Դավիթ Խաչիյան | Ինչպես գրել. յոթ խորհուրդ Բորխեսից

«…Շարունակեք ընթերցանությունը միայն այն դեպքում, եթե գիրքը կլանիչ է, քանի որ գիրք կարդալը երջանկություն է, իսկ երջանկությունը պարտադրված լինել չի կարող»:

Խ.Լ.Բ.

  1. Ձեզ հաշիվ տվեք, թե ինչ եք գրում:

«Յուրաքանչյուր գրողի՝ արվեստի մասին պատկերացումները  սկսվում են գրականության միամիտ, ֆիզիկական ընկալումից: Գիրքը նրա համար դեռևս արտահայտվելու ձև չէ, այլ, բառացիորեն, վեցակողմ ուղղանկյուն զուգահեռանիստ մի հատորյակ՝ բաղկացած շապիկից, կազմից, ներսի բարակ թերթերից, շեղագիր բնաբանից, նախաբանից, ինը կամ տասը գլուխներից՝ ավելի մանր հատվածների տրոհված, բովանդակությունից, ավազի ժամացույց և լատիներեն արտահայտություն պարունակող գրանիշից (ex libris), վրիպակների համառոտ ցանկից, վերջում՝ մի քանի դատարկ էջերից և, միգուցե, հրատարակության ծանուցումից» (“Evaristo Carriego: A book about old-time Buenos Aires”):

«Իրարից տարբերեք վեպերը, վիպակները, պատմվածքները և փոքր արձակը (flash fiction): Սրանցից յուրաքանչյուրն իրեն հատուկ ծավալ և անգամ ոճ ունի: Ուսումնասիրեք տարբեր գրական ժանրերը: Երբ ձեր սեփական պատմությունն եք շարադրում՝ հասկացեք, թե ինչի հետ գործ ունեք: Ձեր հերոսներն ապրում  են վեպի՞, վիպակի՞, թե՞ նորավեպի ծավալային սահմաններում: Յուրաքանչյուր դեպքում ոճը, կառուցվածքը և գրելու մոտեցումները կարող են տարբեր լինել»:

  1. Ընթերցանությունը հետազոտություն է:

«Յուրաքանչյուր վեպ իրականության տիրույթ սպրդած երազային պատկեր է»:

Բորխեսը սիրում էր սյուրռեալիստական տարրեր օգտագործել։ Նրա ստեղծագործությունը արձակի և պոեզիայի միջոցով հաճախ ֆանտաստիկ տեսիլքներ է վերհանում:

«Հարցն այն է, թե մարդիկ, ընդհանրապես, ինչո՞ւ են կարդում: Ընթերցանությունը փախուստ է: Մարդիկ ոչ թե պարզապես  կարդում են, այլ դրանով փախչում են իրենց իրական միջավայրից: Ընթերցողները կարող են նաև կորչել ձեր գրվածքների մեջ: Գրողները պատասխանատվություն են կրում ընթերցողի փախուստը կազմակերպելու համար: Լավ գործերը կլանում են ընթերցողին, ուստի նա կրկին ու կրկին վերընթերում է իր սիրելի ստեղծագործությունները՝ հաճելի պահերը վերապրելու համար»:

  1. Ընթերցեք բարձրաձայն

«Իրապես նուրբ պոեզիան պետք է բարձրաձայն ընթերցել։ Լավ բանաստեղծությունը թույլ չի տալիս իրեն ցածրաձայն կամ լուռ կարդալ: Եթե հնարավոր է այն անձայն ընթերցել, ապա դա կայացած բանաստեղծություն չէ: Պոեզիան արտահայտչականություն է պահանջում: Նախքան գրավոր խոսք դառնալը այն բանավոր արվեստ է եղել» (“Seven Nights”):

Գրավոր խոսքը բոլորովին այլ որակ է ձեռք բերում, երբ այն բարձրաձայն է հաղորդվում: Եթե գրողները չլսեն, թե դրանք ինչպես են հնչում բարձրաձայն, խմբագրելու ընթացքում չեն կարողանա տարբերակել հաջող և չստացված նախադասությունները: Հաջողված հախադասությունը պետք է «ճիշտ հնչի»: Սա առաջին հերթին վերաբերում է պոեզիային, որտեղ տոնն ու ոճը հատկապես կարևոր նշանակություն ունեն։ Բորխեսն այս առումով, մասնավորապես, անդրադանում է Դանտեին՝ մեկ այլ արվեստագետի, ով նույնպես սյուրռեալիստական և դիցաբանական պատկերների սիրահար էր:

  1. Գրողը պետք է կարդա

«Կարդալը գրելուն հաջորդող ակտիվ զբաղմունք է՝ ավելի զիջող, ավելի սոցիալական և ավելի ինտելեկտուալ» (“A universal history of infamy”):

Բորխեսը շատ կարդացած մարդ էր: Մանկության օրերին հայրական տան գրադարանի բացահայտումը նա համարում էր իր կյանքը և գրական գործունեությունը պայմանավորող կարևորագույն իրադարձություններից մեկը…

«Կարդացե՛ք և շարունակե՛ք կարդալ: Կարդալու կրքից զուրկ մարդը երբեք չի կարող գրել սովորել»:

  1. Երազներն առանցքային դերակատարում ունեն

«Գրականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղեկավարվող երազ» (Preface, “Doctor Brodie’s report”):

«Երազներն առանձնահատուկ երևույթ են։ Երևակայությունը դադարում է գործել, երբ մենք երազում ենք, իսկ ենթագիտացությունը դառնում է տիրապետող»:

Բազմաթիվ մարդիկ են խոստովանում, որ հաճախ և տարօրինակ երազներ են տեսնում: Շատ գրողներ, այդ թվում՝ Քինգը և Բորխեսը, սեփական երազներն իբրև գրական ստեղծագործության նյութ են օգտագործել:

Բորխեսը նկատի ուներ, որ թե՛ երազները, և թե՛ գրելը կարող են հենվել ենթագիտակցության վրա։ Սովորեք վստահե՛լ ձեր բնազդներին, և թու՛յլ տվեք, որ ձեր երևակայությունն աշխատի:

  1. Կյանքի փորձը որպես ստեղծագործական հումք

«Գրողը և, ընդհանրապես, բոլոր մարդիկ, պետք է հասկանան, որ այն ամենն, ինչ պատահում է իրենց հետ, ինքնին ստեղծագործական նյութ է։ Ամեն ինչ մեզ տրվում որոշակի նպատակով, և արվեստագետը սա պետք է ավելի ինտենսիվ զգա և կիրառի: Այն ամենը, ինչը տեղի է ունենում մեզ հետ, ներառյալ մեր նվաստացումները, դժբախտությունները, խայտառակությունները, ամեն ինչ տրվում է մեզ որպես հումք, որպես կավ, որից մենք պետք է ձևավորենք մեր արվեստը» (“Twenty-four conversations with Borges”):

Անկախ նրանից, թե դուք գեղարվեստական գործեր եք գրում, թե հետաքննող լրագրող եք, ավելի լավ գրելու համար ձեզ փորձ է պետք:

Այն ամենը, ինչի միջով դուք անցնում եք ողջ կյանքի ընթացքում, այն աղբյուրն է, որը կարող է ավելացնել աշխարհի ձեր ընկալումը և դրա հետագա պատկերումը:

Ուրեմն, ինչպես Բորխեսն է խորհուրդ տալիս բոլոր արվեստագետներին, վերաբերեք ձեր կյանքի փորձություններին ինչպես գեղարվեստական հումքի: Դա ձեզ ավելի լավ, ավելի ուժեղ գրող կդարձնի:

7.Եվ վերջինը (իբրև բոնուս)

Ծավալուն գրքեր գրել, հինգ հարյուր էջում ձգձգել մի գաղափար, որի բանավոր կատարյալ բացատրությունը տեղավորվում է մի քանի րոպեից բաղկացած ժամանակահատվածում, աշխատատար և սպանիչ ցնորամտություն է: Ավելի խելամիտ կլինի պատկերացնել, թե այդ գրքերն արդեն գոյություն ունեն, ու նրանց ամփոփումը կամ մեկնաբանությունը տալ:

Թարգմանությունները՝ Հասմիկ Ամիրաղյանի (բնաբան), Դավիթ Խաչիյանի (1-6), Հովհաննես Բոդուկյանի (7)

Աղբյուրները՝

  1. Խորխո Լուիս Բորխես, «Հավերժության պատմություն», Երևան 2016, էջ 15
  2. https://www.writerswrite.co.za/6-bits-of-writing-advice-from-jorge-luis-borges/
  3. Խորխո Լուիս Բորխես, «Երկու արքաներն ու երկու լաբիրինոսները», Երևան 1992, էջ 6

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *