Հևիհև վազող կենդանու շտապողականության պես նա փորձում էր հասնել վերջնարդյունքին, սակայն, որն էր վերջնարդյունքը, որևէ մեկը չգիտեր։
Հոտավետ մրգերի բույրերը խառնվել էին իրար ու դարձել մի ամբողջական ամենակուլ բույր։
Թթու դնելիքները սեղանի կլինկորին թիկն տված սպասում էին երեք լիտրանոց բանկաների մեջ հայտնվելու իրենց հերթին։ Զակատի գործիքը մշտապես տեսադաշտից անհետանում էր, իսկ մանր աղացի պես թափվող անձրևն էլ շտապեցնում, որ հանկարծ որևէ բան չմոռացվի։
Ամեն մեկն իր գրպանի պարունակության համեմատ պահուստներ էր հավաքում ու պատրաստվում այն անհայտի գալստին, որը մի քանի շաբաթից ոչ անակնկալ, սակայն անակնկալից էլ ավելի անկանխատեսելի մուտք էր գործելու յուրաքանչյուրի տուն։ Որևէ մեկը չգիտեր` ինչպիսին կլիներ եկողը, պարզապես ներսի անհայտ ուժի թելադրանքով բոլորը ինչ-որ ձևով պատրաստվում էին նրան դիմակայել։ Ամեն պոկված տերև փորձում էր հիշեցնել փոփոխությունների շունչը, սակայն միևնույն ժամանակ նույն տերևներն, ատամներով կառչած ծառից, մաքառում էին պոկ չգալու համար։ Անհայտությունը յուրաքանչյուրին էր սարսափի մեջ գցում։ Քամին ցրում էր տերևների հույսերն, ու նրանք, ընկնելով քամու ալիքի հոսքի տակ, խելակորույս թռնում էին այս ու այն կողմ։ Որոշները թափվում էին հենց իրենց իսկ ծնած ծառերի բների փեշերին ու խառնվում միլիոնավոր տարիների հողի շերտին։
Մարդկանց հույսերն էլ էին դողդողում մոտակա անհայտի շնչից։
-Ո՞վ կհասնի մինչև հաջորդ տարի ու ո՞ր մեկի հույսը կդիմանա գալիք ցրտերին։ Անհասցե դողը ամենուր էր, իսկ օրվա սկզբին միայն մեղմիկ երկյուղի զգացողություն էր առաջացնում։
Մանկական հիշողությունները ոչ միշտ էին իրենց հետ հաճելի հուշեր բերում։ Սեպտեմբերից ուսումն սկսածներն արդեն վախով էին նայում դպրոցի ճամփին։ Վաղուց ավարտածներին էլ չէր փրկում սարերերի գագաթներից ծանրորեն իջնող մռայլությունը։ Կարելի էր փորձել արջի քուն մտնել, մինչև կանցներ անէության տագնապը, սակայն արջային շռայլությունը ոչ բոլորին էր հասու։
Կարելի էր պարզապես պառկել ու երազել, պառկել ու երազել, պառկել ու երազել հաջորդ տարվա բերքի ու բարիքի մասին․․․

