Առավոտ կանուխ Արմոն արթնացավ արկի պայթյունի ձայնից, և տարիներ առաջ երեխաների հետ իր ձեռքով կառուցած տունը լքելու օրվա պես, մի սառնաշունչ տագնապ սթափեցրեց կովին արոտ տանելու ժամից վաղ արթնացած նրա ծերացած, բայց չմթագնած միտքը: Բայց տարիներ առաջվա պես հայրենի տունը լքած Արմոյի ոտքը հիմա հաստատ էր, հավատն անսասան, գյուղի հանդեպ սերն ուռած՝ պայթելու չափ, և նույնիսկ ժամանակավոր հեռանալու միտքը գրողի ծոցն ուղարկված՝ մեկընդմիշտ: Այդ առավոտ, կովին արոտ տանելու ժամից մի ոտ առաջ հնչած արկի պայթյունն արձագանքել էր գյուղի բոլոր տղամարդկանց կեսարթուն, կեսքնած գլուխներում, իսկ պատերազմի հետ կողք կողքի ապրող Արմոյի կինը, իմաստուն և լուռ, հայացքով փողոցներ էր գծում փոշու մեջ թաղված գյուղի երկայնքով: Կեսօրին, Արմոն կնոջը, որդուն ու հարսին ապսպրեց ամուր գրկել թոռներին, ու քաղաք գնալ՝ աղջիկների տներում հերթով դեգերելու: Քաղաքում ապահով է, ասաց Արմոն, քաղաքի ասֆալտի փափկությունից ու արևին փակող բարձրահարկ շենքերից վնաս չկա, քաղաքի պետական հացն էլ մեր սրտերի պես քար չի դարձել, քաղաքի հացը քաղաքի մարդու թրթռուն սրտի պես փափուկ է՝ կյանքը կարճ, բաղադրությունն անառողջ:
Արմոն ու շունը կողք կողքի փոքրացան մեքենայի հետին ապակիներից դեպի գյուղը նայող թոռան աչքերում, գյուղն էլ փոքրացավ, այդպես փոքրացավ, փոքրացավ ու ջնջվեց՝ հայացքից էլ, հիշողությունից էլ, ապագայից էլ: Քաղաքի սրճարանների ապահովություն բուրող սուրճի հոտից ընդարմացած թոռների մտքերից ջնջվեցին՝ պապն էլ, շունն էլ, միայն տատի ձայնը մնաց, որ մանկության տարիներին օրհնանքի ու անեծքի միջակայքում պատերազմից դառնացած ձայնով պապի գոռգոռոցին հաչալ էր ասում, շան ոռնոցին գոռգոռոց, ծիծաղի մեջ վտանգ էր տեսնում, տխրության մեջ հուշ:
Պապն ու շունը, թոռներին քաղաք ճամփած, քայլում էին դեպի տուն, շունը պոչն էր անվերջ պտտեցնում, պապը փայտե չոմբախը՝ որ թոռների համար գիլաս քաղելիս ծառի ճյուղն իրեն ձգելու փոխարեն ձեռքի ու գետնի միջև հենարան, ծերացած ոտքերին եղբայր էր դարձել:
Գիշերը դիմացի սարերից փչող քամին իր հետ ոչ որսի հոտ բերեց, ոչ երեկոյան տուն վերադարձող տավարի մայուն, ու ոչ էլ անտառում ծառ կտրող գյուղացու տնքոց, գիշերը փչող քամու մեջ վառոդի հոտ էր, զինվորի քրտնահոտ էր ու թթի օղու հոտ էր, որ առատորեն հորդում էր առանց թոռների ու կանանց մնացած տեղ-տեղ խմբված տղամարդկանց սեղաններին:
Ամբողջ գիշեր, առանց կնոջ կիսաձայն մտորումների, առանց թոռների գոռգոռոցի Արմոն աչք չփակեց, հայացքն առաստաղին, ականջն էն հեռու սարերին, միտքը կիրակի օրը դիրքերից իջած, գյուղամիջյան ճամփեքով զվռնող զինվորների հետ, որ տան առաջ կանգնել ու մի բաժակ ջուր էին խնդրել՝ ինքն էլ ջահել տարիներն էր հիշել, ու կնոջից թաքուն մի շիշ տնական օղի էր հետները ճամփել, և համարել, որ մի-մի բաժակ թթի օղու մեջ հանցանք չկա՝ մի-մի բաժակ թթի օղու մեջ անդիմադրելի ուժ կա, որ տղերքին ավելի ամուր պիտի կապի էս հողին ու ջրին, էս սարերին ու դրա լանջին ծվարած էս մի բուռ դարձած՝ էս գիշեր էլ անկնիկ ու անթոռ մնացած գյուղի հետ:
Գիշերվա ու ցերեկվա հերթափոխի արանքում կովերը միտինգ անելու պես ձեն էին տալիս, կովն ինչ գիտի պատերազմն ինչ է, կովն իր մի կտոր կանաչ արոտն է պահանջում, սիլոսը ձմռան ցրտին էլ կուտի, էս ամառվա առատության մեջ, աջ ու ձախ փռված անծայր կանաչը թողած, հո սիլոսի խշխշացող մուննաթին չի մնալու:
Կովը կա, ձենն անպակաս, հավանոց լիքն է հավերով՝ որն ես ծանր օրով թուխս է նստել, որը գլուխն առաջ պարզած աքլորին է ման գալիս՝ իր բաժին կանացի պահանջն ուսերին առած, խոզն ու գոճիներն էս օրերին թթենու տակ թափված ու սևացած թթով էլ իրենց բաժին քեֆը կանեն, բայց շունը կարծես չկա: Ու Արմոն հասկանում է, որ էս գիշերվա լռությունը շունը ոչ մի անգամ չէր ընդհատել, ուրեմն գիշերն էլ չկար, որովհետև ինքն իր շանը լավ գիտեր, նա ո՛չ պատերազմի առաջ էր լռող, ո՛չ խաղաղության, ինքն էր ու իր կռիվը՝ ցերեկը մի աման կուշտ ճաշի համար, գիշերը բակով մեկ անպարան թափառելու:
Շան հետևից ձեն ածելով, հիմա լիարժեք մենակ մնացած Արմոն, փոշոտ կոշիկներով դեպի գյուղամեջ էր իջնում, որովհետև նա իր շանը լավ գիտեր, իր շունն ամեն պայթյունից հետո առաջինն էր իջնում գյուղամեջ, որ իմանա, թե ամենագետ գյուղացիներն այս անգամ ինչ պիտի ասեն պատերազմի մասին: Գյուղամիջում հավաքված մարդիկ, ամեն պայթյունին հաջորդած առավոտների պես, պարապ ու գիշերվա օղուց դեռ չսթափված հայհոյանքներ են շաղ տալիս թշնամուն, թշնամի պետության թագավորին (իրենք նախագահ-մախագահ չգիտեն, իրենց համար թագավոր է ու վերջ), մի խոաքով՝ ամեն բան նույնն է, անցած անգամվա, նախանցած անգամվա պես, բայց շունն էս անգամ պոչն օլորած ամեն խոսացող գյուղացու մոտ չի վազում, ու ոտքերի առաջ փռված հայացքն անթարթ ուղղում այդ մեկին քանի դեռ ճառը չի ընդհատվել մյուսի ձայնից, և ինքը փռվելու տեղը չի փոխել մյուսի ոտքերի տակ, հայացքը մյուսի բերանին սևեռած:
Օրվա կեսին նորից հնչեցին պայթյուններ, Արմոյի մտքում մոռացվեցին շունն էլ, կովն էլ, քաղաքում ապահովության մեջ նոր թխած ու մի օրվա կյանք ունեցող հաց ուտող ընտանիքն էլ, հիշողության մեջ առկայծում էին միայն կիրակի օրը տան առաջ կանգնած, ու մի-մի բաժակ ջուրն ագահորեն կլանած քաղաքից եկած դեղնակտուց զինվորները, որ հիմա իրենք մարմնի չափ զենքն ուսերին դրած, կամուֆլյաժի ծոցագրպանում մոր ու սիրած աղջկա նկարը թաքցրած, կռիվ են տալիս հանուն նկարի, հանուն նկարի մարդկանց, հանուն նկարի մարդկանց սպասվելիք նկարների՝ իրենց հետ, կամ առանց իրենց:
Գիշերվա մութն իջավ, լուսինն էլ վերադարձավ, աստղերն էլ նորից փայլքին են տալիս, բայց շունը չկա: Եվ Արմոն, պառկած, հայացքն առաստաղին գամած մտածում է, ու՞մ շունն է էս լուսինը, որ առանց իր շան գյուղին է նայում, Արմոյի համար շունն ու լուսինն անբաժան են, ու եթե շունը չկա, լուսինն էլ ավելորդ է: Էդ գիշեր, վերջին երեք օրվա մեջ առաջին անգամ Արմոն քնեց, երա՞զ, ոչ, երազ չտեսավ, կամ չհիշեց ինչ երազ է տեսել, արթնացավ անսովոր երկար ձգված լռությունից, էս առավոտ կովերը հաշտվել էին սիլոսին էլ, գոմի անփոփոխ պատերին էլ, նույն տեղում անշարժ մնացած իրենց խղճուկ դիրքին էլ, միայն կրծքերն էին պայթելու չափ ուռել, որովհետև տատն իրենց կրծքերն անտեր թողել, քաղաքում խանութից առած կաթ ու մածուն էր գդալով թոռների բերանը տարել: Եվ առավոտ կանուխ, գիշերվա քամուց դեռ չտաքացած արևի տակ, հայացքով բակի ամեն անկյունում շանը փնտրող Արմոյին աշխարհի հետ կապեց դարպասի թակոցը:
Դռան առաջ երկու զինվոր էին, ու մի շուն՝ զինվորները ողջ, շունը մեռած, զինվորների կրծքերը դատարկ, շան կրծքին անթառամ ծաղկի մի դեղին վզնոց, որ չորացած արյան հետ Արմոյի տան կարպետի ծվեն էր դարձել, զինվորները կռված ու հոգնած՝ շունը հերոս ու մեռած: Շունը մեռել էր, ու շան մահվան մեջ կիրակի օրը, տան դռան առաջ մի բաժակ ջուր խնդրած զինվորնների կյանքն էր ձգվում, և այդ կյանքի մեջ մի պատերազմ, ու մի շուն՝ որպես շուն ու գելի բաժին դարձած պատերազմի հետմահու հերոս։
Հետո երկար պատմություններ շան հերոսության, հավատարմության ու էլի նման սովորական շնային հատկությունների մասին, ու մի երկար թախիծ՝ տան բակում, Արմոյի աշխատածը ծուլորեն լափած, ամբողջ գիշեր աննպատակ գոռգոռացած, թոռների հետ մեծացած, Արմոյի հետ ծերացած շան աչքերում արցունքի պես թանձրացած տխրության պես մի երկար թախիծ, որ վերջապես պոկ եկավ Արմոյի աչքերից ու ցած գլորվեց, երեք օր տևած կրակոցների միակ զոհը դարձած շնչավոր արարածի՝ իր անհոգ մեծացած և հիմա հերոսաբար զոհված ու էս կռվարար աշխարհում իրեն մենակ թողած շան վրա: