ԱՐԱՔՍՅԱ ՍՆԽՉՅԱՆ | Տեր եղիր, որ հնազանդ լինեմ

Արաքս Սնխչյան

Որ մի հասարակ պարի համար

հին մեռելներին խտուտ չտամ՝
ես վալսը պարեցի կոստյումիդ հետ,

ու քանի որ այդ օրն այն մեզ մոտ
առավելապես լավ ստացվեց,
ես կարող էի իջնել բակ՝
դեկտեմբերի հում ձյունից
ձնագնդիներ սարքելու,
որ մեծացնեմ մոլորակի չափ,
կպցնեմ իրար,
միաչքանի ձնեմարդ ստանամ,
հետո երջանկացած երեխայի պես
(որին ոչ մի լուսամուտից հետևող
ոչ մի գլուխ չի երևում)
լեզուս երկարացրեմ ու
առնեմ փաթիլի համը:

Կոստյումդ հարթուկել հնարավոր չէ՝
ցրտից ուռած մատներով,
գիշերով Աստծուն դիվադադար անելն էլ
անհարմար բան է.
ես խելոք աղջիկ եմ,
փոքրիկ սովորություններից
մեծ կյանք կկառուցեմ.
կապրեմ-կարարեմ,
կապրեմ –կարարեմ
կապրեմ…

 

***
-Տեր եղիր, որ հնազանդ լինեմ,-
բողոքեցի ես ու…
նույն վայրկյանին հայտնվեցի
մատի ու մատանու արանքում,
հետո մի քանի մեջբերումներ արեցի
վերջերս կարդացած հիմարությունից,
մի քանիսն էլ ու…
արհամարհանքով նայեցի
համառող քնկոտությանդ:
Ինձ վերջերս ոչ մի հաճոյախոսություն չեն անում
սոցիումից հոգնած տղամարդիկ…
Հնազանդ լինելու մոլուցքից՝
ես տիրանում եմ քեզ,
քեզ բոլորովին անվճար իրացնում ու…
սատանի մայլեն քանդրբազություն անողի
ինքնավստահությամբ՝
անիծում բոլոր տերերին ու հնազանդներին:

 

***
Ես քեզ նվիրեցի ուղիղ կեսս
մեր փոքրիկ բնակարանում ու….
մրսեցի՝
վերմակ կարել սովորելու որոշում
կայացնելու չափ.
դու ապակիները ներկեցիր կապույտ,
որ չտեսնեմ ձմռան գույնը։

Սա արդեն ուրի՜շ-ուրիշ աշուն էր,
որ բծավոր արևներ չուներ,
չուներ երկինքներ՝ երկերեսանի,
աշխարհը խմբագրել էիր
մեր փոքրիկ բնակարանում…

Որովհետև երջանիկ լինելու համար
ես առանց այն էլ շա՜տ եմ խելացի-
հորդորեցիր այլևս չմտածել
մեր փոքրիկ բնակարանում:

Աշունն այսքան երկար երբեք չէր տևի,
եթե չներկեիր ապակիները,
իսկ անկեղծությունը միակ բանն էր,
որ չկար մեր բնակարանում:

 

***
Եթե դատարկություն է, ուրեմն՝ հուսանք,
ասացի ես, ու հայացքս աչքերիցդ կտրելով՝
արևը նկատեցի…

Ինձ չհատկացված տեղը խցկվելու մտքից կարմրեցի:
Խումհարի մեջ եղողի պես՝
դառնությունը գլուխս քաշեցի,
դու ասացիր՝ անու՜շ:
Ես ընկերական քեզ աչքով արեցի ու
լցրեցիր հերթական հիսունը:

Եթե դատարկություն է,
ուրեմն՝ հուսանք:

 

***
Արևը մոռացիր մազերիդ մեջ,
փակիր աչքերդ,
շնչիր ցողի գոլորշին,
որ լսես արտի շնչառությունը,
ծամես ցորենի փափուկ հատիկը,
ծաղիկ դնես ականջիդ,
մերսես կարմիր թշերդ ու պեպեններդ,
որ արևն իրենից պոկել՝
շռայլորեն ցանել է երեսիդ:

Տեսնու՞մ ես քույրերիդ պահմտոցին,
ոտնատակիդ կռացած հասկերը:

Չեն եղել եփվող սալարկուղիներով քաղաքի
անուշահոտ տղաները,
երկնաքեր շինությունները,
համալսարաններն ու օդակայանները,
միայն գյուղ կա, հասկ ու քամի,
միայն պահմտոցի՛ խաղացող երեխաներ,
միայն աղջիկների՛ սիրող տղաներ,
մի բարձի ծերացող տատիկ-պապիկներ,
միայն մի բակի շներ…

Միայն գյուղ կա…հասկ ու քամի:

 

***
Ամեն ինչ անկարելի լավ էր…
քիչ էր մնում հավատայի,
թե շոգի դեմ բոլոր պայքարներիս համար
ինձ շռայլորեն պարգևատրել են անձրևով։

Որդեգրեցի բակն ու փողոցը,
մայրաբար անհանգստացա
գլոբալ տաքացման պատճառով.
մոլորակին հովացնելու համար
երեկոյան անջատելու էի
էլեկտրական հոսանքը։

Անձրևին պատրաստվեցի
տուն-դուռ փակելով,
փռածս լվացքը հավաքելով։

Այնտեղ՝ տան ներսում,
ինձ այնքան քաղաքակիրթ զգացի,
որ անձրևը դադարեց
տարերք լինելուց ու…
իմաստը կորցրեց։

Քիչ էր մնում՝ էլ անձրև չգար,
փողոցն անտեր մնար
առանց ինձ ու …
ես այդպես էլ երբեք չթրջվեի…

 

***
Բոկոտն քայլում ես
սենյակից սենյակ,
նորություն ես աղերսում
մանկությանդ պատերից
ու ավելի ես սիրում
տունը, լվացքը, հայելին,
որ քոնն են,
իսկապես՝ քոնը,
միայն քոնը։

Իրեն չարդարացնող ստվերը
քեզ համոզեց,
որ իսկապես փոխվել են
տարիների ճանկերում
հայտնված մարմինդ,
էությունդ,
հոգիդ,
որ ծամածռվել է, մի տեսակ
տձևացել։
Նույնն են մնացել, սակայն,
տունը, լվացքը, հայելին…

Մեկ էլ աչքերդ են
փոխվել երևի,
որովհետև այլ բան ես տեսնում
դու հիմա.
պառավել են պատերի
կտավներից երևացող
դեմքերը,
գարնան պատկերներն էլ նկարներում
մի տեսակ դեղնավուն ու
աշնանատիպ են…

Ոչ ուզում ես՝ առաջվա պես լինի,
ոչ էլ այս վիճակին ես հարմարվում…
Զրկանքի համախտանիշը
սեղմել է կոկորդդ.
հույսդ միակ՝
տունն է, լվացքը, հայելին։

 

***
Հիշողությունը կորցրած փետուրը,
վարդագույն ձմերուկը
և իմ միակ զույգ գուլպան,
որ լվանում են երեկոյան,
որ առավոտ հագնեմ:
Մեկ էլ՝ տատս:

Վարդավառի ջրոցուց նեղացած
թշերը փքած Արաքսը,
տատիս սրտաճմլիկ աղերսանքը՝
խոտի հյուղակից դուս գալ:
Չորս բոլորը կրծած տանձը,
որ պաղպաղակի տեղ դրած՝
լպստում եմ….

Ծառի երբեք չհասնող խնձորը,
որ լի է փորկապության վտանգով,
տատս հավաքել է ներքևի ճյուղերից ու…
տվել խոզին:

Վերևի ճյուղերին նայում եմ
որպես անհասանելի բարձունքի՝
համոզված, որ աստված ավելի մոտ է,
քան խնձորները….
Տա՜տս:

 

***
Ես ունեի հրեշտակ լինելու բոլոր նախադրյալները
ու ստացել էի երկնքում իմ փոքրիկ մասնաբաժինը,
բայց կասկածամտությամբ սևացրի բոլոր օրերս,
ամեն ինչ տեսա ինձ հարմար դիրքից….

…Կտրեցին թևերս ու վռնդեցին իմ սիրելի հեքիաթից…

Ես փորձում եմ հիմա քայլել գետնի վրա,
հրեշտակային օրերի նոստալգիայով,
հրեշտակ մնալու սուրբ պարտականությամբ:

***
Զարթնեցի կեսօրին մոտ՝ քաղաքիս նվնվոցից,
որ ծննդկան կնոջ պես՝ չգիտեր ու՞ր փախչել
կոնքը սեղմող ցավից.
կանացի կոշիկները
ծակծկել էին դեմքը,
կուրծքը պայթում էր
բարձրահարկերի ծանրությունից:

Այստեղ-այնտեղ տաքացած բանվորները
փորել էին սիրտը,
լավայանման հյութը
հոսում էր երակներով,
չնախատեսված տեղում թափված աղբը
հազացնում էր նրան ,
ստեղծում պարբերական սրտխառնոց:

Աչքերս բացելով՝ նույնքան տանջված,
փորփրած սրտով,
շիկացած երակներով
ու մոտակա սրտխառնոցով՝
վեր ելա տեղաշորից….
Գոհունակ ժպտացի,
երբ ինձ գիշերը կծած բոլոր մոծակներն
ինքնասպանություն գործեցին ՝
նետվելով երկրորդ հարկի
պատշգամբից:

***
Անեկդոտի իմաստը չհասկացողի ապուշ ժպիտով
նայում եմ աչքերիդ,
երբ չհասկանալու ոչ մի բան չկա,
բոլոր սխալներն ուղղված են կարմիրով,
կարմիր էլ չկա:

Օրերի գլուխկոնծին
գլխացավանք է դարձել,
հաճախակի ճամփորդելը՝
տհաճ սովորություն:

Ես դեղին էջերին լրացնում եմ մի քանի «սև թղթեր»
և ուղարկում ինձ հետ նշանվել ցանկացող
տղաների մայրերին,
որ ուշաթափվեն կամ ոռնան։

Օրերը հետագիծ են թողել խեղճ նյարդերիս…
ես հավաքում եմ իմ վերջին ուժերն ու…
չեմ կարողանում հասնել այսօրվան:

***
Ամպի ճողվածքը գալարաձև ցավեր է առաջացնում:
Ես չգիտեի, որ փոթորիկը ճամփին էլ է պայթում:
Ուրեմն կարելի է պայքարել Հանուն,
այլ ոչ թե՝ Ընդդեմ:

Երեկ գիշերը լուծածս գլուխկոտրուկից
ցնցո՜ղ բացահայտում եմ արել.
պարզվում է՝ շատ ցանկանալու դեպքում,
մեկ ձեռքը կարող է ծափ տալ….

Հետո ծովը ծնկներիցդ կդառնա
ու չես վախենա անձրևից՝
ջուրը ընկնողի պես:

***
Երբ սպասում եմ քեզ
ձնաբքից առաջ և հետո,
ցերեկային ու հետցերեկային
հիստերիայի նոպաներիս
սարսափով,
ժամանակը՝
արհամարհելով գոյությունս,
դանդաղում է ավելի…ու
երեկ հղիացածներն
այսօր չեն մայրանում…

մանուկները չեն
երիտասարդանում
հանկարծակի…

չեն ծերանում
նույնիսկ
ծնողներս…

երբ սպասում եմ քեզ,
անհամ դարձած
ամենահամեղ բաները
ինձ բերում են շուկայից…

հետո տեղավորվում եմ
վաղուց վրաս փոքրացած
հագուստիս մեջ…
երբ սպասում եմ քեզ…

Երբ սպասում եմ քեզ,
արևն էլ դառնում է
բարեհաճ,
չհաշված գիշերային
անձրևները այտերիս,
որ արևի հետ
համարյա կապ չունեն…

… սպասում եմ քեզ։

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *