Աստված ինքնասպանության փորձ էր կատարել։ Ամեն դեպքում էդպես էին խոսում խրամատում թաքնված քսանամյա մարտիրոսները, վայ շփոթվեցի՝ մարտիրոսները չէին, մարտիկներն էին՝ մի փոքր շտապեցի։ Թե՞՝ թերևս շտապեցի, թե՞՝ դեռևս, հիմա արդեն չգիտեմ։ Հակառակն ապացուցող որևէ փաստ չկար։ Մնում էր աշխարհին նայել ուրիշի աչքերով, ու ամենակարևորը՝ Աստծու աչքերով։
Ամեն վայրկյան կաթիլ–կաթիլ մոտենում էինք դավաճանությանը՝ Աստծուն դավաճանելուն։
– Իսկ միգուցե պետք է մի բան պահե՞լ վերջի համար,– բարձրաձայնեց շարքային Մարտիրոսյանը ու հենց էդ պահին դրոնը իջավ գլխին։
Ինչ–որ մի պահ է գալիս, որ ամեն ինչ պետք է անես, որ հիշես։ Ողջ կենսական էներգիադ պետք է կենտրոնացնես ընդամենը մի որևէ բան հիշելու համար։ Հիշես ոչ թե ով ես եղել սրանից մեկ, կամ երկու օր առաջ, այլ ընդհանրապես հիշես, թե ի՞նչ ես դու։
– Հոգեքայքայիչ պրոցես է՝ ասեմ իմանաք,– բերանքսիվայր խոտի հետ խոսելով մտածեց շարքային Նահատակյանն ու քմծիծաղեց։
Քմծիծաղը ծիծաղներից ամենածիծաղելին է։
Մի՞թե երջանկություն չէ դեռևս մահ չտեսած աչքերով նայել աշխարհին։ Իսկ ավելի մեծ երջանկություն չէ՞ առաջին մահը տեսնել հենց քո սեփական մահվան վրա՝ ո՛չ ընկերոջինդ, ոչ՛ եղբորինդ, ոչ էլ թշնամունդ տեսնելուց հետո։ Սեփական մարմինդ անշարժ պառկած է ու ամենակարևորը՝ քմծիծաղը դեմքիդ։ Առաջինը լինելու փրկություն, որ դու չտեսար այս ամենը։
«Մահը այս անգամ կողքովս չանցավ»,– մտածեց սերժանտ Գաբրիելյանը, սակայն նա արդեն մահ տեսնելու հարցում կույս չէր։ Ամենասարսափելին՝ երբ քեզ սկսում ես մեղավոր զգալ ապրելուդ համար։ Քայքայիչ պրոցես է, սակայն շատ հեշտ լուծվող։
Աջ ու ձախ գեղեցկություն ես փնտրում։ Արցունքներդ գալիս են ոչ թե աչքերից, այլ առնանդամից։ Սակայն ո՞ւր կորավ սերմնահեղուկը։
Կողքից հիմար մտքեր են թափվում, գնալով ավելի հիմարանում, սակայն դա արդեն քեզ չի հետաքրքրում։
Հավատալը դառնում է միլիարդապատիկ ավելի դժվար քան չհավատալը։
«Սակայն ինչի՞ն հավատալ»,– չմտածեց վառվող փոխգնդապետ Շամերջյանը։ Արաբերեն իմացող մի մոջահեդ ասաց՝ շամ արաբերեն արև ու կրակ է նշանակում ու քմծիծաղ իջավ նրա դեմքին։
Մենք պատասխան ենք տալիս մեր չարած մեղքերի համար, իսկ միգուցե մեր արածների համար էլ ուրիշնե՞րը պատասխան կտան։
Հիմա հաստատ Աստված ինքնասպան է եղել, ես դա պնդում եմ։ Հիմա արդեն երկնքում նրան եմ փնտրում, ու տեսնում եմ միայն նրա անձնասպանության հետքերը։ Ոչ ինքը կա, ոչ իր որդին, ոչ էլ Սուրբ հոգին։ Միայն հետքերը, ոչ մի ուրիշ փաստացի ապացույց։
Իսկ դու այս ողջ ընթացքում իրեղեն ապացույցներ էիր որոնում։