ԱՐԱՄ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ | Բանաստեղծություններ

Արամ Մամիկոնյան

ինչպես նկարեմ ժամանակը` արգանդից դագաղ,

ու ականջներիս խեցիներում սուլող ձայները,
ցույց տամ ընկերներիս, որ տերևների պես
հատ-հատ թափվում են ճյուղերիցս,
ասեմ, որ թափ տան քարը փեշերից
ու Ագռավաքարից դուրս գան,
որովհետև սուտը արդեն մեծացել է պոպոկի չափ
ու մասրենիների պես արնոտ կախ ընկել փշերիցս

երևի կարմիր կներկեմ նավակից կախ թիավարող ձեռքերս,
քամուն կտամ սիրենների պես կանչող բոլոր նավահանգիստները
ու մի քանի տեղից կջարդեմ ինձ մեկնած բոլոր ձեռքերը Նավզիկեների,
գլխիս ո՛չ Մարիամներ եք, ո՛չ էլ Ծովինարներ,
որ բռնեցիք ու այսքան դատարկ մտքերով հղիացաք,
դե ուրեմն գնացեք գրողի ծոցը

գիտեք, ես մի լավ առասպել գիտեմ ընկերների մասին,
բայց չեմ պատմի,
որովհետև ես էն ծառն եմ, որ թափ է տալիս ճյուղերը
տերևների ավելորդ ծանրությունից ազատվելու համար,
ես խիտ ընկույզ եմ
ու անշուք չհասած մասրենու պես

դեղինով կլցնեմ ակնախոռոչներս՝
ձեռագրիս պես անհասկանալի բաժանումները չտեսնելու համար,
առհասարակ չտեսնելու համար
ու օձավարս մեդուզաներին մազերից բռնած
քաշ կտամ մոտակա վարսավիրանոց՝
ի հիշատակ օրերի մեջ քարացած ինձ պես թափառաշրջիկների,
կենսագրությունիցս մի տող գիտեմ միայն՝
իմ մայրն ու դուստրը Հեղինեն է,
որի պատճառով բոլոր պատերազմներն են սկսվում

կանաչ կներկեմ մարմինս
ու ծիլ կտամ տաք ու խոնավ արգանդներում,
արմատներիս տակ կփշրեմ բոլոր դագաղները,
որ բոժոժների պես հողի տակից
սպասում են հերթական Որդուն խաչ հանելուն
(չափից դուրս հերթ է կուտակվել),
մի խոսքով, մի կողմ քաշվեք իմ ճամփից,
սենյակիս հատակին թափթփված շորերի պես
ձեզ այս ու այն կողմ տշելով
այսօր և միշտ
ես վերադառնում եմ Իթակե

***
ներարկիչի ծայրով փնտրվող բոլոր երակներս
վերցրել են իրենց բարձերն ու վերմակները
ու գնացել, պառկել մի ուրիշ մաշկի տակ,
իսկ անձրևը մի պատճառ է ման գալիս, որ գա,
իսկ երկինքը մամռակալել է աստծո փեշերին,
իսկ աստված իր շորերից զատիկների պես կախված մարդկանց
կտոցում է հեռու

սիգարետի ծայրով փնտրվող շուրթերս չկան,
իսկ ծխախոտները`անցողիկ գեղեցկությունը
այպիսի խելառ նոյեմբեր-դեկտեմբերների,
կնճռոտում են մարդկանց դեմքերը,
ծալծլում մարմինները,
որ տեղավորեն նեղլիկ դագաղներում
ու ես նորից մի բանաստեղծություն եմ գրում սիրել-մեռնելու մասին,
մի ուրիշ բանաստեղծություն` արյանս հետ րոպեում միջինը 75 անգամ
անոթներիս պատերը բախող թռչունի մասին,
մի բանաստեղծություն էլ՝ անբուժելիորեն տառապող աշնանային սինդրոմով

ու պատերի սեղմակներից այլևս սենյակիս լույսերը չեն վառվում,
իսկ ներսում ուրվականները չգրավծ բոլոր նամակներիս
սահում են պատերի վրայով,
կրակած բոլոր փամփուշտները հատ-հատ պայթում ես սրտիս խոռոչներում,
Աստված վախից մտել է անկողնու տակ
ու շունչը պահած հետևում է մոտեցող քայլերիս

ես գիտեմ, մի օր ես կկարողնամ կանգնել հայելու առաջ
գզգզված մազերս սիրուն մի կողմ սանրելով
խոսք տալ ինձ, որ այլևս բանաստեղծություններ չեմ գրի
սիրել-միրելու, թռչունների ու անհուսորեն մեռնող աշունների մասին,
ու կմոռանամ օր օրի բարձրացող երկինքը
ու Աստծուն, որ արդեն զզվել է
փեշը համառ զատիկներից թափ տալուց
մի օր ես լրիվ ուրիշ կլինեմ,
կբացեմ երակներս, կազատեմ թռչնին

մի օր անձրևը հաստատ մի պատճառ կգտնի,
որ գա

***
վերջացած օրերը արյունոտ կարմիր խաչերով մեխվում են
օրացույցի դատարկ վանդակներում,
պատուհանները վանդակաճաղերի պես կտրտում են
դեմքդ դաղող առավոտվա թարմ լույսը,
իսկ դու բանաստեղծություններ ես գրում, կարդում, պատռում, շպրտում,
որովհետև բոլորն էլ սիրում են բանաստեղծություններ,
ու հետո ինչ, որ չգիտեն, թե իրենց ինչին են պետք դրանք

առավոտյան հրաժարվում ես
մոր թթխմոր ձեռքերի պես փափուկ գիշերանոցից,
բացում ճայի ճմրթված, ծուռումուռ թևերդ,
ու տարածում երկնքի հիասթափության երկայնքով,
հետո փետուրներդ մոռանում ես այնտեղ ու իջնում՝
մեռելային անհոգությամբ երեխա կամ չափից դուրս մտահոգ ծնող
խաղալու համար

ու երբ բոլորը լքում են իրենց տները,
այնքան խոցելի են մտամոլոր, մտամոլոր, մտամոլոր,
սեփական պատյանը կորցրաց խխունջների պես,
նրանց ձեռքերը շոյում էին գդալները- ինչպես փորով տղամարդկանց
դանակները-ինչպես իրենց թևերից կախ լղարիկ կանանց,
ու նրանց ափսեներից սառած նախաճաշի հոտ էր գալիս
սենյակները, որ չափից դուրս հավաք են
ու հորդ խորհուրդներից ավելի ճիշտ

սարսափը կեֆիրի սառը խտիտով իջնում է որովայնիդ,
տատդ սեղանից վերցնում է դատարկ շիշը ու հուսադրում.
-ամենտեղնույնմարդիկենտարբերքամակներիցհելած,-
անտանելի փորացավից անճանաչելի խզբզվում են դիմագծերդ,
կծկվում ես օրացույցի դատարկ վանդակներում,
ու օրերի կարմիր արյունոտ ճաղերը փակվում են վրադ,
դու բանաստեղծություններ ես գրում, կարդում, պատռում, շպրտում,
քայլում ես, նստում, վեր կենում, ծխում՝
չնայած շատ լավ գիտես,
որ Աստված իրականում կարգին խաթրով ընկեր է,
հետևաբար նա էլ քո բանաստեղծությունները կսիրի,
և հետո ինչ, որ չի հասկանա, թե ինչի մասին են դրանք

***
ներել է պետք ձեզ
լուսանցքում մոռացած բոլոր բառերի համար,
որ չափց դուրս թեթև էին
ու էլեկրտրալարերին փաթաթված ցելաֆոնի պես
նստած պատահական քամիների սառը թևերին

ու ես տեսնում եմ  տղամարդկանց՝
ձեռքերին ժամացույցի տեղ կապած կանանցով,
նրանց հոնքամիջում ճմրթված են բոլոր բանաստեղծությունը,
ու խեղված են անհարժեշտ բառերը հայացքների մեջ,
ես տեսնում են նրանց սուպերմարկետներից վերադառնալիս՝
թղթե, անթափանց տոպրակների մեջ խցկված պրոբլեմներով,
նրանց փոքրիկ բնակարանները,
բաց ու խուփ շրխկացող դռները
ու անհավանական համերաշխ ընտանեկան լուսանկարները,
տեսնում եմ նրանց վեր ու վար անելիս՝
խեղդված վերելակների միզահոտի մեջ,
նրանք հաճախ են շփոթում իրենց հասցեները

