Առաքել Սեմիրջյան | Ձմեռ

Աֆրիկայում այս եղանակի բուն զգացողությունը չկա, կամ էլ կա, պարզապես ուրիշ թրթիռ է, այդ իսկ պատճառով արժի հաջորդ կյանքում այդ մայրցամաքում չծնվել։
Էնպես չի, որ չեմ կարող տարվա վերջին եղանակի մասին սառնաշունչ տեքստեր երկնել, ինչ-ինչ, տենց բաներն ինձ մոտ ստացվում են, սակայն այս անգամ որոշեցի ձմեռը ներկայացնել իր ողջ տաքությամբ։
Չէ՛, առանց չափազանցությունների, թե բա` սպիտակ մաքրություն, ճերմակ անմեղություն, թեթևաշունչ փաթիլներ, ձյունածածկ ծառեր, ուշահալ ձնագնդի, ագռավի կրծած գազարաքիթ, կտուրներից կախված սառցաբեկորներ․․․ Լավ էլ ծխից սևացած ցեխադաշտ, շքամուտքում փռված թաց լաթեր, աղը կերած քրքրված գետին, չմշկասահողի պես գետնի հպումից փախչող ավտոմեքենաներ, արանքներից փչող լուսամուտներ, քրտնած պատուհանագոգեր, կառալյոկի չիր, անհաղթահարելի տարեվերջյան գույքահարկ, անիմաստ նոր տարի, անկապ սպասումներ, կապակցված դողէրոցք, զնգրտացող ատամներ, մեջը լիմոն քամված հավի սուպ, անգույն թեյ, գույնզգույն խաղալիքներ, դառնահամ դեղեր ու միևնույն ժամանակ ուրախ տրամադրություն։
Պաղ օդի մեջ տաքությունն ամենուր է։ Սառնությամբ չպայմանավորված անբացատրելի ջերմ զգացմունքներ, այն էլ` առանց հետին մտքերի։
Հետին մտքերը գրեթե միշտ ստվերում են առաջին մտքերին ու նրանց թողնում ետևում, ու դժվար է հետագայում զանազանելը` դրանցից որ մեկն էր առաջինը, որը` հետինը։ Վաղ պատանեկությունից հայտնված մոռացված բարեկամներ, կրկնվող կենացներ, չկրկնվող կնճիռներ, հազվադեպ հանդիպող սև մազեր ու սառնասիրտ անտարբերություն, որ կյանքիդ մեկ տարին էլ գլորվեց ներքև։
Թե՞ վերև. ամեն դեպքում ճիշտը վերևն է։
Այնտեղ` վերևում, բոլորը միայն ձմեռն են կարոտում, որովհետև բուք ու բորանը միշտ ամպերից ներքև է լինում։ Նայում են վերևից ու ուզում են իրենք էլ գալ, ու մի ձնագնդի էլ իրենք կլորացնեն, մի շերտ կարտոֆիլ էլ իրենք փայտի փեջի վրա դնեն, մի դողացող ձեռք էլ իրենք ջեռուցիչի վրա տաքացնեն։
Բայց ի՜նչ գեղեցիկ է ներկա ձմեռվա մասին ապառնի կատարյալ ժամանակով խոսելը, իսկ անցնող անկատար ժամնակի մասին էլ ընդհանրապես լռել։
Լռել ու սպասել մինչև պառավոյի վրայի պառկած գուլպան կչորանա ու կրկին արագ կվազես դուրս։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *