Քո արվեստը դպրոցում | Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոց

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում իմ երրորդ հանիպումը Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների հետ էր: Քաղաքային դպրոցն անմիջապես աչքի է ընկնում իր մեծությամբ, բարեկեցիկ միջավայրով: Նախկինում քոլեջ-վարժարան է եղել, թարգմանական ուղղությամբ: Տնօրենն ինձ ցույց է տալիս դպրոցի հուշամատյանը, որտեղ գրականության, արվեստի հետ առնչվող տարբեր մարդիկ գրառումներ են կատարել դպրոցի մասին, և, ի թիվս այլոց ,աչքի են զարնում Դավիթ Գասպարյանի, Կարինե Աշուղյանի, Գուրգեն Խանջյանի անունները, իսկ տնօրեն Գոհար Հովհաննիսյանի համար ամենակարևոր ու պարտավորեցնող գրառումը թարգմանիչ Սամվել Մկրտչյանինն է:

Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ շատ տպավորված եմ վերադարձել այս դպրոցից. աշակերտների մտքի ազատությունը, անկաշկանդ, չկաղապարված խոսքը, դիմացինի հետ բանավեճի բռնելու, իրենց մտքերն արտահայտելու համար հերթ չտալով խոսելու աշխուժությունը ինձ հույս է ներշնչում. մենք հրաշալի, մտածող սերունդ ունենք, և նման կազմակերպվածության, կրթական որակ ունեցող դպրոցներ: Պետք է խոստովանեմ, որ նման ազատ մտածող երեխաներ նախկինում միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում եմ հանդիպել:

Ցավոք, անգամ այս հրաշալի դպրոցում էլ, դպրոցական դասագրքերում անդրադարձ չլինելու պատճառով աշակերտները ծանոթ չեն ժամանակակից հայ հեղինակներին:

Հանրակրթական դպրոցներում ժամանակակից պոեզիայի, գրականության մասին իմ խոսքից հետո ուսուցիչներն ինձ հաճախ հարց են տալիս, թե ինչո՞ւ այս գրողները ներառված չեն կրթական ծրագրերում: Նույն հարցը հիմա ես եմ ուզում հղել Կրթության և գիտության նախարարությանը, դասագիրք կազմողներին՝ ընկերներ, իրո՞ք, ինչու մինչ այսօր դպրոցական դասագրքերում ներառված չեն Հովհաննես Գրիգորյանի, Սլավիկ Չիլոյանի, Հենրիկ Էդոյանի, Լևոն Խեչոյանի, Գուրգեն Խանջյանի և մի շարք այլ հեղինակների ստեղծագործությունները: Մի՞թե դեռ չի հասունացել պահը՝ փոխելու գրականության շրջափուլերի այս թերի, ոչ ամբողջական դասավորությունը, որ ժառագնել ենք խորհրդային երկրից: Ինչպես է հնարավոր անտեսել անկախության, երրորդ հանրապետության գրականությունը, դուրս թողնել դասագրքերից՝ ստեղծելով տպավորություն, որ գրականությունը անցյալի զբաղմուքն է, մեր օրերում էլ կենդանի ստեղծագործողներ այլևս չկան:

Լավ կլիներ, որ մինչ օրս հարցադրումներ անելու, զարմանալու փոխարեն համատեղ կամք դրսևորեինք և ժամանակակից մի քանի գրողների անուններ, որոնք գրականության ընթացքի ու ժամանակի մեջ արդեն ճշգրտված դերակատարություն ունեն, ներառեինք դպրոցական դասագրքերում:

Հանդիպումների ամենաեռանդուն, հետաքրքիր պահը անմիջական շփումն է աշակերտների հետ: Ընթերցում եմ Հովհաննես Գրիգորյանի «Նոր ժամանակներ» բանաստեղծությունը, աշակերտներից մեկը՝ մի աշխույժ, մտածող տղա Նարեկ անունով, ինձ հարց է տալիս՝ «Իսկ հնարավոր է, որ արագիլի մյուս ոտքը, որ իր բանաստեղծության մեջ օգտագործում եմ Հ. Գրիգորյանը, հենց Արցախի տարածքն է»: Նարեկին պատասխանում եմ, որ պոեզիան մարդուն սեփական զգայարաններին վստահելու մեծ իրավունք ու չկաղապարվածություն է վերապահում, և ինքը կարող է ազատ լինել իր մտքերի, իր կարծիքի մեջ:

Անչափ տպավորված եմ նաև Սեդա անունով հրաշալի աղջկա բանաստեղծության ընթերցման մշակույթից՝ առանց պաթոսի, հստակ շեշտադրումներով: Ակնհայտ է, որ Սեդան գրականության եզակի ընկալունակություն ունի, հասկանում է կարդացած նյութը, տեսնում համեմատությունների զուգահեռները: Երբ ընթերցում ենք Հուսիկ Արայի «Դու աշխարհի լույսն ես» բանաստեղծությունը, անմիջապես գուշակում է աստվածաշնչյան հղումները: Աշակերտների հետ մեր երկխոսություններն այսքան մանրամասն նկարագրում եմ մի նպատակով՝ ցույց տալու համար, թե մեր դպրոցականներ ինչ ընկալունակ են ժամանակակից արվեստը, գրականությունը ըմբռնելու հարցում, պարզապես այս ամենը նրանց համար շարունակում է մնալ փակ դռների հետևում՝ շրջանցելով, չդառնալով նրանց կյանքի անմիջական մասնակիցը:

Հատուկ աշակերտների համար,  ակտիվ հղումով նշում եմ բանաստեղծական այն շարքերը, որոնցից ընթերցվել են դասաժամին՝ Գարնանային գլխապտույտՀայաստան՝ սա իմ երկիրն էՍիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում:  

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *