպեց
ու հասկացա, որ իզուր եմ էսքան ապրել
առանց ջրի
ես գիտեի գեշ եմ
երջանկությունից սկեցի
ու կուլ տվեցի մի քանի կում քլորաջուր
սիրտս խառնեց ափսոսանքից ու տհաճ համից,
բայց ի՞նչ հոգ

հետո մորս եփած ճաշը կուլ տվեցի
հետո էլի սուրճ, ջուր, կոնյակ
կոնյակը լայքեք խնդրում եմ՝
տեղական ա

օրվա ընթացքում կուլ տվեցի իլիկի մխիթարյալների
հաճելի զրույցները,
ընկերոջ համար անհանգստությունս,
խնդալու պլաններն ու սատանի եղունգը,
մի երկու ավել կոպեկ,
մի երկու լավ երաժշտություն,
իլիկը փակելուց հետո ինչ անելու մտքերս,
էդ բառն էլ, որից ալերգիա ունեմ, մեծահոգաբար կուլ տվեցի,
կուլ տվեցի նաև ուրիշներին ուղղված,
բայց ականջս ծակող քֆուրները,
ապուշ սիրահարների իրար շալակ ելնելը,
թերևս ամենակարևոր բանն էլ,
որ ոչ մի ձև չեմ կարողանում ծամել՝
տենց քար քար կուլ տվեցի, գնաց

իլիկի դեղին վարագույրները
անտանելի դառն էին
բայց ճարս ի՛նչ, դա էլ կուլ տվեցի
տխուր օձի նման
հիշեցի, որ հրեշ եմ
քանի որ էսքան բան կուլ եմ տալիս
ու չեմ մեռնում

ինքս ինձ որ կուլ տամ
շամշյանին հանկարծ չասեք

 

***
սաղ գրած ա՝
բան չի մնացել,
Ռեմբոն սաղ գրել ա,
Ռիլկեն սաղ գրել ա,
Հրանտը շուռ տվել՝ մի հատ էլ ինքն ա գրել,
Պուշկինը ոտը ոտին գցած ու մատը մատին չտված՝
սաղ գրել ա
Ցվետաևան՝ տնաշենը նենց ա գրել,
քարը քարի վրա չի թողել,
բա էն մեր
անաբուռ Չարենցը

եթե հնարավոր լիներ հաշվել
աշխարհի բոլոր բանաստեղծությունները
կպարզվեր, որ մի բան էլ շատ են գրել՝
մի քիչ համեստությունը չէր խանգարի,
որ կողմը նայում ես՝ ասելիքի մնացորդներ,
ստե ընդե թափրտած,
մսոտ լիրիկա,
խլնքոտ գիտոկցության հոսքեր
բալլադ քյառթի ջանին
կրծոտած ռեփ
լպստած ռոք
այլանդակ
եզսություն
ծափ ծափ
ռավոբ

եթե հավաքենք աշխարհի երեսից ու քամակից
բոլոր ավել պակաս գրված բանաստեղծություններն
ու վառենք՝
ահագին օդ կմաքրվի
մեր ձեռը կրակն ընկած բնությունն
իրան մի քիչ ավելի
ավլած կզգա

առաջվա բանաստեղծությունները
բյուրեղապակուց էին ձուլում՝ ամենայն զգուշությամբ,
սերվանդի համար,
աստված չանի
մի բառ ցած ընկներ՝

հիմա անդադար վերամշակվող պլաստիկ ա՝
թույն պոեթՌի՝
ընդմիշտ կարդա
մեռի

գրելը դառել ա ճպճպոցի ինդուստրիա
շուտով 3D սմարթ բանաստեղծություններ կարտադրվեն,
նրանք մեզ համար հարմարավետություն կստեղծեն
կարոտելու
և սեր արտահայտելու համար,

մենք թևակոխել ենք
հետգիր դարդե
դարաշրջան
ի՞նչ տառ սովորել, ի՞նչ բան՝
ձեն ենք հանում՝
գրվում ա

կրակ վառեցի
կարմիր բիբար խորովեցի,
սեւ բադրջան, արեւմտագույն դեղձ, կանաչ խաղող, դեղին կուկուռուզ,
ռեհան
աչքս գույներից չի կշտանում

կարոտից լաքոտված
հոգոցս գոգնոցի պես
կապել եմ
որ լվանամ չորացնեմ
փողոցից գնված
փոշոտ հուշերս

մոլորակի վրա ապրող միլիարդավոր գլուխներում
նույն տրաֆարետներով նախադասություններն են
արտադրվում
աղմուկից աստված
անընդհատ վեր ա թռնում
քնահարամ
սաղ ասված ա
բան չկա ասելու
երազումս Նիկոլը մեր կաֆեում
երեք հատ պատառաքաղ էր ման գալիս ու չէր գտնում
դե դուք պատկերացրեք

 

***
ես ժամանակ չունեմ,
ամեն օր
ժամանակ չունեմ,
մի կերպ յոլա եմ գնում

առավոտյան արթնանում եմ, ինձնից գոհ գրպանիս մեջ շոշափում եմ 24 ժամ ճռճռան հավերժություն, սովետական զվարթությամբ պատրաստվում եմ ամենայն խելամտություն ցուցաբերել ու նպատակահարմար ծախսել կյանքիս փոխարժեքը ամենակարևոր ապրելիքի վրա, ու գիշերվա մասում նախատեսված մինիմում 8 ժամ քնելուց առաջ համոզվել, որ մի քանի անգին րոպե դեռ զնզնգում են գրպանիս մեջ՝ անձնական մտքերս հոգալու կամ դոշակիս տակ սև օրվա համար պահելու։ Մեկ էլ տեսնեմ՝ չկան, այ քեզ բան, ախր էնքան քիչ ու էժան բաների վրա եմ ծախսվել ամբողջ օրը՝ մի էրկու ծաղիկ եմ ջրել, մի քանի մարդ եմ գրկել, մի քանի թուղթ ստորագրել, օրվա ճաշը եփել, մի քանի ժամ Ֆեյսբուքմոլում թափառել, իսկ քնելու մասին ավելի լավ ա լռեմ։ Գնալով մոլագարի պես վատնում եմ վերջացող րոպեներս, վաբանկ եմ դնում վերջին թանկ պահերս, սկսել եմ հաճախ ընկերներիցս պարտքով վայրկյաններ խնդրել’ ես կասեի խլել, ու չգիտեմ, ոնց եմ վերադարձնելու, ահավոր ա

ես չունեմ նաև տարածություն, տնից դուրս եմ գալիս նստում տաքսի գնում գործի, վերադառնում տուն՝ անժամկետ զնդան, անպայքար ազատություն, ոչ թռիչք, ոչ սողք, ոչ վազք, ոչ քայլք

բոլորին տեղս զիջում եմ՝ ջահելին, ահելին, լավին, խեղճին, սիրունին, խելացուն՝ անվերջ, անվերջ կրկնում եմ՝ խնդրեմ, համեցեք, սրբվեցեք, ես կստանամ ձեր փոխարեն…
ես չունեմ շարժում՝ տես ոնց եմ դախացել, էդ նրանից ա, որ մի օր որոշեցի սուտ չխոսել ու լռվեցի տեղում, շարժիչս խփեց, ոչ առաջ եմ գնում, ոչ ետ՝ մնացել եմ 15 տարեկանիաշխարհի բեռն ուսերիս, ճկռած ու կուռ…
բա է՞լ,
էլ ի՞նչ չունեմ՝
կամքի գիծ,
հենման կետ,
կլոր իմաստ
ռեալ քաշ
ճկվող ծավալ

ամեն ամեն ինչ,
ինչ մտքովդ անցնի՝
չունեմ
իմ վրա հույս չդնես,
խելք, մեղք, հաշվարկ
երեւակայության
բացակայություն
սար գնալու
սովորություն

 

***
ես վերադառնում եմ
գիշերվա գիրկը
տուն
Անիի ու Ջիմի
լոր ձեռքերի մեջ
հայելուց այս կողմ
քո կարոտի
ննջարանը
գյուղ
իլիկ
մանկություն
մանկություն
մանկություն
մանկություն
ինձ թվում էր ա կետից բ կետ եմ գնում
ծնունդ, կյանք, մահ
ֆլան ֆստան
այնինչ միակ կետը մանկությունս ա
ուր ես ան
ընդհատ
վերադառնում եմ
բոլոր
բոլոր
բոլոր
կետերից

գիշերվա գիրկը
Անին ու Ջիմը
տունը
հայելին
քո կարոտի
ննջարանը
գյուղը
իլիկը

թարսի պես
շիտակ

 

 

***
մի՞թե կարող եմ ավելին
քան երկնքում փնտրել աշխարհի ամենալավ բառը
որ նվիրեմ քեզ
կզգա՞ս արդյոք մի ակնթարթ
ինչ անհամբեր ու մանկական ա իմ կարոտը
ուսիդ վրա պարող փերին
երբեմն բառերը
խուլիգանի նետած քարերի պես
փշրում են սրտիս պատուհանները
փնթփնթալով հավաքում
բանաստեղծություն եմ գրում, շպրտում ետ

կամ խրձերով հանում թափում եմ դուրս՝
էլեկտրոնային բառաղացներ՝ ֆեյսբուք, չաթ,
վայրկենական փոշիացում

օրեր են լինում
երբ բառերը փախչում են ինձնից
ինձ մնում ա
ծնկներիս մեջ առնել
իմ լուսամփոփ մարմինն
ու գալարվել քո անտարբեր
ասֆալտապատ սիրո վրա
ինչպես ընկույզն աշնան ճամփին

 

 

***
չորսնանց քսանվեց
կատարյալ ու հավերժ լռություն
կատարյալ ու հավերժ մերկություն
կատարյալ ու հավերժ
դող

տիեզերքը դողում է
կատարյալ ռեզոնանս
ես քեզ սիրում եմ
դու թափվում ես իմ մեջ
ինչպես անձրևը՝ հողի
ինչպես ծիլը’ երկնքի
ինչպես դատարկությունը՝
գրկի

գրկիր ինձ, էակ
քե՛զ եմ փռում
կատարյալ սիրո
զոհասեղանին
քեզնո՛վ տարածում
կատարյալ ճչիս
լռությունը սին

դու՛ ես
իմ զարմանքն
արթնացման,
իմ մարմնի
հանգրվան,
իմ մահվան
վայրկյան

դու՛ ես
սուրճ կխմե՞ս

գրկիր ինձ, դա՛շտ
թող զգամ մատներիս տակ
այս մերկ ակնթարթի
հյուսքըն արձակվող
թող վայելեմ խոնավ մաշկիդ
բույրերն ու ցող
թող մեղմ քամին իմ քնքշանքի
ի մի բերի հոգուդ փոշին ու
քարացնի որպես դանակ
արարչական
ախ, պինդ գրկի՛
մի՛ թող ցրվեմ
հրվեմ
այսպես կտրուկ
ամոթանամ
անէանամ

թող շունչդ ափեափ հոսի
պարանոցիս նեղ գետերով
թող կատարյալ լինի
երանությունը
մեր մեղքի

ի՜նչ մեղք ես դու
ի՜նչ մեղք եմ ես

մեր ծնունդը կրակ բերված
մեր հարցերի ժայռին գամված
դատապարտված
պատասխանի անվերջ սպասման
մեր հերոսով ինքներս մեզ դավաճանած
ճշտի անգութ ու բութ աչքերի մեջ
մարող ցավով նայող
գլխներս կարոտից
կախված
վիժված
ա՛խ
ամե՛ն ամե՛ն ամե՛ն
ամենուր քե՛զ եմ փնտրում
քեզ գրկիս մեջ սեղմած
որպես մի նորածին անմայր
որպես անակնկալ աստըծո ձայն
քեզ լռությանս մեջ լսած
թափառական մի խելագար
ամեն անցորդ դու՛ ես թվում
ախ ամե՛ն ամե՛ն ամե՛ն
ամենուր դու՛ ես
իմ անհնար իրողություն
այն տեղերում, որտեղ
անձրեւ, սնկեր,
նահատակներ,
վայրենացած երազանքներ մոլորամոլ
ու գագաթներ
ու գագաթներ
ու գագաթներ
ու գագաթներ
հոգնեցուցիչ
անհյուրընկալ
վերեւից վար

 

***
ատամի մածուկի հետ
դուրս եմ ճզմում կոկորդիս մեջ լռված
քեզ ասելու
վերջին բառերը

բերանս բացեցի
՝Աաաաա ասեցի
պորտս պոկվեց

հանդարտ մթության մեջ
հանկարծ միացրած լույսի նման
ցավն աչք ա ծակում
տեսնելուց առաջ
ցավը
սպիտակուցի նման
հարում ա դեմքդ
գծերդ ջնջվում են՝
քիթ, բերան, աչք,
ցավը հարում ա դեմքդ
հասցնում եթերային պնդության
քո սպիտակ ցավի տեսքից
լոզերս գնում են

նարնջագույն փոշիավոր
հեշտանքի մեջ ծնվող
թիթեռ
գույներդ
ո՞վ դողաց

 

***
երբ Գյումրիում հանկարծակի ցուրտը շրխկաց գլխիս,
ինքս էլ չհասկացա, ոնց պոկվեցի տեղից
ու վազեցի,
խելագարի պես խցկվում էի խանութների, սրճարանների, շենքերի դռները, որ գոնե մի վայրկյանով դանդաղեցնեմ մարմնիս վրա վազող ճաքերը,
աչքիս առաջ փլվում էի, մամա՛
ինձ նման ցրտահարված մարդիկ ամենուր էին,
նրանք ինձ ճզմում դուրս էին շպրտում հերթերից, ու ես շարունակում էի վազել,
մարմինս մաս-մաս պոկվում թափվում էր ոտքերիս տակ
վախենում էի չհասնել
պատերից ներս
դժոխքից դուրս
մա՛մ ջան, ինչու՞ինձ լքեցիր
այդ օրը ես հասկացա,
որ ազատությունը
պատերի ներսում է

ու մեղավոր զգացի իլիկի պատը քանդելու համար

 

***
գնացի էկա, պատուհանից դուրս նայեցի՝
նույն ծառը տեսա,
գնացի էկա, սենյակս ավլեցի՝
փոշի հանեցի,
գնացի էկա, բիսքվիթ թխեցի՝
թսկեց,
գնացի էկա, ձենս կտրեցի՝
խշշոց լսվեց,
գնացի էկա, երգ լսեցի՝
ծպտուն չկար,
գնացի էկա, չիլի կերա
խեղդվեցի՝
գնացի էկա, մատս ծակեցի՝
անցավ անցավ,
գնացի էկա, դեղս խմեցի՝
մեռա՝

իսկ կարոտը՝
ողնաշարս,
ոչ գնում էր
ոչ գալիս

 

 

***
մարդն էն ա,
ինչ տեսնում ա
նրան սիրահարվածը,
աշխարհի ամենաանրաժեշտ բանը,
ժամանակի ամենակարևոր պահը,
բանականության իմաստը,
բազմազանության մեջ՝միակը,
անպատ ազատության մեջ՝տունը…
հիշում եմ, քսաներեք տարի առաջ, երբ քեզ ատում էի
ախ, ինչ կռիվ էր մեջս՝
վիրավորված արժանապատվության
ու սողացող պաշտամունքի թշնամություն՝
քո հավերժ արդարացման կամ ոչնչացման,
կյանքի ու մահվան
կռիվ էր մեջս,
երազում էի, որ մի օր կգա
ու ես քեզ կտանեմ սարը,
կկանգնես քամիների խաչմերուկում
թևերդ պարզ,
ու կտեսնես, որ դու ես որ կաս՝
աշխարհի գանձը,
ոչ թե սրիկան

այդ օրը դեռ չի եկել,
բայց վստահ եմ՝ կգա
դու կարող ես սրիկա լինել,
կամ՝ աղանդավոր հրեշտակ
մարդասպան կամ խաբեբա,
կարող ես հարբեցող լինել, կամ՝ պոռնիկ,
քաղաքական լոշտակ, կամ՝ ջինջ մտավորական,
դու կարող ես ամեն ինչ լինել
ոչինչ կապ չունի
դու այն ես, ինչ տեսնում ա
քեզ սիրահարվածը

 

***
քաոսն է, Մարիամ, մեր հույսը,
ապակու վրա թափանցիկ ձեռքեր,
ճակատիս գրող խելագար հայացք՝
բիբերդ սև խոռոչ
ինչու՞ լքեցիր ինձ, Մարիամ,
երբ լքեցիր նրան
երբ շարժվեց առաջին գնացքը,
երբ թուղթը դարձավ թռիչքի ճամփա,
երբ մարդը մարդու ձեռքը համբուրեց
ու հպարտացավ
անկեղծ, սրտացա’վ,

քաոսը
կծկվում ու կծկվում էր անվերջ
ոսկորներիս մեջ
գրվում ու գրվում էր անէջ
գորշ ծալքերիս մեջ
քաոսը երկնում, հալվելով թափվում
կոկորդիցս ներս
ի՛մ վախեցած ահ
ի՛մ անսկիզբ պահ
ի՛մ ծակոտի մահ
շատ ենք, Մարիամ,
կարգուկանոնով
չափից շատ ենք
մեկի համար

 

 

***
գիտե՞ք ինչ՝
ասեց տաքսու վարորդը,
ես երկար տարիների ամուսին եմ
ու նաև վարորդ,
էդ ի՞նչ սուտի բաներ են՝
սեր, եսիմ ի՜նչ
բա աղջկա առաջ սենց ղզիկ կպահե՞ն
տո էդ ինչ սուտի բաներ են,
չէմիչէ զապռավկա
ու՞մ ա է պետք սերը
ու՞մ ա պետք էդ եթիմ բանաստեղծը
հենա տենում եմ ինչ հալի ա
ջեբը հազար դրամ փող էլ չկա
էդ աղջկան ասեք, թո չխաբնվի
թո գնա իր համար կարգին, բոյով բուսաթով շնորհքով տղա գտնի
թե չէ
ու՞մ ա պետք
մարդս մարդ լինի,
չէ մի չէ բանաս…
կներեք՝չդիմացա ես
ինչու ձեր կարծիքով վարորդը կարա մեկին պետք լինի, իսկ բանաստեղծը՝ոչ, հը՞
ու վաբշե, նա իմ հալալ ընկերնա, ես կարամ ձեզ բոքսեմ, թարգեք
տո այ քուր ջան, ես աշխարհ տեսած մարդեմ, եռեսունուէրկու տարի ռուսաստաններն եմ ապրել, դու պտի՞ ինձ սովըրցնես ես ով եմ, ես կաբզոնի դաչի փեջն եմ շարե, ես չգիդե՞մ բանաստեղծն ինչա,
տո տրանք սկի, կներես քուր ջան, կնգա հետ չգիտեն ինչ անեն, գիտեն թե կուկլայա, շոյենմոյեն իրանց լավ զգան, տրանց բանաստեղծությունն ու՞մ ա պետք, սևակի տեղ ա իրան դրել, չմեռանք բանաստեղծ էլ տեսաք, յաման աստված,
տրանց թողնես՝նստեն դեբիլություններ գրեն, տրանք ի՞ինչ են հասկնում կյանքից,
ես հենց նենց տղա չեմ է, քուրջան, ինձ սենց մի նայի, իմ պես տղու համար ռսի միս նավառասիսկը տռճիկ տալով էկավ հասավ ստռոյկա, չորս բանվորով սծյաժկա էինք գցում, սաղի աչքի առաջ տկլոր փռվեց թաց բետոնին ու ասեց՝ “иди ко мне, Гагик” , ռուս մի ասա, մի կատարյալ հրեշտակ ասա, բաա
այ, տղամարդը տենց կլնի, թե չէ տրանք ի’նշ տղամարդ
Էս մոյկայի մոտից աջ, մի հատ էլ աջ
էս նեղ փողոցով մինչեւ վերջ
ռազվառոտ չեք կարողանա անել
հետհետ պտի գնաք,
ինչքա՞ն կազմեց

 

***
էսօր շատ լավ եղանակ ու տրամադրություն էր
լիքը խոսեցի հետդ
մտքում
հատակը լվանալիս
սկզբից մինչև վերջ ամեն ինչ հանգիստ բացատրեցի
թե ինչու ստիպված եղա քեզ սպանել
երբ հասկացա, որ դու ինձ հորինել ես՝
ալա Ֆռանկենշտեյն,
որ ինձանով մարդկանց զարմացնես ու
վախացնես,
սեփական վախերդ
ինձ վրա դարսես՝
պրոֆիլակտիկ առողջարար
անմեղության վարկած
ներկայացնես
մայր-դատարան
երբ հասկացա, որ ես գոյություն չեմ ունենա այնքան ժամանակ
մինչև չսպանեմ քեզ
մարմնիս ու հոգուս մեջ՝
մատներիս ծայրերի
ու շուրթերիս ճաքերի մեջ,
խոստովանում եմ՝դժվար էր
ես ասում էի՝գիտե՞ս, իրականում ես թքած ունեմ, որ քեզ սպանել եմ,
ամեն ինչ նույնն ա մնացել՝
դու հավերժ կաս
իսկ ես երբեք գոյություն չեմ ունենա ինքս ինձ համար՝
զարմանալի ու զվարճալի ա սա գիտակցել,
քեզ սպանելու պահին ես իմ չեղած հալին
ընդհանրապե անհայտացա
եւ միայն դրա շնորհիվ ա, որ համարձակվում եմ այսքան բաց հետդ խոսել
դու ինձ ուշադիր լսում էիր
կարծես ճգնելով ինչոր բան հիշել,
զգացվում էր, որ վաղուց ես սպասել այս մոռացված բայց կարևոր մեր հանդիպմանը,
որ նույնիսկ մեռած հալովդ
տեղդ չես գտնում
առանց ինձ
ընդհանրապես՝հրաշալի եղանակ ու տրամադրություն էր,
ու դու ինձ սկզբից մինչև վերջ հասկացար,
քանի որ ոչինչ չէիր հիշում
ներառյալ ինքդ քեզ,
ու մենք մի տարածքում հայտնված բարյացակամ անծանոթների պես ժպտում էինք իրար ու մեկ մեկ գլխով համաձայնություն տալիս
երբ վերջացրեցի, ինձ գրկեցիր ու ցրված ձայնով ասեցիր՝
ինչ լավա, որ խոսեցինք, ես պիտի գնամ,
ինչ լավա, որ չես նեղացել ինձնից,
կներես, հատակդ մի քիչ ցեխոտեցի,
դուռը փակի,
սառը քամի ա փչում

 

***
չենք դզում մենք իրար
մեկի ճիշտը մյուսի սխալով ա ապռավդանի մտնում
երգիրը ոնց կարում կռուտիտ ա լնում

 

***
արդեն քանի տարի
գնդակահարության պատի տակ կանգնած
պահարանի փոշին եմ սրբում
դինջ դինջ

 

***
երբ կին էի՝
ինձ ամոթխած
աստված էի զգում՝
մեղավոր, որ աշխարհի ողջ քնքշանքը
ձեռքերիս ու ոտքերիս արանքում էի
թաքցրել

 

***
բարդու սերմը դեռ ծիլ էր
երբ առաջին անգամ լսեց
հիսուն տարի անց
իրեն կտրող կացնի ձայնը
արմատները ծածկել են ողջ այգին

 

**
ողջ կյանքս տուն եմ փնտրել,
կարծես գտա
իմ տունը՝
ներսից,
դրսից՝
դուռ, պատուհան,
աման չաման,
շուն,
կատու,
մուկ՝
բայց էս ու՞մ
կոշիկներն են

 

***
նայում եմ հայելու մեջ՝
ինձ չեմ գտնում
ծածանվող հասկերի
դաշտում

 

***
նկարած նավը
խորտակման ենթակա չի

 

***
եկ այս փարթամ սիրո
կեսը ուտենք
կեսն էլ
վակումացնենք ու
սառեցնենք
ձմռան
սպիտակ օրվա համար

 

***
բանի տեղ մի դիր
ես լուրջ չեմ գրում
բժիշկն ասում ա՝
օրը երկու անգամ ուտելուց հետո
պիտի հարբեմ

 

***
գրածդ մի ջնջիր
ինչ կա՝ծնիր
բաց թող,
թե չէ մեղքի զգացումից
կմեռնես

 

***
թիթեռի պես ճոխ ու փախչող ա միտքս
մի օր էլ չի ապրում
երեխու հրճվանքով ու դաժանությամբ
բռնում տեղում չորացնում եմ

 

***
էրեկ դրսում աղմուկ լսվեց,
տղաս կարծեց՝գողեր են,
ես կարծեցի՝ավազակներ,
դուրս եկա, լույսը վառեցի՝
աղվեսը փախել էր
մեր վախերի
հաչոցից

 

***
տեղս չեմ գտնում
ախր հատուկ պահել էի,
որ չկորցնեմ

 

***
վերջապես ձյուն եկավ
վարդը քնեց
ես՝ անիմաստ

***
ես շտապում էի քեզ օգնության՝
իմ թանկագին ընկեր,
եվ վազքին զուգընթաց,
ինձանից մի քայլ առաջ,
գետինը սառույց էր կապում

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *