ՀՈՐՍ
Երեկոն մայիսյան էր և անձրևոտ,
դու մենակ էիր
և ծննդատան առաջ
ետուառաջ քայլելով մտածում էիր,
որ արու զավակները
չպետք է ծնվեն անձրևոտ մի օր,
թե չէ շատ կսիրեն արեգակին,
թե չէ… կվառվեն:
Դու մենակ էիր,
և հեռու էր Լեռը,
և մտածեցիր,
որ քո որդին անպայման կունենա
Անունը Լեռան,
և տխրությամբ հասկացար,
որ նա էլ մենակ կլինի
քեզ նման
և Լեռան պես
…Դու որդուդ հետ էիր,
և քո որդու հայրը
չուներ հայր,
և ծննդատան առաջ,
ետուառաջ քայլելով,
հանկարծ նայեցիր աչքերի մեջ որդուդ
և հասկացար,
որ նա էլ շատ է ուզում
ունենալ որդի,
որ… չկորցնի քեզ:
ՍԵՐ
Ասել է թե`
արթնացել ես այսօր,
որ վաղը հիշես,
թե ինչ էիր անելու երեկ:
Ասել է թե`
երկու խնձորներից
քեզ չի հերիքում
երրորդը
և անընդհատ թվում է, որ այդ պահին
մեկը տրոփում է
քո մասին:
Ասել է թե`
փողոցի շներն անգամ
քեզ ճանաչում են
և «բարև» են հաչում,
որ չմոռանաս
սովորականի պես
ծխախոտ վառել
և շարունակել կիսատ զրույցդ:
Ասել է թե`
արթնանում ես կեսգիշերին
և վախով հասկանում,
որ գիշերուկես է արդեն
ինչ
չես տեսել նրան:
***
Չէ, ինչո՞ւ հարբած,
պարզապես գինի էր և շատ էր,
և ամեն անգամ քո կենացն էր լսվում,
և ամեն անգամ դու չէիր լսում:
Պարզապես տարածություն էր, որ հարկավոր էր… խմել:
Որ հարկավոր էր խմել և հասնել քեզ:
Եվ հասնել… և լռել:
Չէ, ի՞նչ կարոտ,
պարզապես դու չես հերիքում,
անընդհատ չես հերիքում,
էլ երբեք չես հերիքում,
էլ երբեք չես հերիքում
իբրև ներկայություն
և մոտեցող ձեռք:
Չէ, ի՞նչ սեր,
պարզապես դու փակում ես աչքերդ,
որ ես երազ տեսնեմ,
քայլում ես, որ ես հոգնեմ.
ծնվում ես, որ շարունակվեմ.
հիվանդանում ես, որ ինձ համար բժիշկ կանչեն,
ասում ես` գարուն է,
որ ճերմակ ծաղկաբուրմունք հնչի իմ աչքերում,
ժպտում ես, որովհետև ինձ սազում է,
ծիծաղում ես, որ մարդիկ իմ մասին ասեն` ուրախ մարդ է,
հագնվում ես, որ ես չմրսեմ,
արձակում ես կոճակներդ,
որովհետև ես եմ շոգում…
…Ապրիր,
թե չէ մարդիկ դժվարությամբ կտանեն
իմ աճյունը ծառերի միջով:
***
Մեր բաժանումը ինձ սովորեցրեց
քո հետքերը փնտրել միայն
հայտնության մեջ իմ կորուսյալ
պատրանքների
և լոկ այնտեղ,
որտեղ չկաս
ու չես եղել մինչև անգամ:
Մեր բաժանումը ինձ սովորեցրեց
քեզ հիշելիս
հիշողության մեհյաններում
հեթանոսվող գիշերներին զոհ մատուցել:
Մեր բաժանումը ինձ հիշեցրեց
մեր հիշողության մեհյաններում հեթանոսվող գիշերներին
զոհ մատուցել`
քրիստոնյա մի բաժակ սուրճ,
անքնություն,
խաչված մի ցանց պատկերազարդ
և քեզ երբեք չհիշելու ջանքեր
իզուր:
Եվ հիշելով քո շուրթերի գգվանքը գիրգ`
ցնորածիր նախկին տենդով
ջերմ համբուրել
տաք շուրթերը
ծխախոտի
և ծխի անգո քուլաների մեջ
որոնել ինչ-որ պատրանք մնայուն:
Ես սովորեցի աշխարհին նայել
առանք քո աչքերի,
քո ժպիտով չժպտալ մարդկանց
Եվ չփնտրել քո խենթությամբ
անհայտ արահետներ:
Ես սովորեցի փողոցներում
Չորոնել քո հայացքի տաքությունը`
ծարավ մոլեգնությամբ:
Ես հասկացա,
որ ամենից քիչ
ինքներս հենց մենք գիտենք
և այդ պատճառով
մենք մեզ փնտրում ենք ուրիշների մեջ,
իսկ երբ որ գտնում ենք ինչ-որ չափով`
միայն կորուստն է դրանից դառնում ծանր ավելի…
Եվ հասկացա,
որ այն չափազանց ճշմարիտ է
բարձր ասելու համար
(իսկ մենք սիրում ենք գեղեցիկ ստեր),
որ այս ամենը կարելի է
լոկ հասկանալ
և հանկարծ… լռել,
և բաժանվել կարելի է…
չբաժանվելով,
ինչպես և սիրել… չսիրելու պես
և համուրել կարելի է… (նույնիսկ համբուրել)
խղճալու նման…
և ես հիմա
սովորում եմ
բաժանվելով
չբաժանվել…
…այսինքն` իսկապես
բաժանվել քեզնից…
ՊԱՏԱՀԱՐ
Օրը սովորական է,
ինչպես ժամացույցի միալար չխկչխկոցը
հոգսի և պարտականության ճկուն ողնաշարում:
Եվ տղամարդիկ ելնում են անկողնուց,
շտապ հագնվում են,
շտապ նախաճաշում,
հապճեպ համբուրում են քնած երեխաներին,
մի թեթև կսմթում են
իրենց կնոջ այտը
և շտապում գործի…
Եվ լուրջ-ինքնավստահ,
և լուրջ-մտազբաղ,
և լուրջ-գործնական
գլորվում է օրը
տղամարդկանց ուսերի վրայով:
Եվ հանկարծ տղամարդկանցից մեկը,
չգիտես ինչու, հիշում է,
որ ինքը հարևանի աղջկան համբուրելիս
բարձրացել էր թաթերին,
և շունչը կտրվում էր…
Եվ հանկարծ տղամարդկանցից մեկը,
չգիտես ինչու, հիշում է,
որ ինքը սիրում էր պեպենոտ մի աղջկա,
որը 14 տարեկանում վթարի ենթարկվեց
և մեռավ…
Եվ հանկարծ տղամարդկանցից երրորդի
աչքերը սառում են,
և նա շփոթված ծխախոտ է փնտրում
գրպաններում…
և հանկարծ…
և տղամարդկանցից շատերը…
և հանկարծ…
և բոլոր տղամարդիկ…
Եվ քիչ հետո
քաղաքը լցվում է պարապ տղամարդկանցով,
որոնք շփոթված են ու տխուր,
որոնք ծխախոտ են ճմռում գրպաններում
և քիչ է մնում «Դու ողջ լինես» ասեն`
իրար ձեռք սեղմելով…
Եվ բոլորը միասին քայլում են
դեպի գարեջրատուն,
որտեղ գարեջուրը դառն է,
ծխախոտը` կծու,
և բոլորը միասին են,
և միասին լինելը հեշտ է…
Եվ հետո շփոթված ու տխուր,
և հետո առանձին ու տխուր
շտապում են տուն`
իրենց երեխաներին համբուրելու
և սպասելու իրենց կանանց,
որոնք շփոթված ու տխուր
հավաքվել են ինչ-որ սրճարանում
և ինչ-որ բան են հիշում,
և ինչ-որ բան են հիշում,
և ինչ-որ բան են հիշում…
***
-Ամենադժվարը բաժանման առաջին օրերն են, –
հանգստացնում է տղան`
աղջկա մազերը շոյելով:
-Չէ, միշտ էլ դժվար կլինի
մինչև քո վերադարձը, –
լացակումած բողոքում է աղջիկը:
…-Ծառ,
հիշեցրու նրանց,
որ ամենադժվարը
այդ խոսքերը
հետո հիշելն է:
ԷԼԻ ՄԻ ԵՐԳ ՔՈ ՄԱՍԻՆ` ՍԵՐ
Հորինի՛ր ինձ,
մի վերջին անգամ հորինի՛ր ինձ,
այս քարափի ծերպին, իբրև մասրենու բոց
նոյեմբերյան ցրտում:
Ես գիտեմ,
շուտով ձյուն է թափվելու
վիրակապի նման
և շոյանքի:
Ես արդեն վախենում եմ ասել` կարոտել եմ,
ես արդեն վախենում եմ նայել իմ ձեռքերին,
վիրակապի նման
և շոյանքի
հորինի՛ր ինձ,
մի վերջին անգամ հորինի՛ր ինձ,
քո մատներից այն կողմ`
դրսում.
ծխախոտը սեղմած շուրթերիս մեջ,
աչքերիս մեջ` պատկերը փլվող հորիզոնի,
ուսերիս` հոգնությունը տարադարձիկ օրվա:
Երբ դու սիրում ես,
քո ափերը տաք են,
և մազերդ բուրում են
կախարդանքի մշուշ:
Հորինի՛ր ինձ` կախարդված մնամ.
հորինի՛ր ինձ` չմրսեմ:
Ես արդեն վախենում եմ նայել իմ ոտքերին,
երբ դեռ ձյուն չկա,
ոչ էլ` ոտնահետքեր,
բայց կա պատմությունը սիրապատառ ցավի,
որը կրկնում է.
«ուրեմն ինչպես միշտ աղջիկ էր,
ուրեմն ինչպես միշտ տղա էր,
և սեր էր ինչպես միշտ տարուբերվում օդում»:
Եվ տղան ինչ-որ բառեր էր կորցրել,
և աղջիկը ինչ-որ բառեր էր հայտնաբերել
իր ուսերի վրա
և լռում էր,
և լռում էր,
և լռում էր…
Եվ տղան ասում էր` կա՛նգ առ, նայի՛ր մեջբոլորդ,
և աղջիկն ասում էր` կա՛նգ առ, նայի՛ր շուրջբոլորդ,
և բոլոր խաչմերուկներում լույսը կանաչ էր,
և կանգ առնելու ժամանակ չկար,
և հարկավոր էր` առաջ, էլի առաջ,
և ամեն ինչ մնում էր` հետո, էլի հետո…
Հորինի՛ր ինձ
ճաքճքած շուրթերին հիշողության,
պատառոտված մաշկի տակ երգի,
ամենո՜ւր…
Այս ցավի դեմ` մենակ,
այս երգի դեմ` մենակ,
հորինի՛ր ինձ – չլինեմ
այսքան մենակ:
Մենա՜կ հորինիր:
Հորինի՛ր ինձ
քո շնչառության նախածալքերում,
իբրև ծփանքի պահ
դաշնավորված Կերպի,
իբրև զոհատրման անվախճանյալ հիացք
և տենդ շնչահատյալ,
և ճիչ մենաբաղձիկ,
և սեր անտարուբեր, –
հորինի՛ր ինձ:
Մեր դժվար գոյության քարածերպերին
միշտ ճիչ կա մասրենու,
նույնքան ճարահատյալ` հորինի՛ր ինձ:
Անգամ ծառը, նայի՛ր. ցրտահար բողբոջների
տարաբախտիկ վախով
կեղևաճաք է տալիս` հորինի՛ր ինձ`
ծաղկեմ:
Երեկ մեկի քունքին
արնապուտ կար փոքրիկ,
և աչքերը բաց էին`
ոչ ոք չհորինեց գոյությունը նրա –
ապրեր:
Հորինի՛ր ինձ,
մի վերջին անգամ հորինի՛ր ինձ –
քո կողքին, քո մեջ,
շուրջբոլորը քո:
Հիշո՞ւմ ես, երգ կար.
«Մեր միջև չի եղել ոչինչ,
ինչ եղել է, եղել է մեր մեջ…»
Հորինի՛ր ինձ` հիշեմ
և մոռանամ`
հետո ինչ կար հորինելու…
Ես գիտեմ,
շուտով ձյուն է թափվելու
(ինքդ ասա, արդեն ինչի նման):
Ես վաղուց եմ վախենում նայել իմ
ոտքերին,
երբ դեռ ձյուն չկա,
ոչ էլ ոտնահետք`
դեպի քեզ շտապող:
Ոչ էլ ոտնահետքեր:
Ոչ էլ… հորինի՛ր ինձ:
Ահա առավոտը,
ահա երգը այն նույն,
իսկ մնացածը…
հորինած է…
…հորինի՛ր ինձ:
***
Դու այսօր էլ չեկար, աղջի՛կ, դու այսօր էլ չեկար,
Դու այսօր էլ չառար մութը թևերիդ մեջ,
Քո քայլերի նման ժամացույցն է կարճում սպասումը երկար,
Դու այսօր էլ չեկար, աղջի՛կ, դու այսօր էլ չեկար:
Հեռուներում ինչ-որ մեկը ծխախոտ էր ճմռում խեղճ,
Օտարվեցին մայթերին իրար, վնգստալով հեռացան,
Սկիզբ չեղած, աստված գիտի, ինչպես եղավ արդեն վերջ,
Դու այսօր էլ չեկար, աղջի՛կ, դու այսօր էլ չեկար:
Գինին հիմա ինձ կհուշի լուսահոգի մի անցյալ,
քո կենացի վրա մեկը կուզի հեքիաթ պատմել,
Բայց հեքիաթը ինչ եմ անում, երբ ցավն ինքն էհանգուցյալ,
Դու այսօր էլ չեկար, աղջի՛կ, դու այսօր էլ չեկար:
Հիմա իմ դեմ կորբանա կիսաժպտուն մի պատկեր,
Քերծվող թախիծ թաքուն դողով կթպրտա այս տողում,
Բայց չեմ կարող ոտնաձայնիդ խարդավանքը ես ատել,
Դու այսօր էլ չեկար, աղջի՛կ, դու այսօր էլ չեկար:
Դու այսօր էլ չեկար, աղջի՛կ, դու այսօր էլ չեկար,
Եվ այսօր էլ չառար մութը թևերիդ մեջ,
Քո քայլերի նման ուրիշ սեր է կարճում սպասումը երկար,
Դու այսօր էլ չեկար, աղջի՛կ, դու այսօր էլ չեկար:
ՔԵԶՆԻՑ ՀԵՌՈՒ
Մի բաժակ սուրճ է,
այրվող ծխախոտ,
և մի հերոս գրիչ`
տառապանքից տնքացող:
Եվ ես ջանում եմ ապացուցել ինձ,
որ քեզնից հեռու
ես կարող եմ,
իրոք, ապրել,
ինչպես միլիոն երջանիկներ,
որոնք չունեն`
քեզ լոկ այսպես ունենալու
պատրանքը սին,,
Որ կարող եմ քեզ չհիշել,
չորոնել,
չշշնջալ քո անունը աղոթքի պես,
Ապրել այնպես,
ինչպես միլիարդ երջանիկներ,
որոնք երբեք չեն ունեցել զգացումը
թափահարվող,
թպրտացող թրթիռների:
Որ այլերի նման ես էլ
կարող եմ
լավ անեկդոտ պատմել,
սիրուն բառեր վառել,
սանրել թեթև մտքեր,
նույնիսկ կարող եմ փիլիսոփայել
տեսքով խորհրդավոր
կյանքի մասին
ու մարդկանց
և քննադատել կրքով հարբեցողի
եղանակը տխուր,
խոսել վերջին ֆիլմի,
կինոաստղի մասին…
և այս ամենը
այնպես հեշտ ու հանգիստ,
և այս ամենը
այնպես փորձված, փայլով,
առանց տագնապի անհանգիստ այրման,
առանց խենթացման,
Եվ կարող եմ քայլել փողոցներում
որպես մի շրջմոլիկ,
մի երգ` տաք շուրթերիս
փռել ու թափառել
անհոգ,
անհագ,
հրաբխել անուն,
անուն ու կատակ,
ժպիտ,
ծիծաղ,
և ինձ զգալ արդեն մեկն այն միլիարդից,
որոնք երբեք չեն զգացել
թափահարվող թրթիռների
թպրտացող թուլությունը,
Եվ երեկոյան վերադառնալ տուն,
փակվել ինքս իմ դեմ և աշխարհի դեմ,
փակվել և աչքերս փակել,
ամուր-ամուր փակել
չնկատելու հույսով միամիտ,
որ նկարիդ դիմաց մի բաժակ սուրճ է,
այրվող ծխախոտ
և մի հերոս գրիչ…
նկարիդ հետ մեկտեղ ինձ սպասող…
***
Եվ երեկոն` ինչպես վաղամեռիկ Չարենց,
Բուռ-բուռ մգանում է հիշողության դեմքին,
Տեսիլժամի մուժում ցավը ոչինչ չարեց,
Որ գեթ մի կանչ հասներ Հրաժարման երկիր:
Վերցրո՛ւ. քամին` մեկ, դու` երկու, ես` երեք,
Անսուրբ Երրորդության քմծիծաղ է անզոր,
Վաղն այսօր է դառնում, իսկ այսօրը` երեկ,
Բայց դեռ աջը չկա երկինքներից պարզվող:
Նույն Դեբեդն է նորից թլվատ հեռվախոսում,
Կիսամութի դողը քարափներին առավ,
Ուրիշ բառեր չկան, չկա ուրիշ խոստում
Ո՛չ տողերում երգի, ո՛չ աշխարհում արար:
Մեղք է այսօր տխրել, մեղք է լինել բարի,
Ինչ-որ մեկը նորից մանկատուն է մտնում,
Մահկանացու հուշը ձայնով աճպարարի
Թավալվում է այսօր երերացող մթնում:
Ես հոգնել եմ արդեն ձայնից Շիրմախոսի,
Թե կարող ես, ուրիշ հեքիաթ պատմիր,
Թե կարող ես, խառնիր ինձ քո վայրի հոսքին,
Միայն հուշ չկաթի մերձեցումի պատից:
Մոլեգնումի մուժից անգամ հողն է ճոճվում,
իսկ դու հեռու-մենակ, իսկ ես` օտար ու լուռ,
Ինչ-որ բան է ծնվում, ինչ-որ բան է կորչում,
Բայց ես ոչինչ չունեմ քեզնից հետո տալու:
Վերցրո՛ւ. ձայնս` մեկ, դու` երկու, նա` երեք,
Եվ լցվում է օրը վարանումի վալսով,
Թվում է` կծնվի հիմա ուրիշ մի երգ,
Բայց դեռ Ձայնը չկա` երկինքներից պարզվող:
Եվ միամիտ այսպես, նույնիսկ սենտիմենտալ,
Ես գինի եմ ճոճում գավաթիս մեջ,
Հեռուներից հեշտ է դեպի հեռուն երթալ,
Քո կենացը, աղջի՛կ, հեռուներիդ մեջ:
Եվ երեկոն, ինչպես վաղամեռիկ Չարենց,
Ինձ հետ հարբում է լուռ ու քրքջում անզոր,
Լույսը մարի՛ր, աղջի՛կ, լավ է ոչինչ չանել,
Քան սպասել Ձայնին` երկինքներից պարզվող:
***
Մեզ միշտ,
միշտ այսպես խաբել են.
նախ ասել են` մարդ եք,
հետո ամեն ինչ արել են,
որ մոռանանք այդ:
Հետո ասել են` երկինք է սա,
և ոչինչ չեն խնայել,
որ վախով նայենք վերև,
և հող են ասել,
որ մենք չմոռանանք
իսկական արվեստը
գերեզմանափորի:
ԽՏԱՑՈւՄՆԵՐ
Հոգնել ես:
Հասկանում եմ:
Ամենքն են հոգնել:
Եվ քանի դեռ
քնած են բառերը,
վե՛ր կաց
ու մի երգ գրի՛ր
առանց
այդ
բառերի…
Սկզբնաղբյուրը` hs-poetry.blogspot.com