վերցրեք հեռախոսներդ, որովհետև
ձեզ այսօր գարեջրի եմ հրավիրում կամ որևէ համակարգչային խաղ խաղալու,
արձակեք ձեր փողկապները, դրանցից պատահաբար կաթած յուղի հոտ է գալիս,
վերնաշապիկները (աստծուց ավելի սպիտակ) տաբատներից անփութորեն դուրս քցեք,
արձակեք ձեռքերին կապված ոսկյա կանանց,
վայրկյանացույցների պես չափից դուրս ճիշտ
ու կողմնացույցների թվատախտակների պես անհասկանալի

մի պահ պետք է բանաստեղծ լինել,
որ անընդհատ շտապող մարդկանց ոտքերի տակ ցեխոտ ջրափոսեր են նետում,
փնտրել հավանական հասցեներ, տներ,
հավանական հայր, մայր,
մի պահ պետք է հավատալ անգամ մարմնավաճառներին,
որովհետև նրանք վաճառում են իրենց միակ ունեցածը,
պետք է մի պահ տեսնել մարդկանց քնկոտ շնչառությունից հանգչող
բնակարանների լույսերը
շնչել կեսօրի տանիքներով գլորող արևի քրտնահոտը
ու թերխաշ լվացքի պարանների օճառաջուրը

միևնույնն է էլեկտրալարերին փաթաթված ցելաֆոնները
օրերի պես տատանվելու են նույն անտարբերությամբ,
մինչև կպոկվեն կյանքից պակասող բոլոր բառերը
պատահական քամիների սառը թևերից
ու կթռչեն լուսանցքից դուրս

***
երբ ձյունը նստի տանիքների հերթականության վրա,
ու շենքերը արջի քուն մտնեն
ձյան հաստ շերտի տակ,
երբ մարդիկ փաթաթվեն սպիտակ վերմակներով՝
նմանվելով ծխախոտի գլանակների,
սպիտակ մայթերի դատարկության վրա
մոլորված ոտնահետքերիս ձեռագրով կպատմեմ,
թե ինչ դժվար ձմեռ է մոտենում,
հետո քիթս կկախեմ մի մեծ բաժակ
տաք շոկոլադի գոլորշիների վրա
ու կսպասեմ

վերջին երամի հետևից
ուշացած ու անփետուր թռչունների հետ
հուսահատության տրամագծով կտարածեմ թևերս,
սենյակից սենյակ, քաղաքից քաղաք
ուրվականի պես անհասցե պտտվող մարմինս
դրամապանակիս հետ կմոռանամ
երթուղային տաքսիներից մեկում,
ու աշունը անվերադարձ կփակվի վրաս
դագաղի խուփի պես

դեղահոտից թմրած անորովայն մեռելների
ու թաց կապտամաշկ նորածինների մեջ կերևա
թաքուն պտտվող շեղբը կյանքի,
չէ որ պորտալարի հետ կտրվող բոլոր ճամփաները
քեզ էին ենթադրում
և ուրեմն ո՞ւմ  կմնա
ծաղկավաճառների, շրջմոլիկների, գրպանահատների
այս քաղաքը

որովհետև իրոք դժվար ձմեռ է մոտենում,
ու ափսոս, որ ես էլ քեզ պես թռչուն չեմ՝
թեկուզ նույնքան ուշացած ու անփետուր,
միայն անարդյունք թափահարում եմ,
ուժեղ, շատ ուժեղ, խելագարի պես
թափահարում եմ թևերս,
որովհետև տեսնում եմ, թե ինչպես
մարդիկ սառցելուլաների պես պոկվում են պաշգամբներից
ու ջարդուփշուր տարածվում գետնին,
որովհետև մեռելների համար շիրմաքարի տակ էլ
նույնքան ցուրտ է, անհարամար ու նեղ,
որովհետև չեմ ուզում սառել
այս մեծ բաժակ անհամ շոկոլդի պես…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *