Կռունկավարը գրասենյակի վարիչի մոտ
Արևի կլոր մեղրահացն անշտապ գլորվում էր կապույտ ծաղիկների հովիտն ու անհիշելի ժամանակներում այնտեղ կառուցված փոքրիկ քաղաքն օղակած լեռների գագաթների վրայով: Լուսամուտագոգին արմունկներն հենած ու ցրված տեսքով դուրս նայող տարեց մարդն անձայն շարժեց շրթունքները: Բերանում սոսկալիորեն հաճելի քաղցրահամ զգաց: Մանկության մեղրահացի անկրկնելի համը: Սարսռաց, երբ շողերով ու ստվերներով ողողված բակից լսվեց վաղուց մահացած մոր հնամաշ կոշիկների ծանոթ, կամացուկ քստքստոցը: Առավ նրա սիրտ ճմլող հոտը՝ մոր շորերի ու մաշկի ծակոտեները ներծծված, կաթի, չամիչի, մեղրի, նոր թխված հացի ու դարչինի բույրը: Երբ խարտոցի պես կոշտ ափով սրբեց աչքերում հայտնված արցունքը, հասկացավ, որ լույսով ու ստվերներով ողողված բակում ոչ մի քստքստոց էլ չէր հնչել: Քամին, ամառվա մեղմօրոր քամին պարզապես շոյել էր գրասենյակի երկհարկանի շենքի դիմաց պահակային վաշտի կուռ շարքով կանգնած ծառերի սաղարթները, իսկ անասելի տխրության քուլաներով պարուրող կարոտի ու անցյալի հոտը գալիս էր գրասենյակի անշուք խոհանոցի բաց դռնից, որտեղ, անագե կաթսաների ու թուջե թավաների արանքում, իր մարմինն էր հմտորեն տեղաշարժում հաստլիկ խոհարարուհին:
Տարեց մարդը՝ «Թիվ 2 շինմոնտաժային գրասենյակի» ավագ կռունկավարը, խոր հոգոց հանեց: Նստելով իր աթոռին՝ սկսեց արագ շարժումներով փոշոտ գրասեղանի վրա շրջանագծեր ու խաչեր նկարել: Փորձառու հոգեբանը տարեց մարդու կնճռապատ ցուցամատի շարժումներում ենթագիտակցության սքողված, բայց անբեկանելի թելադրանք կնկատեր: Ակնարկ շրջանաձև ժամանակի մասին, որի պարագծի անեզրությունը բացառում է մեկ անգամ հեռացածի վերադառնալու հնարավորությունը: Նրա պրպտուն հայացքը կնշմարեր նաև հեռացման այդ համատիեզերական կարգադրագիրը վավերացնող կնիքների՝ անհամար շիրիմներից երկնքին նայող քարակերտ խաչերի՝ գրասեղանի փոշուն նկարված խորհրդանշաները :
Նման պահերին «Թիվ 2 շինմոնտաժային գրասենյակի» ավագ կռունկավարը թունդ մրգօղի խմելու ու գլանակի դառը ծուխն ագահորեն կլլելու անհագուրդ ցանկություն էր զգում: Մրգօղու՝ այդ ոսկեծուփ սպեղանու մի քանի բաժակից հետո Տիեզերքի արյունոտ պարզությունը մշուշվում էր: Համընդհանուր դատապարտվածության, անծայրածիր կառափնարանի, մարդկային փշրվող ոսկորների վրա խելակորույս պարող մահվան մասին ծանր մտորումներին փոխարինում էին ծառից ծառ թռչող արտույտների պես փոքր, կայտառ, ուրախ, աննշան մտքերը: Տուն տանող ճանապարհի եզրով մարդու ուղին ճշտորեն կրկնող հեռագրասյուների մեկուսիչների ողորկ մակերեսին սկսում էին հուրհրալ կրակի անհամար ծվեններ, որոնք ցատկում էին ճանապարհամերձ տների թիթեղյա տանիքներին ու չարաճճի մանուկների պես ուրախ ցած սահելով` ոսկեկաթիլ անձրևի շռայլությամբ կաթկթում մարդու ճանապարհին: Մթնելուն պես գիշերային երկինքն աստղերով զարդարուն լաթակտորներով ծածկում էր այդ ճանապարհին մշտապես հանդիպող ջրափոսերը: Թանձրացող ստվերները հանճարեղ նկարչի վարպետությամբ մեկ-երկու ուրվագծով կրկնօրինակում էին իրերի աշխարհը: Մթության խորքից շողարձակում էր Տիեզերքի անըմբռնելի խորհրդավորությունը, ու գիշերը հեղեղվում էր անորսալի ցոլքերով՝ ասես կապույտ ծաղիկների հովիտը նետված հսկայական ադամանդ:
Տարեց մարդը կզակը հենեց բռունցքին և սկսեց ակնդետ նայել դիմացի կեղտոտ պատին ամրացված մեծ ժամացույցին: Տուն գնալու երանելի ժամին հասնելու համար, րոպեները համրող երկճյուղ ծայրով սլաքը՝ սարերի գագաթների վրայով գլորվող արևի պես դանդաղ ու անշեղ, դեռ պետք է երկու լրիվ պտույտ կատարեր:
«Երկու ժամ ինչպե՞ս պետք է համբերեմ»,- մտածեց կռունկավարը անկեղծ դառնությամբ: Ներսում հարաճուն ընդվզում զգաց: Վախեցավ, որ կարող է մի անհեթեթ, ավելորդ արարք թույլ տալ: Հետո հիշեց տանն իրեն սպասող կնոջը: Խոր հոգոց հանեց, բարձրացավ աթոռից ու հատակի տախտակների՝ իր մտադրությունն անմիջապես մատնած ճռճռոցի ուղեկցությամբ քայլեց դեպի «Թիվ 2 շինմոնտաժային գրասենյակի» վարիչի աշխատասենյակը:
Իր թագավորությունում գրասենյակի վարիչը խստասիրտ, անողորմ ու ամենազոր էր: Նրանից զգուշնում էին: Նրա զայրույթից՝ սարսափում: Ձեռքի վարժ շարժումով գրչածայրը մտցնելով թանաքամանի մեջ՝ վարիչն իր առջև դրված թղթերի, անձնական քարտերի, հաշվառման թերթիկների, աշխատանքային գրքույկների ու զանազան տեղեկագրերի վրա ամեն օր ձեռնամուխ էր լինում գրասենյակային մոգության հերթական ծեսը կատարելուն: Լռության ու գրամեքենաների չխչխկոցի, փոշու ու դեղնած թղթապանակների, փայտոջիլների ու փութաջան ցրիչների այդ թագավորությունում հսկայական կամ նույնիսկ փոքրիկ բանակներ չէին տեղաշարժվում: Ճակատամարտերի խուլ գվվոցի փոխարեն հնչում էր թղթի վրա արագորեն սահող գրչածայրի ճռճռոցը: Սակայն այդ մոգության արդյունքում գրասենյակում լինում էին կործանվողներ ու հաղթողներ: Ոմանք տապալվում էին, ոմանք՝ տապալվածներին տրորելով բարձրանում: Մի քանի տարի առաջ բավականին հաճախ էր լինում, որ գրասենյակի մարդիկ՝ նրանք, ովքեր պարտվել էին լռակյաց խարավանքների ու գաղտնի մատնությունների այդ ճակատամարտում, արտասվաթոր աչքերով հրաժեշտ տալով կապույտ ծաղիկների հովտի քաղաքին, իրենց հարազատների հետ բռնում էին սառնաշունչ ու անհյուրընկալ Հյուսիսի ուղին: Փոքրիկ քաղաքում պտտվող շշուկներն ասում էին, որ գրասենյակի վարիչն իր մոգական ուժի ծաղկման ժամանակաշրջանում կարողանում էր դեղնավուն թուղթը դարձնել անգամ գնդակահարության ճաքճքած պատ, իսկ գրիչի ծայրին հավաքված թանաքի կաթիլը՝ կուրծք ծվատող, գանգեր ջարդուխուրդ անող արճիճե գնդակ: Չար լեզուները պնդում էին նաև, որ գրասենյակի վարիչի ամենից լավ ժամանակներն անդարձ անցել են, ու նա աստիճանաբար կորցնում է իր մոգության երբեմնի ուժը: Սակայն տարեց կռունկավարը փորձառու և խոհեմ մարդ էր ու ամեն անգամ վարիչի աշխատասենյակ մտնում էր թունավոր օձերով լի կողովն իր վրա շրջող հնդիկ աճպարարի զգուշավորությամբ:
Վարիչի աշխատասենյակի գունաթափ դուռը թակեց հարգալիր ու կամացուկ:
-Ներս եկեք,- նրբանկատ թակոցին անհապաղ հաջորդեց վարիչի կարճ հրահանգ-հրավերը:
«Ծխնիները պետք է յուղել»,- մտածեց կռունկավարը, երբ դանդաղորեն բացվող դռան տհաճ ճռռոցը սկսեց անվերջանալիորեն երկար խազել վարիչի աշխատասենյակի սրբազան լռությունը:
-Ահ, այդ դու՞ ես,- քորելով սպիտակ վերնաշապիկի եռանկյունաձև օձիքից երևացող կարմիր վիզը՝ փնչաց գրասենյակի վարիչը,- կարծես զգացել ես, որ ինքս պետք է քեզ կանչեի:
Վարիչի վերջին խոսքերը լսելով՝ կռունկավարը տհաճ գլխապտույտ զգաց: Գիտեր, որ այդ բառերից հետո չի կարողնալու ասել աշխատավայրից մի քիչ շուտ դուրս գալու իր խնդրանքը ու այդ դեպքում չի կարողանալու հիմնավորել նաև վարիչի սրբազան միայնությունը խախտելու իր հանդգնությունը: Գլխում արագորեն մի քանի արժանահավատ վարկածներ պտտվեցին: Անասելի թեթևություն զգաց, երբ որոշեց, որ գրասենյակի ղեկավարից իր ավտոկռունկի շարժիչի համար «ԴՏ- 51» մակնիշի յուղ է ուզելու:
-Դեհ, որ ինքդ ես եկել, մոտ արի, նստիր,- վերցնելով աթոռներից մեկի վրա դրված կաշվե պայուսակը՝ ձեռքի անփույթ շարժումով նստել հրավիրեց աշխատասենյակի զարհուրելի տերը:
Կռունկավարը խեղճ-խեղճ նստեց աթոռի եզրին և, ուշիմ աշակերտի պես, ձեռքերը դրեց ծնկներին :
-Հետդ կարևորագույն գործ կա: Հաշվիր, թե քեզ կուսակցական պատասխանատու առաջադրանք է վստահվում,- արագ-արագ շարժելով մանրիկ բեղիկները՝ խոսեց գրասենյակի վարիչը,- ասեմ նաև, որ քո թեկնածությունը քննարկվել է պատասխանատու ընկերների հետ: Քաղաքային կազմակերպության առաջին քարտուղարը, անվտանգության ավագ մայորը, շրջանային զինդատախազն ու ձեր թաղային տեսուչը չեն առարկել:
Կռունկավարը զարմանքից փռշտաց ու սկսեց անասելի արագությամբ թարթել: Թվարկված ընկերների՝ անմատչելի ու հզոր մարդկանց հանդեպ ճղճիմ ու մանր թվաց անգամ ինքը՝ գրասենյակի սարսափազդու վարիչը:
Վարիչը, բլիլիարդի գնդակների պես ծանր ու կոշտ իր աչքերը շեշտակիորեն նետեց կռունկավարի հայացքի գնդապարկերի մեջ: Սակայն կռունկավարն այդ սարսափազդու աչքերի հատակին անհուսություն, շփոթմունք ու վախ նկատեց: Հետո գրասենյակի վարիչը մեն-մի շարժում կատարելով իջավ անմատչելի կուռքի, խստասիրտ ու դաժան բռնակալի իր պատվանդանից. նա բացեց իր գրասեղանի ներկառուցված պահարանի դռնակը, այնտեղից հանեց ու, մի կողմ հրելով մանրատառ մեքենագիր տեքստով պատտված թղթերի կույտը, իրենց առջև դրեց կոնյակի հաստափոր գրաֆինը, երկու նիստավոր բաժակներ ու «Ռոտֆրոնտ» մոսկովյան գործարանի արտադրած շոկոլադի փայլփլուն տուփը: Կռունկավարը կարծեց, թե ինքն ինչ-որ անհավանական երազ է տեսնում: Բաժակների մեջ լցվող կոնյակի ձայնն իր երակներով խենթ արագությամբ հոսել սկսած արյան խուլ շառաչը թվաց:
-Խմիր,-կարճ հրամայեց գրասենյակի վարիչը:
Կոնյակը կլանեցին առանց բաժակներն իրար խմելու: Հետո, կռունկավարի ապշահար հայացքի ներքո վարիչը նորից լցրեց իր բաժակն ու թափով քաշեց գլխին:
«Աշխարհը երևի շուռ է գալիս »,- մտածեց կռունկավարը: Վարիչի խմելն անհավանական երևույթ էր, անամպ երկնքից ամառվա կեսին տեղացած ձյուն:
«Թիվ 2 շինմոնտաժային գրասենյակի» ղեկավարն իր պաշտոնավարման առաջին օրերից ձեռք էր բերել սակավապետ ու քարասիրտ գործամոլի համբավ: Հակասոցիալական վարք ցուցաբերող աշխատակիցների դեմ նրա անմիջական մասնակցությամբ իրականացվող հալածանքները տարի առ տարի ամրապնդել էին այդ համբավը: Չափից դուրս հյուրասեր աշխատակիցները համարվել էին գինեմոլ ու ծիծաղելիորեն ծամածռված հարբեցողի կերարպով հայտնվել պատի թերթի էջերում: Կոլեկտիվի միջոցով դաստիարակելու գիտական մեթոդը վկայակոչելով՝ գրասենյակի վարիչը կարողացել էր նաև անարգել կերպով մուտք գործել կասկածներ հարուցած աշխատակցի ընտանիք ու զբաղվել նրա վերադաստիարակությամբ:
-Այս գիշեր ընկեր Ստալինի արձանը պետք է իջեցնես պատվանդանից,- դժվարությամբ արտաբերելով շուրթերից կարծես թե պոկվել չցանկացող բառերը՝ վարիչը բռունցքն ամբողջ ուժով խփեց սեղանին:
Հարվածի ձայնը կռունկավարին թվաց սարից պոկված ու քաղաքի վրա գահավիժող վեմի շառաչ: Իրեն դանդաղորեն համակող, ճահիճի պես կլանող սարսափ զգաց : Ականջներն ափերով ամուր փակելու ու սենյակից փախչելու անզուսպ ցանկություն: Վարիչի բառերն իրեն ներքաշում էին նողկալի, հրեշավոր, սրբապիղծ հերետիկոսության մեջ, որի համարժեք պատիժ կարող էին լինել միայն քառատումը, անվահարումը, ողջ-ողջ սովահար գազաններին ի կեր նետվելը կամ մահապատժի՝ ագահորեն բոցկլտացող խարույկը:
-Կուսակցական համապատասխան մարմինների որոշումն արդեն կա,- այդ բառերն արտասանելիս վարիչի աչքերում արցունքներ հայտնվեցին: Նա թեքեց հայացքը, մի քանի ակնթարթ լռեց, իսկ երբ նորից նայեց կռունկավարին՝ աչքերը չոր էին ու անտարբեր: Արցունքերը՝ աղի հեղուկի այդ մատնիչ կաթիլները կարող էին հետո համարվել գրասենյակի ղեկավարի հանցակցության համոզիչ ապացույց. կուռքեր տապալելիս նոր կրոնը միշտ ծայրահեղորեն դաժան էր լինում խորտակված աստվածների համակիրների նկատմամբ:
-Գործը գիշերով կանես, երբ ողջ քաղաքը քնած կլինի,- հրաժեշտից առաջ խստորեն նախազգուշացրել էր գրասենյակի վարիչը,- արձանի ու քո աշխատանքի հետքերը առավոտյան պետք է արդեն նկատելի չլինեն: Մարդիկ պետք է արթնանան ու, հրապարակով անցնելիս, մտածեն, որ տարիներ շարունակ իրենք պարզապես պատկերացրել են ընկեր Ստալինի արձանը: Հասկանալի՞ է:
Լսլով կռունկավարի կցկտուր պատասխանը՝ գրասենյակի վարիչը կարծես թե անէացել էր սեփական աշխատասենյակից: Քթի տակ անհասկանալի խոսքեր մրմնջալով՝ ինչ-որ թղթեր էր պատառոտել և նետել աղբարկղը, դարակից եռանկյունաձև կնիք էր հանել ու իր իշխանության թանաքագույն նշանները դրոշմել փակ ծրարներին:
Արձանի ապամոնտաժումը
Վարիչի աշխատասենյակից կռունկավարը դուրս էր եկել երերալով: Հիմնարկի մամռապատ աստիճաններով իջնելիս կարողացել էր վերգտնել արջի, գայլի, անտառային ամեհի վարազի որսի ժամանակ իրեն երբեք չդավաճանած արիության մի չնչին մասը: Ծոծրակին զգալով պատահական անցորդների տարակուսած հայացքների ծանրությունը՝ գլխապատառ վազել էր տան ուղղությամբ:
Բացվող ու փակվող դռների, մի կողմ գլորված ու ջարդուխուրդ եղած կճուճի աղմուկի վրա կինը դուրս էր թռել խոհանոցից: Տեսնելով ամուսնու թափառող հայացքը՝ հետ-հետ էր գնացել, մեքենայաբար նստել աթոռին ու, ձեռքերը կոտրատելով, խփել ծնկներին: Կարծել էր, թե կատարվել է այն սարսափելին, ինչի մասին իրենց ամուսնության հեռավոր առավոտյան շշուկով հայտնել էր ազգականուհին. հևասպառ, քրտնամխած, ծանր շնչող ամուսնու տեսքը ստիպել էր մտածել, որ նրա մորական պապի ավագ եղբոր տևական ժամանակ գաղտնի պահված խելագարությունը ժառանգականության խրթին ուղիներով հասել է նաև իր բարի և հոգատար կողակցին ու հիմա՝ համատեղ կյանքի երկար տարիներից հետո գլուխ է բարձրացրել ու անպայման դժբախտացնելու է իրենց մոտալուտ ծերությունը:
Վշտաբեկ ու սոսկահար կնոջ տեսքը կարծես թե հանգստացրել էր կռունկավարին: Ջուր էր պահանջել, անապատում ջրհոր հայտնաբերած մարդու ագահությամբ խմել ու կնոջը պատմել իր սոսկալի առաքելության մասին: Ամուսնու մորական պապի ավագ եղբոր խելացնոր աչքերով ուրվականի սարսափեցնող ներկայությունից ազատված ու անդունդի եզրով քայլող ճամփորդի պես զգուշավոր դարձած կինը պնդել էր, որ գրասենյակի վարիչի աներևակայելի հանձնարարության մասին անհրաժեշտ է տեղյակ պահել իրավասու ընկերներին:
Ամուսնուն պարտադրել էր հագնել միակ տոնական կոստյումը, դնել տոնական կեպին ու երկուսով քայլել էին դեպի կուսակցության քաղաքային կոմիտեի եռահարկ շենքը: Հերթապահը թերահավատ տեսքով զեկուցել էր առաջին քարտուղարին տեսնել ցանկացող զույգի մասին: Թերահավատությունը փոխվել էր զարմանքի, երբ համառ զույգին անհապաղ ընդունել էին:
Առաջին քարտուղարն այցելուների հուզումնախառն պատմությունը լսել էր բարեհաճ ժպիտով: Հաստատել էր գրասենյակի վարիչի ասածն ու խնդրել Ստալինի արձանն իջեցնել գիշերը, փոքրիկ քաղաքի հետաքրքրասեր բնակիներից աննկատ:
Տան ճանապարհին ամուսինները լռել էին: Մայր մտնող արևի կլոր մեղրահացը եզրը քսել էր քաղաքի վրա իր պաղ ստվերը նետող լեռան գագաթին: Կռունկավարին մի պահ թվացել էր, թե սուր գագաթին համառորեն քսվող արևից պոկվում ու սարի հետևն են ընկնում անհամար փոքրիկ բեկորներ, իսկ երբ նրանցից վերջինը, մենավոր ծաղկաթերթի պես տխուր օրորվելով, ընկներ գետնին, ինքը պետք է գործարկեր իր նման ծերացող, սակայն իրենից շատ ավելի երկար ապրել պատրաստվող ավտոկռունկի շարժիչն ու հմուտ գողի պես թաքուն կատարեր կուսակցության կարևոր առաջադրանքը:
Արևի վերջին, կայծկլտացող փոշու հետ խառնված շողերով ողողված տունը ամայացած ու տխուր էր թվացել: Բացվելիս սովորականից բարձր էր ճռռացել ծխնիններից մի կերպ կախ ընկած հնամաշ դարպասը: Շան ալարկոտ մռռոցը կաղկնձ էր հիշեցրել: Ամուսինների ոտքերի տակ ողբալիորեն ճկվել էին պատշգամբ տանող սանդուղքի փայտյա աստիճանները: Պատշգամբը երերացել էր տանտերերի ծանր քայլերից ու լցվել պատտեպատ խփվող խուլ ոտնաձայներով:
Ամուսինը փլվել էր առաջին իսկ աթոռին ու կնոջից խռպոտած ձայնով օղի էր խնդրել: Կինը, ով սովորաբար ընդդիմանում էր ամուսնու խմելու ցանկությանը՝ հիշեցնելով քայքայվող առողջության, հարևնների կծու կատակների ու հասարակական կարծիքի՝ փոքրիկ քաղաքներում ամենազորության հավակնող ուժի մասին, այս անգամ ամուսնու ցանկությունը կատարել էր նորահարս ժամանակները հիշեցնող մոգական արագությամբ՝ անձայն ու անտրտունջ: Սեղանի վրա վարունգի և լոլիկի թթու, ինքաթոր օղով պռունկեպռունկ լցված գինու մեծ շիշ, ոչխարի պանիր, մածուն, հաց և սոխ էին հայտնվել: Օղին խմել էր անհագուրդ ախորժակով, երրորդ բաժակից հետո զգացել ծանր տաքության դանդաղորեն սողալն իր երակներով: Մեկն էլ էր խմել, ինչից հետո կինը՝ ճակատագրի պես լուռ ու անսասան, սեղանից վերցրել էր թեթևացած շիշը:
Երբ մթությունը, նախ անվստահ, հետո ավելի ու ավելի արագ սկսել էր քայլել քաղաքի նեղլիկ, իրար վրա բարձրացած փողոցներով, կինն ամուսնու աչքերում երկյուղ ու անհատակ սառնություն էր նկատել:
-Վախենում եմ՝ տեսնող լինի, – մտահոգված կնոջ հարցին անկեղծորեն պատասխանել էր ամուսինը:
Կինը մի փոքր մտածել ու ամուսնուն խելամիտ լուծում էր առաջարկել: Փոքրիկ քաղաքում, որտեղ բնակիչները չափից դուրս լավ էին ճանաչում մեկմեկու, ամենից ուշ քնում և բոլորից շուտ արթնանում էր միջնակարդ դպրոցի երիտասարդ ուսուցչուհին, ում մասին անընդհատ պտտվում էին ինչ-որ երկիմաստ շշուկներ: Կինը պնդել էր, որ անհրաժեշտ է պարզապես լուսադեմից առաջ՝ ամայացած փողոցներով թափառող քամու, շնագայլերի թախանձագին կաղկանձոցի, սպառնալից ստվերների և թանձրացող մթության մեջ աննշմար վտանգների ժամին բարձրաձայն կանչել վատահամբավ, թեթևսոլիկ, կարճ փեշեր հագնող ու օտար տղամարդկանց հետ շաղակրատող ուսուցչուհուն: Եթե նա չպատասխաներ՝ կարելի էր անցնել գործի՝ վստահ լինելով, որ քուն մտած քաղաքը հիմա տեսնում է նրա փեշի չափ կարճ, նրա շրթներկի չափ վառ երազներ:
Ամուսինը մտովի հիացել էր կնոջ անհուն իմաստնությամբ ու պառկել էր աշնանային անտառի պես գունագեղ կարպետով ծածկված թախտին փոքր-ինչ հանգստանալու:
Արթնացել էր կնոջ ձեռքի թույլ, բայց տիրական ու հաստատակամ հպումից: Խմված օղու դիմաց ծերացող մարմինը վրեժխնդիր էր եղել գլխացավով ու ականջներում անընդհատ հնչող զանգահարությամբ: Երգ կինը գնացաեել էր տաք բաճկոնի հետևից, ձգտելով չաղմկել՝ մտել էր խոհանոց ու մի լավ թեթևացրել անկյունում դրված, ինքնաթորով լի շիշը: Գլխացավը նահանջել էր, տրամադրությունը՝ զգալիորեն լավացել:
-Արձանն ի՞նչ է, որ չհանեմ: Եղածն անշունչ քարի կտոր չէ՞,- մտածել էր գինովցած մարդու անսահման ինքնավստահությամբ ու անասելի թեթևություն զգացել: Մթության մեջ անճանաչելիորեն փոխակերպված տանը շարժվել էր վստահ, բացարձակապես անձայն, թեթևորեն սահել՝ ասես քաշը կորցրած, չորացած փետուր: Պատշգամբում քայլելիս նրա ոտնաձայները չէին լսվել: Դեպի բակ իջնելիս՝ չէր հնչել տարիների ծանրությունից ապարդյուն բողոքող աստիճանների ճռռոցը: Տիրոջ հանդեպ անտարբեր էր եղել անգամ շղթայակապ շունն, ու մարդուն թվացել էր, թե իրեն բարեհոգաբար աչքով են անում միայն սովորաբար անտարբեր աստղերը:
«Թիվ 2 շինմոնտաժային գրասենյակի» ուղղությամբ քայլել էր անասելիորեն արագ՝ կարծես թե բռնոցի խաղալով իրեն կրնկակոխ հետապնդող քամու հետ: Նախօրոք զգուշացված պահակը չնկատելուն էր տվել գրասենյակի տարածք գաղտագողի մտած մարդուն: Կռունկավարը, հասնելով ավտոտնակին, կանգնել էր նրա ժանգոտած դռների առջև ու շվարած քորել ծոծրակը: Մտածել էր, որ հիվանդ ծերունու պես անընդհատ փռշտացող և հազացող շարժիչի աղմուկով ու իրար քսվող, իրար խփվող անհամար պողպատյա մասերի շառաչով, ճռնչյունով ու հռնդոցով քնած փողոցները լցնող ավտոկռունկի երթն արձանի ուղղությամբ լինելու է նույնքան նկատելի իրադաձություն,որքան մայիսմեկյան ցույցի կարմրածուփ, ալեկոծվող ամբոխի անցումը:
Մտածել էր գոմում փակված իր հաղթահասակ, ուժեղ ձիերի, բարակ, բայց շատ ամուր պարանների խուրձի և իր իմացած հնարամիտ հանգույցների մասին: Դրանց հետևից տուն վերադառնալիս, կարծել էր, թե հիմա էլ ինքն է հետապնդում գլխապատառ փախչող քամուն:
Տեսնելով գոմի դուռը բացող տիրոջը՝ ձիերը թույլ վրջացել ու սմբակները խփել էին հարդածածկ հատակին: Գորովանքով քորել էր նրանց մշտապես շարժուն ականջների հետևը, նայել խոնավ, խելացի աչքերի մեջ: Թամբել էր երկար տարիների վարժվածությունը մատնող արագությամբ, պարանների խուրձերը կախել թմբերի կեռիկներից, ու, ձեռքով անելով աստիճաների վրա երևացած կանացի ուրվագծերին, կամացուկ դուրս եկել դարպասներից:
Գետնին խփվող սմբակների ձայնը հնչել էր համաչափ, անշտապ: Մարդը չէր անհանգստացել: Ապրած կյանքի փորձից գիտեր, որ համաչափ ու անշտապ ձայները քնած քաղաքի մարդկանց չեն արթնացնելու՝ ինչպես սեփական սրտի տրոփյունը, փայտփորիկի համառ կտուցի հեռավոր տկտկոցը, պատի ժամացույցի անդադրում ձայնն ու թիթեղյա կտուրներին ընկնող անձրևի հուսահատ թակոցը:
Ճանապարհին անընդհատ շորթերին էր մոտեցրել թամբի գրպանիկներից մեկում կնոջից թաքուն պահվող տափաշիշը: Ոգելից խմիչքը ՝ կրակոտ աչքերով ու զմրուխտե թեփուկներով նենգաբարո օձը, պարուրել էր մարդու մարմինն իր կրակե օղակների մեջ ու ողջ ճանապարհին երկար-երկար օրորել էր նրան՝ ձուլելով հորիզոնի վրա ծանրացած լեռներին, անհանգիստ աղմկող քամուն, առկայծող բյուրավոր աստղերին ու հեռավոր անտառում հնչող օտարոտի ձայների արձագանքին:
Իր կնոջ անտեսանելի ներկայությունից բավականաչափ հեռանալուն պես սկսել էր անընդհատ կանչել վատահամբավ ուսուցչուհուն: Բոլոր ճանապարհամերձ տները շարունակել էին մարդուն նայել իրենց մութ պատուհանների սառը, թշնամական, խորթ հայացքով:
-Քաղաքը քնած է,- խմիչքից շիկացած ուղեղի մեջ հալված պարաֆինի բարակ շիթով ծորացել էր միտքը:
Հրապարակ էր մտել հաղթանակած զորավարի պես հպարտ, կուրծքը փքած: Մտածել էր, որ հրապարակում կողք-կողքի կանգնած երկու արձանները, որոնց առջև երդվում են պիոներներն ու նորաթուխ զինվորները, որոնց պատվանդանին ծաղիկներ են խոնարհում ամենազոր ու խստահայաց ղեկավարները, որոնց մոտ լուսանկարվում են անհոգ ու երջանիկ նորապսակները, հիմա իր լիակատար տիրապետության տակ են:
Գիտակցել էր սեփական ուժի, իր ու կրակե աչքերով զմրուխտյա օձի դաշինքի ուժի ողջ անսահմանությունը: Հասկացել էր, որ ցանկացած քնած քաղաքում իրենց նայող միակ արթուն մարդու հայացքի առջև բոլոր արձաններն անպետք քարաբեկորներ են:
Աչքերը կկոցած երկար նայել էր իրար մոտ կանգնած պատվանդանների վրայի կիսանդրիներին: Լուսնի գրեթե կատարյալ գունդը արտացոլվել էր բեղավոր կիսանդրու բրոնզե բիբերում, վերևից թափվող աղոտ լույսի շիթերով ողողուն՝ բեղավոր կիսանդրին կենդանի էր թվացել: Մարդը մտածել էր, որ պատվանդանից պոկվելիս բրոնզե շուրթերն դանդաղորեն հեռանալու են իրարից ու կիսանդրու մետաղական ընդերքից ցավի ու անամոք տխրության մի այնպիսի սրտակեղեք աղաղակ է հնչելու, որր նրա ահավոր ալիքներից փլված լեռները թաղելու են փոքրիկ քաղաքն իրենց սոսկալի ծանրության տակ:
Մարդն արագ շարժումներով պարանը կապել էր մյուս կիսանդրուց, դանդաղ-դանդաղ առաջ էր մղել ձիերին: Կիսանդրին պատվանդանից պոկվել էր գրեթե անձայն, փոշու փոքրիկ, աննշշան ամպ բարձրացնելով: Մարդը, ձիերի հետևից քարշ տրվող կիսանդրու քթով ակոսելով ճանպարհը, շարժվել էր դեպի տուն: Կիսանդրին թողել էր բակում, հավաքել ու գոմի պատից կախել պարանները, ձիերի առջև խոտ լցրել ու պառկել քնելու:
Հաջորդ օրը, երբ թաղային տեսուչի ղեկավարած օպերատիվ խումբը եկել էր Վլ. Իլյիչ Լենինի կիսանդրին տապալած կռունկավարին ձերբակալելու, նա չէր բողոքել կամ դիմադրել: Խեղճացած ու տխուր նայել էր հեծկլտացող կնոջը, պայտերի չափ կոպիտ ու անճոռնի ափերը թաքցրել բաճկոնի գրպաններում և, համազգեստավոր տղաների բազմությամբ շրջապատված, հեռացել տնից:
ՆԳԺԿ մռայլ շենքի նկուղներից մեկում իրականացված երկարատև, տանջալից հետաքննությունը չէր կարողացել հայտնաբերել խորհրդային իշխանության դեմ ուղղված այդ խայտառակ դավադրության կազմակերպիչներին: Կուսակցության քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարի մեղսակցությունը չէր ապացուցվել, սակայն նրան պաշտոնանկ էին արել և ընդհանուր կարգով ուղարկել թոշակի (մի քանի տարվա համառ պայքարից հետո նրան այնուամենայնիվ հաջողվել էր ձեռք բերել հանրապետական նշանակության անհատական թոշակ ստանալու իրավունք): Մեղադրողը դատարանում պերճախոս ու անողոք էր եղել, մեղադրյալը՝ մտամոլոր ու լռակյաց: Արդարադատությունը գործել էր ինչպես որ հարկն է. մարդն իր պատիժը կրելու համար ուղարկվել էր տխրահռչակ հյուսիսային բանտերից մեկը: Նրա հարավային թուխ մաշկն ըստ երևույթին օժտված չէր եղել հյուսիսային քամիների ու սառնամանիքի ներթափանցող հարվածներին դիմադրելու կարողությամբ: Մեկ այլ բանտ փոխադրվելու ճանապարհին մարդը հիվանդացել էր թոքաբորբով և մահացել դատապարտյալների անշուք հիվանդանցներից մեկում՝ զառանցանքի մեջ անընդհատ կրկնելով իր վաղուց վախճանված մոր և իրեն դեռևս սպասող կնոջ անունները: