ՄԱՅԵՐԼԻՆԳ
Շքեղ և խրոխտ մահաբեր դղյակ,
Մտորումներիս կիզակետ դարձած
Կպչուն ցնորք ես:
Եվ ես, գերվելով
Քո խորհրդավոր սքանչելիությամբ,
Գլխապտույտից ջղաձգվում եմ,
Եվ մոլորվում եմ
Քառուղիներում քո գաղտնիքների:
Երկու կրակոց…
Երկու ահարկու և անբեկելի
Հաստատուն վճիռ:
Շեքսպիրյան ոճով,
Բայց ոչ գրքային,
Իրական, զազիր,
Լուռ ողբերգություն:
Մարի Վեչերա…
Արքայազն Ռուդոլֆ…
Ես կապվել եմ Ձեզ իմ ողջ էությամբ:
Այս արագընթաց նյարդային դարից
Մեկուսացվում եմ հաճախ հոգեպես`
Ողբում վախճանը այն Չքնաղ Սիրո
Որ թոռոմում է աշխարհիկ մարդկանց
Սառնաշունչ ու կեղծ
Հասարակական անծայր աղուտում:
Օրենքներից դուրս,
Օրենքներից վեր,
Անգամ մահվանից
Ու կյանքից հուժկու
Պայթյունանման երկու կրակոց…
Երկու առեղծված:
Եկու կրակոց…
Կտրուկ նախաբան
Համամարդկային գալիք տարերքի,
Որ կխժռի կայսրություններ
Ու ճակատագրեր,
Երկու կրակոց…
Եվ վիժեցվում է հեռանկարը
Փայլուն, բազմերանգ, ու … առաջադեմ
Նոր, երանելի ժամանակների…
Ճռացող սայլը կանգնեցրեց հանկարծ
Առաջ սլացող նոր Ճեպընթացը:
Մայերլինգ…
Դու իմ քողարկված սարսափն ես կպչուն:
ԿՂԶԻՆԵՐ
Սլանում են մեր օրերը,
Շտապեցնում է կյանքը մեզ,
Կուտակվում են տարիները,
Դարձնելով մեզ զգոն ու հեզ:
Մենք փորձում ենք չսխալվել,
Փորձում ենք դիմանալ, փորձում ենք դիմադրել,
Մենք ձգտում ենք բարձրանալ,
Ձգտում ենք զարմացնել, ու չենք հասցնում ապրել:
Անծայրածիր փողոցներում, ու հին ու նոր էլիտար շենքերում,
Օֆիսներում, միջանցքներում, միշտ խռովված քաղաքի օվկյանում,
Մենավոր ու փխրուն կղզիներ են քայլում,
Մենավոր ու փխրուն հոգիներ են մեռնում:
Ծիծաղում են մանուկները,
Եվ անկեղծ ուրախանում.
Մենք խաղում ենք նույն մեր դերը.
Ու անվերջ նրանց սաստում:
Մենք փորձում ենք չսխալվել,
Փորձում ենք դիմանալ, փորձում ենք դիմադրել,
Մենք ձգտում ենք բարձրանալ,
Ձգտում ենք զարմացնել, ու չենք հասցնում ապրել:
Անծայրածիր փողոցներում, ու հին ու նոր էլիտար շենքերում,
Օֆիսներում, միջանցքներում, միշտ խռովված քաղաքի օվկյանում,
Մենավոր ու փխրուն կղզիներ են քայլում,
Մենավոր ու փխրուն հոգիներ են մեռնում:
ՄԻ ՇՏԱՊԵՔ
Ժամանակ չկա,
Ուժերը սպառված են,
Ի՞նչ է լինելու,
Չեմ կարող ասել…
Ժամանակ չկա ,
Բայց կռիվն ավարտված չէ,
Դատապարտված եմ
Ապրել:
Ժամանակ չկա,
Ժպտալը դժվար է,
Եվ գուցե նաև
Փոքր ինչ անտեղի:
Ժամանակ չկա
Շնչելն էլ պայքար է,
Ամեն բան դառնում է
Փակուղի:
Ժամանակ չկա,
Զարկերակը պայթում է,
Ի՞նչ է լինելու՝
Ում է կարևոր:
Ժամանակ չկա,
Գլուխս ցավում է,
Թերթվում է օրը նոր:
Ժամանակ չկա…
Ո՞վ է որոշողը:
Թքած,
Ամեն բան գլխիվայր
Փոխեք:
Կարգավորվում է մարմնի դողը:
Ժամանակ չկա,
Բայց…
Չշտապեք:
ՀԵՏՏՈՆԱԿԱՆ
Սառցեպատ անշունչ փողոց,
Ձյունամրրիկ, վառվող լապտեր,
Մոլորված կամ ուշացած
Անցորդի պատկեր…
Մոլորված կամ ուշացած
Ուրվական մռայլ՝
Փողոցում ամայացած,
Աչքերով անփայլ:
Լույսի մեջ արհեստածին
Անմարմին մի էություն
Մոտենում է անցորդին
Պարուրվում և համբուրում:
Ձյունամրրիկ, շան ոռնոց,
Պահ անորսալի ու ջինջ,
Անհասցե ձնոտ փողոց,
Քամի, լապտեր և… ոչինչ:
ԻՆՔՆԱԿՈՐՈՒՅՍ
Գոյությունը ապաշնորհ`
Գորդյան մահաբեր հանգույց,
Հույզեր, բառեր հին ու նոր`
Ուրվական ինքնակորույս:
Ինքս ինձ հրաժեշտ տված`
Խարխափում եմ` դեմքով անլույս,
Հոգիս` բաց, բայց ամայացած,
Քայլերս` հետ-հետ, անհույս:
Բանտարկված է կամքը ոգու,
Եվ պատրանքը երջանկության,
Խեղդում է թախիծը հուժկու`
Գիտակցումը թարմ պարտության:
Ներդաշնակ հակասություններ,
Օրը լի է սպառվածությամբ,
Անպաշտպան ու ջինջ երազներ`
Հաջողվում է ապրել… մասամբ:
… ԳՏՆԵԼ …
Մայթեր լուսաշատ,
Շարժվող դիմակներ,
Իղձեր աննկատ
Ու ճակատագրեր…
Մաշված առաստաղ,
Ընթացք անարգել,
Չեմ շտապում, ավաղ…
Կուզեի շտապել:
Անզոր եմ փոխել
Երթը հուսահատ,
Կուզեի պոկել
Դիմակս գունատ:
Կուզեի գտնել
Ինձ այս ճահճուտում,
Կուզեի… ավաղ
Չեմ տարբերակում…
ՉԱՊՐՎԱԾ
Թույնով լի տապ ու անապատ,
Գազաններ մարդամարմին,
Կծկվել է խիղճն անտաբատ,
Մարդկանցից անդին:
Իսկ մարդիկ կրկին շտապում են,
Տրորում միմյանց,
Իսկ մարդիկ կրկին ողբում են
Կյանքը չապրված:
Ունայնության խաչմերուկում
Ճակատագրեր մոռացված,
Ոչ ոք կյանքում մեզ չէր սպասում`
Կանգառներ ամայացած…
Ձգտումները մեր շտապում են,
Տրորում միմյանց,
Երազները մեր ողբում են
Կյանքը չապրված: